Ներսես Աթաբեկյան | Ճանապարհային քարտեզ

Ներսես Աթաբեկյան

ՔԱՌՅԱԿԱԲԱՐ

Բաց են բոլոր դռները,
դուռ բացողն է պակասել,
ցած են բոլոր լեռները,

բարձրացողն է պակասել,
մտի գուգըլ, մտքինդ
կուզես Աստծուն հարցրու`
անպատասխան հարց չկա.
հասկացո՛ղն է պակասել:

 

ԷՍ ԷԼ ԷՍՊԵՍ

Պատուհանի երկու կողմից`
ես ու ես,
սիրածներիս կիսատ հողմից`
էջ ու կես,
վատ է, լավ է`
էս մի կյանքն էլ` թող էսպես,
մեկ է, նորից աննորմալ եմ ծնվելու,-
կրկնվելու խոստում տվեց Տերը մեզ…

 

ԷՊԻՏԱՖԻԱ

Մի կեղտոտ թաթ խփվեց
մեր ջահելության վիտրաժներին,
ու գույները ցիրուցան եղան,
գլուխը դառավ գլխաքանակ`
մինուս մեր թվով բազմապատկած,
և արևը ծածկեց մի ահռելի քամակ,
որ քիթ ունի միայն
ու խոթում է իրեն չվերաբերող տեղեր…
Էս ի՜նչ անառավոտ է:

 

ԴՈ՛Ւ ԱՍԱՑԻՐ

Իսկ մնացյալը ունայնություն է
կամ լռություն է ականատեսի,
կամ օգոստոսի գթառատ ձյուն է…
Անեզրությո՜ւն է…
Տղե՛րք,
ահարկո՜ւ անեզրություն է
մեզնից մեզ եկող
համրության մասին…

 

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
մեզ շնորհավորելով

Մի կյանք հետո էլ անվրեպ նույնն է
երդումը Լեռան, Որձության, Հացի,
մի կյանք հետո էլ լավն ու սիրուն են
նրանք, որ մի օր մեզ… չսիրեցին:

Ու ճամփաները չեն տանում Հռոմ,-
մեր ճամփան ուրիշ կածաններ գիտեր,-
երդումը թքած և ոչ մի զեռուն
չի՛ ճանաչելու կածաններդ, Տե՛ր:

Մի կյանք առաջ էլ նույնն էր, ու կրկին
խոնարհությամբ ես Բառին մոտենում,-
մի օր բառեղեն իջանք երկնքից,
ու տղերքն էլի էնտեղ են գնում:

Մեզ շա՛տ խլեցին: Մեզնից՝ առավե՛լ:
Ուրախ խաչեցին հուդայապաչով:-
Սիրտդ՝ վիրավոր, բայց չի պառավել,
ու նորից նույնն է Մանուկյան Խչոն:

Ու նորից նույնն են երդում ու երկիր,
հիսունից հետո՝ է՛լ հիսուն անգամ,-
տղե՜րքն են հսկում Աստծու երկնքից.
բարձունքը մերն է, տղերքը… կգա՛ն:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Ճերմակ ավազների թե ձյուների
անապատում
խաչի դաջվածքը սև է,-

տուն –
չենք վերադառնա,-

ուղին քառեկվել է
մտասևեռ –

փնտրում է ինքն իրեն
ու գտնում է միայն
ոտնահետքերդ –

ոտնահետքերում աստղ են քերել
իմ նախկին մատները,
որ գոնե քեզ հետ բերեն …

 

ՍՏԱՏՈՒՍ
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…
Հ.Թ.

Ձեր ֆեյսբուքներում ձևն է ծռմռվում,
ծամածռվում է դիմակն անհմուտ,
իսկ ես ինձ պատել ձեր հին ձեներով՝
գնում եմ էլի անտառներով մութ,
ուր իմ ախպերը էն քաջ ախպերն էր,
ու մեր Չալանկը շուն էր իսկական
ու չհասկացան, որ չլայքելը
մահացու մեղք է… ու հիմա չկան:

 

N.N.
օ՜, խեղճ իմ բարեկամ…

Ե. Չ.

Երբ դու դեռ այր էիր մի անարատ,
և ես ընկերն էի քո բանաստեղծ,
Փարիզ ու տոն էր առհասարակ,
ու կյանքը՝ մահվան բերանից մեծ…
Հետո փոքրացավ մի բարդ հրաշքով
անարատության պահանջմունքը խեղճ,
ու ցրիվ եկավ գեղական կարգով
Փարիզն անփարիզ ճամփաների մեջ:
Ու ներհուն ժպտաց Կարդինալը Գորշ,
երբ անոթներով անհաղորդակից
ոսկե հորթն իբրև ընտանեկան գող
կախեց կճղակը մատնիչ երդիկից՝
մեր Հարդագողի վրա անավարտ,
oրերի վրա մեր փարիզամերձ,
երբ դու դեռ այր էիր մի անարատ
և ես ընկերն էի քո բանաստեղծ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *