Աննա Ադամյան | Տառի, Հեռախոսի ու Համակարգչի վեճը

Լինում էր չէր լինում մի մոլորակ էր լինում։ Այս կլոր`կես կապուտակ, կես կանաչ գունավորված մոլորակում սիրով ու համերաշխ ապրում էին մարդիկ։ Մարդկանց կողքին ապրում էին նաև կենդանիները՝ տարբեր տեսակի՝ մեծ ու փոքր, վայրի և ընտանի։ Սկզբում մարդիկ ու կենդանիները շատ սիրով ու համերաշխ էին ապրում, մարդիկ սիրում էին պահել ընտանի կենդանիներ, նրանց հետ խաղալ։ Շատ էին սիրում նաև ազատ օրերին ընտանիքի անդամներով դուրս գալ զբոսնելու, քայլելու, խաղալու։ Բայց․․․ մի օր էլ երկրագունդ եկան Հեռախոսն ու Համակարգիչն․ ու ամեն ինչ փոխվեց։
Մարդիկ էլ չէին սիրում կենդանիներին, չէին սիրում քայլել, զբոսնել, իսկ ամենավատն այն էր, որ երեխաներն էլ դուրս չէին գալիս խաղալու, փողոցներում էլ չէին լսվում մարդկանց ու երեխաների ուրախ ձայները։ Ամեն մեկը զբաղված էր իր գործով՝ կա´մ հեռախոսի մեջ էր, կա´մ՝ համակարգչի, իսկ շատերը միառժամանակ և՛ համակարգչի, և՛ հեռախոսի։ Հեռախոսն ու Համակարգիչն այնքան կարևորվեցին, որ սկսեցին վերևից նայել նույնիսկ իրենց՝ մարդկանց․ չէ որ ամեն օր մարդիկ հեռախոս ավելի շատ էին օգտագործում, քան գիրք կարդում, ավելի շատ էին հեռախոսով խաղեր խաղում, քան իրենց հարազատների հետ զրուցում։ Իսկ Համակարգիչը սկսեց իրեն թագավոր կարծել՝ չէ որ իրենով էին կառավարում ամեն ինչ, իրենով էին դժվար թվացող հաշվարկներն անում ու էլի, էլի՜ շատ բաներ։ Հեռախոսին ու Համակարգչին թվում էր, թե առանց իրենց մարդիկ կձանձրանան, չեն կարողանա ապրել․․․նրանք մոռացել էին, որ մինչև իրենց մոլորակ գալը մարդիկ էլի ապում էին շատ ուրախ ու հետաքրքիր կյանքով․ նամակներ էին գրում իրար, իրար տուն էին այցելում, խաղում էին իրար հետ ու էլի նման շատ լավ բաներ էին անում։
Օրերից մի օր հասարակ մի մարդու տանը շատ կարևոր մի բան պատահեց․ Տառը, Հեռախոսն ու Համակարգիչը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՞վ է ամենակարևորը մարդու կյանքում։ Ամեն մեկը դիմացինին համոզում էր, որ մարդու համար ինքն է ամենաանհրաժեշտն ու ամենաօգտակարը։ Նրանց վեճն այնքան ուժեղ էր, որ հարևան տների հեռախոսներն ու համակարգիչները ևս ուշադիր լսում էին նրանց խոսքերը․ դե իհարկե հեռախոսները պաշտպանում էին Հեռախոսին, իսկ հարևան տների համակարգիչները՝ իրենց ընկեր Համակարգչին։ Իսկ խեղճ Տառը մնացել էր մենակ․ հարևան տներում չկար ոչ գիրք, ոչ տետր, ոչ էլ որևէ մեկը, ով կկարողանար գրել տառերը թղթի վրա։ Բայց տառը չէր հանձնվում։
-Գիտե՞ք, եթե ես չլինեմ, – ասում էր Տառը, – մարդիկ չեն իմանա, թե ինչպես գրեն գրքեր, ինչպես արտահայտեն իրենց մտքերը։ Եթե մարդիկ չիմանան գրել, չիմանան տառերն ու գիրն ընդհանրապես, ապա չեն կարողանա նույնիսկ խոսել, չեն կարողանա անվանել առարկաներն իրենց անուններով։ Նույնիսկ ձեր երկուսի անուններն իմ միջոցով եք ստացել։ Հետո, մարդիկ չեն կարողանա իրար նամակներ գրել, կդադարեն օգտագործել քեզ՝ հեռախոս ու նույնիսկ քեզ՝ համակարգիչ․ դուք երկուսդ կդադարեք գոյություն ունենալ։ Ամեն ինչ ինձանից է սկսվում․ ես չլինեմ՝ դուք էլ չեք լինի։
Համակարգիչը գոռոզ հայացքով չափեց տառին և հեռախոսին, ապա խրոխտ ձայնով ասաց․
-Տա՛ռ, հիմա մարդը իմ կարիքն ավելի շատ ունի, քան քո և հեռախոսի։ Մարդը հիմա կախված է միայն ու միայն ինձանից․ ինչքան կարևոր տեղեկություն կա աշխարհի մասին բոլորն իմ մեջ է։ Եթե ես ցանկանամ, մեկ վայրկյանում կարող եմ վերացնել այս մոլորակը և ստեղծել նորը։ Հիմա ամեն ինչ կապված է ինձ հետ․ մարդը չի կարող աշխատել առանց ինձ, իսկ եթե չաշխատի, ապա սոված կմնա, եթե չուտի, ապա կմահանա։ Դրա համար էլ ես ամենակարևորն եմ մարդու կյանքում։
-Այդ ինչու՞, -զարմացավ Հեռախոսը, -երբ հարյուր հիսուն տարի առաջ դու չկայիր մարդիկ չէի՞ն կարողանում ապրել։ Առանց քեզ էլ կարող են շատ լավ ապրել, մարդը շատ աշխատասեր է, քեզ էլ է ինքն այս մոլորակ բերել։ Բայց այ, առանց ինձ մարդը լիարժեք չի կարող ապրել։ Ամենակարևորը ես եմ, նույնիսկ դու ես առաջացել ինձանից։ Ես քո կարիքը չունեմ, բայց մարդիկ իմ կարքիը շատ ունեն։ Եթե ես չլինեմ, մարդիկ չեն կարող խոսել իրենցից հեռու գտնվող ծնողների, բարեկամների և սիրելիների հետ։ Իսկ եթե չխոսեն, ապա շատ կկարոտեն, իսկ եթե կարոտեն, ապա երջանիկ չեն լինի, -ու Հեռախոսը երկա՜ր-երկա՜ր խոսեց, չնկատելով, որ Տառն ու Համակարգիչը վաղուց չէին լսում իրեն։
Իրականում Տառը, Հեռախոսը և Համակարգիչը չէին ուզում լսել իրար. ամեն մեկն իր խոսքն էր առաջ տանում, ամեն մեկը թվարկում էր միայն իր լավ կողմերը, բայց ոչ մեկը չէր տեսնում այն վնասը, որ տալիս էր մարդուն։ Միայն Տառն էր, որ ամենահամեստն էր նրանցից․միգուցե նա գիտեր, թե իր համար որքան շատ ծառեր են կտրվել ու հիմա էլ կտրվում են։
Նրանք այդպես դեռ երկար կշարունակեին վիճել, եթե տանտերը հանկարծ չմտներ սենյակ։ Սեղանի վրա կողք կողքի դրված հեռախոսը, համակարգիչը և թղթե տառերը շունչները պահած սպասեցին, թե ինչ է անելու գիրուկ տղամարդը։ Տանտերը շատ զայրացած էր, այնքան զայրացած, որ կլոր դեմքը կարմիր էր կտրել, իսկ ձեռքերը դողում էին։ Նա շատ արագ մոտեցավ սեղանին, վերցրեց Հեռախոսն ու այնքան ուժեղ զարկեց հատակին, որ այն մաս-մաս եղավ։ Վախեցած Համակարգիչը նայեց Տառին՝ կարծես օգնություն հայցելով։ Նա հասկացավ, որ հերթն իրենն է․ միայն թե ինքն էլ Հեռախոսի բախտին չարժանանա։ Տանտերը, սակայն, Համակարգչի նկատմամբ ավելի մեղմ գտնվեց․ պահարանից հանելով արկղը՝ Համակարգիչը կոպտորեն գցեց մեջը և փակեց-դրեց մութ պահարանում։
-Դե մնա այդտեղ՝ աչքիցս հեռու,- փնթփնթաց տանտերը, -հիմա ոչ ոք չի անհանգստացնի ինձ՝ ոչ հեռախոս ունեմ, ոչ համակարգիչ: Ժամանակն է վայելելու իմ կյանքն ընտանիքիս գրկում, ոչ թե ձեր։
Տառերը շունչները պահեցին. հերթն իրենց էր հասնում: Տառերը չէին հասկանում, թե ինչու տանտերն այդպես վարվեց, բայց շատ խղճացին Հեռախոսին, մի քիչ էլ Համակարգչին։
-Իսկ ձեզ ես կտամ իմ փոքրիկ զարմիկին. նրա գրել-կարդալ սովորելու ժամանակն է, -նայելով սեղանի վրա դրված թղթե տառերին՝ ինքն իրեն ասաց տանտերը: -Դուք դեռ մեզ շա՜տ-շա՜տ եք պետք գալու, քանի որ դեռ շատ սերունդներ ունեք կրթելու: -Տանտերը վերցրեց թղթե տառերն ու դրեց պայուսակի մեջ: Հետո ինքնագոհ նայեց ամեն ինչից ազատ իր սեղանին ու դուրս եկավ սենյակից:
Հարևան տների հեռախոսներն ու համակարգիչները, տեսնելով իրենց ընկերների վերջաբանը, բնավ չտխրեցին, մտածեցին իրենք այնքան շատ են, որ մեկի կորուստը ոչինչ չի կարող փոխել։ Ամեն մեկն անցավ իր գործին՝ այդ ամենից դաս քաղելով միայն մեկ բան․ պետք չէ վիճել մի բանի շուրջ, որն առանց այդ էլ պարզ է՝ իրենք միշտ էլ կարևոր են լինելու մարդու կյանքում։
***
Այս վեճից հետո անցավ շատ ժամանակ։ Ճիշտ է, շատ վայրերում մարդիկ դեռ անբաժան էին հեռախոսից ու համակարգչից, բայց դանդաղ-դանդաղ նրանք սկսեցին գիտակցել, թե ինչ են բաց թողնում իրենց կյանքում Հեռախոսի ու Համակարգչի պատճառով։ Ու կամաց-կամաց այդ տանտիրոջ նման, մարդիկ սկսեցին մի կողմ դնել հեռախոսներն ու համակարգիչները և զբաղվել իրենց կյանքով, իրենց երեխաներով ու սիրելիներով։
***
Ու այսպես Տառի, Հեռախոսի ու Համակարգչի վեճն ավարտվեց։ Նրանք մոռացել էին կարևոր մի բան․ աշխարհում միայն մարդն է որոշում՝ ինչն է իր համար ամենակարևորը, նաև միայն մարդն է որոշում, թե իրեն որքան օգուտ և վնաս կարող են տալ հեռախոսն ու համակարգիչը։
Իսկ մենք միշտ պեքտ է հիշենք՝ ամեն ինչ ունի իր օգտակարության ու վնասի չափը: Դե, իսկ տառերն ու գրերը երբեք չեն կորցնում իրենց կարևորությունը։
***
Իսկ դուք համամի՞տ եք տանտիրոջ հետ։

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *