Ջեկոն անբախտ շուն էր։ Լինելով ազնվացեղ շուն` հայտնի չէ, թե ինչու և ինչպես, նա թափառական կյանք էր վարում Երևանի փողոցներում։ Նրա պատկանելիությունը ազնիվ ցեղատեսակի հայտնի դարձավ շատ ավելի ուշ, Երևանից շատ հեռու։ Իսկ նախորդ դարի ութսունականների երկրորդ կեսին նա անտեր, անտիրական մի շուն էր, որն անդամակցել էր իր նման թափառականներից կազմված մի ոհմակի և ապավինել մարդ արարածի գթասրտությանը կամ աղբատար մեքենաների հետևից մնացած մարդկային սննդի մնացորդներին։
Ջեկոն իր բոլոր բնազդներով զգում էր, որ իր տեղը ոհմակում չէ։ Ոհմակի առաջնորդը մի բռի, կեղտոտ շուն էր։ Նա հաճախ հաչում էր Ջեկոյի վրա, խլում նրա դժվարությամբ ձեռք բերած կերը և դեռ այդքանից հետո սեռական ոտնձգություններ կատարում Ջեկոյի հանդեպ։ Գուցե այլևս պարզաբանման կարիք չկա, բայց և այլասերված մեկնաբանություններից խուսափելու համար հարկ է նշել, որ Ջեկոն էգ էր։
Լինելով բնությունից խելքով օժտված` Ջեկոն շատ շուտ հասկացավ, որ շան կյանքը լի է վայրիվերումներով։ Եթե այսօր շատ վատ է, ապա վաղը գուցե հաջողությունը ժպտա։ Նա հասկացել էր նաև ամենակարևորը։ Լավ օրերը հենց այնպես չեն գալիս։ Ինքն է իր կյանքի պատասխանատուն և իրավիճակը փոխելու համար պարտավոր է ինչ-որ բան ձեռնարկել։ Եվ երբ մոտակա այգով տունը վերանորոգող վարպետներից մեկը վաղ առավոտյան գործին գնալիս նրան իր չամիչով բուլկու մնացորդը նետեց և ասեց «քոթո, քոթո», Ջեկոն ոհմակի առաջնորդի ոխերիմ հայացքի ներքո արագ կուլ տվեց բուլկին, առանձնացավ ոհմակից և քայլեց վարպետների հետևից։ Առաջնորդը հաչաց ամենավերջին հայհոյանքը։ Ջեկոն հասկացավ, որ ընտրությունը կատարված է։ Կամուրջներն այրված են, վերադարձի ճանապարհ չկա։ Ջեկոյի բնազդը չդավաճանեց նրան։ Երբ վարպետները նկատեցին մասնավոր տան այգին ներխուժած շանը և փորձեցին դուրս վռնդել նրան, Ջեկոյի կյանքում հայտնվեց այն մարդը, որը կտուր և հաց էր տալու նրան։ Կարենն էր, վերանորոգվող տան տերը։ Վաղ մանկությունից այս կողմ Ջեկոն չէր զգացել կաթի համը, ինչը նա խմեց ագահությամբ։ Իսկ երեկոյան նրան տաք խորոված բաժին հասավ և երկար տարիներ ի վեր նա գիշերը քնեց իր համար արագ կառուցված հարմարավետ բնում։ Ջեկոն երախտապարտ շուն էր և ինքն իր համար սահմանեց իր պարտականությունները իրեն հյուրընկալած օջախում։ Նա, իհարկե, հսկում էր տարածքը՝ օրը մի քանի անգամ շրջայցեր կատարելով այգում և տան հետնամասում։ Շատ բան տեսած լինելով իր նախորդ՝ թափառական կյանքում՝ նա որոշեց ամեն առավոտ ուղեկցել Կարենի գեղեցկուհի կնոջը՝ Մերիին մինչև ավտոբուսի կանգառ։ Ուղեկցման ընթացքում նա տեսնում էր նախկին ոհմակակիցներին, որոնցից ոմանք Ջեկոյի հանդեպ հարգանքից, ոմանք վախից, ոչ միայն չէին մոտենում Մերիին, այլև չէին համարձակվում նույնիսկ հաչել։ Իսկ չհասկացողներին նա իր ժանիքներն էր ցուցադրում ու սպառնալից գռմռում։ Նույնը վերաբերում էր մարդկանց՝ փողոցայիններին, հարբեցողներին և թմրամոլներին։ Տիրուհուն ճանապարհելուց հետո տուն վերադարձի ճանապարհին Ջեկոն զրույցի էր բռնվում նախկին ընկերների հետ, տեղեկանում քաղաքի անցուդարձից, պատմում իր նոր կյանքի մասին։ Ընկերներից նա տեղեկացավ, որ քաղաքն ալեկոծված է։ Օպերայի մոտ մարդիկ ցույցեր են անում հանուն Արցախի։ Ջեկոն ոչինչ չգիտեր Արցախի մասին։ Տեսնես որտեղ է, ինչ է պատահել։ Նրա ներքին կուլտուրան թույլ չէր տալիս տիրոջ տուն մտնել, երբ տերերը հեռուստացույց էին դիտում, թեև նրա չէին արգելել։ Բայց հետո իմացավ, որ Արցախից մի փախստական շանն էլ է հետը բերել։ Վերջինս պատմել է սարերի, պայքարի և թթի օղու մասին։ Բայց տեղի շները շատ բաներ չեն հասկացել, որովհետև տարօրինակ, անհասկանալի դիալեկտով է արտահայտվել։ Մեկ ուրիշ անգամ նա իմացավ, որ քաղաքում տանկեր են հայտնվել։ Մարդկանց արգելված էր փողոցներում հավաքվել։ Մարդկանց լեզվով ասած «Արտակարգ դրություն» էր, «պարետային ժամ»։ Նա հուզիչ պատմություն լսեց նաև իր նախկին ոհմակի առաջնորդի՝ այդ կողտոտ և այլանդակ շան մասին։ Հայրենասիրական պոռթկման պահին առաջնորդը փակել էր սովետական տանկի ճանապարհն ու ամենավերջին հայհոյանքերը հաչացել։ Տանկն էլ քշել էր նրա վրա և ճզմել շանը։ Ջեկոն տխրեց։ Ինչ իմանար, որ այդ բռի և այլանդակ մարմնում ազատատենչ հայրենասերի սիրտ է բաբախում։ Այլևս չի բաբախում։ Ձմեռն իր հետ վատ կանխազգացում բերեց։ Երկրաշարժը զգաց բնազդով։ Հետո ծանոթացավ Գյումրիից եկած մի շան հետ։ Շունը պատմում էր ու վնգստում։ Ջեկոն հուզվում էր ու հաչում։ Այդ օրվանից նա իր կերակուրը լրիվ չէր ուտում։ Մի մասը պահում էր այգում, իսկ գիշերը դուրս գալիս այգու ցանկապատի սողանցքով և կերը տանում Գյումրիից եկած ընկերոջը։ Ընկերությունն ամրապնդվեց, վերածվեց սիրո և Ջեկոն բեղմնավորվեց։
Հարևանները, որոնք գիտեին և գնահատել էին Ջեկոյի խելքն ու վարքը, եկան, տանտերերից խնդրեցին ու տարան Ջեկոյի քոթոթներին։ Սակայն ավագը՝ Ջեկո կրտսերը, մնաց նրանց հետ։
Մարդիկ կարծում են, թե միայն իրենք են զրկանքներ, տառապանքներ կրել պատերազմի դաժան տարիներին։ Դե իսկ շները թափառում էին ոհմակներով, հաչում, խանգարում մարդկանց անդորրը, եղել էին նաև մարդկանց կծելու դեպքեր։ Իսկ դուք նրանց երբևէ հարցրել եք, թե ինչպիսին էին պատերազմի տարիները նրանց համար․․․
Պատերազմի բոթը բերեց Ջեկոյի սիրեցյալը, Ջեկո կրտսերի հայրը, որը ոհմակի առաջնորդի հերոսաբար սատկելուց հետո միաձայն ընտրվել էր առաջնորդ։ Լինելով գերմանական հովվաշան և փողոցային անցեղ մի շան արտաամուսնական զավակ՝ նա հորից ազնվական դիմագծեր և վարք էր ժառանգել, պատկառելի տեսք ուներ, խրոխտ հայացք և արդար առաջնորդ դարձավ թաղի շների համար։ Երբեմն նա այցելում էր Ջեկոյին և քոթոթին, ասում խոսում, ոհմակային նորություններ պատմում, լսում հարազատների տնական երջանիկ կյանքի մասին։ Սակայն այդ առավոտ նա եկավ սովորականից շուտ, հուզված էր ու անհանգիստ։ Ջեկո կրտսերին հոտոտելով՝ նա հպարտությամբ պատմեց, որ իր հայրը՝ Ջեկո կրտսերի պապիկը, մի իսկական գերմանական ցեղական հովվաշուն, տիրոջ հետ գնացել է պատերազմ՝ հայրենիքը պաշտպանելու։ Հետո հրաժեշտ տվեց ու գնաց իր գործերով։
Պատերազմը մթություն և ցուրտ բերեց։ Մարդիկ այլևս չէին կարողանում կերակրել իրենց շներին։ Իսկ փողոցային շների կյանքն ավելի քան անտանելի էր։ Ոմանք սովից գալարվում էին, ոմանք վնգստում։ Հոգով և կամքով ավելի թույլերը խելագարվում էին ու կատաղում։ Դե իսկ երախտամոռ մարդիկ սկսեցին պայքարել թափառական շների դեմ․․․
Առաջին կրակոցների ձայնը Կարենը լսեց երազում։ Բացեց աչքերը, նայեց շուրջը։ Մերին նույնպես վեր թռավ քնից։ «Ջեկոները», անհանգիստ բացականչեց նա։ Հնչեցին նոր կրակոցնել։ «Վայ, ես ձեր տիրոջ մերը»,- բղավեց Կարենը՝ ցատկելով անկողնուց վազեց դեպի դուռը, դռան այն կողմից լսեց Ջեկոյի վնգստոցը։ Բացեց դուռն ու տեսնելով Ջեկոյին՝ մի պահ հանգստացավ։ Բայց միայն մի պահ։ Ջեկոն անհանգիստ կաղկանձում էր, վազում դեպի այգու դարպասը, հետ վազում։ Դեպի դարպասն ու հետ վազքը նա կրկնում էր նորից ու նորից։ Կարենն արագ հագնվեց ու վազեց դեպի դուռը։ Մինչ նա կբացեր դուռը Ջեկոն դուրս սողաց պատի սողանցքից։ Փողոցում շների անկենդան մարմիններն էին։ Երկու հրացանավոր հավաքում և բեռնատար մեքենայի մեջ էին նետում շների մարմինները։ Ջեկոն վազեց դեպի իր զավակի մարմինը։ Կարենը հետևեց նրան։ Ջեկո կրտսերը վիրավոր գալարվում էր։ «Ի՞նչ եք անում, արա՛, դուք մարդ եք, թե՞»։ Հրացանավորները տխուր շարժեցին ուսերը։ «Հրաման ա»,- ասաց մեկն ու ձայնը դողդողաց կոկորդում։ Նա նստեց գետնին ու բռնեց գլուխը։ Մյուսը Ջեկոյի հոր՝ գյումրեցի առաջնորդի մարմինը նետեց բեռնատարի թափքը։ Մերին դարպասի մոտ արտասվում էր։ «Մերի, էն անասնաբույժի հասցեն ո՞ւր ա»։ Մերին վազեց տուն ու մինչ Կարենը գրկեց վիրավոր Ջեկո կրտսերին ու տեղավորեց իր մեքենայի հետևի նստատեղին, վերադարձավ թղթի կտորով։ Ջեկոն ցատկեց մեքենան։ Մեքենան սլացավ Երևանյան լուսաբացի դատարկ փողոցներով։
Կարենը սեղմեց անասնաբույժի բնակարանի դռան զանգի կոճակը։ Զանգը չհնչեց։ Դե իհարկե, լույս չկար։ Նա թակեց դուռը։ Ջեկոն անհանգիստ հաչաց։ Նա նորից թակեց դուռը։ Նորից ու նորից։ Վերջապես ոտնաձայներ լսվեցին, և դռան այն կողմում հայտնվեց քնաթաթախ մի մարդ։ «Գիտե՞ք ժամը քանիսն է»,- փնթփնթաց նա։ Ջեկոն անհանգիստ հաչաց։ Անասնաբույժը հայացքը սևեռեց վիրավոր Ջեկո կրտսերին և ձեռքով ներս հրավիրեց։
Վիրահատությունը տևեց մեկ ժամ։ Կարենը տուն վերադարձավ վիրակապերով Ջեկոյին գրկած։ Մայր Ջեկոն ուրախ ցատկոտում էր, լիզում Կարենի ձեռքը, բայց հետո հիշում յուրայինների կողմից գնդակահարված սիրեցյալին ու կաղկանձում։ Անարդար է շների կյանքը։ Անարդար է և դաժան։ Հայրը գնաց պատերազմ հայրենիքը պաշտպանելու, իսկ որդուն գնդակահարեցին հայրենիքում, չգիտես ինչու, ում հրամանով, որ մեղքի համար։
Տարիներ անց, մի արևային շոգ օր Կարենը ննջում էր բազմոցին։ Հեռուստացույցը անգլերեն էր խոսում, պատմում Լոս Անջելեսի եղանակից։ Հետո սկսվեցին գովազդները իսկ դրանից հետո շների ինչ-որ շոու մրցույթ։ Կարենը բացեց աչքերը, հայացքը հառեց էկրանին։ Հաղորդավարը պատմում էր մի շատ յուրահատուկ շնային ազնիվ ցեղատեսակի մասին և վերջապես ներկայացրեց մրցույթը հաղթած ազնվացեղ շանը։ «Ջեկոն, Մերի Ջեկոն ա»,- բացականչեց Կարենը։ «Վայ, ի՜նչ նման ա»,- ասեց Կարենի կանչին արձագանքած Մերին։ «Տեսնես ո՞նց են»,- ասաց Կարենը,-եթե դեռ կան, կբերեմ»։ «Հարևանին այդքան գումար տվեցիր, պետք է որ լավ պահած լինի»։ «Հլը տես է, պարզվում ա ցեղական շուն ա մեր Ջեկոն»։ «Վայ աստված, ինչքան նման ա։ Հետքրքիր ա, ոնց էր փողոց ընկել, հիշո՞մ ես ոնց եկավ մեզ մոտ»։
Սակայն Կարենը Երևանում Ջեկոներին չգտավ։ Հարևանները վաճառել էին տունն ու գնացել։ Նոր հարևանները ոչնչից տեղյակ չէին։ Մի ծանոթ ասաց, որ Ջեկո կրտսերին վերջին անգամ տեսել են մի քանի ամիս առաջ Կոմիտասի փողոցում։ Ըստ ծանոթի տպավորության Ջեկո կրտսերը թափառական շների ոհմակ էր առաջնորդում։ Կարենն ամեն օր ժամերով շրջում էր Կոմիտասում, բայց նրանց հանդիպումը չկայացավ․․․