Անասելի սիրով եմ լցված գյուղացիների և զինվորականների հանդեպ, և այդ զգացումը նկատելի է իմ բոլոր ստեղծագործություններում։ Ես այն երբեք չեմ թաքցրել: Ինքս էլ ծնվել և մեծացել եմ նմանատիպ գյուղաքաղաքում, որը նկարագրել եմ իմ ստեղծագործություններում․ պապս, հայրս, եղբայրներս՝ բոլորը զինվորականներ են եղել. նրանք կամ զոհվել են` իրենց զինվորական պարտքը կատարելիս, կամ ծառայել են մինչև կյանքի վերջ։ Ես նկարագրել եմ նրանց աշխարհը, նրանց սերն ու ատելությունը, ուրախությունն ու տխրությունը այն դիտանկյունից, որի հետ շփման հնարավորություն եմ ունեցել։ Եվ որքան էլ ապաշնորհ լինի գրիչս, կարծում եմ՝ շատ չեմ հեռացել այդ թեմաներից։ Նրանք ազնիվ ու անկեղծ մարդիկ են․ նրանց կյանքի որոշ դրվագներ չափազանց տպավորիչ են, իսկ որոշները՝ չափազանց սովորական, խառնվածքի ինչ-որ կողմեր չափազանց գեղեցիկ են, ինչ-որ կողմեր էլ` չնչին ու անէական։ Երբ սկսում եմ գրել նրանց մասին, ուզում եմ նրանց ավելի մարդկային դարձնել և ինքնաբերաբար գրում եմ ամենայն անկեղծությամբ։ Եվ հավանաբար հենց այդ պատճառով է, որ իմ աշխատանքը դառնում է անհետաքրքիր քաղաքում մեծացած և կրթություն ստացած ուսյալներին․ նրանք բոլորովին այլ ստեղծագործությունների կարիք ունեն։
Ժամանակակից բարքերն այնպիսին են, որ իմ այս պատմությունից դժգոհ կմնան և՛ գրականության տեսաբաններն ու քննադատները, և՛ ընթերցողների մեծ մասը։
Առաջինները կասեն, որ այն «դեռ բավարար հին չէ», և որ Չինաստանը նման գրականության կարիք չունի, իսկ վերջինները կմտահոգվեն, որ այն «չափազանց հնացած է», իսկ իրենք այժմ նման գործեր կարդալու ցանկություն չունեն։ Այս ամենը, իհարկե, ճիշտ է։ Բայց ի՞նչ է նշանակում «հնացած»: Անշուշտ այս ամենը դուրս է բանական մարդու ընկալումից, սակայն մարդկանց մեծամասնությունն կարող է վախենալ «հետամնաց կոչվելուց»: Իսկ ես ձեզ ահա թե ինչ կասեմ․ ես այս պատմությունը չեմ գրել մեծամասնության համար։ Նրանք կարդացել են գրականության տեսության և քննադատության վերաբերյալ արևմտյան ոճով գրված մի քանի գիրք, էլ ավելի շատ՝ դասական և ժամանակակից գրականություն, բայց նրանց կյանքի փորձը հաճախ թույլ չի տալիս դուրս գալ «խորամտության» իրենց սահմաններից և տեսնել, որ Չինաստանում կան այլ վայրեր և իրականություններ։ Ուստի, եթե անգամ այս գործը համապատասխանի գրական ինչ-որ տեսությանը և արժանանա քննադատների հավանությանը, նման գնահատականը, միանշանակ, վիրավորական կլինի հեղինակի համար։ Ի վերջո, եթե նրանք չեն ցանկանում հասկանալ այս ժողովրդի պարզ զգացմունքները, ուրախությունն ու դժվարությունները, ապա անկարող են նաև հասկանալ այս շարադրանքի դրական ու բացասական հատկանիշները և հետրաբարար այս ստեղծագործությունը նրանց համար չէ: Ինչ վերաբերում է արվեստի և գրականության սիրահարներին, ապա նրանք բոլորն էլ խիտ բնակեցված քաղաքների ուսանողներ կամ դպրոցականներ են, որոնք ազնվորեն ու միամտորեն ծախսում են իրենց թանկարժեք ժամանակի մի մասը՝ կարդալով նոր հրատարակված գեղարվեստական գրքեր։ Նրանք ազնվորեն ու միամտորեն ծախսում են իրենց թանկարժեք ժամանակի մի մասը՝ կարդալով նոր հրատարակված գեղարվեստական գրքեր, որոնք վերահսկվում են տեսաբանների, քննադատների, հրատարակիչների և ասեկոսեներ տարածող գրական լրագրողների կողմից։ Նրանց կյանքն իրականում շատ հեռու է այն աշխարհից, որ ես եմ նկարագրում իմ այս ստեղծագործության մեջ, և հենց գուցե այդ պատճառով էլ նրանք այս գրքի կարիքը չունեն, այն նրանց բոլորվին չի հուզում:
Տեսաբանները կարող են հղվել տարբեր երկրների գրական պարբերականներում տեղ գտած գրական տեսություններին և առանձնապես չմտահոգվել ներկա գրականության մասին կարծիք չունենալու համար։ Քննադատներն ունեն իրենց հանդեպ մի քիչ երախտագիտությամբ, մի քիչ զայրույթով լցված գրողների ու ստեղծագործությունների մի որոշակի շրջանակ, և հետագա ամբողջ կյանքի զբաղմունք՝ քննադատությամբ կամ գովաբանությամբ զբաղվելու։ Ընթերցողների մեծամասնություն էլ՝ անկախ նրանց ճաշակից և հետաքրքրություններից, ինչ-որ բան կգտնեն կարդալու։ Եվ հենց ընթերցողների մեծամասնության մասին մտածելու պատճառով չէ՞, որ շատերն անվերջ հոլի պես պտտվում են այդ մեծամասնության շուրջ։ Եվ եթե նույնիսկ տեսաբանների ու քննադատների և նրանց ազդեցության դաշտում գտնվող ընթերցողների մեծամասնությունը չմերժի այս գրքից և որոշի ընթերցել այն, գրքի հեղինակն արդեն իսկ «հրաժարվել է» այդ մեծասանությունից։
Իմ գիրքը նախատեսված է միայն նրանց համար, ովքեր թողել են դպրոցը կամ երբեք չեն էլ մոտեցել նրան, բայց մի քիչ կարդալ գիտեն և հասարակության այն խավին են պատկանում, որտեղ չեն հասնում տեսաբանների ու քննադատների սուտն ու կեղծիքը, սակայն տեսանելի են ժողովրդի բոլոր առավելություններն ու թերությունները՝ անկախ տեղից ու ժամանակից։ Նրանք իսկապես գիտեն, թե ինչպիսին է ներկա գյուղը և թե ինչպիսին է եղել այն անցյալում, և նաև այս գրքի միջոցով կցանկանան ծանոթանալ աշխարհի մի փոքր անկյունում ապրող գյուղացիների ու զինվորականների հետ։
Աշխարհը, որ ես նկարագրել եմ, գուցե անծանոթ է նրանց, բայց գրքից մխիթարություն և գիտելիք ստանալու նրանց եռանդն ու ինքնագոհություն կօգնեն մինչև վերջ ընթերցել այն։ Իմ նպատակն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում։ Ես մտադիր եմ նրանց համեմատելու հնարավորություն ընձեռնել և մեկ այլ ստեղծագործության մեջ պատմել, թե ինչպես քսանամյա քաղաքացիական պատերազմը, որի հարվածներն առաջինը իրենց վրա զգացին գյուղացիները, աննախադեպ ճնշման տակ կորցրեցին իրենց նախնական պարզությունը, աշխատասիրությունը, խաղաղասիրությունն ու անմիջականությունը՝ բոլորովին այլ մարդ դառնալով։ Որքա՜ն թշվառ ու ծույլ դարձան նրանք՝ ափիոնի ծխի մեջ խեղդվելով և հարկային բեռի տակ տանջվելով։ Ուզում եմ պարզ ու առանց ավելորդությունների նկարագրել պատմական անորոշ ժամանակներում ապրող փոքր մարդկանց տառապանքների մասին, նրանց ձգտումների, «գոյատևման» ու «ինչպես գոյատևելու» կարիքի մասին։
Իմ ընթերցողները, անշուշտ, տրամաբանող են և այդ տրամաբանվածությունը հիմնված է ներկայիս չինական հասարակության փոփոխությունները հասկանալու վրա։ Նրանք գիտեն այս ժողովրդի փառահեղ անցյալն ու հետամնաց ներկան, և նրանից յուրաքանչյուրը մեծ ջանք է գործադրում ազգային մեծ վերածննդի համար։ Այս պատմությունը գուցե նրանց մեջ միայն անցյալի հիշողություններ արթնացնի, բայց հնարավոր է նաև, որ վստահություն ու քաջություն հաղորդի նրանց։
Թարգմանությունը չինարենից՝ Մերի Կնյազյանի
24.04.1923 թ. օրագրից
Հոդվածը տպագրվել է 1934 թ. ապրիլի 25-ին Թիենծինում՝ «Տակոնպաո գրական հավելված»-ի 61-րդ համարում։