Մհեր Արշակյան | Ուրիշները

Մեֆիստոֆել էր ամեն ոք,
որից բառն էր հալվում անհոգ:

Որից անուն, դեր էր մուրում
նախկին ասպետը կամ գուրուն:

Որից տկար մի առասպել
դառնում էր հենց նոր ապրած սեր:

Որից աղջիկն էր մանկանում,
և վրձինը բռնում քամուն:

Ես, ես տեսա ամեն մի բան
մարդու դեմքին և հոգում բարդ:

Տեսա կանգնած ակնթարթում
էլ ավելի կարճ սեր: Չէ, թույն:

Տեսա հունը վարար բախտի`
թիթեռնիկի աչքում, ձախից:

Տեսա մի բառ անհավասար`
ոչ ականջի համար ասած:

Տեսա սպիտակը անհասցե
ինչ-որ սրտում` վերքի պես սև:

Ինքնահնար տեսա հերթով
ուրվականներ սիրուց հետո:

Մեֆիստոֆել է ամեն ոք
կամ ոչ մեկը` մահվան օրոք:

Ես եմ`այսքան առանց տեսիլք,
մանկատխուր մահվան կեսին,

ես` խարույկի մեջ անըսկիզբ,
թավալ եկող սառցի կսկիծ:

Տեր խաղացի սիրո մեջ թարս`
խեղկատակի հոգով մտած:

Իմ դերերում ներփակ ու նեղ
ինձ են խաղում ուրիշ նույններ:

Մեկն` հեզանազ, մյուսը` փնթի,
եռամեծար իջմամբ խրթին,

մեկը` ընտիր մի մերձավոր,
մյուսը մարմին ունի հայցվոր,

էլի մեկը` հոդաբաշխ լույս,
մյուսը` մտնող մութ ապակուց,

Մեկը կույսի իր ծարավով,
մյուսը` հենց կույս Աղեղնավոր:

Այսպես մեղքով` աչքերը բաց,
թիկունքներով նույն ավետյաց,

նենգ ծարավով հարսնատեսի,
հուշիկ, ինչպես հարս կամ կես կին,

կամակատար մի համբույրով
շռայլում են իրար կիրք, գովք:

Չէ ոչ մեկը դեռ նրանցից
դևի կրքերով փոխանցիկ

ինձ խցանել իմ սրտի մեջ…
Այս եմ` Ֆաուստ մի ինքնամերժ:

Ահա այսպես ինքս ինձնից
մեկ մարդ պակաս ու մի քիչ` քիչ,

առատաձեռն անգոյությամբ
պիտո է, որ լինեմ խցան

Ալեքսանդրի մահվան հետքով:
Այլ է հիմա կյանքն ինձ հերքող,

ես` հոշոտված, ես` մեկուսի,
ես` վարակված ինձնով` ես-ից,

ես արդեն կամ, կյանք է եռում
իմ աչքերից, սրտից հեռու,

ամենն այստեղ ու այս պահին
հրաժարվում է իմ մահից:

Եվ ամեն ոք ինձնից հեռու
Մեֆիստոֆել է լինելու:

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *