Դինո Բուցցատի | Սարքովի հանգուցյալը

Մի առավոտ 46 տարեկան հայտնի գեղանկարիչ Լուչո Պրեդոնանցին, որը երկար ժամանակ էր, ինչ հեռացել ու ապրում էր Վիմերկատեի իր գյուղական տանը, քարացավ, երբ բացեց  օրվա լրագիրը և երրորդ էջի ներքևի աջ կողմում՝ չորս սյունակների վերևում, տեսավ հետևյալ վերնագիր․
ԻՏԱԼԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ․ ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՊՐԵԴՈՆԱՆՑԻՆ։
Դրա տակ շեղակի տառերով մի ծանուցում ասում էր․ Վիմերկատե, 21 փետրվարի, գիշեր։ Կարճատև հիվանդությունից հետո, որի դեմ բժիշկների ջանքերը ապարդյուն եղան, երկու օր առաջ վախճանվեց գեղանկարիչ Լուչո Պրեդոնանցին։
Դրան հետևում էր դրվատական մի հոդված մեկ սյունակի մեջ՝ լի գովասանքներով, որ հեղինակել էր արվեստի քննադատ Ջովաննի Ստե՛ֆանին։Ու նաև մի լուսանկար` քսան տարվա վաղեմության։ Ապշահար, չհավատալով իր աչքերին՝ Պրեդոնանցին մի կատաղի հայացք նետեց մահախոսականի վրա և չնայած հապճեությանը՝ կայծակի արագությամբ նկատելով մի քանի թունոտ նախադասություններ, որ խցկել էին այս ու այնտեղ, դիվանագիտական հմտությամբ, գովաբանական ածականների միջև։
– Մաթի՛լդե, Մաթի՛լդե,- կանչեց Պրեդոնանցին հենց որ շունչը տեղն եկավ։
– Ի՞նչ է եղել»,- պատասխանեց կինը հարևան սենյակից։
– Արի՛, արի՛, Մաթի՛լդե,- կանչեց Լուչոն աղաչական ձայնով։
– Մի րոպե սպասի՛ր։ Արդուկ եմ անում։
– Դե արի՛, ասում եմ։
Նրա ձայնը այնքան վախեցած էր, որ Մաթիլդեն վայր դրեց արդուկն ու վազեց։
– Նայիր՛, հապա նայի՛ր,- տնքաց նկարիչը՝ լրագիրը պարզելով կնոջը։
Վերջինս նայեց, գունատվեց, և կանանց հատուկ անխոհեմությամբ սկսեց հուսահատ լաց ու կոծ անել։
– Օ՜, իմ Լուչո, իմ խե՜ղճ Լուչո, հա-րա-զա՜տս,- սնգսնգում էր նա՝ հեկեկոցների մեջ։
Դա, ի վերջո, զզվեցրեց մարդուն։
– Խենթացա՞ր, ինչ է, Մաթիլդե՛։ Չես տեսնու՞մ ինձ։ Չես հասկանու՞մ, որ սա սոսկալի թյուրիմացություն է։
Մաթիլդեն հանկարծ դադարեց լաց լինել, նայեց ամուսնուն, նրա դեմքը խաղաղվեց, հետո, անսպասելիորեն, այն նույն դյուրությամբ, ինչ քիչ առաջ իրեն այրի էր զգացել, կռահելով իրավիճակի զավեշտական կողմը՝ հանկարծ փռթկաց։
– Օ, Աստվա՛ծ իմ, այ՛ քեզ զավեշտ, ինչ ծիծաղելի՜ է․․․ների՛ր ինձ Լուչո․․․անդառնալի կորուստ արվեստի համա՜ր․․․մինչ դու այստեղ ես՝ ողջ և առողջ,- չէր կարողանում զսպել ծիծաղը՝ ջղակծկվելով․․․
– Դե լավ, լա՛վ, հերի՛ք է-, սաստեց ամուսինը՝ հունից դուրս գալով։
– Քեզ հաշի՞վ չես տալիս։ Սոսկալի՜ է, սոսկալի՜։Ես այդ թերթի տնօրենին գիտեմ՝ ինչ կանեմ։ Այս կատակը թանկ կնստի նրա վրա։
Քաղաք սլանալով՝ Պրեդոնանցին վազեց խմբագրատուն։ Տնօրենը նրան սիրալիր ընդունեց։
– Խնդրում եմ, սիրելի՛ վարպետ, նստե՛ք։ Ոչ, ոչ։ Այս բազկաթոռը շատ հարմարավետ է։ Ծխախո՞տ․․․Այս կրակվառիչներն է՛լ, երբեք սարքին չեն լինում, իսկական նյարդերի դեղ են․․․Ահա՛ մոխրամանը․․․ Իսկ հիմա, ասեք՝ ինչո՞վ եմ պարտական ձեր այցելությանը։
Ձևացնու՞մ էր, թե իսկապես անտեղյակ էր, թե իր թերթը ինչ էր տպագրել։ Դրանից Պրեդոնանցին սոսկանք զգաց։
– Բայց․․․բայց․․․այսօրվա թերթում․․․երրորդ էջում․․․գրված է իմ մահվան մասին․․․
– Ձեր մահվա՞ն։- Տնօրենը վերցրեց թերթի համարը, որը ծալված դրված էր գրասեղանին, բացեց այն, հասկացավ (կամ ձևացրեց , թե հասկացավ), մի շատ կարճատև խուճապ ապրեց, լոկ մի վայրկյանով, բայց նորից հավաքեց իրեն՝ զարմանալի արագությամբ, հազաց։
– Էհե՜, ինչ-որ բան այն չէ, չէ՞: Այստեղ մի տարօրինակ հակասություն կա։
Ասես հայրը առերևույթ հանդիմաներ իր զավակին՝ նրա կողմից անարգված անցորդի ներկայությամբ։ Պրեդոնանցին կորցրեց համբերությունը․
– Հակասությո՞ւն,- գոռաց նա։- Ինձ մեռցրել եք։ Դա հրեշավո՛ր է։
– Այո՛, այո՛,- ասաց տնօրենն անխռով։- Գուցե․․․այսպես ասենք․․․այդ լուրի համատեքստը գերազանցել է եղած մտադրությունները․․․Մյուս կողմից, հուսով եմ, դուք ըստ արժանվույն կգնահատեք այն պատիվը, որ իմ թերթը մատուցում է ձեր արվեստին․․․
– Լա՜՜վ պատիվ եք մատուցում։Ինձ էն աշխարհն եք ուղարկում, տարածում եք մահվանս բոթը․․․։
– Դե, չեմ ժխտում, որ որոշ անճշտություն թույլ տրվել է․․․։
– Գրում եք, թե մարդը մեռել է, մինչդեռ նա ողջ է․․․ու դա անվանում եք անճշտությու՞ն։ Խենթանալ կարելի է։Կտրականապես պահանջում եմ հերքում տալ, հենց նույն տեղում։ Հասկանալի է, ինձ վերապահելով վնասի դիմաց յուրաքանչյուր գործողություն։
– Վնասի դիմա՞ց։- Բայց սիրելի պարոն, «վարպետից» նա ուղղակի անցավ «պարոնի», վատ նշան է,- դուք չեք հասկանում այն անսովոր բախտավորությունը, որ ձեզ բաժին է ընկել։ Ցանկացած մեկ այլ նկարիչ վեր-վեր կցատկեր ուրախությունից։
– Բախտավորությու՞ն։
– Իհարկե։ Երբ որևէ արվեստագետ մահանում է, նրա գործերն անմիջապես սկսում են թանկանալ։ Ակամայից, այո՛, ակամայից, մենք ձեզ մեծ լավություն ենք արել։
– Ու ես․․․ես պիտի մեռա՞ծ ձևանամ․․․հօ՞դս ցնդեմ:
– Անշո՛ւշտ, եթե ուզում եք օգտվել այս հոյակապ առիթից․․․Գրո՛ղը տանի, հո ձեռքից բաց չե՞ք թողնելու․․․ Հապա մտածե՛ք․ մի հիասքանչ հետմահու ցուցահանդես, լավ կազմակերպված աղմուկ․․. մենք ինքներս կանենք հնարավորը այդ աղմուկը կազմակերպելու համար․․․ Միլիոններ կունենաք, սիրելի վարպետ, միլիոննե՜ր։
– Բայց ե՞ս։ Ես պետք է անհետանա՞մ տեսադաշտից։
– Ասացե՛ք․ դուք պատահաբար եղբայր չունե՞ք։
– Ունեմ։Ինչո՞ւ։Նա Հարավային Աֆրիկայում է ապրում։
– Հոյակա՜պ։Նա նմա՞նէ ձեզ։
– Բավականին։Սակայն նա մորուք է պահում։
– Հիասքանչ է։Դուք ևս մորուք պահեք։Ու այնպես արեք, որ բոլորը կարծեն, թե դուք ձեր եղբայրն եք։ Ամեն ինչ հարթ կընթանա․․․Ի՛նձ լսեք․ ավելի լավ է թողնել, որ ամեն ինչ գնա իր հունով․․․Հետո կհասկանաք․․․այդ հերքումը․․․ո՞ւմ է պետք այն ի վերջո ․․․Դուք անձնապես․․․ ներեցեք անկեղծությունս․․․ խղճալի տեսք կունենաք․․․ Անօգուտ է այլևս, հարություն առածներին երբևէ չեն համակրել․․․նաև արվեստագետների շրջանում, գիտեք, թե ինչպես են լինում այդ բաները, ձեր հարությունը, շատ շողոքորթ խոսքերից հետո, ամենավատ տպավորությունն է թողնելու․․․
Չկարողացավ հակառակվել։ Վերադարձավ գյուղի իր տունը։ Թաքնվեց մի սենյակում՝ թողնելով, որ մորուքն աճի։ Կինը սուգ պահեց։ Ընկերները եկան նրան տեսնելու, մասնավորապես Օսկար Պրադելին, որ նույնպես նկարիչ էր և մշտապես Պրեդոնանցիի ստվերն էր եղել։ Հետո սկսեցին գալ գնորդները, առևտրականներ, կոլեկցիոներներ, մարդիկ, որոնք փողի հոտ էին առել։ Կտավներ, որոնց գները նախկինում հազիվ էին հասնում քառասուն, հիսուն հազարի, հիմա երկուհարյուր հազարով վաճառելը խաղ ու պար էր ուղղակի։Ու իր թաքստոցում Պրեդոնանցին արարում էր կտավ-կտավի ետևից՝ տարեթվերը ետադարձելով, բնականաբար։ Մեկ ամիս հետո մորուքը ահագին աճեց։ Պրեդոնանցին խիզախեց դուրս ելնել՝ ներկայանալով որպես իր եղբայրը, որը վերադարձել էր Հարավային Աֆրիկայից։
Սկսեց ակնոց դնել, խոսել տարաշխարհիկ առոգանությամբ։Սակայն, որքա՜ն նման էր նրան, ասում էին մարդիկ։ Հետաքրքիր էր, փակվածությունից հետո առաջին զբոսանքներից մեկի ընթացքում ինքնաբերաբար գնաց մինչև գերեզմանոց։ Ընտանեկան մատուռի մարմարե տապանաքարի վրա մի քանդակագործ իր անունն էր փորագրում՝ ծննդյան ու մահվան տարեթվերով։
Ասաց, որ նրա եղբայրն է։Բանալիով բացեց բրոնզե դռնակը։Իջավ դամբարանի մեջ, ուր իր հարազատների դագաղները դրված էին մեկը մյուսի վրա։ Այս ինչքա՜ն են։Կար մի նոր դագաղ, շատ գեղեցիկ։ «Լուչո Պրեդոնանցի» գրված էր արույրե վահանակի վրա։ Կափարիչը ամրացված էր պարույրավոր մեխերով։ Մի անորոշ երկյուղով նա իր մատնոսկրերով տկտկացրեց դագաղի վրա։ Վերջինս դատարկության ձայն հանեց։ Վատ չէ։ Հետաքրքիր է։
Մինչ այդ Օսկար Պրադելիի այցելությունները դառնում էին ավելի ու ավելի հաճախակի։Մաթիլդեն ասես մի նոր ծաղկունք էր ապրում։ Բացի այդ, նրան սազում էր նաև սուգ պահելը:
Պրեդոնանցին հետևում էր այդ վերափոխությանը՝ բավարարվածության ու երկյուղի խառն զգացումով։ Մի երեկո, զգաց, որ ցանկանում էր նրան, մի բան որ արդեն տարիներով չէր լինում։ Նա ցանկանում էր իր այրուն։ Ինչ վերաբերում է Պրադելիին, մի՞թե նրա հաճախակի այցելություններն անհարկի չէին։ Բայց երբ Պրեդոնանցին այդ մասին մի փոքրիկ ակնարկ արեց Մաթիլդեին, վերջինս հակադարձեց գրեթե չարությամբ։ «Էդ ի՞նչ ես դուրս տալիս։ Խե՛ղճ Օսկար։ Քո միակ իսկական ընկերը։ Միակը, ով իսկապես կարեկցում է քեզ։ Ով ջանում է սիրտ տալ ինձ իմ միայնության մեջ, իսկ դու կասկածու՞մ ես նրան։ Պիտի ամաչես ասածներիցդ»։
Մինչ այդ քաղաքում կազմակերպեցին նրա հետմահու ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն ունեցավ։ Հինգ միլիոն ու կես շահույթ բերեց՝ հանած ծախսերը։Որից հետո անսպասելի արագությամբ Պրեդոնանցի նկարիչն ու իր գործը մատնվեցին մոռացության։ Ավելի ու ավելի հազվադեպ էր նրա անունը հիշատակվում խորագրերի մեջ և արվեստի ամսագրերում։ Մի օր էլ ընդհանրապես դադարեց։
Վշտալի ընդարմացության մեջ՝ նա համոզվում էր, որ առանց Լուչո Պրեդոնանցիի էլ աշխարհը շատ լավ յոլա էր գնում․ արևը ծագում էր ու մայր մտնում առաջվա պես, առաջվա պես աղախինները գորգերն էին թափ տալիս առավոտյան, տրամվայները սլանում էին, մարդիկ ուտում էին ու զվարճանում, իսկ գիշերները ջահել աղջիկներն ու տղաները համբուրվում էին՝ շարված զբոսայգու սև ցանկապատի երկայնքով։ Ու մի օր էլ, վերադառնալով գյուղից, ուր գնացել էր զբոսնելու, տեսավ, որ իրենց տան նախասրահում կախված էր իր թանկագին ընկերոջ՝ Օսկար Պրադելիի անձրևային վերարկուն։ Տունը լուռ էր, անսովոր կերպով մտերմիկ ու հյուրընկալ։Ու այնտեղից հազիվ լսելի ձայներ ու փսփսոցներ, քնքշագին հառաչանքներ։ Ոտքերի ծայրերի վրա նա ետ-ետ գնաց մինչև շեմը։ Դուրս ելավ ծանրաքայլ՝ ուղղվելով գերեզմանոց։ Անձրևային մի աննման իրիկուն էր։ Հասնելով ընտանեկան մատուռի մոտ՝ նայեց չորս բոլորը։ Ոչ ոք չկար։ Այդժամ բացեց բրոնզե դռնակի փեղկը։
Առանց շտապելու, մինչ հետզհետե մութն ընկնում էր, նա ծալովի դանակով թուլացրեց պտուտակները, որոնցով փակել էին նոփ-նոր դագաղը՝ «իր» դագաղը: Բացեց այն, շատ հանգիստ պառկեց դրա մեջ մեջքի վրա՝ ընդունելով այն դիրքը, որ իր կարծիքով համապատասխանում էր ննջեցյալներին,երբ նրանք հավիտենական քուն են մտնում։ Գտավ, որ դա ավելի հարմարավետ է, քան ինքն էր ենթադրում։ Առանց խռովքի, կամացուկ, իր վրա քաշեց կափարիչը։ Երբ մնաց մի վերջին բարակ լուսաճեղք, մի քանի վայրկյան ականջ դրեց․ որևէ մեկը չէ՞ր կանչում իրեն։ Ոչ ոք չէր կանչում։ Այդժամ թողեց, որ կափարիչն ընկնի ու ծածկի իրեն ամբողջությամբ։

Թարգմանությունը իտալերենից՝ Գառնիկ Մելքոնյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *