Անահիտ Ղազախեցյան | Ներանձնական հեղափոխություն

Կարմիր բերետավորներից փախչելիս Մեր մատները համարյա կպան իրար:

23-ն էր, վազելով մտանք մի բակ ու մի տղա ասաց, որ թունավոր գազ են կիրառելու:

Մտքումս ասում եմ՝ հանգիստ, 21-րդ դարն ա: Մաման զանգում, ասում ա՝ գնա տուն, եթե ինձ սիրում ես: Ասում եմ՝ մամ, 21-րդ դարն ա, բան չի լինի: Ասում ա՝ եթե ինձ սիրում ես:

Էսպեսի մտքերով գնացինք ուրիշ փողոց փակելու, հետո Արմանը դիմակներ բերեց բժշկական՝ մարդ ես, մեկ էլ տեսար: Հետո Մենք խաչապուրու կեսը կիսեցինք նորից ու կերանք: Ու նորից փախանք, էլի փողոց փակեցինք, էլի մերժեցինք Սերժին, մերժեցինք Մեր վախերը, էն բակի տղային, որ ասում էր գազ են կիրառելու, մերժեցինք վաղը, մի ժամ հետո-ն, կորցրինք Իրար ու էլի գտանք: Գրկեցինք ու, չնայած Մեր վախերին, որովհետեւ Մեր կյանքի առաջին հեղափոխությունն էր, Իրար Ցտեսություն ասեցինք, որովհետեւ Մենք պիտի Նորից հանդիպեինք ու Մեր մատները նորից պիտի դիպչեին Իրար:

…Տարիներ անց՝ գնդակահարության պատի վրա ինչ-որ գրություններ թողնելիս ես կհիշեմ այն հեռավոր կեսօրը, երբ Կարինեն գրեց, որ իրենց ռադիոյին հայնտել են՝ Սարգսյանը հրաժարակն տվեց: Խոտերին պառկած էինք: Նայում էինք իրար: Չէինք խոսում: Չհավատալու երկար-բարակ րոպեներ էին: Ում տեսնում՝ ասում էի՝ հրաժարական տվեց, ոնց որ կասեի՝ Լիվերպուլը ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ. երջանկությանը չհավատալով:

Հետո ինձ սկսեցին ասել: Հետո բոլորն իմացան: Ու մաման զանգեց՝ լաց էր լինում: Ասում էր՝ ո՞նց հավատացիք: Ու մտածում էի՝ ո՞նց հավատացինք, հավատացի՞նք որ, մտածում էի՝ մի շարժում էլ ու վեր կթռնեմ տեղից, էմոցիաներին մարմինս չի դիմանա, ոտքս կընկնի մահճակալից, վատագույն դեպքում՝ ես, կիջնեմ մետրո, նորից փողոցներ, նորից կրկնությունը, նորից մաման կզանգի՝ եթե ինձ սիրում ես, մնա տանը: Բայց Հասմիկ Սիմոնյանը ինչ-որ տեղից հայնտվեց ու կտրեց էդ մտքերի ընթացքը սպիտակ վարդով, որ հետո չորանալու ու մնալու էր իմ դարակում՝ ժխտելով բոլոր օրերի անիրական լինելը:

…Իսկ մեկ օր առաջ մենք ինչ-որ պաստառներով էինք քայլում, որ we can’t believe we are still protesting this shit, ցանկապատի տակ էինք մտնում, մեր շորերը ընկնում էին լարերին ու պատռվում, Սարյանի այգում լացում էինք երկար-երկար, իրար գրկած: Անհանգստությունից ժամերով ջերմությունս չէր իջնում:

Իսկ հիմա մաման զանգել, ասում էր՝ Վանաձորը երբեք էդքան երջանիկ չէր եղել: Ես մտածում եմ՝ վերջապես հասկացա որն էր երջանկություն անանձնականը: Հեռախոսս վերցնում եմ, քանի դեռ պառկած ենք խոտերին ու էլ շտապելու, փախչելու բան չկա, մի քանի տող հավաքում.

«Մեր մայրենիք,

Մեր բակ,

Բնակարանի համար,

Ես գործել չգիտեմ,

Մանավանդ դրոշ,

Հետն էլ՝ Եռագույն ու

Հստակ, որ մի գիծը մյուսից չանցնի,

Մանավանդ ժամանակներում,

Երբ միակ բանը, որ արցունքներով կլվացվի ընկերոջ վերնաշապիկն է.

Լացելով՝

Հաղթանակներից,

Ժպիտախառն, չհավատալով»։

Հետո անանձնությունը էլի հասցնում, վերափոխում եմ նեղ անձնականի, ոնց որ Սիմոնյանի նվիրած վարդն էր, մամայի հուզված ձայնը կիլոմետրերից, զգացողությունը, որ մի քիչ էլ ու համարձակություն կհավաքեմ սեր խոստովանել ինչ-որ մեկին:

Կզանգեմ ու կասեմ՝ հեղափոխությունը եղավ, ես էլ քեզ սիրում եմ:

Եվ իսկապես. հեղափոխությունը եղել ա ու ես քեզ սիրում եմ:

 

Ստեղծագործությունը «ԴԱՐ» ակումի կազմակերպած պատանեկան գրական մրցույթի մրցանակաբաշխության առաջին մրցանակին  է արժանացել և  տեղ գտել մրցանակաբաշխության հիման վրա կազմված՝  «Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք» գրքում:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *