–Կնոջդ շատ չսիրես,–եղածն անցած համարելով՝ որպես որդուն խրատեց աները:–Եթե շատ սիրեցիր՝ աղջիկ ես ունենալու, ես քեզ օրինակ: Էնպես արա, որ ինքը քեզ սիրի ու տղա կունենաս…
«Տղամարդիկ», Վ.ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
… Եթե դա այդպես է, եթե այս տեսությունն արտահայտում է օբյեկտիվ իրականության շահերը, ապա Հենդոն էն երեք աղջկա փոխարեն, որ ուներ իր կին Ալվարդից, պետք է երեք տղա ունեցած լիներ: Այո, ոչ այլ կերպ, քան երեքն ու հետև-հետևի: Այս տեսանկյունից կարծես տեսությունը ոչ մի աղերս իրականության հետ չունի, որովհետև երկրորդ այնպիսի սառչած հրաբուխ ինչպիսին Հենդոն է, դժվար է պատկերացնել, դժվար է պատկերացնել տոտալ անտարբերության նման երկրորդ դեպք, ինչպիսին Հենդոն է ինքն իրենով: Հենդոն այնքան զգայազուրկ է, որ հանկարծ մի օր որոշի քնել քարի հետ, ապա քարն ինն ամիս անց անպայման Հենդոյի համար մի պուճուր որձաքար կբերի, բայց, ստո՛պ, պետք չի տուֆտություն որակելով, փութանակի խաչ քաշել տեսության վրա, հավանական է, որ այն իրոք բխում է իրականությունից, որովհետև եթե Հենդոն երեք աղջիկ էր ունեցել, ուրեմն չէր հաջողել գլուխ բերել ինքն իրեն սիրել տալու գործը, ինչը համաձայն տեսության արու զավակ ունենալու նախապայմաններից երկրորդն է՝ ամենակարևորը, երկու նախապայմաններից ամենաառանցքայինը: Մի խոսքով Հենդոն չի սիրում Ալվարդին, Ալվարդը՝ Հենդոյին, մարդ կուզի ասել՝ համ գառներն են ապահով, համ էլ գելերն են կուշտ, բայց դեպքն այն չէ, հատկապես որ սիրո բացակայության պայմաններում Հենդոն ու Ալվարդը մեկ-մեկու գայլը դարձած տարբեր հարցերի շուրջ պարբերաբար կրծոտում են միմյանց պարանոցներն ու որ սկսում են անել դա, ողջ աշխարհն է լսում նրանց ատամների սրսռացնող կրճտոցը: Նման իդեալական պայմաններում, երբ Հենդոն շատ չսիրելու փոխարեն, առհասարակ չի սիրում իր կնկան, նա պիտի նրանից առնվազն երեք ամրակազմ տղա ունեցած լիներ: Հակառակ դրա, առաջին երկուսի տևական դադարից հետո երրորդն էլ աղջիկ, Հենդոն նրան գիրկն առած տուն եկավ ու մեղքը հիմնավորապես աստծո շալկվոր ուսերին բարձելով, թարգեց Ալվարդին որտեղ պատահի պատերին դեմ անելը, ինչն անկախ վերջինիս նկատմամբ տածած զգացմունքների բնույթից, նրա սիրած գործերից մեկն էր:
«Ա՜հ, աստված պտի տա՞, որ որձ ունենամ»,–հիասթափված ուսերն էր թոթովում Հենդոն ի պատասխան կեղեքող հարցի ու ոչինչ չէր անում, որ իր վերաբերմունքում դեպի Ալվարդն ինչ-որ բան փոխեր՝ ասենք մեկ-մեկ էդ խեղճ կնկան մի երկու փաղաքուշ բառ ասեր, իր բռնած ծանրագնաց որձի անհաս բարձունքից վար սահեր ու թե ինքը չէր ասելու գոնե թող աներ էդ մեկ-երկու բառը կնիկն ասեր, կամ կնկա նեղը եղած ժամանակ խաշվող մսի քյաֆը քաշեր, իր խմած սուրճի բաժակը ջրի շթի տակ պահեր, վերջը՝ էդ ախմախը մի բան աներ, որ կնիկն իր մասին մտածելիս «վախ Հենդոս» կանչեր, սիրով կանչեր, տրամադրվեր ու պատճառավորվեր արու զավակով: Երևում է Հենդոն տեսության մասին հեչ բան չէր լսել, այլապես տրամաբանական պիտի լիներ կարծել, որ այնպիսի կարևոր գերխնդրի համար ինչպիսին արու զավակն է, նա մի բան կաներ կնկա սիրտը նվաճելու համար:
Իսկ այսպես Հենդոն առանց արու զավակի երես տեսնելու մեծացավ ու նրա հետ մեծացան նաև Հենդոյի երեք դստրերը: Դստրերից առաջինը կնության գնաց միջնեկը, պատահեց այդպես, որ մինչ մեծը կնոջ դասական դերին ուսումն այլընտրանք դարձրած ուսումնասիրում էր միջուկային գործոնների ազդեցությունը երկրագնդի կենսաբանական գոյաձևերի բազմազանության վրա, իսկ կրտսերը հարմար դիրքավորվում էր ներս առնելու անխուսափելի արբունքը, միջնեկն իրեն կյանքի ընկեր գտավ ու այն էլ ինչպիսի: Հենդոյի միջնեկի համար նրա գտած զուգընկերոջ խելքը մաղվում էր ինչպես ավազը մաղի վրա` հանց ավազ, այն մաղի դիմերեսին քարքարոտ փռվում, դարձերեսից փոշի դարձած գլգլալեն վար էր թափվում, այնպես որ շուտափույթ ամուսնությանն այլընտրանք չէր երևում: Հենդոյի միջնեկն ամուսնացավ, հարմար տեղավորվեց գնացած տեղում ու առաջին զավակը, որ լույս աշխարհ բերեց ոսկեմազ ու մայր մտնող արևի պես գեղատեսիլ մի հրաշք էր` աղջիկ: Նույն այդ ժամանակ կամ այդ ժամանակից որոշ ժամանակ անց, երբ ծնվեց Հենդոյի առաջին թոռը, ամուսնական փրփրուն առագաստի տակ մտավ նաև ավագը: Երևում է պրպտումները մերժել էին նրա անհրաժեշտությունը գիտական հետազոտությունների ասպարեզում:
Ոչ ոք կանխագուշակումներով չուղղվեց դեպի Հենդոյի ավագի լույս աշխարհ բերած սերնդի սեռը, չհարցրեց՝ տենաս Հենդոյի երեք աղջիկներից առաջինը միջնեկի բերած աղջկա վրա ինչ կունենա, մի տեսակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա այն հարցն է, որի վրա պետք է կենտրոնանալ, բայց բավական է, որ նա լույս աշխարհ բերեր դստերը, բոլորն ասես տեղնուտեղը զգաստացան՝ իյա, էս չլինի՞ Հենդոյի արյունն իր խորքից մի որձ քամելու ընդունակ չի: Ոնց որ թե ընդունակ չի՝ մարմին առան կասկածներն այն ժամանակ, երբ Հենդոյի միջնեկը լույս աշխարհ բերեց երկրորդ դստերը և երբ Հենդոյի ավագն էլ պատճառավորվեց երկրորդ դստերով, կասկածները միանշանակ պնդումների երանգ ստացան՝ Հենդոյի ցեղն ուրեմն իր ընդերքից իրոք որձ քամելու ընդունակ չի:
Հենդոյի ցեղը կամ Հենդոյի արյունը, բայց կապ չունեն, մի որձի եղածն ի՞՜նչ է՝ կենսաբանական անհրաժեշտ համընկնումների դեպքում այդ արյունը կարող է նաև որձի երակներով հոսել, իսկ մեղավորն ակերևաբար Հենդոյի փեսեքն են: Ոնց որ նրանք են մեղավորը, որովհետև սիրո մեջ դեպի իրենց կանայք նրանք անցել են բոլոր տրամաբանական սահմանները: Բան ու գործ թողած կամ բան ու գործ դարձրած նրանք ամբողջ օրն իրենց կանանց ականջները փաղաքշում են բառերով, որոնցից մարդու մաշկը փուշ-փուշ է կանգնում ինչպես հանկարծակի սրթսրթոցից հետո, սուրճը խմում են, թե չէ, բաժակն առաջ պարզում ու ճեպում են դեպի լվացարանը, տեղը եկավ փոխում են երեխայի տակդիրները: Նրանք ամեն ինչ անում են իրենց սիրել տալու համար, բայց միակ արդյունքն ինչին հասնում են, ավելի խորը խրվելն է իրենց սիրո մեջ, որ նրանք զգում են դեպի սեփական կանայք ու հատկանշական է, որ այդ աստիճան փայփայված, Հենդոյի առաջին երկու դստրերը երևելի կերպարներ չեն, ամեն դեպքում նույնը չեն ինչ Հենդոյի փոքրը…
Հենդոյի փոքրը… Իր նոր հեռախոսի անլար ականջակալներն ականջներին, «Ռոդենշտոկ» ֆիրմայի ծիածնագույն ակնոցներն աչքերին, Հենդոյի կրտսեր դուստրն ամեն առավոտ դուրս է գալիս տանից դասի գնալու: Տիրամիսուի, կարամելային կրեմի ու շոկոլադային մուսի միացյալ քաղցրությունն իր մեջ ամբարած, ինքն ասես պաղպաղակ, երբ Հենդոյի փոքրը քայլում է, շրջակայքում բոլորը պտտվում են դեպի նա ու երբ պտտվում են դեպի նա, շոգից տափած շան բերնից դուրս պրծած նրանց լեզուներից երևում է, որ նրանց միակ ցանկությունը դերյայով այս պլոմբիրը լպստելն է, բայց նրանք դա իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև տարաշխարհիկ այս քաղցրավենիքը տեր ունի: Հենդոյի կրտսեր դստեր ընտրյալը դասական ուզվորի պես ամեն առավոտ դասի գնալիս տանից քիչ հեռու, որ փողոցի անդուռ բերանները պարապի չճռռան, դիմավորում է Հենդոյի փոքր աջկան, տանում դասի, հսկում, որ դասի տեղն իր սիրեցյալի կատվին ոչ ոք փըշտ չասի ու իրիկունը բերում է հետ՝ տուն: Ուսերը գրկած, ձեռքերն իրանի վրա ոլորած, Հենդոյի փոքրի սիրեցյալը վերաբերվում է աղջկան այնպես, ինչպես կվերաբերեր հախճապակե հազվագյուտ սափորին: Աղջկա վրա նետված նրա հայացքում աղջկա գոյությունը փառաբանող այնպիսի անդրադարձ կա առ աստված, որպիսին թերևս անհնար է գտնել նույնիսկ մարդկության առաջին ռոբինզոնի՝ Ադամի հայացքում:
Երևում է, բայց իր ցեղի կազմում էրիկ մարդու տեսնելու Հենդոյի շանսերը ցածր են, ցածր են, որովհետև այդ տղան, որ կիպ պաշարել է նրա դստեր մատույցները, դեռ նրան իրեն կին չառած արդեն հատել է սիրո բոլոր տրամաբանական սահմանները:
2016թ., նոյեմբեր