Մերի Հովհաննիսյան | Ուրվական


Արենը սիրում էր բարձրանալ իրենց բակի հաստ ու փարթամ սաղարթով ծառն ու վերևից նայել անցուդարձին: Մեծ ու սև աչքերով անթարթ դիտում էր, թե ինչպես են խաղում իր տարեկիցները, ինչպես են ջղայնանում ու ուրախանում, տխրում ու ոգևորվում ինչ-որ բառերից ու բաներից: Նայում էր նրանց ու դեմքի արտահայտություններն էր սովորում, մարմնի փոփոխությունները, բառերը, որ մայրը, երբ ասի՝ ոչ մի զգացմունք չունես, սառած տոլմա ես, տխրության ձևը ընդուներ ու նմանվեր տարեկիցներին, ու մայրն էլ չխոսեր: Ուրախության մարմին աներ, ու ճիշտ խոսքեր ասեր, երբ նրան նոր հեռախոս առան ու նոր կոշիկ: Բակում նրան «ուրու» էին ասում, ու Արենը դրան բանի տեղ չէր դնում, որովհետև չգիտեր՝ դա լավ, թե վատ է: Մի անգամ սատկած մուկ էին բերել ու դրել ծառի էն ճյուղի վրա, որտեղ Արենը սիրում էր նստել: Արենը ձեռքով գցել էր ներքև, ու հոտը քթից ամիսներով չէր անցնում: Մայրը խփում էր դեմքին ու խրատներ կարդում, համեմատում ու օրինակներ բերում իր անցած-գնացած օրերից, իրեն ծանոթ-անծանոթ երեխաներից, ու Արենը պատասխան չուներ: Նույնիսկ մի անգամ Արենին տարել էր քաղաքի միակ հիվանդանոցը, Արենի սիրտը խառնել էր հիվանդանոցի դեղահոտից, վախեցել էր քառակուսի գլխով նիհար հիվանդից ու դուրս էր փախչել: Մինչ այդ, բժիշկը հասցրել էր մի հայացք գցել տղայի վրա ու վստահեցրել, որ ամեն ինչ լավ է, և անհանգստանալու կարիք չկա. տարիքի հետ կանցնի, մարդամեջ կմտնի: Մայրը կասկածանքով էր նայել բժշկին ու տարել էր մոտակա գյուղի հայտնի բախտ բացողի մոտ, գուշակը մի քանի բան էր ասել պայծառ ապագայի ու արտերկրում սովորելու, լավ կին ու երեխաներ ունենալու, հանգիստ ու հարուստ կյանքով ապրելու մասին, բայց նախքան Արենի բախտը կբացվեր, տան սեփ-սև մետաքսե ծածկոցով բարձի միջից պետք է թուղթ ու գիրը գտնեին: Մայրը ուրախ-ուրախ տուն էր եկել, քչփորել, տակն ու վրա էր արել բարձը ու բան էլ չէր գտել, բացի կաթիլանման վարդագույն հելունից, որ տարիներ առաջ էր կորցրել, երբ Արենին ունեցավ: Ու ամեն անգամ, երբ հաց էին ուտում, մայրը կրկնում էր. «Դու ոնց որ գոյություն չունենաս, տղա ջան, վերջդ ի՞նչն է», ու հացը կուլ չէր գնում: Այդ պահերին Արենն անթարթ նայում էր ապակե բաժակին այնքան, մինչև իրական աշխարհի ձայները կխլանային ու ձևերն ու բովանդակությունները կիմաստազրկվեին, ու դատարկ տարածությունը կլցվեր ինչով ուզես…
…Ցերեկվա ժամը մեկին, երբ արևը սողոսկում էր մինչև ոսկորներ ու դաղում դրանց, բոց վառվեց քաղաքում: Երկու ժամ, ու քաղաքն էլ չկա, տեղը՝ ընդարձակվել է սև-մուր հարթավայր՝ վառած, քանդած ու անծանոթ: Ճռռան շոգ է, ու շուրջը վառած երկնքի հոտ է ընկել: Մոխրի միջից երկու երկար ու կարճ, բարակ ու չորացած ճյուղերով մի սև ծառ է ձգվում երկինք: Վրան Արենն է, հագի շորերը՝ պատռված ու մրոտ: Նա տեսավ, թե ինչպես կրակը վերցրեց համարյա ամեն ինչ: Մայրն էլ չկա, իսկ ինքն էլի չգիտի՝ մարմնի ինչ ձև ընդունի, դեմքի ինչ արտահայտություն անի ու որտեղից նոր բառեր գտնի: Մինչև մի աղջկա է նկատում: Մոտ տասը տարեկան է հղի է, հագի սպիտակ ռետուզից համարյա բան չի մնացել: Մի ոտքը պատռված է, ու ծնկից արյուն է չռռում: Մազերը՝ բիզ-բիզ, ինքը՝ վախեցած: Կանգնել ու ագահաբար նայում է գորշ պարկի մեջ բերնեբերան լցրած մորեգույն կոնֆետներին, միակ գունավորն ու փայլունը, որ երևում է տեսադաշտում:
– Թունավո՞ր է, կարո՞ղ է մեռնեմ,- հարցնում է աղջիկը:
– Հա, է թունավոր, կմեռնես:
– Հա, փորս տես՝ ինչ մեծ է:
-Մեծ փոր, կոնֆետ, թունավոր, է:
-Կոնֆետ եմ կուլ տվել:
-Հա: Կոնֆետ ես կուլ տվել, թունավոր է:
– Թունավոր է կոնֆետը, երևի կմեռնեմ: Բայց հիմա գնամ հիվանդանոց, պետք է ջուր ու հաց տամ:
– Ջո՞ւր տաս: Հացն ի՞նչ է:
-Եսիմ: Ցավոտ է:
-Հիվանդանոց, գամ ես էլ:
-Արի՛, բայց այնպես արա, քեզ չնկատեն, լա՞վ: Ես դարպասը քեզ համար բաց կթողնեմ:
-Հա, ես ուրու եմ, չնկատեն, դուռը թող բաց: Հացը ցավ է:
Աղջիկը մի քանի կոնֆետ է դնում բերանն ու ինչքան ուժ ունի վազում է դեպի դարպասներ, ուր հիվանդանոցն է, միակ շենքը, ով ողջ էր մնացել հրդեհից հետո: Հենց այդ օրը՝ ցերեկվա տոթին, անլուսին, անաստղ ու անցավ գիշերն անսպասելի վրա տվեց, փռթկաց երկրի վրա, շպրտեց մուգն, ու սև դարձան երկինք-գետինը, տարածվեց, լայնացավ ու փքվեց սևը, դիրքավորվեց հարմար ու որոշեց, որ էլ չի գնա: Անլեզու-անբերան հայվան: Վառած հոտը քաշվեց երկնքից, ու թողեցին գնացին բոլոր հոտերն ու հիշողությունները:
Աղջիկը մոռացել էր բաց թողնել դարպասի դուռը: Արենը տասն օր անց միայն կարողացավ ներս սողալ. լպրծուն էր դարձել ու անմարմին, սև հետք կարծես լիներ: Մտավ ներս ու հին ձևը ստացավ, պառկեց դատարկ հիվանդասենյակում բետոնե մահճակալին, որտեղ բարձի փոխարեն կլոր օղակ էր, որ պետք է հագնել գլխին: Միայն թե պետք էր անշարժ մնալ, որ օղակը չանցնի վզով ու խեղդամահ չանի: Իրենից առաջ նույն տեղում մի կին էր պառկած՝ երկարամազ էր ու շեկ: Հիվանդներին դուր չէր եկել կինը, ու գիշերով օղակը վառել էին: Տաք օղակը գլխից հասել էր վիզ՝ պլոկել տանելով կնոջ մաշկը:
Քառակուսի բետոնապատ միհարկանի շենք է հիվանդանոցը: Ավելորդ արդուզարդից ու մաքրությունից հեռու: Ամայի ու հին մոխիրների մեջ կանգնել մնացել է, չգիտես էլ թե ինչպես: Հիվանդանոցի ներսում համարյա այնպես է, ինչպես նախատեսված է հիվանդանոցի համար: Հիվանդանոցի միջանցքը նեղ է. երկար նայելուց պատերը փլվում են վրադ, ու կարող ես շնչահեղձ լինել: Լուսավորությունը նվաղ է: Պատերին՝ սև մուր. Մի հազար տարվա փոշու կտորներն են կարծրացած, կպած: Ճղճղված հնամաշ երկաթ-կաշի նստարանները դատարկ ու անճարակ ընկած են չվերջացող միջանցքում, ուր պատշաճ տեղավորվել են վառած-հանգցրած ծխախոտի կույտերը: Հիվանդասենյակները ճեփ-ճերմակ են, այնքան, որ նայողը կկուրանա: Մահճակալները ձկան թելերով են ու տեղ-տեղ հլզած: Հիվանդասենյակներում ամեն ինչ անբասիր ու ճղճիմ ռոժ ունի:
-Անուշիկ ՛, ինձ ջուր բե՛ր, ծարավ մեռնում եմ,- ամբողջ ձայնով բղավում է ծեր ու նիհար հիվանդը, ում գլուխը խորանարդ է՝ կարմիր վիլյուռե կտորից, անդեմք, աչքերի տեղը մեծ ջրի վարդագույն կաթիլանման, տակը երկու կանաչ փոքր քառակուսի ուլունքներ: Վրան միշտ կարմիր վիլյուռե թիկնոց կա, որի երկու ծայրերը ադամանդե զարդով կպնում են իրար: Թիկնոցն այնքան երկար է, որ մի երեք մարդ կտեղավորվի ներսում, ու երբ տխրում է, փաթաթվում է թիկնոցի մեջ ու ամիսներով դուրս չի գալիս: Այնպիսի տեսք ունի, կարծես մի ժամանակ առաջ ազնվատոհմ թագավոր կամ զորավար է եղել:
Անուշիկը բերում է բաժակը:
-Օխա՛յ, ջրի պես երկար կյանք ունենաս:
-Ծարավդ հագեցա՞վ, դե էսօր էլ ինձնից ջուր չուզես, չկա,- ասաց Անուշիկը, որ չէր քնել ծննդաբերելու օրվանից: Արդեն տասը օր կլիներ:
Նա այնքան էր նվաղել, որ, բաժակը վերցնելուն պես, այն ընկավ գետնին ու տեղնուտեղն անհետացավ: Անուշիկը գնաց մյուս հիվանդների մոտ՝ ստուգելու որպիսությունը: Հիվանդասենյակներից մեկում երեք հիվանդներից մեկի գլուխը փքվել էր այնքան, թվում էր, ուր որ է կպայթի, աչքերը մեծացել էին ու դարձել ձեռքի ափերի չափ, ականջները անհետացել էին: Մյուսի դեմքը կարծես անհավասար շուլալած վերմակ լիներ: Նրանք նստած շախմատ էին խաղում ու մոռանում անցած գնացած օրերի մասին:
-Փիղը կերավ ձին:
-Չէ, արջն էր ու ուրուն, կերան թագավորին:
-Հիմա շա՞խ:
-Ու թև:
-Ո՞ւմը:
-Ա՛յ էն սև ատլասե թևերով թռչունների:
-Ուրեմն, թև ու փետուր:
-Հաղթողը դու ես:
Մյուս հիվանդը վերմակը գլխին էր քաշել ու անխոնջ քնած էր արդեն տասը օր է՝ Անուշիկից գողացած քնով: Անուշիկը ստուգեց բոլորի զարկերակը. լարումի ձայն ուներ: Ամեն ինչ կարգին էր: Այդպես էլ պետք է լինի:
-Անուշի՛կ, մարդ եղի՛ր, ինձ մի սիգարետ տուր, էդ դրսերում ինչ կա, որ գնում ես:
-Ես մարդ եմ ու թռչուններ գիտեմ, դրսերում մութ է ու մութ: Թռչուններս թռան, էլ չեն գա ինձ մոտ: Թռչուններս՝ սև ատլասե թևերով:
-Չեն թռել, եկել շախմատի քար են դարձել:
-Ո՞ւր են,-Անուշիկն արագ վազեց, որ գտնի:
-Թռան: Մի քիչ ուշ արի, կտեսնես:
-Թող գան ու մնան, էլ չգնան: Հա՞:
Մյուս հիվանդասենկայում հիվանդը խնդրեց ոտքը ստուգել:
-Աննուշկա ջան, էս քանի օրը ոտքս նեղում է, ո՛չ քայլում եմ, ո՛չ նստում, ո՛չ կանգնում, մնացել եմ օդի մեջ, մի քիչ էլ մնամ, կմեռնեմ, ու բժիկները կտանեն միջանցք, որ անհետանամ, իսկ ես դեռ մկանս կաշին լրիվ չեմ հանել ու անցքեր չեմ բացել. մեղկ է խեղճը:
Անուշիկը նայեց ոտքին. կաշեզուրկ էր, ոտնաթաթի և ազդրի արանքում երևում էր մի բարակ ոսկոր, ասես հավի եփած բուդ լիներ, այնքան եփած, որ ազդրի մսերը թել-թել էին եղել ու կախվել ոսկորի վրա:
-Ամեն ինչ կարգին է: Մի՛ ծանրացրու վիճակդ:
-Բայց, ախր…
Անուշիկը էլ բանի տեղ չդրեց ու դուրս եկավ, իսկ հիվանդը մի կերպ գետնին իջավ, վերցրեց մկանն ու սկսեց քերթել մնացած մի քիչ կաշին ու ծակեր անելու պատրաստություն տեսնել: Մկան արյունը լերդել էր ու կպել կարկատած մսերին, ու էլ չկային ցավի մասին հիշողություններ:
Աննան այդ օրը մեկ անգամ էլ շրջեց հիվանդասենյակներով ու ստուգեց հիվանդների որպիսությունը: Հիվանդասենյակներից մեկի բաց պատուհանին երկու մարդաչափ թռչուններ էին նստել. գիշերվա պես սև մետաքսե փետուրներ ունեին ու նորածին երեխայի դեմք: Աննան նայեց նրանց ու ինչ-որ տաք բան զգաց որովայնում: Մսերն ու ջղերը կծիկվեցին ու կտրտվեցին մեջը: Աննային թվաց՝ մսագունդ է դառնում:
-Թռչուններս, ձագերս, մնացեք, մի՛ գնացեք:
Թռչունները նայեցին իրար ու թռան:
Անուշիկը գնաց բետոնապատ սենյակը, իսկ այնտեղ արդեն հավաքվել էին բժիշկները: Բժիշկները հագել էին կարմիր ու վարդագույն կոստյումներ, վրան լիքը մուլտհերոսների կերպարներով: Նրանք այդ պահին մարդ չէին, այլ մեծ տիկնիկներ, որ անընդհատ քայլում էին ռոբոտների նման ու ինչ-որ բան ասում:
-Պե-տք է: Էլ: Ժա-մա-նակ: Չու-նենք:
-Ա-յո: Դուք: Ճի-շտ եք: Սի-րե-լի: Կո-լե-գա:
-Ա-նու-շիկ: Ա-րագ: Կազ-մա-կեր-միր:
Բժիշկների հագուստն ու խոսքը հուշում էր, որ հիվանդներից մեկը մահացել է, և շտապ պետք է կազմակերպել թաղումը: Դիակին թաղելու համար անհրաժեշտ էր միայն նրան պառկեցնել միջանցքի հատակին ու սպասել մինչև կանհետանային մարմինն ու հոգին:
Հաջորդ օրն արդեն մեծ ու փոքր գունավոր ու անհոտ ծաղկեպսակները շարված էին միջանցքում: Փոխարինում էին հարազատներին, որոնք չկան: Բժիշկները գնացին դին բերելու միջանցք ու չգտան իր տեղում: Փոքր-ինչ երկար փնտրելուց հետո պարզվեց՝ շախմատ խաղացողների և քնածի հիվանդասենյակում է: Նա արթնացել էր ու փախել մտել մահճակալի տակ: Երբ բժիշկները եկան, գլուխը դուրս հանեց ու գաղտագողի սկսեց նայել նրանց՝ ձեռքերը հատակին հենած, կարծես փախչել էր ուզում ու նաև վախենում էր: Աչքերը սև էին, ու աչքերի շուրջն էր սև ու առատ կնճիռներով: Բժիշկները միանգամից հասկացան, որ տղան դրսից է ներխուժել: Անուշիկը նայեց նրան, կարծես ծանոթ մեկին տեսավ: Հիշեց, որ Արենն է:
-Միգուցե, թողնենք՝ ապրի, գոնե երկու օր,-ասաց Անուշիկը:
-Չենք կա-րող: Պե-տք է: Մա-հա-նա: Այդ-պես է: Կար-գը:
-Նա: Այս-տեղ: Օ-տար է:
-Բայց մի՞թե շատ բան եմ խնդրում,-թախանձագին ձայնով հարցրեց Անուշիկը:
-Այլ: Ելք: Չը-կա: Ե-թե: Նա: Մը-նա: Մենք: Հա-վերժ: Կը-մը-նանք: Այս: Տես-քով: և: Հի-վան-դա-նոցը: Կը-մեռ-նի:
Անուշիկը մի անգամ էլ նայեց Արենին: Այո, պետք էր մահանալ, կարգն այդպես էր, ու ոչինչ այլևս հնարավոր չէր փոխել: Արենին տարան միջանցք, պառկեցրին պաղ հատակին ու հեռացան բոլորը: Հաջորդ օրը դին անհետացավ, բայց ինչ-որ սև անկանոն, մածուցիկ ու լղպոր հետք մնաց նրանից մի ահագին ժամանակ: Ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց: Անուշիկը հենց այդ գիշեր տեսավ, թե ինչպես իր երեխաները թռան շախմատ խաղացողների հիվանդասենյակ, քարացան ու դարձան շախմատի քարեր, որ հավերժ մնան մոր խնամքի փափուկ գրգի մեջ: Բժիշկները վերադարձել էին իրենց բնական ձևին, և այլևս որևէ մեկին հետաքրքիր չէր այդ սև հետքը: Այն կարող էր խառնվել կարծրացած փոշու հետ և ապրեր հավերժ: Մի քանի օր գոյատևումից հետո, հետքը որոշեց դուրս պրծնել: Նա ամեն օր մեկ միլիմետր առաջ էր գնում: Ամեն միլիմետրում թողնում էր մի մեռած բջջահետք, որ հետո մահացած ստվեր էր դառնում, ու հետքն ավելի էր նվաղում: Երեք տարի պահանջվեց, մինչև կարողացավ հիվանդանոցի դարպասներից դուրս գալ:
Սև հետքի դուրս գալու օրվանից ծառը սկսեց շարժվել, դողալ, ինչ-որ բան խանգարում էր նրան տեղում հանգիստ մնալ, բայց քանի որ ծառ էր ու արմատներ ուներ ու խոսել չգիտեր, ընդամենը տանջվում էր երկար, մինչև համակերպվեց, ինչպես համակերպվեց, որ քաղաքն էլ չկա, որ էլ չի կանաչի ու որ ինքն արմատներ ունի: Հետո միայն գլխի ընկավ, որ հին ընկերն է հյուր եկել, ուղղակի արդեն որպես ուրվական՝ ավելի մութ, քան գիշերն է, ավելի սև քան հարթավայրն է: Ուրուն սահում էր հարթավայրով ու մասերի էր բաժանվում, մասերը դառնում էին կենսունակ ու կենդանի ստվերներ՝ բազմանալով, ընդարձակվելով ու լցնելով դատարկությունը: Եվ երբ հոգնում էր, բարձրանում էր ծառն ու նայում իր ստեղծած ստվերների խաղին, այնքան, մինչև ձևերն ու բովանդակությունները կիմաստազրկվեին, ու դատարկ տարածությունը կլցվեր ինչով ուզես…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *