Տիգրան Պասկևիչյան | CURRICULUM VITAE


ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ

Ես կարող էի,
ես
լինել առաջինը
վազքի մրցույթում,
բայց ո՞ւր պիտի վազեի
այդքան հեռու
եւ ինչքա՞ն ծանր պիտի լիներ
բաժանումը:

Ես կարող էի,
ես
լինել միակը

(ոչ անկրկնելին)
լինել միակը
հազարի մեջ,
տասը հազարի մեջ,
միլիոնի մեջ
միակը,
բայց ո՞նց պիտի թաքնվեի
մարդկանց եւ հատկապես
Աստծո աչքից:

Կասեին` ո՞վ է սա,
«Նա՞ է, նա՞ չէ»,
կասկածալի կմտմտային,
ու ես չէի իմանա`
ինչ ասել եւ ինչ անել
այդ դեպքում:

Իսկ հիմա
ցանկացած կարգի
ցանկացած բոսս
կարող է ասել
«անփոխարինելի մարդ չկա»
եւ ես ստիպված կլինեմ
նորից ըսկսել վազքը-
մեկնարկից:

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Ես կարող էի,
ես
լինել իմ երազած տղան-
նման Ռոբին Հուդին,
մի քիչ տարբեր Ջեյմս Բոնդից-
համարյա Րաֆֆու
խենթի պես մի բան:

Բայց ինձ միշտ ասում էին.

«խելոք մնա»,
«դասերդ սովորի»,
«հիմար լակոտների խելքին մի ընկի»,
«ձեռներդ լվա»,
«եղունգներդ կտրի»,
«հյուրերի համար գցված սեղանի մոտ ձեռդ մի պարզի»,
«ուտելիս ափսեն մոտ քաշի»,
«մեծերի խոսակցությանը մի խառնվի»,
«ներս մտնելիս մաքրի կոշիկներդ»,
«ծիծաղիր այնպես, որ թուքդ չցայտի ուրիշի երեսին»,
«ձեռդ գրպանդ մի դիր, առավել եւս մի քորի գրպանամերձ մասերդ»,
«տանը լսածդ ուրիշներին մի պատմի»,
«ուրիշի տանը զուգարան մի գնա»,
«թեյը խառնելիս մի զնգացրու բաժակը»,
«եթե քեզ չեն հարցնում, մի պատասխանի»,
«յուղոտ ձեռներով գիրք մի վերցրու»,
«բրդուճը ձեռիդ բակ մի վազի»,
«ծամելիս մի խոսիր կամ մի ծամիր խոսելիս»,
«պատերին գրվածները մի կարդա»,
«այգում համբուրվող զույգերին մի նայի»,
«փողոցային շանը ներս մի բեր»,
«գետնին ընկած հացը բարձրացրու»
եւ այլն, եւ այլն, եւ այլն:

ՍԻՐՈՒՆ ՏՂԱ

Ես կարող էի,
ես
լինել բոլոր կանանց սիրեցյալը,
եթե
գիշերները մի քիչ ավելի մութ լինեին:

Կանայք կգրկեին մութը,
իսկ ես կանանց կգրկեի,
եթե միայն
ես լինեի
ոչ թե մահվան հրեշատակը,
այլ Աստծո օգնականը`
մշակույթի, սպորտի
եւ երիտասարդության հարցերով:

ԱՐԹԲՐԻՋ

Կարող էր մեկը,
մեկը
կարող էր
մոռացած լինել ինձ
«Արթբրիջ» սրճարանում,
ինչպես հովանոցն են մոռանում,
ինչպես բջջային հեռախոսն են մոռանում,
ինչպես մոռանում են նոթատետրը`
գաղտնի,
շատ գաղտնի գրառումներով:

ՁԱՆՁՐՈՒՅԹ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Ես
կարող էի,
ես
չձանձրանալ սրճարանում,
եթե միայն
մեկն իր մաղձը չդարձներ
քաղաքագիտություն,
մեկն իր զայրույթը չդարձներ
գրականագիտություն,
մեկն իր զարմանքը չդարձներ
հայրենասիրություն,
մեկն իր կարոտը չդարձներ
կացութաձեւ,
մեկն իր բարդույթները չդարձներ
արվեստի տեսություն,
մեկն էլ իր մեծությունը չդարձներ
ծիծաղի առարկա:

Էլի կարող էի չձանձրանալ,
եթե միայն
մեկն իր վաստակն աչքս չխոթեր,
մեկն իր բարբառով չփորձեր մտնել
համաշխարհային գրականության մեջ,
մեկն իր ու իմ ողջ կյանքը չկապեր
հրեաների, մասոնների, իսրայելյան,
ամերիկյան, ռուսական եւ այլ
գաղտնի ծառայությունների հետ,
մեկն էլ իր գիտելիքով զահլա չտաներ
ու չփորձեր համոզել, թե
հնդկացիների ցեղասպանությունը
ցեղասպանություն չէ մերի համեմատ:

Ես անվերջ կարող էի չձանձրանալ,
եթե միայն
մեկն անընդհատ ի´ր մասին չխոսեր,
մեկն անընդհատ իրե´նը չպնդեր,
մեկն անընդհատ կաշվից դուրս չգար`
համոզելու համար,
թե ձմեռները ցուրտ են լինում
ոչ միայն կամ ոչ անպայման
բնական պատճառներով,
մեկն էլ անընդհատ չասեր`
եթե հաղթել ենք, ուրեմն` վերջ:

Ես շարունակ կարող էի չձանձրանալ,
եթե սրճարանում
խոսակցություն չբացվեր
մշակույթի սխալ նախարարների մասին,
օժանդակ բայերի մասին,
այլանդակ իշխանությունների մասին,
անարդար ընտրությունների մասին,
խեղճուկրակ ընդդիմադիրների մասին,
մեկի` քաղբանտարկյալ լինելու,
մյուսի` չլինելու մասին,
ԱԼՄ-ի մասին, թե մեր դեմքն է
եւ ԱՄՆ-ի մասին, որի գյոթ դեսպանացուն
համառորեն չի արտասանում
այն մի հատիկ քաղցր բառը`
ցե-ղա-սպա-նու-թյուն:

Չձանձրանալու ռեսուրսն իմ
չէր սպառվի, եթե
մեկը չասեր.
«Այսպես էլ պետք է լիներ»,
իսկ մյուսը չհարցներ.
«Բա մենք սրա՞ն ենք արժանի»:

Ռեսուրսն իմ չէր սպառվի էլի,
եթե մեկը չլիներ սնապարծ,
եթե մյուսը չլիներ սնափառ,
եթե երրորդը փառամոլ չլիներ,
եթե չորրորդը խաղամոլ չլիներ,
ու հինգերորդը չլիներ աճպարար:

Ռեսուրսն իմ չէր սպառվի
կամ չէր մաշվի դանդաղ,
եթե վերջին հույսը չլիներ հույսը նախորդ,
եթե վերջին շանսը չլիներ հեռանալը,
եթե վերջին բաժակը չլիներ ավելորդ
ու վերջին կինը չլիներ մատուցողը,
ում դեմքին գրվածն էլ արտագրում եմ
այսօր:

ԵՐԵՔ ՈՒՅՈՒ ՉՈՐՍ

Ես կարող էի, ես
դուռը բացել,
դուրս գալ,
դուռը փակել
ու գնալ:

Ընդամենը չորս գործողություն,
եթե դրանով ամեն ինչ վերջանար:

Բայց ես կարող եմ,
ես
մի ուրիշ դուռ բացել,
ներս գալ,
դուռը փակել
ու մնալ:

Մշտական տոմս

Մայիսի վերջին,
երբ ծաղկում են
չայի վարդերը
եւ դրանց բույրը
տարածվում է օդում,
հիշում եմ,
որ մայրս կին էր,
եւ ես ունեի
աշխարհ գալու
մշտական տոմս:

Շուկայի ճանապարհին

Մեկն իմ դուռը թակեց: Բացեցի:
-Աշխարհի վերջն է,-ասաց:
-Իսկ սկի՞զբը երբ էր,-հարցրի:
Զարմացավ:

Ինչ իմանար խեղճը,
որ նախորդ օրը
մասնակցել էի մի վարժանքի,
ուր արեւմուտքցի մասնագետները
սովորեցնում էին
որակյալ նախագծեր կազմել –
շուկա մտնելու համար:

Right man, right time

Եթե մի քանի ժամով
հետաձգվեր
տղայի եւ վարդի հանդիպումը,
Գյոթեն չէր գրի
իր հայտնի բանաստեղծությունը:

Բարեբախտաբար երեքն էլ
ճիշտ ժամին
ճիշտ տեղում էին:

ՔԱՐԻ ՄԵՋ ԱՐՈՒՆ ԿԱ

Քաղցած մարդիկ իմ խոսքին
երբեք չեն հավատա,
չեն հավատա նաեւ նրանք,
ովքեր կուշտ են:

Եւ չեն հավատա նրանք,
ովքեր խանութից
երկու հատ հավկիթ են առել
ու մտքում ձվածեղ անելով
գալիս են տուն:

Ո՞նց հավատան, երբ իմ
խոսքն ապառաժ է:

ԲԵՒԵՌԱԽՈՒՅԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեզդեմոնայի եւ մեր հարեւան
Սիրվարդի միջեւ
մի տարբերություն կա.

Սիրվարդն արդուկելուց առաջ
թաշկինակը թրջում է
կափարիչը ծակծկած
«Նոյ»-ի շշից
ջուր ցողելով:

Մի տարբերություն էլ կա.
ամուսնու անունը Գալուստ է,
բայց Սիրվարդը նրան կոչում է Հենդո-
հավանաբար-
ի պատիվ Ֆրիտյոֆ Նանսենի:

Հազար ու մի մանրուք

Նկարը պատից
կախելու համար
մեխ է հարկավոր:

Մեխը պատին
խփելու համար
մուրճ է հարկավոր:

Մուրճի ու մեխի
շփման համար
հարված է հարկավոր:

Երկա՜ր պատմություն:

Իսկ իմ
հեռավոր ազգական
Ս.Կ.-ն կախվել էր
առանց մեխ ու մուրճի:

ՄԻ ԱՆԳԱՄ ՁՄՌԱՆԸ

Որ պարապ չմնամ,
անցա գործի:

Աշխատավարձս շատ չէր,
հազիվ հերիքում էր ծխախոտի,
մեկ էլ մի քիչ գինու:

Վնասակարության համար
մի քանի դրամ ավել էին տալիս,
բայց մածուն առնելու փոխարեն
թերթեր էի գնում,
որ համ իմանամ ինչ կա,
համ էլ թերթերը պետք են գալիս,
երբ առավոտ կանուխ սկսում ես կպցնել
կրակները դժոխքի:

ԱՄԵՆ ԻՆՉ ՓԱԿ

Երբ ձյուն է գալիս,
դուռը բացում եմ, որ ներս լցվի:

Երբ ներս է լցվում,
հատակը դառնում է սեւ:

Սեւ հատակի վրա
ես ինձ ավելի ապահով եմ զգում,
քան սիրո ճերմակ անկողնում,

քանզի մեկ անգամ է գալիս մահը
եւ երբ գալիս է
ոչ ոք ոչինչ չի բացում:

Այդպես ամեն ինչ մնում է փակ:

ԱԼԻԲԻ

Մի քաղաքում, ուր ես չկայի
պատահաբար բացվել էր վարդը
պարտեզում մեկի, ով ես չէի:

Եւ թերթիկների վրա ընկած ցողը
չէր կարող լինել իմ արցունքը:

Դրանից էլ բացի, ես այլեւս չեմ լալիս,
երբ ինձ պատկանող իրերը կորչում են:

ԱՐԱՄՈՒՍԻ ԳԱԶԱՐ

Հին շուկայում մի օր
գտա պապիս թուրը,
որով նա սպանել էր
իմ ապագան:

-Որքա՞ն արժե,- հարցրի:
Վաճառողը խուլ էր:

Հետո էլի քայլեցի
հին շուկայում,
տեսա բազում ինչք ու ապրանք,
բայց այդ թրի նման
միակ բանը, որ պատահեց
Արամուսի գազարն էր`
մաքուր վիտամին A:

ERROR-1

Մարդ լինելու ցանկությունը
կույր առաջնորդ է:

Նա մեզ տանում է գազանանոց,
որի հանգստյան օրը
կիրակին չէ:

ERROR-2

«Կողմնակի անձանց մուտքն արգելվում է».
ասում է դուռը,
իսկ մեր Տերն ասում էր.
«Բախիր եւ կբացվի»:

ERROR-3

Մուրացկանը մի օր
ինձ հարցրեց.
«Ժամը քանի՞սն է»:

Ձեռս տարա գրպանս,
դատարկությունը կեղծ էր:

ERROR-4

Չքնաղ մի կին մի օր
հարցրեց. «Ո՞ւր է սերը»:

Աջ նայեցի` չկար,
իսկ ձախ կողմում անդունդ էր:

Երբ շրջվեցի, կինը
հեռացել էր: Անշտապ:

ԱՄԱՌՎԱ ԵՐԿԻՆՔ

-Հողը երբեք տաք չի լինում,-
ասում էր հորս հայրը,
երբ ես պառկում էի գետնին`
երկինքն ամբողջությամբ
տեսնելու համար:

Նա վախենում էր մահից,
իսկ ես ուզում էի վայելել
երկինքն իբրեւ տեսարան:

Նա վախենում էր
հողում թաքնված չարից,
իսկ ես ուզում էի վայելել
երկինքն իբրեւ տեսարան:

Ամպը շարժվում էր,
թռչունը շարժվում էր,
երբ աչքս կկոցում էի,
օդն էր շարժվում անգամ:

Նա վախենում էր
ամեն շարժումից,
իսկ ես վայելում էի
երկինքն իբրեւ տեսարան:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Երբ ինձ չէին հասկանում,
թաքնվում էի ձեղնահարկում:

Միշտ:

Բայց մի օր ուժեղ քամի եկավ,
եկավ ու փչեց,
փչեց ու տարավ
տանիքը մեր տան:

Ու ձեղնահարկը,
որ չհասկացվածիս
միակ ապաստանն էր,
դարձավ անապատ:

-Պառվի ուլերն են,-
ասաց տատս:

-Փոքրասիական սառը հոսանք է,-
ասաց ռադիոն:

Մինչ տատս ու ռադիոն
վիճում էին,
ես նոր ապաստան էի հայտնաբերում-
առասպելի ու գիտության
միջակայքում:

ԽԱՐՄՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սիրո մասին երգ գրեցի,
խնդալուց մեռաք:

Լույսի մասին երգ գրեցի,
խնդալուց մեռաք:

Երբ գրեցի մահվան մասին,
սիրո ու լույսի մասին
գրած երգերիս վրա
խնդալուց մեռել էիք արդեն:

Չհուսահատվեցի, մի երգ էլ
գրեցի վշտի մասին,
մեկն էլ` բաժանման,
մի հատ էլ` կարոտի:

Ուզում էի սոնետների պսակ գրել
հաղթանակի մասին,
բայց զգացի,
որ էլ չեմ դիմանում,
խնդալուց մեռնում եմ:

ԴՌՆԵՐԻ ՄՈՏ

Փարիզի դռները փակ էին:
Տարօրինակ չէր:

Ներս մտնել չէի ուզում,
բայց դրսում ցուրտ էր:

Վոլտերի փողոցի վրա
հենց մայթին մեկը քնած էր:

Ուզեցի արթնացնել,
պարզվեց մեռած է:

Հավաքածու «CURRICULUM VITAE» գրքից

© Տիգրան Պասկեւիչյան, 2005-2007

Share Button

24 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Տիգրան ջան շնորհակալ եմ հրաշալի նվերի համար, վաղուց իսկական պոեզիա կարդալու կայֆը չէի ունեցել

  • Vahram says:

    Տիգրանը հենց”ձանձրանումա” լավ բանաստեղծությունը պատրաստա: Ողջույն!!!!!

  • Զաւէն Զաքարեան says:

    Johann Wolfgang von Goethe:
    “The right man is the one that seizes the moment.”

    Right man, right time

    Եթե մի քանի ժամով
    հետաձգվեր
    տղայի եւ վարդի հանդիպումը,
    Գյոթեն չէր գրի
    իր հայտնի բանաստեղծությունը:

    Բարեբախտաբար երեքն էլ
    ճիշտ ժամին
    ճիշտ տեղում էին:

  • Նազելի Օհանյան says:

    Խարմս+ Պասկ /ևիչյան/ ինձ համար հաճելի հանդիպում….
    Սիրո մասին երգ գրեցի,
    Խնդալուց մեռաք…………………..

  • Կարեն Անտաշյան says:

    Փորձում եմ հասկանալ այս բանաստեղծությունների մոգականությունը`
    Տիգրանը փորձում է արդրացնել մարդու պարտությունը և դա նրան հաջողվում է… սիրտս լիքը լավ բաներով, այդ թվում նաև սիրով է լցվում էդ գիտակցումից

  • blansh says:

    Ու ինչ հավես էր մինչև վերջ մնալ… Կարդացի, հետ գնացի նորից կարդացի… որոշ մասեր 🙂

  • Ուզում էի սոնետների պսակ գրել
    հաղթանակի մասին,
    բայց զգացի,
    որ էլ չեմ դիմանում,
    խնդալուց մեռնում եմ:

    huzmunqs chap chuni….

  • arpi says:

    tesa Tigranin chaynium nstac, artbreadjum nstac…myus cafeum srchelis.
    inky hachax lur a.
    esor kardacink inchi masin a lrum:)
    mersi kisvelu hamar Tigran jan!
    es erjanik em vor ko het nuyn qagakum em aprum:)

  • Մարի Սամանլեան says:

    Ինծի համար բանաստեղծութիւն կարդալը ընդհանրապէս ձանձրալի բան մըն է, բայց միղտ կը ջանամ կարդալ որ մի գուցէ հաճելի ըլլայ: Երբեմն կէս կը ձգեմ չեմ շարունակէր: Այս անգամ մեկ շունչով կարդացի, շատ լաւ էր:

  • Էդուարդ says:

    Հիանալի է

  • Tigran K. says:

    Սքանչելի ա, զիլ ա!!! բրավո!!!!!

  • Anna says:

    Տիգրան հիացած եմ, պարզի մեջ բարդ, ուժեղ ու դիպուկ:
    Շատ դուրս եկան հատկապես “Մանկության շիկացած երազանք”, “Ձանձրույթ սրճարանում”, “Երեք ույու չորս”, “Հազար ու մի մանրուք”, Ամառվա երկինք” ու “Error”-ների շարքը:
    Շնորհակալություն:

  • նանոր says:

    ուժեղ աուռա ունի էս մարդը
    գրող, հրապարակախոս
    տիգրան պասկևիչյանը

  • SUREN SRPACAN says:

    LAV POET@ LAV HAREVANIC LAV BANA !!!!!

  • Lusine V says:

    Աստծո օգնականը`
    մշակույթի, սպորտի
    եւ երիտասարդության հարցերով:

    shaaaaat lavn er!!!!

  • Էմմա Ալեքսանդրյան says:

    Դիվանագետի անցած ուղին էլ է շատ լավը:Մանկության ու պատանեկության ըմբոստ,ինքնատիպ ես-ը հա պիտի իրեն հարմարեցնի հասարակության ակնկալած ես-ին,երբ մեծանում ենք էլ համարյա էլի նույնն է…

  • Պերճ says:

    Ես մի խնդրանքով եմ դիմում ձեզ:
    Ես սկսնակ գրող եմ ու ուզում եմ իմանալ թե որ լրագրում կարող եմ տպել գործերս:
    Նախապես շնորհակալություն:

  • Դիանա Արիան says:

    Երբ ինձ չէին հասկանում թաքնվում էի ձեղնահարկում…

    Լավն էր…Հետաքրքիր է, երբ հետաքրքիր են մտածում:

  • Զառա says:

    🙂 Պերճ ջան, ում ես դիմում խնդրանքով, Պասկևիչյանին, թե կապ չունի, պարզապես ինֆորմացիա ես ուզում ստանալ?

  • Պերճ says:

    Ես պարզապես ինֆորմացիա եմ ուզում ստանալ:

  • Զառա says:

    Դե թող պռոֆեսիոնալները պատասխանեն: :ՃՃ

  • Պերճ says:

    :SDAG)(

  • Հենզել says:

    Տիգրան, Երևան գալուս պես «CURRICULUM VITAE»-դ պիտի փնտրեմ:

  • Նարե says:

    Վաղուց ինչ-որ նոր բան էի փնտրում , բայց ինչ կարդում էի, ինձ ոչ մի նոր բան չէին ասում: Հիմա գտել եմ: Հիանալի աշխարհ է Տիգրան Պասկևիչյանի պոեզիան: Ձեր բանաստեղծությունները իմ ընկերներն են: Շնորհակալ եմ :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *