Ծիծեռնակաբերդ այցելություններ եմ արել աշխարհի ամենատարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների հետ՝ իսպանացիների, Դուբայից եկած հնդիկների, Չինաստանում ապրող անգլիացիների, Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի հայերի, Ֆրանսիայում ապրող ֆիլիպինցիների և հարյուրավոր այլ մարդկանց հետ, բայց հարսանքավոր հայերի հետ առաջին անգամ գնացի նախորդ ամառ։
Ինձ հետ էր փոքր ընտանիքներից կազմված մի ջերմ խումբ՝ Կալիֆոռնիայից։ Եկել էին իրենց քրոջն ամուսնացնելու․ես նրանց հետ էի, որ Հայաստանի մասին պատմեմ։ Ապագա բարեկամներից շատերը դեռ միմյանց չէին հանդիպել։ Հարսի բարեկամների հյուրանոցից փեսայի բարեկամների հյուրանոց, այնտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ․սա պետք է լիներ առաջին օրվա մեր երթուղին։
Երևանյան շոգ աշխատանքային օր է՝ խցանումներ, անընդմեջ մեքենաների ձայնային ազդանշաններ, տոթ, իսկ իմ հյուրերը լրիվ այլ՝ ճամփորդական-տոնական տրամադրության մեջ են։ Փեսայի բարեկամների ավտոբուսը արդյունքում մնում է խցանման մեջ, մենք, հարսի բարեկամների խմբով, տեղ ենք հասնում։
Ես ու հարսանքավոր զբոսաշրջիկների խումբը սկսում ենք շրջել հուշարձանով, այցելում ենք թանգարան, մինչև ապագա բարեկամները տեղ կհասնեն։ Քայլելով պատմում եմ համալիրի ճարտարապետության, Արարատի հեռավորության և երկար ձգվող պատի նշանակության մասին:
Սա այն համարյա սովորական դարձած պահերից մեկն է, երբ դառը պատմություններից մարդիկ լռում են, գլուխները կախում՝ պահի լրջությանը համահունչ, կարծես փորձում են համալիրում հնչող երաժշտությանը համաքայլ գնալ դեպի անմար կրակը։ Այդպես են արձագանքել իմ ուղեկցած հարյուրավոր խմբերից համարյա բոլորը։ Մենք էլ լուռ խմբվում ենք անմար կրակի շուրջ: Կանգնած են այլ զբոսաշրջիկներ ևս՝ բոլորը գլխիկոր, տխուր՝ չխախտելով համալիրի իսկ մթնոլորտով թելադրվող այցի ձևը։
Եվ հանկարծ համալիրի երկար սյուների արանքներով մտնում են խնամինե՜րը: Ուրախացած, որ երկար թռիչքից հետո վերջապես իրար հանդիպեցին, արագ-արագ իջնում են աստիճաններով՝ ծաղիկներով, ժպիտներով ու ոգևորված։ Հարսի կողմի խնամիներն էլ իրենց հերթին ընդառաջ են գալիս փեսայի բարեկամներին և ջերմորեն դիմավորում, ասես իրենց տուն երկար սպասված հյուրեր են եկել, անմար կրակն էլ իրենց տան օջախն է:
Անշարժ կանգնած՝ տեսնում եմ գրկախառնություններ և ՄԻԱԺԱՄԱՆԱԿ լսում եմ բազմաթիվ տարբեր ձայներ ու խոսակցության հատվածներ. «Գառնի՜կ, Գառնի՜կ, արի՜, մեր խնամին է՝ Ռուբենը, ծանոթացիր…», «Շատ ուրախ եմ, հաջիս, ի՜նչ սիրունն է…», « Ամա՜ն, շատ ես մեծացել…», «Օ՜, բարև ձե՜զ, ես մեր հարսիկի զարմիկն եմ», «Հորս եղբայրն է․․․», ‹‹Րաֆֆի՜, դո՞ւ ես, հեչ չես փոխվել…››, «Այո, Մադլենի քենին…», «Այստեղ եկեք, բոլորո՜վ նկարվենք», «Անշուշտ, միշտ ուրախ առիթներով» …
Հաճախ, երբ տեսնում էի, Սփյուռքի տարեց հայերը հուզվում են, երբ հիշում են իրենց զոհված հայրերին կամ պապերին, Սարոյանի հայտնի տողերն էի մեջբերում աշխարհի ցանկացած կետում երկու հայի նոր հայրենիք ստեղծելու մասին: Բայց այդ պահին չգիտեի ինչ անել, երբ մոտ քառասուն սփյուռքահայ միաժամանակ ժպտում են անմար կրակի մոտ, ծանոթանում ու ողջագուրվում:
Շատերն ինձ շփոթում են խնամիների հետ, գալիս են, գրկում ինձ, հարցնում՝ ում աղջիկն եմ, ես էլ սկսում եմ շփոթված ծիծաղել՝ մինչ ֆիքսում եմ, որ բոլոր զբոսավարներն ինձ թարս են նայում. «Կարգի հրավիրի տուրիստներիդ» հայացքով ու սաստելով՝ ինչու ենք ժպտում անմար կրակի մոտ.չէ՞ որ այն սգալու վայր է:
Բայց իրենք, երևի, չէին տեսնում, որ անմար կրակի շուրջ հավաքվածները ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների սերունդներն էին, որ, ինչպես իրենք նշեցին, եկել էին հարսանիքը Հայաստանում անելու և կրակը հենց իրենցով անմար պահելու։
Ավտոբուսում ճաշի գնալու ճանապարհին խոսափողը ձեռքս ոչինչ չասացի, երևի զբոսաշրջիկներիս թվում էր՝ հոգնած եմ երկարատև տուրից, բայց ես ժպտում էի ու մտածում, որ, երևի, առաջին անգամ եմ ուժեղացած ու ոչ թե խեղճացած Ծիծեռնակաբերդից դուրս գալիս: