Ալիսը թիրախի մեջ էր ծնվել՝ տասը թվանշան-շրջանագծի ճիշտ կենտրոնում: Թիրախ, այսինքն թե՝ հազարի մեջ մեկ ու միակ ընտրյալ, շողշողուն պատկեր, որ հայացքդ որ կողմն էլ շրջես՝ ինքն է աչքիդ առաջ լինելու: Դե որ՝ շողշողուն պատկեր, դե որ՝ թիրախ, ուրեմն անցնող-դարձողն իր աչքի զորության չափով նրան նշան էր բռնելու: Տիրելու հեռահար մղումը եթե չկար էլ, համենայն դեպս, բնազդի խաղը միշտ էր առկա. վավաշոտ աչքի ինքնասիրությունն էր գոնե շոյվում… Մանավանդ որ՝ սիրունության հետ սրա վարքն էլ էր խատուտիկ. գարնան նորելուկ արևածագից մինչև աշնան արևամարք Եվայի զուգսով էր՝ ամոթի թունդ տեղերը փակ, մնացածը՝ ի տես ամենքի բաց… Աչքը շուրջբոլորը, մարտյան կատվի որոնող բնազդով քայլում էր, քայլում էր փափուկ, անկաշկանդ, քայլքի հետ ողնաշարի փոսիկն սկսում էր ճոճվել, ո՜նց էր ճոճվում… Ճոճվում ու խփում էր հետևից քայլող արուների ուղիղ սրտերին: Ու շաղվում էին նրանց աչքերը, արևացոլքի մեջ անապատ էին տեսնում, ու Ալիսի մեջքի փոսիկը նրանց գրգռված երևակայության մեջ ձևափոխվում, դառնում էր ավազի վրայով սողացող օձի գալարուն հետք… Ու բանտվում էր արական շունչը, տարփանքը մի շաբաթ մլմլում-նվում էր գլուխը կորցրածի ոսկրածուծի ընդերքում: Այդպես էր լինելու, նրա հմայքը քանդելու էր առնականության ամեն մի պատնեշ, որովհետև մեր պատկերացրած չափումը նրա համար միշտ էլ նեղ էր գալու: Նա գմբեթավոր առանձնության մեջ պիտի ապրեր, թագուհիներին վայել մահիճներում պիտի քներ, նրա սիրուց խենթացած թագավորները զորագնդեր պիտի հանեին իրար դեմ, այնինչ… Այնինչ Ալիսի բաժինն այս աշխարհում ընդամենը գիտությունների թեկնածու Սուրիկն էր լինելու՝ միտքը սուր, լեզուն ճարտար ու կրծքի տակ` ճագարի սիրտ…
Դե որ ճագարի սիրտ, ճագարի բնի շուրջն, ուրեմն, աղվեսի հարամ շունչ պիտի ծանրանար: Մանավանդ որ՝ հարամ շնչին դիմակայող կորովը անճարության կեղևի տակ էր, մանավանդ որ՝ ժամանակների խորշակը Սուրիկի համար մի գլուխ դեպի արևմուտք էր փչում, և հունից ելած միտքը նրան օր օրի իր ընտանիքից կտրում, դեպի Ամերիկա տանող արահետն էր մղում: Դրախտի բանալիներն իբր թե գրպանած հայրը Ամերիկայից զանգում, սրա հոգին անընդհատ պղտորում էր, և բաժանված հոր բաժանվող զավակ, հոր ճամփորդ արյան հետքը մտովի բռնած գնում էր:
Եվ անընդհատ սևեռումի մեջ մի օր խզումը վրա հասավ վերջնականապես ու տապալող թափով: Սուրիկը երեկոյան եկավ, թե՝ «Տոմսն արդեն առել եմ, հարցերը լուծված են, գնում եմ»: (Գնալու առաջարկը Ալիսը վաղուց էր մերժել): Հարազատ-բարեկամի հորդորը չօգնեց, իր թիթեռնիկ աղջկա արցունքոտ աչքերը՝ նույնպես, սատանայի ձեռքը բռնած գնաց: Ետ էլ չնայեց, իր վճռով հմայված-վերացած գնաց՝ առանց աչք թարթելու: Այնպիսի ինքնամոռաց ոգևորությամբ էր գնում, ասես հեռավոր պանդխտությունից վերադառնում էր: Նրա գնալ-չգնալն, իհարկե, վարքի տարուբեր ընթացքի կարգավորիչ երբեք էլ չէր եղել, բայց արի ու տես, որ ինչ որ եղավ, նրա գնալուց հետո եղավ…
Իսկ եղավ այն, որ Ալիսը իր սլացքի նժույգը սատանայի երամակից ջոկեց: Նախախնամությա՞ն օյինբազությունն էր, թե՞ կնոջ արյունն էր զարթնել բնազդի մահճում. սեղանի շուրջ մի հավաքույթի ժամանակ Ալիսն ընկել էր բազարների ոգի Չաղ Ռուբոյի հյուսած սարդոստայնը: Երկու ոտքով էր ընկել, ընկել ու չէր ուզում դուրս գալ, Ռուբոյի աչքունքի խաղը զարմանալիորեն դուր էր գալիս նրան, թեպետ որ նայեիր, այդ Ռուբո կոչվածը տղամարդկային-առնական մի որևէ առանձնահատուկ հմայք էլ չուներ. գունդուկծիկ, անդուր մի բան էր, եթե ինչ-որ բանով էլ աչքի էր ընկնում, դա, առաջին հերթին, նրա անսովոր չափսերի որովայնն էր ու այդ որովայնը գրկած շքեղ կոստյումը: Բայց թե անքննելի է կնոջ բնույթը, ինչ իմանաս, թե այդ պահին որ զգայարանն է հատկապես գրգռվել… Մանավանդ որ՝ արանքում գայթակղություն էր պտտվում, շշուկներ էին շուլալվում, թե՝ շուկայի տերն ու տնօրենը… շուկայի ամենազորեղ բռունցքը… շուկայի ամբողջ եկամուտը գրպանողը… Մի խոսքով՝ և՛ էս սարն էր Ռուբոյինը, և՛ էն սարը: Ու շշուկների մեջ Ռուբոն գեղեցկանում էր, շշուկները գալիս ծածկում էին Ռուբոյի որովայնի կլորիկ չափսերն, ու Ռուբոն Ալիսի աչքի առաջ թրծվում, դառնում էր Ալեն Դելոն: Ու Ալիսն սկսեց հարկի ու անհարկի ժպտալ այդ Ալեն Դելոնին… Հետո սատանան մտավ արյան մեջ…
Գիտությունների թեկնածու Սուրիկից հետո Ռուբոն Ալիսի կյանքում առաջին տղամարդն էր: Սիրո մահճի ասպետները գրավոր ու բանավոր վկայում են, որ ճակատագրական առաջին արգելքի շրջանցումից հետո կնոջ համար քառասուներորդ տղամարդու թիկունքը առանց հատուկ սևեռումի էլ տեսանելի է… Այդպես էլ եղավ. Ալիսի փեշն ընկավ քամիների բերանը: Ռուբոն Ալիսի արյան թաքուն մոլորությունն էր, նրանից հետո ջուրը քշեց-հարթեցրեց մոլորության բանդը. անսովորը դարձավ սովորական, պարկեշտություն ասածը խփեց-անցավ երևակայության սահմանը, իսկ ամոթը ամոթից շիկնեց ու դարձյալ բառ մնաց բառարանների համար: Այդ սկզբում էր, որ սերը օտար մահիճներում էր փոթորկվում, կարճ ժամանակ անց Ալիսի բնակարանի դռները հյուրընկալորեն ետ գնացին: Ու Ալիսի բնակարանը դարձավ սիրո խաչմերուկ: Իրիկնամուտին արտասահմանյան մեքենաների շողշողուն վտառը պաշարում էր շենքը. գալիս էին սիրո տարիքը վաղուց շրջանցած պատկառելի այրեր, փողի համն առած նորաթուխ բիզնեսմեններ, կյանքները գրավ դրած թոկից փախած տղաներ, գալիս էին խոտոր վարքով աղջիկներ, ու մեկեն, ոնց որ խավարում բանտված լույս, երեկոյան նույն ժամին խփում էր երաժշտության նույն ռիթմը. «Լիլիթիս նման աշխարհում չկա»: Դա արարողության բացման յուրահատուկ հիմնն էր, որից հետո քեֆ-ուրախության մեջ տարփանքը ելնում էր խոլապարի…
Իսկ չորս պատից դուրս ջղային զսպվածություն էր տիրում: Իրենք, ախր, իրենց տների մեջ իրենց հանգիստը գտած, երեխաներ դաստիարակելու հոգսի վրա, իսկ սրանք՝ անդարդ ու անամոթ, կողքից գալիս ու իրենց կյանքը հարամում էին, իրենց կանանց ու աղջիկների արյունը պղտորում էին… «Թյո՜ւ, ես քու դագաղը…,- ամեն անգամ փրփրում ու անկողնու մեջ շուռումուռ էր գալիս պատկից հարևանը՝ հաշվապահ Հովակիմը,- կարբիտի գործարան է շան քածը»: Կես բանաստեղծ-կես կնամոլ Ազատն իր տեսական-փիլիսոփայական վերլուծությունների մեջ ավելի զուսպ էր. «Թիրախի փորձությունը ճակատագիրն է սիրունների զարմի,- ամեն անգամ որևէ առիթով ձևակերպում էր,- և եթե սիրուն տեսքին վայել արժանապատիվ արյուն չեռա երակում, ուրեմն համարիր, որ նրան եղնիկի բախտ է բաժին ընկել. քանի սլացքի մեջ է, ուրեմն հպարտ ու գեղեցիկ դեռ կա, ինքնահմայման ակնթարթում զգոնությունն ու սրունքի ջիլը թուլացրեց թե չէ՝ դարան մտած գայլի ժանիքը կոկորդը բռնելու է»: Իսկ շենքի ամենաանունով տղան՝ գողական Հենդոն, ուղղակի ընկնավոր էր դարձել. «Արա, հո սրանց ձեռը կրակը չե՞նք ընկել, ես սրանց մերը…,- ասում էր,- վերցնեմ ճակատներին շարեմ ու գնամ սրանց համար նստե՞մ»: Նրա ջղայնությունն, իհարկե, միայն իրենը չէր, նաև ուրիշներինն էր, բայց միայն այդքանը: Նրանց հավաքական ջղայնությունը բանավոր ջղայնություն էր, որ ասվում ու անցնում էր, իսկ քեֆերն սկսել էին ավելի անզուսպ դառնալ…
Եվ եղավ այնպես, որ շենքի ու հարևան շենքերի բնակիչները մի տեսակ սովորեցին, աստիճանաբար հարմարվեցին այդ ամենին: Թաքուն ու բացահայտ բողոքը սկզբում էր, հետո մի տեսակ աննկատ իրենք էլ ներքաշվեցին այդ պարտադրված ռիթմի մեջ: Եվ որ ամենազարմանալին է՝ այդ ամենն սկսեց նույնիսկ դուր գալ… Մութն ընկնելուն պես՝ ամեն մեկն իր մեջ թաքուն սպասում էր… Ու որ երգը ուշանում էր՝ անհանգստանում էին… Երգի հետ նորից պայծառանում ու իրենց լայնացած ռունգերով շնչում էին սիրավեպերի վավաշոտ բույրը… Եվ, իհարկե, նրանք էլ մի քիչ փոխվեցին, իրենք իրենց ներսում, մարդ ու կնիկ օրինավոր կապի մեջ… Տղամարդիկ… նրանք եռանդի՜ էին եկել… նրանք՝ հարեմի հավաքական եռանդն անգամ մարելու ունակ ու դարձյալ տղամարդ, ու կանայք… և տղամարդկանց սպասող կանայք՝ ցանկասիրության մեջ գալարվող մեղք… Եվ սերը տաք ու կպչուն, և ժամանակը անվարտիք ու լկտի… Նրանց՝ ամուսնացածների գործը հեշտ էր, մյուսներինը՝ չամուսնացածների գործն էր դժվար: Այրիները ելնում էին պատահական որսի, արանքում ջահելներն էին մնում… Ջահելներն էլ էին ինչ-որ տեղ կորչում, նոր-նոր ջահելացող ցլիկներն էին խաղից դուրս մնում… Երաժշտության ռիթմի հետ նրանց պարսը բռնում էր ծառերի կիսամութն ու երկար ժամանակ դուրս չէր գալիս այնտեղից… Իսկ կերուխումն ինքն իր մեջ թեժանում, ծավալվում ու խրվում էր գիշերվա կոկորդը:
Բայց նախախնամությունն իր մեջ գաղտնիք ուներ թաքուն, որ մի դիպվածով եկավ ու անձրևորդի պես սողոսկեց սիրավեպերի հյուսվածքների մեջ: Ոչ ոք ոչինչ չիմացավ, դիպվածը զուտ Ալիսի հետ էր կապվում…
Սիրուց խոնջացած Ալիսը մի առավոտ զարթնեց դռան թակոցից: Կիսահագնված ու քունը գլուխը դուռը բացեց ու… սառեց մնաց կանգնած տեղում. շեմքին կանգնած էր հանգուցյալ մայրը… Չէ, դա ընդամենը մի պահ տևեց, Ալիսին թվացել էր, պարզապես նմանություն էր: Անչափ նմանություն: Իսկ լինո՞ւմ է այդպիսի նմանություն, թե՞ հանգուցյալի հետ ամեն մի նմանություն ծածուկ վերադարձ է… Լռությունը կինը խզեց, ասաց. «Մատաղի փող եմ հավաքում, բալես, մի քիչ օգնիր»: «Հա…,- ասաց Ալիսը ու կարծես հեռուներից վերադառնում էր,- ես հիմա…»: Շրջվեց, մի պահ կորավ խորքի սենյակում, վերադարձավ, կնոջը փող տվեց ու հետո դուռը փակել, մեջքով դռանը հենվել, արտասվում էր:
Ամբողջ օրը աչքի առաջ կնոջ պատկերն էր: Անծանոթ կնոջ ու մոր պատկերները փոխնիփոխ գալիս կախվում էին աչքի առաջ: Հետո ինչ-որ մի պահի միախառնվում, նույնանում էին: Ու նույնական պատկերը մոր պատկերն էր… Բաց աչքերի առաջ հյուսվող մղձավանջ էր, որ մեկ էլ երազում շարունակվեց. դարձյալ նույն կինն էր, որ եկել նորից մատաղի փող էր հավաքում, բայց հիմա այդ կինն իր մայրն էր… Ներս եկավ, նստեց ու շուրջն էր նայում: Հետո Ալիսին նայեց, ասաց. «Ճիշտ չես ապրում, աղջիկս, սխալ ճամփա ես բռնել: Ամոթը եկավ, երկինք հասավ, ու հայրդ քեզանից խիստ նեղացած է»: Ինքը երեխայի նման մոր դիմաց նստել, եղունգների հետ էր խաղում, ասաց. «Եսիմ»: Գուցե թե խրատ էր, գուցե թե խորհուրդ էր՝ մայրն ասաց. «Քեզ վանքերից հեռու մի պահի, քո փրկությունը վանքերն են, աղջիկս, վանքերի արահետը բռնի, գնա»: Ինքն էլ իր կրծքի տակ թաքուն խռովք ուներ, բայց խռովքը պահեց ու ասաց ընդամենը. «Ես գնամ, հերդ հիմա ինձ է սպասում»: Եվ տեղից ելավ ու լուռ գնաց: Դուռը հետևում փակեց, ու ինքն այստեղ արթնացավ: Եվ զսպված լացը բաց թողեց տուտերը…
Առավոտ շուտ Ալիսը հագավ իր փակ, երկար շորերն ու… եկեղեցի գնաց: Եկեղեցի վաղուց չէր գնացել, ոտքը շեմքից երկյուղածությամբ ներս դրեց: Հետո մոմ վառեց, անվարժ խաչակնքեց ու աստիճանաբար վերագտավ իր ներսի խաղաղությունը: Շուրջբոլորը մաքուր, պարկեշտ լռություն էր: Ալիսը կանգնել, նայում էր սրբապատկերներին, վառվող մոմերին, որոշակի նպատակի վրա սևեռված աղոթող մարդկանց… Ու լացը դարձյալ գալիս էր, ուզում էր ինքն էլ ինչ-որ բան թաքուն ասել, բայց ասելիքը չգիտեր… Դուրս եկավ եկեղեցուց: Քարե աստիճաններին նստած մուրացիկ կնոջը փող տվեց, ժպտաց ու գնաց մի տեսակ խաղաղված հոգով…
Երեք օր Ալիսին ոչ ոք չտեսավ: Երեք օր խորհրդավոր լռություն էր: Խորհրդավոր ու ինքն իր մեջ դարանած լռություն, որ աներևույթ հետագծով փակվում, դառնում էր գաղտնիքի խեցի: Համատարած շփոթ էր: Երկրպագուների ոհմակը գալիս շենքի բակում լճանում ու հարցուփորձի շփոթի մեջ մոլեգնում էր: Նրանց ավտոմեքենաները խատուտիկ ազդանշաններով պտտվում, որոնման տենդով բռնված՝ իրենց աջ ու ձախ էին խփում և, ի վերջո, որբացած ու գլուխները կորցրած սիրեկաններին գինետուն էին տանում: Շենքի բնակիչներն ավելի էին շփոթված: Հետո համատարած շփոթը տեղի տվեց հետաքրքրասիրությանը: Մանավանդ որ՝ պատկից հարևան Հովակիմը պնդում էր, թե վերջին երեք օրում Ալիսի բնակարանից թռչունի ձայն է գալիս: Իսկ հորական տատիկի մոտ ապրող Ալիսի աղջնակը ավելի առաջ գնաց, ասաց. «Մեր տնից վաղուց էր թռչունի ձայն գալիս»: Լարվածությունն ավելի մեծացավ, դեսից-դենից նաև ազգ ու բարեկամ հավաքվեցին, մտածեցին, խորհրդակցեցին ու վերջում միահամուռ եզրակացրին՝ գաղտնիքը նախ բնակարանում պիտի որոնել. անլույս օրեր էին, կյանք չէր, աբսուրդի կաթսա էր, ինչեր ասես, որ չէր կարող պատահել: Եվ նրանց հավաքական կամքը կոտրեց Ալիսի բնակարանի դուռը…
Խորհրդավորությունն էլ, ի վերջո, կճեպ ու կեղև ունի՝ կոտրեցիր, միջուկում մի տեղ գաղտնիքն աչքառաջ է գալու: Ու տեսնելու ես, վերջում ասելու ես՝ էս է՞ր: Բայց այս մեկի միջուկն էլ էր խորհրդավոր… Բնակարանը մաքուր, կոկիկ հավաքած էր ու մեծ սենյակի մեջտեղում… Տեր Աստված, փրկեա զմեզ ի չարէ… Սենյակի հենց մեջտեղում, սեղանի վրա դագաղ էր դրված… Դատարկ դագաղ… Ու պատերին… սենյակի պատերի ողջ երկարությամբ կողք-կողքի ու իրար տակ սև շրջանակների մեջ նկարներ էին կախված… Անդիակ հանգուցյալների նկարներ էին… Շատ էին, անչափ շատ: Նրանք էին, ովքեր Ալիսի հետ… գոնե մեկ անգամ… մեղքի դուռն էին գնացել:
Ու այստեղ ահա սարսուռը պատեց շենքի բնակիչներին: Պատկից հարևան Հովակիմը այդ ցնորքի մեջ կանգնել, դարձյալ սառը արձանագրում էր. «Ականջիս էլի թռչունի ձեն է գալիս»: Ապշահար թմբիրի մեջ կանգնել մեկ Հովակիմին էին նայում, մեկ՝ դատարկ դագաղին, մեկ՝ պատերից նայող լուսանկարներին… Ու ոտքի վրա չորանում էին: Հետո հարևանները մեկ-մեկ ու զույգ-զույգ ելան այդ գեհենից: Շուտով հարազատներն էլ հետևեցին նրանց: Որոշեցին, որ ամեն դեպքում ճիշտը ոստիկանություն հայտնելն է: Զանգեցին, նրանք եկան տեսան, զննեցին, պարզեցին, որ այդ դագաղի մեջ առհասարակ դիակ չի եղել: Հարևաններին մի երկու խաչուփաչ հարց տվեցին, արձանագրություն կազմեցին, ու գնալուց առաջ ամենաբարձր կոչում ունեցող սպան ասաց. «Դագաղը տարեք, ոչնչացրեք, հետաքննությամբ մենք կզբաղվենք»: Ու գնացին իրենց մեծավորներին զեկուցելու:
Դագաղը երբ հանել ու աստիճաններով իջնում էին, հանկարծ բնակարանից կաթկթոցի պես իրար հետևից թխկոցներ լսվեցին: Մոտիկներից մի երկուսը շուռ եկան, մտան բնակարան, նորից ետ եկան, ասացին. «Պատերի նկարները չկան»: Զարմանքի լիցքն առհասարակ այնքան էր խիտ, որ այս մի լուրը սովորական ընդունվեց: Ելան շենքի բակ: Ազգական-բարեկամներից վռազ թափորի նման մի բան կազմվեց, մի «Երազ» մակնիշի մեքենա բերին, դագաղը դրին մեջն ու տարան: Այդ ընթացքում մոտակա շենքերից եկել, ահագին բազմություն էր հավաքվել բակում: Ողբ ու կոծ չկար, ծամփետոցի ավանդական տեսարան չէր հյուսվում, շփոթված, ներփակ վիճակ էր, խորհրդավոր թմբիրով պարուրվել, անորոշ նայում էին: Բայց ոչ ոք չտեսավ, նրանցից ոչ ոք այդպես էլ չնկատեց Ալիսի պատշգամբի բազրիքին նստած սիրամարգին, որն իր գույնզգույն փետուրների մեջ ամփոփվել, նայում էր հեռացող մեքենայի հետևից: