Արամ Թարվերդյան (Նեմրութ) | Փախստական աստվածները

Օվկիանադա – ձկադարձի օրեր

Բարև. կամ ինչպես ուզես:
Անցել է արդեն 5.000 կամ մի քիչ ավել տարի
Եվ մեր միջև մղոններ բացարձակ ոչինչ,
Կապույտ ու աղի:
Եվ թե ճիշտ են ասում, որ մարդկությունը դուրս է եկել ջրից
Ուրեմը էղել է հիմնավոր պատճառ.
Ես էլ ունեմ դրանից
Եվ սկսում եմ երթը վերադարձի ինձնից:
Եվ արդեն վարժված աննման լռելուն,
Ձկադարձի կես ճամփին կամ հենց ձուկ
Մի փոքր էլ ջանամ կաճեն
Պոչ ու թեփուկ:
Իսկ մնացած ամեն ինչ նույն է՝ փոփոխություն չկա,
Դարձյալ քթիս տակ երգում ու ծխում եմ վրա-վրա,
Եվ միայն վերջերս դրանց գումարվել է՝
Արդեն երկու մակընթացություն,
Անհասցե նամակներ գրելու հիմար սովորություն,
Տարօրինակ հատկապես էստեղ,
Ուր մարդկանց հազվադեպ կտեսնես
Ու տունդ չեն գա
Հավատա դուռդ չի ծեծի ոչ ոք,
Անգամ Եհովայի վկա
Ուր մնաց փոստատար
Որ մի բան բերի կամ տանի
Այստեղ ամեն ինչ նույն է
Արդեն հազար տարի:

Լսել եմ ձեզ մոտ իմ մասին,
Կամ լավ կամ ոչինչ
Եվ մեռելները ողջ աշխարհի
Նախանձում են ինձ:

 

Փախստական Աստվածները

Մենք կորած ենք, Սե՛րս. բայց հեչ չմտածես,
Փոխարենը մերն է Կորուսյալների Արքայությունը. տե՛ս,
Եվ հաստատ շահած ենք ավելին անգամ, և քան
Կարող էր առաջարկել քաղաքը
Հազարաղմուկ պատրանքներում անբան:
Եվ հին ու մերժված Աստվածների նման կհեռանանք, և մեզ
Փոխարինելու կգան նորերը, ու վանքերում մեր կկապվի նոր ծես,
Մեր իսկ խոսքերով կմրմնջան սերեր ուրիշ – այսինքն նույն,
Քաղաքը մեր իրենցով արած. ջահել Աստվածություն:
Եվ թե ջրերը ունենան դեռ դառնալիք, ապա ինչու՞ գինի,
Նրանք կդարձնեն այն գարեջուր ամեն հարմար պահի:

Իսկ մենք՝ կմնանք կտավների և պատերի վրա. անհաս ու ջինջ,
Ասես լեգենդ՝ խիստ դուրեկան ու մորեմերկ՝ վրաներս ոչինչ,
Դու հազարակուրծք, իսկ ես՝ տեղ-տեղ հաղթանդամ,
Ինչպես երբեք կյանքում և առաջին անգամ:

Կապրենք վերևից քաղաքների վրա. Սևանը իսկն է,
Մեծ ջրերի կողքին ներսիդ ջրերն հանգիստն են.
3000 տարի, կամ 5, և կամ անգամ երբեք,
Այլևս չեն ձգի ոտքերը
Վերադարձի ճամփեք:

Միայն թե անպայման՝ քաշի՛ր, հագի՛ր, կապի՛ր
և մի բան գցիր ուսիդ,
Այստեղ ցուրտ է անգամ ամռանը.
Սա Սևանն է Ծիտ:

 

Սևանը ծով է

Հա ի՞նչ, որ Սևանը ծով չէ և քիչ մ զով,
Հավատա ինձ, սա էլ է լրիվ վզով.
Կարևորը թաց է՝ նամանավանդ խորքերը,
Ու կարգին ջրում է աղմկոտ մտքերը:

Ամառը 7-ից հետո ցուրտ է անտեր
Էս կողմերում լավ է թե հագնել սվիտեր
Ու ափին մի տեղ շշին հագած
Մենակությունից ձևանալ թե Աստված էս – Սվիտերով Աստված:
Հա. ջուրը պաղ է և ցուրտ ամառ,
Բայց ես ափ գնում եմ շշելու համար:
Էնպես որ ինձ մեկ է և լողազգեստ չունեմ,
Սևանը Ծով է, իսկ ես superman

Բայց էստեղ երբեք չեն մտնի մեծ նավերը
Լսու՞մ ես, երբե՛ք, ու չի լսվի սուլոց,
Նավաստիներին տեսնելու հույսով աղջկերքը
Չեն թափվի փողոց,
Չի լինի նավապետը, ոչ էլ նրա բեղ-մորուսը,
Ծովագյուղում կծնվի ով ասես, բայց ոչ Կոլումբոսը,
Եվ ձկնահոտ պանդոկում նավաստիների կռիվը
Չի լինի երբեք.
Սա Սևանն է, ոչ թե Port-Breiveck:

 

Կապույտ Աստվածներ

Անկատար երազները մեծացնում են ձգտումը,
Իսկ իմոնք՝ նաև լյարդը,
Եվ շշերում՝ գունավոր ապակուց,
Արևն է անցած,
Զնգում.
Զզզզզնգ:
Ապակու կանաչը՝ հաստ ու անշեղ,
Կլանում է գույները բոլոր
Ու հատկապես հիր.
Կանաչը – զիլ, բյուրեղ ու թանձր
Աշխարհի վրա,
Հիմա՛,
Նայի՛ր:

 

Ուրբաթ. հունիս

Թերևս դու լավ գիտես, թե ինչպես են օրերը ցնծության հացի
Վերածվում՝ անհասցե ու դատարկ,
Արագընթացի.
Թե ինչպես են հնչում խոսքերը, առանց դող-հանգույց.
Ու ինչու է, որ հարցերի պատասխանը
Չի դառնում զրույց:
Կորցրած տարիներիդ փոխարեն, հիմա իջել է կարմիր գլխիդ
Իմաստնության օրհնությունը, դեռ
Բռունցքված ձեռքիս.
Եվ իբրև քեզ չներելու հատուցում
Զգում եմ հիմա ավելին
Եվ դեռ քեզ հետ խոսում
Մի քանի անգամ տարին:

Այսօր ուրբաթ է, հունիս և անցել է արդեն կեսկյանք,
Անհրաժեշտ է ևս մեկը,
Որ իրար մոռանանք.
Եվ հեռվում հիմա հոսում է
Երջանկությունը՝ քո անունը կրող,
Եվ քամիներն ամբողջ աշխարհի
Բերանն են լցնում
Ավազ – հատիկով:

 

Հավայի

Սիրուն կանանց հետ քնելը ամենևին էլ հեշտ չէ,
Մտքում հաշվել մինչև 1000-ը կամ հեչ չէ,
Հիշել մեկի թաղումը, կամ Արտեմիսի այրված տաճարը,
Ինչեր որ չես անի, երբ չի հերիքում հանճարը:
Սիրուն կանանց նկատմամբ կայուն թուլությունը
Միշտ առիթ է վերհիշելու հունական պատմությունը,
Երբ նրա մարմինը մերժում է գրքերիդ դափոնը,
Եվ կոնքերը պատմում են բաներ, որ չէր հիշի անգամ Ստրաբոնը:

Աչքերը փնտրում են հեռանալու ամենակարճ ճանապարհը,
Անգամ դադարներում ծխելը չի արդարացնում լռության պատճառը:
Շենքերը նույնն են՝ մուտքերը առավել ևս,
Ու մտքով հեռանում եմ նախքան հագնվելս:
Տարիքից է, գուցե, կամ թե պարզապես վարժվել եմ
100 մետրից մոտիկ ոչ մեկին չթողնելը,
Ու լարած է ինչ կա՝ բիբը, մկանը, ձգանը.
Ասես մենակս պահում եմ հայ-թուրքական սահմանը:

Քաղաքը սկսվում և չի վերջանում այլևս,
Բոլոր պատուհաններից քաղաքը նույնն է, թերևս,
Կայսերական քաղաքների տանիքները, չգիտես ինչու, զարդարում են ձիերը,
Եվ սիրուն կանայք նախընտրում են բարձրահարկերը:
Ինքդ քեզ հետ խոսելը, իհարկե, վատ չէ,
Վիճելու հավանականությունը համարյա 0, մի բան չէ,
Բայց դե, ում է պետք մոռանալ սեփական ձայնը ու
Չտրվել ոչ մի սադրանքի` անկանոն խոսելու:
Բայց մի տեղ, ով գիտե, սպասում է նա, ում անում են «Ինքը»
Ում հետ կարելի է պեղել անգամ Պարթենոնի հիմքը,
Հաշվել մինչև 1000-ը` եթե ձգես իհարկե,
Ու նրա տուն հասնելը ընդհամենը 5 հարկ է:

 

Տո լավ է

Մեկը քնում է գեղեցիկ կանանց հետ, մյուսը`մեխերին – յոգի հնար է,
Ես էն գլխից փորի վրա, ուղղակի էդպես հարմար է,
Ու դա քաղաքական հայացքներիս հետ ոչ մի կապ չուներ,
Գոնե մինչև վերջերս,
Պարզապես դա միակ բանն էր, ինչում ինձ գտել էի թերևս:

Հույները էս դեպքում կասեին. «դրանք միշտ ինչ-որ բան ասում են»,
Սավանով փաթաթ, բայց մեկ է խոսում են:
Կամ թե էդ հնդիկները – հանում հավայի ղալմաղալ,
Ի՞նչ պիտի ասի մարդը, որը ճակատին նկարում է խալ:
Կամ ինչ իմանա հունա-հնդիկ որևէ մեկը,
Թե ինչ է լինել հազարից և ոչ մեկը,
Չընկնել և ոչ մի հաշվարկի
Ու հարցման ցանկում
Չունենալ տոկոսված կամ թվային արտահայտում.
Լուրերից չիմանալ իր իսկ թիրախային խումբը,
Չկողմնորոշված ապրել, ասես չինական հին ռումբը
Ու վերջինս դնել մեկի անկողնու տակ նվեր.
Քնում մեռնողները չեն անում հիմար կատակներ:

Փնտրել եմ անունս անհետ կորածների ցանկում,
Գերեզմանաքարերին և խենթանոցների առաջին հարկում
Հարևանները.
– Չենք տեսել 5 տարի ու չենք էլ ուզում.
Զանգել եմ ինքս ինձ 1.000 անգամ. անպատասխան
Զուուուուուում:
Բայց, ինչ խոսք, եղել եմ, մի անգամ նույնիսկ պատվիրել առաքում
Ծխել վրա-վրա 2-դի ու 3-դի արանքում.
Նկարվել գեշ կանանց հետ ու նստել մետրո,
Նայի՛ր նոթումս 7 գեգաբայթ ֆոտո:
Մասնակցել պատերազմներին, ինքս հայտարարել մեկ-մեկ,
Հաղթել ու անցել պարտվածի կողմը – ինձ համար մեկ:
Գողացել թութ հարևանի բաղից,
Ու մերժած կանանց անունները թաքցրել սաղից:
Փնտրել եմ Աստծուն ու հագովս հարմար հավատ,
Որ բան չպահանջվի ու ձեռքի հետ ընկնեմ դրախտ.
Մասնակցել ժամանոց ծեսերի – եղել 7 Վերքում,
Տանտրայի ֆաների հետ ընկել նիրվանա – քուն,
Կապույտ մզկիթում երդվել կռվել գյավուրների դեմ,
Բայց կեսից հավեսս փախավ ու գնեցի տոտեմ:
Չեղա և ոչ մի խմբում, տարեցի միայն իմ կեսկռիվը
ծխեցի ու անցավ մի կյանք,
Անցավ Լրիվը:
Համաձայն եմ՝ փորի վրա քնելը տարօրինակ սկզբունք էր.
Գուցե անգամ հիմար,
Բայց դե մի բան պետք էր պահել
Սեփական աչքից չընկնելու համար:

 

100-ամյա պատերազմ

100-ամյա պատերազմից հետո
Բացվել են դեմքիդ 1.000-ավոր ճաքեր,
Եվ քաղաքներդ ավերակ-գետտո.
Հիմա անտեր:
Եվ իմ ռումբերը չպայթած քո հիմքերում
Եվ բարձրահարկ շենքերդ այժմ թոզ
Եվ մեկը կավիճով պատին քերում
Սպասումը – SOS:
Որքա՜ն սիրուն էին մեր պատերազմները
Հայտարարված և Չ՛.
Եվ փայլեցված սապոգների զարկոցը
Որ կար – ամեն ինչի վերջը,
Որքա՜ն էր քեզ սազում իմ պաշարումը, Սերս
Եվ մատույցներիդ ընկածը՝ աչքերիդ գույնին
Քեզ սիրելու միակ թաքուն հնարս
Խնամելն էր քո գերիներին:
Եվ ինքնաթիռներիս բվվոցը քաղաքներիդ վրա
Եվ տանկերով շարված փողոցներիդ երկարը.
Ես հատկապես կհավանեի այդքան սիրուն
Քո պարտության տոտալը:

Նորմալ մարդիկ անում էին ամուսնության առաջարկներ
Իսկ ես՝ միայն հանձնվելու
Բայց փոխարենը համբուրում էի վերջնագիրը
Առանց հանձնելու:
Եվ հրապարակներովդ անցնող իմ հաղթական երթերը
Ու քո սպիտակը պարտության հագիդ
Իմ հատուցումն է տարօրինակ
Այդպես էլ չստացած հարսանիքիդ:

 

Ամենաքաղաք

Փոքր քաղաքներում անծանոթին բարևում ես ամեն դեպքում՝
Դուրս չգա ծանոթ է,
Եվ մեկին, ում հետ խմել ես 1.000 տարի առաջ
Չգրկելն ամոթ է:
Սիրուն աղջիկների ետևից նայելը էստեղ էլ օրենք է, բայց
Ձևանում ես թե նայեցիր
Զուտ ետահայաց :
Ու բոլորը գիտեն հասցեները նրանց, ով երբեք չի մերժի՝ կտա,
Հանրա-կացարանի ծերացող ծտերը
մի ողջ սերնդի վկա:

Եվ ծերանում են բոլորը, համարձակներն անգամ մեռնում,
Էստեղ անբանությունից նույնիսկ
Ճայերն են սատկում:
Խանութում պարտքերի ցուցակը գլխավորում ես դու՝ կողքը – նիս.
Դա արդեն միակ տեղն է, ուր քեզ հիշում են
Ամեն ամիս:
Եվ գնալով հաշտվում ես, որ գոնե մի տեղ առաջինն ես – Partqman,
Օլիմպիական խաղերում հաղթողները
Քեզանից լավը չեն:
Հիմա հեռվում բաց թողածդ շանսերը հագել են կոստյում ու քեզ չգիտեն,
Քաղաքներում մեծ անունդ ու քեզ
Չեն սպասում արդեն:

Փոքր քաղաքների Ամենը, ում ոնց չգիտեմ, բայց ինձ
Խմացնում ու պահում է 3 ձեռքով
6-8 ոտքից:

 

Ասպետանոց

Սա փոքր երկիր է, կիպլիկ մի երկիր – ով գիտի բանտախուց,
Այստեղ դևերին հաղթում են միայն դևերը՝ արդեն շատ վաղուց
Եվ ձիերը սպասում՝ իրենց հագով մի ասպետ,
Դե իսկ արքայադստերը – օրը մեկի հետ:
Եվ ասպետները երկաթե ձվերով լուսացնում են
Օրն ու իրենց երկաթները՝ մի տեղ խմելով. և կան, որ
Իրենց էպիքական մենությունը բաճկոնով ծածկած
Կարշավեն փաբերով:
Չարված բաժին հերոսությունը՝
Հարմար դեմքի արտահայտությամբ թաքցրած.
Իրենց բաժին հերոսությունը՝ մեկին կուտ-կտակած.
Իրենց բաժին բաժինը՝ բաժին-բաժին արած,
Շրջում են ասպետները – Հայաստանով արբած:
Սա Հայաստանն է, ու վե՛րջ, էն կողմ աշխարհ չկա.
Սա Հայաստանն է ու վե՛րջ, իմ ու քո Արև, տարբերակ չկա
Սա Հայաստանն է, որ կա՛, հագի՛ր պալտոդ գնանք:
Այստեղ ասպետներ ձևում են ու միանգամից պատին,
Տալուց էլ, ի՞նչ թագավորության կեսը,
Միանգամից քթին:

Share Button

1 Կարծիք

  • Հետաքրքիր շարք է, յուրահատուկ շատ : Պոստմոդեռնիզմ եմ տեսնում, Արամին հատուկ հետաքրքիր մետաֆորներ ,հետաքրքիր ա նաև զգայականը: Արամի ֆլեգմատիկությունն անգամ չի խանգարում տեղ-տեղ էմոցիոնալ վառ արտահայտվելուն : Բավականին լավ ուսումնասիրել եմ գործերը ու նկատում եմ պրոգրես :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *