Պատմվածք

Մոնո-նո ավարե

Իմ աշխատանքը դիմացիս ինդիկատորային լամպերի ցանցին նայելն է։ Այն մի փոքր նման է Գո խաղի հսկայական տախտակին։ Մեծամասամբ շատ ձանձրալի է։

Թարգմանիչ՝ Էլիզա Ստեփանյան

• 13 րոպե

Մոնո-նո ավարե

Սկիզբը՝ այստեղ

Իմ աշխատանքը դիմացիս ինդիկատորային լամպերի ցանցին նայելն է։ Այն մի փոքր նման է Գո խաղի հսկայական տախտակին։

Մեծամասամբ շատ ձանձրալի է։ Լույսերը, որոնք ցույց են տալիս արևային առագաստի տարբեր հատվածների լարումը, մի քանի րոպեն մեկ փոխարինում են միմյանց, երբ առագաստը հանդարտորեն թեքվում է հեռվում մայր մտնող արևի լույսի ներքո։ Լույսերի հերթագայությունը նույնքան ծանոթ է ինձ, որքան Մինդիի շնչառությունը քնած ժամանակ։

Արդեն շարժվում ենք այնպիսի արագությամբ, որը կազմում է լույսի արագության նշանակալի մասը։ Մի քանի տարի հետո, երբ սկսենք բավականին արագ շարժվել, մեր ուղղությունը կփոխենք դեպի 61 կույսերը և դրա անարատ մոլորակները, և մոռացված հիշողությունների նման անցյալում կթողնենք մեզ ծնունդ տված արևին։

Բայց այսօր ասես սխեման խախտվել է։ Թվում է, թե հարավարևմտյան անկյան լամպերից մեկը մի վայրկյանով ավելի արագ է թարթում, քան անհրաժեշտ է։

-Նավիգա՛ցիա, – ասում եմ ես բարձրախոսով, – Առագաստի հսկման Ալֆա կայանն է։ Կարո՞ղ եք հաստատել, որ ճիշտ ուղղով ենք շարժվում։

Մեկ րոպե հետո ականջակալներումս հնչում է Մինդիի ձայնը, որը փոքր-ինչ զարմացած է հնչում։

-Չէի նկատել, որ մի փոքր շեղվել ենք ուղղուց։ Ի՞նչ է պատահել։

-Դեռ վստահ չեմ։

Նայում եմ դիմացիս ցանցին, համառորեն վառվող ինդիկատորին, որը սինխրոնացումից և ներդաշնակությունից դուրս է։

*

Մայրիկը Ֆուկուոկա[1] տարավ ինձ՝ առանց հայրիկի։

-Սուրբ ծնունդի համար գնումներ ենք անելու, – ասաց նա հայրիկին։ – Անակնկալ եմ ուզում անել քեզ համար։

Հայրիկը ժպտաց և տարուբերեց գլուխը։

Բանուկ փողոցներով էինք գնում։ Քանի որ հավանաբար վերջին Սուրբ ծնունդն էր Երկիր մոլորակի վրա, յուրահատուկ զվարթություն էր զգացվում օդում։

Մետրոյում հայացք գցեցի մեր կողքին նստած տղամարդու ձեռքի օրաթերթին։ ԱՄՆ-ն ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆՈՒՄ․ ասվում էր վերնագրում։ Մեծ լուսանկարի վրա հաղթանակած ժպտում էր Ամերիկայի նախագահը։ Ներքևում մի շարք այլ նկարներ էին, որոնք նախկինում արդեն տեսել էի․ ամերիկյան առաջին փորձառական էվակուացիոն օդանավը, որը շատ տարիներ առաջ պայթել էր փորձնական թռիչքի ժամանակ, ինչ-որ խաբեբա երկրի առաջնորդ իր պատասխանատվության մասին հեռուստացույցով հայտնելիս, ամերիկացի զինվորներ, որոնք քայլերթով գնում էին դեպի օտար մայրաքաղաք։

Ներքևում ավելի փոքր հոդված էր․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ ՍՑԵՆԱՐԻՆ։ Հայրիկն ասել էր, որ որոշ մարդիկ ավելի շատ նախընտրում էին չհավատալ, որ աղետն իրական էր, քան ընդունել, որ այլևս ոչինչ չէր կարելի անել։

Անհամբեր սպասում էի, թե երբ էի նվեր ընտրելու հայրիկի համար։ Բայց էլեկտրոնիկայի խանութ գնալու փոխարեն, որտեղ մտածում էի, որ տանելու էր ինձ մայրիկը՝ հայրիկի համար նվեր գնելու, գնացինք քաղաքի մի հատված, որտեղ երբևէ չէի եղել նախկինում։ Մայրիկը հանեց հեռախոսն ու կարճ հեռախոսազանգ կատարեց․ անգլերեն էր խոսում։ Զարմացած նրան էի նայում։

Այնուհետև կանգնել էինք մի շինության առջև, որի վերևում ծածանվում էր Ամերիկայի դրոշը։ Ներս մտանք և նստեցինք ինչ-որ աշխատասենյակում։ Մի ամերիկացի ներս մտավ։ Տխուր դեմք ուներ, սակայն ամեն կերպ փորձում էր ձևացնել, թե ամենևին էլ տխուր չէր։

-Րի՛ն, – տղամարդն արտաբերեց մայրիկիս անունն ու կանգ առավ։ Այդ մի բառի մեջ լսեցի ափսոսանք, կարոտ և բարդ պատմություն։

-Սա դոկտոր Համիլթոնն է, – ասաց մայրիկն ինձ։ Նա սկսեց լաց լինել, դոկտոր Համիլթոնը կանգնած էր՝ անհարմար զգալով իրեն, ասես ցանկանում էր գրկել մայրիկին, բայց չէր համարձակվում։

-Դու կմնաս դոկտոր Համիլթոնի հետ, – ասաց մայրիկը։

-Ի՞նչ։

Մայրիկը գրկեց ուսերս, կռացավ և աչքերիս մեջ նայեց։

-Ամերիկացիները գաղտնի տիեզերանավ ունեն ուղեծրում։ Դա միակ տիեզերանավն է, որ մինչև պատերազմի սկիզբ կարողացել են թռցնել տիեզերք։ Դոկտոր Համիլթոնն է նախագծել այդ տիեզերանավը։ Նա իմ․․․ հին ընկերն է, և նա կարող է մի հոգու վերցնել իր հետ։ Սա քո միակ հնարավորությունն է։

-Ո՛չ, ես չեմ գնա։

Վերջիվերջո մայրիկը բացեց դուռը, որպեսզի հեռանար։ Դոկտոր Համիլթոնն ամուր բռնել էր ինձ, քանի դեռ քացի էի տալիս ու բղավում։

Բոլորս զարմացանք՝ դռան մյուս կողմում հայրիկին տեսնելով։

Մայրիկը սկսեց սաստիկ հեկեկալ։

Հայրիկը գրկեց նրան․ երբեք չէի տեսել, որ նման բան աներ։ Այնքան ամերիկյան ժեստ էր դա։

-Ների՜ր, – ասաց մայրիկը՝ շարունակելով հեկեկալ ու կրկնել, – ների՜ր։

-Ամեն բան կարգին է, – ասաց հայրիկը։ – Հասկանում եմ։

Դոկտոր Համիլթոնը բաց թողեց ինձ, վազեցի ծնողներիս մոտ և ամուր գրկեցի նրանց։

Մայրիկը նայեց հայրիկին, և այդ հայացքը միաժամանակ ասում էր և՛ ամեն ինչ, և՛ ոչինչ։

Հայրիկի դեմքն այնպես փափկեց, ասես մոմե արձանը կյանք առավ։ Հառաչեց և ինձ նայեց։

-Չես վախենում, չէ՞, – հարցրեց հայրիկը։

Տարուբերեցի գլուխս։

-Այդ դեպքում հանգիստ կարող ես գնալ, – ասաց հայրիկը։ Նայեց դոկտոր Համիլթոնի աչքերի մեջ։ – Շնորհակալ եմ որդուս մասին հոգ տանելու համար։

Ես և մայրիկը զարմացած նայեցինք նրան։

«Խատուտիկը

Ուշ աշնան զեփյուռի ներքո

Սերմեր է շաղ տալիս ամենուրեք»։

Գլխով արեցի՝ ձևացնելով, թե հասկանում էի։

Հայրիկը գրկեց ինձ՝ ամուր և արագ։

-Հիշի՛ր, որ դու ճապոնացի ես։

Եվ նրանք հեռացան։

*

-Ինչ-որ բան ծակել է առագաստը, – ասում է դոկտոր Համիլթոնը։

Շատ փոքր սենյակում ենք․ միայն ավագ հրամանատարական կազմը և մենք՝ ես ու Մինդին, քանի որ մենք արդեն տեղյակ ենք։ Մարդկանց մեջ խուճապ սերմանելու պատճառ չկա։

-Բացված անցքի պատճառով տիեզերանավը կողքի է թեքվում՝ շեղվելով ուղղուց։ Եթե չփակենք, անցքը մեծանալու է, և տիեզերանավը կործանվելու է, իսկ Հուսադրողը հոսընթացով շարժվելու է բաց տիեզերքում։

-Փակելու տարբերակ կա՞, – հարցնում է ավագ հրամանատարը։

Դոկտոր Համիլթոնը, որը հոր պես է ինձ համար, տարուբերում է ճերմակ գլուխը։

Երբեք չեմ տեսել, որ այդքան ընկճված լինի։

-Ճեղքն առագաստի կենտրոնից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ է։ Շատ օրեր կպահանջվեն ինչ-որ մեկին այնտեղ հասցնելու համար, քանի որ չեք կարող արագ տեղաշարժվել առագաստի մակերևույթի վրայով․ ևս մեկ ճեղքի բացման վտանգը մեծ է։ Եվ այն ժամանակ, երբ վերջիվերջո կաողանանք ինչ-որ մեկին հասցնել այնտեղ, ճեղքն արդեն չափից ավելի մեծ կլինի, որպեսզի կարողանանք փակել այն։

Այդպես էլ շարունակվում է։ Ամեն բան անցողիկ է։

Փակում եմ աչքերս և պատկերացնում առագաստը։ Թաղանթն այնքան բարակ է, որ եթե անզգույշ կերպով կպչես դրան, կպատռվի։ Սակայն մեմբրանն օժանդակվում է ծալքերի և պահանգների բարդ համալիրով, որոնք ձգություն և կարծրություն են հաղորդում առագաստին։ Մանուկ ժամանակ հետևում էի, թե ինչպես էին շրջվում տիեզերական տարածության մեջ, ասես մայրիկի օրիգամիներից լինեին։

Պատկերացնում եմ, թե ինչպես եմ պարանը կպցնում ու պոկվում պահանգների լաստակից՝ սահելով առագաստի մակերևույթի վրայով, ինչպես արհեստական լճակի մակերևույթի մեջ սուզվող ճպուռը։

-Յոթանասուն երկու ժամում կարող եմ այնտեղ հասնել, – ասում ես։ Բոլորը շրջվում են դեպի ինձ։ Բացատրում եմ գաղափարս․ – Լավ գիտեմ պահանգների տեղերը, քանի որ կյանքիս մեծ մասն անցկացրել եմ՝ հեռվից դրանց հետևելով։ Կարող եմ գտնել ամենակարճ ճանապարհը։

Դոկտոր Համիլթոնը երկմտում է։

-Այդ պահանգները նախատեսված չեն նման տեղաշարժերի համար։ Դեպքերի նման ընթացք երբևէ չեմ նախատեսել։

-Այդ դեպքում հանպատրաստից կստեղծագործենք, – ասում է Մինդին։ – Մենք ամերիկացիներ ենք, գրո՛ղը տանի, երբեք հենց այնպես չենք հանձնվում։

Դոկտոր Համիլթոնը բարձրացնում է հայացքը․

-Շնորհակալ եմ, Մի՛նդի։

Պլանավորում ենք, բանավիճում, բղավում միմյանց վրա, ամբողջ գիշեր աշխատում ենք։

*

Վերելքը բնակելի մոդուլից դեպի արևային առագաստ երկարատև է և դժվար։ Գրեթե տասներկու ժամ վատնեցի դրա վրա։

Թույլ տվեք ցույց տալ, թե ինչ տեսք ունեմ անվանս երկրորդ հիերոգլիֆի հետ միասին․

Այն նշանակում է «սավառնել»։ Տեսնո՞ւմ եք ձախ կողմի ռադիկալին։ Ես եմ՝ սաղավարտիցս դուրս ցցված մի քանի զույգ ալեցիր օդալարերով պարանին կապված։ Մեջքիս թևեր են․ տվյալ դեպքում կրող հրթիռներ և հավելյալ վառելիքային բաքեր, որոնք ավելի ու ավելի վերև են բարձրացնում ինձ՝ դեպի երկինքն ամբողջությամբ փակող, անդրադարձնող գմբեթը, դեպի արևային առագաստի շղարշային հայելին։

Մինդին ռադիոկապով զրուցում է ինձ հետ։ Զավեշտապատումներ ենք պատմում միմյանց, գաղտնիքներով ենք փոխանակվում, խոսում ենք ապագա պլանների մասին։ Երբ ասելիք չի մնում, Մինդին երգում է ինձ համար։ Նպատակն ինձ արթուն պահելն է։

«Վարեիվարեի ճէ, հոսի նո այիդա նի կյակու նի կայտո»։

*

Բայց իրականում վերելքն ամենահեշտ մասն է։ Պահանգների ցանցի երկայնքով ճանապարհորությունը դեպի ճեղքը շատ ավելի դժվար է։

Արդեն երեսունվեց ժամ է, ինչ լքել եմ տիեզերանավը։ Այժմ Մինդին հոգնած և նյարդայնացած ձայն ունի։ Հորանջում է։

-Քնի՛ր, անո՛ւշս, – շշնջում եմ խոսափողի մեջ։ Այնքան հոգնած եմ, որ ուզում եմ մեկ րոպեով փակել աչքերս։

Ամառային երեկո է, քայլում եմ փողոցով, հայրս կողքիս է։

-Մենք ապրում ենք հրաբուխների և երկրաշարժերի, տայֆունների և ցունամիների երկրում, Հիրո՛տո։ Մշտապես բախվում ենք գոյության վտանգներին՝ գտնվելով այս մոլորակի բարակ շերտի վրա՝ ներքևից կրակի և վերևից սառցային վակուումի միջև։

Եվ նորից համազգեստիս մեջ եմ, միայնակ։ Կենտրոնացմանս կարճաժամկետ կորստից հետո ուսապարկով բախվում եմ առագաստի հեծաններից մեկին՝ համարյա վայր գցելով վառելիքային բաքերից մեկը։ Բարեբախտաբար ժամանակին եմ հասցնում բռնել այն։ Հանդերձանքիս զանգվածը նվազեցված է մինչև վերջին գրամը, այնպես որ կարող եմ արագ տեղաշարժվել, և այստեղ սխալվելու իրավունք չունեմ։ Չեմ կարող թույլ տալ ինձ որևէ բան կորցնել։

Փորձում եմ ցրել այդ երազն ու շարունակել շարժվել։

-Այնուամենայնիվ՝ մահվան մոտալուտ լինելու և ամեն պահին բնորոշ գեղեցկության գիտակցումն է թույլ տալիս մեզ կանգուն մնալ։ Մոնո-նո ավարեն, որդի՛ս, ապրումակցումն է տիեզերքին։ Այն մեր ազգի հոգին է։ Դրա շնորհիվ համբերությամբ տարել ենք Հիրոսիման, համբերությամբ տարել ենք օկուպացիան, համբերությամբ տարել ենք զրկանքներն ու բնաջնջման հեռանկարը՝ առանց հուսահատվելու։

-Հիրո՛տո, արթնացի՛ր, – լսվում է Մինդիի հուսահատ և աղերսող ձայնը։ Կտրուկ վեր եմ թռչում։ Ինչքա՞ն ժամանակ կարող եմ քնած լինել։ Երկու օ՞ր, երե՞ք, չո՞րս։

Ճանապարհորդության վերջին հիսուն կամ մոտավորապես այդքան կիլոմետրին պետք է բաց թողնեմ առագաստի հենակներն ու հենվեմ հրթիռներից մեկին, որպեսզի կարողանամ առանց կապված լինելու շարունակել ճանապարհս՝ սահելով առագաստի մակերևույթի վրայով, քանի դեռ այն շարժվում է արագությամբ, որը հավասար է լույսի արագության մի փոքր մասին։ Ինքնին գաղափարը միայն բավական է, որպեսզի գլխապտույտ սկսվի մոտս։

Հանկարծ հայրս նորից կողքիս է հայտնվում՝ կախված առագաստի տակ գտնվող տարածության մեջ։ Գո ենք խաղում։

-Հարավարևմտյան անկյունո՛ւմ նայիր։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է զորքդ երկու մասի բաժանվել։ Իմ սպիտակ քարերը շուտով կշրջափակեն և կգրավեն այդ ամբողջ խումբը։

Նայում եմ այնտեղ, ուր ցույց է տալիս, և տեսնում եմ ճգնաժամը։ Ճեղքն է, որը բաց եմ թողել։ Այն, ինչը կարծում էի, թե իմ զորքն է, իրականում երկու առանձին խմբեր են, որոնց մեջտեղում ճեղք է։ Մյուս քարերովս պետք է փակեմ այդ ճեղքը։

Ցնցում եմ գլուխս, որպեսզի ազատվեմ մտատեսիլներից։ Պետք է անեմ դա, իսկ հետո կկարողանամ քնել։

Առջևումս վնասված առագաստի անցքն է։ Այն արագությամբ, որով մենք ենք շարժվում, նույնիսկ չնչին փոշեհատիկը, որը դուրս է պրծել իոնային պաշտպանիչ վահանների վրայից, կարող է քաոս առաջացնել։ Ճեղքի ատամնավոր ծայրերը քնքշորեն ծածանվում են տիեզերքում՝ շարժվելով արևային քամուց և ճառագայթիչ ճնշումից։ Թեև առանձին ֆոտոնը շատ փոքր է, աննշան, բայց դրանք բոլորը միասին, նույնիսկ առանց քաշ ունենալու, կարող են շրջել երկնքի չափ առագաստը և առաջ մղել հազարավոր մարդկանց:

Տիեզերքը զարմանահրաշ բան է։

            Բարձրացնում եմ սև քարն ու պատրաստվում փակել ճեղքը՝ միավորելով զորքերս։

Քարը վերադառնում է ուսապարկիս՝ գործիքների հավաքածուի գրպանի մեջ։ Մանևրում եմ հրիչներովս, մինչև որ կախվում եմ անմիջապես առագաստի ճեղքի վերևում։ Ճեղքից կարողանում եմ տեսնել աստղերը, աստղերը, որոնք տիեզերանավի վրա ոչ ոք տարիներ շարունակ չի տեսել։ Նայում եմ դրանց և պատկերացնում, որ դրանցից մեկի կողքին մի օր մարդացեղը, մի նոր ազգի միաձուլվելով, ուշքի կգա գրեթե լիարժեք ոչնչացումից, ամեն բան կվերսկսվի և նորից կծաղկի։

Զգուշորեն կարկատանը դնում եմ ճեղքի վրա և միացնում զոդալամպը։ Անցկացնում եմ զոդալամպը ճեղքի վրայով և զգում եմ, թե ինչպես է կարկատանը հալչում, ծորում և միաձուլվում առագաստի թաղանթի ածխաջրածնային շղթաների հետ։ Երբ ավարտեմ, կգոլորշիացնեմ և արծաթային ատոմներ կկուտակեմ դրա վրա, որպեսզի անդրանդարձնող փայլուն շերտ ձևավորեմ։

-Աշխատում է, – բարձրախոսով ասում եմ ես։ Հետևի պլանում ցնծության խուլ ձայներ եմ լսում։

-Դու հերոս ես, – ասում է Մինդին։

Հսկա ճապոնական ռոբոտ եմ զգում ինձ և ժպտում եմ։

Զոդալամպը թշշում է և հանգչում։

-Ուշադի՛ր նայիր, – ասում է հայրիկը։ – Ուզում ես մյուս քարդ գցել այնտեղ, որպեսզի փակես ճեղքը։ Բայց իսկապե՞ս ուզում ես։

Թափահարում եմ վառելիքային բաքը, որը կցված է զոդալամպին։ Ոչինչ։ Դա հենց այն նույն բաքն էր, որով հարվածել էի առագաստի հեծաններից մեկին։ Հավանաբար բախման պատճառով արտահոսք է առաջացել, և հիմա չկա բավականաչափ վառելիք ճեղքը լիարժեք կարկատելու համար։ Կարկատանը թեթևակի կպած է ճեղքին՝ կիսով չափ։

-Հենց հիմա վերադարձի՛ր, – ասում է դոկտոր Համիլթոնը։ – Կհամալրենք պաշարներդ ու նորից կփորձենք։

Ուժասպառ եմ։ Ինչքան էլ որ ջանամ, չեմ կարողանա նույնքան արագ վերադառնալ։ Եվ ո՞վ գիտի, թե ինչքան կմեծանա այդ ժամանակ ճեղքը։ Դոկտոր Համիլթոնը շատ լավ հասկանում է դա, ինչպես որ ես։ Ուղղակի ուզում է տիեզերանավի ջերմ և անվտանգ միջավայր վերադարձնել ինձ։

Իմ բաքի մեջ դեռ վառելիք կա, որը նախատեսված է վերադարձի ճանապարհի համար։

Հայրս դեմքի սպասողական արտահայտությամբ է։

-Պարզ է, – դանդաղ ասում եմ ես։ – Եթե վերջին քարս գցեմ այս ճեղքի մեջ, հնարավորություն չեմ ունենա վերադառնալու հյուսիս-արևելքի փոքրիկ խմբի մոտ։ Կբռնես նրանց։

-Մի քարը չի կարող միաժամանակ երկու տեղում լինել։ Պետք է ընտրություն կատարես, որդի՛ս։

-Ասա՛ ինձ՝ ինչ անեմ։

Նայում եմ հորս դեմքին՝ պատասխան ստանալու ակնկալիքով։

-Շո՛ւրջդ նայիր, – ասում է հայրիկս։

Եվ տեսնում եմ մայրիկիս, տիկին Մաեդային, վարչապետին, Կուրումեի մեր բոլոր հարևաններին և բոլոր նրանց, ովքեր մեզ հետ սպասում էին Կագոշիմայում, Կյուսյուում, բոլոր չորս կղզիներում, ամբողջ աշխարհում և Հուսադրողի վրա։ Նրանք բոլորը սպասողական հայացքով ինձ են նայում։

Լսվում է հայրիկիս կամացուկ ձայնը․

«Աստղերը փայլում և առկայծում են

Մենք բոլորս կողանցիկ հյուրեր ենք,

Ժպիտ և անուն»։

-Գիտեմ լուծումը, – ասում է դոկտոր Համիլթոնը ռադիոյով։

-Գիտեի, որ ինչ-որ բան կմտածեք, – երջանիկ և հպարտ ձայնով ասում է Մինդին։

Մի որոշ ժամանակ դոկտոր Համիլթոնը լուռ է։ Գիտի, թե ինչ եմ մտածում։ Այնուհետև ասում է․

-Շնորհակալ եմ, Հիրո՛տո։

Զոդման լամպն անջատում եմ անպետք վառելիքային բաքից և միացնում եմ մեջքիս վրայի բաքին։ Վառում եմ այն։ Բոցն այնքան վառ և սուր է, ասես լուսե շեղբ լինի։ Առջևումս դասավորում եմ ատոմներն ու ֆոտոնները՝ դրանց վերածելով լույսի և ուժի սարդոստայնի։

Հակառակ կողմի աստղերը կրկին թաքցված են։ Առագաստի հայելային մակերևույթն անթերի է։

-Ուղղե՛ք կուրսը, – ասում եմ ես բարձրախոսի մեջ։ – Պատրաստ է։

-Հաստատում եմ, – ասում է դոկտոր Համիլթոնը։ Խոսում է վշտալից մարդու ձայնով, որը փորձում է թաքցնել իր տխրությունը։

-Առաջին հերթին պետք է վերադառնաս, – ասում է Մինդին։ – Եթե հիմա ուղղենք կուրսը, տեղ չի լինի, որտեղ կկարողանաս ամրացնել պարանը։

-Ամեն բան կարգին է, փոքրի՛կս, – շշնջում եմ բարձրախոսի մեջ։ – Չեմ վերադառնա։ Քիչ վառելիք է մնացել։

-Հետևի՛ցդ կգանք։

-Չեք կարողանա հենակների վրա արագ կողմնորոշվել, ինչպես որ ես, – քնքշորեն ասում եմ նրան։ – Ոչ ոք ինձ պես լավ չգիտի դրանց դիրքերը։ Մինչև հասնեք այստեղ, օդս կվերջանա։

Սպասում եմ, որ նորից հանդարտվի։

-Արի տխուր բաներից չխոսենք։ Սիրում եմ քեզ։

Այնուհետև անջատում եմ ռադիոն ու չվում տիեզերք, որպեսզի նրանք չգայթակղվեն անիմաստ փրկարարական գործողություն ձեռնարկելու գաղափարով։ Եվ ընկնում եմ ներքև՝ առագաստի երկնակամարից շատ-շատ հեռու։

Տեսնում եմ, թե ինչպես է շրջվում առագաստը՝ բացելով աստղերն իրենց ողջ գեղեցկությամբ։ Արևը, որն այնքան խամրած է հիմա, միակ աստղն է մնացյալ բոլորի մեջ՝ ո՛չ ծագող, ո՛չ մայր մտնող։ Բախտի քմահաճույքին եմ նետված՝ միայնակ, բայց միևնույն ժամանակ միասնական նրանց հետ։

Կատվիկի լեզուն ներսից խուտուտ է տալիս սիրտս։

*

Մյուս քարը նետում եմ ճեղքի մեջ։

Հայրիկը խաղում է այնպես, ինչպես որ ենթադրում էի, և հյուսիսարևելյան անկյան քարերս անհետանում են՝ բախտի քմահաճույքին թողնված։

Բայց հիմնական խումբս ապահով է։ Հետագայում նույնիսկ կարող են բարգավաճել։

-Միգուցե Գո-ում կան հերոսներ, – լսվում է Բոբբիի ձայնը։

Մինդին ինձ հերոս անվանեց։ Բայց ես ուղղակի մարդ էի, որը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր հայտնվել։ Դոկտոր Համիլթոնը նույնպես հերոս է, որովհետև ստեղծել է Հուսադրողը։ Մինդին ևս հերոս է, քանի որ թույլ չէր տալիս, որ քնեի։ Մայրիկս էլ է հերոս, որովհետև կարողացավ հրաժարվել ինձանից, որպեսզի փրկվեի։ Հայրիկս նույնպես հերոս է, քանի որ ցույց տվեց, թե ինչպես պետք է ճիշտ վարվել։

Մենք սահմանվում ենք այն տեղով, որ զբաղեցնում ենք ուրիշների կյանքի սարդոստայնում։

Հայացքս պոկում եմ «Գո» խաղի տախտակից, քանի դեռ քարերը չեն վերածվել փոփոխական կյանքի և ռիթմիկ շնչառության ավելի խոշոր նմուշների։ «Առանձին քարերը հերոսներ չեն, բայց բոլոր քարերը միասին հերոսական են»։

-Հիասքանչ օր է զբոսանքի համար, այնպես չէ՞, – ասում է հայրիկը։

Եվ մենք միասին քայլում ենք փողոցով, որպեսզի մտապահենք յուրաքանչուր խոտը, ցողի յուրաքանչյուր կաթիլը, մայր մտնող անսահման գեղեցիկ արևի յուրաքանչյուր ճառագայթը։

Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Քաղաք և խոշոր նավահանգիստ Ճապոնիայի հարավ-արևմուտքում։

Թողնել մեկնաբանություն