էսսե պատերազմի հավաստիության ու քանդված գրականության մասին
«Եթե գրականությունն ու արվեստը տարբեր բնագավառներ են, ապա Կարեն Ղարսլյանի «Ատերազմա» գիրքը գրականությո՞ւն է, թե՞ արվեստ, վե՞պ է, թե՞ արվեստի գործ, ընթերցանության համա՞ր է, թե՞ դիտելու կամ ընթերցելու ոչ թե որպես գիր, այլ պատկերներ, որոնք ստեղծվել են գրերով՝ տառերով ու բառերով ու չեն դադարում գրություն լինել…»:
Ինքնագիր գրական հանդես
Այսպիսին էր միջոցառման էջում Ատերազմայի նկարագրությունը: 2016 թվականի Հոկտեմբերի 23-ին Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Կարեն Կարսլյանի գործի շնորհանդեսը: Անկախ 500 էջանող հաստ կազմով գրքի վրայի «տպագրային ֆիլմ» գրությանու հեղինակի բազմաթիվ նկատողություններին՝ դադարել գիրք բառը գործածել, միևնույնն է, հավաքվածներն այն ընկալում էին որպես գիրք: Միգուցե պատճառներից մեկն այն է, որ Կարսլյանին հավաքվածներն ընկալում են զուտ որպես գրող, գրականության մարդ, մյուս պատճառը հենց նրա ներկայացված գործի ֆիզիկական ձևն է:
Ամեն դեպքում «Տպագրային ֆիլմ» բառակապակցությունը տեսնել հաստափոր, սև-սպիտակ գույների մեջ արված գրքի վրա արդեն իսկ մի փոքր խառնում է իրար: Ի՞նչ ֆիլմ, ինչո՞ւ ֆիլմ: Ֆի՞լմ, որովհետև գիրքը միշտ ֆիլմից լավն է, թե՞ ֆիլմ, որովհետև վերջիվերջո ֆիլմն ավելի մասսայական է: Կամ միգուցե սա ֆիլմ է, որը կարելի է ընթերցել, ոչ թե նայել, որի կադրերը սառեցված են ու տրամադրվում են դիտողին՝ զննման համար: Ուզում ես վայրկյաններով թերթի ուզում ես՝ ժամերով նայի, սա տպագրված ֆիլմ է՝ ամբողջությամբ քո տիրապետության տակ:
Ատերազման ունի բազմաթիվ հղումներ, ներքին կոդեր, ինչպես օրինակ հղում «Մեր մանկության տանգո» ֆիլմից երկխոսության, բայց այդ ամեն հղումները թաքնված են ու դիտողը դրանց մասին չգիտի, անգամ զգույշացված էլ չի, որ պետք է ուշադիր լինի դրանք գտնելու համար: Այս տեսանկյունից Կարենը հենց ամենասկզբից իր ընթերցողին ներքաշում է մի խաղի մեջ, որտեղ քիչ չի նրանից դարձնում է դիտող, մի բան էլ ավել՝ պատում է իր պատկերավող տեքստը թաքնված կոդերով, որոնց ներկայության մասին անգամ չի բարձրաձայնում: Սա պայմանական խաղ է, որտեղ կարևոր գործող անձն այս անգամ ոչ թե տեքստն է, այլ դասական իմաստով տեքստի բացակայությունը, պաուզաները, դատարկությունն ու դատարկության ռիթմը, որը Կարսլյանը պատկերավոր փորձում է ցուցադրել:
Ռիթմը
Դեռևս 10 տարի առաջ գրված գործերում Կարսլյանն անդրադառնում էր ժամանակակից ռիթմի ազդեցությանը գրելու ու ընթերցանության ընթացքի վրա, հատկապես դա հստակ երևում է «Պոեզիա եմ ուզում» գործում, որը տեղ է գտել «Գրողի ծոցը» գրքում (ավելի ճիշտ՝ Ղարսլյանի երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուում).
Ես բանաստեղծություն եմ ուզում գրել
Ես ուզում եմ բանաստեղծություն գրել
Հենց հիմա
Շատ եմ ուզում
Շատ
Էնքան շատ եմ ուզում բանաստեղծություն գրել
Որ բանաստեղծություն գրել ուզենալուց բացի
Ոչ մի բան չեմ ուզում
ՈՉ ՄԻ ԲԱՆ
Անգամ բանաստեղծություն գրել չեմ ուզում
Էսքան տարի ինչ բանաստեղծություն ասես որ չեմ գրել
Բայց ոչ մեկի ժամանակ էսքան չեմ ուզեցել բանաստեղծություն գրել
Ինչքան հենց հիմա
2005 թվականի դեկտեմբերի 13-ին
Ժամը 16:14:15
Եվ հենց այստեղ
Կալիֆորնիայի
Լոս Անջելես քաղաքի
Դաունթաունում
«Ատերազմա» գործում, ի տարբերություն վերը նշվածի, Կարսլյանն արդեն ավելի լայն տեսանկյունից է անդրադառնում գրականության խնդիրներին ավելի լայն տեսանկյունից՝ մասնատելով գրականությունն ու հասցնելով այն միայն բառի, նախադասության մակարդակի, որն էլ իր հերթին ժամանակակից դարաշրջանում անկարող է լինելու հավաստի, երբ մենակ է, Բոդրիյարի նշածի պես՝ «ճիշտն է, բայց ճշմարտությունը չէ, հավաստին չէ…» (Ժ. Բոդրիյար, «Պատերազմի Պորնոգրաֆիան»):
Կարսլյանի համար, որպես գրող իր գրվածը՝ խոսքերը հավաստի դարձնելու միակ տարբերակը, բառը վերածելն է պատկերի: Տեքստին տալով պատկերի կարգավիճակ՝ հնարավորություն է ստեղծվում ժամանակակից պատկերային դոկումենտացիային առաջնահերթ վստահող աշխարհում հիմնավորել տեքստը:
Բայց որքան էլ գայթակղիչ է հնչում տպագրային ֆիլմ արտահայտությունը, այն միևնույնն է մնում է վեպ, դեկոնստրուկտիվ վեպ, որը հեղինակը սկսում է քանդել, բայց վեպի կեսից գիտակցում, որ դրա քանդման դեպքում կքանդվի նաև ինքը՝ որպես գրող ու հեղինակ: Այդպիսով գործը սկսում է տատանվել՝ գրքի ու արվեստի գործի միջև ու այդպես էլ մնում այդ երկուսի արանքում՝ դիտողին թողնելով չկողմնորոշված ու մոլորված:
Մի կողմից մոլորվածության սուր զգացումը հնարավոր է քանդի դիտողին ու ստիպի նրան տարատեսակ հարցադրումների առաջ կանգնել, բայց մյուս կողմից գործի տատանումը՝ տեքստային հաղորդակցման ու վիզուալի միջև, դրան մոտենալու ու ընկալելու ձևերն է բարդանում:
Ընտրելով միջանկյալ տեղ՝ տառերի ու պատկերների արանքում, Կարսլյանը տեղափոխում է պատերազմի պես վտանգավոր ու սուր թեմաների մասին խոսակցությունն անվտանգ դաշտ՝ էքսպերիմենտալ գրականություն:
Քանդված վեպում քանդման էլեմենտը տալիս է արտահայտվելով չարտահայտվելու ազատությունը: Սա ներքին ազատություն է, որին հնարավոր չէր լինի հասնել հստակ կառուցվածքի ներսում, քանի որ այդտեղ ամեն ինչ ձգտում է կոնկրետության ու բացատրելու պահանջ առաջադրում:
Այս դեպքում, խաղալով ընթերցողի դերի հետ ու ընթերցանության ընթացքի, Կարսլյանը ստացվում է՝ խաղում է նաև ժամանակի հետ՝ գործին մոտենալու համար նախատեսված ժամանակի, դա միանգամից կամ մաս-մաս ընկալելու ժամանակի հետ: Ատերազմայում ժամանակը կոտրվում է թեմայի ծանրության տակ:
ՊԱՏերազմի կոնՏԵՔՍՏԸ
[վերջին էջի նկարը՝ «եթե մի երկիր ի զորու է ազատագրել ամրոցի պատի մեջ որմնապատված մարդուն, այդ երկիրն ու այդ ժողովուրդն անհաղթ են»]