Մայքլ Առլեն | Լամուարին

Մայքլ Առլեն

I
Ավա՜ղ, շատ ցավալի է, որ ես շատ քիչ գիտեմ ծառերի ու ծաղիկների մասին։ Ինչպե՞ս ես կարող եմ այս պատմությունը հյուսել առանց նրանց օգնության՝ չեմ պատկերացնում։ Սա այնպիսի պատմություն է, որը պահանջում է խոր գիտելիքներ նուրբ բաների մասին։ Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ իմ պատմությունը գրվի ինչ-որ ձև, որը և մեզ առաջնորդում է դեպի հաջորդ հարցը՝ լրջմիտ մարդը կարծում է, թե դժբախտություն է այն, որ գրեթե բոլոր գործերը այսօր հենց այնպես գրվում են։ Երբ պատմում եմ Հյուի եւ Լամուարի մասին, մի փոքր դժվար է քիչ թե շատ չխոսել իմ մասին, քանի որ նրանք ինձ օգնել են, երբ ես շատ երիտասարդ էի։ Երկար ժամանակ նրանք իմ միակ մտերիմներն էին Լոնդոնում և մինչև այս պահը նրանք իմ ամենաթանկ ընկերներն են։ Բայց միայն մի քանի օր առաջ էր, որ Հյուն ինձ պատմեց ծառի մասին։ Ինձ թվում է նա գիտեր՝ ինչ կարող է պատահել, ուստի, քանի դեռ կարող էր, ցանկանում էր մեկին վստահել։ Սակայն շատ տարօրինակ է, որ ես տարիներ շարունակ նրան ու Լամուարին ճանաչում եմ, ոչ մի անգամ նա չի ակնարկել ծառի մասին, ու հանկարծ նա սկսում է դրանից։
Իհարկե՛, կլինեն անհատներ, որոնք կասեն, թե նա ոչինչ չի թաքցրել, որն արժանի էր թաքցնելու, և այն, ամեն դեպքում, անհավանական պատմություն է. ո՞վ կհավատա դրան։ Բայց ես հավատում եմ՝ ընդունելով, որ Հյուն այդքանը չէր կարող սարքել։ Հյուն մեծ երևակայություն ունեցող մեկը չէր, նույնիսկ՝ ոչ էլ փոքր։ Փաստացի ասեմ՝ պատմությունը դրա մասին է։ Իհարկե, նա կիրք ուներ բարձրորակ իրերի հանդեպ, ինչպես նաև հուզիչ բաների հանդեպ, սակայն մեր հավաքորդը, կամ էլ՝ ասենք գիտակ փորձառուն, գլխավորապես ոչինչ է երևակայության տեսակետից։
Հիմա խոսենք Լամուարից։ Նա բավականին տարբեր էր։ Նա կարող էր հեշտությամբ մտածել պարտեզի, ծառի եւ ամեն ինչի մասին, բայց մինչև հիմա ինչպես ես կարծում եմ, նրանք ոչ մի բառ միմյանց չեն ասել։
Ես երբեք Լամուարի մասին այսքան չեմ մտածել. ես նրան անչափ հավանում էի ։ Գիտեմ, որ գրողը իր անձի մասին չպիտի խոսի, բայց ես անկարող եմ դա անել։ Նա գիտեր ծառերի ու ծաղիկների սիրտը, հանդարտ էր ու անձայն, ճիշտ այնպես ինչպես ծաղիկը։ Դու երբեք չէիր կարող իմանալ, թե ինչ կար նրա մտքին, և այդ հանգամանքը քիչ թե շատ պատճառ հանդիսացավ, որ երկուսի միջև անախորժություն սկսվեր. այդ մասին Հյուն էր պատմում անցյալ օրը։ Նա ասում էր նաև, որ իր մոտ երբեք չէր ստացվում կարդալ Լամուարի մտքերը, ըստ այդմ էլ, միայն լավն էր մտածում։ Սակայն մի օր նրան ակնհայտ դարձավ, որ Լամուարը երբեք էլ իր մասին չի մտածել։ Ահա՛ Հյուի ասածը։ Սակայն իմ կարծիքով ճշմարտությունն այն է, որ նա կարծում էր, թե Լամուարը երբեք էլ ոչ մի բան չէր մտածում, կամ էլ գուցե այն մասին էր միայն մտածում, թե Հյուն ի՜նչ լավ ամուսին է։ Այսպիսով, մի օր Հյուն ցնցվեց։ Թվում է՝ շատ տղամարդիկ են այդպես՝ բնականից երջանիկ, իսկ երբ նրանց կանայք լուռ են ու մտածկոտ, չեն կարծում, որ նրանց մտքերը շեղված են, իսկ երբ գիտակցում են որ ինչ-որ բան այն չէ, անակնկալից մեծ ցավ են ապրում, և ուզում են իմանալ, թե ինչու իրենց ավելի շուտ չեն ասել այդ մասին։ Ինչպես գիտեք, որոշ բաների մասին կարող են արագ տեղեկություն հայտնել, և միանգամայն, որոշ բաների մասին կարող են հայտնել միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է։
Հիմա ասեմ նաև, որ Հյուն ու Լամուարը մի փոքր դժվար զույգ էին՝ լավ ճանաչելու համար՝ թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին։ Հյուն ձեր իմացած դեմոկրատներից չէր. նրա հետ կապված ոչինչ դյուրին չէր։ Հիշում եմ, երբ մի անգամ նրան տեսա մարդկանցով լեփ-լեցուն սենյակում, կարծեցի, որ նա ժպտացող մարդկանց օվկանոսի  միակ անհանգիստ կղզին էր։ Ըստ Լամուարի՝ նա հպարտ անձնավորություն է։ Երևում էր, որ Հյուին բոլորովին չէր անհանգստացնում շրջապատի կարծիքը, դա նրանից էր, որ նա ժամանակ չուներ այս դարի համար խիստ անհրաժեշտ բարեկրթության նորմերին տրվելու ։  Սա Հյուի ասածն է՝ ոչ թե իմ։
Լամուարը լքել էր նրան ինը տարի առաջ։ Ասում են, երբ Լամուարը նոր էր Հնդկաստանից Լոնդոն անցել, լոնդոնցիների մեջ մեծ իրարանցում էր սկսվել, քանի որ նա շատ համակրելի էր։ Դա մոտավորապես քսանհինգ տարի առաջ էր, իսկ ինը տարի առաջ նա հավաքեց հսկայական քանակությամբ իրեր ու անցավ Ալժիր։ Մարդիկ պարզապես զարմացած էին մնացել այդ դեպքի առիթով. մեկը, որը Լամուարի նման սիրված էր բոլորի կողմից և թվում էր, թե նա էլ սիրում է իր անգլիական կյանքը ճիշտ այնպես, ինչպես մարդ կոչվածը կարող է սիրել իր անգլիական ապրելակերպը լիովին: Դրանից մարդկանց մեջ այն կարծիքն առաջացավ, որ ինչ-որ մեկը կարող է նաև չսիրել իր լոնդոնյան կյանքը։ Ես ինքս այն շատ եմ սիրում, թեև ես անգլիացի չեմ։ Մարդիկ սկսեցին անորոշ լուրեր տարածել, թե նա հեռանում է սրտի թուլության պատճառով, իբր սիրտն առողջ է, բայց՝ թույլ, և այդ ամենը պիտի գաղտնի մնար։ Լամուարն այլևս չվերադարձավ։
Երկու տարի առաջ նրան տեսնելու նպատակով մեկնեցի Ալժիր։ Ես շատ էի ուզում նրան տեսնել, միայն թե տեսնեի թե ինչպես է իր նոփ-նոր ձևավորած միայնության մեջ։ Բնականաբար ես Հյուից թաքցրեցի Ալժիր մեկնելուս գլխավոր պատճառը։ Ինձ թվում է՝ նա կարծեց, թե գնում եմ Շեյխերի ու ավազի կամ էլ քաղաքամերձ շրջանների անգլուհիների մասին հիսքանչ գիրքերից մեկը գրելու: Այն անգլուհիների, որոնց աչքերում սերն այն աստիճան է կիզվում, որ նրանք իրենց շրջապատի մարդկանց աչքին բոլորովին անճանաչելի են դառնում։ Հյուն երբեք չէր խոսում կնոջից, այնպես որ ոչ մեկը չէր կարող որևէ կարծիք ունենալ նրա զգացմունքներից։
Նույն ձևով, ահա թե ինչպես գտա Լամուարին։ Նա ուներ բացառիկ բարեկրթություն՝ նույնիսկ իր լռության, մտախոհության պահերին։ Որոշ մարդիկ գտնում էին, թե նա սոսկալի դատարկ է. հիմա պատկերացրու՛, թե ինչ են այդ «որոշ մարդիկ», կարելի է ասել այստեղ, որ նրանց բացասական վերաբերմունքը նույնիսկ պատիվ է՝ առանց որի գրավիչ անձը չպիտի լինի։ Այն տունը, որտեղ Լամուարը բնակվում էր, «Դեյզ» նավատորմի վերջին ծովակալի դղյակն էր, եթե մեկն ուզում է ամբողջությամբ հավատալ նրա ասածին։ Ներքևում մութ ու խոր, ծուռ զնդաններ կային՝ պատերին շղթաներ ու երկաթե մամլակներ, որտեղ խեղճ, անիծված քրիստոնյա ծառաներն էին բանտարկվում։ Առավոտյան Լամուարը ինձ ցույց տվեց շուրջը, որտեղ արյունխում բուն էր ննջում՝ սև, ջախջախված պատից կախ։ Նա ասում էր, որ զնդանից գաղտնի ելք կա դեպի ծովափ՝ լեռան ստորոտից երկու մղոն հեռավորության վրա: Այդ գաղտնի ելքից սրիկա ծեր ծովակալը փորձել էր սողոսկել, երբ ֆրանսիացիները գրոհել էին քաղաքի վրա. դա տեղի է ունեցել մոտավորապես ութսուն տարի առաջ, ես ստույգ չգիտեմ, թե երբ էր դա, Լամուարն էլ չգիտեր, միգուցեև ութսուն տարուց ավել կամ պակաս։
Մի առավոտ մենք քայլում էինք անհամաչափ, տափակ տանիքի վարդագույն սալիկների վրայով։ Մենք քիչ խոսեցինք. մեր ոտքերի տակ ծովը ննջում էր։ Լամուարը սկսեց հետաքրքրվել Հյուից, թե ինչպե՞ս է, ես ասացի՝ բավականին լավ, հետո ավելացրի՝ «Միայնակ»։ Մենք նստեցինք տանիքի ճաղաշարին, որտեղից ցած նայելիս տեսանելի էր ճերմակ, անկազմակերպ քաղաքը։ Ծովափին ամերիկյան խոշոր հածանավ կար, որը նման էր փոքրիկ բծի։ Լամուարը հանկարծ խոսեց.
-Այո՛, նա միշտ է միայնակ եղել։ Միայնակ ու հպարտ։ Հյուն անչափ հպարտ է։ Չե՞ս կարծում այդպես: – Ես ասացի.
-Ի՞սկ դու Լամուար, դու նույնպես հպարտ չե՞ս։
Տե՛ս, ես ոչինչ չգիտեի Հյուի ու Լամուարի միջև եղած խնդիրների մասին, միայն գիտեի այն, որ իմ շատ սիրելի երկու ընկերները միմյանցից հեռացել են ինը տարի առաջ։ Լամուարի հայացքը ուղղված էր դեպի ծովը, երեսին ժպիտ կար։ Հանկարծ նա թափահարեց գլուխը։ Նրա մազերը մոխրագույն էին, կարճ, խոպոպավոր։ Միայն տեսնեիր ի՜նչ գրավիչ էր՝ իսկը աշնանային ծաղիկ։
-Օ՜, ո՛չ, – նա ասաց, – բոլորովին էլ հպարտ չեմ ես, չեմ սիրում հպարտ մարդկանց։-
-Ես սիրում եմ, -ավելացրեցի։ Իսկ նա լրջորեն ասաց.
-Իհարկե՛, դու սիրում ես։ Բայց դու շատ երիտասարդ ես, և դա շատ ճիշտ է. դու պիտի սիրես հպարտ մարդկանց և պիտի ինքդ քեզնով հպարտ լինես. ամեն դեպքում, երբ դու փորձես, ես կարծում եմ, որ քո հումորի զգացումը քեզ մի փոքր կխանգարի։ Ես կարծում եմ, որ երիտասարդ մարդիկ պիտի հպարտ լինեն, այլապես նրանք վերջին վայրկյանին մի բան կանեն ու կապականեն։ Իսկ ծերերն ու տարիքովները հպարտ չպիտի լինեն, քանի որ դա նրանց խանգարում է հասկանալ ամեն ինչ։
-Իսկ տարիքն առած մարդիկ եթե հպարտ չեն, ապականություն չե՞ն անում, – նա ծիծաղեց ինձ վրա եւ միայն ասաց.
-Ես խոսում էի լավ մարդկանց մասին, որոնք տարիքն առել են, – այդպես ավարտվեց խոսակցությունը՝ առանց հանգրվանի։ Կարծում եմ՝ շատ թեթև քայլ կլինի տղամարդկանց կողմից կանանց մասին խոսքն ընդհանրացնելը։ Իսկ եթե մենք սկսենք խոսքն ընդհանրացնել, ես միգուցե կասեի տղամարդու եւ կնոջ միջև եղած աբստրակտ խոսակցությունները ոչ մի տեղ չեն ավարտվում։ Երբ կնոջ հետ աբստրակտ զրույցը ոչ մի տեղ չի ավարտվում, քեզ թվում է, թե նա խոսում է ինչ պատահի՝ քաղաքավարությունից դրդված, բայց այդ պահին գոնե դու այնպիսի զգացում ես ունենում, որ ինչ-որ հետաքրքիր բան է գլխովդ անցել։
Ես հիշում եմ, թե ինչը հատկապես ինձ գերեց Լամուարի հետ կապված, դա նրա երջանիկ կեցությունն էր, որի մեջ նա շատ ապահով էր զգում։ Ես այն ժամանակ գիտեի, որ նա սիրում է Հյուին, դա մի փոքր ինձ հանելուկային էր թվում։

II
Ես լավ բան եմ տեսնում Հյուին այցելելու մեջ։ Երբեմն նրա մոտ էի մնում Լոնգթոն Ուիվերում, իսկ երբեմն էլ Լոնդոնում, որտեղ երկուսս միասին ընթրում էինք Չարլզ փողոցի վրա գտնվող նրա տանը։ Շատ հաճելի էր այդ տան մասին այն զգացումը, որ գիտեի՝ կա մի խաղաղ անկյուն, որտեղ կարող էի զրուցելով երեկո անցկացնել Հյուի հետ, հատկապես եթե մարդ ցանկություն ունենար խոսել գրքերից, գոբելեններից եւ բարձրորակ իրերից։ Ես դեռ Հյուի նման մեկին չեմ հանդիպել, որն այդքան կիրք ունենար բարձրորակ իրեր հանդեպ։ Երբ տեսա փղոսկրե հին արձանիկը նրա ձեռքին, այդ պահին կարելի էր կարծել, որ նույնիսկ նրա մաշկն էլ է սիրահարված արձանիկին։
Մի քանի շաբաթ առաջ, երբ վերջին անգամ տեսա նրան, ընկերոջս հետ գնացել էինք նրա մոտ ընթրիքի։ Անմիջապես նկատեցի, որ նրա տրամադրությունը անսովոր էր, այդ պահին նա ինձ պատմեց պարտեզի ու ծառի մասին՝ հենց այդպես, առանց որևէ նախաբանի։ Պատմելիս շատ մտածկոտ էր, անընդհատ գինու բաժակն էր ձեռքերի մեջ խաղացնում, այսպես սկսեց խոսել.
-Մոտավորապես ինը տարի է Լամուարին չեմ տեսել։-
Ես անորոշ ասացի՝ այո՛։ Ես երբեք այդ ինը տարիների ընթացքում նրանից չեմ լսել Լամուարի անունը, դա սկզբում ինձ շփոթեցրեց։ Հյուն մտազբաղ շարունակեց՝ խոսքը հատուկ ինձ չուղղելով։
-Երբ առաջին անգամ տեսա նրան, ինը տարեկան էի, ինքը պիտի յոթ եղած լիներ: – Ես դիմեցի նրան.
-Բայց ինձ մոտ այն տպավորությունն է եղել, որ Լամուարի մանկությունը Հնդկաստանում է անցել և Անգլիա է փոխադրվել միայն քսան տարեկանում։ Ես չգիտեի, որ դու մանկությանդ տարիներին Հնդկաստանում ես եղել։ –
-Ես չեմ եղել, – նա ասաց ու ամոթխած ժպտաց՝ խոսքն իրեն էր վերաբերում: -Ես այնտեղ չեմ եղել, դրա համար էլ սա ծիծաղելի է։ –
Ես փորձեցի մտքումս կերտել Լամուարին յոթը տարեկանում։ Իհարկե դա ինձ համար հեշտ էր, քանի որ շատ հեշտ է դա անել քո սիրելի մարդկանց հետ։ Նրա խոխոպավոր մազերն այն ժամանակ ոսկեգույն եղած կլինեն, իսկ մոխրագույն աչքերը երեևի ավելի շատ կապույտին տված կլինեն, քան՝ մոխրագույնին, կարծում եմ, որ աչքերը խոշոր եղած կլինեն նրա փոքրիկ դեմքի համար։ Նա շատ հանդարտ ու մտախոհ կքայլեր իր լղարիկ ոտքերով ու ծով աչքերով, և այդ ամենը տեղի ունեցած կլիներ դեղնավուն ու բոսոր պարտեզում գտնվող մոտակա ցածրիկ, երկարավուն ճեփ-ճերմակ տանը։ Ահա՛ թե ինչպես է Հյուն առաջին անգամ տեսել Լամուարին՝ պարտեզում գտնվող մոտակա ցածրիկ, երկարավուն ճեփ-ճերմակ տանը, որի երկարուկ պատուհանները փայլփլուն էին, իսկ լայն սանդուղքը հասնում էր մինչև շքամուտքի բացվածքը ։
Հյուն պատմում էր, որ տունը շլացնող ճերմակ էր, դա հավանաբար նրանից էր, որ այդ օրը արևը շողում էր իր ողջ ուժգնությամբ։ Ամռանը բնորոշ աղմուկից բացի ինչ-որ աղմուկ կար, ամեն դեպքում նա հիշում էր, որ թռչուններ չէր նշմարել, բայց նրանք լսելի էին, հավանաբար նրանց մեծ բազմություն կար մոտակայքում։ Պարտեզը հորդում էր դեղին ու կարմիր ծաղիկների առատությունից, իսկ մոխրագույն պատը վարագուրված էր կապույտ վարդենիներով։ Հյուի հիշողության մեջ ա՛յդ պատկերն էր։ Շը՜րխկ։ Ծաղկանոցի մեջտեղում Լամուարն էր՝ աչքերը պլշած հետևում էր Հյուի մուտք գործելուն։ Հյուն շատ զարմացած էր, չգիտեր իր ասելիքն ու անելիքը։ Տե՛ս, նա մտադրություն չուներ պարտեզ գալու։ Մեկ վայրկյան առաջ նա դեռ ոչինչ չգիտեր այդ պարտեզի մասին, նույնիսկ գաղափար էլ չուներ, որ առհասարակ այդպիսի պարտեզ գոյություն ունի։ Այս ամբողջի մեջ ծիծաղելին այն է, թե ինչպես նրա առաջ ամառային միջօրեին հայտնվեց պարտեզը, Լամուարը, կապույտ վարդերն ու այդ ամենը։ Հյուն ասում էր, որ Լամուարը շփոթված տեսք ուներ, բայց նա դեռ մանուկ էր, ով մատները բերանը դնելով քայլեց դեպի Հյուն։
Լանգթոն Ուիվեր։ Հյուի հոր տունը, որը գտնվում էր ցածր լեռան լանջին, հեռու չէր Հանգերֆորդից։ Այն նայում էր դեպի հարթավայրը, որտեղ հին, կարմիր Էլիզաբեթյան փոքրիկ գյուղ Լիթլքոթն է՝ ծառերի մեջ թաղված։ Այդ լուսավոր միջօրեին Հյուն քայլեց իր հոր դարպասներից դուրս գտնվող սահմանագծի վրայով, որն օրենքով անթույլատրելի էր։ Այդ օրը Հյուն միայնակ էր։ Նա քույրեր ու եղբայրներ չուներ, զարմանում էր, թե հետո ինչով է զբաղվելու։ Նա ցանկություն ուներ, որ մեկը գար ու իր հետ մի բանով զբաղվեր, երբ «շը՜րխկ»ը պատահեց, ու ինքը հայտնվեց այդ պարտեզում, որտեղ մատները բերանը դրած փոքրիկ երեխան քայլելով գալիս էր դեպի ինքը։ Հյուն ասաց, որ դա շատ տարօրինակ էր։
-Բա՛րև, – երեխան ասաց։ Նրա աչքերը կարծես ամբողջ երեսը գրաված լինեին։
-Բա՛րև, – ասաց Հյուն։ Հյուն ինը տարեկան էր, իսկ նա դեռ ամբողջովին երեխա էր։
-Դու՛, տղա՛ ես, – նա ասաց։
-Իհարկե՛, տղա՛ եմ, – ասաց Հյուն և ցանկություն ուներ ավելացնելու՝ «ճիշտ այնպես, ինչպես դու ես աղջիկ», բայց նա չէր կարող ամբողջ ընթացքում վիճել նման վրիպման համար։ Հանկարծ նա սկսեց հիշել, որ գաղափար անգամ չունի իր գտնվելու վայրի մասին։ Այդ պահին Հյուն ասաց.
-Ես ասում եմ՝ չգիտեմ, թե ինչպե՞ս հայտնվեցի այստեղ։ Որտե՞ղ եմ ես։ –
Աղջիկը մատները բերանից հանել ու ոլորել էր, իսկ հայացքը սևեռել էր թաց մատներին։ Հյուն հիշեց, որ դա տեսել է արևին նայելիս։ Նրա մազերը նույնպես։ Հյուն ասաց, որ նրա մազերը տեսանելի էին նույնիսկ ստվերում։ Բայց, իհարկե, նա ոչ մի կարևորություն չտվեց նման բաներին։
-Ես ասում եմ՝ որտե՞ղ եմ ես, – Հյուն հարցրեց նորից։ Հակառակ իր բնույթին՝ նա պաթետիկ էր։
-Դու այստե՛ղ ես, – ասաց աղջիկը, – ի՞նչ է քո անունը։
-Հյո՛ւ, – նա ասաց, – իսկ որտե՞ղ եմ ես։-
Ես երբեք այդ տունը չէի տեսել։ Իմ հոր տունը Լանգթոն Ուիվերի ամենամեծ տունն է։ Իմ հայրը Մանորի Լորդն էր, նրա մահից հետո ես եմ Մանորի Լորդը։
-Ու՜, – նա ասաց հայացք ձգելով։
Հյուն պատմում էր, որ իրեն ահավոր նվաստացած էր զգում։ Ցանկացած երեխա կգովաբաներ իր տունը, բայց նա ամեն բան «կուլ էր տվել» ու պլշած նայում էր երեսիդ։ Հյուն ասում էր, որ այդ պահին իրեն պոռոտախոսի պես զգաց։
-Մեր տունը այսքան կոկիկ ու զվարթ չէ ինչպես սա։ Ցանկացած օր կգերադասեի այստեղ ապրել։ –
Այս ասելուց հետո Հյուն զգաց, որ ճշմարտությունն է հորդում իր շուրթերից։ Դա այդ ամենի հրաշալի մասն էր։ Հյուն հանկարծ այնպիսի զգացմունք ունեցավ, որ իր համար ավելի լավ էր պարտեզում ապրել այդ երեխայի հետ՝ քան իր հոր տանը։
-Ի՞նչ է քո անունը, – հետաքրքրվեց Հյուն։
-Անուն չունեմ, – ասաց աղջիկը, -չունե՛մ։ –
Նա ամբողջովին ոտքեր էր ու աչքեր։ Հյուն բացկանչեց.
-Դու պիտի անո՛ւն ունենաս, բոլորն ունեն անուն, նույնիսկ շներն ու կատուները։ Մենք յոթ շուն ունենք, նրանցից վեցը կոչվում են շաբաթվա օրերի անուններով, իսկ յոթերորդը՝ ուրիշ, քանի որ Տերը արգելել է «Կիրակի» անունը տալ շանը։ –
-Անուն չունե՛մ, ե՛ս՝ ես եմ, – շնչակտուր ասաց աղջիկը։
-Բայց նայի՛ր, ինչպե՞ս են քեզ կանչում, երբ դու ինչ-որ մեկին պետք ես։ –
Հյուին թվաց, որ նա հասկացրեց աղջկան։ Վերջինս խնդմնդաց.
-Երբ ես պետք եմ մեկին, գնում եմ. ինձ պետք չէ անունով կանչել։ Ու՜, ես պարզապես գնում եմ, երբ պետք եմ։ Ես քեզ պե՞տք էի։ Դու ինձ ուզո՞ւմ էիր, չէ՞:-
Նա այնպես ապշած նայեց աղջկան։ Օ՜ Հիսուս, ինչպե՜ս էր նա ցանկանում աղջկան։ Համենայն դեպս, այնպես էր նա ուզում, որ մի բան պատահի։ Բայց ինչպե՞ս է, որ այս երեխան գիտի այդ մասին։
-Նայի՛ր այստեղ, չհոտե՛ս, – զգուշացրեց Հյուն։
-Չհոտե՛ս, ի՞նչ է դա, – ասաց աղջիկն ու սկսեց մատները ծծել։
-Իսկ ո՞րտեղ եմ ես, այս տեղը նույնպես անուն չունի՞,- Հյուն ասաց մոլեգնորեն։
-Այո՛, ունի։ Փյեյմեյթ Փլեյս։
-Չէ՛, Փլեյմեյթ Փլեյս չէ։ Հիմա դու հոտեցիր նորից, – լացակումած ասաց Հյուն։
Հյուն պամում էր, որ նա մատները բերանից հանեց, ոտքը տրորեց ու ճչաց.
-Սա կոչվում է Փլեյմ՛եյթ Փլեյս։ Փլեյմե՛յթ Փլեյս։ Փլեյմե՛յթ Փլեյս։ Ահա՛։ –
-Օ՜հ, շատ լավ, – ասաց Հյուն ու այլեւս չշարունակեց կարծիք հայտնել Փլեյմեյթ Փլեյսի մասին։ Հյուն ասաց, որ ինը տարեկան տղայի համար ավելի լավ էր մեռնել, քան ապրել Փլեյմեյթ Փլեյս կոչվող տանը։ Դա շատ փափուկ էր հնչում։ Բայց աղջիկը դեռ երեխա էր, դրանից բացի նա չէր կարող դրանից շատ բան իմանալ։
-Ես հիմա գնում եմ վազելու, – ասաց երեխան՝ կանգնելով մեկ ոտքի վրա, իսկ հայացքն ուղղելով մյուսի։
-Դա չափազանց շատ է, – ասաց Հյուն։ Աղջիկը պատրաստվում էր վազել։ Իհարկե, նա կարող է վազել։
-Քեզ կուրորեն ծեծե՞լ, – ասաց Հյուն։
-Ու՜, դու փորձիր,- նա խնդմնդաց, թեքվեց ու թռավ։ Նա պարզապես թռավ, այդ շագանակագույն ոտքերն ու ոսկե ծամերը, ինչպես Հյուն է հիշում։ Հյուն ոչ մի շանս չուներ։ Նա իրականում հանգիստ, լավ տղա եղած կլիներ, ինչպես Հյուն վստահեցնում էր, քանի որ ինքն իր վրա սկսեց ծիծաղել։ Նա ծեծեց այս երեխային։
Աղջիկը կանգ առավ մի քանի մղոն հեռու՝ ծառի տակ, որի վրա Հյուն ներկել էր։ Նրանք միասին վազեցին մի ինչ-որ տարածություն, քանի որ տունն ու կապույտ ծաղիկները անհայտացել էին տեսադաշտից։ Հյուն այդ պահին դադարեց մտաբերել մանրամասնությունները։
Նա զգում էր, որ այնտեղ բազմաթիվ ջինջ ծաղիկներ կային և այն ծառը, որի տակ Լամուարը իրեն էր սպասում։ Իհարկե, նա այն ժամանակ դեռ չգիտեր, որ դա Լամուարն էր։ Ծառը, ինչպես նա հիշում էր, հսկա էր, որին շոշափելիս կարելի էր զգալ երբևէ վայելած բոլոր հաճելի բույրերի վերարտադրությունը։
Հյուն շատ չմոտեցավ աղջկան, վերջինս շրջվեց ու մեծ արագությամբ ծառը բարձրացավ։
-Ես ասու՛մ եմ, – բղավեց Հյուն։
-Չե՛ս կարող ինձ բռնել, – տերևների միջից լսվեց փոքրիկ ձայնը։
-Եթե ուզեմ, կարո՛ղ եմ, – ասաց Հյուն՝ վեր նայելով։ Նա տերևների մեջ կարողացավ միայն մի ճերմակ բան նշմարել։
-Ինչպես դու ես ուզում, – սուլեց ճերմակ բանը ու Հյուն սիրահարվեց առաջին ու վերջին անգամ։ Երբ նա հասավ ծառի բարձր ճյուղին՝ աղջկա մոտ, նա ասաց. «ու՜», եւ Հյուի այտին թաց համբույր տվեց։ Նա չհռհռաց ու ոչինչ չասաց, շատ լուրջ էր, այնպիսի լրջությամբ, որն ունենում են կրիկետ խաղացող տղամարդիկ։ Հյուն ամոթի զգացում ապրեց։ Նա պարզապես մի բան ասելու համար ասաց.
-Այստեղ նայի՛ր, ինչպե՞ս է այս ծառը կոչվում։ Մինչև հիմա այսպիսի ծառ չեմ տեսել։ –
-Շատ հաճելի ծառ է,- նա ասաց՝ պլշած նայելով,- իհարկե, կոչվում է Փլեյմեյթ ծառ։ –
-Դա շատ նուրբ բառ է՝ «փլեյմեյթ»- հապճեպ ասաց Հյուն ։
Աղջիկն իր խոշոր, մոխրագույն աչքերը սկսեց հառել Հյուի երեսին, Հյուն սկսեց իրեն շատ թույլ զգալ, թույլ ու խղճուկ։ Աղջիկն ասաց՝ «յաու՜», ու լաց եղավ, ասաց՝ «լավ», ու լաց եղավ։ Հյուն չգիտեր իր անելիքը, մխրճվել էր ծառի ճյուղին։ Երեխայի լացը քիչ էր մնում սրտապատառ աներ նրան։ Հյուն անընդհատ փնթփնթում էր ու ասում նման բաներ. «Ասում եմ՝ ինձ ների՛ր»։
Հյուն դրանից հետո նկատեց, որ աղջկն իր գրկում է։ Սկսեց համբուրել նրան ու նրա մազերը։ Նրա մազերը ծառերի բույրն ունեին՝ մի տեսակ անսովոր ծառի։ Բարակ ձայնն ասաց.
-Հիմա համբուրի՛ր ծառը։ Դու նրան ցավ ես պատճառել։ –
-Օհ՜, ասում եմ, – ասաց Հյուն, եւ արեց այնպես, ինչպես նրան թելադրել էին, որից հետո նրանք անաղմուկ իջան մոգական ծառից։ Երբ Հյուն փորձում էր նրան օգնել, հազիվ կարողացավ ինքն իրեն ազատել վիզը կոտրելու վտանգից։ Նրանք ձեռք-ձեռքի տված անուշ ու փարթամ խոտերի միջով դանդաղ քայլեցին դեպի տունը։ Հյուն ասում էր, որ անհայտ տեղից երաժշտություն էր լսվում։ Միգուցեև ոչ մի երաժտություն էլ չկար, պարզապես Հյուին էր այդպես թվում։ Ըստ Հյուի, դա նրա ամենաերջանիկ պահն էր, որ երբևէ ըմբոշխնել է ողջ կյանքի ընթացքում։
Խելացի երեխան ասաց. «Պետք չէ ծիծաղել «փլեյմեյթ»ի նման բառի վրա, դու քեզ ցավ կպատճառես»։ Հյուն ամոթխած ասաց. «Ես ասում եմ, որ ցանկություն ունեմ քեզ նորից տեսնելու», որից հետո երբ Հյուն ուշքի եկավ, զգաց, որ քայլում է դեպի Նասինգթոն ձգվող փոշոտ ճանապարհով։ Նա համարյա թե Նասինգթոն էր հասել, տեսանելի էր զառիվայրը, Քեննեթի վրայի հին, ամուր կամուրջը։ Նա քայլեց մոտավորապես երկու մղոնից ավել, նրան թվաց, թե պարտեզում է։ Փլեյմեյթ Փլեյս։ Նա կանգ առավ երեսը սրբելու կրքոտ զարմանքով։ Նա քրտինքի մեջ կորած էր։ Իսկ ի՞նչ պատահեց այն հին պարտեզին. դա նրան հանելուկ մնաց։ Իսկ երեխա՞ն, այն փոքրիկ, կենսուրախ երեխան։ Նա սրբեց այտը, չգիտեր՝ երեսը դեռ խոնա՞վ էր,թե ոչ, հատկապես նրա համբուրած տեղերը։ Համենայնդեպս, դա արդեն չորացած կլիներ եւ, համենայնդեպս նորից, դրանից հետո նա այրվում էր։
Երբ Հյուն տուն հասավ, պատմեց հորը իր արկածներից։ Հյուի հայրն ասաց, որ նա օրինազանցորեն դարպասներից այն կողմ է անցել և պատմածները զուտ երևակայություն են։ Իսկ Հյուն կրքոտ խոսեց. նախ՝ ներողություն խնդրեց օրենքը խախտելու համար, ապա՝ թե ինքը բոլորովին էլ երազողի նման չէ։ Հյուի հայրը խորհուրդ տվեց Հյուին՝ ավանակ չլինել։ Երկու տարի հետո հայրը մահացավ։
Հյուն էլ չտեսավ ճերմակ տան պարտեզը։ Փլեյմեյթ Փլեյս։ Որքան Հյուն մեծացավ, այնքան սկսեց ամաչել Փլեյմեյթ Փլեյսի մասին մտածելիս։ Նա ամաչեց այդ ժամանակ, իսկ հետո նույնիսկ ամաչեց դրա նման մտածմունք ունենալուց։ Նա թույլ չտվեց, որ նույնիսկ իր դպրոցական ընկերները երբևէ իմանային իր երևակայած Փլեյմեյթ Փլեյսի մասին։ Բայց հակառակ իր ցանկության, երեխան, որի անունը պիտի լիներ Լամուար, մնաց իր հետ՝ նրա արծաթ ձայնը, անսովոր աչքերը։ Հյուն ասում էր, որ այդ ժամանակ և դրանից հետո իր երազներում նա կարծես լսում էր «ու՜»ի թույլ արձագանքը։
III
Փլեյմեյթ Փլեյսի արկածներից մոտ քսան տարի է անց Հյուն հանդիպեց Լամուարին Գայ դը Թրավեսթի Մեյսում կայացած խնջույքի ժամանակ։ Նրա օրիորդական ազգանունը Քավելլ էր։ Հյուն պատմում էր, որ նրան ճանաչեց հենց առաջին հայացքից։ Այն ժամանակ նա յոթ տարեկան էր, իսկ հիմա՝ քսանյոթ։ Հյուն գիտեր նրան առաջին հայացքից, իսկ երբ նա սկսեց խոսել, ավելի համոզվեց դրանում : Իհարկե, նա իր մատները չէր ծծում ու ասում «ու՜»։ Հյուն առանց որևէ կասկածի գիտեր, որ Փլեյմեյթ Փլեյսի երեխան Լամուար Քավելլն էր։ Երբ Մեյսում նա առաջին անգամ խոսեց Լամուարի հետ, նա նույնիսկ զարմացավ, թե Լամուրը իրեն հիշում է, ապա սկսեց հրճվել իր մանկամտության վրա, քանի որ ամբողջը իր տղայական երազներն էին։ Սակայն շատ տարօրինակ էր, որ նա երազել է մեկի մասին, որին պիտի հանդիպեր քսան տարի անց։ Երբ Հյուն շրջվեց նրա կողմը, թվաց, որ Լամուարը ծուռ ժպիտը երեսին՝ մի փոքր անսովոր, հանելուկային հայացքով ծիծաղում էր ինչ-որ բանի վրա, ոչինչ չասաց։ Օ՜հ Լամուար, նա շատ գեղեցիկ եղած պիտի լիներ։
Նա ծնվել էր Հնդկաստանում։ Նրա հայր ծեր Քարվելլը քաղաքացիական ծառայության աշխատող էր։ Լամուարը մինչև բոլորովին վերջերս ապրել է Հնդկաստանում, միայն հոր մահից հետո է փոխադրվել Հնդկաստանից։ Հյուն նրան հարցրել է այն մասին, թե նա երեխա ժամանակ երբևէ եղել է Անգլիայում, իսկ նա, երեսը հառելով Հյուի երեսին ծանոթ տոնով ասել՝ միայն երազներում։ Հյուի սիրտը սկսեց բաբախել, բայց ոչինչ չասաց Փլեյմեյթ Փլեյսի մասին։ Դա իսկական ժամանակն էր նրան պատմել Փլեյմեյթ Փլեյսից. դրանից հետո այլևս իմաստ չուներ։ Նա երբեք էլ չպատմեց։
Նրանք օրեր շարունակ մնացին դյութված։ Գայ դը Թրավեսթը պատմում էր, որ դրանից հետո նրանց շուրջ բոլորը ոտքերի ծայրերին էին քայլում, որպեսզի չխանգարեին Հյուին ու Լամուարին՝ նրանց հաղթական խորհրդածություններում՝ կյանքի օրենքի վերաբերյալ, որն իհարկե դեռ անորոշ էր, սակայն տեսնել ի՞նչ է իսկական կյանքը՝ արդեն կարելի է դրանից բավականին ընկճվել։
Նրանք ամուսնացան Մեյսի փոքրիկ գյուղական եկեղեցում։ Հիլարի Թաունսհեդը Հյուի կողմից ծիսական ուղեկցող էր կարգվել։ Վերջինս պատմում էր, թե ինչպես հուզմունքից գրեթե լաց եղավ տեսնելով զույգին միասին, քանի որ համոզված էր, որ Հյուն ու Լամուարը միասին այնպիսի քայլ էին կատարել, որը պիտի արթնացներ ցանկացած զույգի նրանց անուրջներից։
Հյուն շարունակաբար խաղում էր իր թավ, մոխրագուն ընչացքի հետ, երբ ինձ պատմում էր իր ամուսնության մասին.
-Փլեյմեյթ Փլեյսը, դա շատ կարևոր է այս պատմության մեջ, նույնիսկ ավելի, քան իմ ողջ ամուսնական կյանքը։ Լամուարն ու ես իրական կյանքում երբեք չեղանք Փլեյմեյթ Փլեյսում։ Մենք երբեմն այդ տեսիլքի մեջ էինք, երբ ես հանգիստ էի թողնում Լամուարին։ Բայց ես միայն հիմա եմ այդ ամենը տեսնում, այն ժամանակ չէի գիտակցում այդ մասին։
Նա մեծ լրջությամբ խոսեց Փլեյմեյթ Փլեյսի մասին։ Դուք գիտեք, ես նույնպես այն ընդունեցի լրջությամբ։ Երազ կամ տեսիլք կամ էլ ինչ-որ բան, որը թարմ էր մնացել մարդու գլխում՝ ինը տարեկանից մինչեւ քառասունինը, ամեն դեպքում, մի բան որը պիտի լրջությամբ ընդունել։ Որպես կանոն, ես համբերություն չունեմ երազների հետ. այսօվա վեպերում շատ են խոսում երազներից, նրանց միայն մնում է կոչել դրանք «երազ» և վերջ, սակայն Հյուինը, ինչպես ասում են, ինձ «կլանեց»։
Նա երբեք այդ մասին չպատմեց Լամուարին։ Նա ասում էր. «Ես մի քանի անգամ սկսեցի, բայց երբեք չշարունակեցի։ Տես՛, մեր համատեղ կյանքն ու պարտեզում վայելած պահերը շատ տարբեր են։ Ես այստեղ նկատի ունեմ՝ ահռելի տարբերություն հոգու մեջ։ Նա նույնն էր, ես էլ էի նույնը, բայց միայն այդ «նույնը» բառը «խաղընկեր» բառի ծաղրն է։ Սա դժվար է բացատրել։ Տե՛ս, ես գիտեմ, այն բաները որոնք կարող են նրան ցավ պատճառել, և ես չէի ուզում դրանք ասել, բայց ամեն դեպքում ինձ վրա էր նրան ասելու գործը, և ես ասացի։ Ամեն դեպքում, շեշտը դու չես կարող դնել ուժգնություն ունեցող բառերի վրա։
Հյուի ու Լամուարի ամուսնությունը ընթանում էր ճիշտ այնպես, ինչպես ամուսնությունների մածամասնության մոտ է ամեն բան։ Սկզբում նրանք երջանիկ էին. նրանք համոզված էին, որ հետագայում ավելի երջանիկ էին լինելու։ Ապա նրանք սկսեցին կարծել, որ իրենց երջանկությունը առաջվա համեմատ նվազել է։ Հյուն ասում էր՝ մի փոքր ավել կամ պակաս, դա այդպես էր։
Հյուն սկզբնական շրջանում ինքն իր մեջ սկսեց մտածել, թե պատճառը իր հավաքածուների հանդեպ Լամուարի կողմից ցուցաբերած անտարբերությունն է։ Հյուն ոչ թե գոհ չէր իր ամուսնությունից, Տե՛ր Աստված, գո՛հ։ Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ էր Լամուարը մտածում այդ մասին։ Գո՛հ։ Այդ լուռ Լամուարը, նա երբեք չվստահեց ոչ մեկի։
Լամուարի համար մեծ դժբախտություն էր երեխաներ չունենալը։ Շա՜տ մեծ դժբախտություն։ Հյուն ասում էր, որ դա այդքան էլ ներգործություն չունեցավ իր վրա, քանի որ տարեցտարի նա ավելի խրվեց իր հավաքածուների մեջ։ Իր ամուսնական կյանքի ընթացքում նա մեկնեց Եվրոպա՝ Իտալիա, Հունաստան, Իսպանիա՝ իր հավաքածուները համալրող կտորներ փնտրելու։ Սկզբում Լամուարին տարավ իր հետ, ապա Լամուարը սկսեց տանը մնալ։ Հյուն ասում էր, որ կինն էր այդպես գերադասում։ Նա Լոնդոնում գտնվող իրենց տանը չէր մնում, այլ՝ Լանգթոն Ուիվերի տանը։ Այդ տունը հսկա էր, բայց ոչ Փլեյմեյթ Փլեյսի նման կոկիկ։ Լամուարը ժամանակ էր անցկացնում պարտեզում ու զբոսայգում։ Ես Հյուին ու Լամուարին հանդիպել եմ նրանց համատեղ կյանքի վերջին տարում։ Ամեն անգամ, երբ գնում էի Լանգթոն Ուիվերում գիշերելու, Լամուարին գտնում էի զբոսայգում։ Նա ընդհանրապես ճանապարհից դուրս էր կանգնում՝ դանդաղաշարժ, անաղմուկ, այգեգործական ձեռնոցները ձեռքին՝ մտածկոտ հայացքը ուղղված ծաղիկներին։ Ապա նա մեկ այստեղ, մեկ այնտեղ էր ձեռք տալիս՝ այգեգործությամբ էր զբաղվում։
Այսպիսով, տաս տարի է անցել, Հյուն դեռ այն կարծիքին է, որ իրենց ամուսնությունը երջանիկ ամուսնություն էր, ինչպես մյուս երջանիկ ամուսնությունները։ Իրականում այն չէր կարող այնքան լավը լինել ինչպես երազներն են։ Ահա թե ինչ էր նա մտածում։ Նա սիրել էր Լամուարին։ Նա հավաքածուներ համալրելով էր զբաղված, իսկ Լամուարին սիրելը նրա համար բնածին պահանջ էր։ Լամուարն էլ Հյուին էր սիրում։ Երբեմն լուռ ու տարօրինակ, լքված ձևով. կին, ով ամուսնացած էր երկար ժամանակ։ Սիրում էր գրեթե ոչ անգլիական ձևով. եկե՛ք մի պահ մտածենք այդ մասին, իհարկե, ոչ անգլիական չէ մի բանի հանդեպ կրքոտ լինելը, բայց դրանից մարդ սկսում է հակվել անգլիական վիպագիրների նման հիմարություններ դուրս տալուն։ Հազվադեպ պահերի Լամուարը չասված ու գեղեցիկ բաներ էր ասում։ Բայց ամեն դեպքում այդ հազվադեպ պահերը երբեք չէին կարող Հյուի հայտնագործությունը լինել, ոչ առաջին տարուց հետո։ Դրանք գալիս էին հանկարծ՝ սովորական ամուսնական գիշերից՝ հրեշտակների տեսքով, որոնք ունեին անձայն թևեր։ Լամուարը դառնում էր անձայն թևերով հրեշտակների ձայնը։ Եվ այդ հազվադեպ պահերին Լամուարը դառնում էր սիրո մարմինն ու հոգին։ Բայց Հյուն չէր կարող սեր անել այդ պահերին։ Ոչ մի տղամարդ չի կարող։ Հյուն ասում էր, որ դա հնարավոր է, սահման կա ցանկացած կնոջ սիրո մեջ, դրանից բացի, սահմանը չգիտակցված մթություն է և չգիտակցված լույս, և այդ գաղտնի անկյունից կարող է դուրս ցատկել կիրքը, որին աշխարհում ոչ մի տղամարդ արժանի չէ հասնել։ Այդ կիրքը կամ գալիս է, կամ էլ չի գալիս։
Այդ պահերը չեկան, երբ Հյուն ակնկալում էր։ Լամուարն այն ժամանակ պասիվ էր, ֆիզիկապես այնտեղ էր, իրականում՝ մասամբ։ Երբ Հյուն հարմարվեց նրա «սառնությանը». մի պարզունակ ամուսնական գիշեր անձայն թևերով հրեշտակը Լամուարի մարմնից ու ձայնից դուրս եկավ ու կերպափոխվեց։ Հյուն ասում էր, իբր ծովահարսների երգը Լամուարի ձայնի մեջ ակնհայտ էր լինում երբեմն։ Բայց եթե Հյուն ճիշտ է, ուրեմն Ոդիսևսը պարզապես անխելք, ծեր մարդ է՝ ծովահարսների սիրելին։
III
Հյուի համար ճամփորդելու վայելքն այն էր, որ գերագույն հաճույք էր պարգևում նրա վերադարձը Լամուարին։ Թվում է, նա իր վերադարձի պահերին Լամուարին առանձնակի սիրով էր սիրում։ Մարդ երբ տանն է լինում մշտապես, կորցնում է իր գրավիչ լինելու ցանկությունը։ Այդպես Լամուարը միշտ սպասում էր նրան՝ քաղցր ու լուռ։ Իր տուն վերադարձին Հյուն անդադար էր մտածում Լամուրի մասին։
Ինը տարի առաջ մի օր Հյուն գիշերով տուն վերադարձավ ։ Չորս-հինգ ամիս էր ինչ հեռացել էր Անգլիայից. Լոնդոն ժամանելուն պես նա արագ ընթրեց ու առաջին իսկ գնացքով մեկնեց Լագթոն Ուիվեր։ Դա ցուրտ, աստղազարդ հուլիսյան գիշեր էր։ Գնացքի կայարանից երկու մղոն քայլեց. Հյուն իրեն լավ էր զգում։ Նա գիտակցում էր, որ երջանիկ է, առողջ ու ուժեղ։ Հյուն այն ժամանակ քառասուն տարեկան էր՝ չոր ու ձիգ։ Լամուարի մասին պատկերացումը ճերմակ ու ճկուն էր՝ նման գրգռիչ գայթակղության։
Հյուն պատմում էր, որ այդ օրը երկինքը գրեթե իտալական էր, աստղերը՝ արտասովոր ջինջ ու պայծառ։ Նա քայլեց ոչ թե դեպի դուռը տանող ճանապարհով, այլ դեպի պարտեզի դիմաց՝ հյուրասենյակի ֆրանսիական երեք պատուհանների մոտ։ Ներսում նշմարելի էր բրոնզագույն խամրած լույս։ Լամուարն այնտեղ էր։ Նա նստած էր Դորթի ոճի հնացած, թավիշե կապույտ բազկաթոռին եւ կարդում էր։ Դեղնագույն քարերով լի թասի միջի լամպը լուսավորում էր գիրքը։ Նրա երեսը հիվանդոտ ճերմակ էր, իսկ մազերի սանրվածքը՝ քողանման։ Հյուն հրեց պատուհանը և բղավեց.«Լամուա՜ր»։
Լամուարի ժեստը Հյուին շատ ծանոթ էր ու սիրելի։ Լամուարը Լամուար չի լինի առանց իր ժեստերի։ Մշտապես Հյուի վերադառնալուն պես նա անում էր այդ ժեստը։ Դա շատ հաճելի ու գայթակղիչ էր, որը Հյուն երբեք չէր կարողանում բացատրել։ Դա նման էր այն բանին, որ Լամուարը վախ էր ապրում Հյուի հանդեպ տածած իր սիրուց։ Այդ ժեստը նրա սրտից էր բխում. նրա ձեռքը տկար ու անորոշ էր, նման էր ճերմակ թռչունի դողդոջյունին, ունայն դողդոջյունին. դողդողում էր անշարժությունից, դողդողում էր անշարժության մեջ՝ դեպի անշարժությունը՝ այս ամբողջը մեկ վայրկյանում ։
Տե՛ս, Լամուարը սրտից թույլ էր, դա էր միգուցե պատճառը, որ նա այդպես էր ծնվել՝ լուռ ու դանդաղաշարժ, որպեսզի համաչափություն լիներ նրա սրտի թուլության հետ։
Երբ իր բացակայությունից հետո Հյուն տեսնում էր Լամուարին, ամեն բան միշտ նույնն էր նրա հետ, աշխարհը մնում էր անշարժ, կենդանություն ունեցող ոչ մի բան չէր շարժվում՝ բացի Լամուարի ձեռքից ու Հյուի անսահման ցանկությունից։ Լամուարին տեսնելու սուր ցանկությունը ցավի էր նման։ Ամբողջ կյանքում Հյուն Լամուարից բացի ուրիշ կնոջ չի ճանաչել։ Հիմա երբ տեսնում էր նրան, երկիրն ու երկինքը միայն նրանց երկուսին էին կրում իրենց մեջ և այն, ինչ երկուսի միջև էր։ Այդ կրակ աչքերով պայծառությունը կարող էր գեղեցիկ լինել, կամ էլ՝ անասնական։ Լամուրը նրա գլխին փորձանք էր ու միաժամանակ նրան բարձրացնող։ Լամուարի համար Հյուի սերը ինչ-որ տարօրինակ ահի զգացումով հարված էր, որը Հյուն երբեք չէր կարողանում հասկանալ։ Լամուարը շատ լուռ ու պասիվ էր, անճանաչելի։ Բայց նրա աչքերը, երբ Հյուն սկսում էր շոշափել, պաշտում էին Հյուին։
Նա պառկեց Հյուի կողքին երկար ժամանակ՝ ախորժելի սիրո լռության մեջ՝ մինչև սկսեց խոսել. «Ցտեսությու՛ն, Հյու՛»։ Հյուն կարծեց, որ նա զայրացել է։ Նա մթության մեջ հայացքը հառեց Լամուարին ու արձագանքելով ասաց. «Ցտեսությու՞ն»։ Լամուարն ասաց. «Այո՛» և այլևս ոչինչ չավելացրեց։
Հյուն հանգցրեց դեղին քարերով թասի միջի լույսը, պառկեց մթության մեջ՝ ոչինչ չհասկանալով։ Ապա նրա մտքերը մթագնեցին՝ սենյակից էլ մութ, միայն կարողացավ ասել. «Բայց Լամուար, դու զայրացա՞ծ ես։ Ցտեսությու՞ն։ Ի՞նչ ես ուզում ասել դրանով։»։ Թվում է երկար նա չպատասխանեց, ։ Նա փափուկ մթություն էր մութ սենյակում՝ նրա կողքին։ Խաղալիքանման աստղերով հանդերձ գիշերը կարծես կապույտ վարագույր էր պատուհաններին։ Հյուն շոշափեց Լամուարին՝ համոզվելու համար որ երազում չէ։ Նա պիտի որ երազում լինի, բայց Լամուարն այնտեղ էր, նրա կողքին, տաք ու փափուկ. Լամուարը՝ իր կինը։ Իսկ աստղերը պատուհանից այնքան տեսանելի էին, կարծես նրա մատների ծայրին լինեին։ Բայց Լամուարն էր անշոշափելի։ Նա հանկարծ անշոշափելի դարձավ։ Նա շատ անշոշափելի էր, երբ Հյուն շոշափեց։ Կարծես սխալ էր նրան շոշափելը։ Դա Հյուին զայրացրեց, նա սկսեց ծիծաղել.
-Ես անիծված եմ։ Եթե ես սկսեմ հասկանալ, թե ի՞նչ է այս ամենը։ Ես ամիսների բացակայությունից հետո տուն եմ վերադարձել, իսկ դու ասում ես՝ ցտեսություն։ –
-Ես կարծում եմ, որ կարող եմ բացատրել, բայց ոչ հիմա,- ասաց Լամուարը։ Հյուն ծիծաղեց։ Լամուարը հեռանում է, բայց մտահոգված չէ նույնիսկ բացատրել թե ինչու։ Հյուն ուզում էր, որ նա մնար.
-Խնդրու՛մ եմ, անողոք մի՛ գտնվիր։ –
Բայց Լամուարը լուռ էր։ Նա Հյուի կողքին էր, բայց նրա շունչը տիեզերքի մյուս կողմից էր գալիս։ Եվ վերջապես ի՞նչ է այս ամենը։
-Դու ուզում ես ասել՝ ինձ լքու՞մ ես։ – Հյուն հարցրեց ապշեցուցիչ բարկությամբ։ Լամուարն ասաց.
-Այո՛։ –
-Լամուա՛ր։ –
-Հյու՛, ես այլևս չեմ կարող այս ամենը տանել։ Քեզ չափազանց շատ եմ սիրում, – Հյուն հիմարի նման կրկնեց.
-Քեզ չափազանց շատ եմ սիրու՞մ։ –
Հիմա Լամուարը կանգնած էր, նրա ստվերը մթության մեջ՝ Հյուից հեռու, միլիոն մղոն Հյուից հեռու։ Նա լուռ էր։ Նրա ներսում ամեն բան լռեց։ Այլեւս բառեր չասվեցին, դրանց կարիքը չկար, ո՛չ Լամուար կար, ո՛չ էլ Հյու։ Այդ անգոյությունը նման էր այն անգոյությանը, որը կար մինչ Ադամի օրերը։ Հյուն ոչ մի վայրկյան էլ նրան չէր գրկի, եթե Լամուարը ցանկացավ նրան լքել։
-Դու կհասկանաս, -ասաց Լամուարը, – Տե՛ս, ես ուզում եմ ազատ լինել քեզ սիրելու մեջ, իսկ դու ինձ չես թողնում։ Դու էլ դա՛ կհասկանաս։ Աստված ինձ երեխաներ չի պարգևել, Հյո՛ւ։ Նա ինձ միայն քո հանդեպ սեր է տվել։ Դա միակ բանն է, որ ես ունեմ, և այն պարգևել եմ քեզ արդեն տաս տարի։ Իսկ հիմա արդեն սկսել եմ սարսափել դրանից, քանի որ այն դարձել է խեղճ, ծեծված, թշվառ մի բան, այդպիսով, ես պետք է հեռանամ։ Ինքս ինձ համար դա պիտի անեմ, ինչպես նաև՝ քեզ համար։
Հյուն ասաց, որ իր անձից այն կողմ նա սիրել է Լամուարին։ Հանկարծ տարօրինակ էր այն, որ Հյուն դադարեց այլևս ամուսին զգալ Լամուարի համար։ Նրան անհավատալի թվաց, որ Լամուարին տիրել է բազմաթիվ անգամ։ Անհավատալի էր, որ նրանք երկուսը մեկ մարմին են եղել, իսկ հիմա՝ այդքան հեռու։ Անցյալում շատ հեշտ էր թվում նրան շոշափելը, իսկ հիմա ամբողջ կյանքում հնարավոր չէ հաղթահարել նրանց միջև Լամուարի ստեղծած արգելքները։ Հյուն այդ պահին մտածեց. «Աստված իմ, ինչքա՜ն երջանիկ եմ եղել անցյալում, որը երբեք չեմ գիտակցել։»։
Նա ուզում էր շոշափել Լամուարին, բայց նա մի հարվածով գիտակցեց, որ դա անվայելուչ է։ Լամուարը իր կինը չէր։ Հանկարծ աբսուրդորեն սկսեց մտաբերել Ջոն Գալսուրթիի կերպարներից Սամս Ֆորսայթին։ Հյուն Գալսուրթիին չէր սիրում Ֆորսայթի կերպարը կերտելու համար՝ տղամարդ, որը բռնաբարում էր կնոջը։
Հանկարծ Լամուարը սկսեց խոսել.
-Հետո ուրիշ առիթ կլինի,- Հյուն լսելով այդ ցատկեց.
-Հետո՞, դու ուզում ես ասել՝ հետ կգա՞ս: –
-Ո՛չ,- ասաց Լամուարը, -ես չէի ուզում դա ասել։ Ես երբեք հետ չեմ գամ։ –
-Դու կգա՛ս, -Հյուն մրմջաց ատամների արանքում։ Նա մեծ ջանք գործադրելով առավ Լամուրին իր գիրկը։ Դրանից հետո Լամուարը հեռացավ ու այլևս չվերադարձավ։
V
Հյուի խոսքն ավարտելուց հետո մենք բավական երկար ժամակակ լուռ էինք, ճիշտ այնպես ինչպես Լամուարն էր լքել նրան։ Հյուն սկսեց խոսել.
-Իհարկե՛, նա ճի՛շտ էր։ Հետո ես հասկացա։ Դա էր պատճառը, որ ես նրան տեսնելու ոչ մի փորձ չձեռնակեցի ինը տարում։ Տե՛ս, սերը բազմաթիվ դիմակներ ունի։ Մենք դրանցից մեկն ենք դնում, ապա՝ մյուսները ու ասում՝ սա սեր է։ Բայց իսկապես դա սիրո միայն մի բեկորն է։ Իսկ այդ բեկորը կարող է սիրո բացասում լինել։ Սերը շատ բարդ ու վիթխարի է։ Մենք պիտի սիրել սովորենք այնպես, ինչպես դաշնակ հարել են սովորում։ Ես չգիտեի, թե ինչպես։ Բայց ես պիտի Լամուարին շուտով տեսնեմ։ Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Ալժիր։ Ես երկար ժամանակ է ինչ ցանկանում եմ մեկնել, բայց ես պիտի սպասեմ մի քանի օր։ –
Ես բողոքի երանգով ասացի.
-Հյու՛, ինչու՞ ես ուզում նույնիսկ մեկ օր սպասել։ Լամուարը բուռն ցանկություն ունի քեզ տեսնելու։ Ես գիտեմ։ –
-Այո՛, բայց ես պիտի սպասեմ չորս կամ հինգ օր, քանի որ մեր ամուսնության տարելիցն է մոտենում։ Ինձ վրա շատ մի ծիծաղեք, բայց ես նորից եմ ուզում տեսնել Փլեյմեյթ Փլեյսը, որը ինձ կհուշի, թե ինչպես նրա հետ վարվեմ երբ անձամբ տեսնեմ։ Ես համոզված եմ, որ դա ինձ կհուշի. ես այն կտեսնեմ այսօրվանից հաշված երեք կամ չորս օրից։ Ես չափից ավել եմ ուզում։ Իհարկե՛, այնտեղ ոչ մի բան փոխված չի լինի, բայց ինձ հետաքրքրում է, թե արդյոք ես ու Լամուարը փոխված կլինենք։ Իսկ եթե մենք փոխվել ենք, միայն մեկ ոտնաչափ կլինի մեզ համար այդ ծառը բարձրանալ, չէ՞։ Կամ էլ այդ ծառն աճած կլինի հիմա, բայց այն հսկա էր այն ժամանակ։ Տե՛ս, ամեն ինչ մոտ քսան տարին մեկ ցիկլերով է ընթանում։ Ես պարտեզն առաջին անգամ տեսա հունիսին՝ իմ ծննդյան իններորդ տարեդարձի օրը։ Ես Լամուարին առաջին անգամ հանդիպել եմ հունիսին՝ իմ ծննդյան քսանիններորդ տարեդարձի օրը։ Հիմա ես քառասուինը տարեկան եմ, և տարելիցը մի քանի օրից կլրանա։ Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ պարտեզն այդ օրը կտեսնեմ, կամ էլ Լամուարին անձամբ, կամ էլ… –
-Կա՞մ։ Կամ ի՞նչ, – ես հարցրի։
-Աստված գիտի, – Հյուն ծիծաղեց ու սկսեց խաղալ մոխրագույն, խիտ բեղերի հետ։ Այդ օրվանից չորս օր անց Հայդ պարկի աշխատողներից մեկը Հյուին գտավ «Ալբերտ» դարպասի մոտ գտնվող հսկա ծառի ստորոտին՝ մահացած՝ վզի կոտրվածքի պատճառով։ Հետաքննությունից պարզվեց, որ ինչ-որ մեկը կարդացել է Հյուի կնոջ փաստաբանի նամակը, որն առաքված է եղել նրա մահվան հաջորդ առավոտ։ Հյուն այլևս անկարող էր կարդալ։ Ասվում էր, որ Ալժիրից հեռագիր է եկել, որի մեջ ասվում է՝ սրտի հիվանդության պատճառով կինը մեկ օր առաջ կնքել է մահկանացուն։

Անգլերենից թարգմանեց Լուսինե Մյուլլերը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *