Զարինե Սառաջյանի զրույցը արձակագիր Լևոն Ադյանի հետ
Զարինե Սառաջյան – Պարոն Ադյան, ուրախ ենք Ձեզ տեսնել Արցախում։ Ի՞նչ զգացողություններ ունեք՝ գտնվելով հայրենի երկրում։
Լևոն ԱԴՅԱՆ.- Շնորհակալ եմ։ Ինձ թվում է, յուրաքանչյուր արցախցի, մի քանի օր Արցախից բացակայելով անգամ՝ կարոտում է մեր փոքրիկ բնաշխարհը, իսկ ես, ոչ իմ կամոք, իհարկե, չեմ կարենում հաճախակի լինել Արցախում։ Ես հասկանում եմ, որ ամեն անգամ հեռուներից իմ հոգեհարազատ աշխարհն եմ վերադառնում, ուր ամեն ինչ նույնն է՝ սար ու ձոր, լեռ ու գետակ, ասես ոչինչ չի փոխվել ու թվում է նաև, թե ինչպես երանելի այն հին կյանքում ՝ հերթական արձակուրդ եմ եկել հայրենի Չլդրան՝ այն ահավոր տարբերությամբ, սակայն, որ իմ սրբասուրբ մոր ու սիրասուն հոր փոխարեն թուրքի ձեռքով ավերված տան փլատակներն են դիմավորում ինձ ու տնամերձ այգուց հավքերի տխրածոր երգը՝ կյանքի ունայնության մասին։
Զարինե Սառաջյան– Ապրելով հայրենիքից հեռու՝ Ձեր սիրտն ու հոգին միշտ հայրենիքի հետ է, դա տեսնում ենք համացանցում և տպագիր մամուլում տեղ գտած Ձեր հրապարակումներում։
Լևոն ԱԴՅԱՆ.– Ինձ հետ ունեցած մի հարցազրույցի ժամանակ իմ զրուցակցի այն հարցին, թե երբ եմ մտադիր գալ Արցախ, ես ասացի, որ կարոտաբաղձ իմ սիրտը միշտ ճամփին է, պարզապես տեղ չի հասնում։ Ահավասիկ, տեղ է հասել ու չի հաշտվում, չի կարողանում հաշտվել բնության անողորմ օրինականության հետ, որ հարափոփոխ այս աշխարհում անցավոր է ամեն բան և որ պետք չէ ցավագնորեն որոնել գեղատեսիլ վայրերը վառ մանկության, որովհետև միանգամայն այլ է ընկալումը այն բանի, որ ոչ վայրերն են առաջվա պես գեղատեսիլ և ոչ էլ դու ես այն պատանին…Իմ սիրտն ու հոգին, այո, միշտ էլ հայրենիքի հետ է եղել, իմ աննմանական Արցախի հետ, և ամենևին պատահական չէ, որ իմ համարյա բոլոր ստեղծագործությունները նվիրված են Արցախին, արտացոլում են մեր մարդկանց կյանքն ու առօրյան։
Զարինե Սառաջյան- Լինելով Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի պատասխանատուներից մեկը՝ Լևոն Ադյան մտավորականի առջև ինչպիսի՞ խնդիրներ են ծառանում։ Հային հայ պահելն այսօր, խոստովանենք, որ հեշտ գործ չէ, այն էլ՝ օտար ափերում։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
Լևոն ԱԴՅԱՆ.- Ճակատագրի բերումով, ստացվել է այնպես, որ միջնակարգն ավարտելուց հետո ես ընդմիշտ ապրել եմ հայրենիքից հեռու՝ Սումգայիթ, Բաքու, Լենինգրադ, Պյատիգորսկ, Սոչի, այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ, և կարելի է ասել, որ ավելի քան հիսուն տարվա իմ գործունեությունը միշտ էլ կապված է եղել հայապահպանման սրբազան գործին, հայ ոգու, մեր ազգային մշակույթի, մեր լավագույն ավանդույթների պահպանմանը, տարածմանն ու փոխանցմանը սերունդներին։ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը, սերտ համագործակցած Հայ Առաքելական եկեղեցու հետ, Ռուսաստանի ամենագործուն ու համերաշխ համայնքներից մեկն է։ Նշեմ, որ բուն Սանկտ- Պետերբուրգում ու Լենինգրադի մարզում շուրջ հարյուր հազար հայ է բնակվում։ Ունենք միջնակարգ ու կիրակնօրյա դպրոց, հարուստ գրադարան, գործող երեք եկեղեցի, պարի ու համայնքային երգչախումբ, սիմֆոնիկ օրկեստր, որ ելույթներով հանդես է գալիս քաղաքի ամենալավ դահլիճներում։ Կարևոր իրադարձությունների առթիվ կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ, մեծարման հուշ երեկոներ ու հադիպումներ երևելի մարդկանց հետ։ Լազարևների շենքը՝ քաղաքի ամենակենտրոնական մասում, Նևսկի պողոտայի վրա, շքեղատեսք դահլիճներով ու տասնյակ հարմարավետ սենյակներով, որ ժամանակին նվիրվել է համայնքին, այդ ամենի հնարավորությունն ընձեռնում է։ Համայնքի առջև կանգնած խնդիրները շատ են, առանձնապես Ադրբեջանական պետականորեն կազմակերպված հակահայ քարոզչության պարագայում՝ հայության վարկանիշի բարձրացման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համակողմանիի տեղեկատվության տարածման ուղղությամբ։ Ի դեպ, արժե նշել, որ 1912-ին, հայկական համայնքի երաշխավորությամբ, համայն Ռուսիայում հանրահայտ ,,Կրեստը,, բանտից ազատ է արձակվել մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որին համայնքում դիմավորել են մեծ շուքով։
Զարինե Սառաջյանի – Ձեր գրական գործունեության բուռն շրջանն սկսվել է դեռևս հայ-ադրբեջանական երբեմնի «եղբայրություն» կոչված տարիներին։ Եվ ապրելով ու ստեղծագործելով Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ անձամբ ճանաչել եք նաև ադրբեջանցի գրողներին։ Ի՞նչ կարծիքի եք մեծ աղմուկ հանած Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի մասին։
Լևոն ԱԴՅԱՆ.- Ես ուղիղ քսանհինգ տարի աշխատել եմ Ադրբեջանի գրողների միությունում և ինքնին հասկանալի է, որ, աշխատանքի ու մարդկային հարաբերությունների բերումով, ամենօրյա շփումների մեջ եմ եղել ադրբեջանցի իմ գործընկերների հետ, որոնցից շատերին հիշում եմ խորին անձկությամբ, որովհետև նրանց մեջ կային մարդիկ, որոնց համար կարծես թե ազգ ու ազգություն չկար։ Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը, դարերով մարդկանց կաշկանդած բոլոր այս նախապաշարումներից վեր էին նրանք, ՄԱՐԴ էին այսինքն ու այդպիսին էլ մնացել են իմ հիշողության մեջ։ Եվ ինձ համար հաճելի է, որ նրանցից մեկը՝ մեծատաղանդ Աքրամ Այլիսլին, սքանչելի վեպ է երկնել Բաքվի իննսուն թվականի հունվարյան ու Ագուլիսի 1919-ի հայոց կոտորածների մասին, որն իրավամբ ապաշխարանք կարելի է համարել։ Ու հաճելի է նաև, որ մեր այդ ընկերներից երկուսը՝ հանրաճանաչ գրողներ Ռուստամ Իբրահիմբեկովն ու Չինգիզ Հյուսեյնովը, որոնց ես այն ժամանակ էլ վերաբերվում էի սիրով ու մեծավ հաճությամբ թարգմանում էի նրանց գործերը, Աքրամի համար ամենադժվար օրերին, անտեսելով Ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրված աննախադեպ հետապնդումներն ու հալածանքները, պաշտպան են կանգնել նրան՝ համացանցում ու մամուլում դրվատելով նրա վեպն ու հեղինակի անաչառ վերաբերմունքը պատմական իրողությանը։
Վեպի խորագիրը հայերեն սխալ է թարգմանված, քարե չէ՝ «Քարեղեն երազներում» Աքրամը քամահրանքով է խոսում հայոց պատմության զեղծարար Զիա Բունիաթովի մասին, ծանակում Էլչիբեյին, սառցային դաժանությամբ նշավակում Հեյդար Ալիևին, նրան որակելով որպես Ադրբեջանում ծավալված հակահայ քաղակականության ու Սումգայիթի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի։ Իլհամ Ալիևի տոհմային համայնքի վայրենի զայրութը վեպի հեղինակի հանդեպ հենց այդտեղից է գալիս։ Մնացածը՝ իշխանամետ երիտասարդության բողոքի ցույցը գրողի տան մոտ, ադրբեջանական պառլամենտում նրա անձնական հարցի քննարկումը, որտեղ պատգամավորները պահանջում էին վառել նրա գրքերն ու զրկել բոլոր կոչումներից, քաղաքացիությունից ու վտարել երկրից՝ մեղադրելով նրան այն բանում որ իբր թե նա հայկական ծագում ունի- այս ու նմանատիպ հիմարությունների շոուն պարզապես հնարովի, շինծու ֆիկցիա էր, ուր հերթական անգամ հաջողությամբ օգտագործվում էր հակահայկական հիստերիայի պարուրակը, ազգայնամոլական կրքեր բորբոքելով երիտասարդության ու անչափահասների մեջ՝ նրանց բացեիբաց սադրելով ատելության ու թշնամանքի։ Այստեղ տեղին եմ համարում անփոփոխ ներկայացնել մեծն Ռասուլ Համզատովի խոսքը. ,,Հայերն իմ հին բարեկամներն են, Ղարաբաղի դեպքերի առիթով ես պաշտպան կանգնեցի նրանց ։ Իմ բարի հարևաններ ադրբեջանցները բարկացել էին։ Ասացին՝ մենք կվառենք քո գրքերը։ Ես երկար մտածեցի ու հանգեցի այն բանին, որ, էհ, թող վառեն, վերջ ի վերջո հրապարակներում խարույկների վրա այնքան էլ վատ գրքեր չեն վառել, ես հրդեհաշեջներ չեմ կանչի։ Բայց և չեմ հասկանում նրանց, ովքեր հոգ են տանում շրջակա մթնոլորտի էկոլոգիայի համար ու միաժամանակ հայրենակիցների ուղեղները աղտոտում են ազգայնամոլությամբ, ,։ Իմ կողմից ավելացնեմ միայն, որ Աքրամ Այլքիսլիի վեպը ազնվագույն մարդու հոգու պորթկումն էր՝ ընդդեմ միջնադարյան դավադիր վայրագության։
Զարինե Սառաջյան– Հայ գրողների կողմից ստեղծվո՞ւմ են արդյոք նմանատիպ գործեր։ Եվ ընդհանրապես քարոզչական դաշտում անհրաժաշտություն կա՞, որ երկու ազգերի գրչի մշակները հանդես գան խաղաղասիրական, ազգերի բարեկամության կոչերով։ ինչպե՞ս եք նայում այս հարցին։
Լևոն ԱԴՅԱՆ.– Նմանատիպ գործեր, ամենայն հավանականությամբ, ստեղծվում են, ու ես հակված եմ մտածելու, որ տպաքանակի սղության պատճառով չեն հասնում մեզ… Իմ «Հեռաոցող եզերք» վեպը ամբողջապես նվիրված է նույն դեպքերի արտացոլմանը ինչ որ Աքրամ Այլիսլիի «Քարեղեն երազները» , ընդ որում, գրված է ավելի վաղ, շուրջ վեց տարի առաջ՝ 1990-ի մարտ-հոկտեմբեր ամիսներին։ Հավելեմ նաև, որ Աքրամի վեպը եռագրություն է, «Քարեղեն երազները» այդ գործի երկրորդ գիրքն է, երրորդ մասը նվիրված է Հեյդար Ալիևի գործունեությանը ու, եթե ադրբեջանական իշխանությունների կողմից Աքրամ Այլիսլու հանդեպ այժմ համեմատական հանդուրժողականություն է պահպանվում, ապա վախից, որ նա կարող է հրատարակել այդ մասը ևս…
Ինչ վերաբերում է երկու ազգերի գրչի մշակների խաղաղասիրական կոչերին…Արժե իհարկե խորհել, դրա վառ առհավատչյան մեր մեծանուն բանաստեցծ Հովհաննես Թումանյանի օրինակն է, որը հպարտությամբ էր խոսում այն մասին, որ իրեն հաջողվել էր քարոզչությամբ իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ։ Եվ հասկանում եմ նաև, որ ներկա պայմաններում դժվար կլինի քարոզչությամբ լցնել այն վիհը, որ առաջացել է մեր երկու ժողովուրդների միջև։ Բայց փորձել, իրավ, արժե, քանզի ես համոզված եմ, որ չկա ու չի եղել աբստրակտ բարեկամություն ժողովուրդների միջև, այլ կա հստակ, ռեալ բարեկամություն առանձին մարդկանց միջև, որը և վեր է ածվում ժողովուրդների բարեկամության։ Դժբախտաբար, և մենք, և ադրբեջանցիները շարունակ ճգնում ենք ապացուցել , թե ինչն է մեզ զատում իրարից, բնավ չմտածելով, որ մեզ միացնողը, իրար կապողն ավելի շատ էր, քան տարանջատողը։ Չնչին բացառությամբ՝ նույնն են մեր ադաթները, երաժշտությունը, երգն ու պարը, համով-հոտով կերակուրները, հարգանքն ու պաշտամունքը ծնողների և առհասարակ մեծերի ու կանանց հանդեպ, նույնն ենք ընտանեկան պատվի, հյուրասիրության, նամուսի ու բարոյականության հարցերում, նույնն են մեր հարսանիքները, սրտալի խոսքն ու զրույցը, ծիծաղն ու ուրախությունը, նույնն էր համարյա ամեն ինչ՝ հարազատ ու սրտամոտ, պարզապես անտեսվեցին այդ բոլորը, որովհետև վերևներում ձեռնտու չէր դա։
Զարինե Սառաջյան – Ձեր «Հեռացող եզերք» վեպը ադրբեջանցի աղջկա և հայ տղայի սիրո պատմություն է։ Նաև՝ ականատեսի փաստարկներով Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին։ Որո՞նք էին գրքի ստեղծման շարժառիթներն ու նպատակը։
Լևոն ԱԴՅԱՆ.- Եվ Լեոի ու Ռենայի սիրո պատումթյունը, և Սումգայիթի ու Բաքվի ահավոր եղեռնի իրապատում պատկերները, և վեպի հավաստի նկարագրությունները՝ կապված մեր անզուգական բնաշխարհի անցյալի ու ներկայի հետ, միաձույլ են և հավաստում են այն իսկությունը, թե ինչու և ինչից ժայթքեց Ղարաբաղի ցասումն ընդդեմ ադրբեջանական հայատյաց սանձարձակության:
Ասել եմ ու կրկնեմ, որ իմ «Հեռացող եզերք» վեպն արդարև իրական պատմություն է և այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, իրոք, պատահական չէ, քանզի իմ խաթարված կյանքի պատմությունն է դա, իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունը , որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը: Դա միաժամանակ խորին հարգանքի ու սիրո տուրք է մեր անմեղ նահատակների հիշատակին։ Որպես մարդ ու որպես գրող՝ ես հաստատ համոզվածությամբ կարող եմ ասել, որ հասարակ հայի ցավն ու հասարակ ադրբեջանցու ցավը ընդունում եմ հավասար կերպով, դա իմ սրտի հանապազ ցավն է և կուզենայի ասել, որ , , Հեռացող եզերքը,, հարգանքի ու սիրո տուրք է նաև իմ ընկերներին, նրանց, որոնց ճանաչում էի մոտիկից ու կսկծում է երբեմն իմ հոգին, որ այսքան տարիներ չեմ տեսել նրանց և հավանաբար չեմ տեսնի երբեք… Թող իմ գիրքը ակնածանքի տուրք լինի նաև բոլոր նրանց, ովքեր ամենաէքստրեմալ պայմաններում անգամ չկորցեցին իրենց մարդկային դեմքը։ Աքրամ Այլիսլին նրանցից մեկն է:
Զարինե Սառաջյանի – Գիտեմ, որ զբաղվում եք նաև թարգմանական գործունեությամբ։ Այսօր մեր գրականությունը հավուր պատշաճի՞ է թարգմանվում արդյոք և ներկայացվում օտար ընթերցողներին։ Ինչպիսի՞ թարգմանություններ եք կատարում։
Լևոն ԱԴՅԱՆ.- Նախ, կուզենայի ասել, որ մեր գրականությունը ոչ թե հավուր պաշաճի, այլ առհասարակ չի ներկայացվում այլազգի ընթերցողներին։ Հինգ միլիոնանոց Սանկ- Պետերբուրգի հարյուրավոր գրախանութներում հայ հեղինակի չես հանդիպի։ Վերջերս հնդիկ ինչ-որ գրողի խոհա-փլիսոփայական մանրապատումների ժողովածուն էի կարդացել ու տեսա, որ այն թարգմանվել է 86 լեզուներով։ Այնպես պատահեց, որ դրանից հետո կարդացի Մաքսիմ Հովհաննիսյանի նույն ժանրի , , Չապրվածների խնջույքը,, երկհատոր գիրքը ։ Սարի ու ձորի տարբերություն, բայց ահա, տես, որ Մաքսիմի իրոք որ տաղանդավոր գրքի մասին ոչ ոք չգիտի մեզանից բացի։ Այդ նույն Մաքսիմ Հովհաննիսյանը «Գրական թերթում» «Ապաստարան» խորագրով պատմվածք էր տպագրել ադրբեջանցիների կողմից պաշարված Ստեփանակերտի հայության դժնդակ օրերից։ Գեղարվեստական բարձրարժեք ու հոգեցունց իրական մի պատմություն, որ արժե թարգմանել բազում լեզուներով՝ ցուցադրելու ադրբեջանական անողորմ բարբարոսությունն ընդդեմ մեր ազնվատոհմ ու հինավուրց ժողովրդի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուրքում մենք սքանչելի արձակ ու պոեզիա ունենք, անհրաժեշտ է, որպեսզի մեր այդ գրականությունը բարձրարորակ թարգմանությամբ ներկայացվի գոնե ռուս ընթերցողին ու ռուսերենի միջոցով այն հանվի միջազգային ասպարեզ։ Ինչ մնում է ինձ, ապա պետք է ասեմ, որ ես վաղուց թարգմանությմաբ չեմ զբաղվում, որովհետև եղածներն անգամ, որ տասնյակ հատորներ կարող են կազմել, դժբախտաբար, հրատարակել չի հաջողվում։
Զարինե Սառաջյանի – Ի՞ նչ կարծիք ունեք այսօր ստեղծվող գրականության մասին։ Եթե տաղանդների անուններ թվելու լինեք, ո՞ւմ անունները կնշեիք ժամանակակից հայ գրական դաշտում։
Լևոն ԱԴՅԱՆ.- Ասացի արդեն, որ բարձր կարծիքի եմ մեր գրականության մասին և անսահման ուրախ եմ տեսնելով մեր գրողների շքեղ հրատարակությունները։ Ինչ խոսք, որ նրանցից յուրաքանչյուրն այն նախկին կյանքում նման բան երևակայել անգամ չէր կարող։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ մենք, ցավոք, չգիտենք մեծարել մեր արժանավորներին, հոգատարությամբ բարձրացնել նրանց ու բարձրացնալ նրանց հետ։ Կարծում եմ, մեր բոլոր անհաջողություններն այդտեղից են գալիս։ Չգիտենք, ուրիշներից էլ չենք սովորում։ Հիշում եմ, Ադրբեջանի գրողների միության վարչությունում հրատարակչական վերջնական պլան էր քննարկվում, խոսք գնաց բանաստեղծուհի Միրվարիդ Դիլբազու մասին, որի բանաստեղծությունների ժողովածուն երեք հատորով կար թեմատիկ պլանում։ Ինչ որ մեկը տեղից ասաց, որ Դիլբազին աշնանն ամուսնացնում է որդուն, կարող է փողի կարիք ունենա, արժե մի հատոր էլ ավելացնել։ Միրզա իբրահիմովն էր նախագահում, նա գտավ, որ ոչ թե մեկ, այլ անհրաժեշտ է երկու հատոր ավելացնել։ Ներկաները ողջունեցին այդ որոշումը, և Դիլբազու ստեղծագործությունները հինգ հատորով մտան հրատարակչական պլանի մեջ։ Նման բան մեզ մոտ հնարավո՞ր է։
Զարինե Սառաջյանի – Ո՞ւմ եք համարում Ձեր գրական ուսուցիչը։
Լևոն ԱԴՅԱՆ.- Բոլոր լավ գրողներին՝ Պաուստովսկուն ու Շոլոմ-Ալեյխեմին, նրա , ,Երգ-երգոցը,, անգիր գիտեի, մեր Թումանյանին ու Բակունցին, Այթմատովին ու Հեմենգուեին, Տոլստոյին ու Դոստոևսկուն, Պրիշվինին ու Ռեմարկին, մինչև հիմա էլ հուզմունքով եմ մտաբերում Ռեմարկի , , Երեք ընկերն,, ու աննմանական Պատրիցիա Խոլմանին… Հնարավոր չէ բոլորին թվել։ Իմ գրական կյանքում նշանակալից դեր են խաղացել արձակագիր Մարգար Դավթյանը, նա է ,,Գրական Ադրբեջանում,, հանդեսում տպագրել իմ առաջին պատմվածքները, Բագրատ Ուլուբաբյանը, որին միշտ էլ պաշտել եմ։ Ես Սումգայիթի խողովակագլանման գործարանում ապարատավար էի, պատանեկան իմ հասկացողությամբ, մեծածավալ վեպ էի գրել և ուղարկել իրեն՝ որպես Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մասնաճյուղի քարտոււղարի։ Եվ ինչքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ մեկ-երկու ամիս անց ստացա այդ վեպը՝ հաստափոր տետրերի լուսանցքներում արված նրա բազում դիտողություններով ու խորհուրդներով։ Ես դա երբեք չեմ մոռանում։ Հետագայում մենք շատ մտերիմ էինք։ Երախտապարտ եմ նաև անզուգական մարդ ու գրող Սուրեն Կասպարովին… Ես իմ ողջ կյանքում հանդիպել եմ միմիայն լավ մարդկանց։ Իմ սրտին մոտ ու շատ թանկ ազնվակիրթ ու ազնվահոգի Միքայել Հաջիյանը նրանցից մեկն է…
Զարինե Սառաջյան – Ձեր «Այն հեռավոր ամռանը» գիրքը շատերն են հիշում։ Տարիներ անց լույս տեսավ Ձեր «Հեռացող եզերք» վեպը, այնուհետև՝ «Իրիկնային աղջամուղջ» վիպակների, պատմվածքների ու մանրաքանդակների ծավալուն ժողովածուն։ Գո՞հ եք Ձեր ընթերցողներից։ Ներկայիս սերունդը ընթերցասե՞ր է։
Լևոն ԱԴՅԱՆ.– «Այն հեռավոր ամռանը» շատերն են հիշում, որովհետև քիչ թե շատ, նորմալ տպաքանակ ուներ՝ 12 500։ Իմ ստեղծագործությունները տպագրվել են նաև ավելի բարձր՝ 30 000 տպաքանակով։ Այսօր, ցավոք սրտի, մեր գրքերը տպագրվում են չնչին, աննշան տպաքանակով՝ 250 օրինակ, այն էլ մեծամասսամբ հեղինակի հաշվին ու առանց մի կոպեկ հոնորարի։ Դա այն դեպքում, երբ այդ նույն գրողների ստեղծագործություններով սերունդներ են դաստիարակվում։ Աշխարհը երևի փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում, արդարին լսող չկա, քանզի անարդարի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ… Աքրամ Այլիսլիի առիթով հետաքրքիր էր իմանալ, որ ադրբեջանցի անվանի գրողները ապահովված են պետական ամառանոցներով, նախագահական կենսաթոշակով, որը հավասար է ամերիկյան 1300 դոլլարի, յուրաքանչյուր գրող՝ ճանաչված թե սկսնակ, իր ամեն մի գրվածքի համար բարձր հոնորար է ստանում, այսինքն ապահովված է պետական հովանավորությամբ…Եթե իշխանություններն ուզենան մեր գրողներից որևէ մեկին պատժել, ինչի՞ց պիտի զրկեն, եթե մենք առանց այն էլ զրկված ենք ամեն ինչից…
Զարինե Սառաջյան – Կցանկանայի՞ք միշտ ապրել Արցախում։ Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Արցախի ապագան։ Ձեր սրտի խոսքը՝ մեր ընթերցողներին։
Լևոն ԱԴՅԱՆ.– Էհ, Զարինե ջան… Գիտե՞ք, կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։ Անգլիացի գրող Վերջինիա Վուլֆը բողոքում էր, որ լսողական պատրանքների պատճառով չի կարողանում քնել, որովհետև նրան թվում էր, թե անընդհատ լսում է հին Հունաստանի ձիթենիների վրա երգող թռչունների ձայները։ Բա որ նա մեր գյուղամերրձ անտառներում դայլայլող հավքերի քաղցրահունչ ձայները լսեր…Կարոտից օխտը տեղից ճաք կտար սիրտը… Իհարկե, կուզենայի իմ երկրում ապրել։ Աստծու խոսքը Հակոբին՝ վերադարձիր քո հայրերի հողն ու հայրենիքը քո, և ես կլինեմ քեզ հետ, մեր մասին է ասված։ Մարդ օտար հողում երջանիկ լինել չի կարող։ Մարդ երջանիկ կարող է լինել միայն իր հողում։ Ինչպիսի՞ն կուզենայի տեսնել Արցախի ապագան… Կուզենայի, որպեսզի հազարավոր մարդկանց արյան գնով ազատագրված Արցախն ինչքան կարելի է շուտ ճանաչվեր միջազգային հանրության կողմից։ Որպեսզի պատերազմի բովով, այսինքն ահեղ կրակների միջով անցած մարդն իր արյունով վաստակած հողում ապրեր, այլ ոչ թե ստիպված լիներ գաղթել ուրիշ երկրներ։ Կուզենայի, որպեսզի աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները վերադառնային անհյուրնկալ օտար ափերից, շենացնեին մեր դրախտ աշխարհը, ապրեին ապահով և արժանավայել կյանքով ու հնարավորություն ունենային անվարան գնելու իրենց նախընտրած հեղինակի գիրքը։