ՌՈԼԱՆ ԲԱՐՏ | Հեղինակի մահը

Ռոլան Բարտ

La mort de l’auteur

Իր «Սարակինոս» նորավեպում խոսելով կնոջ կերպափոխված ներքինու մասին, Բալզակը գրում է հետևյալ արտահայտությունը. «Դա մի կին էր՝ հանկարծական երկյուղներով, անբացատրելի քմայքներով, բնազդական տագնապներով, չպատճառաբանվող հանդգնությամբ, կրքոտությամբ ու զգացմունքների հրապուրիչ նրբագեղությամբ»: Ո՞վ է խոսում այդպես: Նորավեպի հերո՞սը՝ հակված անտեսելու կնոջ [կերպարանքի] ներքո քողարկված ներքինուն: Կամ սեփական կենսափորձի հիման վրա կնոջ մասին փիլիսոփայող Բալզակ անհա՞տը: Կամ կանացիության մասին «գրական» գաղափարներ դավանող Բալզակ գրո՞ղը: Կամ թե համապարփակ իմաստությո՞ւնը: [Թե՞] ռոմանտիկական հոգեբանությունը: Իմանալ այդ՝ երբեք հնարավոր չի լինի, նույն այն լուրջ պատճառով, որ գրությունն (écriture) ամենայն ձայնի, ամենայն սկզբնաղբյուրի կազմաքանդումն (destruction) է: Գրությունն այն չեզոքությունն է, այն տարասեռությունն ու այն շեղումը, ուր փախչում է մեր սուբյեկտը (sujet), այն սևուսպիտակը, ուր անհետանում է ամենայն ինքնություն (identité)՝ ներառյալ նույն այն մարմինը, որը գրում է:

***
Անկասկած այն միշտ էլ այդպիսին է եղել. եթե փաստի մասին պատմում են լոկ պատմելու համար, այլ ոչ իրականության վրա ուղղակի ներազդելու, այն է, ի վերջո, առանց որևէ գործառույթի, բացի ինքնին խորհրդանշական վարժանքից, տեղի է ունենում անջատում, ձայնը կորցնում է իր ակունքը (origine), հեղինակը մտնում է իր իսկ մահվան մեջ և սկսվում է գրությունը: Միևնույն ժամանակ այս ֆենոմենի զգացումը հարափոփոխ է. նախնական հասարակություններում (les sociétés ethnographiques) ավանդազրույցի (récit) [փոխանցումը] հանձն չի առնում [պատահական] մեկը, այլ [միայն] միջնորդը, շամանը կամ ասացողը. ծայրահեղ դեպքում կարող ենք հիանալ նրանց «կատարմամբ (performance)» (այն է՝ պատումային կոդերի վարպետությամբ), բայց երբեք «հանճարով»: Հեղինակն արդիական կերպար է, անտարակույս, մեր հասարակության կողմից ստեղծված այնքանով, որքանով անգլիական էմպիրիզմի, ֆրանսիական ռացիոնալիզմի և Ռեֆորմացիայի անձնական հավատի միջոցով Միջնադարի ավարտին այն հայտնագործում է անհատականության հմայքը կամ, ավելի բարձրաոճ (noblement) ձևակերպմամբ, «մարդկային անձը» (personne humaine): Այսու՝ տրամաբանական է, որ, գրականության ոլորտում կապիտալիստական գաղափարաբանության մեջ ամփոփված և հասունացած պոզիտիվիզմն է հենց առավել կարևորություն շնորհել հեղիանակի «անձին»: Հեղինակը դեռ իշխում է (règne) գրականության պատմության ձեռնարկներում, գրողների կենսագրություններում, ամսագրային հարցազրույցներում և հենց գրականագետների գիտակցության մեջ, ովքեր մտահոգված են իրենց անձը և ստեղծագործությունը անձնական օրագրի մեջ միավորելով: Գրականության այն կերպը, որ կարող ենք գտնել ընթացիկ մշակույթի մեջ, տիրաբար սևեռված է հեղինակի, նրա անձի, նրա պատմության, նրա հակումների ու կրքերի վրա: Քննադատություն, սովորաբար, դեռ [համարվում է] ասելը, որ Բոդլերի ստեղծագործությունը Բոդլեր մարդու ձախողման մեջ է, Վան Գոգի ստեղծագործությունը՝ նրա խելագարության, Չայկովսկու ստեղծագործությունը՝ նրա արատավորության. ստեղծագործության բացատրությունը (explication) մշտապես փնտրում են այն ստեղծողի մեջ, կարծես, ի վերջո, հորինվածքի ավել կամ պակաս թափանցիկ այլաբանության միջով միշտ միևնույն մարդու ձայնն է՝ հեղինակը, որ իր «խոստովանությանն» է տրվում:
***
Թեպետ Հեղինակի իշխանությունը դեռևս շատ ազդեցիկ է (նոր քննադատությունն, հաճախ, հենց ամրապնդել է այն), ինքնին հասկանալի է, որ որոշ գրողներ վաղուց ի վեր արդեն փորձել են այն սասանել: Ֆրանսիայում Մալարմեն, անկասկած, առաջինն էր, որ իր ողջ ընդգրկունությամբ տեսավ ու կանխատեսեց անհրաժեշտությունը՝ փոխարինելու լեզուն նրանով, ով ցայժմ համարվում էր [դրա] սեփականատերը: Նրա համար (ինչպես և մեր) հենց լեզուն է խոսում, այլ ոչ հեղինակը. գրելը, նախնական դիմազրկության միջոցով (որը, սակայն, չի կարելի շփոթել վիպասան-ռեալիստի ամորձատման (castratrice) օբյեկտիվության հետ) հասնելն է այն կետին, ուր միայն լեզուն է գործում, «կատարումը» (performe), այլ ոչ [թե] «ես»-ը: Մալարմեի ողջ պոետիկան հեղինակի լուծարումն է հօգուտ գրության (այն է՝ իր տարածքը հանձնել, ինչպես կտեսնենք, ընթերցողին): Վալերին, բոլորովին խճողված Ես-ի հոգեբանության մեջ, բավականին մեղմացրեց մալարմեյան տեսությունը, բայց դասականության ճաշակը փոխադրելով ճարտասանության դասընթացների մեջ, նա չդադարեց Հեղինակին կասկածանքի և ծաղրանքի ենթարկելուց, ուժգնացրեց նրա գործունեության լեզվաբանական ու կարծես «հանդուգն» բնույթը, և իր բոլոր արձակ գրքերում պահանջեց [ընդունել] գրականության գլխավորապես բանավոր կարգավիճակը, որի դիմաց յուրաքանչյուր հղում գրողի ներաշխարհին, ըստ նրա, սնոտիպաշտություն է: Պրուստն ինքը, հակառակ ակնհայտ հոգեբանական բնույթի, ինչպիսին համարվում են նրա վերլուծությունները, ակնհայտորեն ջանում է անողոքաբար խառնել, չափազանց ճարպկորեն, գրողի և նրա հերոսների հարաբերությունը՝ [իբրև] պատմող (narrateur) ընտրելով ոչ նրան, ով տեսել է կամ զգացել, ոչ էլ նրան, ով գրում է, այլ նրան, ով պատրաստվում է գրել (վեպի երիտասարդը. բայց իրականում քանի՞ տարեկան է և ո՞վ է նա. ուզում է գրել, բայց չի կարող սկսել, և վեպն ավարտվում է այնժամ, երբ, ի վերջո, հնարավոր է դառնում գրությունը). Պրուստն արդի գրությանը տվեց իր դարաշրջանը: Արմատական շրջաբեկմամբ՝ իր վեպում իր կյանքը զետեղելու փոխարեն, ինչպես ասում են հաճախ, նա իր իսկ կյանքը վերածեց ստեղծագործության՝ ըստ իր գրքի օրինակի, և մեզ համար ակնհայտ է, որ Շառլյուն չի նմանակել Մոնտեսքյոյին, այլ Մոնտեսքյոն՝ իր անեկդոտային, պատմական իսկությամբ, լոկ Շառլյուից ածանցված երկրորդային պատառիկ է: Ի վերջո Սյուրռեալիզմը, արդիության (modernité) նախապատմության մեջ մնալու համար, անկասկած, չէր կարող լեզվին վերագրել ինքնիշխան (souveraine) տարածք, քանի որ լեզուն համակարգ է, այնինչ այս շարժման նպատակը, ռոմանտիզմի ոգով (romantiquement) ասած, ուղղակի ծածկագրերի կործանումն էր (մյուս կողմից՝ դա պատրանք է, զի ծածկագիրը չի կարող ոչնչացվել, այն միայն կարելի է «խաղարկել»). բայց անդադար հորդորելով կտրուկ հիասթափություն ակնկալվող իմաստներից (սյուրռեալիստական հռչակավոր «ցատկը»), հանձնարարելով ձեռքին որքան կարող է արագ գրել այն, ինչը գլուխն ինքնին անգիտանում է (ինքնաշարժ գրություն), ընդունելով մեկ-բազումի գրության սկզբունքն ու փորձը, Սյուրռեալիզմը նպաստեց Հեղինակի կերպարի ապասրբազնացմանը: Վերջապես, ինքնին գրականության ներսում (ճիշտն ասած, այս զանազանումներն արդեն անիրական են), լեզվաբանությունը հեղինակի կազմաքանդման համար տվեց վերլուծական կարևոր գործիք, ցուցանելով, որ ասությունը (énonciation), որպես այդպիսին, դատարկ գործընթաց է, որը լիովին գործում է առանց զրուցակից անձանց հավելման անհրաժեշտության. լեզվաբանորեն հեղինակը ոչ այլ ոք է, քան նա, ով գրում է, ինչպես «ես»-ը ոչ այլ ոք է, քան նա, ով ասում է «ես». լեզուն ճանաչում է «ենթական» (sujet), այլ ոչ թե «անձը» և այդ ենթական, ինքնին, որ իրեն որոշարկող ասությունից դուրս ոչինչ է, բավական է, որ «զսպի» լեզուն, այն է՝ սպառի այն:

***
Հեղինակի հեռացումը (հետևելով Բրեխտին, այստեղ կարող ենք խոսել իսկական «օտարման» մասին, Հեղինակը նվազում է այնպես, ինչպես գրական բեմի ամենախորքի արձանիկը) ոչ միայն պատմական փաստ է կամ գրության գործողություն. այն հիմնովին վերափոխում է ողջ արդի տեքստը (կամ, որ նույնն է, տեքստն այսուհետ ստեղծվում և կարդացվում է այնպես, որ հեղինակը նրա բոլոր մակարդակներում բացակայում է): Ժամանակը, նախ և առաջ, այլևս նույնը չէ: Հեղինակը, եթե հավատանք, իր իսկ գրքի համեմատ մշտապես մտածվում է իբրև անցյալ. հեղինակը և գիրքը տեղակայվում են միևնույն գծի վրա՝ բաժանված մինչևի և հետոյի: Հեղինակը, ինչպես ենթադրվում է, սնում է գիրքը, այսինքն՝ գոյություն ունի նրանից առաջ, մտածում, տառապում, ապրում է նրա համար. նա իր ստեղծագործությանը վերաբերվում է այնպես, ինչպես հայրն իր երեխային: Արդի գրագիրը, ընդհակառակը, ծնվում է իր տեքստի հետ միաժամանակ. նա ոչ մի կերպ չի կարող նախորդել կամ գերազանցել իր գրությանը, նա ամենևին էլ այն ենթական չէ, որի ստորոգյալը նրա գիրքը լիներ. Մեկ այլ ժամանակ չկա, քան ասության ժամանակը, և ամենայն տեքստ գրվում է այստեղ և այժմ: Բանն այն է (կամ ի հետևանս)՝ գրելն այլևս չի կարող նշանակել գրանցման, հաստատման, ներկայացման, «նկարագրման» գործողություն (ինչպես Դասականներն էին ասում), այլ այն, որը լեզվաբանները, հետևելով օքսֆորդյան փիլիսոփաներին, անվանում են կատարողական (performatif), հազվագյուտ բայական ձև (բացառապես ներկա ժամանակի առաջին դեմքում), որտեղ ասությունն այլ բովանդակություն (այլ ասույթ) չունի, քան գործողությունը, որով այն արտաբերվում է, ինչպես՝ արքաների Ես հայտարարում եմ-ը կամ վաղնջական պոետների Ես երգում եմ-ը: Հետևաբար արդի գրագիրը, հուղարկավորելով Հեղինակին, չի կարող այլևս հավատալ, համաձայն իր նախորդների պաթոսի, որ իր ձեռքը չափազանց դանդաղաշարժ է իր մտքի կամ կրքի համար և, համապատասխանաբար, անհրաժեշտությունը դարձնելով օրենք, ինքը պետք է ամրապնդի այդ ուշացումը և անվերջ «հղկի» իր ձևը. նրա համար, ընդհակառակը, իր ձեռքը՝ հեռացված ցանկացած ձայնից, կրում է զուտ արձանագրային (և ոչ արտահայտչական) ժեստ, ուրվագծում առանց ծագումի մի դաշտ, – կամ որը, ծայրահեղ դեպքում, ունի այլ ծագում, քան ինքնին լեզուն, այն է՝ անդադար հարցականի տակ է դնում ամենայն ծագում:
***
Մենք այժմ գիտենք, որ տեքստը կառուցված չէ միակ, այսպես ասած, աստվածաբանական իմաստից ձերբազատված բառերի շարանից (Հեղինակ-աստծո «ուղերձը»), այլ բազմաչափ տարածությունից, ուր լծորդվում և վիճարկվում են խայտաբղետ գրություններ, որոնցից և ոչ մեկն էլ սկզբնականը (originelle) չէ. տեքստը մեջբերումների հյուսվածք է՝ մշակութային հազարավոր օջախներից սերված: Բուվարի և Պեկյուշեի՝ այդ հավերժ պատճենողների նման՝ վսեմ և, միևնուն ժամանակ, զավեշտական, և որոնց խորին ծիծաղելիությունը որոշակիորեն ցույց է տալիս գրության ճշմարտությունը, գրողը միայն կարող է մշտապես նմանակել նախկին ժեստը, բայց երբե’ք սկզբնականը. նրա միակ իշխանությունը գրությունները խառնակելն է, մեկզմյուսին հակադրելը՝ երբեք չապավինելով նրանցից որևէ մեկին: Եթե նա ուզենա արտահայտվել, նա ամեն դեպքում պետք է իմանա, որ ներքին «բանը», որը հավակնում է «թարգմանել», ոչ այլ ինչ է, քան արդեն կազմված բառարան, որի բառերը կարող են մեկնաբանվել միայն այլ բառերի միջոցով, և այսպես անվերջ: Օրինակի համար, դեպքը, որը պատահեց երիտասարդ Թոմաս դե Քվինսի (Thomas de Quincey) հետ, ով հունարենին տիրապետում էր այնքան, որ մեռած այդ լեզվով խիստ արդի գաղափարները և պատկերները թարգմանելու համար, [ինչպես] Բոդլերն է ասում, «իր համար ստեղծել էր միշտ պատրաստ մի բառարան՝ բավականին բարդ ու ընդարձակ նրանցից, որոնք զուտ գրական թեմաների սովորական համառության արդյունք են» (Արվեստական Դրախտ). փոխարինելով Հեղինակին՝ գրագիրն իր մեջ այլևս չունի կրքեր, տրամադրություններ, զգացմունքներ, տպավորություններ, այլ միայն այդ ընդարձակ բառարանը, որից նա կորզում է ոչ մի ընդմիջում չճանաչող գրությունը. կյանքը ոչ այլ ինչ է, քան միայն գրքի ընդօրինակում, և այդ գիրքն, ինքնին, նշանների հյուսվածք է, մոռացված, անսահմանորեն հետաձգված ընդօրինակություն:
***
Հենց որ Հեղինակը բացառվում է, տեքստը «վերծանելու» հավակնությունը բոլորովին անիմաստ է դառնում: Տեքստին Հեղինակ տալ նշանակում է տեքստին կանգառ պարտադրել, այն է՝ օժտել այն վերջնական իմաստով, փակել գրությունը: Այս հղացքը լիովին համապատասխանում է քննադատությանը, որն այդժամ կարևոր խնդիր է համարում բացահայտել Հեղինակին (կամ նրա գոյառումները՝ հասարակություն, պատմություն, հոգի, ազատություն) ստեղծագործության մեջ. երբ Հեղինակը գտնված է, տեքստը «բացատրված» է, հաղթանակը քննադատինն է: Այսու՝ զարմանալի չէ, որ պատմականորեն Հեղինակի տիրապետությունը տիրապետությունն էր և Քննադատի, ինչպես նաև այն, որ Հեղինակի հետ միաժամանակ այժմ խարխլվել է և քննադատությունը (թեկուզ նորը): Բազմաչափ գրության մեջ, իրոք, ամեն ինչ պետք է տարբերակել (démêler), այլ ոչ վերծանել (déchiffrer). կառուցվածքին կարելի է հետևել, «ձգել» (ինչպես հատ գնացած գուլպայի հանգույցը) իր բոլոր վերսկսումներում և իր բոլոր հարկերում, բայց որը հատակ չունի. գրության տարածությունը անցում է, այլ ոչ ճեղքում: Գրությունն անընդհատ իմաստ է առաջադրում, բայց որ այն միշտ գոլորշանա: Տեղի է ունենում իմաստի հետևողական ազատագրում: Այդպիսով՝ գրականությունը (լավ կլինի այսուհետ ասել գրությունը), հրաժարվելով տեքստին (և աշխարհին՝ որպես տեքստի) «գաղտնիք», այն է՝ վերջին իմաստ վերագրելուց, ազատագրում է գործողությունը, որը կարելի է հակաաստվածաբանական, զուտ հեղափոխական անվանել, զի մերժում է կանգնեցնել իմաստը, որն, ի վերջո, նշանակում է մերժել Աստծուն և նրա գոյառումները՝ բանականությունը, գիտությունը, օրենքը:
***
Վերադառնանք Բալզակի արտահայտությանը: Ոչ ոք (այն է՝ ոչ մի «անձ») դա չի ասում. նրա սկզբնաղբյուրը, նրա ձայնն իրականում գրության մեջ չէ, այլ ընթերցանության: Մեկ այլ բավականին դիպուկ օրինակ կարող է դա բացատրել. ոչ վաղ հետազոտությունները (Ժ.-Պ. Վերնան) բացահայտեցին հունական ողբերգության հիմնական երկիմաստությունը. տեքստն այնտեղ հյուսված է երկիմաստ բառերից, որոնք յուրաքանչյուր գործող անձ միակողմանի է հասկանում (հենց այս մշտնջենական թյուրիմացության մեջ է «ողբերգությունը») : Ընդ որում, կա և մեկը, ով լսում է բոլոր բառերն իրենց երկդիմությամբ, լսում է նաև, եթե կարելի է այդպես ասել, հենց անձանց խլությունը, ովքեր խոսում են նրա ներկայությամբ. այդ «մեկը» հենց ընթերցողն է (կամ, այս դեպքում, ունկնդիրը): Այդու՝ քողազերծվում է գրության ողջ էությունը. տեքստը կազմված է զանազան մշակույթներից սերված տարասեռ գրություններից, և որոնք միավորվում են երկխոսության, պարոդիայի և հակադրության միջոցով: Բայց կա մի տեղ, ուր այդ բազմաքանակությունը նույնանում է, և այդ տեղը հեղինակը չէ, ինչպես ասում էին ցայժմ, այլ ընթերցողը: Ընթերցողն այն տարածությունն է, ուր առանց կորուստի գրանցվում են բոլոր մեջբերումները, որոնցից կազմված է գրությունը: Տեքստի միասնությունն իր բնօրինակի մեջ չէ, այլ՝ իր դերի, բայց այդ դերը այլևս չի կարող լինել անձնական: Ընթերցողը պատմություն, կենսագրություն, հոգեբանություն չունեցող մեկն է. նա լոկ ինչ-որ մեկն է, ով միևնույն դաշտում ի մի է բերում բոլոր հետքերը, որոնցից կազմված է գրությունը: Այսու՝ ծիծաղելի է նոր գրությունը հումանիզմի անունից դատապարտելու մտադրությունը, որը երեսպաշտորեն իրեն ներկայացնում է ընթերցողի իրավունքների եռանդուն պաշտպան: Դասական քննադատությունը ընթերցողով երբեք չի զբաղվել. նրա համար գրականության մեջ չկա ուրիշ մեկը, քան նա, ով գրում է: Այժմ մենք սկսում ենք չխաբվել այդ հակաբանությունների (antiphrases) տեսակներից, որոնց միջոցով ընտիր հասարակությունը ամբարտավանորեն հանդիմանում է հօգուտ նրա, ում հատկապես նա բացառում, անտեսում, խլացնում կամ ոչնչացնում է: Այժմ մենք գիտենք, որ գրությանն իր ապագան վերադարձնելու համար պետք է կործանել առասպելը: Ընթերցողի ծնունդը պետք է փոխհատուցվի Հեղինակի մահվամբ:

1968, Manteia.

Թարգմանությունը ֆրանսերենից` Թոնդրակի

Share Button

2 Կարծիք

  • Diana Hovhannisyan says:

    Տեքստը կարդացի մեծ հետաքրքրությամբ՝ միաժամանակ հետաքրքրությամբ սպասելով ավարտին, որ տեսնեմ՝ ով է թարգմանիչը։ Իմ սիրելի Դասախոսը։

  • Աշխեն Ջրբաշյան says:

    Թարգմանությունը սոսկալի վատն է։ Հանձնարարեցի ուսանողներիս, որ կարդան։ Ոչինչ չէին հասկացել։ Ես ստիպված ռուսերեն տեքստը տարա, միասին վերլուծեցինք։ Երբ համեմատում եմ ռուսերեն տեքստի հետ (Барт Р. Избранные работы, М., 1989, с. 384-391), իսկ ռուսերեն թարգմանության համարժեքությունը ոչ մի կասկած չի հարուցում, ուղղակի սոսկում եմ. գրեթե ոչ նախադասություն ճիշտ չի թարգմանվել, ավելին, հաճախ ձեռք է բերել ճիշտ հակառակ իմաստը։ Եթե ձեր կայքի հեղինակության մասին մտածում եք, գոնե տվեք որեւէ մեկին, թող կարծիք հայտնի։ Սա առաջին դեպքը չէ, որ ձեզ մոտ վատ թարգմանություններ են դրվում։ Հուսով եմ, կարծիքս հաշվի կառնենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *