ՌԱՖԱՅԵԼ ԲԱԶԻԿՅԱՆ | Տիեզերական

rafayel bazikyan1

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԵՐՋԻՆ 50 ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԵՏԵՐԻՑ ՄԵԿԸ

Պոեզիայի պատմությունը, ամեն ինչից բացի, լեցուն է ողբերգություններով, որոնք կապված են ոչ միայն ստեղծագործական որոնումների, բանաստեղծի անձնական ճակատագրի, նրա բնավորության, նրա հոգեկան ներքին որակների, այլեւ մի շարք տարաբնույթ եւ անբացատրելի այլ ուժերի հետ: Այստեղ առաջին պլանի վրա գործում է արտաքին աշխարհի «կատեգորիկ իմպերատիվը», սառնասիրտ եւ պրիմիտիվ հասարակության թշնամական մեխանիզմը, որը պատրաստ է ամեն վայրկյան խորտակել նոր անունը, տաղանդավոր, բայց անհասկանալի անհատին, որի նկատմամբ նրա առաջին ռեակցիան ոչ թե նրան հասկանալու, այլ ոչնչացնելու ձգտումն է: Եթե սրան ավելացնենք պետական-քաղաքական բացահայտ ճնշումը, գաղափարախոսական մամլիչը, ապա ինչ-որ չափով պարզ կդառնա ներքին իրականության եւ պոետական այն-կողմնային աշխարհի օրենքներով ապրող բանաստեղծի ողբերգությունը: Այդպիսի ճակատագիր էր բաժին հասել իմ ընկերոջը, բացառիկ տաղանդով օժտված, ինքնուրույն եւ ինքնատիպ մտքի տեր հոգեբանական եւ գաղափարական անկախ կողմնորոշում ունեցող երիտասարդ բանաստեղծին՝ Ռաֆիկ Բազիկյանին, որի կյանքի եւ ստեղծագործական զարգացման շեշտակի ընթացքն ընդհատվեց, երբ հազիվ լրացել էր նրա քսաներեք տարին: Եղած լուրերի համաձայն (այդ լուրերը մինչեւ այժմ էլ նրան սպանած սովետական գաղտնի հիմնարկության կողմից դեռեւս ճշտված չեն) Մոսկվայում 1966 թվականի ապրիլի 24-ին թուրքական դեսպանության առջեւ մի շարք հայ երիտասարդների կազմակերպած ցույցը ցրելուց հետո նրան սպանել եւ Մոսկվա գետի կամրջի վրայից ջուրն են նետել սովետական ԿԳԲ-ի աշխատակիցները: Բանաստեղծներին, մտավորականներին, ազնիվ եւ նվիրյալ հոգիներին սպանող իրավակարգը չի կարող ապագա ունենալ, որը մեկ անգամ եւս հաստատվեց սովետական տխրահռչակ պետականության (ավելի ճիշտ՝ ՊԱՐՏՈԿՐԱՏԻԱԻ) ճակատագրով: Տաղանդավոր երիտասարդ բանաստեղծը, որի միակ «մեղքը» իր ներքին ձայնին, ստեղծագործական մղումներին եւ պոետական տեսիլքներին հավատարիմ եւ անդավաճան ծառայելու մեջ էր (այն, ինչի համար նա աշխարհ էր եկել՝ այդ աշխարհի գոյությանը մի նոր իմաստ ավելացնելու համար) եղավ այդ անշարժ, քարացած, անողոք պետական մեխանիզմի զոհը: Տարօրինակն այն է, որ Ռաֆիկ Բազիկյանի պոեզիան ամենեւին էլ քաղաքական այլախոհություն չուներ, պարզապես նրա ներքին տեսադաշտը, աշխարհընկալումը եւ լեզվամտածողությունը ուրիշ էր, ինքնուրույն, անկախ, այն, ինչը չէր կարող ներվել ճնշման եւ ոչնչացման մեքենայի կողմից (նա կարող էր նույնիսկ երբեմն ներել քաղաքական այլախոհությունը՝ եթե նրա հիմքում իր աշխարհընկալումն էր, իր լեզվամտածողությունը, բայց նա չէր ներում այն, ինչը ՈՒՐԻՇ էր, ԱՆԾԱՆՈԹ, ԱՆԿԱԽ):
Այդպիսին էր Ռաֆիկ Բազիկյանի պոետական աշխարհը՝ ինքնուրույն, ազատ, լայն եւ անպարփակ՝ ընդգրկելով անցյալը, «դարերի հռնդյունը», ապագան (…Ու գալիքներում/ Դեղին ու խամրող/ Արծիվների պես /
Մեծ, հսկայական…») ուղղված դեպի Տիեզերք, վերերկրյա աշխարհները («…Ու փախչում էին / Ամբոխները հոծ/
Երկրագունդների/ Տեսքից զարհուրած»): Այդ «զարհուրանքը» վերաբերում է ոչ միայն պետական-գաղափարախոսական «ԱՊԱՐԱՏԻՆ», այլեւ պոետական միջավայրում իշխող բացահայտ միջակությանը, մտավոր կուրությամբ եւ «մարտնչող տգիտությամբ» բռնված ուղեղներին, գրականության «մանր զինվորներին», որոնք լռելյայն «դավադիր դաշինք» են կնքում ընդդեմ մտավոր բարձր աստիճանի—եւ հանճարի կնիք ունեցող անհատներին:
Ռաֆիկ Բազիկյանը 1960-ականներին հանդես եկած սերնդի առաջին զոհն էր, այն ՓՐԿԱԳԻՐԸ, որ պետք է տրվեր «հրեշին»:
Ստեղծագործական վառ ծրագրերով աշխարհ եկած, անհնազանդ ոգով օժտված եւ սեփական գործի նկատմամբ ինքնավստահությամբ ու խոր համոզմունքով լցված բանաստեղծը հայտնվեց իր համար անկանխատեսելի ուժերի դիմաց եւ կործանվեց այդ ուժերի կողմից, որոնց առջեւ նա մենակ էր, անօգնական եւ անպաշտպան:
Ռաֆիկ Բազիկյանի պոեզիան դասական եւ մոդեռն բանաստեղծական ոճերի օրգանական միաձուլումն էր. նա չէր փնտրում նոր ձեւեր, նա գալիս էր իր պոեզիայի ներքին բովանդակությունից՝ աչքի առջեւ ունենալով Ե. Չարենցի պոետական փորձը: Եղիշե Չարենցին նա չէր կրկնում, բայց իր ստեղծագործական «իմպուլսների» մեջ զգում էր Չարենցի ներկայությունը, իր թիկունքում կանգնած մեծ ոգու շնչառությունը, նրա խորհրդավոր ուժն ու էներգիան: Կարող եմ ասել, որ ոչ ոք այդպես խոր չէր զգում եւ վերապրում Չարենցի պոեզիան, որքան Ռաֆիկը Բազիկյանը, միաժամանակ մնալով ինքնատիպ, ինքնուրույն: Մասնավորապես, «գալիքի» պոետական ըմբռնումը Ռաֆիկ Բազիկյանին անկասկած ժառանգել էր իր մեծ բանաստեղծից /«Բրոնզե թեւերը պայծառ գալիքի»/: «Գալիքը» նրա պոեզիայում չուներ որեւէ ծրագիր կամ կոնցեպցիա, ի տարբերություն Չարենցի, , այլ, ուղղված էր դեպի «դարերի հռնդյունը», «ոգու ժամանակը», դեպի «անդր-կալիպսիսային » իրականությունը, ու ժողովուրդները կարող են ապրել ոգու օրենքներով, /առանց ճնշումների, եսամոլության, վայրենական բնազդների եւ այլն/: Կարելի է ասել, որ սա պոետական ծրագիր էր, գեղարվեստական ներքնատեսություն, լեզվամտածողական «երազ»: Պատահական չէր նրա անդիմադրելի հավատը դեպի անցյալի մեծ էպիկ անստեղծներ, հատկապես ՝ Հոմերոս, Վերգիլիուս, Դանտե, Տասսոն, Գյոթեի«Ֆաուստը»,նրա ամենասիրած գործերից էր
Պոեզիան նա համարում է նոր տիեզերք ստեղծելու միջոց, յուրօրինակ արարչագործություն՝ աստվածային տիեզերքին զուգահեռ ստեղծելով մի նոր պոետական տիեզերք, որը արմատնեով կապված է առաջինի հետ, բայց տարբերվում է նրանից իր անհատական բնույթով, անհատական նկարագրով: Տիեզերքի անհատական մակարդակին հասնելու համար պետք է հրաժարվել սեփական անհատականությունից. սա կարող է պարադոքս թվալ, բայց դա այդպես է, եւ դա ցույց է տալիս 20-րդ դարի ողջ պոետական փորձը:
Ռաֆիկ Բազիկյանի բանաստեղծությունը մեր իրականության մեջ անանձնական (դեպերսոնիզացիա) պոեզիայի առաջին փորձերից մեկն էր. դասական քնարերգությունը, որի հիմքը մարդու անձնական վերապրումների ոլորտն է, նրա կարծիքով, սպառել է իրեն. նրա հայացքը պետք է ուղղված լինի անձից դուրս, դեպի Տիեզերք, դեպի Ոգու աշխարհ, որը վերակառուցվում է բանաստեղծի ստեղծագործական ուժերի կողմից: Պետք է գրել ոչ թե Ոգու աշխարհի մասին, այլ ՍՏԵՂԾԵԼ այն, ստեղծագործական ակտը (գործողությունը) նրա ստեղծման ակտն է, բանաստեղծը նոր տիեզերքի արարիչն է, յուրօրինակ Դեմիուրգ, հետեւաբար, նրա վրա դրված է մեծ պատասխանատվություն, յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել այդ աշխարհի համար: Այդ պատճառով բանաստեղծը պետք է նախեւառաջ լինի բարոյապես կատարյալ էակ, ինչպես աստվածաշնչյան մարգարեները, նրա ստեղծագործական ուժերը պետք է սնվեն Արարչի աղբյուրներից, հակառակ դեպքում կառուցելու փոխարեն բանաստեղծը կարող է հայտնվել ոչնչացման ուժերի միջավայրում: Ստեղծագործական այս վիթխարի ծրագիրը մնաց ինչ-որ չափով նախնական մակարդակում՝ ժամանակ չունենալով զարգանալու եւ կատարելագործվելու: Բայց այն, ինչը ստեղծվեց երիտասարդ բանաստեղծի կողմից ,/ «երիտասարդ» այստեղ պայմանական իմաստ ունի՝ ցույց տալով ոչ թե անփորձությունը, այլ պարզապես ստեղծագործական ուղու սկիզբ/) պետք է ուրեմն գնահատել որպես մեր բանաստեղծական արվեստի վերջին 50 տարիների բարձրակետերից մեկը, որի նշանակությունը անհնար է գնահատել:
Որոշ կետեր դեռեւս պարզված չեն, ինչ որ բաներ կարիք ունեն հղկվելու եւ սրբագրվելու, որոշ հարցերում կարելի է առարկել եւ վիճել, բայց ընդհանուր նկարագրի մեջ այդ պոեզիան կենսունակ է եւ խորապես արդիական (արվեստի առաջին նախապայմանը):
Հրաշքով փրկված այս մի քանի էջերը, որոնք Ռաֆիկ Բազիկյանի ստեղծագործությունների մի փոքրիկ մասն են կազմում, վերադարձնում են նրան դեպի մեր աշխարհը, վերակենդանացնում նրա կերպարը մեր ժամանակների համար, ապացուցելով այն ճշմարտությունը, որ «ձեռագրերը չեն այրվում»:
Իմ տարաբախտ ընկերը, որի կերպարը միշտ վառ է մնացել իմ հիշողությունների մեջ, ներքուստ գիտակցում էր իր Ոգու առաքելությունը, իր «կյանքի ուղին» եւ մարգարեաբար կարող էր գրել.

ԱՇԽԱՐՀ ԵԿԱ ԻԲՐԵՒ ԿԵՍԱՐ,ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ ԿՐԿԻՆ,
ԲԵՄԸ ԹՈՂԱԾ ԿԵՍԱՐՆԵՐԻՆ,ԲԱՅՑ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԱԾ

Հենրիկ Էդոյան

ԵՐԿՆՔԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Ու թաղվեց ակնթարթը անդարձ դարերի խորքերը հեռավոր,
Ինչպես աստղերը խոշոր երկնքի կուրծքը խրվեցին,
Եւ կրծքին երկնքի բյուր դարեր եւ գիշերները լուսե վառվելով
Չեն լինի պայծառ իրենց պես մինչեւ նոր, մեծ գիշերը վերջին…

Մթնեցին աչքերս մի պահ՝ շլացած պայծառ արեւով,
Եւ դեմս արեւներ մթնեցին… ոսկերիզ… ցոլքում ցոլացին
Ու երկինք նայեցի երբ հետո, առաջին կապույտը լուսավոր
Ինձ պայծառ թվաց եւ այնքան, որ ես խելահեղ լացեցի:

Իսկ հետո հեռանում էր արփին, ես վազում էի դեպի նա՝
Թեւերս տարածած, որ բռնեմ առաջին շողերից խուսափող,
Եւ հանկարծ դիպավ մի լեռան, փշրվեց, եւ արյունը նրա
Երկինքը ներկեց արնագույն, հրդեհեց արյան ալ բոցով:

Թեւերս պարզած՝ մնացի ես կանգնած՝ հայացքս երկնքին,
Որ դանդաղ մթնել սկսեց, գորշացավ երկինքը հրդեհված
Եւ թեւերս անզոր ընկան ցած, ուսերիցս տրտում կախվեցին
Լացեցի արեւի՜ համար իմ՝ այն լուսե գալիքից ես եկած:

Բայց հանկարծ մի խենթ կարոտով վազեցի այնտեղ, որտեղ իմ
Արեւը ընկավ, փշրվեց՝ գտնելու մարմինը նրա,
Գուցե լոկ վարսերը խամրեցին, իսկ մարմինը մերկ իմ արեւի
Ընկած է այնտեղ… Եւ երկար վազեցի գիշերում աստղավառ:

Ու պայծառ էր գիշերը առաջին, արցունքոտ աչքերով նայեցի,
Մի պայծառ ցնծություն ու զնգոց կար հեռո՜ւ աստղերի ոլորտում
Նման չէր մահից արեւի ծնված գիշերն այս անցածին,
Եւ թվաց մի լուսե ցնծություն բացվել է գիշերի լույս գրկում:

Բայց գիշերը սփրթնեց հանկարծ, շփոթված աստղերը ցոլացին
Ու մեռան, հալվեցին խավարում, ու ես շփոթված աստղի պես
Կանգնեցի… եւ հանկարծ թվաց ինձ, թե ուրիշ մի արեւ կրկին
Փշրվեց, ինչպես երեկվա ոսկի իմ արեւը հրկեզ:

Եւ թվաց նա էլ կխամրի- վազեցի նրան ընդառաջ,
Բայց հառնում էր արեւը ոսկեվառ եւ երբ նա կանգնեց զենիթում,-
Նման էր ամեն ինչ երեկվան, ու հանկարծ այնպես ինձ թվաց,
Որ այդ լոկ խաղն է արեւի ու բերում է մեզ օրեր ոսկեգույն:

ԱՐԵՒԻ ՀԵՂԵՂԸ

Արեւի հրերը խմող բոլոր երկրներից միայն
Երկրագունդն էր մեր երջանիկ, եւ շողերը բորբ իմ արեւի
Ոչ այնպես մոտիկ հպվեցին եւ ոչ էլ հեռու այնքան,
Որ կամ սառույցով պատվեր, կամ կիզվեր անկյանք՝ հրերից:

Արեւը՝ երկնքում վառվող հուր, ամենքից պայծառ ավելի
Այդ նրա առաջին կենսաբեր հուր շողերն էին ճառագած,
Որ կուրծքը քանդեցին սառցակալ, սառցասիրտ սառած մեր երկրի,
Եւ ոսկե մատները արեւի կյանք տվին հողին մեր մեռած:

Բարձրացավ հեղեղն արեւի, եւ սառցի հսկա բեկորներ,
Լեռների նման վիթխարի, լուսնի եւ արեւի ներքո,
Լուսնի եւ արեւի ցոլքի հետ լողացին ջրերում տարուբեր,
Մինչեւ իրենց տեղ փորեցին, լցվեցին ահեղ շառաչով:

ԱՄԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՇՏԸ

Երկրագնդի գույնը սպիտակ մասնատվեց կապույտի ու գորշի,
Ծփացին օվկիաններ կապուտակ, գորշ հողը շնչեց լիաթոք,
Եւ հեռո՜ւ-հեռու աստղերից երեւաց երկիրը՝ մշուշի
Թափանցիկ քողով պարուրված գեղեցիկ, չքնաղ ու դյութող:-

Երբ բացվեց գարունը առաջին աշխարհի վրա ամայի…
Ու կանաչ ծիլեր պարգեւեց աշխարհին գարունը առաջին.
Աշխարհը կանաչ ու կապույտ, դեռ ձյունե գագաթներ չկային,
Կատարները լերկ էին ու գորշ՝ հեղեղով սրբված սառույցից:

Ու կյանքի աղմուկը դեռ չկար, ու խոր լռություն էր դեռ տիրում,
Վայում էր քամին մերկ երկրում եւ հանկարծ, շունչը պահելով,
Քարանում էր հպված լեռներին, լռությանը ականջ էր դնում
Եւ հասնում էր կարծես նրան ջրերի ծփանքը հեռավոր…

Աղմկում էին ջրերը կապույտ մի վշտի մասին չըմբռնված,
Բորբոքվում էր վիշտը քամու հին, ու վայում էր նա խենթ ու անհույս,
Արեւը մեռնում էր ամեն օր, այդ վշտի գունդ-արցունքը խմած,
Երկիրը շուրջը արեւի նույն վշտով էր դառնում խելահույզ:

Չորացան ծիլերն այն կանաչ, ու իջավ ձմեռը առաջին,
Եւ բարձր լեռների կատարին առաջին ձյունը լուռ իջավ,
Եւ եթե հիմա դու քանդես կատարները բարձր լեռների
Կգտնես ձյունը առաջին բյուր դարեր առաջ դեռ իջած:

ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Եւ օրերն էին ոսկեգույն տեւելով մեռնում նույն վշտից,
Դարերի հորիզոն երախում խեղդվելով անդարձ կարեւեր,
Ու հոսում էր աղջիկ-օրերի մերթ կապույտ, մերթ մութ հայացքից
Արցունքի լույս կաթիլ մի լուսին եւ արյան բորբ կաթիլ մի արեւ…

Եւ հրեշ դարերը որքան ոսկելուրթ օրեր խմեցին,-
Մինչեւ բնությունը վերջապես ծնեց էակներ հար անտես:-
Ակնթարթ… դարեր ճախրեցին ու հողի վրա վխտացին
Վիթխարի, անճոռնի էակներ, ճիվաղներ զարհուր դժնատես:

Ինչպես ուղեղում պոետի դեռ մարդու իդեալից առաջ
Վխտում են ճիվաղներ խավարի ու խոհեր-հրեշներ ահավոր,
Այդպես էլ բնության մեջ երբ չկար դեռ մարդը նրա ստեղծած
Հրեշներ էին վխտում զգեցած գիշերի շղարշը աստղավոր:

ՀՐԵՇՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ,ԿԱՊԻԿԸ, ՆԱԽՆԱԴԱՐ

Եւ նորից դարեր ճախրեցին անանուն հավքերի պես այն,
Որ ճախրել են երկնքում երբեւէ արեւի ճառագայթ թեւերով.
Բնությունը ամփոփեց իրեն մի հսկա ուղեղի նման
Եւ թողեց վիժելը աշխարհում հրեշներ արեւէ բիբերով:-

Երբ տեսավ արեւե բիբերով, գիշերի մորթիով աստղավոր
Հրեշներ ու բազում ճիվաղներ սիրում են գիշերում լոկ ոռնալ,
Կամ խրել խորքը երկնքի Արուսյակը բիբերի ցոլքերով,
Խամրեցնել Կաթն-Ծիրը աստղաման, կամ լուսնի մեռած կուրծքը բանալ:

Կամ ցոլքը աչքերի նետելով ձյունապատ լեռների կատարին՝
Երկրից վեր աստղերի ներքո ցոլացնել ջահեր վիթխարի,
Որ հեռու աստղերից նայողին թվա, թե երկրում արեւի
Ջահակիր, խնդուն հսկաներ հառնել են ջահազարդ շուրջպարի:

Ո՛չ, թողեց բնությունը երկնել անիմաստ, անմիտ ճիվաղներ,
Երբ ոչ մի ճիվաղ կամ հրեշ չըմբռնեց ոգին բնության,-
Բնությունը երկնեց մի էակ ուղեղի ցավից կարեւեր,
Բայց ուղեղն էլ այդ նոր էակի դեռ տհաս ու վայրի էր այնքան:

Եւ նա, ճյուղից-ճյուղ ցատկելով, խփում էր գանգին ու վայում,
Կարծես կար գլխում ինչ-որ բան, որ հանգիստ նրան չէր տալիս:
Երբեմն լռում էր նա այնպես եւ անթարթ հեռուներն էր նայում
Եւ հանկարծ խելահեղ մի ճիչով սուր ճչում ու թռչում էր տեղից:

Կախվում էր երբներանգ աշխարհի գույնզգույն ծառերի ճյուղերից…
Եւ դարերն էին հռնդում, եւ մի օր աշխարհի վրա
Հայտնվեց հոտը մարդկային, հարազատ թվաց այնպես ինձ
Այդ հոտը, խառնվեցի ես նրանց ու ձեռքս քարե զենքն իմ առա:

Եւ փառք քեզ հավետ բնություն, որ ուղեղն իմ այնպես կերտեցիր,
Որ ինձ բերեց վար ճյուղերից ու մեզ միացրեց նա իրար
Եւ փառք քեզ հավետ, աշխատանք, քեզնով քար գետնից վերցրի,
Դարերի բեկորը մի ահեղ քեզանով ես կոչեցի քարե դար:

***

Աստծո բանտն էր երկինքը կապույտ,
Եւ հորջորջելով իրեն դստրիկներ,
Գիշերն ու ցերեկը առեւանգելով՝
Այնտեղ էր փակել,
Իսկ ես քանդեցի
Այդ միֆ-բանտը ծեր,
Եւ այնուհետեւ
Գերության կապույտ բանտից ազատված
Գիշերն ու ցերեկն ինձ են միշտ փարվում
Կույսերի պես ջերմ:

Դիցուք իմ շունը եւ կամ իմ կատուն
Ձեր Կաթն-Ծիրն են սրբել լուսայգի դնչով կարմրագույն,
Հենց դրա համար, հենց այդ իսկ պահից նրանք իմը չեն
(Ես էլ եմ, գիտեք, այդ Կաթն-Ծիրի համար հառաչել)
Իսկ հո՞րթ
Կո՞վ եմ ես,
Ոչ, ես հորթ չունեմ
Որ Հարդագողի ճանապարհը ձեր խժռելու տանեմ…

Իսկ ունենայի եթե ինչ-որ հորթ,
Ես կունենայի այնպիսին գուցե,
Որ չվախենար, թե կկորցնի երկրային խոտը
Ոչ, նա կարող էր երկրայինի տեղ
Երկնային աստղե հարդը արածել
Եւ չէր էլ գոռա
– Սա պոեզիա է, հո ինչ-որ խոտ չէ
Վաղո՜ւց կենդանի ու վաղո՜ւց մեռած
Պոետն է այդպես,
Իսկ սա լոկ հորթ է…

ԴՈՒ ԵՎ ԵՍ

Ի՞նչ անենք, թե ինձ էլ ռադիումը լափեց…
Ես խմեցի բոցերը երկրագնդի
Եւ տիեզերքի՝ իմ ձեռքով հրդեհած,
Սակայն ռադիումի բոցերից այդ վառ
Հազիվ քիմքը իմ բոցի բույր զգաց:

Ես իհարկե խելագարված եմ:
Եւ եթե վաղուց խելագարվել է հյուլեն
Ինչպե՞ս ես մնամ առանց խելագարվելու
Չէ՞ որ ես կազմված եմ նույնպես հյուլեներից
Անհաշիվ, անթիվ:
Եւ խելագարված կճառագայթեմ ես
Անհաշիվ, անթիվ իմ հյուլեներով
Եւ կապույտ տիեզերքի տագնապների կատարով
Ճառագայթված, բացված կսլանամ ես,
Իսկ իմ աչքերի հյուլեներից,
Որտեղից լույսն է բացվում ամենավառ,
Իմ եւ ձեր ճամփան կլուսավորեմ ես,
Ինչպես Մուհամեդը
Ճառագող աչքերով
Անապատում քարավանի ճամփան լուսավորեց:

Իսկ դուք ի՞նչ եք, ի՞նչ եք ինձ արել
Կաղապարել եք մարմնիս այս ձեւի մեջ
Եւ հագցրել եք շորեր, կոշիկներ եք հագցրել,
Եւ հաշվում եք, որ պատկանում եմ ես ձեզ:

Իսկ ես, գիտե՞ք, որ ձեզ իմն եմ հաշվում,
Ամբողջ տիեզերքը իմն եմ հաշվում ես,
Կարող եմ այն դարձնել՝ ինչ սիրտս է ուզում
Եւ խելքի չգալ երբեւէ ձեզ պես:

Եւ թեկուզ կաշկանդված մարմնիս այս ձեւի մեջ
Ինձ այդպես է թվում եւ այդ եմ ես գոռում,
Որ խրած աչքիս մեջ իր շողը բրոնզե
Եւ հենված այդ շողին արեգակն է դառնում:

Հայացքս թեքեմ-կկոտրվի շողը,
Կսայթաքի արեւը՝ խփվելով գանգիս,
Եւ երկար դեռ խամրող արեւի օղը
Չի հալվի, հեռանա ուղեղիս խորքից:

Իբր ինչ-որ տեղ մրցում կա ֆուտբոլի,
Եւ ես էլ մտախոհ՝ երկրագունդը-գնդակ
Ոտքերիս հետ հարվածելով գնում եմ նայելու,
Թե ինչպես են խաղ անում նրանք:

