Գոհար Գալստյան | Պապ, ո՜ւր ես գնում. ես էլ եմ գալիս…

Այդ օրը դեկտեմբերի կեսերին ձյուն եկավ։ Ես բակ էի դուրս եկել ու քայլում էի բարակ ձյունի տակ՝ տարվա առաջին ձյունը տեսած դեռահասի անհատնում բերկրանքով։ Քայլելուս հետ երեսս երկնքին էի արել ու փակ կոպերիս, շուրթերիս, լեզվիս վրա համտեսում էի ձյունը, որն ինչ-որ անսովոր դառնահամ ուներ՝ նախկինում այդչափ չգիտակցված։ Քիչ առաջ վարագույներից ազատված մեր տան լուսամուտների ետևում ձյունը` չասված ու հաղթահարման կարոտ մի հարցադրում ուներ իմ մեջ, որ կասեցնել էր պետք, և ինձ համար տնից դուրս գալը լավագույն միջոցը համարեցի…

Դրսում ազատություն էր, և մեր մեծ բակում զարմանալիորեն ինձանից բացի ոչ ոք դրսում չէր.- ես էի ու ձյունը։ Դեռ քայլում էի կոպերս փակ, երեսս՝ վերև պարզած, երբ անհաջող մի քայլով քիչ մնաց ընկնեի։ Աչքերս ակնթարթորեն բացելով ես նայեցի ոտքերիս տակ, և այդ պահից սկսած՝ ամեն քայլի հետ տեսնում էի, թե՝ դեռ անբիծ, բարակ շերտով նստող թաց ձյունի վրա ի՛նչ տխուր ջրակալած հետքեր են մնում իմ մանրիկ ոտնատեղերում՝ ասես արցունքով լճացած մարդկային աչքեր…

Երբ իմ թողած հետագիծն ամբողջությամբ տեսնելու համար եկածս ուղղությամբ ետ նայեցի՝ դրանից էլ այն կողմ ես ավելին տեսա ու մի քի՛չ էլ տխրեցի։ Քիչ առաջ օրը դեռ լույս էր, բայց դեկտեմբերյան կարճ ցերեկը արագ էլ կոտրվում էր, իսկ մեր տանն այդ ժամանակ սովորական դարձած տարեվերջի մաքրության եռուզեռն էր, ու մայրս հենց այդ պահին լվացքի տաշտում՝ խմոր հունցելու պես անվերջ տրորելով՝ արդեն լվանում էր քիչ առաջ պատուհաններից իմ օգնությամբ իջեցրած վարագույրները։

Ես դրսից նայեցի մեր տանն ու տեսա, թե ինչ մերկ են մեր լուսամուտները… Այնպե՛ս անպաշտպան ու բաց էր մեր տունը՝ մինչև խորին խորքը խոցելի, որ միջովս դող անցավ։ Հիմա ուզածդ մարդ կարող է տեսնել մեր ներսը՝ մտածեցի, իսկ մեր տանը մի իսկական խառնաշփոթ էր։ Մորս և ավագ քույրերիս ջանքը՝ միաժամանակ ձեռնարկված մի քանի գործ, որոնք տունը կարգի բերելուց առաջ՝ այն հիմնովին քանդում ու խառնում էին իրար, իրենց կնիքը թողել էին բոլոր անկյուններում։ Այնպես որ, ես նաև չխանգարելու, ոտատակ չընկնելու համար էի դուրս եկել տնից։ Օգնելու համար դեռ պիտանի չէի, անհոգ խաղերի համար՝ արդե՛ն պիտանի չէի։ Անցողիկ մի տարիք էր, երբ ինքդ էլ քեզնից բան չես հասկանում, բայց գիտակցում ես ավելին, քան կարող էիր ենթադրել։

Տխուր մտքերից ինձ հեռու տանելու համար, ես մեր հարևան տների շարքով առաջ քայլեցի դեպի բակի խորքը։ Ձյունն արդեն ուժեղանում էր, ու թեև ձյան վարագույրից այն կողմ մեր տան բաց տեսարանը հեռվից մշուշվել էր, միևնույն է՝ մեր տունը մերկ էր, և ես դա գիտեի, որից անսովոր տագնապում էի։

Արդեն մեր հարևանի ցախատան ետևում՝ բակի ամենախորքերում, ծառերի տակ պտույտ էի գալիս ու փորձում էի ուժեղացող ձյան հետ ազատվել հիմար մտքերից։ Սկզբում ինձ ցախատան ծածկի տակ ծվարած կատուն գրավեց, մոտեցա որ շոյեմ, բայց նա ինձ տեսնելուն պես ավելի խորը թաքնվեց իր նեղլիկ կացարանում։ Ձյան խոշորացող փաթիլներն արդեն աչքերս էին լցվում, երբ ես անմնացորդ տարվեցի իջնող ձյան հոսքով։ Աչքերս ճպճպացներով դժվարությամբ նայում էի վերև ու ասես երկնային մի թափանցիկ վերելակով բարձրանում էի երկինք։

Այդպես տարված, բնական է՝ մտքովս չէր էլ անցնում, թե հայրս իր սովորական ժամից այդ օրը շուտ տուն կգա, և հորս գործից տուն գալու պահը բաց էի թողել։ Ցախատան ետևից շրջվել ու վերադառնում էի մեր տան կողմը՝ երբ բակից ո՛չ թե ներս, այլ դեպի դուրս գնացող հորս տեսա։ Նրա հեռացող  ուրվագիծը՝ թիկունքից… Ինձ այնպես թվաց, թե հայրս անդարձ է գնում, ու դրանից այնպե՜ս վհատվեցի, որ զարմանքս հայտնելու փոխարեն՝ որքան ուժ ունեի՝ լացակումած կանչեցի. «Պա՛պ, պա՛պ, պա՛պ»…

Պարզ է՝ հայրս եկել ու ինչ-որ պատրվակով նորից դուրս էր գնում, ի՜նչ կար այդտեղ արտառոց, բայց ես երբե՛ք այդքան տագնապով չէի նայել հորս հետևից ու այդքան աղեկտուր չէի կանչել նրան։ Խզված ձայնս հենց իմ ականջներին այնպես ողբերգական էր հնչել, որ սարսռացի… Զարմացած հայրս շրջվել ու նայում էր ինձ։ Ես վազելով հասնում էի նրան՝ շնչակտուր վրա տալով.

– Պապ, ո՜ւր ես գնում. ես էլ եմ գալիս…

Ինձ ընդառաջ մի քանի քայլ դեպի ետ եկած հորս զարմացած աչքերում այդ պահին ժպիտ առկայծեց, ինձ գիրկն առավ, ու ձայնիս երանգից հասկանալով, որ լացս հազիվ եմ զսպում, հարցրեց՝ ի՞նչ է եղել, հո լուրջ բան չկա, ու իմ՝ բան էլ չէ պատասխանից արդեն բեղի տակ ժպտաց, աչքերս պաչեց, ուսերիս ձյունը ձեռքով թափ տվեց ու հորդորեց շուտ տուն գնալ՝ ասելով, որ կսառեմ, իսկ ինքը գործով է դուրս գալիս և մի կես ժամից հետ կգա։

Երբ հորս գրկից պոկվեցի ու մի քանի քայլ արեցի դեպի տուն՝ հայրս դեռ կանգնած ինձ էր նայում։ Ես ձեռքով արեցի՝ ժպտացի, տեսա հորս ձեռքի պատասխանն ու արդեն նրա շրջվելը։

Մթնում էր, ձյունը դանդաղել էր, ու ես այս անգամ սև-սպիտակ կինոյի դանդաղեցրած կադրի նման էի տեսնում հորս հեռացող թիկունքը։ Ընդամենը կես ժամ հետո իսկապես տուն վերադարձած հայրս, սովորական մի օր՝ սովորական մի գործով այդ պահին պարզապես դուրս էր գնում, բայց ինչո՞ւ էր իմ ներսում ամեն բան այդպես տագնապալի, ինչո՞ւ էր ինձ թվում, և հիմա էլ, ախր, շարունակում է թվալ, թե նա այդ օրը՝ հենց այդպես քայլեց դեպի իր հավերժությունը։

Դեռ սառած-կանգնած էի բակում, մեր տան դուռը բացվեց, ու մայրս դուրս եկավ՝ տաք ջրից նոր քամած, գոլորշի արձակող վարագույրները լվացքի ցանցի մեջ երկու ձեռքով պահած։ Ես՝ քարացած տեղս, աչքերիս մեջ արցունքի մեկական բյուրեղացած կաթիլ, ուրախացա, երբ մայրս իր մոտ կանչեց՝ վարագույրները միասին բակի լվացքի պարանին փռելու։ Մորս հետ մենք գործն արագ գլուխ բերեցինք ու կարգին մրսած մտանք տուն, որտեղ տաք ճաշի սեղանի շուրջ՝ արդեն հորս գալու հետ բոլորս միասին հացի նստեցինք։

Այդ օրվա մեր տան խառնաշփոթի արդյունքը Ամանորից առաջ հաստատված կատարյալ կարգուկանոնն էր։ 1976-ի ուրախ տոնական օրերը խոստանում էին առատ ու երջանիկ տարի։ Տոնական սեղանի շուրջ հայրս հաստատում էր, որ զույգ թվով տարիները մեր ընտանիքին միշտ էլ հաջողություն են բերել։ Հայրս հպարտանում էր մեզնից յուրաքանչյուրի հաջողությամբ, իսկ գրպանում՝ մեր լուսանկարներից բացի պահում էր  նաև դպրոցի իմ առաջադիմության թերթիկը, որը ծանոթներին ցույց էր տալիս՝ իր տան ամենափոքրի հանդեպ ունեցած առանձնակի գորովանքով։ Բոլորս երազանք էինք պահել Ամանորին, և ամեն մեկիս առանձին երազանքից էլ առաջ՝ մեր ամբողջ ընտանիքի համար մի մեծ երազանք, որն այդ ժամանակ բառերի չէր վերածվում։ Այդ հիմա է, որ ես դրա ձևակերպումը գիտեմ՝ անկորուստ լինենք, իսկ այն ժամանակ՝ անբացատրելի տագնապս փարատելու իղձ էր ու չգիտեի թե՝ ումից խնդրեմ պաշտպանություն՝ իմ պահապանների համար։

Ձմեռը երկար չէր մնալու, դեռ գարուն էր բացվելու, ու հավատալու էինք այդ Ամանորին մեր պահած երազանքների կատարմանը, գալու էր ամառ, ու գարնան վերջին օրերից հորս անակնկալ հիվանդության ապաքինումը հավատով կապելու էինք մեր պահած երազանքի իրականացման հետ, գալու էր աշուն, բայց այդ աշունը չէր ունենալու հոկտեմբեր, իսկ ավելի ստույգ՝ երկու օր հոկտեմբերից… ընդամենը։

Արևոտ ու ջինջ օր էր՝ երկուսը հոկտեմբերի։ Այդ օրը հայրս չքայլեց թիկունքով դեպի բակի ելքը, մեր տան երդիկով միանգամից երկինք բարձրացավ։ Բայց հիմա էլ ես տեսնում եմ ձմռան սև-սպիտակ երեկոյի տեսարանը։ Հայրս գնում է, իսկ ես՝ մեխված, նայում եմ նրա ետևից՝ անգիտակցականի մի անկյունում պահելով այդ պահին ներսուդրսով մերկ ու անպաշտպան մեր տան անվարագույր պատկերը, որն ինձ ավելի ու ավելի հաճախ է տեսիլվում…

2/3.10.2019

«ՕՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ» անտիպ ժողովածուից

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *