ակվարիում
մտածել, որ գտել եմ քեզ, երբ երեկվա անձրևի պես անխնա թափվում էի մայթերին,
երբ աշխարհի բոլոր անձրևանոցներն ու կատուները իմ կարոտի գույնն ունեին,
գիտակցել, որ մեր երազած թմբիրը շերտ առ շերտ նստում է
տարիների թելերով կարված կոպերին
ներիր ինձ ու սրբիր արյունոտ բերանս,
որովհետև ես երկար եմ ծամել ապակու պես փշրվող բառերը քո մասին,
որովհետև ժանգը հանկարծ շարժվեց
ու հիմա մատներիս ծայրից կաթում է ակվարիումի մեջ,
և ինչպիսի հանդարտությամբ են խորտակվում մղձավանջները՝
պատռված լողակներով,
և որքան նախանձելի է նրանց խոնավ դեմքերի անշարժությունը սև ավազին
սենյակիս պատուհանով միշտ մի տղամարդ է անցնում ծերության հետ թևանցուկ,
հիմա անցնում է նա,
հետո թաղվում եմ բազկաթոռի մեջ՝ շոշափելի, ինչպես մարմինը հողի,
ու պատերի ցուրտ շնչառությունից
հերպեսի սպիտակ ծաղիկներ են բացվում բերանիս անկյունում,
գնացքների գալն ու ավելի շատ գնալն եմ հիշում,
ու թե ինչպես ամեն բաժանումից հետո
դեռ երկար ցնցվում է ոսկրերիս խայտառակ ճարտարապետությունը
այնքան երկար եմ ապրել բանաստեղծության ծեր աչքերում,
որ մոռացել եմ ծովի կապույտը
այնքան երկար նայել հայելուն, մինչև դեմքը դառնա նավ
ու սկսի լողալ հանդարտ մակերեսին
ու ես չեմ վստահում բառերին, որ ասեմ,
թե որքան գեղեցիկ էին դաստակիս արյան անցավ խրձերը,
ու թե որքան դժվար էր
դիմագծերիս պես հեռացող նոյեմբերի առավոտը
սեր իմ, ինձ գրելիս հայրս արտագրել է իրեն ամենադաժան ու դիվային բառերով,
իսկ ես երբեմն ձուկ եմ, չունեմ բառեր, չունեմ հիշողություն,
ամենն, ինչ կարող եմ տեսնել, հանկարծ կործանվում է անթափանց սպիտակի մեջ,
իմ մեջ մոլեգնում են բոլոր պարտված ալիքների ձայները,
որ միայն քո մասին են,
և ես առանց կարդալու սև խաչեր եմ շարում հոգեբանի հարցաթերթիկին,
ու չգիտեմ՝ ինչպես բացատրել,
որ ես մեռնում եմ իմ ակվարիումում, և որ դա սիրուն է, իսկական արվեստ
մ.-ին
փորիր կրծքավանդակիս հողը,
սրտիս մի բուռ լճում ես խեղդել եմ իմ ողջ կոպտությունը,
սերն իմ՝ դաշտային փուշ, տարածվել է սրունքիդ, ճանկռում է,
ուզում է՝ տեսնես,
թե ինչպես են հեռանում երկրաշարժվող առավոտները, ու ամեն մեկի մեջ դու ես,
քեզ կասեն՝ սիրունիկ ես,
քեզ թռչնակ կանվանեն,
բայց հիշիր, որ առաջինը վաղանցիկ է, իսկ երկրորդը՝ խելքից դուրս տխուր
ա՜խ, բառեր, բանաստեղծական ստրիպտիզ, հոգու ցավը կբուժեն մի օրում,
ծառն ավելի իմաստուն է.
երբ ձմեռն անցնի, նորից բույն հյուսիր վերքի խորը ափսեում,
աչքիդ որսացանցում՝ համաչափությունը մեր երեսների,
ինչի՞ մասին կարող ենք զրուցել,
մահվա՞ն,
անպոչ մի ջրահարսի՞,
ինչպիսի՜ տրտմություն, ծնոտները մեզ դեռ չեն պոկոտել
և ինչպիսի՜ ուրախություն՝ ջնջվել տասնյակ հիշողությունների միջից,
թույլ տալ, որ ոտնահետքերն առանց մեզ շարունակեն լճափի մեր զբոսանքը,
դեռ երեկ քամոտ մատներդ քանդում էին դեմքիս ավազը,
իսկ այսօր այնտեղ,
ուր տարածվում են քո ժպտալու պարզ պատճառները,
ես ցավոտ կապտուկ եմ,
արյան մի բիծ՝ կաշվիս սպիտակ կտավին
ինձ տանջողը անընդհատ վերադարձն է դեպի նույն ձայնը, նույն ձեռքերը,
նույն սարսափելի հերթականությունը եղանակների,
և, օ՜, հրաշք՝ մաշկս ծերանում է, սպիներս՝ ոչ,
դու հարցնում ես ու մատով դիպչում մենակության իմ թաքուն նշաններին,
էս մեկը ամառային ճամբարում արեցի, էս մեկը՝ երբ տասնյոթ էի,
բայց կարևորը քո մի շունչն է, քո մի հպումը, քո խուփ կոպերը երջանկության պահին
տարին դանդաղ այրոցով պոկում է մաշկդ,
հիմա դու էլ բոժոժ չես՝ ալպիական սպիտակեղենի գրկախառնությունների մեջ,
մի թևդ՝ սև, մյուսը՝ ամպ, դու թռչում ես դեպի խոշորաչյա կովերը,
որ քիչ հեռվում որոճում են իրենց կանաչ հանգստությունը՝
սպանդանոցի մթությանը հնազանդ,
դե իսկ ես լճափին քո վերջին ոտնահետքն եմ, ալիքից հետո կմաքրվեմ
է.-ի հետ խաղալիս
թափանցիկ մատդ՝ լույսի շերտ, որ իջնում է դեմքիս վրա,
ու ճիչդ պայթում է օդում իբրև հրավառություն,
արյան փոթորիկներ են, մոխիր ու ոսկոր,
և մեջքս բացվում է քո վրա անձրևանոցի պես,
այն կպաշտպանի քեզ ու փուլ կգա,
ես հպվում եմ քո վարդագույն կոպին, ու աչքդ բացում է իր թավշե ծաղկաթերթերը,
ես հող եմ քեզ համար, որ փաղաքշեմ արմատներդ իմ խոնավ երազներով
դու կլինես տասնութ տարեկան ու միայնակ,
դու կսիրես պատուհանագոգից թափվող լռությունը,
ու մայրամուտին երակներիդ միջով հրաշք տղաներ կվազեն,
իսկը՝ հերակլեսներ ու դավիթներ,
և ի՞նչ հրեշտակներ կքնեն թեյիդ բաժակում,
ի՞նչ թռչուն կնստի ցուցամատիդ բարակ ճյուղին,
ո՞ւմ ուսին կհենես մղձավանջներից փոշոտված ճակատդ,
երբ ես կծկված կլինեմ ինչ-որ մի լճի ցուրտ որովայնում
ափդ՝ ափիս,
քո ձկնային շնչառությունն ինձ ստիպում է մամռակալել,
մի՛ նայիր իմ ավերվածությանը,
մաշկիցս խաղաղության դրոշակներ մի՛ կտրտիր,
ժամանակը նավ էր, որ վերցրեց ինձ մի անգամ,
ու հիմա ամեն օր հեռացնում է քեզանից
քեզ պատմել եմ փայտե ձկան մասին, որ մի անգամ խորտակվել էր երազում,
դա իմ հստակ մակերեսն է, որ քանդում է ուրվագծերն իր, ու իմ աչքը՝
դատարկ անդունդ,
բայց ճիշտ է նաև այն, որ ինքնամոռաց սիրահարված եմ,
որպես գթություն՝ բոլորի վրա միապաղաղ թափվող մահվան կաթիլներին,
պստո, ես արդեն գիտեմ,
որ տարին՝ սպի, ու ցուրտը հաստ կեղև է ծնում
դու հայելի ես ինձ համար՝ արտացոլող տեմպն իմ ծերացող ոսկրի,
ափսոս՝ արմատ չեմ ես, որ ծածկեմ ինձ հողով,
ու մատիս ծայրից կրկին կանաչ ծիլեր բարձրանան,
որքան հրաշալի է մեր այս պահի չթարգմանվող լռությունը
կամ լուսինը, որ աստծո մատնահետքն է պատուհանի սառած այտին
դեմքիդ կավճե հանդարտություն է իջնում ու մի բարակ ստվեր՝ կզակիդ փոսում,
ո՞ւմ մահն են գուժում եկեղեցու մռայլ զանգերը,
ո՞վ է մատների ջերմ բարձիկներով իջեցնում կոպերը մեր,
մեռյալ քուն, մեռյալ քուն,
ճեղքող ցավ, մի երկրաշարժ ու վե՛րջ