ՌՈՄԱՆ ԿԻՍՅՈՎ | Բանաստեղծություններ

Ռոման Կիսյով

ՌՈՄԱՆ ԿԻՍՅՈՎԾնվել է 1962թ., Բուլղարիայի Կազանլըկ քաղաքում։
Ավարտել է Սոֆիայի Ազգային գեղարվեստի գեղանկարչության բաժինը։ Նա բանաստեղծ է, նկարիչ, գիրք ձևավորող։ 
Բանաստղծությունների ժողովածուների հեղինակ է, որոնցից առաջինը՝ «Դրախտի դարպասները», պոեզիայի ժանրում արժանացել է Բուլղարիայի Ազգային պարգևին (1995): Նրա գրքերից են «Թռիչքի ստվերը» (2000), «Լույսի ուխտավորը» (2003), «Криптус» (2004, 2007, ռուսերեն)», «Ձայները» (2009), ”Hodocasnik svjetla” (2008, խորվաթերեն), «Словото Пастир» (2010, մակեդոներեն)։ Ապրում Է Սոֆիայում:

ԴՐԱԽՏԻ ԴՌՆԵՐԸ
Երկինքը մութ է,
Երկինքը ծանր է և կապարագույն,
Երկինքը երկյուղած է,
Այն ցնցվում է որոտից և կայծակից։

Օհ, ոչ, միայն չմտածեք,
Որ այս որոտները և դղրդոցները
բնական երևույթներ են։
Արդեն բացահայտված գիտությամբ
սրանք Դրախտի դռների օրհնյալների
ծանր, փոշիացնող բռունցքներն են։

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՎԱՐԴ
Իմ հոգու վարդ ասա
ունես արդյոք գաղտնիք
թառամում ես տաք ու խոնավ եղանակին
իսկ երբեմն էլ ծաղկում
տոթ ու սառնամանիքին

Իմ հոգու վարդ ասա
որն է գաղտնիքը քո
գունափոխ ես լինում հաճախ ու անտեղի
սպիտակ կարմիր, սպիտակ կարմիր
հազվադեպ էլ՝ սև ես հագնում տրտմալից

Իմ հոգու վարդ բացիր
գաղտնիքը քո
թե ինչու ես այլոց
տալիս բույր ու թովչանք
իսկ ինձ բաժին հանում
միայն փշե պսակ

ՍՏՈՐԱԿԵՏՆԵՐ
Կյանքը
շարան է ստորակետների։

Ստորակետների շարան հարցականներով,
որ կոչվում է
Մանկություն։

Ստորակետների շարան բացականչականներով,
որ կոչվում է
Պատանեկություն։
Ստորակետների շարան բազմակետերով,
Որ կոչվում է
Ծերություն:
Անտեսանելի մի ձեռք ի վերջո
Իր գործն է անում`
Վերջակետ դնում:

ԳԻՐՔԸ
Մեզնից ամեն ոք
գրում է գիրքն իր սեփական կյանքի,
իսկ խմբագիրը լոկ մեկն է`
Աստված:

Ի հիշատակ մեռելոց
Գերեզման բերած ծաղիկները
Արմատ են նետում
Դեպի հակառակ կողմը կյանքի:

ԵՍ ԱՅԴ ՏԵՍԵԼ ԵՄ
Զմրուխտյա ծով
ափն
ալմաստե
հրեշտակի
շափյուղա թևեր
արծաթե ծառեր
ոսկե պտուղներ
Ես
տեսել եմ դա
այնտեղ, ուր երբեք
ես չեմ եղել

ԳԱՂՏՆԻՔԸ
«Մարդ»
անվան մեջ
ինչ-որ գաղտնիք կա թաքնված

հենց դա է երևի,
որ մարդու ստվերանկարը
նման է կողպեքի անցքի

Երկնային բանալեապահը
Սեղմում է բանալին իր ձեռքի ափում
Սպասում է երկար

ECCE POETA*
Սա պոետն է

Սա էլ բառը
Պոետի

Սա մարմին է
Բառի

Մարմին այս
Բեկված է`

Բազմապատկված
Բանաստեղծություններում ու գրքերում

Վերցրեք, ճաշակեք
Ընդունեք լույսը

/Քանի որ միայն համացանցով չէ,
Որ մարդը դեռ կենդանի է…/

                                         *Սա պոետն է /լատ./

ԱՅՆԺԱՄ
  «Իմ մարմինը կանհետանա երազներում»
                                          Ռադովան Պավլովսկի

Եվ մարմին իմ կանհետան
Երազների սահմաններում
Անծայրածիր աշխարհի
Հանդերձյալ լռության մեջ…

Եվ այնժամ կհայտնվի հոգիս
Ու բառերն իմ կզարթնեն
Երկար քնից
Ու կքայլեն աշխարհի ճամփաներով…

Ու հենց այդժամ էլ կսկսվի իմ
Նոր ու անծանոթ կյանքը
Անտեսանելի թափանցիկ մարմնով
Միս ու արյունից սերված հոգով

ԻԹԱԿԵ
«…Եվ ճիշտ եմ հասկացել,
                       Թե ինչ են իթակեները»:
                                          Կ. Կավաֆիս

Ես էլ եմ Ոդիսևսը,
սակայն անհայտ,
ոչ ոք իմ մասին ոչինչ չի լսել
և ոչ ոք չի կռահել խորամանկությունն իմ։
Որովհետև ես երբեք Իթակեն չեմ լքել։
Կյանքում երբեք չեմ հանդիպել
Կիկլոպների, մարդակերների և ծովահարսերի,
Տրոյական ձիուն ես չեմ հնարել,
սխրագործություններ էլ չեմ գործել։
Որովհետև ես երբեք Իթակեն չեմ լքել։
Ոչ ոք չհասցրեց լսել
իմ աղեղի զորության ու իմ խիզախության մասին,
նույնիսկ Պենելոպեի սիրո զգացմունքներն են
իմ նկատմամբ սառել։
Որովհետև ես երբեք Իթակեն չեմ լքել։

ՕՐՓԵՈՍ
Որ երկրում ես դու ծագել
Որ ժամին ես ծնվել
Որ եզերքում ես թաղվել
Որ քամիներով հարություն առել
Դու, երկնային հրեշտակ
Դու, երկնային որդի
Դու, Աստծո Տաճար
Իմաստության ապաստարան
Ոգու սիրեցյալ
Դու, քուրմ բնության
հովիվ մուսաների
տիրակալ աստղերի
Դու, հովանավոր ճաճանչների
աչքեր ապաքինող
ուսուցիչ հայրերի
Դու, նախահայր պոետների
ու նախապապ երգիչների
բանբեր կենարար ջրերի
Դու, Կարապետ հավերժ Փեսացուի
Գուշակ քնքուշ ու հանգիստ…
Քո միջով է հոսում հրեղեն բառր
Ու քեզանից է բարի լույս ծորում
Օ, Երկնակամարի Երաժշտություն
Օ, Երգ Սրբերի

Բացվում ու փակվում են
Երկնային դարպասներր

                            Ռուսերենից թարգմանեց Անուշ ԴԱԴԱՅԱՆԸ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *