ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ | Նավը լեռան վրա

Կոստան Զարյան

Խորհրդային իրականության մեջ որեւէ գրքի տպագրության հարցը որոշվում էր մեկ կամ մի քանի “վստահելի անձանց հատուկ կարծիքով”, որ ընդունված էր կոչել ներքին գրախոսություն: Ձեզ ենք ներկայացնում  Կոստան Զարյանի «Նավը լերան վրայ» վեպի՝ Էդվարդ Թոփչյանի գրած ներքին գրախոսությունը: «Նավը լերան վրայ» վեպը Երեւանում լույս տեսավ 1963 թվականին՝ հեղինակին պարտադրված փոփոխություններով եւ աղճատումներով: Այս գրությունը վեպի երեւանյան հրատարակության հետ կապված շատ բան է պարզում: Կարծում եմ, որ առանց բանասիրական ու գրականագիտական մեկնությունների էլ հոդվածը շատ խոսուն է:
Հոդվածը տպագրվում է առանց գրական միջամտությունների եւ լեզվական շտկումների:

«Նավը լեռան վրա». այսպես է վերնագրված Ամերիկայում ապրող նշանավոր հայ գրող Կոստան Զարյանի վեպը, որը լույս է տեսել 1943 թվականին: «Այս վեպը բուն իմաստով պատմական վեպ չէ,- գրում է հեղինակը,- այլ պատմությունը մի քանի հայ հոգիների, որոնց վիճակված էր ապրել մեր ազգային կյանքի ամենաբախտորոշ շրջաններից մեկում»: Վեպում նկարագրվող ժամանակաշրջանը՝ 1918-1920 թվականները, իսկապես բախտորոշ ժամանակաշրջան էր մեր պատմության մեջ, երբ դաշնակ արկածախնդիրների կործանարար քաղաքականության հետեւանքով հայ ժողովուրդը ենթարկված էր քաղցի, սովամահության ու ֆիզիկական բնաջնջման, երբ որոշվում էր հայ ժողովրդի գոյության հարցը, նրա ապրելու եւ հարատեւելու պատմական հեռանկարի հարցը: Ճիշտ է հեղինակի այս հավաստումը, որ վեպը պատմական վեպ չէ. ավելին, մեր կարծիքով այն նույնիսկ վեպ չէ սովորական առումով, այլ յուրատեսակ փիլիսոփայություն ժողովրդի ճակատագրի վերաբերյալ՝ հենված բախտորոշ մի ժամանակաշրջանի իրադարձությունների վրա:
Մինչեւ վեպի քննությանն անցնելը, անհրաժեշտ է նշել, որ մենք հաճախ քննադատել ենք Կ. Զարյանին՝ դաշնակցության հետ ունեցած գաղափարական կապերի համար, նացիոնալիստական գաղափարախոսության համար, որն արտահայտվել է նաեւ այս վեպում՝ հայ ցեղի, հայ ազգի բացառիկության քարոզով: Հետեւաբար վեպի վերահրատարակության հարցը մեզ մոտ կարող է դրվել միայն այն դեպքում, երբ հեղինակը վերամշակելով վեպը, կմաքրի մեզ համար անընդունելի այդ կոնցեպցիայից:

Ո՞րն է վեպի արժանիքը:

Կ. Զարյանը ճշմարտացի եւ ցայտուն գույներով պատկերել է ժողովրդի սոսկալի վիճակը. քաղցը, սովամահությունը, կամայականությունը դաշնակցության տխրահռչակ տիրապետության շրջանում: Անընդհատ պատերազմները եւ ազգամիջյան կռիվները հյուծել, քայքայել էին ժողովրդին եւ տնտեսապես, եւ բարոյապես: Եվրոպական եւ ամերիկյան խոստումներով կործանման գնացող երկրի մի շարք բնորոշ գծերը հանդես են եկել Կ. Զարյանի վեպում: Բայց գրողի խոսքը մնում է կիսատ: Այն հարցին, թե ովքեր էին պատասխանատու ոճրագործության համար, Կ. Զարյանը ուղղակի պատասխան չի տալիս:
Ստացվում է այն տպավորությունը, որ երկիրն այդ ողբերգական վիճակին էր հասել ոչ թե դաշնակցականների աղետաբեր քաղաքականության հետեւանքով, այլ այն պատճառով, որ ռուսական զորքերը նահանջեցին արեւմտյան Հայաստանից, որ եվրոպական տերությունները չկատարեցին իրենց խոստումները կամ որ դաշնակցականները չունեին հեռատես քաղաքագետներ:
Այս եւ նման միամիտ պատճառաբանությունները փաստորեն դաշնակներին ազատում են հայ ժողովրդի նկատմամբ գործած ոճրագործության պատասխանատվությունից: Գրողի այս դիրքավորումը մեզ համար, մեր ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել: Հայ ժողովուրդը չի մոռացել դաշնակցականների ոճրագործությունը, իսկ մեզ մոտ հրատարակվող գրքի մեջ չի կարող չարտահայտվել ժողովրդի հայացքը պատմական այդ ժամանակաշրջանի եւ դաշնակների կործանարար քաղաքականության վերաբերյալ: Ձեռնարկելով վեպի վերամշակմանը՝ Կ. Զարյանը առաջին հերթին պետք է վերականգնի պատմական այդ ճշմարտությունը:
Վեպի հիմնական սյուժետային գիծը Սեւ ծովից մինչեւ Քանաքեռի բարձունքը նավը մեծ դժվարություններով փոխադրելու պատմությունը, սիմվոլիկ նշանակություն ունի: Այդ փոխհարաբերական իմաստով արտահայտում է հայ ինքնուրույն պետականություն ստեղծելու դժվարին ուղին: Դաշնակցականները չկարողացան նավը հասցնել Սեւան: Այդ գործը շարունակեցին կոմունիստները: Քաղաքական այս եզրակացությունը կատարված է արտաքին փաստի վրա, իսկ կոմունիստների եւ դաշնակցականների քաղաքականության արմատական տարբերությունը Կ. Զարյանը անտեսում է: Նա չի տեսնում, որ դաշնակցականների քաղաքականությունը հայ ժողովրդին հասցրեց ֆիզիկական բնաջնջման եւ հայ ժողովուրդը կյանքի կոչվեց, կանգնեց ժողովուրդների բարեկամության եւ սոցիալիզմի ուղու վրա սովետական կարգերի շնորհիվ:
Եթե տասնամյակներ առաջ Կ. Զարյանը չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած վիթխարի հեղաշրջումը, ապա այժմ այդ իրողության անտեսումը գրողի համար կարող է աղետաբեր լինել:
«Նավը լեռան վրա» վեպում հանդես են գալիս կոմունիստներ, բայց շատ աղոտ գծերով, հաճախ էլ աղճատված կերպարանքով: Այդ տարիների մի շարք դժվարությունների համար Կ. Զարյանը պատասխանատու է դարձնում կոմունիստներին, ինչպես օրինակ Ղարսի անկման համար, կամ բացասական գույներով է ներկայացնում մայիսյան հերոսական ապստամբությունը եւ այլն: Կ. Զարյանը չի ցանկանում տեսնել Կոմունիստների կատարած հերոսական գործունեությունը հայ ժողովրդի լուսավոր ապագայի համար եւ կրկնում է դաշնակների հորինած զրպարտությունները կոմունիստների հասցեին: Իսկ եթե Կ. Զարյանը ցանկանում է իմանալ, թե ովքե՞ր էին մեղավոր Ղարսի անկման համար, թող դիմի պատմական փաստաթղթերին, թող կարդա թեկուզ նախկին նշանավոր դաշնակցական Շահան Նաթալիի գիրքը Ալեքսանդրապոլի դաշնագրի մասին, որտեղ հեղինակը անհերքելի փաստերով ցույց է տալիս դաշնակների մի շարք դավաճանական արարքները եւ Ղարսի հանձնումը թուրքերին: Կ. Զարյանի վեպում նույնքան անհեթեթ է հնչում նաեւ քեմալականների նույնացումը բոլշեւիկների հետ: Հայտնի է, որ Սովետական Ռուսաստանը օգնում էր քեմալականներին՝ իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, բայց դա ոչ մի հիմք չի տալիս նույնացնելու կոմունիստներին եւ քեմալականներին, ինչպես վարվել է Կ. Զարյանը:
Պատմական վեպ չէ «Նավը լեռան վրա» երկը, սակայն այդ չի նշանակում, որ ոչ պատմական երկի մեջ կարելի է կամայականորեն տեղադրել պատմական դեպքերը: Վեպից այն տպավորությունն է ստացվում, որ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո է տեղի ունեցել Սարդարաբադի նշանավոր ճակատամարտը թուրք բռնակալների դեմ եւ իբր թե այդ ճակատամարտն էլ գլխավորել են դաշնակները: Սարդարաբադի ճակատամարտի ե՛ւ տարին, ե՛ւ ամիսը հայտնի է: Հայտնի է նաեւ այն, որ այն եղել է ճշմարիտ, համաժողովրդական պայքար ընդդեմ բռնակալների, պայքար, որ կազմակերպվել է հակառակ դաշնակցականների կամքի: Այս բանում համոզվելու համար բավական է թերթել այդ օրերի դաշնակցական մամուլը, որը քար լռություն է պահպանել ժողովրդական կռվի նկատմամբ: Իր ընդարձակ վեպում Կ. Զարյանը տարբեր առիթներով անդրադառնում է հայ գյուղացիության նկարագրին, ստեղծում է երբեմն ճշմարիտ պատկերներ՝ ինչպես ամուսինը կորցրած գեղջկուհու զայրույթը դաշնակ կառավարության դեմ եւ այլն: Բայց հեղինակը գյուղացիներին մեծ մասամբ ներկայացնում է որպես կրոնավախ, բթացած ու սարսափահար մի զանգված: Չկա հարգանք դեպի գյուղացիները, դեպի աշխատանքի մարդը: Այդ միտումը Կ. Զարյանը ըստ երեւույթին ժառանգել է Շանթից եւ Ահարոնյանից, իսկ հակառակ այս գրողների, հայ ժողովրդի հետ կապված իսկական արվեստագետները՝ Աբովյանից մինչեւ Թումանյան եւ Իսահակյան, ջերմ հիացմունքով են վերաբերվել շահագործվող եւ խավարի մեջ տառապող աշխատավոր գյուղացուն:
Մեր գաղափարախոսության դիրքերից միանգամայն անընդունելի են վեպում սփռված առանձին վիրավորական գնահատականները մեր եղբայրական ժողովուրդների՝ ռուսների, վրացիների, ադրբեջանցիների հասցեին: Եթե հեղինակը ըմբռնի այդ բարեկամության նշանակությունը եւ այդ տեսակետից վերանայի պատմական իրադարձությունները, անկասկած նա կհասնի ավելի ճիշտ եւ մեզ համար ընդունելի եզրակացությունների:
Այժմ մի քանի խոսք վեպի գեղարվեստական առանձնահատկությունների, կերպարների, կառուցվածքի եւ լեզվի մասին: Մենք նշեցինք, որ վեպի սյուժետային հիմքը Սեւ ծովից դեպի Սեւան տարվող նավի պատմությունն է: Այդ ծանր գործը կատարում է սեւծովյան կապիտան Հերյանը, որը եւ վեպի գլխավոր կերպարն է: Լսելով, որ Հայաստանում ստեղծվել է հայ պետականություն, Հերյանը որոշում է գնալ Հայաստան եւ օգտակար լինել ժողովրդին: Վեպում նկարագրվող հետագա բոլոր դեպքերը վերարտադրվում են Հերյանի առնչությամբ նրա ըմբռնումով: Սակայն մասնակից կամ ականատես լինելով բազմաթիվ կարեւոր իրադարձությունների՝ Հերյանն իր էությամբ չի փոխվում, չի փոխվում նրա հոգեբանությունը, նա մնում է նույն վերացական եւ միամիտ հայրենասերը, որը ճակատագրական դեպքերին վերաբերում է անհասկանալի անտարբերությամբ: Կերպարի նման մեկնությունը ճիշտ չէ ո՛չ գաղափարական, ո՛չ էլ հոգեբանական տեսակետից: Բայց այդ մի ամբողջ կոնցեպցիա է հեղինակի համար՝ կոնկրետացած տարբեր կերպարների մեջ: Նույն կույր հայրենասիրությունը արտահայտվում է ցարական նախկին սպաներ՝ Թումանյանի եւ Բաբկեն Միրանյանի կերպարներում, որոնք նույնպես եկել են Ռուսաստանից հայրենիքին ծառայելու համար, բայց նրանք էլ Հերյանի նման անտարբեր են ողբերգական իրադարձությունների նկատմամբ: Եվ հենց այդ պատճառով նրանց կերպարները չեն զարգանում, նրանց հայրենասիրությունը չի համոզում ընթերցողին: Իսկ եթե այդ մարդիկ իսկական հայրենասերներ էին, ապա նրանք պետք է գնային դեպի ժողովուրդը, պետք է հասկանային ժողովրդին եւ նրա ատելությամբ վարակվեին դաշնակների ոճրագործությունների հանդեպ եւ ոչ թե կործանվեին մենակության մեջ, ինչպես կործանվեցին Թումանյանն ու Միրանյանը: Կապիտան Հերյանը հաճախ խորիմաստ դատողություններ է անում, բայց գործում է որպես տհաս պատանի: Դաշնակների փետրվարյան արկածախնդրության օրերին Հերյանի նման մարդը չէր կարող քաղաքականապես չդիրքավորվել, չլինել կամ կոմունիստների, կամ դաշնակցականների հետ, իսկ եթե նա իսկական հայրենասեր էր, պետք է գնար կոմունիստների հետ,- այդպիսին է նրա կերպարի ներքին տրամաբանությունը: Բայց այդ վճռական օրերին, Հերյանը զբաղվում է ինչ-որ անհեթեթ արկածախնդրությամբ եւ քաղաք է վերադառնում այն ժամանակ, երբ դաշնակները ջախջախված էին:
Հերյանի կերպարի ճիշտ մեկնաբանությունը կամբողջացնի եւ կավարտի վեպը: Իսկ ներկա վիճակում գաղափարական եւ գեղարվեստական տեսակետից վեպը մնում է անավարտ:
Վեպում հանդես են գալիս նաեւ բազմաթիվ այլ կերպարներ, մեծ մասամբ մտավորականներ, որոնք խոսում են, փիլիսոփայում, դատում աշխարհի եւ մարդկանց մասին, երբեմն ինքնատիպ, հաճախ շատ ձգձգված, բայց այդ դատողությունների մեջ բացակայում է ճշմարիտ շահագրգռությունը երկրի նկատմամբ: Սակայն հայտնի է, որ այդպիսին չէր հայ մտավորականությունը, որ նրա լավագույն մասը ապրում եւ կռվում էր ժողովրդի հետ մարդկային կյանքի համար: Այստեղ էլ գաղափարական սխալ դիրքավորումը հեղինակին զրկել է իրական եւ լիարյուն կերպարներ ստեղծելու հնարավորությունից: Իսկ նրա կերպարների երկարաշունչ դատողությունները մեծ չափով ծանրաբեռնել են, ձգձգել վեպը:
Կ. Զարյանը ինքնատիպ արվեստագետ է, գեղարվեստական ցայտուն մտածողությամբ, սակայն երկար ժամանակ կտրված լինելով մայրենի գրականությունից եւ լեզվից, նա մոռացել է խոսակցական լեզուն, կենդանի խոսքը նրա վեպում շատ արհեստական է հնչում, որն անհրաժեշտ է դարձնել ավելի բնական, մանավանդ, որ նրա լեզվական մշակույթը ընդհանուր առմամբ գեղեցիկ է եւ պատկերավոր:
Մեր դիտողությունները հանգում են վեպի գաղափարական եւ գեղարվեստական հիմնական վերամշակմանը, իսկ այդ աշխատանքը անհրաժեշտ է կատարել, անհրաժեշտ է նախկին վեպը օժտել գաղափարական նոր բովանդակությամբ, փաստորեն ստեղծել նոր երկ, եւ այդ դեպքում միայն «Նավը լեռան վրա» վեպը արժանի կլինի հրատարակվելու մեզ մոտ, Սովետական Հայաստանում:
Ցանկալի է նաեւ, որ վեպի վերամշակումը ավարտելուց հետո հեղինակը գրի առաջաբան եւ բացատրի իր կատարած աշխատանքի (վերամշակման) անհրաժեշտությունը:

© Էդուարդ Թոփչյան, 1961
Share Button

1 Կարծիք

  • Նարինե Պետրոսյան says:

    «Վերջերս»-ի մշակութային հավելվածում Գրիգոր Աճեմյանը գրում է, թե Կոստան Զարյանը երկխոսությունների վարպետ չէ, նա հրաշալիորեն տիրապետում է նկարչությանը, բայց ոչ` դիմանկարչությանը: Սա, կարծում եմ, թյուրըմբռնում է: Զարյան ընթերցելը դյուրին բան չէ.Զարյան գրողը պահանջում և նույնիսկ պարտադրում է մտքի ճիգ. նրա գրականությունը հոգեզգացական չէ, այլ բանականության ոլորտներում ճախր, և նա, ով պատրաստվածություն չունի, ի զորու չէ սավառնել զարյանական երկնքում: Այդպես է նաև -ի պարագայում: Իր կառուցվածքով այն դասական վեպի ավանդների շարունակողն է` դրույթ, հակադրույթ, համադրույթ, ինչը խախտվել է 1963թ. հրատարակության մեջ: Այդպես մակերեսային են ընկալված նաև Միրանյանը, Թումանյանը, Պետրոս Մարկը, Հերյանը: Նրանք Զարյանի գաղափարակիրներն են, լրացնում և շարունակում են Հերյան-Զարյանին… Փիլիսոփայական մեկնակետը վեպի բոլորովին այլ է, և կերպարները հրաշալիորեն կարողանում են տանել փիլիսոփայական-մշակութաբանական հղացի ողջ ծանրությունը իբրև ԱՆՀԱՏՆԵՐ, ովքեր պատմության ենթատեքստում վերածվում են ԱՆՁԱՆՑ… Մնացյալը` իմ հոդվածում: Նարինե Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *