ԳՐԱՆԻՇ | Ներկայացում Ազգային Գրադարանում

ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | «ԱրմենիաՆաու»

Հայ գրականության էնտուզիաստները չորեքշաբթի Ազգային Գրադարանում ներկայացրեցին իրենց գրական կայքի նոր տարբերակը, որը մեծ ճանաչում ունի գրողների ու պարզապես գրականությամբ հետաքրքրվողների շրջանում:

Վերջին երկու տարվա ընթացքում «Գրանիշ» գրական կայքը, որը ներկայացնում է ժամանակակից հայ գրողներին, արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում համացանցային տիրույթում:

Մի խումբ երիտասարդ գրողների ու գրականագետների կողմից 2009-ին ստեղծված «Գրանիշը» գրական կոմպլեքս համակարգ է` ներառելով գրականության մեջ տարբեր գործունեություններ` հիմնադրամ, ակումբ, իսկ արդեն 2011-ից նաև` հանդես:

Այս ոչ առևտրային նախագծի հիմնական նպատակն է ժամանակակից հայալեզու գրականության տարածումը:

«Գրանիշ» գրական ակումբի անդամ, կայքի հիմնադիր, երիտասարդ գրող Կարեն Անտաշյանն ասում է, որ կայքի ստեղծման անհրաժեշտությունն անձամբ է զգացել, երբ դեռևս երկու-երեք տարի առաջ ստեղծված գրականությունն ընթերցողին հասցնելու ոչ մի մեխանիզմ չկար:

«Երիտասարդ գրողներով, գրաքննադատներով մտածում էինք, որ եթե մեր ժամանակի հիմնական մասը տրամադրում ենք գրականությանն ու գրականություն ստեղծելուն, ապա պետք է նաև մտածենք մի մեխանիզմ, որի միջոցով մեր ստեղծագործությունները կդառնային հասարակության համար կարևոր և պահանջարկ վայելող»,- ասում է երիտասարդ գրողը` հավելելով, որ այն ժամանակ համացանցը նոր էր սկսում զարգանալ Հայաստանում, և հայալեզու գրականության մեծ պակաս կար:

Ըստ Անտաշյանի` այսօր շատ հեղինակներ նախընտրում են առաջինը հենց «Գրանիշում» տեղադրել իրենց ստեղծագործությունները, որովհետև մեկ օրում առնվազն 500-1500 մարդ է ընթերցելու դա Հայաստանում և սփյուռքում:

«Եթե սրանից մի քանի տարի առաջ շատերն ասում էին, որ ժամանակակից հայ գրականություն չունենք, ապա այսօր այդ հարցը վերանում է, քանի որ կա այսպիսի ռեսուրս, որտեղ կարելի է ծանոթանալ բազմաթիվ հեղինակների ու ստեղծագործությունների, որոնց մասին անգամ պատկերացում չունեինք»,- ասում է Անտաշյանը` հավելելով, որ «Գրանիշը» բաց է բոլոր գրողների, տարիքային բոլոր խմբերի ու ամեն տեսակի գրականության համար:

«Գրանիշ» գրական ակումբի անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ 33-ամյա Արքեմնիկ Նիկողոսյանը վստահեցնում է, որ այսօր Հայաստանում կա «գեղագիտական բարձր չափանիշներով, նյութի արդիականությամբ, թեմատիկ, բովանդակային, գաղափարական հարցադրումների բարձր մակարդակով գրականություն, որը բարձրարժեք է և ընթերցվող»:

2011-ին ստեղծված «Գրանիշ» գրական հանդեսն արդեն ունի երկու համար, յուրաքանչյուրը` շուրջ 500 տպաքանակով:

Համարները թեմատիկ են, օրինակ` առաջին համարն անվանել են «Լեզվանի», քանի որ այնտեղ ներառված են ինչպես արդի հայերենով ստեղծագործող, այնպես էլ այնպիսի գրողների ստեղծագործություններ, որոնք օգտագործում են արտաքուստ գրական բառապաշարին ոչ հարիր լեզվական տարրեր:

Իսկ երկրորդ համարն անվանվել է «Օֆլայն», քանի որ այս համարում էլ ներառված են եղել այնպիսի գրողներ, որոնց անուններն օնլայն տարածքում այնքան էլ հաճախ չեն հանդիպում:

«Գրանիշն» ինձ համար թանկ է, քանի որ երիտասարդներ են անում, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի համարձակ, սպասելի ու գեղեցիկ, բացի այդ, մեր գրական դաշտում, որը շատ սաղր վիճակում է, ստեղծվեց ևս մի կարևոր հանգույց, որի շուրջը հավաքվում են, համախմբվում»,- ասում է ժամանակակից հայ գրող Ներսես Աթաբեկյանը:

Լուսանկարները Գոհար Աքելյանի

Share Button

4 Կարծիք

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Միակ կարգին ու գրագետ անդրադարձն էր այդ միջոցառմանը: Մեր լրագրողները կրկին ապացուցեցին, որ մեծամասամբ` իրենց գործը չգիտեն:

  • Գրանիշ says:

    Եթե մի քիչ իրենց ականջին սովոր խայծ-արտահայտություններով կազմակերպված չներկայացնես խոսքդ` շիլա-շփոթ են գրում, որովհետև գրելու համար են գրում ու ինչը որ ահավոր է` չեն սիրում իրենց գործը: Լրաքաղը իրոք ահավոր էր էդ օրվա, որովհետև մենք հատուկ ջանք չէինք գործադրել և ըստ էության ուղղակի գործունեության իմպրովիզ-ներկայացում էր:

  • Անի says:

    Մեծ սիրով կմասնակցեի միջոցառմանը:

  • Նարեկ Սարգսյան says:

    ցավում եմ որ չեմ մասնակցել այդ միջոցառմանը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *