Պլբստան ու ճռճռան երկարափեշ շորերով Աղջիկ Մարդերը հավաքում էին բուլկիների փշուրները ու հավեսով քրքջում: Քաղաքում, ուր ապրվում էին նրանք ու էլի մի քանի հարյուր հազար Մարդեր, ուներ կանաչ, կապույտ, կարմիր, տուֆագույն, գազարագույն ու ալմազե եռանկյունաձև տներ, կլոր լուսամուտներ ու քառակուսի դռներ: Առավոտ կանուխ տների լուսամուտները փքվում էին ու չամիչոտվում: Ժիր, կարմրաթուշ Կանայք Մարդերը հավաքում էին խմորն ու համով բուլկիներ թխում: Հոտը տարածվում էր ողջ ու ամբողջ քաղաքում, ու երկինքը հալհլում էր ուրախությունից: Մարդերը սովորական բաժակներն արդեն կազմ-պատրաստ պահել էին մի քանի հալած կաթիլների համար. եթե բախտերը բերեր ու առավոտյան արև շողար էն վերևներում, հնարավոր էր գործերով գնալ թռչելով: Արևի շողի կես կաթիլն արդեն բավական էր, որ թերևն աճեին:
-էսօր էլ ոնց որ՝ ամպերի հերթն է: Արդեն երրորդ օրն է՝ բախտներս չի բերում,-փնթփնթաց Տղա Մարդը:
-Հաա, դժվար է շատ է ցավում մարմինս դրանցից, իսկ էս աճող թևերով ազատ շնչում եմ: Իսկ գիտե՞ս, ով է զարդանախշերն արել էս վերջինների վրա:
-Ես շատ գիտեմ է, առավոտ կանուխ նման հարցերը, գիտես, որ անտեղին են: Անիծյալ ՕՆՕից է, վերջինը:
-Ի՞նչ են կապում գլխներիս,-խորը շունչ քաշելով ու հիասթափված ասաց մյուս Տղա Մարդը,-բայց դու էսօր ինչո՞ւ ես էսքան ջղային: Բարկությանդ բաժակի օ՞րն է:
Բայց տեսնելով, որ դիմացինը այնքան է կարմրել, որ մի քիչ էլ ու ալամ աշխարհը կկարմրացնի բարկությամբ, այլևս բան չի ասում:
Մինչ այդ խայտաբղետ, նախշազարդ մեծ ու փոքր ձկներն արդեն հալհլած ու քաղցր երկնքում էին ու դանդաղ ընթանում էին՝ քսմսվելով տների կտուրներին. համով խրթխրթոցի ձայներ հանելով: Խոսող Տղա Մարդերից մեկը հանեց լայնեզր հյուսկեն գլխարկն ու թափահարեց օդում: Դա մի հատուկ ժեստ էր, որը տեսնելուն պես ձկներից մեկը իջնում էր ներքև, Մարդերը կարող էին նստել նրանց վրա ու գնային ուր ուզեին, բայց գործն իրենց էր սպասում: Աշխատանքի վայրը հսկա եռագլուխ լերկ լեռն էր, որ եկել էր ՕՆՕից ու տեղավորվել քաղաքի ծայրամասերից մեկում՝ թմբլ ու կակուղ կանաչ աժդահա տարածության վրա: Երեք գլուխներն էլ աչքեր ու բերան ունեին, թեթև ժպտում էին, կարող էին խոսել, բայց ծպտուն չին հանում: Մարդերը չէին հասկանում՝ խոնավ ու ճռճռան խոտն ու անուշ, սրթսրթան օդն է վայելում, թե հիշում է նախկին բանուբառերը:
Քաղաքի բոլոր մարդերը մի գործ ունեին. ստեղծել մոլորակներ տարբեր գալիկտիկաների համար: Մոլորակի մանրակերտը հատուկ կերպով հայտնվում էր առաջին լեռան մեջ գտնվող փայտե վիթխարի ու երկար սեղանի վրա: Սկզբում սեղանի վրա հայտնվում էր մի գնդաձև լույս, հետո երկինքը ճեղքվում էր ու փռվում լուսե կամուրջը, այնտեղից լուցկու հատիկները հատ-հատ իջնում էին ներքև, ու կազմվում այնպես, որ ստանային ապագա մոլորակի տեսքը: Երբ լուսավորությունը բավականաչափ չէր, օրինակ՝ քաղաքում թուխպ էր, աստղերն էին գործը վերցնում իրենց վրա: Տղա Մարդերը գնում էին երկրորդ լեռան ներսում ու սկսում մանր-մանր հավաքել: Գունային զարդարանքն ու տեսքն ապահովում էին Կանայք Մարդերը՝ արդեն երրորդ լեռան մեջ:
-Էսօր էլ աստղերն են բերում, էս փեշխարաբ թուխպերից գլուխս պտտվում է:
-Հաա, կարևոր գործ են անում, մոռացա՞ր անցածը՝ մի վնասված լուցկու պատճառով… լավ, ինչևէ…,- մի երկու վայրկյան ունքերը կիտեց, էն հին, դժբախտ օրը հիշեց,-հետո արագ դեմքը պայծառացավ. ուրախության բաժակից էր խմել, իր ընտրությունն էր, ու շատ էլ գոհ էր ընտրությունից: Էս կարոտդ չես կարողանո՞ւմ մարսես, կոկորդդ փուչիկ ոնց որ լինի:
-Անցի՛ր գործիդ է, զահլեդ չունեմ:
Մինչ Տղա Մարդերը գործ էին անում, Կանայք Մարդերը կարող էին վայելել իրենց ազատ ժամանակը, մինչև իրենց հերթն էլ կհասներ:
Մարգացը այսօր իր աղջիկ Հրոտի հետ հյուր էր գնալու ընկերուհու՝ Ահեկանի՝ քաղաքի ամենածայրում գտնվող տունը: Տունը ամենավերևի հարկում էր, այսինքն ամենաեռանկյունը, որ կարելի էր գտնել այդ քաղաքում, տուն հասնելու համար պետք էր անվերջ ձգվող աստիճանները ելնել, որոնք ուզածդ պահին կարող էին քեզ ներքև իջեցնել ու թափով հանել վերև: Ճոճում էին ու ճոճում, եթե երջանկության հանգույցով գոտին Մարդերի մոտ չլիներ, մտքերն ու բառերը թարս կշրջվեին, ու մի շաբաթ ամեն բան թարս կգնար:
Այդպես օրինակ Վայիս Մարդը մի անգամ վեր ու վար էր եղել: Այդ օրվանից հետո ուղիղ մեկ շաբաթ հարևանների ու բարեկամների ուղեղը կերել էր սպիտակ ջրերի վրա եղած կլոր բանի մասին սուտ ու փուչ պատմություններով, որտեղ սպիտակ թղթե տներ կային ու մարդիկ էին ապրում, ու նրանք հացը ալյուրից էին պատրաստում ու հատուկ բաժակներ չունեին: Խմում էին ջուր ու ներկում տների սպիտակ պատերը ինչ-որ զարդանախշերով: Առավոտներն արթնանում էր վզից, բուլկիներին լվացնում ջրում ու ծեփում լուսամուտներին: Էդ մի շաբաթը Վայիսին չթողեցին գործի գնա, թե չէ հավաքածը քանդելու էր, իրեն դնելու էր աստղերի տեղը ու լույսի հետքերով բարձրանար երկինք, տեղավորվեր մնար, մինչև վերևից չգցեին:
Մարգացն Աղջիկ Մարդուն հագցրել էր կանաչ դարյա ու կարմիր հաստ զուգագուլպաներ, Հրոտին ուներ վառ արևագույն կառե կտրած մազեր, շատ հրեղեն էր ու ամաչկոտ: Ահեկանի տուն առաջին անգամ էր գնալու ու դեռ երկու ժամ առաջ արդեն դեմքը ամոթից կարմիր բազուկ էր դարձել:
-Բան չկա, Ահեկանին կասեմ, որ քեզ ուրախության բաժակից բաժին հանի, հա՞, միայն տես, դեմքդ ձկներին չքսես, ամբողջ զարդանախշերը կարմիրով կներկես թե չէ, նայի հա, ես չեմ մաքրի էս անգամ, քեզ եմ տալու շորը, դու մաքրես:
Ահեկանը դրանից ավելի նեղվեց, որովհետև հիշեց, թե Վերեսենի մայրն ինչպես էր Վերեսենին ստիպել երկու օր տխրության բաժակից խմել, ինչ է, թե ամաչել է մանկապարտեզում զուգարան գնա, ու տակն է արել: Ու արդեն երկու օր է, չէր կարողանում խաղալ հետը: Ահեկանը դուռը բացեց թե չէ, Հրոտը փոքրացավ-փոքրացավ ու կպավ Ահեկանի մեջքին, կանաչ դարյան դարձավ թաշկինակ, որի մեջ թաքնվեց Հրոտը:
-Մարգաց, էս ինչ անուշիկ աղջիկ ունես: Հրո՞տ, այ, Հրո՞տ, ինձ հետ չե՞ս ուզում խոսես: Տես է, քեզ համար ամենասիրուն բուլկին եմ պահել, մեջը լիքը չամիչ կա: Կուզե՞ս իմ բաժակները ցույց տամ, սովորականները չէ, էն մյուսները, հա՞: Գոնե գլխով արա, թե չէ կգնամ կնստեմ այ էն ծուռտիկ աթոռին ու կթիկնեմ այնպես, որ ճխլվես:
Հրոտը կամացուկ հետ քաշեց թաշկինակն ու աննշան գլխով արեց: Ահեկանը մոտեցավ սենյակի ամենամեծ պատին գտնվող հսկա պահարանի մոտ, որ ճկռում էր բաժակների շատությունից: Այն հինգը մասի էր բաժանված: Բաժակները շարված էին կոկիկ ու տեղին: Հրոտը ամբողջապես դուրս եկավ թաշկինակի տակից, նայեց ու հասկացավ, որ իր դարակը դեռ փոքր է, իսկ մայրիկի դարակում բաժակներն անկարգ ու անմիտ թափթփված են, իրար գլուխ ելած, ու տեղերով փոփոխված այնքան, որ անճանաչելի է՝ որն ինչ է: Ու երբեմն մայրը կորչում էր այդ բաժակների մեջ մի քանի օր: Մարգացն ամեն անգամ խոստանում էր դարակներ գնել ու կարգավորել, բայց չի ստացվում ու չի ստացվում. դրա փոխարեն կարող էր մի քանի օր քնել ու հանգստանալ, ախ այդ երանելի ժամերը, որ կարելի էր չմտածել: Այդ ամբողջ մտքերից Հրոտի ձեռքերը բռունցք են դառնում, կարմրում է ու փրփրում:
-Մարգա՛ց, արա՛գ, արի՛, շո՛ւտ արա, թո՛ղ էդ բան ու գործդ, Հրոտը կարծես նոր բաժակի կարիք ունի,-ուրախ բացականչեց Ահեկանը,- էս մի բաժակն ինձ վրա, ամենաջղայնն եմ անելու,-ասաց ու զրնգուն ձայնով ծիծաղեց:
Բաժակներով լիքը այդպիսի դարակներ քաղաքի բոլոր Մարդերն ունեին իրենց տներում: Ամեն օր պահարանը առաջարկում էր՝ ինչ բաժակից կամ բաժակներից խմել, բայց Մարդերը նաև ունեին ընտրության հնարավորություն, որից համարյա թե չէին օգտվում:
Մարգացը լուսամուտից նայում էր մոր ու աղջկան, որ շրջում էին փողոցներով ու ման գալիս նկարչին: Մայրը նվաղել էր, իսկ աղջկա դեմքին գույն չկար, դեմք էլ, կարծես մահացած լիներ, բայց դեռ շրջում էր ողջերի աշխարհում, հագուստը պատռտած էր, մազերը՝ գզգզված, ինքը՝ լելոտ ու վրայից վառված հողի հոտ էր գալիս:
-Վայ բալես, ես քեզ մենակ թողեցի, ես քո համար սիրուն կանաչ դարյա էի ուզում առնեի, բալես: Անընդհատ կրկնում էր մայրը:
Նրանց ուշադրություն չէին դարձնում, երբ տեսնում էին, բայց բոլորը նրանց մասին էին խոսում ու այն տարօրինակ կենդանի արարածի, որ եկել էր ՕՆՕից՝ վերջինը:
– Արդեն բարկանո՞ւմ ես հա,- ուրախ ձայնեց Մարգացը,-լավ է, լավ է, քանի բարկանում ենք ու ուրախանում, ուրեմն ապրում ենք:
Նրանք մի քիչ էլ մնացին Ահեկանի տանն ու դուրս եկան: Ճանապարհին տեսան եկվորին, ու քիչ էր մնում գոռային վախից, բայց չէին կարող, որովհետև այդ օրը վախի բաժակից ոչինչ չէին խմել:
ՕՆՕի եկվորը տեղացիներից բարձրահասակ էր մոտ երկու անգամ: Ոչինչ չարտահայտող կապույտ ապակե աչքեր ուներ: Մեծ ականջներ ու քիթ: Բերանը չկար: Դոնդողանման թափանցիկ մաշկ, որի տակից երևում էին կաթնավուն ոսկորները: Ներքին ոչ մի օրգան: Փորի հատվածը տձև ուռած՝ անտակտ շուլալած վերմակի էր նման: Երեք՝ կանաչ, կապույտ, կարմիր երակ, որ փաթաթված էր փորին: Նա քայլում էր ու ոչինչ չէր նկատում, նա քայլում էր ու գոյություն չուներ, նա քայլում էր ու ոչինչ, ոչ մի բան, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չկար: Ճանապարհը կտրեցին մայր ու աղջիկ, որ քաղաքում էին հատուկ նպատակով, նկարչին էին փնտրում՝ եկվորին:
Մայրը տեսնելով նրան, կամացուկ մոտեցավ:
-Ինքդ էլ գիտես՝ մինչև չնկարես, չենք կարող, խնդրում եմ, արա դա, այս երկու օրը: Անպայման, արա, էլ չեմ դիմանում: Ցավում է, շատ:
Եկվորը նայեց նրանց ու ոչինչ, երբ նրանք հեռանում էին, հանեց ոտքի ոսկորներից մեկն ու շպրտեց նրանց վրա: Կինը հանգիստ վերցրեց ոսկորն ու հետ նետեց:
Այս դեպքի մասին սկսեցին խոսել ամենուր, եվ երբ եռագլուխ լեռը լսեց պատմություն ՕՆՕից եկվորի մասին, սկսեց լացել ու այնքան, լացել, որ արցունքները գետ դարձան: Գետը ձայն տվեց ու եկվորին լեռան մոտ բերեցին: Լեռը խնդրում էր պատմել ՕՆՕից, կամ նկարել գոնե, բայց ոչ մի արձագանք: Լեռը իր բերանը տվեց եկվորին ու եկվորը վերցրեց, բոլորը սկսեցին հարց ու փորձը, բայց եկվորը լուռ էր, որովհետև ոչինչ չգիտեր, ոչինչ չէր զգում, ոչինչ չէր կատարվում, ոչինչ էր:
….
Հեռու հեռվում թափանցիկ ու անմեղ ջրերի վրա երկու եղբայրներն ու քույրը քաղաք կառուցեցին ճեփ-ճերմակ պարիսպներով: Մաքրամաքուր սպիտակ քարերով տները կառուցվեցին առատ խոտի ու աջ ու ձախ հավեսով կանգնած բարձրաբերձ ծառերի արանքներում, ուր հողը հատուկ նախապատրաստվել էր նրանց համար: Քաղաքը կոչվեց ՕՆՕ: Եղբայրներն ու քույրը, օր ծերության, աստղերին խնդրել են լեռ դառնալ, որ հավերժ պահպանեն քաղաքը: Աստղերը լսել են նրանց ու ի պատասխան նրանց ստեղծածի, երբ լեռ են դարձնում, շնորհում են աչքերով ու բերանով, որ նրանք կարողանան հսկել քաղաքն ու երբեմն-երբեմն խորհուրդներ տան: Եռագլուխ լեռն օր օրի փթթում էր մատղաշ անուշ խոտի ու գույնզգույն ծաղիկների մեջ էր թաղված շուրջբոլորը, մարդիկ ուրախ ու երջանիկ էին՝ առտնին հոգսերով ու գործերով խառը: Ջուրը այնքան մաքուր ու ջինջ էր, արևն այնքան վառ, այն մտնում էր բոլորի տներն ու լցնում մարդկանց բորբ ու տաք երազներով, երկինքը վառում էր երևակայության կրակն, ու ամեն ինչ գլորվում էր կանոնավոր հունով:
Բայց մի օր քաղաքում, ուր լուսամուտները ամեն առավոտ խմորներ էին դառնում, ընդամենը մեկ լուցկու հատիկ վնասված իջավ երկնքից: Այդ քաղաքում գործը կոծկեցին շատ արագ ու թվաց՝ ամեն բան կարգին է, բայց լուցկու մեկ սխալ հատիկը շղթայական սխալներ ստեղծեց, և կուտակվեց, կուտակվեց… մեծացավ, ծանրացավ: Ու: Պայթեց: Պայթեց ուժեղ: Պայթեց դժգույն: Բաժանվեց միլիարդ կտորների ու լրբացավ: Ռումբի պես փշրվեց ՕՆՕի վրա: Մարդիկ փախան տներից, ու պրծում չկար, մարդիկ դարձան սև-սպիտակ ու պրծում չկար, մարդիկ վազելով, հրելով, գոռալով ու սաստիկ վախեցած դեպի լեռ ելան ու փախուստ չկար: Ու տխուր սեև-սպիտակ, սև-սպիտակ մարդիկ՝ երկարափեշ կանայք, լայնեզր գլխարկով տղամարդիկ չորեքթաթ, անասունի պես, ելնում էին գույնզգույն ծաղիկներով լեռը, որ ապրեն, որ մնան:
-Ցած գլորվեք ու ողջ կմնաք,-ձայնեց մեկը:
Բոլորը ձայնի կողմ թեքվեցին, բայց ոչինչ չտեսան, հավատացին, պառկեցին, ձեռքերը խաչեցին կրծքերին ու ցած գլորվեցին: Գլորվելուց մարմինները՝ մինչև գլուխ սպիտակ սավանով փաթաթավեցին, իսկ ում բախտը չբերեց ներքև հասավ մաշկազերծ, ու մեռան մարդիկ, ու մեռան նրանք, ու անգամ թաղող չունեն:
Մի սիրունատես և արևավառ մազերով աղջիկ փոքրացավ, փոքրացավ ու տեղավորվեց մի նեղ փոքրիկ անցքում: Մեկը, ով չէր հետևել մարդկանց թռել էր ջուրը, սպիտակ սիրուն ջրից արյունի համ էր տարածվում ու պղտոր պղտոր արտացոլանք՝ մեջը լիքը սավանավորված դիակներ, գլուխ, ոտքեր, ձեռքեր, աչքեր, ականջ, մի քանի ոսկոր,… Մեկը ողջ մնաց, ու ջրերը խղճացին նրան ու առան ձեռքից ամեն բան, ու փափկեցրին մաշկը ու մաքրեցին գույներից, դարձրին թափանցիկ, ու ոսկորները շարժական, ու տարան բերանը, ու ապակի դրին աչքերի փոխարեն…
…
Առավոտ կանուխ տների լուսամուտները փքվում էին ու չամիչոտվում: Ժիր, կարմրաթուշ Կանայք Մարդերը հավաքում էին խմորն ու համով բուլկիներ թխում ու լուսամուտից նայում թե ինչպես է մի կին բռնել իր փոքրիկ աղջկա ձեռքը, սաստիկ հուզված ՕՆՕի նկարչին է փնտրում:
Հազիվ տեսավ:
– Խնդրում եմ, շատ եմ խնդրում նկարի աղջկաս, մինչև չնկարես, թաղել չեմ կարող, մեղկ է:
Բայց նա էլ հասկանում էր, որ ասածը հիմարություն է. աղջիկը դեմք չունի, ինչպե՞ս պետք է նկար անեին, ու մայրը գիտակցում էր, որ իր սիրուն արևավառ աղջիկը ընդմիշտ թափառելու է ողջերի ու մեռածների աշխարհում մենակ: Բայց նա քայլում էր ամեն օր փողոցներով ու նկարչին փնտրում, որ նկարի աղջկան:
Ասում են՝ եկվորը հենց այն մեկն էր, ով մտել էր էն անմեղ ջրերի մեջ ու ողջ մնացել, նա այլևս ոչ ոք էր, առանց հիշողություն, առանց մարմին, առանց մաշկ, առանց օրգանիզմ ու առանց հոգի, միայն գիտեր հին ՕՆՕական զարդանախշեր նկարել… որովհետև ամեն բան իրար հետ կապված է, ամեն բան և՛ կա, և՛ չկա, ամեն ինչ և՛ ուրախ է, և՛ տխուր, ամեն ինչ սկսվում է ու ավարտվում, որովհետև ամեն ինչ մնում է, որովհետև հարցը լինելն ու չլինելն է:
……
Իսկ միգուցե եռագլուխ լեռը երբեք ոչ մի տեղ չի գնացել…եսիմ