Իսկ բիբերիս խորքում տիեզերքը խանձված
Կծկվել է շան պես, որին տերն է ծեծել,
Եւ նրա տեղը թափուր մնացած
Շեքսպիրյան դրամայի պաուզա է կարծես:

Իսկ հետո, երբ պառկում եմ քնելու դրսում,
Երկինքը գալիս է, իջնում ինձ վրա
Եւ հազար աչքերով, ագահ, ինձ է ուզում,
Իսկ ես ուզում եմ շրջելով նրան
Ելնել նրա վրա:

Երբեմն էլ երազում եմ Կլեոպատրա թագուհուն
Քնից առաջ, քնի մեջ կամ տենդում գիշերվա,
Դարերի հեռավորությամբ ավելի քաղցրանում
Ավելի է ճառագում մարմինը նրա:

Այս բոլորից եւ ոչ մեկը չունեք դուք
Ես տալիս եմ ձեզ եւ ձեզ համար անգամ
Այս բոլորն իմ ուզած չափի մեջ եմ խցկում,
Որ ինչպես պատշաճ է այդ ձեւով ձեզ տամ:

Եւ գլուխս հանած բթությունից հնի
Նորի մասին գոռալ չէի ցանկանա ես,
Որ իբր ծնողն ու ջատագովն եմ նորի
Ճիշտն ասած նորով է, որ շատ են խաբում մեզ:

Բայց ինչ էլ լինի, հայր-մայրերը մեր
Մեզ հագցնում են շորեր, որ կրենք հավիտյան,
Իսկ մենք մաշում ենք, ինչպես մեզ է հարմար մաշել
Եւ նորերն ենք գնում ունենք թե դրամ:

Ես հորս շալվարով, կոշիկներով հորս
Չեմ դուրս գա փողոց-կփախչեմ անտառ,
Ուր մերկ ու զվարթ կանցկացնեմ օրս
Եւ կերգեմ ազատ, անարգել, անպատկառ…

Մինչդեռ, երբ ունեմ ամենը ինչ-որ
Կուզեի ունենալ- եւ դրա համար
Կվառեմ իմ երգում վերջին մի ահեղ օր
Աշխարհում այդ օրը հերքելու համար:

Կճեղքեմ տիեզերքը, որպես մի հյուլե,
Տիեզերքի բոլոր հյուլեները կճեղքեմ
Եւ կթողնեմ, որ խուժի ինքն իր վրա,
Ինչպես խուժում է իր վրա հյուլեն,
Ավելի ահեղ չեք պատկերացնի
Ինչքան էլ հնացած գլուխներդ ջարդեք…

Իսկ այն,
Ինչ որ ես անում եմ հիմա՝
Գրոհում անվերջ
Մեծի, հզորի, արարչի վրա,
Հաղթում բոլորին,
Այս բոլորը դուք,
Դուք ինչ կոչելու
Կանեք արժանի:

Գուցե ինչ-որ մի
Նոր բոնապարտիզմ,
Բայց պոետական,
Եւ կամ ինչ-որ հին
Հումանիզմ ինչ- որ,
Գլուխ չես հանի
Դրանից այդքան.
Չեն երդվի ինձնով
Հիսուսով ինչպես,
Չեն խաբի ինձնով
Մարդիկ միմյանց,
Չեն սարսափեցնի
Իմ անվամբ իրար
Ոչ, չի զոհվելու
Ոչ ոք ինձ համար՝
Հիացած ինձնով
Հանճարիս ինչ-որ
Ցոլքերով անմար:

Ոչ երկրագունդն էր ցրվել օդի մեջ,
Եւ ոչ էլ կյանքը մոխրացել, չկար,
Կյանքի աղմուկը լսվում էր անվերջ,
Եւ միայն չկար, չկար ապագան:

Ապրում էր երկրագունդը հարյուր դար հետո,
Ինչպես ապրել էր հարյուր դար առաջ,
Եւ վազքը նրա ամուլ ու անթով
Չէր ծնել գալիքը մեր այն երազած:

Եւ սուտ էր արդեն երազը գալիքի,
Եւ ոչ ոք, ոչ ոք չէր մղվում առաջ,
Ու նայում էին անցյալի խորքից
Ոգիներ-դարերի հեգնանքը չըմբռնած…

 

ԱՆՏԻ-ԼՈԳԻԿԱ

Ցանկացա ներկել
Տիեզերքը մեծ,
Որպեսզի ես էլ
Լինեմ բնաստեղծ:

Բայց դու բառերի
Մազերից կառչող-
Ինձ անվանեցիր
Տիեզերք ներկող:

/1964/

***

Հյուսված
Աստղերի լույսից նարնջագույն
Եւ ալ-նռագույն
Ցոլքերից նրանց:

Սպիտակ երկնքի
Հեռավոր ծիրերում,
Կամ գլխիս վերեւում

Ձգվում էին գունավառ
Աստղային լույսերի
Կտորներ կիսավարտ…

Վառվում էր
Կապույտ արշալույսը,
Կապույտ էր հորիզոնը արշալույսի
Ու արշալույսի ջրերն էին կապույտ:

Տագնապով
Խորհեցի ես
Վերջալույսի մասին
Եւ վերջալույսն էլ կապույտ էր,

Եւ վերջալույսի ջրերն էին կապույտ:

Հիշում ես, արեւ,
Դու ամեն գիշեր
Գալիս էիր իմ տունը,
Ու թեքվում դեմքիս…

Ա՞յդ է պատճառը եղել
Մեր հանդիպումն այդ վաղ,
Որ դու ուզում ես
Իմ գլխից պեղել:

Քո ցավի նկարները
Արեւ…

Քարայրում
Հրի մարդը կրակ էր վառել,
Բոցը քարայրի պատերն էր լիզում:

Այն ո՞վ էր լռում…
Մուրացիկի պես շեմքին ինչո՞ւ էր կանգնել,
Կրա՞կ էր ուզում:-

Ինչ գունատ էր նա, ինչ չոր էր հազում…

Մտա ներս…
Պառկած էր արեւը հիվանդ՝
Սկավառակը պատած կապույտ երիզով:

Քնած էր,
Թռել էր գուցե զվարթ հեռուներ
Կապույտ երազով:

Եւ երազը այդ ընդհատվում էր մերթ
Կուրծքը պատառող, չոր-կապույտ հազով…

***

Դարերը
Լուսե,
Լուսավոր էին,
Իմ օրերի պես,
Եւ ամբողջությամբ
Լույս էին հորդում…

Եւ այդ լուսավոր
Լուսեղության մեջ
Կար մի ճառագայթ՝
Եւ մեծ, եւ խավար,
Որ հատում էր խոր
Հորդումն այդ լուսե:

Եւ
Ճառագայթն այդ,
Մարդկային ոգու
Հանճարն էր նսեմ…

Մինչեւ տիեզերքի խորքերը անծիր
Ոչ մի տեղ հայացքս
Չէր կանգնում՝
Խփվելով կապույտ երկնքին:

Ճախրում էր հայացքը իմ
Բացարձակ անօդ,
Անարեւ, աներկինք հեռուները:

Չէին սահմանափակում
Թռիչքը հայացքիս
Հորիզոններն անձուկ
Մշուշե երկինքները:

Ես
Ամբողջովին ընկալում էի տիեզերքը,
Եւ բաց էին նրա
Բոլոր անհունները…

Եւ այդ բոլորի համար
Աչքերը հին այն աստղերի
Շողում էին եւ թաց,
Եւ կարմրավառ:

Եւ մթնած երկնքից
Հառվում էին
Արտասովոր,
Խոշոր,
Թշվառ…

Լուսինը
Սեւացել էր
Դարձել կապար:

Միայն սեւ ստվերը
Լուսնի վրայի
Շողշողում էր, ցոլում
Շլացուցիչ, պայծառ:

Տեսնում էի ես՝
Արեւը
Սփրթնած էր կապույտ,
Լուսաբացի կարծր, սառը երկնքի պես:

Եւ միայն սեւ խոցը,
Որ կա նրա վրա,
Արնագույն կարմիր էր
Եւ վառվում էր գոռոզ ու հուրհրան…

Հնչում էր հանդիսավոր
Խմբերգը մոլորակների,-
Տխուր,-
Անցնում էր թաղման երթը լռին:

Տիեզերքի բոլոր արեւների հետքից,
Որոնք թաղում էին հարազատին իրենց,
Քայլում էին բույլերը աստղերի՝
Մանուկների պես խեղճ:

Իսկ լուսինը
Սեւ էր հագել
Սեւազգեստ այրու պես:

Կանգնեցին.
Լռեց խմբերգը մոլորակների:

Անլաց,
Ընկել էր լուսինը արեւի դագաղին,
Լռություն….
Տիեզերքը թաղում էր արեւին…

Արեւը
Ադամանդե
Այլեւս չէր սահում
Երկնքով կապույտ,
Ապակե
Հատելով այն:

Չկար երկինքը,
Ու արեւը
Կորցրել էր իր օրբիտը:

Եւ նետվում էր վեր-վար
Խելագարի նման:

Կբերես նրան փրկություն, թե մահ,
Այդ գիտե միայն քնարդ, երգիչ,
Այսպես տեսիլքն ու սարսափը լույսի,
Որ հղանում է աշխարհը անվերջ
Տակավին չերկնած կամ դեռ սաղմի մեջ
Կսպառեմ շռայլ, կցրեմ անսիրտ
Ինչպես գանձը հոր որդին հայրամերժ:

Եւ կզգան նրանք լույսի ու ցոլքի
Կուտակողներն այդ շրջված սարսափով,
Որ լոկ շաչում է իրենց մութ դեմքին
Իրենց կուտակած սարսափը մթին
Ում կիզելու էր հենց նրանց ձեռքով:

Պոետը ունի հորթ, շուն ու կատու,
Այդ մասին լսել չես էլ ուզում դու,
Սակայն ակամա այս ու այն կողմից
Կլսես… շուն է, այ, կատու է ի՜նչ…

Ու կգաս, մի շնչում երգերս կկարդաս,
Ու հետո, երբ որ գիշերը դուրս գաս
Մեծ արջը շան պես կհաչի վրադ
Ու գլխիդ կթնդա գմբեթը աստղազարդ…

Ես փակում եմ աչքերս,
Եւ
Արտացոլվում են ուղեղիս մեջ
Երկինքն ու արեւը:

Տեսնում եմ արարած
Տիեզերքն իմ նոր,
Բոսոր երկինք հրե
Եւ
Կապույտ արեւ…

Երկինքը կակաչ էր, կարմիր,
Արեւը՝ խամրող սիրտը նրա,
Բոսոր հորիզոնները թերթերի
Երիզներն էին վառման:

Եւ շրջված էր
Ծաղիկն այն
Երկրագնդի վրա
Սպիտակ
Գիշերային երկնքի վրա,
Ուր փայլփլում էին խավար
Ու կապույտ բծեր-

Երկնքով մեկ փռված էր
Ծիր-Կաթինը խավար:

Այդքան մութ
Ու այդքան սպիտակ մի գիշեր
Դեռ հոգիս չէր ճնշել…

Գիշերն ու ցերեկը
Առաջին անգամ,
Միասին,
Եկել էին հանդեսին
Արեւի թաղման:

Դագաղի երկու կողմում
Կանգնել էին գունատ…

Բավական չէր ապրեցինք
Արեւով ոսկի,
Երկնքով կապույտ,
Կապույտ ծովերով:

Ու ես փոխեցի
Գույները բոլոր:

Սակայն իմ հոգին
Կկարոտի մի օր գույներին այն հին:

Ես ինչպես ջնջեմ իմ
Տիեզերքն արարած
Մարդկանց ուղեղից,

Որ սիրելի դարձնեմ
Հին գույները նորից…

Նկարը լոկ խոսք է,
Ու խոսքը՝ նկար,
Մոռացա ես խոսքը,
Նկարը չկար:

Գալիքի առջեւ
Կանգնեցի տկար,
Ու խոսքը հնչեց,
Նկարը չկար…

Երկինքը
Կնվիրեի ես քեզ,
Ինչպես մի փոքրիկ պայծառ մանուշակ՝
Ոսկի արեւը
Ցողի պես վրան:-

Եթե այն
Կակաչի փոխած չլիներ
Տարօրինակ իմ
Նկարեն պոեզիան…

***

Այդպես
Գալիքն այդ խանձված
Հիշեցնում էր ինձ ժպիտը նրա,
Որ այն աղջկա հմայքով այրած
Իր հին, հին հոգին,
Կորցրած աշխարհը, հին դարերը կորցրած,
Ժպտում էր խանձված ժպիտով իր գորշ,
Հմայքը կորցրած ժպիտով անթով,
Ամայի, այն մերկ ապագայի պես,
Որը ժպտում էր
Հմայող մուժոտ մոլորակներին
Ու արեւներին,
Իր խանձված, բեկված տխուր ժպիտով:

Եւ եթե ետ գա
Կյանքը նորից նոր
Ինձ կցնդեցնի
Այդ անվերջ խանձվող
Ու անվերջ ծաղկող
Անմիտ ապագան,
Որի իմաստը
Հենց իր գնալու,
Գալու մեջ է լոկ:
Եւ այդ տիեզերքի
Փոքրիկ խաղն է միայն,
Ինչպես որ
Գարնան ծաղկումը-
Թոշնումը նորից
Երկրագնդի
Խաղն է մանկական…

Դարե՜րը…
Յուրաքանչյուր դար
Հարյուր անգամ գարուն էր բերում աշխարհին,
Հարյուր անգամ ձյունում էր աշխարհի վրա:

Ձյունը նստում էր լուռ մոխիրներին,
Բայց չէին ծաղկում գարուններն ամա,
Ներկա գարունների
Ծաղրանկարներն այդ միլիոնավոր,
Ուր հին արեւի շունչն էր միայն թարմ,
Ուր մեռել էին զեփյուռներն անգամ:

Եւ ապագային ամա ու խանձված
Աստղի ձեւ առած
Մոլորակները հեղվում էին վար
Մեզանից այնքան բարձր գտնվող,
Ու կարդում էի
Նրանց աչքերում,
Որ գուցե ետ գա կյանքը նորից նոր…

ՄԱՐՈՂ ԿԱՄ ԿԱՊՈՒՅՏ ԱՊԱԳԱ

Ուղեղիս ամենահեռու խորքում
Վառվում էին պատկերներ
Ու նորից հանգում:

Ամենավառ վերջալույսի ներքո փռված
Քաղաքի պես՝
Դարերի գալիքը վառված
Մթնում էր ուղեղիս մեջ:

Կապույտ վերքի ցավով
Աներկինք զենիթներում
Շողում էր արեւը կապույտ:

Իսկ ներքեւում
Լռում էր
Մարդկության
Կապույտ ապագան:

Բռնած
Հիվանդ այս դարի ձեռքից՝
Քարշ կտամ ես նրան
Գալիքը դեպի:

Ու կպատմեմ գալիքին,
Որ այսպես ու այնպես,
Այս խեղճը իրեն
Հիվանդացրել է, կարծես:

Նկարել եմ ես էլ
Երազները նրա,
Ի դեպ՝ որտեղ դու
Կապույտ ես երազվել:
Ահա…

**
Որպեսզի
Երկրագունդը անապագա չմնար,
Բոցի պես բռնկած
Վառվում էր պայծառ
Ուղեղիս մեջ գալիքը դարերի:

Ես վառում էի
Աշխարհի համար
Դարերից բերված բոցերը անմար:

Ու մթնոլորտը երկրագնդի
Ապակեպատ
Նրա ներքո լռում էր
Գարունը հավերժական:

Եւ հավերժական
Գարնան մեջ անգամ
Խամրում էր, մարում
Դարերի
Անսփոփ ապագան…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *