Հետո կխմեն ընտանիքի ու բոլոր սրբությունների կենացը՝ դատարկելով ևս մի շիշ այն օղուց, որ պատրաստել էին վերջին կեռասներից։ Կհիշեն սուրբ կանանց՝ օրորոցի սուրբ անկյունում երեխային քնեցնող, իսկ իրենք կպտտվեն ու կհամբուրեն հերթական պոռնիկի երեսը։ Ամեն մի բաժակի դատարկվելուց ու սեղանին խփելուց նորածինն ավելի ուժեղ կգոռա։ Ոչինչ, թող գոռա, թող սովորի՝ այսօր մոր մոտ, վաղը՝ կնոջ վրա։ Տղան պիտի հորը նմանվի…
Կխմեն սուրբ մոր կենացը ու այն ձեռքերի, որ հիվանդ ժամանակ իրենց գլուխն էր շոյում՝ հուսալով, որ ամեն շոյանքից տենդը կքչանա, իսկ հիմա այդ ձեռքերը արցունքոտ այտերից դեպի երկինք են հառնում. այլ բան չկա․․․ այլ հավատ չի մնացել։
Հիշում են քույրերին, եղբայրներին, հայրենինքը, զինվորներին՝ պարտադիր, մեկի մորաքրոջ ամուսնուն, մյուսի քեռու կնոջը, հիշում են ու հերթով խմում բոլորի կենացը, գոռացող երեխայինը՝ պարտադիր՝ նաև նրանց, ում սփռել են աշխարհի տարբեր ծայրերում։ Հիշում են նաև յոթը պորտը սովորած հայհոյանքները, երբ հերթը քաղաքականությանն է հասնում։
Կանանցից մեկը մի անգամ ասել էր՝ ծաղիկները պետք է շատ լինեն, ու պետք է նվիրել առանց պատճառի։ Սերոբն այլ կերպ էր հասկացել, ու հավաքել էր իր մոտ բոլոր սիրուն ծաղիկներին՝ Վարդ, Շուշան, Մանուշակ, Աստղիկ, բա Նունուֆա֊րը… իսկ կինը այգու մոլախոտերն էր մաքրում ու հիանում էր նոր գլուխը հանող ձնծաղիկներով։
Պետք էր խմել նաև այս ընկերության ու ջերմության կենացը։ Իսկ երբ տաքը գլուխ բարձրացրեց ու հասավ ուղեղին՝ հիշեցին մի կարևոր առաքելություն. այս ազգում պիտի Մոնթեները շատ լինեն՝ արբեցող, թմրամոլ, մարդասպան, կնոջը հայհոյող ու ծեծող… միևնույն է։ Կարևորը Մոնթե են լույս աշխարհ բերում։ Ու գնացին իրենց առաքելությունը կատարելու։
Ժամը հինգն էր։ Մթի ու ցրտի արանքում Սերոբը տուն մտավ։ Վառարանը դեռ տաք էր։ Կինն էր վառ պահել։ Չնայեց էլ այդ կողմ։ Առանց շորերը հանելու, կոշիկներն ու վերարկուն դեն նետելով՝ պառկեց անկողնում։ Ուղեղում մի պահ ինչ -որ կայծ բռնկվեց՝ առաքելություն, տղա, կին, սեր, անկողին… կարծես մի շիշ օղի դեռ պահել էր նկուղում։
Ժամը հինգն էր։ Տեսնես ո՞րերորդ երազն էր Սերոբը տեսնում։ Սաթիկը ոտքի ելավ, որ ամուսնու շորերը լվանա ու նախաճաշ պատրաստի։ Դե ուտելու բան էլ։ Պիտի արթնանան ու Մոնթեի աչքալուսանքը խմեն։