Նառա Վարդանյան | Սերը

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Նառա Վարդանյան | Սերը

Ապրում եմ խրուշչովկա շենքերից մեկի հինգերորդ հարկում: Գնում եմ գործի, գալիս, ընթրում, հազվադեպ նախաճաշում, կատու եմ պահում: Մայրս, քույրերս երբեմն գալիս տունս մաքրում են, որ կարողանամ գրել: Եթե շուրջս կեղտոտ էր, և՛ չէի հավաքում, և՛ չէի գրում: Գրելուն խանգարում էր կեղտոտ տունը, հավաքելուն խանգարում էր ծուլությունս: Կատու եմ պահում, որովհետև ինքն է իրեն լվանում, մաքրում, սիրունանում: Սիրուն կատու է, մորթին մոխրագույն, աչուկներն ավելի մոխրագույն: Պատուհանագոգին արևի տակ պառկել էր: Արևի տակ ավելի սիրուն է: Լուսանկարում եմ, չխկոցից մոխրագույն աչուկները փակում, կծկվում է: Մայրս եկել, վարագույրները հանում, տանում է լվանալու: Ասում է. «Գրողները ծույլ մարդիկ են, մենակ թողնես ամբողջ օրը պարապ նստեն, մտածե՜ն, մտածե՜ն: Թե ինչ են էդքան մտածում՝ երկու անգամ երկու հավասար է չորսի էլի»: Ես էլ հայելու առաջ կանգնել, մազերիս մեջ սպիտակ մազեր եմ գտել, պոկում եմ: Համ պոկում եմ, համ ասում՝ «Մամ, բա ճնճղուկների մասին ի՞նչ կասես», ինքն էլ՝ «Ճնճղուկը թռչուն ա, ընդամենը թռչուն», ու լուսամուտներս ավելի կատաղի է մաքրում: Պատուհանից այն կողմ էնքան թափանցիկ էր, որ գլուխս խփեցի ապակուն բակ նայելու համար: Դուրս եմ գալիս պատշգամբ: Իմ շենքի դիմաց էլի հինգերորդ հարկի պատշգամբում կին է նստած: Սպիտակ մազերով: Ծխում է: Մեր շենքերն այնքան էին մոտ, որ կարող էի տեսնել իր ծխելը, բայց չէի կարող տարբերակել սիգարետը հաստ, թե՞ բարակ է, ծուխ դուրս գալի՞ս է, թե՞ չէ:

Էլի ապրում եմ սովորական մարդկանց նման, գնում եմ գործի, գալիս եմ, գիրք եմ կարդում: Մայրս բերել մաքուր վարագույրները կախել է: Այս ամիս ընտրել եմ կանաչ վարագույրներ: Մի սիրուն սնդուկ ունեմ: Մեջն՝ ըստ տրամադրության ընտրած, կարած վարագույրներ: Ընդհանրապես վարագույրները կարևոր են ինձ համար: Պաշտպանում են ըստ գույնի, թափանցիկության, ծաղիկների, սև ու սպիտակ պուտերի: Սնդուկիս մեջ ուրիշ իրեր էլ կան՝ շալեր, իմ փոքր ժամանակվա՝ տատիս գործած գուլպաները, արծաթե մատանիներս, սնդուկի մեջ փոքր սնդուկով նարգիլե: Կողքին թավջութակս է: Ճիշտ է, էդպես էլ նվագել չկարողացա սովորել, բայց որ գեղեցիկ է, մի անկյունում դրել ու պահում եմ: Կնոջական բարակ իրանը, նեգրուհու դարչնագույն մարմինը, պիրկ լարերը. մի խոսքով, սիրուն ա, դուրս գալիս ա, պահում եմ: Մայրս երբեմն կոպտորեն դրա փոշին էլ է մաքրում: Սենյակում լուսամփոփի համար տեղ եմ թողել: Տեսել եմ, պիտի առնեմ, մեծ, սիրուն, դարչնագույն ծոպերով:
Հիմա կանաչ վարագույրը ափերիս մեջ հավաքում եմ, նայում եմ, դիմացի շենքի կնոջ տանը աղոտ լույս կա: Վարագույրը քաշում եմ, աթոռս դնում հենց պատուհանի դիմաց, նստում, Մաքուրիկը մռռալով գալիս գիրկս, կծկվում է, շոյում եմ, մատներս մորթու մեջ շոշափում են նրա դռռոցը: Ինքը գրկումս դռռում ա, ես մտածում եմ: Մտածելն, ասում են, գրելու համար անհրաժեշտ ա, բայց դե հո չեմ մտածում, պառավիկիս եմ հետևում: Տան մեջ դանդաղ գնում-գալիս է: Վարագույր չունի: Պատուհաններն այդքան էլ մաքուր չեն: Ճանճերի կեղտից սպիտակ փառ ա կապել: Տանն էլ ուրիշ մարդ չի երևում: Ոնց որ թե մենակ է ապրում տիկինը: Դե, մենակությունը լավ բան է: Երբ ուզում արթնանում ես, ոնց ուզում շրջում ես տանը՝ մերկ, կիսամերկ, նստում, վեր կենում: Հա, ինձ դուր ա գալիս մենակությունը:

Էլի ապրում եմ սովորական մարդկանց նման, գնում եմ գործի, գալիս եմ, ընթրում եմ: Աթոռը դնում եմ, կարմիր վարագույրը քաշում եմ, հավաքում մի անկյունում ու նստում պատուհանի դիմաց: Առավոտյան տատիկը գիշերանոցով պատշգամբում նստած էր: Երևի թեյ կամ սուրճ էր խմում, երևի, որովհետև մեր շենքերի հեռավորությունն այնքան էր, որ դժվար էր տեսնել ձեռքինը թեյի՞, թե՞ սուրճի բաժակ է:
Հիմա երկար եմ նստում: Սպասում եմ կնոջը: Չկա: Անհանգստանում եմ: Նրա սենյակը հեռուստացույցի լույսի չափ լուսավորվեց. ընկերուհիս ողջ է: Տեսնես ի՞նչ է նայում կինը. սերիալ, կինո, մուլտ, ֆուտբոլ: Դիմացի շենքում շատ ապրողներ կան: Չորրորդ հարկում նորածին կա, երեկ տեսա: Մայրը պատշգամբում կուրծք էր տալիս: Ընդհանրապես հետաքրքիր է, ոնց որ ընթացող ավտոբուսի պատուհանից մարդկանց անցուդարձին հետևես: Բայց էս անգամ ճանապարհ էր ընկել փողոցը, ոչ թե ավտոբուսը: Մարդի գնում են, գալիս են, ուտում են, քնում են, արթնանում են, երազում են, փռշտում են, լացում են, ծիծաղում են: Նույն, նույն, ձանձրալի, սովորական մարդիկ:
Պատշգամբում այնքան նստեցի, մինչև կինը վեր կացավ, հեռուստացույցն անջատեց, տունը մթնեց: Բարի գիշեր:

Առավոտյան գիշերանոցն էր փռում: Գիշերազգեստը չէր փայլում մաքրությունից: Չէ, մայրս էդպիսի հարցերում զգոն է: Էնքան ժավել ա լցնում լվացքին, մինչև դիմացի հարևանները գովեն՝ ամենամաքուր լվացքն էս հայաթում Անոյինն ա, ու ինքը երջանկանում էր, երջանկանում էր:
Հիմա էս խեղճ պառավիկս լվացք ա փռում: Էնքան դանդաղ, էնքան դանդաղ, ձեռքերը դողում են, իհարկե դա տեսնել չեմ կարող, բնազդորեն հասկանում եմ: Մինչև լվացքի պարանի վրա մի ծայրը դնում էր, մինչև ամրացնում էր, քամին մյուս ծայրը պոկում էր, կախվում էր, նույն գործողությունը սկզբից էր սկսվում. պինդ պետք է ամրացնես, կի՛ն, պինդ, ուժե՛ղ սեղմիր: Մի խոսքով, մինչև մի հատիկ գիշերանոցը փռեց, ես քրտինքի մեջ կորա ու գործից էլ, իհարկե, ուշացա:

Նոր առօրյա: Արդեն սովորական մարդկանց նման միա՛յն գնում էի գործի, գալիս էի, որովհետև ես ունեի իմ կարևոր, թաքուն, սիրուն պառավիկին: Իմ ու նրա պատշգամբների արանքում ակացիաներ կան: Սպիտակ ծաղկել են: Եթե օդում կարողանայի քայլել, ոտքերս ակացիաներին դնելով, հետո փողոցն անցնելով, հետո ակացիաներին դնելով, նրա պատշգամբում կհայտնվեի: Այ էսքան էր հեռավորությունը իմ ու նրա տան՝ ակացիա, ճանապարհ, ակացիա:
Այո, այսօր մեր նոր ընկերուհին հյուրեր ունի: Նարգիլեն պատրաստում եմ, հանդիսավոր դնում կողքիս, կատվին գրկիս՝ հետևում եմ դիմացի շենքի տան անցուդարձին: Երևի թոռներն են: Դուրս եկան պատշգամբ: Տատը հետևներից, ծուլորեն, դանդաղ: Նստեցին: Նրանցից բոյովը տատի գլուխը քնքուշ շոյում է, շոյում է սպիտակ, սպիտակ գլուխը: Ես ելակի համով տաք նարգիլեն մինչև թոքերիս խորքերը քաշում եմ, հաճելի թմրում եմ: Կնոջ հարսն է կամ աղջիկը. լվացք է փռում: Ճարպկորեն, արագաշարժ մատները երեք րոպեում չորս պարան լվացք են փռում: Պառավի շորերն են՝ ժանեկազարդ կիսավարտիք, մի քանի հատ սև շրջազգեստ, մի հատ էլ փարաջանովյան գույների խալաթ: Կեցցե՛ս, տատ: Գույն ես զգում:

Երեկոյան շտապելով, փոքր հեռուստացույցը թևիս տակ՝ տուն եմ գալիս: Սովորական մարդիկ պետք է տանը հեռուստացույց ունենան, երեկոներին ընտանիքով ֆիլմ դիտեն, ամենակարևորը՝ լուրեր լսեն կամ նայեն: Ամենակարևորը: Մարդկանց թվում է՝ եթե աշխարհից տեղյակ չլինեն, աշխարհում առանց իրենց ինքնաթիռ չի կորչի, ջրհեղեղ չի լինի, լավաներ չեն պայթի, կռիվ-կռիվ չի լինի: Դա իրենց գոյությունը կարևորող լուրերն են: Քեռուս տղան ծառայում էր, մայրը պարտաճանաչորեն «Զինուժ» էր նայում: Երկրի մի ծայրում որդին էր ծառայում, մյուս ծայրի զինվորների զորավարժություններն էին ցույց տալիս, բայց քեռակինս նրանց մեջ իր որդուն էր փնտրում, համառորեն, ավելի մոտիկ էր նստում հեռուստացույցին, մի անգամ իրենց տանն էի, գտել էր կարծես, թռչկոտում էր հեռուստացույցի առջև:
Մերոնք տեսել էին հեռուստացույց էի առել, զարմացել էին՝ դու ո՜ւր, տելեվիզր նայելն ո՜ւր: Սպասում եմ մթնի, իմ սենյակի լույսն էլ եմ անջատում, որ պառավիկի հետ հեռուստացույց նայեմ: Լույսի թրթռոցը, գույները բռնացնում եմ նրա սենյակի լույսի թրթռոցի, գույների հետ: Այս չի, այս չի, այս չի: Ահա, համընկավ ոնց որ. կեցցե՛ս, պառավիկ, «Կուլտուրա» ես նայում: Իա, էս ֆիլմը նայել եմ: Հաննեկեի «Սերն» է: Կեսն անցել է: Էս ֆիլմն անգիր գիտեմ: Էս ֆիլմը կսպանի տատիկիս: Ախր, այ կին, լավ էլի: Մի՛ նայի, խնդրում եմ: Տեսնես էն կադրերը տեսե՞լ ա, որտեղ նախաճաշում են, ամուսնու համար ձու ա սառեցնում: Կամ էն, որ ամուսինը վախենում ա կնոջ դատարկ հայացքից: Ուֆ, պետք չի քեզ: Անջատի, սիրունս, մի նայի էլի, խնդրում եմ: Ուզում եմ աշխարհի լույսերն անջատեն:
Պառավներով հավաքվել են: Դերասանը ութսունհինգ տարեկան է, դերասանուհին՝ ութսուն, ռեժիսորը՝ յոթանասուն: Նրանք բոլորով երկու ժամ, աշխարհն անսահման սիրելով, դանդաղ հանգում են էկրանի մյուս կողմում: Հիմա էն տեսարանն ա, որ ամուսինը անդամալույծ կնոջ մեռած ոտքը մարզում ա: Ֆիլմում չկա շոկային տեսարան, բայց ռեժիսորը շշուկով, գալիս ականջիդ տակ նստում ա ու երկու ժամ բացատրում՝ հասկացեք, մենք բոլորս էլ մեռնելու ենք, մահը խայտառակ բան ա, էնպես որ ծերությունը ստոր վերաբերմունք ա մարդու նկատմամբ, ու մահը ոչ թե ցավ ա, այլ վիրավորանք, ձանձրալի վիրավորանք: Էդ ֆիլմին էնքան էի կապվել, որ տունս համարյա ձևավորել էի ֆիլմի տան նման. գրադարակները, հյուրասենյակը, խոհանոցը, վարագույրները, նույն փայտե աթոռներից էի պատվիրել: Այնքան գեղեցիկ էր տունը. տունը, որտեղ դժվարությամբ մահանում էր կինը, գեղեցիկ տանը դժվար է մեռնել:
Ուզում եմ կինը չնայի էդ ֆիլմը, երբեք չնայի: Ի՞նչ անեմ: Գնամ նրա տուն: Գիշերվա կեսին կասեմ սխալ եմ եկել, մուրացիկ ձևանամ:
Հիմա էլ Աննայի ամուսինն ուզում է տուն ընկած աղավնուն բռնի: Կինն էլ մի անգամ էդպես ընկել էր միջանցքում: Ամուսնու ծնկները դողում են, ցավում են, հոգնում է, հուսահատ է: Կյանքը պատահաբար նրա տուն է մտել, նա այլևս ուժ չունի: Տեսնես ի՞նչ է զգում անուշիկ պառավիկս. նա չի դիմանա, ֆիլմը էսպես թե էնպես իր մասին էլ է: Վերջ: Չի դիմանա խեղճը, պետք է նրան փրկել: Կատվին գրկում, դուրս եմ գալիս:

Սովորական մարդկանցից էլ, ամենասովորականներից էլ տխուր ու հոգնած եմ արթնանում: Երեկոյան իհարկե գնացի: Հասա նրա դռան դիմաց: Երաժշտության ձայն էր գալիս, թավջութակի դառը մզզոց: Ֆիլմն անգիր գիտեի, էդպիսի երաժշտություն չկար, էնտեղ Շուբերտ էր: Լսողությունս ավելի եմ սրում, բայց կատուն անհանգիստ էր գրկումս, հա ուզում էր փախչել: Կատվին հետս վերցրել էի, որ մթնում մենակ չլինեմ: Սա էլ անընդհատ հոլի պես պտտվում էր, համ էլ մռռում: Նրա դռան դիմաց ձեռքերս, պարանոցս ճանկռեց: Շոյում էի, ավելի էր կատաղում: Ծղրտաց, պոկվեց – փախավ գրկիցս, հետևից մթան մեջ պատերը շոշափելով փորձեցի հասնել: Մինչև շքամուտք իջա, չկար Մաքուրիկը:
Տուն եկա մենակ: Մի քիչ վախեցած էի: Նրա տանն այլևս լույս չկար: Միացրի հեռուստացույցը, ֆիլմն ավարտվել էր: Համարյա չեմ քնել: Ամբողջ գիշեր երազում մեկն ինձ բարձերով խեղդում էր:
Հիմա դուրս ա եկել, պատշգամբում նստել, սևեռուն մի կետի ա նայում: Գնաց ներս: Սենյակի լուսամուտները բացել, երկու թևը կիսածալ հենել է լուսամուտներին, կանգնել մեջտեղում: Շնչում էր: Արևն ընկել էր դեմքին, աչքերին, պարանոցին: Սպիտակ գիշերանոցով էր: Գլուխը բարձրացնում է վերև, աչքերը փակ՝ շնչում է: Շնչում է: Աչքերը փակ են: Երևի կոպերը թափանցիկ են, մանր, բարակ երակներով: Հազիվ եմ ինձ զսպում, որ չլուսանկարեմ նրան էդպես չքնաղ, էդպես սիրուն, աչքերը փակ, արևով հագեցած: Հազիվ եմ ինձ զսպում ընդհանրապես, որ չգնամ, չփաթաթվեմ նրան, չգրկեմ:

Կանգառին մոտիկ մի կին, ճպռոտ աչքերով մոտեցավ. «Աղջի՛կս, դեղիս փողը կորցրել եմ, աչքերս լավ չեն տեսնում, հինգ հարուր դրամ կտա՞ս՝ դեղն առնեմ, թե չէ տուն չեմ հասնի»: Մուրացկանությունն էս տեսակ էլ ա լինում, մեկը լացում ա, մեկը ծիծաղում ա, որ փող պոկի: Բայց խղճացի, ասում եմ՝ դե իհարկե չես վերադարձնի, բայց վերցրու: Ու շտապ հանում եմ կոպեկներիս միջից հինգհարյուրանոցը, տալիս նրան: «Չէ՛, վաղն անպայման կտամ, հենց էս ժամին արի, կտամ բալես, ապրես, զորանաս»: Ինքը դեռ խոսում էր, ես շտապում եմ գործի՝ չէ մի չէ, կտաս: Աշխատանքի վայրում վերջին զգուշացումն է, անընդհատ ուշանալու համար կհանեն գործից: Տնօրենը հետս նրբանկատ, բայց խիստ է խոսում: Չեմ ուզում ասել, որ տանը ծեր կին եմ խնամում: Տնօրենը ցրված վիճակիցս ավելի է լարվում, լռում է, հետո խիստ՝ օրվա անելիքն էր հանձնարարում: Նկատում եմ, որ բոլորի մեջ պառավիկիս եմ փնտրում: Պարանոցս մրմռում ա Մաքուրիկի ճանկռոցից:
Տատս ծնողներիս հարևանությամբ էր ապրում: Գնացել էի օգնեմ՝ գա. անցած ամիս քրոջս ծնունդն էինք նշում: Ասաց հիվանդ ա, չի ուզում դուրս գալ տնից. «Տատ, որտեղդ ա ցավում, ասա՝ բժիշկ կանչեմ»: «Բալա՛ ջան, ոչ մի տեղս էլ չի ցավում, որ հազում եմ կամ փռշտում, մի վեդրո շռում եմ, ամոթ ա, վրիցս գոզահոտ ա գալիս»: Ամոթ ա: Հաննեկեն էլ ա ասում՝ ծերությունն ամոթ ա: Ու ես մտովի ամեն առավոտյան, երեկոյան ընկերուհուս լվացացնում եմ, լողացնում, որ վրայից գոզահոտ չգա:

Նրան փողոցում տեսած օրը գործից շուտ էի եկել, արդեն համարյա ամեն օր շտապելով եմ տուն գալիս: Պատշգամբից նայեցի, լուսամուտները փակ էին, նրա տանը ոչինչ չէր կատարվում: Նստեցի պատշգամբում: Ուզում էի նրա նման շնչել, բայց դեռ կհասցնեմ: Սիգարետ եմ վառում: Մեկ էլ տեսնեմ դիմացի մայթում պառավիկիս փարաջանովյան խալաթով մեկը զբոսնում է: Դանդաղ, դանդաղ: Սպիտակ գանգուրները նման էին պառավիկիս մազերին: Ակացիաները մի քիչ խանգարում են: Մի քանի քայլից շրջվում է, ետ քայլում: Ինքն է: Աստված ջան: Ուրեմն երեկոներին էլ զբոսնում է: Մենակ: Վազում եմ, շտապ իջնեմ, նրան մոտիկից տեսնեմ: Ոտքս Մաքուրիկի ջրամանի մեջ ա ընկնում, ջուրը թափվում ա, սայթաքում եմ, ու միջանցքի երկարությամբ փռվում գետնին: Ծունկս ցավում է: Վեր եմ կենում, միջանցիկ քամին դուռը շրխկացնում, ապակիները լրիվ ջարդուխուրդ ա անում: Սենյակիս լուսամուտի ապակիները լրիվ փշրվում են: Ակացիայի հոտը տուն է լցվում: Զգույշ հավաքում եմ ապակիները: Նայում եմ դուրս: Նա չկա: Մի քանի վարագույր իրար վրա մեխում եմ փեղկերին, բայց մեկ է, ցուրտ է: Կգնամ քույրերիս տանը գիշերելու: Մենակ մնալու առավելություններից. որտեղ ուզում գիշերում ես:

Ծնկիս ցավի պատճառով լավ չեմ քնել: Երթուղայինից իջնում եմ, կանգառում տեսնում ճպռոտ մուրացկանին: Ինձ չի տեսել: Անհանգիստ է երևում: Թաքնվում եմ, որ տեսնեմ՝ ոնց է աչքերը բուժելու համար փող ուզում ուրիշներից: Հինգ րոպե, տասը րոպե, ոչ մեկին չի մոտենում: Ոտքերը քարշ տալով դանդաղ էս կողմ, էն կողմ ա գնում: Ժամացույցը գրպանից հանում, նայում, նորից գրպանն է դնում: Էսօր իբր շուտ էի դուրս եկել, որ ժամանակին հասնեմ աշխատանքի: Նա ոչ մեկից փող չի ուզում: Որոշում եմ մոտենալ: Ինքն ավելի շուտ է նկատում ինձ: Ոգևորված առաջ ա գալիս, աչքերը խոնավացած փայլում են: Ափի կնճիռների միջից փողը մեկնում է՝ «Էկա՜ր, վերցրու, բալե՛ս, շատ ապրես»: Շշմում եմ: Մարմինս վրա ինչքան մազ կա, բիզ-բիզ կանգնում ա: Չէ՛, պետք չի, մի՛ վերադարձրու անուշս, քրքրում եմ գրպաններս, շատ չունեմ, երկու հազար դրամ, առ, էսքանն ա, վերցրու, դեղ կառնես: Չի վերցնում: Հինգհարյուրանոցը դողալով դնում է ափիս մեջ: Գրկում եմ ճպռոտիկիս: Պինդ գրկում եմ: Գոզահոտ չի, բայց էն հոտն ա, որ բոլոր ծեր մարդկանցից գալիս ա: Լաց եմ լինում: Ինքն էլ ա լացում: Հոտի պատճառով սկսում եմ սնքրտալով լաց լինել: Վատն եմ, վատն եմ անուշս, շատ վատն եմ, կներես: Մեռնելս գալիս ա:
Մի ժամ թե երկու ժամ Սարյանի այգում նստում եմ: Չեմ ուզում գնալ գործի: Հեռախոսիս դռռոցից սթափվում եմ: Տնօրենս զանգում ա: Չեմ վերցնում: Համառորեն զանգում ա: Անջատում եմ հեռախոսս: Գնամ տուն, շուտով պառավիկիս զբոսնելու ժամն է:

Հիմա մեր շենքերի արանքում մայթի նստարանին նստած եմ: Երեկ էս ժամին էր դուրս եկել, էստեղով էր քայլում: Ծերուկների խումբ է զբոսնում: Մի հինգ-վեց հոգի: Դժվար են քայլում: Բոլորն էլ: Ոտքերները հազիվ են բարձրացնում, համարյա չեն բարձրացնում, քստքստացնելով քայլում են: Երևի ժամանակի ընթացքում, երբ քայլելիս ոտքերդ չես բարձրացնում, ետևի մկանները սկսում են թուլանալ, էլ չեն աշխատում: Ավելի հետո էլ չես կարողանում բարձրացնել ոտքերդ: Հենց հասնում են իմ նստարանին, սկսում են գոռգոռալով խոսել, իրար հրել, բարձր ծիծաղել: Մեկի ձեռքին էլ մի քանի հատ կիսահաս ծիրան կար, լցրեց գիրկս՝ «Դու ջահել ես, ատամ ունես, կեր»,- ասաց ու արագ քստքստացնելով միացավ իր ծանրաքայլ երամին: «Թոշակիդ կեսը գիրկը լցրիր, այ բիձա, ծիրան չկա էս տարի»,- կատակեց երիտասարդ ծերուկներից մեկն էնպես, որ լսեմ: Մթնում էր: Տուն գնացի: Կինը չեկավ:

Արդեն երեք օր է կինը չի երևում: Առավոտները պատշգամբ դուրս չի գալիս: Մինչև ցերեկվա մեկը սպասում եմ, չկա: Գնում եմ գործի: Երեկ նրա տանը մարդիկ կային: Երեկոներին լույսը վառվում է: Շտապ վերադառնում եմ: Քույրս եկավ երեխեքի հետ: Հատուկենտ բառեր ենք փոխանակում: Երեխեքը գրիչներիս տուփը վերցնում են, թղթերս խառնում են: Նյարդայնանում եմ: Քույրս կապույտ գորգը մաքրում ու անընդհատ դեմքիս ա նայում, չի դիմանում. «Պատուհանի մոտից էս կողմ արի, եկել ենք հետդ մի երկու բառ խոսենք, գնանք, էլի կնստես պատուհանիդ մոտ, վա՜յ»: Նյարդայնանում են: Ասում եմ՝ դուրս եկե՛ք, գնացե՛ք: Որպեսզի շատ խռով չգնան, իջնում եմ նրանց ճանապարհելու:

Արդեն մի շաբաթ աշխատանքի չեմ գնում: Ուշացումների, ցրվածության պատճառով ասել են ինքնակամ դիմում գրեմ: Բանաստեղծության նման դիմում գրեցի, բոլորի հետ գրկախառնվեցի, համբուրեցի, դժվարությամբ շենքից դուրս եկա: Ճանապարհին մտա խանութն, ուր տեսել էի փարաջանովյան գույներով մի գեղեցիկ զգեստ: Գնեցի: Մի շաբաթ է պատուհանի առջև նստած՝ ուտում եմ, կարդում եմ, արագ զուգարան եմ գնում, վերադառնում, նորից նստում, սպասում պառավիկիս: Մի շաբաթ է չկա: Հազվադեպ մարդիկ են երևում տանն ու չքանում: Ուզում եմ, բայց չեմ որոշում գնալ նրա տուն: Անհասկանալի վախ եմ զգում:
Զանգում են գյուղից: Հորաքրոջդ ինսուլտ ա խփել: Բոլոր հարազատներին տեղյակ են պահում: Հորքուրիս աղջիկը լացով ասում ա՝ «Պատուհաններն եմ լվանում, էստեղեք եմ մաքրում, ասել են հույս չկա: Մղկտում եմ: Բոլոր մոտիկներին տեղյակ եմ պահել, որովհետև մի աչքը բաց ա: Սպասում ա: Չգիտենք ում ա սպասում: Տեսնես էս ո՞ւմ ա սպասում: Բոլորին տեղյակ ենք պահում: Գան հավաքվեն, էդ մի աչքն էլ փակի: Էլ չեմ կարում նայեմ միաչքանի մորս»:
Ես կայծակնորեն գլխի եմ ընկնում, որ պառավիկիս էլ ա ինսուլտ խփել: Պառավիկս էլ մի աչքը բաց աշխարհին է նայում: Մեկը փակ, մեկը բաց: Ինքն էլ է սպասում: Մի աչքով սպասում է: Ինձ: Դժվար եմ գիտակցում ակնախոռոչի մեջ պտտվող, փնտրող, կարոտող, լացող, ծիծաղող, մենակ-մենակ աչքի գոյությունը: Պիտի գնամ: Արագ հագնվում եմ: Կնոջ տուն: Հաստատ ինսուլտ ա խփել: Տես, ինքը չի կարողանում վեր կենա, քայլի, հատուկենտ մարդիկ էլ գնում-գալիս են: Ինքն ինձ է սպասում:
Ահա, իջնում եմ աստիճաններով, քայլում եմ մայթով, հետո փողոցն անցնում եմ, չեմ ընկնում մեքենայի տակ, ուրեմն դեռ գնում եմ: Իրերին ու իրադարձություններին հետևում եմ այնպես, որ մանրուքները հետո-հետո, շատ հետո հիշեմ: Իր մուտքից մի տղամարդ դուրս եկավ աղբը ձեռքին: Հասնում եմ շքամուտքին, բարձրանում հինգերորդ հարկ: Հարկերի աստիճանները մաքուր են: Երրորդ հարկից մի աղջիկ երեխեն գրկին դուրս եկավ: Ամեն թխկոցից վեր եմ թռչում, թեև ոչ մի գրամ չեմ կասկածում, որ կինն իմ հարազատն է: Վստահ եմ գնում: Հասնում եմ իր դռանը: Դռան տակով մրջյուններ են գնում-գալիս: Նախորդ անգամ մութ էր, շատ բան չեմ տեսել: Հիմա աստիճանների մոտ ծաղկամաններ կան, սպիտակ ծաղկած կակտուսներ են: Հրում եմ դուռը: Բաց է: Ձայն չկա: Մտնում եմ ներս: Սիրտս արագ-արագ խփում ա: Չգիտեմ քանի րոպե եմ կանգնում դռների արանքում: Կողքի տան բանալին կողպեքի մեջ պտտվում ա, արագ կնոջ տուն եմ մտնում, դուռը հետևիցս փակում:
– Մարդ կա՞,- հարցնում եմ:
Ձայն չկա: Միջանցքում եմ: Մարդ կա՞ հարցնելով առաջ եմ գնում: Տանը լռություն է: Աշխարհի ձայները չկան՝ ո՛չ մեքենաների, ո՛չ երեխայի լացի, ո՛չ հարևանների հեռուստացույցների, ո՛չ մի ձայն: Մանր քայլերով առաջ եմ գնում: Մեկ էլ՝ սենյակի մեջտեղում եմ: Մարդ չկա: Այս մենակությունը սարսափելի է: Առաջին անգամ մենակությունից ու լռությունից սարսափում եմ: Մի քանի րոպե չեմ շարժվում՝ մտածելով, որ խոհանոցում կամ զուգարանում է: Նրա սենյակի մի պատն ամբողջությամբ լուսանկարներ էին շրջանակների մեջ. երեխաների, եկեղեցիների, տարեց մարդկանց: Նկարների ներքևում էլ շրջանակների մեջ կենդանիների նկարներ կային՝ երկուսը կատվի, մեկը՝ մոխրագույն, մեկը՝ սպիտակ Վանա կատվի, իսկ դրանց կողքի երեքը՝ շների լուսանկարներ էին: «Գեղեցիկ արված դիմանկարներ են»,- մտածում եմ: Սենյակի խորքում սնդուկ կա, կողքին՝ մեծ շագանակագույն լուսամփոփ: Նկարների դիմացի պատն ամբողջությամբ մեծ գրադարան է: Մոտենում եմ լուսամուտին: Այստեղից իմ դատարկ տունը, սենյակը, պատշգամբը երևում են: Նայում եմ, պատուհանները լրիվ կեղտի մեջ կորած են, սպիտակ փառակալած են: Շրջվում եմ ու փոքր հեռուստացույցի կողքին մեծ-մեծ թավջութակ եմ տեսնում: Ոտքերս թուլանում են: Երևի նա խոհանոցում կամ զուգարանում է: Խոհանոցում լվացարանի տակ մի քանի հատ չլվացած աման կա: Կամաց-կամաց համոզվում եմ, որ տանը չէ: Զուգարանում էլ նայեմ, ու վերջ: Զուգարանի դուռը բացում եմ: Ճռռում ա: Դիմացս մի հսկա հայելի է: Հայելուց ինձ էր նայում դատարկ-դատարկ աչքերով, ճերմակ գանգուր մազերով, մի քիչ թմբլիկ կնճռոտ դեմք: Կնճիռները պարանոցով իջնում էին, կրծքերի մոտ կախվում: Հիմա չեմ հիշում ինչքան, բայց շատ երկար նայեց:
Վերադառնում եմ սենյակ, աթոռը դնում սենյակի մեջտեղում, հանում զգեստս. վառ գույները սիրուն շուրջկալում են աթոռը: Վերցնում եմ թավջութակը, անուժ-անուժ ձգում լարերը: Դառը, լեղի, անկապ հնչյունները միայն մենակների համար էին հնչում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *