Դանի ստորագրության լուրը տարածվել էր կայծակի արագությամբ: Երկրագնդի երեք աշխարհամասերում ներկա այս հիմնարկություն մեջ վերջին տարիներին ոչ ոք նման բան չէր հիշում… Որ Դանը դնի իր թանկարժեք ստորագրությունը ուրիշ մեկի նախագծի տակ՝ առանց որևէ հաշվարկ նախնական տվյալներից սկսած ջախջախելու:
Դանի թանկարժեք ստորագրությունը։
Ջերմաստիճանի բարձրացումը տեսական շատ վտանգներ հանկարծ դարձրել է իրական, արագանում է կոռուզիան, անվերկանգնելի ճաքեր են տալիս ու փլվում օվկիանոսի կառուցապատված ափերը: Ջրի հզորացող ուժը խորտակում է իր դեմ կառուցած ամբարտակները, բարձրանում, ցատկում է արգելված պատնեշների վրայով: Բազմաթիվ անվանի փորձագետների հաշվարկներով արված կառույցներ ջուրը քշում տանում է՝ նրանց համբավի ու ստորագրությունների կարևորության հետ: Մինչդեռ Դանի ստորագրած շինությունները մնում են հաստատուն:
Դանն ինքն է ընտրում իր նախագծերը: Ու դրանց գինը:
Թանկ արժեն Դանի ժամերը: Չափից դուրս թանկ: Ու հատկապես սակարկելի չեն: Եթե մի հաշվարկ մերժում է՝ անիմաստ է պնդելը: Համագործակցող ընկերություններն ու մասնավոր պատվիրատուները այդ գիտեն ու կրկնապատիկ գին առաջարկելու ժամանակը չեն կորցնում: Դանի մասին առասպելը ասում է, թե միշտ այդպես է եղել: Հենց սկզբից թքած է ունեցել պատվիրատուների առատաձեռնության, պաշտոն ու ձեռնտու կապեր ունենալու ու հազար ու մի ուրիշ բաների վրա: Վտանգավոր է՝ մերժում է: Վերջ: Թքած ունենալը Դանի արտահայտությունն է: Ավելի ճիշտ Դանի ձայնի, դեմքի ու արտաբերած անհասկանալի հնչյունների մի համադրություն, որ ոչ ոք չի հասկանում, բայց բոլորը գիտեն Դանի մայրենի լեզվի Կիլկենիի բարբառով, թքած ունենալ է նշանակում: Շատերը կարծում են, թե ձևացնում է թքած ունենալ իր վաստակած գումարների չափերի, իր ճանաչված լինելու վրա: Հա, գուցե: Դժվար է այդ իմանալ: Բայց ուրիշ մի բան հաստատ գիտեմ: Թե ինչի վրա թքած չունի:
Անկախության վրա:
Իր անկախության վրա:
Պաշտոններից թանկ արժե այն իր աչքին: Ինչից ասես չի հրաժարվել՝ պահպանելու իր իմացած ամենամեծ ձեռքբերումը:
Դանը ոչ մի ընկերության աշխատակից չէ: Ամսվա վերջում հաշվեհամարին իջնող աշխատավարձ չունի: Բայց չունի նաև այդ աշխատավարձը արդարացնող գործնեության պարտավորություն: Ոչ ոք չի կարող ասել թե Դանը «իր» մասնագետն է, ոչ Միջազգային բանկը, ոչ իրենց Ընկերությունը, ոչ ուրիշ մեկը: Անկախ է: Դանի կարգի փորձագետի որևէ կորպոռացիայի չպատկանելը դժվար է հանդուրժվում: «Մեզ համար կարևոր պատվեր է»: «Մեռած լինեի՝ ով էր անելու, գտեք նրան»:
Երեսունինը տարուց ավելի նույն Դանն է: Ասում են նրա փողկապը նույնպես երեսունինը տարվա է: Գավառական աղքատ իռլանդացու փողկապ: Ասում են նրանք, ովքեր Դանին համարում են տխմար, որովհետև մշտապես մերժել է նախագահ, տնօրեն, ընկերության գլուխ լինելու՝ սկզբում փայլուն պատեհության ներկայացած, հետո՝ բարեկամական առաջարկ, ու վերջում՝ պարտադրող պահանջները: Դանն այդ պահանջները լսել ու չի լսել: Պաշտոնները միանգամյա օգտագործման իրերի նման են, նրա կարծիքով, փայլուն են սկզբում, բայց օգտագործվելուց կեղտոտվում են ու լվանալու էլ պիտանի չեն: Միայն մեր Կորպոռացիայում Դանը իրար հաջորդող քանի տնօրեն է տեսել: Ինքը իր տեղում է:
Այն հաշվարկները, որ տաս, քսան կամ երեսուն տարի առաջ մերժել է համառորեն, եթե չեն հայտնվել իրավապահ մարմինների ձեռքին, կամ մեդիաների հայացքի ներքո, ապա շտապ վերակառուցման ցուցակներում են գրանցվել: Դանը գիտե այդ փաստերը օգտագործել ոչ այնքան իր էքսպերտի համբավը տարածելու, որքան իր կարգավիճակի անկախությունը պահպանելու համար: Այդպես՝ աշխատում է երբ ցանկանա, աշխարհի որ երկրում որ ցանկանա ու ինչ գնով որ ցանկանա: Ու ստանձնում է միայն սրտին դուր եկող գործերը: Աշխարհի բոլոր կողմերի խոշոր պատվիրատուները անկայուն շերտերի կամ ջրի ուժի հաշվարկների համար փնտրում են նրա հաստատուն ստորագրությունը: Ահա թե ինչու Կորպոռացիայում ոչ ոք նման հոնարար չունի:
Կիլկենիի բարբառով մի ուրիշ նախադասություն էլ կա, որ Դանն ասում է իր երկար, ոսկրոտ ցուցամատը ճակատին թմբկահարելով. «Եթե վաղը ամեն ինչ կորցնեմ, վաղը չէ մյուս օրը նորից կունենամ»: Ասում է իբր պատահաբար, ճիշտ այն պահին, երբ այս ու այն ունևոր մի ժառանգ կամ պաշտոնյա փորձում է Դանի վրա կիրառել իր տարածաշրջանի հզոր զենքը՝ փողի ուժը: Նրանք այդ ասել չեն կարող ու լռում են Դանի առաջ:
Կարճ` Դանը երազ է: Իմ բնագավառի բոլոր էքսպերտների երազը:
Այո, իմ երազը:
Առաջին անգամ Դանին հանդիպել եմ հենց նրա հայրենիքում Քորկի մեր աշխատանքների ժամանակ։ Մինչ այդ նրան տեսել էի այս ու այն քննարկումներին, մի երկու անգամ մասնակցել նրա ղեկավարությամբ արվող աշխատանքների մանր-մունր հաշվարկների, բայց երբեք անձամբ Դանի հետ չէի աշխատել։
Քորկում նույն հյուրանոցում էինք։ Ի տարբերություն մյուսների ես ուշ եմ քնից արթնանում, ու երբ սրճարան էի իջնում նախաճաշելու՝ բոլորն արդեն մեկնած էին լինում աշխատանքի։ Պարզվեց, որ Դանի աշխատանքային ռիթմն էլ իմ ռիթմի նման էր, աշխատում էր գիշերն ու առավոտյան ուշ էր իջնում սրճելու։ Իրար նկատել էինք, ու մի առավոտ ինձ կանչեց իր սեղանի մոտ։
Մի քանի սերնդի տարբերությամբ երկուսս էլ Ֆրանսիայում հայտնվել էինք որպես օտարական։ Առանց այդ մասին մի կենտ բառ փոխանակելու հանկարծ նկատեցինք, որ երկուսիս բառապաշարում միանման մի շարք արտահայտություններ կան, որոնց նկատմամբ պահպանել էինք հաղթողի բարեհոգի հեգնանքը. «Օհ ինչպիսի տարաշխարհիկ մշակույթային հարստություն եք դուք մեզ բերում, սակայն առայժմ բավարարվելու ենք մեր շրջանային հնարավորություններով»։ Քորկի աշխատանքները ձգձգվում էին, մեր զրույցները՝ երկարում։ Դանը հաճախ էր իմ կենսագրության վերաբերյալ հարցեր տալիս, բայց նույն թեմային վերաբերվող իմ երկչոտ հարցերից խուսափում էր։ Դեռ այդ ժամանակ էի մտածել, որ Դանի անցյալում նույնպես բարձրաձայն չասվող մի բան կա։
Մի երեկո ինձ հարցրեց, թե շաբաթ-կիրակի ինչ եմ պատրաստվում անել, ու ես էլ անկեղծորեն ասացի, որ ոչ աղջիկների հետ Քորկի դղյակների ավերակներին՝ «Օհ ինչ սքանչելի է» բացականչելու, ու ոչ էլ տղաների հետ փաբերում ողջ գիշեր փորս Գինես լցնելու հավես ունեմ։ Հրավիրեց իր հայրական տուն, որ հեռու չէր, Վատերֆորդի մոտաքայքում։ Ավտոմեքենայի ճանապարհը վերջացավ։ Իջանք, սկսեցինք քայլել շատ թե քիչ երևացող արահետով, որ քիչ-քիչ կորավ կանաչ մարգագետնում։ Լուռ քայլեցինք մինչև փոքրիկ, բայց իր հունը չափազանց խորացրած մի գետակ։ Հետևելով գետակի բարձր խոտերի մեջ չերևացող տորֆակտորներից խորդուբորդ եզերքին՝ հասանք սպիտակ կրաքարով համաչափ շարված մի հարյուրամյա ցանկապատի։ Հսկա ծառերը ամբողջովին փակում էին տեսադաշտը, թվում էր, թե ցանկապատի ետևում ոչինչ չկա, լեռներն են։
– Տեսնում ես,- ասաց Դանը,- մեր պապերը մեր տեխնոլոգիան չունեին, բայց մեզնից վատ չէին կառույցը հարմարեցնում տեղանքին։
Բայց այն, ինչ ես տեսա, այլ էր։ Ուրիշների համար կիրառող իր չափանիշները նույն խստությամբ կիրառում էր իր նկատմամբ՝ ավտոճանապարհ մինչև իր դարպասը չէր կառուցել: Ի?նչ էր կորցնում Դանը քայլելով, ինչպես քայլել էին նրա նախնիները իրենից առաջ, իսկ շրջապատող բնության հմայքը անապակ էր մնում եկողների համար:
Այդ օրվանից հիշողությանս մեջ մնացել է Դանի՝ իր կնոջն օգնելով սեղան դնելու արարողությունը, որ ակնհայտորեն սովարական, առօրյա մի բան էր նրանց կենցաղում, ու Դանի լռությունը, երբ կինը խոսում էր իրենց որդուց, որը չէր ընտրել Դանի ճանապարհը: Դասական նախկին պարուհու իր դեռևս գեղանի մարմնին հպարտ կեցվածք տալով՝
-Բարրին Մոնրեալի արքայական նվագախմբի ջութակահար է,- ասում էր կինը: Աշխատանքային հարաբերություններում մեր անձնական կյանքից հազվադեպ ենք խոսում, բայց իր հայրական տանը որդու առումով Դանի լռությունը ինձ նման էր թվացել այն լռությանը, որ իջնում է վրաս, երբ խոսում են հորս մասին: Դանին իր որդուց օվկիանոսն էր բաժանում: Ասենք մեր բնագավառում Փարիզն ու Մոնրեալը շատ բան չեն նշանակում, այս կամ այն կերպ աշխատում ենք աշխարհի չորս ծայրերում: Դանը, ցանկության դեպքում, կարող էր Մոնրեալ տեղափոխվել: Որդու Փարիզից հեռանալը, իրենցից հեռանալ էր նշանակում: Նրբանկատությունից ելնելով՝ չհարցրեցի, թե ե՞րբ և ինչո՞ւ է նրա որդին հեռացել, թեև ինձ անչափ հետաքրքրում էր:
Վերադառնալուց առաջ, երբ երեքով գրեթե կիսով դատարկել էինք բուրումնավետ վիսկու շիշը, Դանն ինձ մաշված որձաքարե աստիճաններով ուղեկցեց առաջին հարկ: Աստիճանները վերջանում էին Էկզոտիկ փայտի կարմրափայլ, բարձրորակ մանրահատակ մի ընդարձակ տարածքով, ուր միակ կահույքը մետաղե նախշերով սեղանն էր: Սեղանի վրա հսկա մի երկրագունդ կար: Նրա զանազան մասերում Իռլանդիայի մինիատուր դրոշակն էր մեխված: Հենց առաջին հայացքով կռահեցի Իռլանդիայի դրոշը Դանը մեխել էր բոլոր այն տեղերում, ուր որևէ բան էր կառուցել: Այդ ժամանակ շատ մի մեծ նշանակություն չէի տվել եղածին: Բայց տարիներ հետո հաճախ եմ հիշել այդ պահը՝ Դանի հպարտ, խաղաղ հայացքը.
-Կարող ես ստուգել, ոչ մի դրոշակ չի պակասում: Չէի ասի թե բոլորը կատարյալ ու անթերի են, բայց չկա մի դրոշակ, որից ամաչեմ: Ու չկարծես թե բախտի բան է: Ինքս եմ այդպես ցանկացել:
Հիմա աշխարհի այս ծայրում, մեկ շաբաթով նախապես իր համար վճարված հյուրանոցում մեն մենակ՝ հիշել է Դանի Երկրագունդը: Մեխիկների վրա մեկ առ մեկ Իռլանդիայի դրոշն էր սոսնձել: Երեք ծավալուն դիտարկումներ ունի գրելու, հաշվարկները մնում են, դեռ չի ուղարկել ու ինտերնետային կապ էլ չկա: Իրեն այստեղ չեն գործուղել իր անձնական երկընտրանքների վրա մտմտալու ու անտառների անվերջությամբ զմայլվելու:
Ինտերներային կապի համար հիմա կզանգի հյուրանոցի հերթապահին, մի քիչ հետո կվերկենա-կանի: Սաքոյի հետ խաղում են իրենց բակում: Կապույտ ցեմենտի վրա անձրևի ջրափոսեր են: Մեկի մեջ լողում է խաղողի շողշողուն, թափանցիկ հատիկներով մի ողկույզ: Սաքոն իրեն շնորհավորհում է, մի ոտքը գետնին, մյուսը՝ հեծանիվի ոտնակի վրա, ուրախությունից չի կարողանում թուքը կուլ տալ բերանի անկյուններից ծորում է: Արթնացավ: Երազ էր: Երազում արտառոց չէր, որ իր խաղընկերը տասնմեկ տարեկան
տղայիկ էր: Ինչպիսի՞նն է Սաքոն հիմա, ի՞նչ է անում: Ո՞ւր է: Մանկության իր Երկիրը՝ մշուշապատ, հեռվից արդեն չլսվող ձայներով:
Դուրս եկավ զբոսնելու: Մի թե այս կողմերում էլ ջեռուցումը փայտով է: Հյուրանոցի շրջակայքը նոր են հնձել: Հնձած խոտի, փայտի ծխի հոտը: Մանկության հոտը: Թեթև ու անիրական: Ահա թե ինչու երազ տեսավ: Հոտառությունը մտքից առաջ է ընկնում: Իր կյանքի այդ հատվածի վրա մշուշե վարագույր է իջել: Այն այնքան հեռու ու ուրիշ աշխարհ է, որ իրեն գիտաֆանտաստիկ ֆիլմ է երևում: Դեմքերը, բարեկամներին հիշում է աղոտ, նրանց հարաբերությունները՝ անհավանական:
Ինչպես վազեց հորը զանգելու:
Բարձրագույն մաթեմատիկայի կոնկուրսներից հետո՝ այն պահին, երբ իր անունը տեսավ Նորմալ Սյուբի դպրոցն ընդունվածների ցուցակում, վազեց հորը զանգելու …Հայրն էր իրեն մաթեմատիկա սովորեցնում, դպրոց չկար այդ երկրում, դպրոցները փակ էին: Լույս չկար:
Ինչպե՞ս կարող էր մշուշ իջնել հոր չլինելու հիշողության վրա: Հայրը ինչ-որ բան իմացել էր հաստատապե՞ս, թե հետևել էր իր կանխազգացմանը: Իրենք այդ երկրից փախե՞լ, թե մեկնել էին: Եթե մորը լսի՝ մեկնել են: Եթե նայի հիշողության մեջ դաջված պատկերներին՝ փախել են: Հոր մահն իրեն պատմել են ու ինքը տասնամյա երեխա՝ մոռացել է: Պահանջել է գնալ հոր մոտ: Նորից են պատմել: Մոռացել է նորից: Երեխայի իր մտքում հայրը մնացել է Մանկության Երկրում, ապրում է, կա: Հայրը դադարել է լինել իրենց հեռանալուց ութ օր անց:
Մանկությունից անհոգ մի զգացում է մնացել, ծխե բարակ մի քող, որ տարեց-տարի անէանում է: Աղջիկներին դուր եկող իր հասակով, գանգուր մազերի իր խրձով ինքը նման է
հորը: Սուր, ֆիզիկական ցավ զգաց թոքերում: Ինչո՞ւ մորը չհավատալ… «Այդ խառը ժամանակներում քանի-քանիսի սպանեցին: Առողջ, ոչ մի անգամ հիվանդ, ֆիզիկական աշխատանքից չվախեցող, մահացավ հինգ րոպեի ընթացքում, առանց ոչ մի նախանշանի, իր կուսակցության ցուցակի առաջին անունը ընտրվելուց երկու շաբաթ անց սրտի աշխատանքը արագացնող մահացու նյութ լցրեցին սուրճի մեջ… »: Իր հիշողության մեջ հայրը երկու արմունկերը գրասեղանին հենած՝ գրքերի, թղթերի մեջ կլանված աշխատում է, հետո խաղաղ, մտազբաղ հայացքով ժպտում է իրեն: Կա ուրիշ մի պատկեր էլ՝ հայրը սառնարանի բաց դռան առաջ, սառնարանից կրկնակի բարձր մոր կենցաղային հանդիմանանքներից ընկճված, ուսերը կախ: Հոր շարժումները կտրուկ, ձախողակ, տագնապով ինչ-որ բան փնտրելիս, գրքեր, թղթեր, թղթեր… Հայրը իրեն ջրաներկի երկու գույնից մի նոր գույն սարքել է ցույց տալիս, ջրաներկի ու հոր դեմքը սափրելու օծանելիքի բույրը, զգում է իրական:
Թաղման թափորի լուսանկարներում կոստյումավոր մարդիկ, մոր ասելով երկրի պրիզիդենտը հրաժարական տալուց մի քանի օր առաջ, անձամբ թաղման թափորում …
Ինքն ի՞նչ գիտի այդ երկրի, այդ մարդու մասին:
Չեմ կատարել ինքս ինձ տված խոստումը՝ իմանալ ինչո՞ւ, ո՞վքեր, ո՞րն էր նրա սպանության պատճառը, ի ՞նչն է այդ Երկրի ցավը ….
Հնձած խոտի ու ծխի բույրից բարձրացավ հորեղբայրը, կոստյում-փողկապի վրա ալյուրի սպիտակ փոշի: Ինքը տեսավ ձեռքերի դողը, բայց եթե նույնիսկ դողը չտեսներ, ինքը զգացել էր նրա վախը երկու պարկ ալյուրի համար, մեքենայից իջեցնելիս… Այդ հուշը պիտի որ համապատասխանի շրջափակման մութ տարիներին՝ «Քո ցեղն ամեն ինչ արել է, որ սոված չմնաս, որ ձմռանը վառելիք լինի»:
Իր ցեղի ուրվական լինելուն խանգարում են հորեղբայրն ու քեռին: Բայց նրանցից չուրաքանչյուրի հետ խոսելիս կարծես երկու տարբեր լեզվով խոսի: Ասենք հորեղբոր հետ վաղուց չի խոսել, նրա հեռախոսը մշտապես անջատված է: Որոշել է չարժե վճարել, թե չի կարող վճարել: Երբեմն մտածում է, որ եթե հորեղբայրն ու քեռին փորձեն իրար հետ խոսել, իրար չեն հասկանալու, այնքան նրանց լեզուները տարբեր են իրարից: Իր օտար լեզվից ավելի տարբեր: Արդյո՞ք ինչ-որ բան ինքը պարտական է նրանց: Արդյո՞ք իր արարքների հետևանքների մասին մտածելիս պարտավոր է մտածել նաև նրանց մասին: Այստեղից այնտեղ ի՞նչ է հասկանում նրանց աշխարհից: Նույնիսկ, երբ առօրյա դժվարությունների մեջ են, մինչև ուղղակի չեն ասում, չի հասկանում: Ավելին, երբեմն ուղղակի են ասում, էլի չի հասկանում: Իրենք նույն բաներին նույն անունները չեն տալիս: Ոչ մի լեզու այդտեղ մեղք չունի: Այն, ինչին նրանք ամոթ են անվանում, իր հասկացած ամոթը չէ: Իր խայտառակությունը նրանց խայտառակությունը կլինի՞, թե՞ ոչ: Նորից շունչն արագացավ ու ցավ զգաց թոքերում: Հորեղբայրը գուցե կես բառից չհասկանա, բայց հենց հասկանա լռություն կիջնի վրան: Հորեղբայրը լուռ կմնա, բայց ինքը կլսի նրա ձայնը. Սոված էիր՝ ուտելիք առաջարկեցին, դրսո՞ւմ էիր մնացել՝ տուն առաջարկեցին:
«Փարիզ-վեցի Շեղշ-Միդի փողոցի իմ լուսավոր, ընդարձակ բնակարանը նույն գինը ունի ինչ Ալպերի կապույտ գրանիտից այդ տունը: Ուզում եմ ասել, եթե այդքան անդիմադրելի երազ է, ինչո՞ւ չեմ փոխանակում մեկը մյուսով: Թե՞ անկշտությունը նույնպես մարդու հարատևող, անդիմադրելի կենդանական կողմերից է:
Կապույտ գրանիտը միշտ էլ իմ երազների առարկան է եղել: Գրանիտե կապույտ մենատունը: Ճիշտ իմ ճաշակով, իմ ուզած տեղում: Որտեղի՞ց կարող էին իմանալ:
Իսկապե՞ս չգիտեմ, որտեղից կարող էին իմանալ: Լուրջ: Չէ հա: Բավական է նայել աշխատանքից հոգնած պահերին ինչ կայքերում եմ թափառում, քննարկումներից դուրս ինչից եմ բլբլում: Երկու բան խառնում եմ իրար: Ինչո՞ւ ուրանալ՝ տունը իմ երազն է: Բայց այդ ե՞րբ եմ երազել այն նվեր ստանալ: Հա, վաստակել, իհարկե, տաս-տասնհինգ տարի անց
քառասուն տարեկանում: Ինչի՞ս է պետք: Հենց հիմա եմ ուզում, հենց հիմա կարող եմ ունենալ: Փայլուն հերձաքարի նրբին շերտերով պատված, բարձրադիր տանիքի սլացիկ ձեղնապատուհաններով: Թխկենու ու ակացիայի վետվետուն անտառի միջով մինչև գետակ իջնող արահետները, նույն կապույտ գրանիտի հսկա կտորներից եզրապատված անցած տարիների տերևների շերտով:
Գրանիտե կապույտ մենատունը: Պապուց պապ եկող ցեղի երազ: Ունենալ, ունենալ, թե՞ լինել գլխիդ տերը: Ո՞վ կա իմ աչքի առաջ: Ես ո՞ւմ նայեմ: Ո՞վ կա իմ ազգում հպարտ, իր գլխի տերը: Ուժեղ: Ազնիվ: Անկախ: Ընտրության ճամփաբաժանին բոլորը հավասար պայմաններ չունեն: Իմ ազգ ու տակից ոչ ոք չի զանգելու ասի՝ ապրես գրանիտե տունն ազատություն չարժե: Ճիշտ հակառակը՝ քեռին կասի այ մեր տղա, էդ եվրոպաներում խելքդ թռցրե լ ես: Այո, նրանց հավանության վրա հույս դնել չարժե:
Քայլերն արագացրեց անտառի մանրակրկիտ խնամվող արահետներից չգիտեր՝ որն է տանում դեպի աղմկոտ կենտրեն: Հողից դուրս եկած հազարոսկեդրամենու արմատների միջև մարգարտածաղիկներ էին ցանել: Մտքով անցավ՝ հերթով պոկել թերթիկները: Լինե՞լ, թե ունենա՞լ, լինե՞լ, թե ունենալ:
Դանը գիտի: Դանը կռահում է: Որտեղի՞ց, ինչպե՞ս կարող էր Դանը իմանալ: Գիտի՞, թե կռահում է: Զուտ պատահականությու ն էր Ասպի հովտի իր առանձնատունը հրավիրելը: Ինչո՞ւ նորից չհրավիրեց Կիլկենիի ճերմակ կրաքարե իր հայրական տունը: Միայն այս երկրում երեք տուն ունի, ինչու հենց այդ առանձնատունը:
– Տաս, տասնհինգ տարուց դու էլ կունենաս, ես էլ հենց առաջին աշխատանքային տարիներում չեմ ունեցել, կապույտ գրանիտ է:
Կապույտ գրանիտը զուգադիպություն է:
Մի քանի հեկտար իրեն պատկանող անտառակում իր գծագրով կառուցած մենատունը, գրանիտե սյուները, հերձաքարե տանիքը՝ հին ավանդությամբ մեխած, առանց կեռիկների….այդպես մոլորեցրու քեզ մանրամասների մեջ որ հարցեր չտաս:
Ինչո՞ւ Դանը խոսեց այդ ծրագրից, զարգացող այդ երկրից եկող կասկածելի ծրագրից:
-Շրջակայքի հետ թունավորում են իրենց բնակչությանը… Երբ մի տաս-տասնհինգ տարուց հետևանքները ջրի երես դուրս գան, իրենց հանցանքից իրենք չեն ամաչի այդպես է այդ կողմերում, ու դատարան էլ չեն հասնի, վախենալու բան չկա: Վատն այն է, որ իրենց կառուցող չի պակասի, միշտ էլ գտնում են, մեկին հրապուրում իրենց առատաձեռնությամբ: Սկզբում են առատաձեռն…քանի դեռ իրենցը չես: Մի անգամ աշխատեցիր իրենց համար, իրենցն ես: Նրանցից կախյալ կմնաս: Օրինապահ աշխարհը էլ քեզ ոչ մի պատվեր չի վստահի: Ընդմիշտ նրանց միջավայրում: Շրջապատված կլինես, օրինակի համար՝ Ն-ի ամբարտակի ժողովի մասնակիցներին հիշո՞ւմ ես, պատկերացրո՛ւ՝ այդպիսի մարդկանցով:
Ասենք՝ Դանը գիտի: Ի՞նչ վտանգ դրանից: Դանը կարող է տեսնել նրբությունները, ինքը հո Դա՞ն չի: Ինքը կարող է չնկատել: Ի նչպես կարող են ապացուցել, թե հասկացել ու չհասկանալու է տվել: Ոչ, առանց «ասենք թե»-ի: Դանը գիտի: Չի խառնվում, բայց անհամբեր ու անհանգիստ, ինչպես կանհանգստանար հարազատ որդու համար սպասում է:
Խորունկ, խորունկ ցավ կպատճառի Դանին:
Բոլորը չէ, որ Դանին սիրում են: Կորպոռացիայի նախագահի Դյուվալի՝ ու նրա տեսակետները ստորակետի ճշգրտությամբ քծնաբանող ծառայախմբի աչքին Դանի անձը իր մեջ ամփոփում է այն ամենը, ինչը նրանց անհասանելի լինելով՝ ատելություն է առաջացնում: Դանը անկախ է, ճանաչված է միջազգային հեղինակությունների կողմից, մեծ հարգանք, բայց հատկապես՝ մեծ հոնարար ունի ու սերված է օտար, ոչ ունևոր, նրանց աչքին գռեհիկ աշխարհից:
Գռեհիկ աշխարհից ինչպես ես:
Պատշաճությամբ պայմանավորված ինտերնետային վիդեո-շնորհավորանքներ: Կարճ ու երկար մեյլեր, քծնանքներ ու քաջալերանքներ, գովեստներ, գովեստներ, գովեստներ… Աղմուկ: Աղմուկ: Աղմուկ: Քսանչորս ժամվա ընթացքում երեք աշխարհամասերում տեղադրված մասնաճյուղերից հոսող շնորհավորհանքներից միայն երկուսն էին անկեղծ՝ Պաբլոն Կոլոմբիայից ու Նորմալի իր ընկեր Անրին՝ որտեղի՞ց էր լսել: Որ հեռախոսդ զնգա, ու միայն ձայնից սիրտդ ուրախությամբ ողողվի: Իր կյանքի այս նշանակալից իրադարձությունը պիտի պատահեր այստեղ, ուր ինքը մեն-մենակ է, տեղին է ասել՝ աշխարհի ծայրին: Սկզբին: Այստեղից է ծագում արևը մարդկությունը. այդպես է որոշել: Այդ օրը անջատել էր հեռախոսը, քայլել-բարձրացել գագաթի բամբուկե տաղավարը՝ անդունդի եզրին, ժանյակատերև թխկենու վառ կարմիր, շողշողուն անտառի մեջ կորած: Անդունդի հատակին զուլալ, զմրուխտ ջրերով փայլփլուն գետակ էր, որի ափերից սկսում ու հեռանում էին սառցե ժամանակների Վ-աձև հետքերը կրող կապույտ լեռները: Աշխարհը հպարտ ու գեղեցիկ էր: Խաղաղ երջանկությունը համակել էր հոգին: Կուզենար Ընկերության իր աշխատասենյակում լիներ, իր աչքով տեսներ նախագահի դեմքը: Փորձեց պատկերացնել բոլոր-բոլորի դեմքերը: Բայց իր զբաղմունքը բամբուկե տաղավարից բացվող վսեմ տեսարանի առաջ, աչքին անասելի ճղճիմ երևաց: Ի վերջո աշխատանք էր, ավելին չէր, քան մյուս աշխատանքները: Ինքը գիտեր, որ լինելու է այս օրը: Ինչ-որ մեկը մի օր նկատելու է: Ինչ-որ մեկը մի օր համարձակություն ու ազնվություն է ունենալու նկատելու համար:
Ինքը նախատեսել էր առնվազն երեք-չորս տարի, մինչև իր տեղը հաստատի Դանի արևի տակ: Բայց ահա, Դանը ստորագրել է միանգանից ու առանց մի կենտ հաշվարկ ջախջախելու: Հիմա արդեն ամեն բան այլ կլինի: Ցտեսություն աչալուրջ ու պայքարունակ առավոտներ: Քաղաքակրթության թավշով փաթաթված անազնիվ հարվածներ:
Թերագնահատումների ու անտեսումների տխուր երեկոներ: Ցտեսություն ճարպիկ սադրանքներ, ես դուրս եմ հիմա ձեր իշխանության սահմաններից: Խարդավանքների մեծ ու փոքր թակարդներ՝ ձեր պանիրն իմ սրտով չէր:
Մրցապայքար՝ մինչ նոր տեսություն:
Կապույտ, անհուն երկնքով այս աշխարհը, անտառի վեհասքանչ գույները, քամու քնքշանքը Դանի նվերն է: Հոգին ողողող անհուն ցնծությունը Դանի նվերն է: Զանգեց քրոջը:
«Վերջ տուր,-ասաց քույրը,- վերջ տուր, պատկերացնո՞ւ մ ես, ինչ անինքնավստահություն են մտցրել մեր մեջ, որ ինքներս մեզ արգելում ենք ասել, որ ինչի որ հասել ենք՝ ինքներս ենք հասել: Ի՞նչ ես քեզ կոտորում՝ գտնելու թե ում երախտապարտ լինես: Դանի բարեխոսությա՞մբ ես Նորմալի կոնկուրսն անցել… Դանի խաթե՞ր են քեզ նման ծրագիր վստահել։ Դանն ընդամենը ազնիվ, իր գործի մեջ ազատ մարդ է։ Վերջ։ Քո խելքով, քո աշխատանքով ես դրան հասել… երախտապարտ լինելու համար մարդ ման մի արի. ..»։ Զանգեց կնոջը։
-Հոյակապ է, – ասաց կինը,- ե րբ ես տուն գալու։
Քիչ հետո հարցրեց.
– Ճապոնուհիները սիրո՞ւ ն են։
-Չգիտեմ,- ասաց, – գնամ տեսնեմ։
Ծիծաղեցին։
Դանը ստորագրել է իր հաշվարկների տակ: Իր՝ Նիորի հեռավոր արվարձանի Էժանագին վարձակալության դեղին պատերով նեղլիկ բնակարանից դուրս եկած աստանդականի նախագծի տակ: Իր ծիծաղելի կոշիկներով տղայիկի, որ կարգին կռվել էր չգիտեր, որին իր հայրենակիցները մշտապես անտեսում էին, որովհետև գրպանում երբեք «տեսեք-տեսեք»-ի վայրերում ծախսելու փող չուներ:
Աղքատ այդ թաղամասի հուշերը ավելի պարզ են, քան մանկություն հուշերը: Ի՞նչ է անում հիմա Ստանիսլասը: Թաղի քաշքշուկներում իրեն պաշտպանող սերբ Ստանիսլասը, որին ինքը նրա մորթված եղբորն էր հիշեցնում: Ստանիսլասը սովորելու ժամանակ չուներ. հարազատները սպասում էին նրա ուղարկելիք գումարներին: Օտար լեզվով դպրոցը դժվար հաղթահարելի խոչընդոտ էր, թեև մաթեմատիկան իրենից հեշտ էր յուրացնում: Շինարարության հոգնեցուցիչ աշխատանքները Ստանիսլասին երեկոյան դպրոց ոտք դնելու հնարավորություն իսկ չթողեցին:
Կարո՞ղ էր նրան ձեռք մեկնել՝ Նիորի ցեխերից հանելու համար, չի արել մինչև հիմա:
Մայրը հպարտ էր իր համար գնած սպորտային կոշիկներով: Երբևէ չիմացավ, ինչ ծաղրի առարկա էին դրանք: Նորակառույց վիլաների նոր-նոր հարստացածներն էին ծաղրում: Ունևորները նման բաները չեն նկատում:
Վաղուց նրանց համար ունենալը լինել չէ:
Զանգեց մորը: Մայրն ասաց, որ չի ճանաչում մեկի, որ հասել է այնտեղ, ուր ինքն է հասել: Իր ողջ տոհմի համար անիրական, անհավատալի սխրանք է իրագործել: Իր տոհմը մեկ-երկու բարձրադիր-կաշառակեր պաշտոնյա է տվել: Կաշառքով տեղ հասած: Ոչ իրենց խելքով, ոչ իրենց գործով: Ազդեցիկ կապերի գնովի լավակամությամբ: Փողի կողմնապահ ուժով տեղ հասած ու նույն ուժերի կողմից գահընկեց արված: «Ցեղի ամոթը: Պիտի հպարտ լինեն քեզնով»:
Ցեղի ամո՞թը: Արդյո՞ք մայրը ճիշտ է հասկանում, թե որն է ցեղի ամոթը:
Ինքը չի հիշում: Մայրը ոչ մի անգամ իրեն պատմած չկա, թե երբևէ իր ցեղը ամոթի որևէ նշան ցույց տված լինի որևէ մեկի ինչպես տեղ հասնելու համար:
Ամոթի մասին հիշել են գահընկեց լինելու պահին:
Տարիներ առաջ նրանցից մեկը, ո՞վ էր, ի՞նչ բարեկամ էր, զանգել էր. «ապրես այդպիսի շրջապատ, թիկունք ունես, այդտեղ ես հասել»: Ոչ թիկունք ունեմ, ոչ էլ …: «Առանց ոչ մի բանի՞, չլինի՞ քո տեղը ստից տեղա, ում ասես ընդունում են»: Ամենալավ տեղերը թող լինեն ձերը, զարմիկ, մոր թե հոր քեռու տղա, բայց երեք աշխարհամասում ներկա այս ընկերության մեջ մեկը ձեր լավ տեղերից չկա, որտե՞ղ են:
Քայլ առ քայլ սոցիալական սանդուղքը միայն սեփական ուժով բարձրանալը քեռու համար փայլուն օրինակ չէ, հեքիաթի անկարևոր մասն է: Կաշառքի, ծանոթի նրա աշխարհում անծանոթ երևույթ:
Արժեքների ցանկում որևէ տեղ հատկացվո՞ւմ է արդարությամբ տեղ հասածի ազատությանը:
Ի՞նչ արժե այդ ազատությունը քեռու աչքին, որ այն զոհաբերելը ինչ արժենա: Զոհաբերել ազատությունը՝ գրանիտե տուն ունենալու երազին:
Կարելի է երազ անվանել: Անվանումը չի փոխում էությունը: Ասում են. «Երբ մի տարածաշրջանից գլուխ չես հանում, հետևիր փողի հետքերին»: Իհարկե փողն իր ճանապարհին հետքեր է թողնում: Հենց վաղը չեն գալու այդ հետքերով, բայց մի օր գալու են: Դանի ստորագրությունից հետո իր արժեքը բարձրացել է: Էկրան ընկերությունները հանկարծ իրեն տեսել են: Հանկարծ տեսել են իր ազգանունը: Օհո, դու մերն ես, մեր տղա: Իրենից շատ բան չեն պահանջում ընդամենը եվրոպական չափանիշ-հաշվարկներով հիմնավորել իրենց նախագիծը: Իրենց բարքերի պես փտած, չգիտես որ ծայրից սկսես: Փոխարենը կապույտ գրանիտից մենատունը:
Սկզբում անփութություն էր կարծել այդ էջի գոյությունը իրեն հանձնված աշխատանքների միամիտ ու ժամանակավրեպ թղթային ձևում: Բայց նկարը գրավել էր
ուշադրությունը: Ինքն էլ չգիտեր՝ ինչու էր զանգել՝ հետաքրքրությունից դրդվա՞ծ, թե՞ հասկանալով, թե՞ այդ պահին արդեն համաձայն էր:
Տունը կար, գոյություն ուներ, նոտարական գրասենյակում գրանցված էր համար 153 հողակտորի վրա: Պատկանում էր երեսունից ավելի անդամ ունեցող մի ՏՕ-ի, որի անշարժ գույքի կարողության չափն ու տեղադրությունը նոտարը չասաց, բայց կռահելու հնարավորություն թողեց: Նախկինում նման բան արդեն պատահել էր: Միտքն անտարբեր անցել էր իր հոնարարը տասնապատկող զրոյի վրայով, կանգ չէր առել: Դեռ գաղթականների աղքատ թաղամասի իր պատանությունից արգելված սահման էր այդ: Նարկոբիզնեսի արագ ու փայլուն գումարների արգելված սահմանը: Որ գուցե ոմանց հեռու է տանում: Ինքն իրեն արգելել է անցնել այդ գիծը: Որ նման է ստուգումների համար ջրից դատարկված ջրամբար տանող ստորերկրյա թունելի հսկա ճաքերին մեկ ոտքերիդ առաջ, մեկ գլխավերևում, մեկ ուղղահայաց պատերի մեջ: Երբեք չգիտես, որ կողմից կհայտնվի: Սկզբում փոքրիկ, բակում հոսող առվակի չորացած հուն է թվում, հետո կորչում պատերի մեջ, ու մոռանում ես նրան: Ու մեկ էլ հանկարծ, խորքը չերևացող հսկա երախով հայտնվում է քո առաջ: Իներցիայով արվող հաջորդ քայլիդ առաջ սորուն գլաքարի, իր մեջ ընկղմող փափուկ տորֆաճահճի, կամ բազալտի սրածայր բեկորների անտեսանելի իր խորքերով:
Նստեց հենց առաջին պատահած սրճարանի բացօթյա տարածքում շարած ծղոտե աթոռներին:
Ո՞ւմ զանգի, խորհուրդ հարցնի: Ո՞ւմ տված խորհրդին հավատա: Ինքը մենակ է, պատանեկության հեռուներից մեն-մենակ: Բախտավոր մարդիկ պապենական անփոփոխ արժեքներ ունեն, նրանց ճանապարհի վտանգների առաջ նախապես դրված է «չի կարելի»-ների փրկարար ցուցանակները: Ինքը անբարեկամ: Հոգնել է միայն իր վրա հույս դնելուց: Միայն իր խելքի վրա: Օհ վաղուց, շատ վաղուց գիտի հարցերին մեն-մենակ պատասխանել: Իր որոշումների առաջ մեն-մենակ լինել պատասխանատու: Հիմա կշեռքի մի նժարին կապույտ գրանիտից մենատունը, մյուս նժարին՝ իր երազը՝ Դանը: Ո՞ւմ է այդ հասկանալի:
Դանի նման մարդիկ: Կարո՞ղ ես լինել Դանի նման: Դու մի քեզ նայիր, քո ազգն ու տակը…
Կզանգի քեռուն, կասի գրանիտե տուն ունենալու մասին: «Մալադեց», հպարտ կասի քեռին:
Կզանգի հորեղբորը, կասի գրանիտե տուն ունենալու մասին: «Հա…» կմտահոգվի հորեղբայրը: Իսկ ե՞րբ ես լինելու անկախ փորձագետ:
Անկախ՝ երբեք: Բայց ունենալու եմ գրանիտե տներ:
-Սրճարանատիրոջ բախտը բերել է, արագաշարժ եք, – ասաց մատուցող աղջկան, որ շփոթվել ու ընկճվել էր իր տեսքից: Իր նման հագնված մարդիկ այստեղ ոտք չեն դնում,- երբ ուսանողական արձակուրդներին հանրախանութում աշխատում էի, ձեզ պես արագաշարժ չէի:
Չգիտես ինչու՝ հանկարծ ցանկացավ այդ աղջկան ինքնավստահություն ներշնչել: Ներշնչել, որ չարժե ընկճվել հասարակ մատուցողուհի լինելու համար, որ հասարակ մատուցողուհին կարող է նույնիսկ ավելի պատվով լինել, քան իր պես հագնվածները: Ներշնչել, որ իր արագ, գրեթե պարային շարժումներով ինքը գեղեցիկ է, ու իր գործը մյուս գործերից պակաս կարևոր չէ:
Աղջիկը շփոթվել էր, բան չէր հասկանում, կարծեց, թե փնտրում է հանձնաժողովի մյուս անդամներին:
– Դուք ամբարտակի համար եկած ֆրանսիացիներից եք, ձերոնք այ, այն սրճարանում են:
– Ինձ այստեղ է դուր գալիս, ես ֆրանսիացի չեմ:
Աղջիկը երկչոտ ծիծաղեց՝ իր ասածը կատակ կարծելով: Ես ֆրանսիացի չեմ կրկնեց ինքն իրեն, կարծես վախենում էր իր ազգությունը մոռանալ:
Ընդունել կապույտ գրանիտե նվերը ու քո ով լինելը մոռանալ: Ազգության մասին չէ խոսքը: Ապրել նրանց ձեռքի տակ, նրանց հրամաններով, աշխատել նրանց համար, լինել նրանց կեղծարար մասնագետը, ծառան, Սիմոն աջ, Սիմոն ձախ: Ցտեսություն ասել Դանի պես մարդ լինելու երազին: Ապրել նրանց նման ու ինքդ քեզ ասել, թե ով ասես այդպես կաներ: Լավ, իսկ վերջը, վերջը գիտե՞ս :
Հանուն ո՞ր տխմարության պարտավոր է մերժել: Դանը երազ է, առասպել: Երազ է, որին կհասնի կամ չի հասնի: Իսկ տունը իրական, շոշափելի, իրեն է սպասում: Ազգուտակի հպարտության ու հիացմունքի հետ:
«Ցտեսություն ասել: Հրաժարվել: Կարո՞ղ ես: Չե՞ս ափսոսա: Մերժել հանուն ազատ ու անվանի փորձագետ լինելու պատվի: Պատվի, թե հաճույքի: Հաճույքի՞, թե/
քմահաճության: Ո՞ւմ հարցնենք»:
Լինել պարզապես ազնիվ, չկեղտոտվել:
«Ինչ փառահեղ է այդ մենատունը: Գուցե երբեք էլ Դան չդառնամ: Հոգնել ես, գնա քնիր»:
Վճարեց, վերադարձավ հյուրանոց: Հոգու խորքերում մի տեղ լսեց մոր ձայնը՝ լույսը կբացվի, բարին՝ հետը:
Իսկապե՞ս սպասում ես լույսի բացվելուն, իսկապես չգիտես բարին ո՞րն է:
Երազում ավտոմեքենայի ղեկին էր: Ո՞ւր էր գնում: Ճանաչեց օվկիանոսի ծանոթ ափը: Սաքոյի, Ստանիսլասի, Անրիի հետ էր: Բոլորը նույն հասակի էին, ու իրենց հասակի սիզախոտերի միջով առաջանում էին՝ հասնելու հենց նոր կորցրած Մաքսանենգի արահետին: Հետո իրենց դիմաց, օվկիանոսի աղի քամուն ընդառաջ քայլում էր հայրը, մանկության լեզվով իրեն մի բան էր ասում, որ կորչում էր քամու սվվոցում: Հետո լսվում էր, բայց ինքն այլևս չէր հասկանում այդ լեզուն:
Արթնացավ:
Փոշոտ կոշիկներով քնել էր հյուրանոցի մետաքսե բազմոցին: Չգիտես ինչու սկսեց ականջ դնել: Իրեն թվաց, թե ձայն է լսում:
Ցանկացավ, որ հոգու խորքերից մի ձայն դառնա իրեն լսելի:
Որ իր էություն խորքերից մի ձայն իրեն ասի լինե՞, թե՞ ունենալ: