Անրի Գրիգորյան | Թե ինչպես Պետրուշա Գորբունովը նստեց սխալ աթոռին

Թոռներիս ասեմ, թե ինչ պատահեց հիսուներեք տարի առաջ Վրաստանում, 2019 թվի մի անմեղ ամառային օր, երբ ռուս չինովնիկ Պետրուշա Իվանովիչ Գորբունովը չնայեց աջ, չնայեց ձախ ու ուղիղ ու անվարան դրմփաց մի աթոռի վրա, որը, պարզվեց, հեչ էլ սովորական աթոռ չէր: Լուրը բերնեբերան հասավ Ռուսաստանի խուլ գյուղերից մեկը, Պետրուշայի տատուն՝ Նաստյա Վասիլևնային, որը լինելով ծանր ու փարթամ կին, բոլորից ծանր տարավ դեպքը, դատարկեց հնացած կատվախոտի սրվակն ու անկողին ընկավ:
-Ախ դու՜, Պետրուշա՜, մալենկի պրոկազնիկ,- քթի տակ տրտնջում էր տատն ու հիշում ծառերի վրա խնձորի որդի պես սողացող ու քարից քար ծիտիկի պես ցատկոտող չարաճճի Պետրուշային, որ մեծերի աչքից ամեն գնով թաքցնում էր վնասված ծնկները,- էս ի՞նչ վիշտ բերեցիր գլխներիս: Չպիտի քեզ թողնեինք Մոսկվա։ Ու՞մ է պետք էդ սառը, դառը Մոսկվան։ Ախր մտածում էինք Պետրուշան կգնա, ուսում կառնի, հետ կգա, դպրոցում դասատու կաշխատի, մի գեղացի գեղանի աղջիկ կուզի, հետո ուսմասվար կդառնա, բախտը կբերի՝ տնօրեն էլ կդառնա, տատիկի հետ դոմինո կխաղա, բարդիների տակ կփռվի ու կքշի չարաճճի ճանճերին։ Իսկ ի՞նչ արեց Մոսկվան, ի՞նչ արեց․ տղուս խելքը կերավ, առավ-տարավ։ Մենակ խե՞լքը որ․ խեղճ տղուս ոտից գլուխ կերավ, կուլ տվեց էդ անկուշտը: Ու՞մ է երջանկացրել Մոսկվան, որ տղուս երջանկացներ: Ախ դու՜, Պետրուշա՜, իմ միամիտ, իմ դուռաչոկ տղա:
Նաստյա Վասիլևնան հրաժարվում էր վեր կենալ անկողնուց, պնդելով, որ ոտքերն այլևս իրեն չեն ենթարկվում, որ սիրտը ջարդված է՝ շատ վաղուց փոքրիկ Պետրուշայի ջարդած մրգամանի պես։ Վազելիս Պետրուշայի ոտքը կպել էր աթոռի ոտքին, ու աթոռի վրա դրված մրգամանը դրմփացել գետնին: Պետրուշան ստախոս հո չէ՞ր, որ ասեր՝ ինքն է ջարդել: Դրա համար էլ պնդում էր, որ ինքը չի արել, ու հետն էլ զարմանում էր, որ դրանով ավելի է զայրացնում տատուն, ու․․․ արի ճիշտը խոսենք, իրականում տատն էր ջարդողը, որովհետև հենց ինքն էր մրգամանը բերել-տնկել աթոռին:
-Աթոռի վրա նստում են, գոսպոդա, ոչ թե մրգաման դնում,- հայտարարեց փոքրիկ Պետրուշան։
Մոսկվա ուղևորվելու օրը գյուղում արև էր, կոկորդի մեջ՝ խորխ, իսկ հոգու մեջ՝ հողմապտույտ: Պետրուշա Գորբունովը համոզված էր, որ վերադառնալու է, որ իր գյուղի տաք ծոցից ուրիշ տաք ծոց չկա։ Ու եթե գյուղացիներն անվերադարձ գնան, գյուղն, ի վերջո, կկորչի հարակից անտառի մեջ: Մոսկվայում հասկացավ, որ էստեղ ինքն ավելի լավ կոմունիստ է, քան գյուղում: Ու որոշեց մնալ մայրաքաղաքում, որին ինքն ավելի շատ էր պետք, քան ոլոր-մոլոր ճամփեքի վերջում ընկած անշարժ ու հարատև գյուղին։
Սովետը փլուզվեց, բայց կոմունիզմը Պետրուշայի թուլակազմ մարմնի մեջ պինդ կանգնած մնաց՝ որպես հեթանոս համառ տաճար, որն անսասան մնաց նաև այն ժամանակ, երբ մինչև ուղնուծուծը աթեիստ Պետրուշայի խելքին փչեց քրիստոնյա դառնալ: Արի ու հասկացի, թե որ կողմից փչեց՝ աջի՞ց, թե՞ ձախից: Մի օր էլ կրակեց․
-Աստված կոմունիստ է և վերջ:
Մայրաքաղաքում մի չլսված աղմուկ բարձրացավ:
-Իսկ Հիսուսը՝ Լենին, աշակերտներն էլ՝ պիոներներ,- փռթկացին Մոսկվայի չարալեզու թերթերը:
Բայց, թոռներիս ասեմ, մոռացման փոշին շուտով ծածկեց նրան:
Պետրուշա Գորբունովը կնքվեց ռուս ուղղափառ եկեղեցում: Նաստյա Վասիլևնան, որ բոլոր ժամանակներում էր հավատացյալ, քիչ հեռու կանգնած, նեղսրտած հետևում էր արարողությանը:
-Պետրուշայիս մեջ սատանա էր մտել, հիմա Աստծուն էլ ներս թողեց, եթե էս էրկուսի մեջ կռիվ ընկավ, դատավորը խեղճ Պետրուշաս է լինելու։
Ուղղափառ կոմունիստ Պետրուշա Գորբունովը Մոսկվայում վերջը դառավ ոչ ավել, ոչ պակաս՝ դումայի պատգամավոր:
Գորբունովի կյանքն աննկատ կանցներ իր շագանակագույն պորտֆելի մեջ (դե ոնց աննկատ․ էլի կբարձրանար մի քանի աստիճան վեր, քիթն էլ կբարձրանար մի քանի միլիմետր վեր, գուցե ուսերն էլ, լեզուն էլ մի քիչ կերկարեր, մի քիչ էլ գուցե բոյովանար, բայց միևնույն է, կմնար իր պորտֆելի մեջ, որից երբեք դուրս չէր գա, ինչքան էլ մեջը չաղանար), եթե մի օր ջոջերով չհավաքվեին որոշելու, թե ում ուղարկեն Վրաստան՝ ուղղափառ երկրների համաժողովին: Պետրուշան մի մութ անկյունում նստած, հոնքերը կիտած, մտածում էր, որ եկել-հասել է դումա, բայց ոչ մի առիթով նախաձեռնող չի եղել, այսպես ասած՝ չի դրսևորել իրեն, դուրս չի հանել իր ցեցոտված, երբեմնի ճարտար լեզուն: Ի՜նչ տղա էր դպրոցում, է՜։ Առաջինը միշտ ինքն էր ձեռք բարձրացնում: Առաջինը ցցվում գրատախտակի մոտ: Առաջինը գտնում հավասարումների իքսերը, առհասարակ ամեն ինչի իքսերը, իգրեկներն էլ հետը։ Չէր հասցնում դասարանի կավիճը հալվել, իր պայուսակից նորն էր հանում ու ցուցադրաբար դնում գրատախտակի փեղկին: Իսկ հիմա՞․․․ թու՜, թթվել է Նաստյա Վասիլևնայի բանջարանոցի վարունգների պես։ Հա բա, դուման էլ է դասարան, դումայում էլ կա աներևույթ սպունգ, որից միշտ թաց կավճի հոտ է գալիս: Բայց ո՞նց եղավ, որ մտավ իր պորտֆելի մեջ ու մի անգամ էլ ձեռք չբարձրացրեց, իրեն չգցեց ամբիոն՝ դաս պատմելու ու ականջահաճո գովեստ լսելու: «Առիթ չկար, հա, ճիշտ էլ՝ առիթ չի եղել,- ինքնասփոփվում էր Պետրուշան,- ու՞ր գցվեմ, ու՞ր խցկվեմ, եթե դրա առիթը չկա, հո բուրժուա ֆանֆարոն չե՞մ»: Ու հիմա վերջապես առիթ տրվեց։ Կոմունիստ Աստված վերևից կարմիր մանանա ուղարկեց: Պետրուշան քրտնեց: Թաց կավճի հոտն առավ։ Իրեն սահմանագծի վրա զգաց: Մի քայլ էլ ու եզրից կընկնի: Պիտի ընկնես, Պետրուշա: Մեծ գործերը կատարվում են հենց ներքևներում: Մեծ հարցերը լուծվում են հենց ներքևներում։ Մեծ մարդիկ թաքնվում են հենց ներքևներում։ Ուրեմն հառաջ, Պետրուշա, համարձակ եղիր, մալչիկ, հառա՜ջ։
Պետրուշան էդպիսի սահմանագծին իրեն զգացել էր զուգարանում ու մեկ էլ՝ քնից առաջ, անկողնում: Զուգարանում երբեմն հոյակապ գաղափարաներ էին ծնվում, էնքան էր ոգևորվում, որ կարծում էր՝ հենց զուգարանից դուրս գա՝ գաղափարը կիրագործի: Բայց քաշած ջրի հետ՝ ներսն էլ էր դատարկվում: Դուրս էր գալիս մաքուր օդ կուլ տալու ու օդով կշտանում էր: Նույնը՝ քնելուց առաջ․ գլխում գաղափարները վխտում էին, եռում, հորանջում էր, աչքերը բաց պահում, որ չքներ, որ գաղափարները մի քիչ էլ խլվլային, բլթբլթային, հետո թուլանում էր, փակում աչքերը, լեզվի տակ հաճելիորեն քաղցրանում էր, հասկանում էր, որ գաղափարները չեն փախչի, կքնեն հետը, առավոտյան կարթնանա, առավոտյան հենց արթնանա, Պետրուշան ախորժակով հորանջում էր, կատիկը ցնցվում էր, առավոտյան հենց արթնանա, առաջին բանը, որ կանի, առաջինը, արթնանա, առավոտյան, սուրճը, դումայում, ա՜խ, Նաստյա Վասիլևնայի թթուները, ամբիոն, ամբիո՜ն, ճառ, Օլեգ Ստրաշիլովը, պորտֆելը, չմոռանա էն թղթերը դնել, ա՜խ, դպրոցի իր վերջին պատմած դասը՝ կաուչուկի մասին, իր վերջին ստացած չաղ հինգը, Ստրաշիլովի մոտ կբարձրանա, հա, կկիսվի նրա հետ, նա կհասկանա գործի էությունը, էդ Ստրաշիլովը, եթե լավ տրամադրություն ունենա, նույնիսկ կգովի իրեն, ա՜խ, Նաստյա Վասիլևնայի ինքնաեռը, այգու ծառերը, տեսնես Օլյան արդուկե՞լ է շալվարը, թղթերը չմոռանա, բարդիները, թթուները, կաուչուկ, կաուչուկ, ինչ էլ մեծ գլուխ ունի Ստրաշիլովը, շալվարը, անիծված կոշիկները, Օլյա, Օլենկա, վաղը մեծ օր է, ու էդ մասին գիտի միայն ինքը, միայն ինքը, փոքրիկ Պետրուշան, վերմակի տակ, մեծ աշխարհի ծոցում:
Առավոտյան Պետրուշան ապարդյուն փորձում էր արթնացնել կնոջը, արդուկում էր շալվարն ու հետը՝ նաև գիշերվա գաղափարները, որոնք աչքի առաջ տափականում, նեղանում, դառնում շալվարի ուղիղ գծեր։ Վերջում պորտֆելն առնում էր թևատակն ու զգույշ, որ Օլյան չարթնանա, տնից դուրս էր գալիս:
Ու ահա վերջապես առիթը տրվեց, Գորբունովը աշակերտի պես ձեռք բարձրացրեց, ոտքի կանգնեց, ուղղեց վերնաշապիկի օսլայած օձիքն ու հայտարարեց.
-Տովարիշչի, ես առաջադրում եմ իմ թեկնածությունը, պատրաստ եմ մեկնել Վրաստան ու ներկայացնել մեր հայրենիքը:
Մարդակուլ լռություն իջավ դումայի գլխին։ Պետրուշան, դողը կատիկի մեջ, մտածեց՝ եթե մեկը հիմա փչի իր ծոծրակին, նրբաբլիթի պես կփռվի գետնին: Ու հազաց: Էդ հազը, պարզվեց, տեղին էր ու վճռական. դումայում ծափեր պայթեցին, ու միաձայն որոշեցին տովարիշչ Գորբունովին ուղարկել Թբիլիսի, որտեղ նա կդրսևորի իրեն, ինչպես հարկն է, կներկայացնի դաշնությունը, ինչպես հարկն է, ու առհասարակ, ամեն բան կանի, ինչպես հարկն է: Գորբունովն էնքան էր երջանկացել, որ տուն գնալու ճանապարհին ոտքերին թույլ տվեց մի քիչ լկտիանալ ու մի փոքր ֆոքստրոտ ցուցադրել թաց մայթին: Ա՛յ թե կուրախանա կինը՝ Օլգա Սերգեևնան։
Ուրախանալը չգիտեմ, բայց զարմանքից խեղճ կնոջ դունչը կախ ընկավ։ Նստած խոհանոցում, գլխին՝ վարսափաթթուկներ, լեզուն էլ փաթ ընկած։ Իսկ գիշերը, հայացքը առաստաղին, Պետրուշայի գլուխը կրծքի տակ բռնած․
-Պետրուշա՜, վերջապես քեզ էլ նկատեցին, վերջապես քո փուխր ուսերին էլ նման պատասխանատվություն բաժին հասավ: Այ տղա՞, էդ ո՞նց հաջողացրիր։ Ախր ես ինքս քեզ հազիվ եմ մի բան վստահում։ Շուկա գնում՝ ինչ զիբիլ տեսնում՝ բերում ես, հետո կանգնում ասում ես՝ խե՜ղճ տատի էր, Օլենկա, ցրտին կանգնած էս կարտոֆիլն էր ծախում, հետո ի՞նչ՝ թե մի ծերը նեխած ա, լաստոչկա, մե՜ծ բան։ Չէ մի չէ՝ մի ծերը, կեսը կլպում՝ թափում եմ։ Օլենկա, խե՜ղճ մարդ էր, ամբողջ օրը կանգնած, էս պոմիդորն էր ծախում, հա, մի քիչ անհաջող ա, բայց ոչինչ, կուտվի, սլադկայա, մի բարկացիր, բեգեմոծիկ։ Մի քի՞չ, հա՞, տհաս պոմիդորների հետ ի՞նչ անեմ, դնեմ արևի տակ, որ հասնե՞ն։ Պետրուշա Իվանովիչ, քեզ լսենք՝ ամբողջ Ռուսաստանը խեղճ կհանես։ Ու ինձ բեգեմոծիկ մի՛ ասա, համ լաստոչկա ես ասում, համ բեգեմոծիկ, հո կոգնիտիվ դիսոնանս չունե՞ս, միլիյ։ Շուկայից եմ խոսում, սկի լամպչկա չես կարում փոխես, մի լամպչկեն ի՞նչ ա, մի ժաաաամ պտտում ես, աջ, ձախ, աջ, ձախ, հազիվ հանում ես, որ նորը տեղադրես, էդ նորն էլ ձեռքիցդ ընկնում, ջարդվում է։ Երկու լամպչկեն ի՞նչ ա, որ ձեռքիդ մեջ տեղ չի անում, նորը գցում, իսկ փչացած լամպչկեն նորից տեղադրում ես։ Լամպչկից եմ խոսում, իսկ քեզ նման գործ են վստահում՝ ներկայացնել մեր անծայրածիր Ռուսիան Վրաստանում՝ ուղղափառների համաժողովին, տանել էս ահռելի երկիրը քո հետ ու տեղավորել էդ պստիկ երկրի մեջ։ Պետրուշաաա՜, դե քեզ տեսնեմ, չխայտառակես մեզ, լսու՞մ ես, միլիյ, համը չհանես, քեզ լավ կպահես էնտեղ, շալվարդ էլ կարդուկես, թե չէ վրացիք կասեն՝ ռուսը ճմռթած շորով ա ման գալիս։ Ա՜խ, իմ բեգեմոծիկ։
Թոռներիս ասեմ, որ ամիսներ անց, Թբիլիսիում, Պետրուշա Գորբունովը արթնացավ Ռեդիսոն հյուրանոցի ամենավերևի հարկում վրացական խումհարով, որովհետև նախորդ օրը կոնծել էր վրացական գինի։ Հենց կոնծել, ոչ թե խմել, ինչպես վրացիք են սովորաբար կոնծում։ Պետրուշան էլ իր վրացի սեղանակիցներից հետ չընկնելու համար իրեն վրացու տեղ դրեց ու մեկը մյուսի հետևից դատարկեց այծի եղջյուրները: Ախր վրացիք էնպես էին խմում, ոնց որ՝ գյուղի աղբյուրի ջուր, հարյուր գրամ վոդկայի պես գինին մի շնչով գլգլացնում էին բկները, ո՞նց հետ մնաս, ու գնա՜ց, Պետրուշան էլ լայն բացեց բուկն ու հնարավորինս շատ գինի ուղարկեց ծտաչափ ստամոքսը։ Իսկ գինին չէր պրծնում, ուտելիքը պրծնում էր, բայց գինին՝ չէ, հա գալիս լցնում էին կժերը, գալիս լցնում կժերը, նույնիսկ թաքուն զայրանում էր, թե ինչու են կժերը միշտ լիքը, միշտ տռզած, բոլորը խմում են, ինքը խմում է, իսկ կժերը հպարտ վրացիքի պես կազմուպատրաստ շարված են՝ միշտ լիքը, բերնեբերան լի՜քը: Բա ուտելքնե՜րը, մի առանձին արքայություն՝ համով, հոտով, առատ։ Բա պարե՜րը։ Մի քանիսը գժվեցին, վեր թռան տեղից, ու հո չեն պարու՜մ, պար հո չի, Պետրուշա, մի արարողություն, մի կենաց, իսկ դու, բլին, հացով կանաչի ծամի ու հիացի։
Թամադայի կողքին նստած էր վրացի բատյուշկան։ Երևի պարից ոգեշնչվեց, սկսեց բանաստեղծություններ արտասանել։ Բոլորը ձև էին բռնել, թե հիացած են պոեզիայով, որ մոմի պես կաթում էր քահանայի շուրթերից, պոեզիա հո չէր, մեռո՜ն։ Դե իհարկե, էս գինու տակ ուզում ես պոեզիա դիր, ուզում ես՝ Պոզներ, ուզում ես՝ Զիկինա, ուզում ես՝ Եզովպոս, ամեն ինչ գնում ա, էս գինու պես կարկաչում։ Պետրուշան բան չէր հասկանում վրացական պոեզիայից, բայց բոլորից ավելի խանդավառ էր գոռում՝ կեցցե՜ս, կեցցե՜ս։ Բատյուշկան նրբանկատորեն անցավ ռուսերենին․
-Մի ճապոնական թանկա կա, գասպադին Գարբունով, ասում ա՝ գարուն ա գալիս, ծաղկում ա բալենին, հետո ձյուն ա գալիս, նայում ես, վա՛, չես տարբերում ձյուն ու ծաղիկ։ Քարոզելիս հաճախ եմ սա մեջ բերում ու ասում, թե ես ոնց կավարտեի այն․ հետո փայլում ա արևը, հալվում ա ձյունն ու երևում․․․ ծա-ղիկը։
Քահանան գոհ ու խորամանկ ժպտաց։ Աչքերը ճպճպացնելով՝ սպասում էր հիացական բացականչությունների, որոնք չհապաղեցին ու թափվեցին գլխին։ Միայն Գորբունովին չհուզեց բատյուշկայի թանկան։ Պատառաքաղով խփեց գինու բաժակին ու տատանվող ձայնով հայտարարեց․
-Մինուտոչկու, գոսպոդա, նե պուտայծե բերեգա։
Մարդակուլ լռություն իջավ։ Քահանան շուրթերը սեղմեց։
-Պո․․․- Պետրուշան կուլ տվեց թուքը,- ժալուիյստա․․․
Սեղանակիցները փռթկացին։ Պետրուշան սկսեց բացատրել, թե ինչ նկատի ուներ, ծամծմեց բառերը, ձգձգեց, կիսատ-պռատ դատողություններ արեց պոեզիայի մասին, հիշեց նույնիսկ Բրոդսկուն, հետո գյուղը, բարդիները։ Հետո գլուխը պտտվեց գինու՞ց, թե՞ պոեզիայից, կամ էլ գինով լի նոր եղջյուրից, որ տվեցին ձեռը, որ վերջապես լռեր։ Ու Պետրուշան կոնծեց, կոնծեց՝ մինչև կործանվեց. թշերը կարմիր խնձոր դառան, բեղիկները փափկացան, լեզուն փաթ ընկավ, ոտքերը կորցրեց, բառերը կորցրեց, խելքը կորցրեց, ու սկսեց ինչ-որ բան փնտրել գրպաններում, ծոցագրպաններում, իբր ավելի կարևոր բան էր կորցրել։
Արթնացավ բոլորովին մերկ ու չհիշեց, թե երբ հասցրեց էդքան մերկանալ կամ ինչու: Տռուսիկն անհետացել էր: Այ քեզ բա՜ն: Ուր ասես չնայեց, ամեն ծակուծուկ, չկար անտերը: Ինչ արած: Չկա, չկա, Աստված իր հետ: Թափ տվեց ձեռքը։ Գոնե մի բան խմի, լեզուն թրջի: Բացեց սառնարանն ու իր պուտավոր տռուսիկը գտավ Կոլայի շշից կախ: Վախվորած նայեց շուրջը: Սկսեց տնտղել սենյակը. գուցե համարում թաքնված տեսախցիկնե՞ր կան: Վերջապես ինքը դումայի պատգամավոր է, կարևոր մարդ, գինին լցրին բերանը, գլխին սարքին… բլյա՜․․․ ա՛հ, չէ, ոչինչ էլ չկա, գինին չափից դուրս անուշ էր, որ վերջում էսպես հարամ աներ: Պետրուշան հագավ սառած տռուսիկը, փաթաթվեց խալաթի մեջ ու պատուհանից նայեց ձեռնափի վրա փռվող, թոնրից նոր հանած լավաշի պես բուրումնավետ Թիֆլիսին, գլուխը տմբտմբացրեց ու ծամծմեց շեկ բեղիկների տակ.
-Լեպոտաաա՜:
Ու սկսեց մտածել, թե ինչ կարելի է անել, որ ավելի շատ վրացական գինի ներմուծվի Ռուսաստան։ «Ռուս ժողովուրդը պիտի վերջապես արթնանա ու խմի բացառապես վրացական գինի ու քնի բացառապես վրացական գինու թմբիրի տակ», մտածում էր Պետրուշան ու անընդհատ լպստում բեղի ծայրը, ասես երեկվանից գինու կաթիլ էր մնացել վրան: «Վրացական գինին բարիացնում ա, ջահելացնում ա ու․․․ ու․․․ մդա՜․․․ մերկացնում․․․ Երանի էսօր էլ մի բան կազմակերպեն․․․ Ու՜խ, ի՜նչ գինի էր․․․ ինչպես ասում է պոետը՝ յա պոմնյու չուդնոե մգնովենյե․․․»։
Պետրուշա Գորբունովը որոշեց, որ հենց հասնի դումա, առաջին հարցը, որ կդնի օրակարգ, կլինի վրացական գինու ներմուծումը։ Նախ կքննարկի Ստրաշիլովի հետ․ դե հո նրա գլխից չի՞ թռնի, ամեն դեպքում՝ տեղյակ կպահի, մարդ ես, գուցե կողքից մի լավ խորհուրդ էլ տա։ Նա կհամաձայնվի, իհարկե կհամաձայնվի, գուցե սկզբում մի քիչ չեմուչում անի․ դե Ստրաշիլովն ա էլի, մեկ-մեկ սիրում ա իրեն ծանր պահել, բայց հետո ուսին կթփթփացնի ու կհամաձայնվի։ Մի քանի շիշ գինի կտանի հետը, կդնի Ստրաշիլովի սեղանին, հենց խմի՝ կհամաձայնվի, կհասկանա, որ վրացական գինուց հետ կանգնել չկա։ Չկա ու վերջ։ Նույնիսկ լիրիկական համեմատություն կանի, կասի․ «Օլեգ Նիկոլաևիչ, օրինակ, սիրուն կնոջից ետ կկանգնե՞ք, չէ, չէ՞։ Ա՛յ պատկերացրեք վրացական գինին էդ սիրուն կինն ա, որ համ շոյում ա, համ հաճելիորեն կծում»։ Հետո հարցը կհնչեցնի ամբիոնից, պետք լինի՝ մի քանի տակառ ռքածիթելի գինի կտանի դումա։ «Ոչ մի շիշ՝ ուրիշ տեղ, յուրաքանչյուր շիշ՝ ուղիղ չվերթով Ռուսաստան»:
Պետրուշա Գորբունովը հորանջեց, շփեց դեմքը, հագավ արդուկած շալվարը, ոտքերը մտցրեց կոշիկների մեջ ու ճմռթեց քիթը: Քառասուն համարի կոշիկ էր հագնում, բայց արի ու տես, մի անգամ սխալվել էր, ավելի ճիշտ՝ գայթակղվել զեղչով, 39.5 համարի կոշիկ առել ու պատվով ու կոշտուկով կրում էր: Ու ամեն անգամ, երբ կոշիկը սեղմում էր կոշտուկը կամ կոշտուկը սեղմվում էր կոշիկին, Աստծուն հարցնում էր.
-Բոժենկա, ո՞վ է հորինել 39.5 համարի կոշիկ։
Ու հաջորդ հարցն էլ չէր ուշանում.
-Բոժենկա, ինչու՞ հորինեցիր 39.5 համարի ոտք:
Գորբունովը ներկայանում է խորհրդարան՝ խումհարով, կոշտուկացավով ու քրտնաթոր: Նախորդ օրվա զարմանահրաշ կերակուրները ստամոքսի մեջ, արքայական գինով ողողված, խաղեր էին տալիս: Կոշտուկն էլ՝ մյուս կողմից։ «Անիծվի էն օրը, երբ ոտքս ընկավ էս կոշիկի բերանը»,-մտածում էր Պետրուշա Գորբունովը խորհրդարանում՝ ձեռքերը մեջքին դարսած, ու քայլում շարքերի միջով, «կմաշեմ ձեզ, մուռը կհանեմ ու դեն կգցեմ, օրհնվի էն օրը, երբ ձեզ կշպրտեմ աղբը, մի զույգ նեղբերան անաստվածներ։ Բայց ի՜նչ գինի էր, ի՜նչ համեր էին։ Բայց բատյուշկան մի քիչ համը հանեց, իր կոշիկից վեր ելավ։ Դե ես էլ հետ չմնացի, ես էլ մի քիչ համը հանեցի, չարժեր տարվել պոեզիայի հովերով։ Ի՞նչ իմանա բատյուշկան՝ պոեզիան ինչ ա, մեկը հարցնի, թե ինչի՞ ես քիթդ խոթում դրա մեջ, հետն էլ՝ ճապոնական։ Մի հատ էլ գովում էին, պա՛հ-պա՛հ, տոժե մնե սքեմավոր փիլիսոփա։ Օ՛յ, ներիր ինձ, գոսպոձի, մեղա, մեղա։ Հասնեմ Մոսկվա, էս դեպքը կպատմեմ Ստրաշիլովին, կասեմ՝ Օլեգ Նիկոլաևիչ, քիչ էր մնում՝ միջպետական քաղաքական սկանդալ առաջացնեի ճապոնացիների պատճառով, համա թե կծիծաղի Ստրաշիլովը, հի՜-հի՜»: Պետրուշան անուշ ժպտաց բեղիկների տակ։ «Բլին, ոտքերս»։ Պիտի անհապաղ նստեր, ճար չկար, ու քանի որ շուտով ելույթ էր ունենալու ամբիոնից, ուղղվեց հենց ամբիոնի կողմը։ Ամբիոնից վերև հյուր պաշտոնյաներից երկուսը, մեկը՝ հույն, մյուսը՝ բուլղարացի, զբաղեցրել էին իրենց տեղերը։ Պետրուշա Գորբունովն էլ բարձրացավ, ձեռքերը մեջքին ծալած, պռոշները հավաքած, չնայեց աջ, չնայեց ձախ ու ուղիղ ու անվարան դրմփաց խորհրդարանի նախագահի աթոռին:
-Ո՞վ, մեր Պետրուշա՞ն, ախ դու փոքրիկ խուլիգան,- ծիծաղեց Օլեգ Նիկոլաևիչ Ստրաշիլովն, ու դուման թնդաց: Մենակ դումա՞ն․ աշխարհի բոլոր խորհրդարանները, դիվանագիտական, միջազգային կառույցներն ու նույնիսկ Սպիտակ տունը, որտեղ Դոնալդը, հայկական կոնյակ ըմպելիս, քնից առաջ կնոջը պատմեց Գորբունովի դեպքը՝ որպես մի անեկդոտ ու մի կուշտ ծիծաղեց, բերանի մեջ պնդուկով շոկոլադի պատառիկը տանելով ոչ աջ, ոչ ձախ, ոչ աջ, ոչ ձախ:
Իսկ Վրաստանում ժողովուրդը դուրս եկավ փողոց։ «Ո՞նց, մենք ոռ ճղենք, թե ռուսն օկուպանտ ա, իսկ էս չաթլախները թույլ տան ոմն ռուս չինովնիկի՝ գա ոռը դնի մեր գահի՞ն»։
Երբ Գորբունովը հայտնվեց նախագահի աթոռին, պատգամավորներն իրար երես նայեցին։ Ճամփան կորցրած հորթերի պես ետուառաջ արեցին, պտտվեցին ամբիոնի մոտ, իսկ վերևում պինդ նստած Գորբունովը զարմանում էր, թե ինչու չի սկսվում համաժողովն ու ինչու են բոլորն իրար խառնվել։ Պատգամավորներից մեկն ավելի վճռական գտնվեց, բարձրացավ ու մի բաժակ ջուր շփեց Գորբունովի երեսին։ Գորբունովը վեր թռավ տեղից, բայց, ճիշտն ասած, հաշվի առնելով նրա ստամոքսի վիճակը, սառը ջուրը նույնիսկ հաճելի թվաց։ Իսկ էդ պատգամավորի մեջ ճանաչեց երեկվա սեղանակիցներից մեկին։ Պետրուշա Գորբունովը զարմացավ, թե ինչու երեկվա քեֆի մասնակիցները էսօր ելել են իր դեմ․ նախորդ օրը երգում էին, պարում, կատակում, իրեն գինի լցնում, իսկ հիմա կատաղած շների պես վրա են տվել։ Գորբունովն ուսերն էր թոթվում։
Ցույցեր բռնկվեցին մայրաքաղաքում։ Խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց՝ աթոռը անտեր թողնելու համար։ Իշխանությունները մոլորվել, չգիտեին՝ ինչ պարզաբանումներ տան, արի ու բացատրի ժողովրդին՝ թե ինչպես ռուս չինովնիկը հայտնվեց երկրի գլխավոր աթոռին։ Հարայհրոց, տուրուդմփոց։ Խառնաշփոթ՝ պետական ու մարդկային մարմիններում։ Իսկ Կրեմլը՝ թե բա հակառուսական տրամադրություններ, ու մատը թափ տվեց Վրաստանի երկար քթին: Ժողովուրդն էլ՝ թե բա ռուսամետ իշխանություններ ու տնկեց բռունցքը։ Հակառուսական խումհարից երկրում ճգնաժամ սկսվեց։ Քա-ղա-քա-կան կրի-զիս։ Իսկ Գորբունովն ուսերն էր թոթվում։
Երբ հասավ դումա, հայտնաբերեց, որ Կրեմլի աստղերից էր դառել: Բոլորը ժպտում էին իրեն, մտերմաբար ուսին թփթփացնում, առողջությունը հարցնում, նույնիսկ Օլգա Սերգեևնայից էին հարցնում ու չգիտես ինչու, ջերմագին բարևներ ուղարկում: Ինքն էլ, պռոշները հավաքած՝ ուսերն էր թոթվում: Ու երբ Գորբունովին բրթեցին ամբիոն, որ մի-երկու խոսք ասեր կատարվածի մասին, նրա մտքով մի պահ անցավ բարձրաձայնել գինու հարցը, բայց կոշտուկը ճիշտ պահին էլի զգացնել տվեց իրեն, ու լեզուն կծեց։ «Ա՜խ, անիծվի էն օրը, երբ ոտքս ընկավ էս կոշիկի բերանը»:
-Տովարիշչի,- սկսեց Գորբունովն ու մտքով անցավ ճապոնական թանկան, դրա շարունակությունն, ու լեզուն էլի կծեց։ Ապուշ կտրած նայում էր դահլիճին, որ մի ականջ դարձած լսում էր իրեն։ Ծիծաղախառը, ցաքուցրիվ ծափեր լսվեցին: Նրա լռությունը համարեցին բազմիմաստ ու սկսեցին հոտնկայս, միահամուռ ծափահարել նրան։ Գորբունովը ուսերը թոթվեց ու իջավ ամբիոնից: Միայն մի պահ ցնցվեց, երբ հետևից լսվեց Օլեգ Նիկոլաևիչ Ստրաշիլովի ահարկու ձայնը․
-Պետրուշա Իվանովիչ, բայց լավ ա՝ իմ աթոռին էլ չնստեցիր, հա՜:
Նրա ելույթից հետո որոշեցին արգելել չվերթները դեպի Վրաստան ու նաև վրացական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, այդ թվում՝ գինու, այսինքն՝ հատկապես գինու:
Պետրուշա Գորբունովը փողոց դուրս եկավ ու, հազիվհազ քարշ գալով, քայլեց։ «Ինչ էլ անհարմար աթոռ էր, շատ չոր ու անհարմար»,-մտածեց ու էլի թոթվեց ուսերը։ Մեքենայաբար տուն գալով, առանց կոշիկները հանելու, նա պառկեց բազմոցի վրա ու… մեռավ։

2072թ․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *