Վերոնիկա Շահնազարյան | Սպիտակ երազանք կամ թե ինչու խոսեց շունը

-Կորյուն, Կորյու՜ն…
-Հաաաա՜
-Ոչխարը հե՞տդ ա:
-Ի՞նչ՜
-Ոչխարը, ոչխարը հե՞տդ ա…
-Հա, Պաա…

Առավոտյան, երբ գյուղում բոլորը քնած էին, ու արթուն էինք միայն ես ու վերոնշյալ թեմայի ոչխարներից մի քանիսը, որոնք այդքան էլ աչքիս լույսը չեն, բացարձակ լուռ չէր:
Կողքի գյուղից ինչ-որ մեկը փորձում էր մեքենան շարժի գցել, չէր ստացվում: Լռության մի փոքրիկ դադարից հետո մի քանի հոգու ձայներ լսվեցին. հավանաբար օգնող ուժ եկավ՝ մեքենան հրելու:
Հիմա կասեք, թե կողքի գյուղից ոնց լսեցի այդ ձայները:
Եթե ձեր մտքով դա անցավ, ու դուք չեք հավատում, որ այդպիսի բան հնարավոր է, ուրեմն դուք անհապաղ պետք է գաք Վաղազին. այն վայրը, որտեղ կգտնեք, կլսեք, կտեսնեք հնարավոր ու անհնար ամեն ինչ, նույնիսկ մարդկային լեզուն հասկացող շուն:

Գլուխ ԱՌԱՋԻՆ

Իմ տունը․ Վաղազին

Ես մարդկանց լեզուն հասկացող չէի ծնվել:
Ամեն ինչ շատ տարօրինակ հանգամանքներում պատահեց, ինքս էլ գլխի չընկա՝ ոնց:
Ամենասարսափելի-զվարճալին այն պատմությունն է, թե ինչից հետո ես սկսեցի հասկանալ մարդկանց:
Դե լսեք:
Մի օր, երբ ինձ կրկին մեր գյուղ ժամանած երկու հոգուց բաղկացած «մարդիկային պատվիրակության» անդամներից մեկը, հետագայում իմ լավ ընկերուհին (ավելի ուշ կպատմեմ այդ պատվիրակության մասին) նրբերշիկի կամ իմ համով ճաշի փոխարեն մակարոնեղեն տվեց, մի պահ ամեն ինչ շուռ եկավ: Կարծում եմ, իմ դեմքի արտահայտությունը նրան հուշեց, որ ես այդ մակարոնեղեն կոչվածից մի լավ կուշտ եմ և այլ «հերոսի» անուն, ավելի շուտ համ եմ ուզում:
Նա գլուխս շոյելով ասաց՝ կներես, Բելկին, դու գիտես, որ գյուղում խանութ չունենք, նրբերշիկը վերջացել է, Բերձոր իջնող էլ էս քանի օրը չկա, ուզենք-չուզենք, էս ա:

Ես բառ առ բառ, տառ առ տառ, չէ կներեք, էդ մեկը խաբեցի, որովհետև այդ ժամանակ տառերը չգիտեի, հետո եմ գրել-կարդալ սովորել․ լավ, ինչ էի ասում, բառ առ բառ հասկացա, թե ինչ ասաց նա:
Հասկացա ու սուսուփուս կերա էդ մակարոնով շիլան, որը, չգիտես ինչի, էլ այդքան սարսափելի անհամ չթվաց:
Չեմ սիրում այդ օրերը: Երբ բոլորս ստիպված ուտում ենք այն, ինչ մնացել է, քանի որ չենք կարող գնալ և առնել մեր սրտի, ավելի շուտ ստամոքսի ուզածը…Հաֆ: Ահավոր է: Թեպետ ինձ ավագ ընկերներս՝ Արջուկն ու Քութոն, պատմել են, որ շատ ավելի սարսափելի օրեր են եղել․ առհասարակ ոչինչ չեն ունեցել ուտելու:
Էստեղ բոլորը ժամանակ առ ժամանակ իրենց մեքենաներով կամ, որքան հասկացել եմ, ամիսը երկու անգամ «Ուազի» իջնելու հույսով են առևտուր անում:
Արջուկենց պատմությունը հիշելուց հետ՝ ինձանից հասավ շնորհակալություն հայտնել ընկերուհուս ՝ լպստելով նրա ձեռքերը և հարմարվել իմ պատշգամբում ու պառկել:
Սպասել մինչև իրենք էլ ճաշեին, ու գնայինք վազվզելու: Դե ինքը զբոսնելու, ես՝ վազվզելու:

Այդ օրվանից ես սկսեցի հասկանալ մարդկանց: Սկզբում մնացած կենդանիներին ոչինչ չասացի՝ մտածելով, որ ինձ գժի տեղ կդնեն:
Բայց մի օր Քութոն ամեն ինչ պարզեց:
Ավելի շուտ ես ամեն ինչ պարզեցի:
Լավ, չխճճեմ ձեզ:
Մի քիչ սպասեք և ամեն ինչ կիմանաք:

Թե ինչպես այդ գաղտնիքը պարզվեց մի ուրիշ ժանրից է:
Ավելի շուտ, հենց այս ժանրից է, բայց կյանքում գլխի չեք ընկնի:
Մի պահ ինձ թվաց, որ խելագարվում եմ: Ուրեմն դպրոցից հետո վազում եմ տուն (հա, ես միշտ վերջին ժամին գնում, դպրոցի մոտ պառկում եմ, սպասում մինչև աղջիկները աշխատանքն ավարտեն ու գնանք տուն), մեկ էլ ճանապարհին Քութոն, որ երկու կողմից էլ ինձ հարևան է՝ թե իմ պապենական-հայրական, թե իմ ընկերների տանը, սկսեց բղավել, դե ձեզ դա որպես «հաչալ» է ծանոթ:
Ասում էր. «Էն մյուս կողմով եկեք էլի, ինձ էլ թվում է հակառակորդներս են, անկապ վազում եմ»:
Այդ պահին ընկերուհիս էլ ասում էր. «Տեսնես այս մի տարվա մեջ մեզ չճանաչեց, որ ամեն անգամ հաչում է»:
Քութոն ասում, Վերոնիկան ասում, Քութոն ասում, Վերոնիկան ասում… Վերջը բժժեցի:
Ուզեցա հասկացնեմ աղջիկներին, որ իրականում չէ, նա իրենց վրա չի հաչում, լավ էլ ճանաչում է, ոգևորված վազեցի ընկերուհուս առջև, նույնիսկ թռա և երկու թաթերի վրա կանգնեցի ՝ հենվելով իր ուսերին, բերանս բացեցի ու…. Ու ոնց բացեցի, էդպես էլ փակեցի… Հասկացանք, մարդկային լեզուն հասկանում եմ, բայց խոսել էլ հո չեմ կարողանում…
Ուֆ…
Քիչ է բժժում եմ, որովհետև հասկանում եմ բո-լո-րին, մի հատ էլ չեմ կարողանում իմ այդ տարօրինակ կամ յուրօրինակ հատկությունը կիրառել, էլ ինչի՞ս է պետք:

Ուտելիքի առումով այդ օրը լավ էր: Կերա նրբերշիկով և կլորիկներով (մարդիկ դրան չոր կեր են ասում) աղցանս. շատ եմ դրանից սիրում:
Հետո, ինչպես միշտ, գնացինք զբոսանքի:
Ընկերուհիս հետս խաղում էր, բայց զգում էի, որ «տրամադիր» չէր: Զգում էի, որ մի բան եղել է:
Տեսնես մարդիկ գիտե՞ն, որ կենդանիներն իրենց տխրությունը զգում են:
Գիտե՞ն, որ, երբ այդ դեպքերում մենք սկսում ենք մեզ ավելի ակտիվ պահել, թրվռալ, լպստել նրանց ձեռքերը կամ երեսը, դա նրանից է, որ ուզում ենք էլ տխուր չլինեն…
Ուզում ենք, որ իրենք բարձր տրամադրություն ունենան, իրենց երջանիկ զգան:
Հետաքրքիր է, ինձ բոլոր ծանոթ շնչողների մեջ ամենատխուրները մարդիկ են:
Տեսնես ինչի՞ են իրենք իրենց տխրում, իրենք իրենց կյանքը բարդացնում:
Չեմ հասկանում՝ միջանցքի լույսը միացած թողնելու մեջ ինչ սարսափելի վտանգավոր բան կա, որ մարդիկ վիճում են, սարքում մի այնպիսի պատմություն, կարծես Նոյն էլի պետք է իր տապանի վրա միմիայն երկուական շնչավոր գոյական հավաքի, ու իրենց էլ այդ միջանցքի լույսի միացած մնալու պատճառով պատժելու և քասթինգից կտրելու են:
Այ քեզ բան:
Այնպիսի բաներ եմ լսում:
Մարդկային լեզուն հասկանալու կարողությունը ձեռք բերելուց հետո սկսեցի ավելի հաճախ տխրել: Ռուֆ:
Առաջ էլ էի տխրում, բայց թեման այն էր, որ ընկերներիս հետ էի կռվում, կամ նրանցից մեկը վատառողջ էր լինում, երբ ինձ նրբերշիկի փոխարեն կաթով շիլա էին տալիս (դե մակարոնեղենի մասին էլ չասեմ, գիտեք, ինչ ինձ հիշում եմ, էդ մակարոնը դիմացս ա, այնպիսի տպավորություն ա, ոնց որ փորձեն ՝ հեյ, Բելկա, կուտե՞ս, հետո էլ էդ մակարոնը բեմից իջեցնում, ուրիշ բան բերում. իբր, որ կարողանում եք ուրիշ բան բերել, էլ ինչի՞ եք էդ տարօրինակ խմորը հյուրասիրում):
Մարդիկ էլ են տարօրինակ:
Չէ, չեմ ասում, որ շները տարօրինակ չեն, բայց մարդիկ, ախար, ո՛չ գիտեն իրենք ինչ են ուզում, ո՛չ էլ գիտեն, թե իրենցից ինչ են ուզում:
Բայց մի բան ասեմ: Ընկերուհիս կարծես պարզել էր, թե ես ամենաշատն ինչ եմ սիրում: Բայց, չգիտես ինչի, ինձ դրանից երբեք չի տալիս:
Իսկ ես ամենաշատը սիրում եմ: Տա-դա-դա-դամ: Հալվա: Նյամ: Խորովածի չափ սիրում եմ:
Է՜, բայց մի րոպե, եթե խորովածի չափ, ուրեմն ամենաշատը չի, չէ՞: Վայ: Խճճվեցի, հա: Լավ: Փորձեմ կրկին:
Ամենաշատը սիրում եմ հալվա և խորոված: Ըհը: Այ սա արդեն ճիշտ է:

Հալվայի հետ կապված մի պատմություն կա: Մինչև հիմա չեմ հասկացել ուրախ պատմություն է, թե տխուր, բայց էն, որ խրատական է, դա հաստատ:
Մի օր, երբ աղջիկների տան դուռը բաց էր ( հավանաբար քամու ձեռքի գործն էր), ես ու Քութոն որոշեցինք մտնել և տեսնել՝ ինչ համով բան կա:
Դե ես անգիր գիտեի, թե որտեղ են նրբերշիկներս, կլորիկները, մածունը և այլն:
Մինչդեռ Քութոն զբաղված էր կլորիկներն ուտելով, ես զգացի մի անուշ բույր..․ Գուշակեցիք, չէ՞:
Այո, մի մեծ, երևի, կեսկիլոգրամանոց հալվա էր սեղանին դրված: Ես, ճիշտ է, խելոք շուն եմ, երբեք ինձ թույլ չեմ տա բարձրանալ երկու թաթերի վրա և հենվել սեղանին, բայց, ախար, այդ բույրը:
Քութոն կերավ կլորիկները, բայց չկշտացավ և անցավ նրբերշիկներս ուտելուն: Պետքս էլ չէր: Այդ պահին ինձ միայն աչքով տվող հալվան էր հետաքրքրում:
Հասկացա, թե ինչ պետք է անել: Քաշեցի սփռոցն ու ինչ կար-չկար, ընկավ: Նույնիսկ շոկոլադե սալիկն ու վաֆլիները: Ըըըըմ: Աստվածային համ:
Հալվան կերա, վաֆլին կերա, շոկոլադի կեսը տվեցի Քութոյին, չնայած իրեն չէր հասնում, իմ երեք օրվա ճաշը կերել էր: Բայց դե ինձ այդ պահին ոչ նրբերշիկն էր հետաքրքիր, ոչ էլ: Ես մի կես կիլո հալվա էի կերել:
Այդ օրը ես չգնացի դպրոցի դռան մոտ աղջիկներին սպասելու:
Մտածեցի իջնեմ ներքևի գյուղ, տեսնեմ ինչ կա-չկա ընկերներիս մոտ:
Դե կռահում եք, չէ՞, ինչ եղավ, երբ աղջիկները հասան տուն: Ըըը:
Ես այդ օրը էլ ոչինչ չկերա. ճիշտն ասեմ, սկի սոված էլ չէի:
Տուն գնացի շատ ուշ: Ընկերուհիս ինձ տեսավ, բարկացավ:
Ես էլ չէի լսում ՝ ինչ էր ասում:
Տխուր ու անտրամադիր գնացի Քութոենց բակ:
-Խոսեցին քեզ վրա՞,- ասաց նա ինձ:
-Չէ, կամ էլ հա: Վատ բան ենք արել:
-Գիտե՞ս ինչի են բարկացել:
-Վայ, հո ապուշ չեմ: Հանցախմբով մտել տունը սրբել ենք, դեռ պետք է ճակատներս պաչե՞ին:
-Հաֆ-ֆա-ֆա-հաֆ՜:
-Ի՞նչ ես ծիծաղում:

Երբ շները «ֆա» նոտայով են հաչում, ուրեմն ծիծաղում են:

-Ես էլ էի էդպես կարծում: Բայց լսեցի, որ շեկ աղջիկը կարմրահերին ասում էր՝ դե շատ ջհանդամ, թե չեն կերել էդքանը, երեք օր մենակ գրեչկա կուտի, կիմանա Բելկան, բայց էդ քաղցրը իրենց չի կարելի, տեսողությանն ու հոտառությանը վատ կանդրադառնա: Տեսա՞ր ինչքան շատ են կերել: Մի կոնֆետ չէ, որ ասենք, դե լավ, էէէ…

-Ռաաաաու… Ռաաֆ…. Ուֆ..
Փաստորեն մեզ հալվա չի կարելի: Ու ոչ միայն հալվա, այլ ցանկացած քաղցր: Ռուֆ.. Էս ինչ վատ է:
Քութո, էլ ի՞նչ ես լսել:
-Դե այդքանը: Շատ չեմ երևացել ձեր կողմերում: Վերջիվերջո հաստատ գիտեն, որ երկուսով ենք եղել:

Ես տխրեցի, դունչս դրեցի աջ թաթիս, հետո փոխեցի ձախին ու նայեցի վերև… Երկու րոպե այդ դիրքում մնալուց հետո, մեկ էլ այդ աստղերից մեկն ընկավ գլխիս:
-Քութո, այ Քութո… Ռուֆ: Դու որտեղի՞ց գիտես, որ իրենք դա են խոսացել:
-Ըըը, դե.. Դեեե… Դեմքի արտահայտությունից:
-Ճիշտն ասա:
-Էէէէ, Բելկա:
-Ի՞նչ: Կնեղանամ, չեմ խոսի հետդ:
Չլինի՞ դու մարդկային լեզուն հասկանում ես:
– Լավ: Նաև գիտեմ, որ դու էլ ես հասկանում:
-Ո՞նց: Որտե՞ղից:
-Դրա համար զարմացա, որ չէիր իմացել իրենց վրդովվելու պատճառը:
-Բա դու վաղու՞ց ես մարդկանց հասկանում:
-Ոչ այդքան: Վերջերս եմ գլխի ընկել, որ ուղեղումս անընդհատ կատաստրոֆիկ վիճակ է, մանավանդ, երբ Անոն ասում է՝ Քութ, արի էս կողմ, էս մեր կովն ա: Մթոմ ես էլ չգիտեմ, որ իրենցն ա: Իբր ի՞նչ են ինֆորմացնում, այն էլ ամեն օր նույն ժամին:
-Հաֆ-ֆա-ֆա-հաֆ:
-Ի՞նչ ես ծիծաղում:
-Լավ: Բա դու ե՞րբ ես պարզել, որ ես էլ եմ հասկանում:
-Երբ եկար ու ինձ ասացիր, որ դպրոցից հետո տուն գալիս չհաչամ. մտածում են, թե էս մեկ տարվա մեջ իրենց չեմ ճանաչել: Գոնե նրանց ասացիր, որ լավ էլ ճանաչում եմ և հաչում եմ, որովհետև…
-Քութ, ես հասկանում եմ, բայց խոսել ա-բ-գ-դ-ե-զ-ով չեմ կարողանում:
Հլա մի րոպե, չլինի դու կարողանու՞մ ես:
-Չէ: Մեկ անգամ փորձեցի, եսիմինչ ստացվեց: Պիտի տեսնեիր Անոյի դեմքը:

Պոչս շարժեցի:
Եթե չգիտեք, ասեմ, որ դա շների ամենաժպտալն է, ժպտալու ամենավերևի աստիճանը:

-Բացի այդ փոփոխություն էի տեսնում, երբ շեկ աղջիկը խաղում էր քեզ հետ: Ավելի երջանիկ էիր, աչքերդ փայլուն, ավելի համակրե… Ռաաաֆ…

Իբր հորանջեց, չէր ուզում իմանայի, որ ինձ համակրելի է համարում: Պահ:

-Հա, ինքն ինձ ասում է, որ ես շատ սիրուն եմ, խելացի, փափուկ ու նման եմ ըըըը, Մեղդլին Մոդլոյին:
-Հաֆ-ֆա-ֆա-հաֆ: Մերլին Մոնրոյին:
-Հաաաաա, ճիշտ այդպես է ասում: Դու գիտե՞ս ով է:
-Դերասանուհի էր: Կարծեմ Ամերիկայում, դա էլ շատ հեռու է:
-Հա՞: Բա որտեղի՞ց գիտես:
-Մոռացել ես, թե ովքեր են ինձ պահողները: Ապրել Սուղյանի տան շեմին ու մնալ անգրագետ, դա չլինող բան է:

Երկուսս էլ մեր պոչերը շարժեցինք:
-Բելկա, դու էլ արդեն շատ բան գիտես: Բացի այդ ես քեզանից շատ երկար եմ ապրել, դու դեռ շատ բաներ կսովորես:
-Շնորհակալ եմ, Քութո:

Մտածում էի տեսնես այդ Մերլին Մոնրոն սիրու՞ն էր, խելացի՞, բարի՞:
Չնայած համոզված էի, որ ընկերուհիս ինձ վատ բան չէր ասի:

Այդ օրը երկար մնացի Սուղյանենց տան շեմին: Երևի, իրոք տնից էլ էր, որովհետև այդ օրը շատ բաներ իմացա. Քութոյի հետ տարբեր թեմաներից խոսեցինք, ես էլ մոտիվացվել էի, պետք է գրագետ դառնամ, շատ ինֆորմացված լինեմ:
Հետո գնացի իմ պատշգամբ: Գյուղում չի կարելի տունն առանց հսկողության թողնել, հազար ու մի վտանգ կա:
Իրականում ես այդ պատշամբը շատ եմ սիրում:
Տեսա, որ իմ փափուկ անկողինը մաքուր վիճակում իր տեղում դրված է: Ուրախացա: Ջերմացավ ներսումս. պառկեցի ու շատ շուտ հանգիստ քնեցի:

 

Գլուխ ԵՐԿՐՈՐԴ

Իմ առաջին և վերջին ծնունդը

Մարդիկ, որ լույսը բացվում է, սովորություն ունեն ինչ-որ թիվ ասելու. էդ թվերն էլ մինչև երեսունն են հաշվում, թե մի քիչ ավել-պակաս, բայց քառասունին հաստատ չեն հասնում: Չգիտեմ, թե դա ինչ հաշվարկ է, ինչ հախուհաշիվ, երևի, ինչ-որ բանի են սպասում միշտ: Ու ընդհանրապես թվեր շատ են սիրում. ինչ-որ թղթեր ունեն, որոնք կարծես նրանց կյանքի իմաստը լինեն. վրան էլի թվեր են գրված, ինչ-որ վախենալու նկարներ են, ախար, ինչպես է կարելի պատկերել միայն գլուխը..․Հաֆ: Մի հատ պատկերացրեք էլի մի օր շները սկսեն ինչ-որ թղթեր արտադրել, վրան լիքը զրոներ լինեն ու շան գլուխ… Վայ, ահավոր է: Ռուֆ: Էդ թղթի կտորները միշտ նրանց վեճի են բերում, պայքարի, աչքովս եմ տեսել, որ դրանք դնում են բարձ-դոշակի տակ կամ ինչ-որ մեծ շենքում, որ բոլորը «Բանտ» կամ «Բանկ» են կոչում: Ինչևէ: Էդ երկու բառերը էդպես էլ չտարբերեցի: Մեկ էլ բան չհասկացա էդ թղթի կտորներից, ուտելու էլ չեն: Չէ՛, չեմ փորձել, միայն հոտոտել եմ: Անտանելի հոտ էր, ֆո՛ւ… Լավ, շատ շեղվեցի: Սկսեցի օրերից հասա բանկեր և բանտեր:
Ինչ էի ասում:
Մի օր կա՝ անունը 20 է, կարծեմ, մարտի, շատ լավ է տպավորվել, կյանքում չեմ մոռանա. այդ օրվա սկզբում ես ինձ շատ շփոթված էի զգում, հոգնած և սոված, իսկ հետո՝ շատ-շատ երջանիկ:
Արեգակի բարևելուց հետո, ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ:
Ես գնացել էի գյուղապետենց տուն, որտեղ ինձ միշտ առավոտյան կերակրում են, ճաշս ուտելուց հետո՝ ընկերուհուս պատշգամբ, բարևել աղջիկներին, ճանապարհել նրանց դպրոց:
Դե մնացածը գիտեք, թե ինչ եմ անում մինչև դասերն ավարտեն, հետո ինչ է լինում, նորից չպատմեմ:
Բոլոր արարողություններից հետո այն ժամին, երբ ես ու Վերոնիկան պետք է զբոսանքի գնայինք, Նարինեն էլ եկավ: Զարմացել էի: Նա քայլել այդքան էլ չի սիրում. տեսնես ո՞նց է համոզվել:
Ես ուրախ-ուրախ սկսեցի վազվզել, մեկ էլ տեսնեմ, որ ճանապարհից մի փոքր շեղվում ենք: Ըըըը, կարծես թե հյուր ենք գնում:

Այո: Արմեն-Էմմաենց տուն էինք գնում: Սիրում եմ իրենց ընտանիքը:
Շատ լավն են: Իսկական են: Բոլորը մեկմեկու սիրում ու հարգում են, թև ու թիկունք են, իսկական ընկերություն-բարեկամություն է, կարճ ասեմ՝ օրինակելի ընտանիք: Բա Արմենին ոնց եմ սիրում: Ռաֆ: Մեզանից ով հիվանդանում է, կարողանում է բուժել. իմ կյանքն էլ է փրկել, բա՜:

Դե աղջիկները մտան տուն, իսկ ես դիրքավորվեցի աստիճաններին, ինձ համար պառկեցի՝ կարծելով, որ շուտ կվերջացնեն և կգնանք զբոսնելու:
Այն էլ չարաչար սխալվում էի:
Մի ամբողջ հավերժություն մնացի էդ աստիճաններին: Հաֆ: Հետս խոսացող էլ չկար, վազվզելու էլ չէի ուզում գնալ, բա որ հենց գնայի, իրենք էլ դուրս գային: Մութն էլ ընկել էր:
Ո՞նց էին տուն հասնելու: Չի կարելի: Աղջիկներին միշտ ուղեկցել է պետք: Դե ինչ անեմ, որ ես էլ եմ աղջիկ, բայց ես շուն եմ, ու էս դեպքում պատասխանատուն ես եմ: Հաֆ:
Մի խոսքով, մի հավերժություն էր էդ աստիճաններին պառկած մնալս: Նայում էի աստղերին, հենց դրանցից մեկը ինձ աչքով էր անում, վեր էի կենում, դուռը ճանկռում, որ ինձ տեսնեն. կարող ա և որոշեին, որ ժամանակն է գնալու, էն էլ ընկերուհուս սկի շողքը չէր երևում: Մնացածն էլ ասում էին ՝ իջիր, շատ առաջ մի արի:

Դե հա, իրենց էլ է հասկանալ կարելի: Հո իմ տունը չէր, ինչքան ուզեի բարձրանայի:
Անցավ որոշ ժամանակ զգացի, որ ստամոքսս երգում է: Երգեց քիչ է, մի հատ էլ սկսեց պարել: Էէէէ, արդեն լավ չէր, ամեն ինչ գնալով վատանում էր: Չգիտեի՝ ինչ անել: Սոված էի:
«Ինչի՞ են ինձ մոռացել» ,-մտածում էի ես:
Էլի վեր էի կենում, արդեն հաչում էի, «ռե» նոտայով, որը սովի տագնապի նոտան է: Ոչ ոք չէր հասկանում: Միայն հասկանում էին, որ Բելկան հաչում է: Բայց թե ինչի էր խեղճ Բելկան հաչում, ոչ ոքի պետք էլ չէր:
Ախար, ո՞նց մարդիկ չեն հասկանում, որ երբ մենք հաչում ենք, ուրեմն ինչ-որ բան է եղել. սոված ենք, ծարավ ենք, տարօրինակ բան ենք տեսել, վտանգ ենք զգում կամ արդեն նկատել, միմյանց ենք կանչում: Ու եթե մեր կողքին ուրիշ շուն չկա, ու մենք հաչալիս ձեզ ենք նայում, ուրեմն հաստատ ձեզ է ուղղված մեր խոսքը: Ռուֆ: Դե ինչ: Վեր կացա ու սկսեցի տխուր հաչալ: Հետո ջղային հաչալ: Ոչ մի բան: Միայն մեկ անգամ ընկերուհիս դուրս եկավ, շոյեց գլուխս ու ասաց, որ ես անակնկալ ունեմ:
Այ քեզ բան: Ի՞նչ անակնկալ, սովից մեռա: Ու՞ր է անակնկալս: Կարո՞ղ ա հալվա է: Հմ: Անցավ ևս մեկ աստղի աչքով տալուն հասնելու ժամանակ: Վերջապես դուրս եկան: Ընկերուհուս ձեռքին ինչ-որ մեծ ափսե կար:
Բոլորը ծիծաղում և ժպտում էին: Եվ անընդհատ անունս էին տալիս:
Հետ գնացինք տուն: Դուռը փակեցին ու կորան: Էէէէէ, ախար այսքան ծաղրել կլինի՞: Նեղացա: Որոշեցի գնալ անտառ և գլխիս ճարը սեփական ուժերով տեսնել:
Որոշ ժամանակ անց աղջիկների ձայնը լսվեց: Իմ անունն էին տալիս:
Հետո կարմրահերի ձայնը կորավ և միայն շեկը շարունակեց «Բելոչկա՜», «Բելո՜կ»: Որոշեցի հետ գնալ: Մտածեցի՝ ինչ-որ վատ բան է եղել:
Հասա տեղ և ինչ-որ երաժշտություն լսեցի:
Մի մեծ ափսե բերեցին, ընկերուհիս պաչեց քիթս, գրկեց,
Նարինեն էլ ասաց՝ Շնորհավոր, Բելկա, կուշտ և առողջ լինես:
Ափսեի մեջ մի մեծ կտոր տորթ էր, վրան մեկ թիվը: Հաչացի, հանգեց. տեսել էի, որ էդ եսիմ ինչը տորթի վրա դնում են, որ հանգի:
Ընկերուհիս տվեց ափսեն ինձ ու ասաց. «Ոչինչ, բացառություն անել կարելի է: Այսօր ծնունդդ է: Հանգիստ կեր»:
Ես քաշեցի ափսես մի փոքր հեռու ու անուշ արեցի անմահական տորթը: Ծննդյանս տորթը:
Երբ ամբողջը կերա և տռզեցի, հասկացա, որ այդքան ժամ Արմեն-Էմմաենց տանը իմ տորթն էր պատրաստվում:
Ես աշխարհի ամենաերջանիկ շունն էի այդ պահին: Ամենա:
Գիտե՞ք, մեզ շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար: Պարտադիր չէ, որ մեր ծննդյան օրերը հրավառություն լինի, խնջույք, չնայած դրան ոչ միայն դեմ չենք, այլ նաև չորս վերջույթներով կողմ ենք: Կենդանիներին ուշադրություն է պետք: Մի քիչ: Սեր և ուշադրություն:
Մենք երբեք ձեզ չենք կծի, եթե դուք վտանգավոր շարժումներ չանեք, չխփեք մեզ, չվնասեք մեկ այլ կենդանու կամ էլ մարդու: Մենք լիքը բաներ այլ ռակուրսից ենք տեսնում, բայց սիրում ենք ապրել, սիրում ենք սիրել, սիրում ենք սարի պես ձեր կողքին կանգնած լինել: Նկատե՞լ եք ՝ որքան էլ շունը փոքր լինի, երբ վտանգ է զգում, առաջ է վազում: Վազում է, որ ձեզ պաշտպանի:
Վազում է, որովհետև ձեր ընկերն է:
Այդ օրը ես երջանիկ էի. տորթս ուտելուց հետո պառկել էի փափուկ անկողնուկիս մեջ ու գոհ ու ուրախ աստղերին էի նայում:
Առավոտյան ամբողջ գյուղը գիտեր, որ ծնունդս է: Պարզվեց, որ նույնիսկ դպրոց տորթ են տարել: Էրեխեքը զարդարել էին իմ երկու տների պատշգամբները,
ամուսինս՝ Դումանը, ինձ ծաղիկներ էր բերել:
Քութոն, Արջուկն ու Գրաֆը նույնպես եկել էին շնորհավորելու:
«Տիեզերք ջան, շնորհակալ եմ. ես շրջապատված եմ սիրով և հոգատարությամբ»,- մտածում էի ես:
Դեռ չգիտեի, որ աշխարհում իմ, Քութոյի, Դումանի, Գրաֆի, Արջուկի պես շատ շներ կան, որոնք չունեն այսպիսի ընկերներ, այսպիսի ընտանիքներ:
Դեռ չգիտեի….
Մենք ոչնչով ավել չենք իրենցից: Ոչնչով լավը չենք:
Մենք հանդիպել ենք լավ մարդկանց և մեկմեկու, դրա համար էլ երջանիկ ենք, հանգիստ:
Ես երազում եմ, որ մի օր Հայաստանի բոլոր շները տուն և ընտանիք ունենան:
Ես երազում եմ:

 

Գլուխ ԵՐՐՈՐԴ

Երևանում

Աստված իմ, տեսնես ո՞ր մեղքիս համար…
Էս ի՞նչ եմ արել… Աստվածներ, բնություն, տիեզերք, խնդրում եմ ներողամիտ եղեք, ես այդ նապաստակին չէի ուզում ուտել, Մարատ ձյաձյայի հնդկահավն էլ հաստատ իմ պատճառով չի ուղեղի կաթված ստացել, ես իրենց այդքան ուժեղ չէի վախեցնի, էստեղ ուրիշ բան կա… Աաաաա…..
Ոչ մի տիեզերական ուժ ինձ օգնության չէր գալիս:
Արմեն-Էմմաենց միջի Արմենի նման գործիքներ ունեցող տղան, Վերոնիկան, Նարինէն, Վերոնիկայի ընկերուհին չորսով դեռ վազում էին իմ ետևից…
Ամենատարօրինակն այն էր, որ Արմեն-Էմմայի Արմենի նման տղան իրականում հեչ իրեն նման չէր… Շատ սարսափազդու տեսք ուներ, մանավանդ իր ձեռքում փայլող մեծ սրսկիչը…
Թատրոնը շարունակվում էր. ես վազում էի պատերի վրայով, արդեն մտածում էի՝ ոնց առաստաղին բարձրանամ, իրենք բաժանվել էին խմբերի, ու բանտ/բանկ (էդպես էլ չսովորեցի) կողոպտելու նման ծրագիր էին մշակում, մեկ էլ մի վարդագույն փումփուլիկով տիկին մի վարդագույն շնիկի հետ, որին դեռ պետք է մի կարգին հաչալ սովորեցնել, ներս մտան, ու ես լույսի արագությամբ հասցրի անհետանալ էդ սարսափելի տարածքից:
Ինքնամոռաց վազում էի փողոցով: Մինչև որ հոգնեցի ու կանգ առա:
Շուրջս նայելը ավելի քան վախեցնող էր: Ամեն ինչ անծանոթ էր:
Ու՞ր են իմ բլուրները, յասամանի ծառը, ծիրանենին, դպրոցը… Ու՞ր են Քութոն, Արջուկը, Գրաֆը:
Ո՞վքեն են այս լիքը մարդիկ, որ մեկմեկու հրելով են քայլում, բայց չգիտես ինչի կողքովս անցնելիս կանգ առնում, մատով ցույց տալիս ինձ։ Մեկը նույնիսկ եկավ, փորձեց գլուխս շոյել, չթողեցի…
Մտածում էի հետ գնամ, բայց շատ-շատ էի վազել: Հոտով էլ արդեն չէի գտնի, շատ էի ճանապարհը խճճել:
Անիմաստ քայլում էի: Շփոթվել էի: Հենց վնգստալս գալիս էր, մի հատ ինքս ինձ հավաքում էի, հիշում ընկերուհուս խորհուրդը՝ ականջ չկախելու, հպարտ քայլվածքի մասին, բայց երկու րոպե այդքան գոհ տեսքով բեմականացում խաղալուց հետո էլի շփոթվում էի. ինձ ամեն ինչն անծանոթ էր, մարդիկ, տարածքը, կենդանի էլ չէր հանդիպում:
Ախար, էս ինչ արեցի… Վերոնիկաենք հո իմ վատը չէին ուզի… Միգուցե, էդ սարսափելի տեղն էդքան էլ սարսափելի չէր: Գոնե էնտեղ իմ ընկերներն էին:
Իսկ էստեղ․․.

-Էս ի՞նչ է եղել: Կորե՞լ ես:
Մի անծանոթ ձայն էր․ պտտվեցի, տեսնեմ շատ բարի դեմքով շուն էր, տղա-շուն, տեսքով Արջուկին էր նման, երևի, մայրը գերմանական հովվաշուն ա, հայրն էլ հայկական, կամ էլ հակառակը:
-Բարև: Կարո՞ղ ես ինձ ասել՝ որտեղ ենք:
-Երևանի Էրեբունի թաղամասում:
-Երևա՞ն:
Պոչս շարժեցի, տեղիցս վեր կացա, սկսեցի «լյա» նոտայով հաչալ, երջանիկ էի:
-Հա, Երևանն ա, իսկ ի՞նչ էիր կարծում:
-Ընկերուհիս Երևանում ա ապրում, ուրեմն շատ մոտ ենք, ես էլ գիտեի՝ իրենցից բավական հեռվացել եմ:
-Դուք մի քանի շներով եք ապրո՞ւմ:
-Հաաաա… Բայց, չէ, ես մարդու մասին եմ, ինքը Երևանից ա:
-Մի րոպե, բան չեմ հասկանում:
-Կարո՞ղ ա ասես՝ ոնց գտնեմ իրեն: Նա շեկ մազերով է, ցածրահասակ, մյուս աղջիկն էլ…
-Հեյ, դու պատկերացնում ես, էստեղ քո նկարագրածի նման ինչքան մարդ կա՞:
-Ըըըը….
Ոգևորությունս հօդս ցնդեց, ավելի շուտ՝ կոտրվեց: Պոչս կախեցի:
-Անունդ ի՞նչ է: Դու վզնոց ունես: Այսինքն տանն ես բնակվում:
-ՉԷ: Տանը չեմ բնակվում:
Կարծես ամբողջ էներգիաս միջիցս հանեին մի ակնթարթում: Չգիտեմ՝ ինչ զգացում էր, բայց հեչ հաճելի չէր:
-Իսկ դո՞ւ: Դու վզնոց չունես, այսինքն դու դրսում ե՞ս բնակվում: (Ըստ այդ շան տրամաբանության այդպես էր ստացվում):
-Այո: Ինձ հանել են տանից:
-Դե հա, երևի, խոհանոց ես մտել, չեն թողել, չէ՞:
-Չէ, ընդհանրապես: Էլ չեն թողնում մոտ գնամ իրենց: Առաջ, երբ դեռ կարծում էի, որ ամեն ինչ սխալ եմ հասկացել, հետ էի գնում, ուրախ-ուրախ թրվռում, մոտ վազում, ուզում տիրոջս ձեռքերը լպստել, էն էլ ինձ տեսնում՝ փոխում էր ճանապարհը, վերջին անգամ էլ ինչ-որ բան գոռալով ոտքով ինձ հրեց, ինչից հետո որոշեցի, որ իմ տունը փողոցն ա…
Սկզբում դժվար էր: Մանավանդ յոթ տարի տանն ապրելուց հետո: Հետո… Հետո սովորեցի:

Ես չէի կարողանում հավատալ, որ ընկերոջը կարելի է դուրս հանել տանից… Չէ, հնարավոր չէ…
-Իսկ դու կարո՞ղ ա մի բան սխալ ես հասկացել:
Ես մարդկանց լեզուն հասկանում եմ, եթե ուզում ես կարող ենք գնալ ու..
-Իրո՞ք,- պոչը շարժեց:
Հետո դանդաղեցրեց: Վերջում էի կախեց,— չէ, պետք չի: Չեմ ուզում ինձ էլ ավելի վատ զգալ:
Դու էն ասա ՝ անունդ ինչ է, ու վերջիվերջո չեմ հասկանում՝ ոնց ես հայտնվել էստեղ ու մի վայրկյան, ո՞նց թե մարդկանց հասկանում ես: Լրիվ ասածները հասկանու՞մ ես:

Սկսեցի կյանքս պատմել: Արդեն մթնում էր:
Մենք շատ երկար խոսեցինք:

Ես աչքերս լցրած նայում էի Լուսնին:
Իրենից պատասխան էի ակնկալում:
Ուզում էի հասկանալ, ոնց ա ստացվում, որ օրերից մի օր մարդիկ արթնանում են ու որոշում, որ իրենց ընկերը էլ իրենց ընկերը չի… Էլ իր համար տեղ չկա, ժամանակ չկա, հավես չկա: Ո՞նց: Ո՞նց են կարողանում դավաճանել։ Ախր, դա դավաճանություն ա, սպանության տեսակներից մեկն ա․․․
Ջեկոն ինձ պատմեց, որ իր հետ շատ արկածային պատմություններ են եղել այս ընթացքում:
Պատմեց, թե ինչպես ա մահից փրկվել. փախել ինչ-որ յունիգրաֆ իքս, թե իգրեկ անունով մի կազմակերպությունից… Պատմեց, որ իր հետ այնտեղ հայտնված շատ շներ ու կատուներ չկարողացան փրկվել:
Իմ բուրդը շարունակում էր բիզ-բիզ կանգնել, արցունքներս արդեն խեղդում էին:
Խնդրեցի գնանք այդտեղ ու փրկենք մնացածին: Երկուսով կկարողանանք: Երկուսով ուժեղ կլինենք: Մեկի վանդակը կբացենք, արդեն երեքով կլինենք ու էդպես կշատանանք, կհաղթենք:

-Բելկա, հիմա կոնկրետ այդ կազմակերպությունը չկա: Հիմա էլ վախենալու բաներ չկան:
-Այսինքն էլ ոչ մեկ չի գողանում մեր ընկերների՞ն:
-Չէ՛:

Հենց չէ-ն ասաց թե չէ, երկու անծանոթ մարդիկ մոտեցան մեզ ու նրբերշիկ տվեցին. ինչ ճիշտ, էդ ճիշտ, էնքան սոված էի, որ ստամոքսս, երևի, մտածել էր, որ արդեն մահացել եմ: Հետո էլ ինչ-որ մոգական ձևով ես ու Ջեկոն հայտնվեցինք մի մեքենայի մեջ:

-Ջեկո, էս ո՞վքեր են: Ի՞նչ են ուզում մեզանից:
-Չգիտեմ, Բելկա, ես էլ չգիտեմ… Ռաաաֆ: Արի փախնենք, էս ո՞ւր ընկանք:
-Սպասիր փորձեմ լսել, թե ինչ են ասում:

-Ջեկո, նրանք ասում են, որ ես ու դու կորել ենք, երևի:
Ու ասում, որ սպիտակ շունը՝ այսինքն ես, պարոդիստի եմ ու վզկապ ունեմ, ուրեմն հաստատ տեր ունեմ:
Ի՞նչ է այդ «պարոդիստին»:
-Նշանակում է, որ դու ուրիշ ցեղատեսակից ես, դե հարուստ:
-Հը՞: Ի՞նչ հարուստ: Ուրիշ ցեղատեսակը ո՞րն ա:
-Այն ցեղատեսակները, որոնք մարդկանց դուր են գալիս:
Որը իրենք այնքան են սիրում, որ գումարով ձագերի են առնում, իսկ մեր նման «խառնուրդներին» սկի որդեգրել էլ չեն ուզում: Նվեր ստանալու դեպքում էլ որոշ ժամանակ անց հոգնում ու տնից հանում են:
-Ի՞նչ: Չեմ հասկանում:
Դու էլ ես շուն, ես էլ: Ձագ առնելը ո՞րն ա: Կամ այդ ցեղատեսակների տարբերությունը ո՞րն ա: Կարո՞ղ ես ավելի մատչելի բացատրել:
-Օրինակ ձեր արտաքինը: Դու շատ սիրուն ես, փարթամ, այնպիսին, որին անընդհատ կուզեն շոյել, դուրս գալ ու զբոսնել հետը, որ մնացածը տեսնեն ու հարցնեն ՝ էս ձեր շունն ա: Արի ու մի ասա, մեկ-մեկ մարդիկ իրենք իրենց գերազանցում են: Վզկապով կողքով քայլում է, բա կարո՞ղ ա Վլադիմիր Իլյիչինն ա:
-Վլադիմիրն ո՞վ ա: Ջեկո, բայց դու էլ ես սիրուն: Մեր ընկեր Մկրտչյանենց Արջուկը իսկը քեզ նման է, ու նրան շատ են սիրում, շատ։ Ու ընդհանրապես բոլորը սիրուն են: Եթե ինչ-որ մեկը գոյություն ունի, ուրեմն հաստատ իր մեջ սիրունություն կա..
-Բելկա: Դու քեզ հայելում տեսե՞լ ես:
-Հա, ես ինձ նկարներում էլ եմ տեսել:
-Տեսնում ես, քեզ հետ ուզում են նկարվել…
-Վայ, խնդրում եմ: Ռուֆ: Ի՞նչ ես ասում: Քեզ հետ էլ կուզեն նկարվել:
Դու էլ ես շատ լավը, շատ սիրունը, շատ ուժեղը:
Ես համոզված եմ, եթե իմ մազերը, օրինակ կապույտ կամ կանաչ լինեին, մռութս ուրիշ, ականջներս՝ ուրիշ, ո՛չ Ֆելո ձյաձյան, ո՛չ Տաթևը, ո՛չ Միքոն, ո՛չ Վերոնիկան ինձ պակաս չէին սիրի:
-Դու էդքան մեծ ընտանիք ունե՞ս:
-Իրենք բոլորը նույն ընտանիքից չեն: Վերոնիկան իմ ընկերն ա… Ու ինքը հաստատ քեզ էլ կսիրեր, եթե տեսներ:
-Երանի քեզ, Բելկա: Ռաֆ:
Պոչը շարժեց:

Ես էլ հակառակը: Շատ տխրեցի:
Ջեկոյի ասածները փչացած ժապավենի պես մտքումս անընդհատ պտտվում էին:
Հասանք ինչ-որ մեծ դարպասներով տեղ: Շատ-շատ ձայներ լսվեցին: Շներ էին: Վայ․․․Կատունե՞ր:
Չէինք կարողանում հասկանալ։ Մեկի ասածը չէր թողնում մյուսինը լսել: Բայց պարզ էր այն, որ իրենք էլ էին հետաքրքրված, թե ովքեր են եկել:

Միգուցե և վախենալու լիներ, մանավանդ, որ մութ էր, բայց հետաքրքրությունը չէր թողնում:
Լսեցի մի քանիսի զրույցը՝ արդյոք ողջ, առողջ են, ինչ վիճակում են էս նորեկները:
Անհանգիստ էին:
«Մենակ թե ուղղակի մոլորված լինեն, իրենց էլ բան եղած չլինի»… Էս տեսակ նախադասություններ էին օդում պտտվում: Ինչի՞ օդում: Ես իրենց լսում էի, բայց, ախար, չէի տեսնում:
Ես ու Ջեկոն որոշեցինք բարևել:
Ու այստեղ ամեն ինչ սկսվեց:

 

Գլուխ ՉՈՐՐՈՐԴ

Կացարանում. Իմ կյանքի ամենաուրախ և ամենատխուր օրը

Երբ մի քանի քայլ արեցինք, տեսանք էն բազում շներին, ովքեր մեկը մյուսին հերթ չտալով ողջունում, ցավակցում ու միևնույն ժամանակ շնորհավորում էին մեզ։
-Էս ինչի՞ են մեզ ցավակցում կամ շնորհավորում, էս ինչ ահնասկանալի ա։
-Շուտով ամեն ինչ կիմանաս, Բելկա, – ասաց Ջեկոն և առաջ գնաց։

Նա գտավ յունիգրաֆից իր հետ փախած մի կատվի, ում անունը Միլա էր։
-Բարև։ Ինչ լավ է՝ողջ-առողջ ես, անունդ ի՞նչ է,- հարցրեց նա ինձ։
-Բարև, անունս Բելկա է։ Շնորհակալ եմ անհանգստության համար,- շտապեցի ասել ես, քանի որ ուզում էի մի քիչ արագացնել էս ամեն ինչը, մինչև էն պահը, որ վերջապես հասկանալի լիներ, թե այդ ինչ տեղ էր, ու ինչի պիտի ողջ-առողջ չլինեինք։
Պտտվեցի ու տեսա շատ-շատ հայացքներ, բոլորը բարևում էին, մի քանիսը նույնիսկ հաճոյախոսեցին ինձ։ Մի լուռ շուն տեսա, որոշեցի մոտենալ։
Նա պառկած էր։ Մոտեցա և բարևեցի։ Պոչ չուներ, որ շարժեր, բայց զգացի, որ տրամադրությունը մի փոքր բարձրացավ։
-Ես Բելկան եմ, իսկ դո՞ւ։
-Ես էլ Չառան։
Գլուխը նորից ներքև դրեց։ Շատ տխուր էր։ Այստեղ հասկացա, որ կենդանիներն էլ մարդկանց նման տխուր են լինում, որոշ դեպքերում՝ անհամեմատ տխուր։ Այսպիսի տրամադրություն, ավելի շուտ տրամադրության միանգամայն բացակայություն երբեք չէի տեսել ոչ մեկի մոտ։ Մինչդեռ մի քանի վայրկյան մտածում էի՝ ոնց անեմ, ինչ անեմ, որ մի քիչ ուրախանա, մի մեծ սև շուն մոտեցավ մեզ։
-Բարև, նորեկ։ Էս ի՞նչ է եղել։ Ինչի՞ ես էստեղ հայտնվել,- ասաց նա ինձ։
-Կորել եմ։ Պատվաստումից վախեցել և փախել եմ։
-Տերերի՞ցդ։
-Ընկերներիցս։ Իսկ դուք ո՞նց եք այստեղ հայտնվել։ Սա գյո՞ւղ է, մեծ տո՞ւն է։
-Հա, եթե այսպիսի մեծ տները չլինեին, մենք վաղուց մեռած կլինեինք։
Իսկ դու շատ մեծ անխելքություն ես արել։ Չպետք է փախնեիր նրանցից, ովքեր քեզ ուզել են բուժել, քեզ սիրում են ու քո ընկերներն են։
-Գիտեմ։ Արդեն հասկացել եմ ու զղջում եմ։
-Ոչինչ, հիմա համակարգիչները մեծ հնարավորություններ են տալիս։
Հենց այդ նախադասությունն ասաց, մի աղջիկ ժպտալով մոտեցավ ու շոյեց Ռոյին (այդ սև մեծ շան անունը Ռոյ էր), հետո ինձ։ Այնուհետև ինձ նկարեց, ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, ու ինձ կգտնեն ու հեռացավ։

-Ըհըն, սա էլ քեզ գտնելու համար է։
-Հա, արդեն հասկացա։ Իսկ դու ո՞նց ես էստեղ հայտնվել։ Ու ի՞նչ էիր ուզում ասել. «եթե այսպիսի մեծ տները չլինեին, մենք վաղուց մեռած կլինեինք» նախադասությունից հետո։

Ռոյը ինը տարեկան էր, այստեղի ամենահին բնակիչներից մեկը։ Մինչև վեցուկես տարեկան նա ապրել էր բնակարանում, հետո հիվանդացել էր, ու նրան բուժելու փոխարեն տարել էին այգի ու այնտեղ կապել։ Ռոյը մի քանի օր գլխի չէր ընկնում, թե ինչի է էդտեղ, ուր են իրեն պահողները։ Սովի տագնապով հաչում էր, բայց մարդիկ անցնում էին, մտածում, որ տերերը շուտով կգան, տան շուն է, ու ոչինչ չէին անում։
Վեցերորդ օրը մի աղջիկ է մոտեցել, իր ձեռքի կարկանդակից մի մաս պոկել ու հյուրասիրել, Ռոյը տեղից չի էլ շարժվել։ Այդ աղջիկն անհանգստացել ու զանգել է այս մեծ տան, ինչպես Ռոյն ու Չառան ասացին՝ կացարանի տնօրեններին։
Աղջկան խնդրել են նկարի շանը, որպեսզի համակարգչի օգնությամբ տարածեն։
Ոչ ոք չի արձագանքել։ Միայն մի կին գրել էր, որ օրեր առաջ էլի տխուր վիճակում տեսել է այդ շանը նույն տեղում։ Հասկանալուց հետո, որ Ռոյին ուղղակի կապել ու գնացել են առանց վերադառնալու միտման, կացարանի տնօրենները որոշ գործիքներով հասել են այգի ու ազատել Ռոյին։ Ռոյը ուժասպառ եղած վիճակում ուզել է վազել, գնալ տուն, բայց չի կարողացել։ Այդպիսով Արմեն-Էմմաենց միջի Արմենի նման մի մարդու մոտ են տարել, բուժել, կերակրել ու բերել այստեղ՝ այս մեծ ընտանիքը։
Ես շարունակում էի լսել՝ չնկատելով, որ Ռեքսը, Միլան ու շատ ուրիշներ հայտնվել են մեր կողքին։
Մի կին ու մի տղամարդ եկան, ասացին, որ ուտելու ժամ է, ու որ մնացածը չնեղանան, բայց երկու նորեկներին մի փոքր ավել չափաբաժին են տալու։
Մնացածը ոչ միայն դեմ չեղան, այլև ասացին․
-Ջեկո և Բելկա, եթե չկշտանաք, ասեք, մենք մեր բաժիններից էլ ձեզ կհյուրասինենք, ով գիտի՝ ինչքան եք սոված մնացել։
-Չէ, չէ, սա շատ լավ է,- միաժամանակ ասացինք ես և Ջեկոն, ու բոլորով ծիծաղեցինք։
Ծիծաղեցինք, բայց սիրտս տխուր էր։ Ռոյի պատմությունը լսելով հասկացա, որ էստեղ յուրաքանչյուր կենդանի իր սեփական պատմությունն ունի․․․ Մեկինը քիչ տխուր է, մյուսինը՝ ավել։
-Էս ուտենք վերջացնենք, կգա՞ք խաղանք,- ասաց փոքր-մոքր Գեռան։
-Այո՜, էս անգամ գետնից բարձր ենք խաղալու։
Ես նույնպես ուրախացա իրենց ոգևորությունից, բայց նկատեցի, որ շատերը ուղղակի ժպտացին։
-Մենք էլ հաշիվը կպահենք,- ասաց Չառան ու նայեց Լինդային, Զևսին, Լոկիին։
Եթե երկու վայրկյան պակաս մտածեի, կյանքիս ամենամեծ սխալներից կգործեի։
Արդեն իսկ հացրնում էի ՝ ինչի չե՞ք ուզում խաղալ, ու հենց այդ պահին նկատեցի, որ այդ չորս բարի, անսահման սիրուն ու հավես, ընկերասեր շներին մի բան է միավորում։
Նրանցից ամեն մեկը հաշմանդամություն ուներ։
Լինդան կորցրել էր ետևի երկու ոտքերը, Զևսին հաջողվել էր պահպանել միայն առաջին ձախը, Լոկին ոչ միայն գրեթե չէր տեսնում, այլև չէր կարողանում շարժվել․ ավելի ուշ իմացա, որ ողնաշարին քարով խփել, հետո էլ այրվող երկաթ են գցել․․․ Չառան էլ․․․ Չառան էլ երբեք միայնակ չէր տեղաշարժվում, քանի որ չորս ոտքից չորսն էլ չկային․․․
Այդ պահին կատաղեցի, սկսեցի բարձր, շատ բարձր ոռնալ։ Ուզում էի հասկանալ՝ այդ ոնց են այս օրն ընկել, լաց էի լինում։
Բոլորը խառնվեցին իրար։ Մի տղամարդ եկավ, ինձ փորձեց այդտեղից տանել, բայց Միլան ու Ջեկոն չթողեցին։
-Բելկա, հանգստացիր։ Ինձ թվում է, ես հասկացա, թե քեզ ինչ եղավ,- իրեն գետնից առաջին ու միակ թաթի օգնությամբ թռցնող Զևսն էր։
-Զևս․․․ Ես, ես․․ Կնե․․
-Ինչի՞ համար ես ներրողություն խնդրում։ Դու ոչ մի վատ բան չես արել։ Հասկանում եմ, որ սոլիդարությունդ քեզ չի թողնում հարցեր տաս։
Եթե ուզում ես, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Համենայն դեպս իմ պատմությունը կարող եմ պատմել։
-Քեզ դժվար չի՞ հիշել։
-Առաջ շատ դժվար էր։ Հեշտ չէր չորս ոտքից հետո մեկով յոլա գնալը․ իսկ ավելի կոնկրետ էն ըմբռնումը, որ մեկով յոլա գնալ չի լինի։ Բայց նայիր շուրջդ․ տես՝ ինչքան մեծ ընտանիք է։ Էս ընտանիքի շնորհիվ վերադարձա կյանք։ Սկսեցի հասկանալ, որ միգուցե և շատ դժվար ու անհարմար է այսպես ապրելը, բայց կյանքս էլ հո փրկվել է։
Պոչը շարժեց։ Պոչը մնացել էր ձախ թաթի հետ․․․
Ես չկարողացա իմն էլ շարժել։
Բայց գլուխս բարձրացրի։
-Ես այս քաղաքից հեռու էի ապրում։ Շատ մարդամոտ էի, բայց նաև գիտեի, որ հարկ եղած ժամանակ տերերին պետք է պաշտպանել ու սարի պես կանգնած էի իրենց առաջ։
Մի օր, երբ տերերը տանը չէին, հարևաններից մեկը փորձեց տուն ներխուժել։ Ես նրան բնականաբար չթողեցի։ Նա ինձ խփեց մի մեծ քարով, բայց ես հասցրի իր կոշիկը պատռել։
Դրա մասին բոլորն իմացան։ Տերերս ինձ պարգևատրումներ բերեցին իմ սիրելի մսեղենի տեսքով։ Մեջքիս վերքն էլ, որը քարի հարվածից էր առաջացել, շուտով անցավ Լանա տոտայի հոգատարության շնորհիվ։
Բայց մի օր, երբ տերերս էլի տանը չէին, էն հարևանս էլի եկավ, բայց այս անգամ ոչ միայնակ։ Նպատակն էլ կողոպուտը չէր։
Նա որոշել էր ինձանից վրեժ լուծել։ Դե արդյունքն էլ տեսնում ես։
Ես հասցրի կծել նրանցից մեկին, որն իմ ատամներից մի քանիսը ջարդեց։ Մանրամասները պատմել չեմ ուզում։
Հավատա, որ երեք թաթերի ու ութ ատամի կորուստը չէր ամենացավոտը։
Ամենացավոտն այն էր, որ երբ տերերս եկան ու ինձ տեսան այդ վիճակում, գնացին հաշվեհարդար տեսնելու, բայց և ժողով գումարեցին ընտանիքով ու գցեցին-բռնեցին, որ այսպիսի վիճակում ես էլ իրանց պետք չեմ։ Էլ չեմ կարողանա ոչ տունը հսկել, ոչ իրենց պաշտպանել։
Ինձ մեքենայով տարան ու թողեցին մի չոլում։ Տերս աչքերը լցրած նայեց ինձ, շուռ եկավ ու գնաց։ Ես վնգստում էի։ Լացում ցավից։ Վերքերս բորբոքվել էին, ինչքան էլ առաջին օրը մի քիչ օգնություն ցուցաբերել էին․․․
Ուզում էի մի սուր բան գտնել ու կուլ տալ, որովհետև ապրելս ոչ միայն անիմաստ էր, այլև ցավին էլ չէի դիմանում։ Վնգստալուս արդյունքում մի խումբ մարդիկ, շատ մեծ պայուսակներով մեջքներին, եկան ու ինձ տեսան այդ վիճակում։
Հետո հիշում եմ, որ կլինիկայում արթնացա։ Ինձ մի կին ժպտում ու ջուր էր տալիս։

Ես շարունակում էի լսել։ Լսել ու փորձել լաց չլինել, որ հանկարծ չնեղացնեմ Զևսին։
Մտքումս անընդհատ էդ պատմությունն էր։
Էն նախադասությունը ՝ պետք չլինելու մասին, ինձ ամենաշատն էր ցնցել։
Զևսը պաշտպանել էր իրենց, համոզված եմ ոչ թե երկու, այլ շատ անգամներ․ ուղղակի այդ երկուսն էին պատմության գլխավոր դեպքերից։
Զևսը ընտանիք ուներ։ Ընտանիք, որն իրեն դավաճանեց։
Որ ոչ միայն չօգնեց, այլ նաև սպանեց ապրելու ցանկությունը։
Ես ուզում եմ գնալ, գրկել ու լպստել բոլոր նրանց, ովքեր օգնել են նրան։ Նրան, Միլային, Չառային, Լոկիին, Լեսսիին, Մուխտարին, Ջինային ու բոլոր-բոլորին, ովքեր դրա կարիքն են ունեցել։
Ես շնորհակալ եմ այս ու այսպիսի կացարանների տնօրեններին, որ այսքան մեծ գործ են անում՝ ապրելու ցանկությունն են վերադարձնում ՝ ապրելու պայմաններ ստեղծելով։

Աչքերս պինդ սեղմում ու երազանք էի պահում, որ էլ ոչ մի կենդանու չվնասեն, չդավաճանեն, չլքեն․․․Որ էլ ոչ ոք ցավ չզգա։
Բավական ժամանակ չքնեցի։ Չէի կարողանում։ Հետո, երևի, մտքերս ուժերս տարան, աչքս կպավ։

Երբ լույսը բացվեց, տնօրեններից մեկը ուրախ եկավ ու ինձ հայտնեց, որ իմ ետևից եկել են։
Ես վազեցի ու տեսա Վերոնիկաենց։ Երկու թաթերի վրա կանգնեցի ու գրկեցի նրանց։ «Լյա» նոտայով հաչում էի, թրվռում։
Հետո պտտվեցի ու տեսա ՝ ոնց են բոլորը պոչերը շարժում, իսկ ով չուներ՝ «մի» նոտայով հաչում, որը նշանակում է, որ քո ուժերին հավատում են կամ հավատում էին, այլ կերպ ասած «պադձեռժկայի» նոտան է։
Չգիտեմ ՝ ինչ հետս կատարվեց։
Էրեխեքը մոտեցան շներին, շոյեցին նրանց, որոշ ժամանակ խաղացինք։
Նրանք հասկացան ինձ։
Երբ եկավ հրաժեշտ տալու պահը, շփոթվեցի։
Չգիտեի՝ ինչ անել։ Իրենք բոլորը ինձ մի գիշերվա ընթացքում շատ հարազատ էին դարձել։ Բոլորն իմ ընկերներն էին։
Ջեկոն մոտեցավ, ընկերուհիս շոյեց գլուխը՝ լավ-լավ բաներ ասելով։
Ջեկոն պոչը շարժեց և ասաց, որ ճիշտ էի։
Ավելացրեց, որ պետք է գնամ։
Իսկ ինքը հնարավորություն ունի կացարանում մնալու իր հին և նոր ընկերների հետ։

Այդ օրը երբեք չեմ մոռանա։
Այդ օրը շատ բան փոխեց իմ մեջ։
Իմ կյանքի ամենաուրախ և ամենատխուր օրը։
Ես խելոք-խելոք ստացա պատվաստումս, ու ինքս ինձ խոստացա, որ էլ երբեք չեմ փախնի։
Չնայած որ կարծում եմ ՝ այդ փախուստը շատ ճակատագրական էր ինձ համար, անհրաժեշտ ու կարևոր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *