Քեյթ Շոպենը (1850-1904) շատ հաճախ գրել է կանանց ու նրանց որոշումների մասին, որ ստիպված են եղել ընդունել Վիկտորիանական դարաշրջանում: Տվյալ պատմվածքը նկարագրում է կնոջ զգացմունքներն ու ապրումները ամուսնու մահվանից հետո:
Բոլորը գիտեին, որ տիկին Մալարդը սրտի հիվանդությամբ է տառապում, ուստի, հարկավոր էր մեծ ճիգ գործադրել՝ հնարավորինս զգուշավոր հայտնելու ամուսնու մահագույժը:
Քույրը՝ Ջոզեֆինը, կցկտուր բառերով ու կիսաքողարկված ակնարկներով հայտնեց լուրը: Ամուսնու ընկերը՝ Ռիչարդսը, նույնպես այնտեղ էր: Երկաթգծի աղետալի լուրը ստանալու պահին հենց նա է եղել խմբագրատանը: Տեսնելով, որ Բրենթլի Մալարդի անունն առաջինն է զոհերի ցուցակում՝ սպասել է երկրորդ հեռագրին՝ համոզվելու, որ լուրը հաստատ է, ու շտապել՝ կանխելու պակաս զգուշավոր, պակաս նրբանկատ ընկերոջ՝ լուրը հայտնելու փորձերը:
Նա այն կանանցից չէր, որոնք, լուրը լսելուն պես, քարանում են՝ չկարողանալով ընկալել բովանդակությունը: Անսպասելի ու խելահեղ դատարկությունից նա սկսեց հեկեկալ քրոջ գրկում: Իսկ երբ վշտի փոթորիկը հանդարտվեց, միայնակ փակվեց իր սենյակում: Ոչ ոք չգնաց նրա հետևից:
Բաց պատուհանի առջև մի ընդարձակ, հարմարավետ բազկաթոռ կար: Ընկղմվեց դրա մեջ: Ուժասպառությունը, որ տիրել էր նրա մարմնին, այժմ հափշտակում էր նաև հոգին:
Պատուհանից այն կողմ տեսանելի էին գարնանային թարմ շնչից երերացող ծառերի կատարները: Օդում դեռևս զգացվում էր անձրևի դուրեկան հոտը: Ներքևի փողոցում մանրավաճառն իր ապրանքն էր գովաձայնում: Ինչ-որ երգի ելևէջներ թույլ ականջին էին հասնում, իսկ անթիվ ճնճղուկներ, կտուրի ծայրին թառած, ծլվլում էին:
Իրարու կիտված ամպերի արանքից, որ հավաքվել էին պատուհանի արևմտյան կողմում, այստեղ-այնտեղ կապույտ երկնքի պատառիկներ էին նշմարվում:
Նա նստել էր՝ գլուխը հետ գցած բազկաթոռի թիկնակին, միանգամայն անշարժ, մինչև որ կսկիծը հասնում էր կոկորդին, ու գլուխը հանկարծակի ցնցվում, ինչպես երեխան, որ լացելով քնում է, բայց շարունակում երազի մեջ հեկեկալ:
Նա երիտասարդ էր, գեղեցիկ ու հանդարտադեմ, դիմագծերում զսպվածության և որոշակի տոկունության հետքեր էին նշմարվում: Իսկ այժմ աչքերում լոկ բութ նայվացք էր, հայացքը հառել էր հեռուն՝ կապույտ երկնքի պատառիկներից մեկին: Խորազնին հայացք չէր դա, ավելի շուտ՝ գիտակից մտքի բացակայություն:
Ինչ-որ բան էր կատարվում իր հետ, և նա վախվորած սպասում էր: Ի՞նչ կարող էր լինել: Չգիտեր: Անթափանցելի ու անորսալի բան էր: Բայց նա զգում էր, թե ինչպես է ամպերի միջից սողեսող մոտենում, օդում տիրող ձայների, հոտերի, գույների հետ հասնում իրեն:
Կուրծքը հուզմունքից բարձրանում ու իջնում էր: Կամաց սկսում էր հասկանալ, թե ինչ էր փորձում տիրել իրեն, ու նա ամբողջ կամքով ջանում էր հետ մղել, կամք, որ իր նուրբ ու ճերմակ ձեռքերի նման անզոր էր: Երբ անձնատուր եղավ, մի թույլ շշուկ փախավ նրա գրեթե փակ շուրթերից: Նորից ու նորից կրկնեց քթի տակ. «Ազատ եմ, ազատ, ազատ»: Դատարկ նայվածքն ու ահաբեկ հայացքն իսկույն չքացան: Աչքերում փայլ հայտնվեց: Զարկերակը սկսեց արագ խփել, արյունը ջերմացրեց ու հանգստացրեց մարմնի ամեն մի մատնաչափը:
Շարունակ իրեն հարց էր տալիս՝ արդյո՞ք հրեշավոր բերկրանք էր դա, թե՞ ոչ: Սակայն ապագայի պարզ ու պատկերավոր ընկալումը ազատեց նրան այդ տափակ մտքից:
Նա գիտեր, որ նորից կլացի, հենց որ տեսնի ամուսնու բարի, քնքուշ ձեռքերը՝ ամփոփված մահվան մեջ, դեմքը, որ միշտ սիրով լի էր նայում իրեն, իսկ այժմ քարացած, գունատ ու անկենդան: Բայց այդ դառնության հետևում նա գալիք տարիներն էր տեսնում, որոնք բացառապես իրեն էին պատկանելու: Ուստի, թևերը լայն բացեց՝ ողջունելու:
Այլևս պետք չէր ապրել հանուն ինչ-որ մեկի, նա կապրեր իր համար: Չէր լինի որևէ հզոր կամք, որ իրենը թելադրեր մի կույր ստիպողականությամբ, որով, կանայք ու տղամարդիկ հավատացած են, թե իրավունք ունեն սեփական կամքը պարտադրել դիմացինին: Հիմա էր հասկանում, որ բարի մտադրությամբ, թե չար մտադրությամբ, մեկ է, նման վերաբերմունքը պակաս հանցավոր չէր դառնում:
Եվ այնուհանդերձ, սիրում էր նրան: Երբեմն: Հաճախ չէր սիրում: Ի՞նչ կարևոր էր հիմա: Ու՞մ էր պետք սերը, անմեկնելի առեղծվածը, երբ ստացել էր ինքն իրեն պաշտպանելու իրավունք, որը, հանկարծ հասկացավ, իր գոյության ամենազորեղ խթանն էր:
«Ազատ եմ, մարմինս ու հոգիս ազատ է»,- անդադար շշնջում էր:
Ջոզեֆինը չոքել էր փակ դռան առջև ու բանալու անցքից աղերսում էր իրեն ներս թողնել:
– Լուի՛զ, բացի՛ր դուռը, աղաչում եմ, բացի՛ր դուռը: Քեզ մի՛ տանջիր: Ի՞նչ ես անում, Լուի՛զ: Ի սեր Աստծո, բացիր դուռը:
– Հեռացի՛ր: Ես չեմ տանջվում:
Բնավ: Բաց պատուհանից կյանքի էլիքսիրն էր խմում:
Նրա երևակայությունը ըմբոստաբար վազում էր դեպի գալիք օրեր: Գարնանային օրեր, ամառային օրեր և բոլոր այն օրերը, որ իրեն էին պատկանելու: Աղոթում էր, որ կյանքը երկարի: Դեռ երեկ սարսուռով էր պատկերացնում, որ հնարավոր է՝ երկար ապրի:
Քրոջ համառություններից հետո, ի վերջո, վեր կացավ և բացեց դուռը: Աչքերում ջղաձիգ տրիումֆ կար, դժկամությամբ էր շարժվում, ասես հաղթանակի Աստվածուհին լիներ: Գրկեց քրոջ իրանը, ու միասին իջան աստիճաններով: Ռիչարդսը նրանց ներքևում սպասում էր: Ինչ-որ մեկը բացում էր դռան կողպեքը: Բրենթլի Մալարդն էր: Նա, ուղեպայուսակն ու անձրևանոցը ձեռքին, հանգիստ ներս մտավ: Փոքր-ինչ կեղտոտ տեսք ուներ, բայց նման չէր վթարվածի, նույնիսկ տեղյակ չէր, որ նման բան էր տեղի ունեցել: Նա ապշահար նայում էր Ջոզեֆինի խոցված դեմքին ու Ռիչարդսի կտրուկ շարժումներին, երբ փորձում էր նրան հեռու պահել կնոջ տեսադաշտից:
Ավաղ, Ռիչարդսը ուշացավ:
Երբ բժիշկները եկան, ասացին, որ մահվան պատճառը սիրտն էր. ուրախությանը չէր դիմացել:
Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Հովհաննիսյանի
Շատ հիանալի պատմություն հոքում պահված գաղտնի ցանկություների մասին, որ ոչ բոլորն են համարձակվում բարձրաձայնել։