Դավիթ Գասպարյան | Մարդը և Հավերժությունը

Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» գրքի վերնագիրը նախապես եղել է «Վերջին լեռնանցք»։ Մահից ժամեր առաջ փոխել ու դրել է վերջնական վերնագիրը։ Հոգեվարքի ծանր պահին, երբ, իր խոսքերով ասած, սիրտը պայթում էր, ըստ էության վերջին շնչում, ասել է նաև նախատեսվող ընտրանիի վերնագիրը՝ «Քարե պատարագ»։ Միտքն աշխատում էր, իր շարունակությունը տեսնում էր գրքերի մեջ։ Հավերժությունից վերցրածը գրքերով հավերժությանն էր վերադարձնում։ Եթե հայի Աստվածը քարե էր, ուրեմն նրա մահվան պատարագն էլ պիտի քարե լիներ։
Ժողովածուն բանաստեղծը կարող էր տեսնել։ Չտեսա՛վ։ Ժամանակներն այլ էին։ Մահվան մահիճում անընդհատ հետաքրքրվել է գրքի տպագրությամբ։ Պետք է տպագրեր «Նաիրի»-ն։ Չտպագրե՛ց։ Պիտի տպագրեր «Անահիտ»-ը։ Չտպագրե՛ց։
Ըստ ավանդության՝ փարավոնները ոչ թե մեռնում էին, այլ նրանց հոգիները գնում էին դեպի Արևմուտք, որ վերամարմնավորումից հետո նորից վերադառնային Արևելք։ Գտնված էր հավերժության շրջապտույտը։ Նրանց հոգիները պետք է վերաբնակվեին անմահների տաճարներում բուրգերում։ Այդպես հավերժի շրջապտույտի մեջ էր նաև Սահյանը։ Եթե փարավոնների հոգիները գնում էին Արևմուտք, որ Արևելքից վերադառնային, Սահյանի հոգին գնում էր մայր բնության գիրկը ապրում անտառում, ծառի փչակի մեջ, որպեսզի նրանց հետ գարնանը նորոգվեր։
Գիրքը բացվում է այս տողերով՝ «Անտառն իմ մեջ, ես՝ անտառի… առավոտ։ // Մահվան խորհուրդ։ Անմահության համ ու հոտ» («Թռավ գնաց»): Ամեն ինչ ասված է, մնացածը սրա պատկերային անդրադարձներն են ու լրացումները կոչված բացահայտելու առաջին երկտողի իմաստը. վիրավոր ծիծեռնակն իջնում է թևին և փրկություն աղերսում։ Բանաստեղծը, տատի հեքիմությունը հիշելով, փրկում է նրան։ Հաջորդում է ամփոփիչ երկտողը. «Թռավ գնաց։ Տուն եմ գալիս ես մենակ, // Անտառն իմ մեջ՝ մի վիրավոր ծիծեռնակ»։ Այսինքն՝ վիրավոր է մայր բնությունըհամայն աշխարհի խորհրդանշանը, և նրա փրկիչը բժիշկ-բանաստեղծն է։ Ուրեմն՝ մահվան հրաժեշտից առաջ կա ավելի մեծ ցավ. հիվանդ է աշխարհը և պետք է բուժել։
Հաջորդում են գերիշխող այս առանցքային գաղափարը տարբեր իրադրությունների մեջ որոշակիացնող պատկերներ: Բանաստեղծը հայտնվում է խաչված Քրիստոսի կերպարով, իսկ խաչողը խարդախված հանրությունն է. «– Քոնն է աշխարհն,– ասացին, // Տանս քարերը տարան… // -Տուն ունեցար՝ տանդ մեջ // Բույն կդնի սատանան»։ Այսպես խաբել են, թե՝ քոնն են ծովերն ու օվկիանոսները. «Ի՞նչ է աղոթքն աղբյուրիդ, // Որ խոնարհվում ես այդքան…»։ Եվ այս ամենը մեկ նպատակով՝ մարդուն օտարել բնաշխարհից, տուն ու տեղից և, ի վերջո, ինքն իրենից. «Եվ մտքերիս մեջ հանկարծ //Կասկածանքներ ծլեցին… // Գլխի ընկա, որ արդեն // Ինձ էլ ինձնից խլեցին»։
Սա մի ամբողջ գաղափարական վարչակարգի պատկերն է, որի մեջ անցավ Սահյանի ու նրա սերունդի կյանքը, և, ահա, վերջին շնչին վրա հասած ազատությունը հնարավորություն է տալիս լիարժեք ասելու խոսքը՝ որպես իր իսկ ճակատագրի ամփոփում. «Չիմացա, թե ով եմ ես // Ու որտեղից եմ գալիս, // Ում կամքով եմ ծիծաղում // Եվ ում վրա եմ լալիս //<…> // Հեռանում եմ աշխարհից՝ // Աշխարհից բան չիմացած։ // Թող ոչ ոքի չկանչեն // Ճանապարհներն իմ անցած»։
Արդեն իսկ ձևավորված գլխավոր խորհրդանշանները՝ Բանաստեղծ–Բնություն–Հանրություն, որոշակիանում են իրենց կյանքով, բանաստեղծի դեպքում՝ որպես անձնական ճակատագիր, բնության դեպքում՝ որպես հավերժության ստուգված չափանիշ, հանրության դեպքում՝ որպես անկատար ժամանակ, խարդախված միջավայր ու կեղծված իրականություն։
Բանաստեղծը ծերացող կյանքի խորհրդանշանի՝ սպիտակ գույնի մեջ է. «Մի սպիտակ բախտ է հսկում // Անշարժ երթը սար ու քարիս։ // Ձյունի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս» («Ձյուն է գալիս»): Վերջին երկու տողը վերածվում են կրկներգի և պատկերի իմաստային հարաշարժությամբ ստանում այսպիսի զարգացում. «Սառցի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս։ //<…> // Մեղքի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն գալիս։ // <…> // Ձայնի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս»։ Վերջին քառատողն ավարտվում է կրկնակի փոխաբերությամբ և կրկներգի իմաստային խոր բովանդակությամբ. «Հոգնած, մաշված օրը մրսում // Եվ թիկնում է պատուհանիս… // Սրտիս վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս»։
Ամեն ինչի մեջ բանաստեղծը փորձում է տեսնել իր ներկայությունը։ Կյանքի ամբողջությունը ճյուղավորվում, մաս–մաս բացահայտում է իր բովանդակությունը, որպեսզի վերստին հավաքվի ու ամբողջանա որպես տրամաբանական եզրահանգում՝ «Մի օր հուղարկավոր, // Մի օր հարսանքավոր, //Մի օր ջրվոր էի»։ Մարդկանց նվիրվել և հետո կասկածների մեջ ծվատվել՝ այս է բանաստեղծի ու հանրության հարաբերությունը, բայց թումանյանական վերաբերմունքով՝ «Վատը լավ եմ տեսել ես»։
Սկիզբը սա է. «Մարդիկ, ձեզ շատ հավատացի… // Թեկուզ խաբված հազար անգամ»։ Հետո նորից նույնը. «Մարդիկ, ձեզ շատ հավատացի, // Բայց ստերի այս սև դարում // Հավատացողն ի՞նչ է շահում. // Շատ-շատ մի բախտ հալածվածի»։ Այս ամենը գիտենալով՝ ինքն իր տեսակը չկորցնելու համար բանաստեղծն ստիպված իրեն միամիտ մանկան տեղ է դնում, որ վերջնականապես հավատը չկորցնի։ Սա հաշտության եզրն է՝ ներքին խռովությունը քողարկելու համար։ Պ. Սևակը պատռեց այդ իրականության դիմակը, հաշտությունը չկայացավ, և ի՛նքը զոհ գնաց։ Զոհը միշտ էլ անհատն է, ո՛չ թե քաղքենիացված ճահիճի վերածված հանրույթը։ Վերջինս խժռում, կուլ է տալիս իր միջից բարձրացած անհատներին և պահպանում ճահիճի իր իրավունքները։
Սահյանը գիտեր այդ ճահիճն էլ, ճահիճի օրենքն էլ, բայց նաև գիտեր իր ապրելու կերպը՝ արտաքուստ լուռ ու աննկատ, որ ուշադրություն չգրավեր, բայց իր գործը աներ։ Նաև արտաքուստ ոչ թե փետող ու դատափետող, այլ որպես թռչող հավք, որպես արևի շող կամ ծառի տերև։ Այս անընդհատական փոխաձևությունը միմիայն այն բանի համար է, որ մարդը կյանքից դուրս չմղվի, դուրս չմնա, չդառնա ուղեկից, չվերածվի մոռացված իրի, այլ ապրի իր ժամանակը՝ ոչ թե նրանից լույս հայցելով, այլ իր լույսը նրան տալով։
Դարձյալ թումանյանական վարչակարգի պատկերն է, որի մեջ անցավ Սահյանի ու նրա սերունդի կյանքը, և, ահա, մեռնելու շեմին, վերջին հայացք ցնցումների հասած պատմությանը հեռավորությունից է արծարծվում. «Չիմացա, թե ով եմ ես // Ու որտեղից եմ գալիս, // Ում կամքով եմ ծիծաղում // Եվ ում վրա եմ լալիս //<…> // Հեռանում եմ աշխարհից // Աշխարհից բան չիմացած։ // Թող ոչ ոքի չկանչեն // Ճանապարհներն իմ անցած»։
Արդեն իսկ ձևավորված գլխավոր խորհրդանշանները՝ Բանաստեղծ-Բնություն-Հանրություն, որոշակիանում են իրենց կյանքով, բանաստեղծի դեպքում՝ որպես անձնական ճակատագիր, բնության դեպքում՝ որպես հավերժության ստուգված չափանիշ, հանրության դեպքում՝ որպես անկատար ժամանակ, խարդախված միջավայր ու կեղծված իրականություն։
Բանաստեղծը ծերացող կյանքի խորհրդանշանի՝ սպիտակ գույնի մեջ է. «Մի սպիտակ բախտ է հսկում // Անշարժ երթը սար ու քարիս։ // Ձյունի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս» («Ձյուն է գալիս»): Վերջին երկու տողը վերածվում են կրկներգի և պատկերի իմաստային հարաշարժությամբ ստանում այսպիսի զարգացում. «Սառցի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս։ //<…> // Մեղքի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն գալիս։ // <…> // Ձայնի վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս»։
Վերջին քառատողն ավարտվում է կրկնակի փոխաբերությամբ և կրկներգի իմաստային խոր բովանդակությամբ. «Հոգնած, մաշված օրը մրսում // Եվ թիկնում է պատուհանիս… // Սրտիս վրա ամպ է նստում, // Ամպի վրա ձյուն է գալիս»։
Ամեն ինչի մեջ բանաստեղծը փորձում է տեսնել իր ներկայությունը։ Կյանքի ամբողջությունը ճյուղավորվում, մաս–մաս բացահայտում է իր բովանդակությունը, որպեսզի վերստին հավաքվի ու ամբողջանա որպես տրամաբանական եզրահանգում՝ «Մի օր հուղարկավոր, // Մի օր հարսանքավոր, //Մի օր ջրվոր էի»։
Օր ծերության Սահյանին դժվար ժամանակներ բաժին ընկան։ Ե՛վ օրհնեց նորերին ու նոր կյանքը, և՛ հիասթափվեց ու վիրավորվեց խաբված մանկան նման. «Եկան… Տիրացան ու ավերեցին // Իրենց մեղքերը մեզ չներեցին…// Թող կեցցեն այս նոր նորին մեծություն // Վերին պարոնայք Քաջնազարները» («Եվ ինչ մնաց մեզ»): Վերստին Քաջ Նազարը, վերստին Թումանյանի հայացքի անդրադարձը։
Սահյանի ստեղծագործությունները ևս թարգմանվել են մի շարք լեզուներով, որոնք նպաստել են նրա պոեզիայի հանրահռչակմանը նաև օտարալեզու ընթերցողների շրջանում:
Հրաժեշտի զգացողությունն գրքի՝ մի դեպքում` «տնական», մյուս դեպքում՝ «տոնական» թախիծը փոխում է մահվան աչքերին առանց խուսափելու ուղիղ նայելու ճակատագրական անհրաժեշտության։ «Ի՞նչ երաշխիք, ի՞նչ իմանամ՝ // Կապրե՞մ մինչև եկող մայիս…» («Լինեմ վկան»),– ներքնատեսության այս հոգեբանական վիճակն անգամ կենսաբանական ճշգրտություն ունեցավ։
Մարդ ու բնություն հարաբերությունից նա անընդհատ անցում է կատարում դեպի բանաստեղծ լինելու և որպես բանաստեղծ աշխարհում իր ներկայությունն ունենալու նախապայմանին։ Հարաբերության եզրն այս անգամ ոգու աշխարհն է՝ բանաստեղծական անունների անդրադարձով՝ «Ճակատիդ այդպես էր գրված, // Ոչ տխրիր և ոչ էլ լացիր… // Ոչ Բորիս Պաստերնակ եղար, // Ոչ էլ Սերգեյ Եսենին։ // Շշուկդ հեռուն չգնաց, // Շատերին անհայտ մնացիր, // Ինչպես որ քարի մեջ խրված // Քո երկրի խոնարհ մասրենին…» («Ճակատիդ…»):
Գիրքը եզրափակվում է հրաշալի մի բանաստեղծությամբ, ինչի մեջ կրկնաբանվում է «Ինձ բացակա չդնեք» հանգերգը:
Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք։
…Ես եմ քարե պատարագ,
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք։
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք։

Գրականություն 

  1. Հ. Սահյան, Ինձ բացակա չդնեք, Ե., «Վան Արյան», 1998, 170 էջ:
  2. Հ. Սահյան, Նոր ենք կյանքում, «Գրական թերթ», 1993, թիվ 1, 1 հունվար:
  3. Հ. Հովնաթան, Խոսում է Համո Սահյանը: Զրույցներ, Ե., «Վարք», 1992, էջ 55:
  4. Դ.Վ. Գասպարյան, Համո Սահյան: Կյանքը և ստեղծագործությունը, Ե., «Զանգակ», 2003, 368 էջ:
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *