«Բրուքլինի նոկտյուրն»
Երկնքում ոչ ոք քնած չէ:
Ոչ ոք:
Ոչ ոք քնած չէ:
Լուսնի հյուլեները թափառում են մարդկանց հյուղակներում.
կենդանի մողեսները կխայթեն նրանց, ովքեր չեն երազում,
և մարդը, որը դուրս է նետվում իր փշրված հոգու հետ,
փողոցի անկյունում կհանդիպի
աներևակայելի ալիգատորի`
խաղաղ աստղերի մեղմ բողոքին ի հակառակ:
Ոչ ոք քնած չէ աշխարհում:
Ոչ ոք:
Ոչ ոք քնած չէ:
Գերեզմանոցի մի դի
հառաչում է շուրջ երեք տարի
ծնկներին ցամքած բնության ցավից,
և տղան, ում թաղեցին այս առավոտ,
այնպես էր լալիս,
որ հարկ էր ձայնել շներին` սաստելու նրան:
Կյանքը երազ չէ. արթու՛ն կաց.
մենք ընկնում ենք աստիճաններից`
ծամելու խոնավ երկիրը,
կամ մագլցում ենք ձյունոտ գագաթներ`
մեռած գեորգինաների ձայնով…
Չկա մոռացում,
երազներ նույնպես չկան,
լոկ մարմին կա…
Համբույրները կապում են մեր բերանները
թարմ երակների մացառուտներում.
և նա, որ ցավ է պատճառում, կզգա,
որ ցավն ուղեկից է ընդմիշտ,
և նա, որ մահից է վախենում,
կկրի այն իր ուսերին հավերժ:
Մի օր
ձիերը կապրեն պանդոկներում,
և մոլեգնած մրջյունները
իրենց կնետեն դեղին երկինքներ`
ապաստանելով կովերի աչքերում:
Մի ուրիշ օր
կտեսնենք մեռելների միջից հարություն առնող թիթեռների,
և, շրջելով մոխրագույն սպունգների ու համր նավակների երկրում,
կտեսնենք մեր մատանիների փայլը և գարնան վարդերը՝մեր լեզվից ծլած:
Արթու՛ն կաց, եղիր զգու՛յշ:
Մարդուն, որ դեռ կրում է ճանկռածն ամպրոպի,
և տղային, որ աղաղակում է, քանզի չգիտի կամուրջների գոյության մասին,
և այն մեռածին, որ արդեն մի գլուխ և մի կոշիկ ունի,
պետք է առաջնորդենք դեպի այն պատը,
ուր մողեսներն ու օձերն են սպասում,
ուր արջի ատամներն են,
տղայի չորացած ձեռքն է սպասում,
իսկ վերջում` անզուսպ ցնցման մեջ կանգնած են ուղտի մազափնջերը:
Երկնքում ոչ ոք չի քնում: Ոչ ոք:
Ոչ ոք չի քնում:
Իսկ թե մեկը փակի աչքերը,
մտրա՜կ, տղե՛րք, մտրա՜կ:
Թող իմանա` ինչ է քունը բաց աչքերով,
և տեսնի դառը վերքերը կրակի:
Այս աշխարհում ոչ ոք քնած չի:
Ոչ ոք:
Դա ասվեց արդեն:
Ոչ ոք չի քնում:
Բայց թե մեկի տաճարի պատերին
շատ մամուռ աճի գիշերվա ընթացքում,
բացեք դռնակը,
լուսնի լույսի տակ թող տեսնի
կեղծ գավերը,
թույնը և ավերը թատրոնների:
Թարգմանությունը՝ Ն. Գրիգորյան, Ա. Սարգսյան
Խմբագիր՝ Նաիրա Բալայան