Արամը չէր հեռանում պատուհանից: Անհանգիստ հայացքը հառել էր ճանապարհին և ուշադիր նայում էր: Ճանապարհը ծածկվել էր թանձր մառախուղով. գրեթե ոչինչ չէրերևում, բայց Արամը շարունակում էր նայել: Հայացքը ինչ որ բան էր փնտրում և ահա մառախուղի մեջ հայտնվեց լույսի փայլ: Արամի փոքրիկ դեմքին ժպիտ նկարվեց, հասկացավ որ մեքենա է գալիս: Բայց մեքենայի լույսը ներքև թեքվեց, չեկավ դեպի իրենց պատուհան:
Հայացքը հառեց գետնին, հետո վախվխելով բարձրացավ դեպի վեր, սևացած պատի վրայով բարձրացավ մաշված գորգին, ուր ժամացույցն էր, իսկ ժամացույցի կողքից իրեն նայում էր պապի նկարը, պապը խեղճ էր նայում թոռանը, պապի հայացքում կարոտ կար, պապի հայացքում մեղադրանք կար դեպի աշխարհը: Արամը իրեն մեղավոր զգաց պապին նայելով, իսկ նկարը խե՜ղճ-խե՜ղճ նայում էր թոռանը, ինչ որ ակնկալիքով, ինչ որ հույսով: Արամին թվում էր, թե պապը ասելիք ունի, Արամին պապի նկարը խեղճ էր թվում, ինչպես այն օրը, երբ պապին սև արկղով տարան ու իջեցրին փոսը, երբ նայեց պապին զգաց նրա խեղճ լինելը, իսկ երբ իրեն մոտեցրին հոր փոխարեն համբուրելու պապին սառնությունից փշաքաղվեց, մտքովն անցավ որ պապը մրսում է դրա համար է այդպես խեղճացել:
Ժամացույցը տասն էր ցույց տալիս: Օրը ավարտվում էր, իսկ ոչ մի շարժ չկար: Քույրը վառարանի կողքին քնել էր, իսկ ինքը չէր ուզում քնել: Ոչ էլ քրոջն էր ուզում արթնացնել, որ գնա անկողնում պառկի. մտածում էր որ երևի քույրն էլ գիտի ու սպասում է:
Հիշեց որ վաղը երկուշաբթի է, ինքը դպրոց է գնալու, մտքովը անցավ քնի, որպեսզի առավոտյան կարողանա արթնանա, բայց վախենում էր բաց թողնել իր կյանքի ամենասպասված օրը: Հիշեց նաև իր խոստումը և ավելի ուշադիր սկսեց նայել պատուհանից, սակայն միայն թանձր մառախուղ էր ու ձյուն: Ախր այսօր մոր հեռախոսային խոսակցությունն էր լսել, երբ մայրը հեռախոսից այն կողմ հարցրել էր.
-Կյանքս երեկոյան կգա՞ս:
Լսելուց հետո Արամը տեղը չէր գտնում, սիրտը վեր էր թռչում, վերջապես եկել է սպասված օրը, ինքն էլ է դպրոցում աչքալուսի կոնֆետ տանելու, այլևս իրենց դասարանի Վռամը չի ասի, որ Արամը մենակ ուրիշի բերած աչքալուսի կոնֆետ ուտող է: Հիմա ինքը կոնֆետ կտանի ու բոլորը կզարմանան, այլևս Վռամը մեծ-մեծ չի խոսի: Ինքը դպրոցում լավ է սովորել, նկարը փակցված է պատին, հայրը կգա դպրոց ու կտեսնի, որ հինգերորդ դասարանի գերազանցիկը իր որդի Արամն է: Վերջապես կկատարի պապին մտքի մեջ տված իր խոստումը, որն հոր փոխարեն էր տվել պապին: Պապը մեռել էր աչքը որդու ճամփին, որդու անունը շուրթերին, իսկ Արամը մտքում խղճալով, թե կարեկցելով պապին, խոստացել էր, որ հայրը կգա, բայց պապի մահից երկու տարի էր անցել, հայրը այդպես էլ չէր եկել: Իսկ քույրը ինչքա՞ն կուրախանա: Գուցե և հայրը մի սիրուն վերարկու բերի քրոջը, որը չորրորդ դասարանից մինչև վեցերորդ դասարան նույն վերարկուն էր հագնում:
Մառախուղի մեջ մեքենայի լույս երևացին, որոնք գնալով ավելի էին մոտիկանում: Արամը ավելի ուրախացավ, որ այս անգամ մեքենան ներքև չթեքվեց, այլ ուղիղ եկավ դեպի իրենց դուռը: Մեծ սև մեքենայից իջավ մայրը ձեռքին մի տոպրակ: Մեքենան շրջադարձ արեց և կորավ թանձր մառախուղի մեջ:
Մայրը տուն մտավ, արթնացրեց քրոջը: Արամը նկատեց մոր գզգզված մազերը, վզի կապտուկը: Մայրը տոպրակից մանդարին հանեց մեկնեց երեխաներին: Արամը չվերցրեց, չխոսեց, չհարցրեց հորից, այսօրվա զանգից: Պառկեց անկողնում, վերմակով ծածկեց դեմքը ու հեկեկաց:
Տանը տարածվել էր մանդարինի անուշ բույրը: Բոլորը քնել էին, իսկ պապի նկարը խե՜ղճ-խե՜ղճ նայում էր պատուհանից: