Լև Շեստով
/Առաջաբան/
«Ի՞նչ է պահանջում իրենից փիլիսոփան
նախ և առաջ և ի վերջո: Իր մեջ հաղթահարել
ժամանակը, «ժամանակազուրկ» դառնալ»:
Ֆրիդրիխ Նիցշե
Արդիականության առասպելը միտված է տիրելու որբացած ժամանակին: Միտքն իրեն հայտնաբերում է արդիականության դարպասների մոտ և ջանում մուտք գործելու իրավունք վաստակել: Վերջին հաշվով՝ ամենայն միտք ճիգ է՝ լինել արդիական: Քանզի արդիականությունն իր հերթին հարատև լինելու հայտ է ներկայացնում անդադար: Արդիական, ասել է թե՝ նախկինում չմտածված, հավերժ կուսական: Եվ ուրեմն՝ արդիականության ինքնաներկայացման և մտքի ինքնակայացման ճիգերի խաչմերուկում ասպարեզ է իջնում արդիականության առասպելը՝ իբրև արդիականության սիմուլյակր: Արդիականության մտածումը չի կարող լինել իր վկան, քանզի վկան կամրագրի դիակն արդիականության: Արդիականության անդրադարձն արդեն առնչվում է թարմությունը կորցրած փորձառության հիշողությունների հետ: Սա է արդիականության ողբերգությունը: Այն ամեն գնով ուզում է լինել, բայց իր լինելու կերպն անհրաժեշտաբար եզակի է, չկրկնվող, ընդ որում՝ այդ եզակին գիտակցվում է post factum, որպես կորուստ: Չէ որ բուն ողբերգությունը միշտ եզակի է ու հարաբերված է անդառնալիի հետ, և այն համընդհանրացնող ու կանոնորոշող յուրաքանչյուր մտադրություն ծաղրանք ու արհամարհանք է դրա նկատմամբ:
Արդիականությունը ողբերգական է ինքնին: Արդիականության ջանքը՝ տարբերվել, առանձնանալ ոչ արդիականից, ակնթարթային է և, մյուս կողմից, մտավոր գերճիգ է պահանջում: «Արդիականությունը, ի տարբերություն դասականի կամ ավանդականի, այն ամենն է, ինչի առջև մենք ինչ-որ բան պետք է անենք մեզ հետ, որպեսզի ընկալենք տեղի ունեցողը, նկարվածը, գրվածը կամ հնչողը»[1], – նկատում է Մամարդաշվիլին: Այլ կերպ` արդիականությունը մարտահրավեր է, որը ենթադրում է սուբյեկտի գիտակցության մեջ մտածական մեխանիկական վերարտադրության իսպառ դադարեցում:
Եվ այսպես` ինչպե՞ս խոսել անցյալում ապրած մեկի մասին, որ խոսքը լինի արդիական: Խնդիրն է՛լ ավելի է բարդանում, եթե այդ ինչ-որ մեկը կամ նրա հայացքները տևականորեն եղել են քննարկման առարկա: Ամեն անդրադարձ կարող է վերջավոր դարձնել անվերջը, դեպի հեռավոր անցյալ ուղարկել արդիականը: «Այսինչը մեծ մտածող է» կամ «այնինչը հանճարեղ է» արտահայտությունները ժողովրդական հայտնի ասացվածքի հիշեցումներ են` «աչքի տեղը հոնքը հանել»: Ուզում ես բարձրագույնն ասել մեկի մասին, բայց ստացվում է ճիշտ հակառակը, քանզի տառապանքով մտածողն ամենաշատը կխորշեր մեկ բանաձևով հանդես գալուց: Եվ այդ «մեծ մտածողների» կամ «հանճարների» հետ «հանդիպումը» միշտ լինում է չակերտավոր, քանզի «մտածողն» ինքն արդեն չակերտավոր է և պատճեն մի բանի, որը գոյություն չունի: Այդ դեպքերում մտածողների կյանքի ողբերգությունը չնչին մի բան է նրանց հետմահու ողբերգության հետ. նրանք վերածվում են ոչինչ չասող ածականների խրձի, անհոգի մարմինների: Նիցշեն գրեց «գիրք ամենքի և ոչ ոքի համար», և ճակատագրի հեգնա՜նք, ցանկությունն իրականացավ` ամենքը գիտեն Նիցշեին, և ոչ ոք չգիտի Նիցշեին, բայց «ամենք»-ի և «ոչ ոք»-ի հակադիր իմաստներով. Առավել ճշգրիտ կլիներ ասել` «ոչ ոք գիտի Նիցշեին, և ամենքը չգիտեն Նիցշեին»: Արդյո՞ւնքը` աթեիստ, նիհիլիստ, դեկադենտ, ֆաշիստ և նմանօրինակ այլ անմիտ ու ցինիկ պիտակավորումներ: Եվ ընդհանրապես` «Եկեք հիշենք. Նիցշեն այն բացառությունն է, որը բնավ և ոչ մի պարագայում չի կարող կանոն դառնալ: Այդ պատճառով էլ ցանկացած կարգի «նիցշեականություն» մեծ տառապյալի ֆոնին սոսկ խղճուկ կապկման և «ծովային խոզուկների»` «գազանի» փքվելու ապարդյուն ճիգերի տեսք ունի: Նա անկրկնելի է և աննմանարկելի»[2]:
Աննմանարկելին իր համար առանձին լեզու է պահանջում: Աննմանարկելին ամենաարդիականն է արդիականների մեջ: Ուստի կարիք չկա մտահոգվելու նրա արդիականացմամբ, սակայն մյուս կողմից` հարկավոր է է՛լ ավելի զգուշանալ նրա անունը մթագնելու, նրան «քառակուսի» դարձնելու վտանգից: Ուստի աննմանարկելիի մասին խոսք ասելու համար նույնպիսի որակներ են պահանջվում: Արդիականի մասին խոսքն առավե՛լ ևս արդիական պիտի լինի, ուրեմն` չպիտի կանոնորոշող լինի: «Աշխարհում չկա ոչ ոք, ով ինձ գովելու իրավունք ունենա», – զգուշանում էր Նիցշեն: Աննմանարկելիին լավագույն պարգևը կլիներ չխոչընդոտելը, այսինքն` լռելը… լռելը աննմանարկելիի մասին: Չէ որ ամենայն խոսք հավակնում է (հանդգնո՞ւմ է) պարպել աննմանարկելիի հետ հաղորդակցման ժամանակը, սուբյեկտին զբաղեցնել պակաս կարևորով:
Կարեն Սվասյանը Դոստոևսկու մասին իր հոդվածը սկսում է հետևյալ կերպ. «Դոստոևսկին ժամանակակից է: Այժմ, նշելով նրա մահվան 100-րդ տարելիցը, մենք, ինչպես երբեք, պիտի համակվենք այդ զգացումով` նա ժամանակակից է»[3]: Այս մտքի հասկացումն ունի երկու կողմ. նախ` մեր մտորումներում մենք դեռևս չենք կարող ձերբազատվել Դոստոևսկուց, նա տիրում է դրանց, երկրորդ` հնարավոր չէ Դոստոևսկու առնչությամբ անել այլ բան, քան լինել պատվանդան նրա խոսքի համար: Ասում են` Բուդդհան իր ուսմունքի ներկայացումը սկսել է հետևյալ խոսքերով. «Արտահայտված ամենայն միտք կեղծիք է»: Իսկ այդ միտքը և՞ս… Ուղղակի այլ տարբերակ չկա խոսքը սկսելու: Դոստոևսկին ժամանակակից է. այլ կերպ հնարավոր չէ լռել:
Ուշագրավ է, որ մյուս ժամանակակիցն էլ «կանգ չի առնում» Դոստոևսկու վրա: Մեկ անգամ էլ տագնապի զգացումով հիշենք արդեն չարչարված հատվածը. «Դոստոևսկին միակ հոգեբանն է, ումից ես ինչ-որ բան եմ սովորել»[4]: Եվ այլևս գրեթե ոչ մի խոսք: Բայց որչա՜փ հարազատություն: Առհասարակ` նրանց երկուսի անունը կողք-կողքի դնելն արդեն մեծ թեմա է, արդեն իսկ հանդիսություն է, քանզի ներկա ես լինում մի Լուռ Երկխոսության:
Դոստոևսկին միտքը ճեղքել է իբրև մի արտառոց Ոճրագործ, որի գոյությունը չէր մտածել և չէր կարող կռահել լեզվի իմաստությունն անգամ: «Խորը, ոճրագործ և սուրբ» Դոստոևսկին, «դժոխքում եղած» այդ մարդը (արտահայտությունները Թոմաս Մանինն են) իր բացառիկությամբ վեր է կանգնել ամենայն հոգեբանությունից: Եվ նա, ով հոգեբանություն է ուզում տեսնել Դոստոևսկու մեջ (ինչպես Շեստովը), սև կատու է փնտրում մութ սենյակում: Դոստոևսկին հասկացություն է, եթե կուզեք` կատեգորիա, չափ, դեպք, իրադարձություն:
Պատմում են, որ մի անգամ Դոստոևսկին Տուրգենևի (որին նա ատում էր) հետ զրույցի ժամանակ ասել է, թե «Դևեր»-ի Ստավրոգինի կատարած աղջնակի բռնաբարության տեսարանը ինքնակենսագրական է (ինչը, բնականաբար, սուտ էր)[5]: Արդ` դիվայինի մասին մարդկային եզրույթներով խոսելը նման է պոետի մասին բիզնեսի տեսանկյունից դատելուն կամ գիշատիչին անքաղաքավարության մեջ մեղադրելուն:
Ոճրագործին, դիվայինին ապրումակցելու միակ ճանապարհը, թերևս, ողբերգությունն է, ասել է թե` ողջ էությամբ ընթացքի մեջ ընկղմվելը: Նիցշեն մեղադրեց Սոկրատեսին հույներից ողբերգությունը տանելու, նրանց դիոնիսոսյան սկզբից զրկելու համար: Սոկրատեսից հետո մարդկային խոսքն անհամեմատ շատացավ: Մինչդեռ իսկական ողբերգությունը լուռ է:
[1] Мамардашвили М., Очерк современной европейской философии. СПб, 2012, էջ 28:
[2] Սվասյան Կ., Ինչպես են Աստված դառնում // Նիցշե Ֆ., Ողբերգության ծնունդը և այլն: Եր., Գրիգոր Տաթևացի, 2013, էջ 108:
[3] Свасьян К., Достоевский и несть ему конца // Растождествления. М., «Evidentis», 2006, էջ 215:
[4] Տե՛ս, Նիցշե Ֆ., Չաստվածների մթնշաղ // Ողբերգության ծնունդը և այլն, էջ 407:
[5] Տե՛ս, Манн Т., Достоевский – но в меру // Сочинения в 10-и томах, т. 10. М., 1961, էջ 333: