— Նրանց ասա թող չսպանեն ինձ, Խուստինո: Վեր կաց գնա, ասա նրանց: Թող ինձ խնայեն, ի սեր Աստծո: Նրանց ասա՛, որ այդպես վարվեն հանուն գթասըտության:
— Չեմ կարող: Այնտեղ մի սերժանտ կա, որ քո մասին ոչինչ չի ուզում լսել:
— Այնպես արա, որ քեզ լսեն: Լեզու թափիր, նրան ասա, որ ժամանակին քիչ չեմ տառապել վախից: Նրան ասա, որ ինձ խնայի հանուն Աստծո ողորմածության:
— Վախը կապ չունի: Երևում է՝ հաստատ են որոշել քեզ սպանել: Ես էլ չեմ ուզում նորից գնալ այնտեղ:
— Մի անգամ էլ գնա: Էս մի անգամը, մեկ էլ տեսար քեզ մի բան հաջողվեց:
— Չէ, գնալու միտք չունեմ: Համ էլ ես քո որդին եմ: Եթե մոտները շատ գնամ՝ գամ, կիմանան, թե ով եմ, և մեկ էլ տեսար՝ ինձ էլ թրխկացրին: Ավելի լավ է՝ ամեն ինչ մնա ինչպես որ կա:
—Գնա՛, Խուստինո: Ասա, որ գոնե մի քիչ խղճան ինձ։ Միայն այդքանն ասա:
Խուստինոն սեղմեց ատամներն ու գլուխը շարժելով ասաց.
— Ո՛չ:
Եվ դեռ երկար ժամանակ շարունակում էր տարուբերել գլուխը:
— Սերժանտին ասա, որ քեզ թողնի գնդապետի մոտ: Կպատմես, թե որ քան ծեր եմ: Եղածս էլ մի բան չէ: Ինչ է շահելու ինձ սպանելուց: Ոչինչ էլ չի շահի: Ի վերջո, նա էլ է մարդ, սիրտ կունենա: Ասա նրան, որ ինձ խնայի հանուն իր հոգու փրկության:
Խուստինոն վեր կացավ դարսված քարերի վրայից, որտեղ նստած էր, ևքայլեց մինչև գոմի դուռը: Հետո շրջվեց, որ ասի.
— Գնում եմ, տե՛ս, բայց եթե քո երեսից ինձ էլ գնդակահարի, ո՞վ է պահելու կնոջս ու երեխաներիս։
— Նախախնամությունը, Խուստինո: Այն կպահի նրանց: Շտապի՛ր, գուցե մի բան անես ինձ համար: Հիմա այդ է կարևորը:
***
Նրան բերել էին արևածագին: Իսկ հիմա արդեն կեսօրին մոտ էր, ինքն էլ դեռ այնտեղ կապված կախաղանի սյունին, սպասում էր: Անկարելի էր հանգիստ լինել: Խաղաղվելու համար մի պահ փորձել էր քնել, բայց քունը փախել էր: Ոչ էլ ուտել էր ուզում: Միայն ապրել: Հիմա, երբ արդեն գիտեր, որ իրեն պիտի հաստատ սպանեն՝ համակվել էր ապրելու այնպիսի բուռն ցանկությամբ, որպիսին կունենար հենց նոր հարություն առած մարդը: ՈՒ՞մ մտքով կանցներ, որ օրերից մի օր ջրի երես դուրս կգար այդ հին, մոռացված պատմությունը, որն ինքը վաղուց ի վեր թաղված էր համարում: Այն դեպքը, երբ ստիպված եղավ սպանել դոն Լուպեին: Բոլորովին էլ ոչ այն պատճառով, ինչ կարծում էին Ալիմայի բնակիչները: Ինքն ուներ իր դրդապատճառները: Վերհիշում էր… Դոն Լուպե Տեռերոս. Պուերտադե Պիեդրայի տերը, եթեավելի խորանանք՝ իր քավորը: Որ ինինքը՝ Խուվենսիո Նավան, ստիպված եղավ սպանել այն պատճառով, որ Պուերտադե Պիեդրայի տերը, որը նաև իր քավորն էր, արգելեց անասուններին արածեցնել իր հանդում: Սկզբում ստիպված համբերում էր: Բայցհ ետո, երբ սկսվեց երաշտն ուտեսավ, թե մեկը մյուսի ետևից ինչպես էին սատկում քաղցից հյուծված իր անասունները, ևթեինչպես էր իր քավոր դոն Լուպեն շարունակում խնայել արոտավայրի խոտը այդ՝ ժամանակ էլ կոտրեց ցանկապատը և նիհար հոտը քշեց այնտեղ, որ մի կուշտ արածեն: Դա դուր չէր եկել դոն Լուպեին, որը և կարգադրեց դուր փակել ցանկապատը, որպեսզի ինքը՝ Խուվենսիո Նավան, դարձյալ բանար այդ ճեղքը: Այսպիսով, ճեղքը ցերեկը փակվում էր, գիշերը՝ կրկին բացվում, անասուններն էլ իրենց հերթին ցանկապատին կպած՝ շարունակ սպասում էին, այն աննասունները, որ նախկինում այդ խոտի համն էլ չէին տեսել, միայն հոտ էին քաշել: Ինքն ու դոն Լուպեն վիճում էին, ապացուցում, կրկին վիճում՝ առանց վերջնական համաձայնության գալու: Մինչև որ մի անգամ դոն Լուպեն ասաց․
— Տե՛ս, հա, Խուվենսիո, թե որ մի անգամ ասաց. Էլ հանդս անասուն մտցնես՝ կսատկացնեմ: Իսկ ինքը պատասխանեց.
—Տեսե՛ք, դոն Լուպե, ես մեղավոր չեմ, որ անասուններս իրենց հարմարությանն են նայում: Նրանք անմեղ են: Թե որ հանդում բռնացնեք, սատկացրեք:
***
«Եվ սատկացրեց արջառներիցս մեկին:
Դա պատահեց երեսունհինգ տարի առաջ մարտին, որովհետև ապրիլին ես արդեն սարերում էի՝ փախչելով դատ ու դատարանից: Գրոշի արժեք չունեցան ո՛չ տասը կովը, որ տվեցի դատավորին, ու ո՛չ էլ տանս ու ունեցվածքիս առգրավումը, որ վճարեցի բանտից դուրս գալու համար: Ինչ էլ որմ նացել էր տվեցի, որ ինձ չհետապնդեին, չնայած միշտ էլ հետապնդում էին: Դրա համար էլ որդուս հետ եկա ապրելու իմ այս հողակտորում, որը վաղուց ունեի, և որը կոչվում է Պալոդե Վենադո: Որդիս մեծացավ, ամուսնացավ Իգնասիա հարսիս հետ ևունեցավ ութ և երեխա: Այնպես որ այս պատմությունը շատ հին է, թվում էր, թե պիտի մոռացված լիներ: Բանից պարզվեց, որ ամեն ինչ իրականում այլ էր:
Դեռ այն ժամանակ ես գցել-բռնել էի, որ մի հարյուր պեսոյով ամեն բան կհարթվեր: Հանգուցյալ դոնԼ ուպեն ուներ կին և այն ժամանակ չոչ անող երկու արու զավակ: Ասում են, որ շատ չանցած՝ այրին վշտից մահացավ, իսկ երեխաներին տարան հեռու, ինչ-որ ազգականների մոտ: Այնպես որ նրանցից վախենալու հարկ չկար: Մնացածներն էլ բավարարվեցին՝ կարծելով, թե դատված եմ եղել, որպեսզի այլևս չվախեցնեն ու չթալանեն ինձ: Հենց որ մեկը գյուղ էր գալիս, ինձ իմաց էին տալիս։
— Այնտեղ ինչ-որ օտարականներ են երևացել, Խուվենսիո: Եվ ես ինձ գցում էի սարերը՝ թաքվելով մորուտներում, կծկվելով ճյուղերի արանքներում և օրեր շարունակ ուտելով միայն դանդուռի ցողուն: Երբեմն ստիպված էի լինում տնից դուրս գալ կեսգիշերին, ասես շներից հալածված: Այդպես անցավ կես կյանքս: Ոչ մի տարի, ոչ էլ երկու: Ողջ կյանքս»: Իսկ հիմա եկել էին իր ետևից, երբ արդեն ոչ ոքի չէր սպասում՝ ապավինելով այն բանին, որ մարդիկ մոռացության կմատնեն այդ դեպքը, հուսալով, որ գոնե իր կյանքի վերջին օրերը հանգիստ կանցկացնի: «Գոնե,— մտածումէր,—դրան արժանանամ ծեր հասակում: Ինձ հանգիստ թողնեն»:
Ամբողջապես համակվել էր հույսով: Այդ պատճառով էլ դժվար էր պատկերացնել այս ձևով մեռնելը, հանկարծակի, առաջացած տարիքում, երբ մահից փրկվելու համար այդքան պայքարել էր, երբ իր լավագույն տարիներն անց էր կացրել իրեն շպրտելով մի տեղից մյուսը, խուճապահար ու ահաբեկ, երբ մարմնից մնացել էին կաշին ու ոսկորը, որն էլ քարշ էր տալիս ամենքից թաքնվելով: Չէ՞ որ թողել, որ իրենից հեռանար անգամ կինը: Այն օրը, երբ լուսացրեց՝ իմանալով, որ նա գնացել է, մտքովն էլ չանցավ, որ դուրս գար փնտրելու։ Թողեց, որ գնար՝ առանց պարզելու, թե ո՞ւր գնաց, ո՞ւմ հետ, միայն թե գյուղ չիջներ։ Թողեց, որ գնար, քանի որ՝ էլ ի՞նչ ուներ կորցնելու: Միակ բանը, որի համար որ պետք էր հոգ տանել, կյանքն էր, որ պիտի պահպաներ ցանկացած գնով: Չէր կարող թույլ տալ, որ իրեն սպանեն: Չէր կարող: Մանավանդ հիմա:
Այնինչ հենց դրահամար էին Պալո դե Վենադոյեից նրան բերել այստեղ: Հարկ չեղավ կապելու, որ նրան հետևեր։ Քայլում էր մենակ։ Ապահովության համար միայն ձեռքերն էին կապել: Տեսան,որ չէր կարող վազել այդ ծեր մարմնով, ճիպոտի պես մահվան երկյուղից դողացող ոտքերով, քանի որ գնում էր դրան ընդառաջ: Մեռնելու: Ասել էին իրեն:
Պետք է, որ մի հույս մնացած լիներ։ Ինչ-որ տեղից գոնե հույսի մի շող ծագեր։ Գուցե և նրանք սխալվում էին։ Հավանաբաև փնտրում էին մեկ ուրիշ Խուվենսիո Նավայի և ոչ այն Խուվենսիո Նավային, որն ինքն էր: Լուռ քայլում էր այդ մարդկանց միջև: Արշալույսը մթնդած էր, անաստղ: Հանդարտ փչում էր քամին՝ վեր բարձրացնելով և ավելի շատ ետ բերելով հողը, որից գալիս էր ճանապարհների փոշուն հատուկ չոր մեզի հոտ: Տարիների հետ կուչ եկած նրա աչքերը քայլելիս ոտքերի տակ տեսնում էին հողը, չնայած մութ էր: Այնտեղ, հողի մեջ էր իր ողջ կյանքը: Վաթսունտարի ապրել էր նրա վրա, սեղմել էր ձեռքերում և համը փորձել այնպես, ինչպես համտեսում են միսը: Դեռ երկար ժամանակ ասես աչքերով ուտում հողը, ըմբոշխնելով նրա յուրաքանչյուր մասնիկը, կարծես վերջինն էր, համարյա իմանալով, որ լինելու էր վերջինը:
Հետո, ասես կամենալով մի բան ասել նայեց իր հետ գնացող մարդկանց: Ուզեց նրանց ասել, որ իրեն ազատ արձակեն, թողնեն, որ գնա:
«Ես ոչ ոքի չեմ վնասել, տղե՛րք»,— ուզում էր ասել, բայց լռեց:
«Մի քիչ էլ գնանք՝ նոր ասեմ»,— մտածեց: Եվ միայն նրանց էր նայում: Անգամ կարող էր երևակայել, որ իր բարեկամներնեն, բայց չուզեց: Բարեկամներ չէին: Չգիտեր, թե ովքեր էին:
Երբեմն նրանց տեսնում էր իր կողքին, երբ կռանում էր կամ թեքվում, որ իմանար, թե որ ճանապարհով էին գնում: Առաջին անգամ նրանց տեսել էր մութն ընկնելիս, այն գունատ ժամին, երբ շուրջն ամեն բան թվում է խանձագույն: Նրանք անցել էին ակոսների վրայով՝ տրորելով եգիպտացորենի մատղաշ ցողունները: Հենց այդ պատճառով էլ ինքն իջել էր նրանց ասելու, որ եգիպտացորենն արդեն դուրս է եկել: Սակայն նրանք կանգ չառան: Նրանց տեսել էր ժամանակին: Իրեն միշտ էլ հաջողվել էր ամեն ինչ նկատել ժամանակին: Կարող էր ժամանակին թաքնվել, մի քանի ժամ սարերում ման գալ՝ քանի դեռ նրանք երևում էին, ու հետո կրկին իջնել: Ի վերջո եգիպտացորենը այդ ընթացքում չէր հասունանա: Վաղուց ժամանակն էր, որ անձրև տեղար, սակայն դեռ ոչ մի կաթիլ չէր գալիս, եգիպտացորենը սկսել էր թառամել: Շուտով ամեն ինչ չորանալու էր։
Այնպես որ բոլորովին չարժեր ներքև իջնել, խցկվել այդ մարդկանց մեջ. մի խոռոչ, որտեղից կրկին դուրս գալ չէր կարողանալու:
Հիմա էլ նրանց հետ էր, հազիվ զսպելով իրեն, որ չասեր՝ ազատ արձակեք ինձ: Նրանց դեմքերը, չէր տեսնում: Տեսնում էր միայն գլուխները, որ կապոցների պես մեկ մոտենում, մեկ հեռանում էին իրենից: Այնպես որ, երբ սկսեց խոսել չիմացավ, իրեն լսում են, թե՝ ոչ: Ասաց.
— Ես ոչ ոքի երբեք չեմ վնասել:— Բայց ոչինչ չփոխվեց: Կապոցներից ոչ մեկն էլ լսելու չտվեց: Անգամ շուռ չեկան իրեն նայելու: Մնացին նույնը, ոնց որ թե եկել էին քնած: Այդ ժամանակ մտածեց, որ ոչ մի ասելիք չունի, որ մի ուրիշ տեղ պիտի հույսի իր շողը փնտրի: Թևերը կրկին կախ ընկան, և գիշերվա սև գույնով ներկված չորս մարդկանց հետ մտավ գյուղի առաջին տներից մեկը:
***
— Իմ գնդապետ, ահա այստեղ է այն մարդը:
Կանգնել էին դռան նեղ արանքի դիմաց: Նա՝ գլխարկը ձեռքին ի նշան հարգանքի, սպասելով մեկի դուրս գալուն: Սակայն միայն ձայն դուրս եկավ:
— Ո՞ր մարդը,— հարցրին:
— Էն, որ Պալո դե Վենադոյից է, իմ գնդապետ։ Որին դուք ուղարկեցիք բերելու:
— Հարցրու նրան, թե երբևէ ապրե՞լ է Ալիմայում, ասաց նորից ներսի ձայնը:
— Է՛յ, դու երբևէ ապրե՞լ ես Ալիմայում,— հարցը կրկնեց իր դիմաց կանգնած սերժանտը:
— Այո: Գնդապետին ասա, որ հենց այնտեղից եմ: Եվ որ այնտեղ ապրել եմ մինչն վերջերս:
— Հարցրու նրան, թե ճանաչո՞ւմ էր Գուադալուպե Տեռերոսին:
— Ասում են, թե ճանաչո՞ւմ էիր Գուադալուպե Տեռերոսին:
— Դոն Լուպեին: Այո: Նրան ասա՝ այո, ճանաչում էի: Արդեն մահացել է։ Այդ ժամանակ ներսի ձայնը փոխեց իր տոնը:
— Գիտեմ, որ մահացել է,— ասաց:
Եվ շարունակեց խոսել, ասես զրուցում էր մի մարդու հետ, որ հեռվում էր, եղեգներից շինված պատի մյուս կողմում:
— Գուադալուպե Տեռերոսը իմ հայրն էր: Երբ մեծացա ու փնտրեցի նրան, ասացին, որ մեռած է: Այնքան դժվար է մեծանալը, երբ գիտես, որ նա, ումից կարող էիր բռնվել արմատներ ձգելու համար, մեռած է: Դա մեզ հետ պատահեց: Հետո իմացա, որ նրան սպանել էին ցաքատի հարվածներով, վերջում էլ ստամոքսում մխրճել նիզակ, որով ցուլերին են խոցում: Ինձ պատմեցին, որ երկու օր մնացել էր կորած, և, երբ նրան գտել են առվի մեջ նետված, դեռ հոգեվարքի մեջ եղել և խնդրել է տեր կանգնեն իր ընտանիքին: Ժամանակի ընթացքում թվում էր, թե մոռացվելու էր այս ամենը: Մեկը ջանում է մոռանալ այն: Մինչդեռ այն, ինչ չի մոռացվում, մշտապես հուշում է, որ դեռ ողջ է այն հանցագործը՝ սնելով իր նեխած հոգին հավերժական կյանքի պատրանքով: Չէի կարող ներել նրան, թեև չէի ճանաչում: Սակայն այն փաստը, որ ինձ հայտնի է, թե նա որտեղ է զտնվում, ինձ ուժ է տալիս, որ նրա վերջը տամ: Չեմ կարող հանդուրժել, որ շարունակի ապրել: Պետք է երբեք ծնված չլիներ:
Երբ ասաց, այստեղից՝ դրսից, պարզ լսվեց: Հետո հրամայեց.
— Տարե՛ք դրան և մի՛ քիչ կապած պահեք, որ տանջվի, իսկ հետո՝ գնդակահարեք:
— Ի՛նձ նայիր, գնդապետ,— խնդրեց նա:— Էլ բանի պետք չեմ: Քիչ է մնացել, որ մեռնեմ անտեր, հյուծված ու ծեր: Ինձ մի՛ սպանիր:
— Տարե՛ք դրան,— կրկին լսվեց ձայնը ներսից:
— Արդեն հատուցել եմ, գնդապետ: Շատ անգամներ եմ հատուցել: Ինչ որ ունեի՝ խլեցին: Ո՞ր մի ձևով ինձ չպատժեցին: Համարյա քառասուն տարի անց եմ կացրել թաքնված, ժանտախտավորի պես ահ ու դողով, թե ուր որ է ինձ կսպանեն: Արժանի չեմ այսպես մեռնելու, գնդապետ: Ինձ խնայիր, որ գոնե Տերն ինձ փրկի, ների: Մի՛ սպանիր ինձ: Ասա՛ նրանց թող չսպանե՛ն ինձ:
Դեռ կանգնած էր: Հայացքը հառած գետնին՝ գլխարկն էր թափահարում, կարծես թե ծեծում էին իրեն: Բղավում էր: Անմիջապես ներսի ձայնն ասաց.
— Կապե՛ք նրան ու խմելու բան տվեք՝ մինչև հարբի, որ փամփուշտներից ցավ չզգա:
***
Հիմա վերջապես հանգիստ ընկած էր կախաղանի սյան մոտ: Եկել էր նրա որդի Խուստինոն. նրա որդի Խուստինոն գնացել էր, վերադարձել կրկին ու հիմա նորից գնալու էր: Նրան գցեց էշի վրա: Ամուր-ամուր կապեց թամբին, որ ճանապարհին չընկներ: Գլուխը մտցրեց քաթանե տոպլակի մեջ, որ վատ տպավորություն չթողներ: Հետո էշին մտրակեց, և նետի պես սուրացին, որ ժամանակին հասնեն Պալո դե Վենադո՝ հանգուցյալի հուղարկավորությունը կարգավորելու համար:
Քո հարսն ու թոռները քեզ կկարոտեն,— ասում էր տղան նրան նայելով: – Կնայեն երեսիդ ու կկար ծեն, թե դու դու չես: Կկարծեն, թե քեզ կոյոտն է կերել, երբ տեսնեն կրակոցներից ծակծկված դեմքդ, որ քանիցս քեզ շնորհեցին իբրև վերջին գթասրտություն:
Թարգմանությունը իսպաներենից՝ Մերի Սուքիասյանի