Մալվիններ
Խմբագիր՝ Սաթենիկ Ավետիսյան
Իսպաներենից թարգմանություն ու ծանոթագրությունները՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի
Անտարես հրատարակչություն, 2014
Մարիո Սամպաոլեսի
Արգենտինացի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարիո Սամպաոլեսին ծնվել է 1955թ. Բուենոս Այրեսում: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների և վիպակների, կատարել է նաև թարգմանություններ ֆրանսերենից: Մասնակցում է Արգենտինայի և Մեքսիկայի գրական ամսագրերի և թերթերի գրական հավելվածների հրատարակությանը: Արժանացել է գրական ազգային յոթ մրցանակների և պարգևների: Սամպաոլեսին պոեզիային նվիրված միջազգային բազմաթիվ փառատոների և քննարկումների մշտական մասնակիցն է:
Սամպաոլեսիի «Մալվիններ» պոեմը բարձր գնահատականի է արժանացել Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի Մարդու իրավունքների վարչության կողմից: 2010թ.-ին պոեմի որոշ հատվածներ ընդգրկվել են Խորխե Մոնտելեոնեի կազմած «Արգենտինյան պոեզիայի 200 տարիները» կոթողային անթոլոգիայի մեջ: Պոեմը թարգմանվել և հրատարակվել է ռումիներեն (Craiova, Rumania, 2010), անգլերեն (Bristol, UK, 2013թ.), վերահրատարակվել է Իսպանիայում (Sevilla, 2011թ.) և պատրաստվում է վերահրատակության Անգլիայում 2014թ: Հայերենով ներկայացվում է առաջին անգամ:Ալիս Տեր-Ղևոնդյանը հեղինակ է մեկ տասնյակ թարգմանական հրատարակությունների, որոնց թվում են Արգենտինայում լույս տեսած «Լեզուն հրդեհ է նաև. Հայաստանի 20 պոետներ» ժամանակակից բանաստեղծական հավաքածուն (հայերենից իսպաներեն թարգմանությամբ) և իսպաներենից հայերեն թարգմանությամբ Երևանում լույս տեսած ժամանակակից արգենտինահայ հեղինակների ստեղծագործությունները՝ Աննա Արզումանյանի «Իմ անունը Հիմա է» պոեմը և Դիեգո Տատյանի «Հետմիջօրե» պատմվածքների ընտրանին:
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՊՈԵՄԻՑ [1]
….
Բայց ինչու՞ հենց նա:
Ցողի կաթիլները ծածկում են նրան, նրա գունաթափ անմեղ մարմինը` դաժանության վերքերով պատված, փտում է վայրկյան առ վայրկյան` արյունլվա իր երկրացու գոտու հարվածից, շանորդի անգլիացիների կողմից գնդակոծված։ Ի՞նչ գործ ունեն դրանք բոլորն այնտեղ։
Նրան ընդունում է հողը. այն ոռոգվում է անմեղ մարդկանց ոռնոցով։ Պատանյակների վախկոտություն- հերոսությունը իր ոռնոցով պատում է
արկերից պատառոտված մշուշը` ներսից լուսավորված բենգալյան կրակներով, ցասումով, ահով, սվինների սրածայր խաչերով, այս ամենը` դավաճանության աղտեղության վրա։
Արգենտինացին` «արջին», ճապաղված փռված է Մալվինների սևակարմիր հողի վրա. տեսնում է երկինքը, տեսնում է աստղերը, տեսնում է հավերժության մի պատառիկ։
Բայց չի հասնում։
….
Փոս փորի′ր, փորի′ր, բ–ի տղա, քո այդ բահիկով դուրս գցիր Մալվինների առայժմ սև հողը, փորի′ր, քեզ եմ ասում, տխմա′ր, և եթե ուզում ես ապրել, մտի′ր այդ փոսի մեջ ու մի լավ թաքնվի′ր, քանի որ գալիս են գհուրկաները[2]:
Գալիս են գհուրկաները, և ես մենակ եմ այս սառցակալած գիշերով, որը հերկված է գնդացիրի բոցավառ արկերով. արկերն ավելի ու ավելի մոտ են ընկնում, և ես չեմ ուզում մեռնել այստեղ` հեռու բոլորից` կղզիների սառցակալած գիշերվա մեջ` կուրացած բենգալյան լույսով դեղնած երկնքից, իմ` արգենտինացի լինելու պատճառով անասունի պես մինչև այստեղ քշված. բայց մեռնել չեմ ուզում և այնքան ցուրտ է. գհուրկաներն են գալիս, գալիս են սողալով Մալվինների` առայժմ սև հողի վրայով, գալիս են ինձ բռնելու։
Ես զգում եմ նրանց մոտենալը։
….
Այսպես կոչված «աղվեսի փոսերում»[3] իրար վրա կուտակված մարմինները, փորձում են նմանակել-ձուլվել Մալվիններին բնորոշ այս տորֆին, փորձում են պատսպարվել եռացող մետաղից, որը նրանց գոլորշի կդարձնի։
Անգլիացիներն առաջ են գալիս նրանց սպանելու նպատակով։
Բայց մեռնելու վախը չէ միայն. ռմբակոծությունների
շիկացած լույսերի հետ մեկտեղ հայտնվում է մարդասպանության անգութ հրեշը:
Հրացանը լիցքավորել, նշանակետը պահել առաջ եկող մշուշոտ կերպարանքի՝ առաջ ընթացող անծանոթի՝ այդ ուրիշ մեկի վրա, որը նույնպես, իրենցից յուրաքանչյուրի նման, սիրված է, ատված է, խելացի է, հիմար է, բարեհամբույր է, նեղացկոտ է, պայծառ է և այլն:
Այդ մեկ ուրիշ մարդկային էակը` ոռնոցների մեջ ոռնացող, ևս վախ է զգում, զգում է ատելություն, զզվանք, քաջություն, մտածում է սպանելու մասին մեկ այլ մարդու, սպանելու անծանոթ մեկին, որը զավակ է, սիրեկան է, եղբայր է, հայր է, ամուսին է:
Սպանության ծանրությունը խորտակում է ռազմական հրամանները, հայրենիքի խորհրդանիշները. նրանք այստեղ են, քարշ են գալիս տորֆի վրայով, սառցակալած, շփոթված անխուսափելի հանցագործության առաջիկա փորձի սպասումից, ստիպված են կատարել մի հրաման, որին ենթարկվելը անմարդկային է։
Կտոր-կտոր մարմինների, դիակույտերի վրա արտացոլվում են կռվի ստվերները, հոգիների միայնությունը, առանձին ճիչերը։
…
Երբ զբոսաշրջիկներն այցելում են կղզիները, իջնելով շքեղ զբոսանավերից` անմիջապես ուղղվում են Պուերտո Ստենլիի գարեջրատները:
Այնտեղ կելպերները պատերազմի մասին պատմություններ են պատմում նրանց, մատնանշում են ականապատված տարածքները, նրանց ցույց են տալիս փոքրիկ հուշանվերներ. արգենտինյան բանակի ռազմամթերքի մի քանի տուփ, համազգեստի մնացորդներ, մի քանի սաղավարտներ:
Պատերին ժպիտները դեմքին տղաների` կոճգամներով ամրացված մի քանի լուսանկար կա՝ կեղտոտ մատնահետքերով, գունաթափված:
[1] 1982թ. պատերազմը Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար, որի արդյունքում Մեծ Բրիտանիան վերահաստատեց իր գերիշխանությունը այդ տարածքներում, խորը հետք թողեց արգենտինացիների սրտերում: Հեղինակը անդրադառնում է այս ցավոտ թեմային` խուսափելով հայրենասիրական պաթոսից և զերծ մնալով գաղափարական կարծրատիպերից: Իրական դեպքերը և կղզիների աշխարհագրական բնութագիրը, միախառնվելով երևակայականին ու հույզերի հոսքերին, ստեղծում են խճանկարային, բայց նաև ամբողջական մի պատկեր՝ հնարավորություն տալով ընթերցողին գաղափար կազմելու գրեթե երկդարյա ընթացք ունեցող մի հիմնախնդրի և նրա հետևանքների մասին:
[2] Գհուրկա կամ Գուրքհա – ընդհանրական անվանումն է բրիտանական բանակի նեպալյան ծագում ունեցող զորամասերի, որոնք հայտնի են որպես մոլի կռվողներ:
[3] Զինվորականների խոսակցական լեզվով ՝ «աղվեսի փոսը» 1մ 60սմ խորությանբ և 2 մետր լայնությամբ մի փոս է` ծածկված հողով և խոտով քողարկված մի կտուրով: Այն զինվորներին օգնում է թաքնվել թշնամու օդանավերից։
Թարգմանություն իսպաներենից և ծանոթագրությունները Ալիս Տեր-Ղևոնդյանի