Տիգրան Գրիգորյան | Նորավանք. պատմության, արվեստի և ավանդույթի միջև

Լույս է տեսել արվեստաբան Տիգրան Գրիգորյանի «ՆՈՐԱՎԱՆՔ. Պատմության, արվեստի և ավանդույթի միջև» մենագրությունը: Այս գիտական ուսումնասիրությունը փորձ է՝ նորովի մեկնաբանելու միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից Նորավանքի վանական համալիրի մաս կազմող ճարտարապետական կառույցների և բարձրաքանդակների առանձնահատկությունները, դրանց տեղն ու դերը զարգացած միջնադարի քրիստոնեական արվեստում։
Ավելի մանրամասն՝ այստեղ

ԱՌԱՋԱԲԱՆ

ԺԳ-ԺԴ դարերում Սյունիքում հաստատված Օրբելյանների իշխանության մշակութային կյանքի հետահայաց քննությունն առաջնակարգ նշանակություն ունի միջնադարյան Հայաստանի պատմության խճանկարը վերականգնելու գործում: Ուշագրավ է, որ այս տարածաշրջանը, առհասարակ, լինելով նոր առաջացող և անկում ապրող կայսրությունների բախման թատերաբեմը, հասցրել է խորությամբ կրել նվաճողների սոցիալական, էթնիկական, դավանական ազդեցությունները, որոնք անջնջելի հետք են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության գրեթե բոլոր ասպարեզներում: Չնայած Բյուզանդական կայսրության անկմանը, թյուրքական ցեղերի արշավանքների հետևանքով ստեղծված ծանր կացությանը, միասնական պետության բացակայությանը, ազդեցիկ նախարարական տոհմերի քայքայմանը՝ նոր՝ ավելի մանր ազնվականության ի հայտ գալուն և, վերջապես, իրավական-տնտեսական համակարգի փոխակերպմանը՝ այնուհանդերձ, Հայաստանի համար այս հարյուրամյակները կարելի է բնորոշել որպես մշակութային վերելքի ժամանակաշրջան:
Դասական պատմագրության մեջ այս դարաշրջանի անցքերը հիշատակվում են արյունալի իրադարձություններով և նվաճողների դեմ մղվող պայքարի տարեգրությամբ, միևնույն ժամանակ դրանք բնութագրվում են որպես ավատատիրական հարաբերությունների շարունակական ամրապնդման և, կարծես, իշխող վերնախավի ներքին մրցակցության մի ժամանակահատված: Այդ տեսանկյունից ԺԱ-ԺԴ դարերի Հայաստանի պատմությունը ներկայացնող մատենագիրները հետաքրքրական մանրամասներ են հաղորդում այն իշխանական ընտանիքների մասին, որոնք աչքի էին ընկնում ոչ միայն ռազմական ու քաղաքական շնորհներով, այլև մշակութային և շինարարական գործունեությամբ: Վերոնշյալ ժամանակաշրջանն ուսումնասիրելիս, անշուշտ, կարևոր է անդրադառնալ նաև եկեղեցու դերին, որը, լինելով խոշոր ֆեոդալական հաստատություն, ամուր թելերով կապված էր աշխարհիկ իշխանությանը: Այդ սերտ գործակցությունը արտահայտվում էր հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, և պատահական չէ, որ հենց այս դարերում հայոց եկեղեցական թեմերը մեծ մասամբ սկսեցին համապատասխանեցվել իշխանական տիրույթների սահմաններին:
Մի երևույթ, որը սկիզբ էր դրվել դեռևս վաղ միջնադարից և եկեղեցու կողմից աշխարհիկ վարչատնտեսական կառույցի ընդօրինակման հետևանք էր: Դրա նպատակը ավատատերերի կողմից հոգևոր իշխանության օժանդակությունն առավել շահեկան օգտագործելն էր. հատկապես օտար նվաճողների օրոք՝ սեփական կալվածքներն ու կարողությունը հարկերից ազատելու և որպես եկեղեցապատկան գույք անձեռնմխելի պահելու շահագրգռությունը: Ուստի այս հանգամանքով էր պայմանավորված նաև կառավարող տոհմերից շատերի ձգտումը, որոնք ցանկանում էին իրենց տիրույթներում ունենալ եկեղեցական առանձին թեմեր: Այդ իշխանությունները հսկայական միջոցներ էին նվիրաբերում եկեղեցուն՝ հզորացնելով վանական կյանքն ու մշակույթը, բայց միևնույն ժամանակ այդ թեմերի կառավարումը ժառանգաբար հանձնում էին իրենց ընտանիքների անդամներին: Այսպես, օրինակ՝ հիշարժան է Վահրամյան իշխանների գործունեությունը, որոնք եպիսկոպոսական աթոռ հիմնադրեցին իրենց տիրույթների սահմանում՝ Նոր Վարագավանք կենտրոնով: Նշանակալի էր Զաքարյանների և նրանց ենթակա Սադունյանների հովանավորչական գործունեությունը հյուսիսային Հայաստանում, որոնց ջանքերով հիրավի նոր կյանք ստացան Հաղպատի և Սանահինի մեծահռչակ վանքերը իրենց դպրոցներով և գրչատներով: Ընդ որում, Սանահինը, որը Ձորագետի Կյուրիկյան արքաների հանգստարանն էր, դարձավ Զաքարյան իշխանների տոհմական տապանատունը: Վաչուտյաններն ու Խաղբակյան-Պռոշյանները ևս աչքի էին ընկնում իրենց հավակնություններով և շինարարական գործունեությամբ՝ կառուցելով տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, հովանավորելով գրչատներ և վարդապետարաններ: Իսկ Հայաստանի Հարավում և Արևելքում առավել ազդեցիկ էին Խաչենի իշխաններն ու Սյունիքի Օրբելյանները, որոնց ջանքերով կառուցվեցին զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության մարգարիտներ համարվող Գանձասարի վանքն ու Նորավանքը:
Օգտվելով առիթից՝ հարկ է նշել, որ դեռևս նախորդ դարի առաջին տասնամյակներից սկսած Օրբելյանների իշխանության շրջանը Սյունիքում բազմիցս արժանացել է հետազոտողների ուշադրությանը: Այս առումով կարևոր են հատկապես հայր Ղևոնդ Ալիշանի, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի, Լևոն Խաչիկյանի, Արտաշես Մաթևոսյանի, Գրիգոր Գրիգորյանի հետազոտություններն ու հրապարակումները, որոնք ուշագրավ տեղեկություններ են պարունակում այս ընտանիքի պատմության, քաղաքական գործունեության և մշակութային ժառանգության վերաբերյալ: Մեր քննության առարկան հանդիսացող խնդիրների տեսակետից, սակայն, առավել հետաքրքրական են Սյունյաց նախաթոռ եպիսկոպոսության նստավայր դարձած Նորավանքին առնչվող նյութերը, որոնք թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել համալիրի պատմության և մշակութային դերի մասին: Նորավանքի վիմագրական ժառանգությանը, օրինակ, 1960-1970-ականներին անդրադարձել են հայագիտության երախտավորներ Սեդրակ Բարխուդարյանն ու Սուրեն Սաղումյանը՝ հրատարակելով դրանք ակադեմիական տարբեր հատորներում: Հետագայում, պայմանավորված վանքի պեղումներով և նորահայտ արձանագրություններով, այս շարքերը համալրել և ամբողջացրել են հայագետներ Մայքլ Սթոունը և Կարեն Մաթևոսյանը: Վանական համալիրի ճարտարապետական խնդիրներին, դրանց չափագրությանն ու վերականգնմանը վերաբերող հարցերին են անդրադարձել բազմավաստակ գիտնականներ Վարազդատ Հարությունյանը, Հովհաննես Խալփախչյանը, Ստեփան Մնացականյանը, Մուրադ Հասրաթյանն ու Կարեն Մաթևոսյանը, վերականգնողներ Թելման Գևորգյանն ու Հրաչյա Գասպարյանը, ինչպես նաև Պաոլո Կունեոն, Ադրիանո Ալպագո Նովելլոն և այլք: Առանձնակի հետաքրքրության առարկա են դարձել նաև Նորավանքի ժամատունն ու եկեղեցիները գարդարող բարձրաքանդակները, որոնք ուսումնասիրել են ականավոր հայագետներ Սիրարփի Տեր-Ներսեսյանը, Ժան-Պիեռ Մահեն, ինչպես նաև Ալվիդա Միրզոյանը, Պատրիկ Տոնապետյանը և բազմաթիվ այլ մասնագետներ:
Արդ, ընթերցողի դատին հանձնվող այս մենագրությունը գալիս է լրացնելու վերոնշյալ հետազոտողների կատարած աշխատանքը, որոնք Նորավանքի պատմությունը բազմակողմանի լուսաբանելու համար տասնամյակներ շարունակ մեծ ավանդ են ներդրել: Այս աշխատության ենթաբաժիններում մենք փորձել ենք արծարծել ինչպես համալիրի բուն ճարտարապետության, այնպես էլ շինությունները ձևավորող բարձրաքանդակների պատկերագրությանը վերաբերող այն խնդիրները, որոնք մինչ այժմ բավարար չափով չեն արժանացել մասնագետների ուշադրությանը: Վերոնշյալ հարցերը ճշգրտելու, առաջադրված տեսակետները վերլուծելու և ոաումնասիրության առարկան նոր սկզբնաղբյուրներով ու փաստերով լրացնելու խնդիրն է ահա մեր ձեռնարկի գլխավոր շարժառիթներից մեկը: Միևնույն ժամանակ, մենագրության բաժիններում փորձել ենք կենտրոնանալ ինչպես բուն արվեստի և պատկերագրության, այնպես էլ դավանաբանության, ծիսագիտության, կանոնագիտության, միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող խրթին հարցերի վրա, որոնց հիմամբ հնարավոր է դառնում առավել համապարփակ պատկերացում կազմել միջնադարում իշխած հասարակական ընկալումների, միտումների և ընդհանրապես քրիստոնեական մշակույթի մասին:
Գործնական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հարկ ենք համարում նշել, որ Նորավանքին առնչվող մեր հետազոտությունները սկսել ենք դեռևս 2017-ից, որոնց արդյունքները ներկայացրել ենք տարբեր գիտաժողովներում ու հայագիտական հանդեսներում: Ընթերցողին ներկայացվող այս աշխատությունը ահա ի մի է բերում այդ երկարամյա ուսումնասիրությունները: Այն կազմված է երեք գլուխներից, որոնք էլ իրենց հերթին բաժանված են առանձին ենթագլուխների: Դրանցից յուրաքանչյուրում մանրամասն քննել ենք համալիրի մաս կազմող ճարտարապետական կառույցներին և բարձրաքանդակներին առնչվող հարցերը: Որպես նախագիտելիք՝ այս գրքում համառոտ ներկայացված են ԺԲ-ԺԴ դարերի Հարավային Կովկասի և Հայաստանի պատմական միջավայրը, քաղաքական իրադրությունը և մոնղոլների արշավանքը դեպի Փոքր Ասիա: Առաջին գլխի ենթաբաժիններում մանրամասն քննարկվում է Սր Ստեփանոս Նախավկա եկեղեցու զավթի վերին ճակատին պատկերված «Հին աւուրցն Աստուած» բարձրաքանդակի պատկերագրությունը: Այս համատեքստում քննության են առնվել նաև Դանիել մարգարեի հինկտակարանյան գրքին առնչվող այն բազմաթիվ կանոնական և պարականոն սկզբնաղբյուրները, որոնք լուսաբանում են պատկերագրության ավանդույթը: Երկրորդ գլխում ուսումնասիրում ենք Նորավանքի երկհարկ, գմբեթավոր շինության ճարտարապետությանը վերաբերող հարցերը, հետազոտության երրորդ գլուխը նվիրված է նույն կառույցի արևելյան և արևմտյան ճակատների բարձրաքանդակների ուսումնասիրությանը: Այս բաժնում, ի թիվս այլ խնդիրների, մասնավոր անդրադարձ է կատարվել նաև «ճանկող արծիվների» պատկերագրության հարցին: Աշխատությունն օժտված է նաև մանրամասն ծանոթագրություններով և անվանացանկով, որոնք նպատակ ունեն առավել դյուրին և օգտակար դարձնելու գրքի ընթերցումը: Եվ վերջում, իբրև եզրափակում՝ մեր պարտքն ենք համարում շնորհակալություն հայտնել բազմաթիվ գործընկերների, որոնք իրենց արժեքավոր դիտողություններով և խորհուրդներով աջակցեցին այս աշխատանքի իրագործմանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *