Ինչքան իմ արդեն երկարող կյանքից եւ էդ կյանքում (անպայման) պատահած լավագույն գրքերից գլխի ընկա,
մեր իրականությունը գրված է օտար լեզվով: Ավելի կտրուկ՝ իրականությունները հենց օտար լեզվով էլ գրվում են, դա Կարգ է, բայց մեր գործը, բնականաբար, մե՛ր իրականության հետ է նախեւառաջ: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անել…
Թարգմանել, իհարկե:
Թարգմանության տարբեր սկզբունքներ կան, բավական շատ են անսկզբունք թարգմանությունները, փոխադրությո՛ւնը կա վերջապես: Իսկ մի գրագետ (Սարոյանի բառն է), հիմա չեմ հիշում անունը, թեթեւ ձեռքով երկու մեծ խմբի է բաժանել թարգմանություն երեւույթը, երբ խոսելիս է եղել Գյոթեի Ֆաուստի ռուսերեն ամենահայտնի երկու տարբերակի մասին: Եթե ուզում եք, ասել է, իմանալ, թե ի՞նչ է գրել Գյոթեն, պիտի կարդաք Նիկոլայ Խոլոդկոսվսկու թարգմանությունը, իսկ եթե՝ ինչպե՞ս է գրել, ապա՝ Բորիս Պաստեռնակինը: Իհարկե, խնդիրը շատ ավելի բարդ է, իրականում դրանցից ոչ մեկն էլ բուն Ֆաուստը չէ, լավ գերմաներեն չիմացողն էլ կարող է վստահ լինել, որ համաշխարհային գրականության այդ գլուխգործոցը, ինչպես սիրում են ասել համալսարաններում, չի կարդացել: Էդպես է: Էդպես է նաեւ անգլերենի, ռուսերենի, ճապոներենի եւ բոլոր մյուս լեզուների պարագային:
Սա՝ գրականության մեջ: Բայց մենք խոսում ենք իրականության մասին, եւ այս դեպքում, զուգահեռներ տանելու հնարավորության առկայությամբ իսկ, ամեն ինչ այլ է: Պատճառը մեկն է ու միակը. իրականության լեզուն օտար է առհասարակ… Կամ, ավելի պարզ, դա որեւէ լեզու չէ, դա հենց բոլոր լեզուներին օտար լեզու է, ուստի գոյություն ունի միայն այս կամ այն լեզվով թարգմանված վիճակում: Այսինքն՝ թարգմանությունն այս դեպքում կենսական անհրաժեշտություն է, եւ առաջին հերթին՝ հենց իրականության համար: Պայմանավորվենք նաեւ, որ, գոնե այս տեքստում, իրականությունը հենց ճակատագիրն է՝ ե՛ւ մարդու, ե՛ւ միմյանց մեջ ինչ-ինչ նմանություններ տեսնող մարդկային խմբերի: Չթարգմանված, մայրենիով չընթերցված իրականություն՝ չթարգմանված, մայրենիով չընթերցված ճակատագիր:
Եւ մենք չունենք այդ թարգմանությունը, որը համահանճար պիտի լիներ, պիտի լիներ վերոհիշյալ երկու թարգմանությունների օրգանական մեկտեղումը՝ ինչը եւ ինչպեսը – նույն տեքստում: Չունենք: Մենք գոյատեւում ենք մի իրականության մեջ, որն օտարի թարգմանածն է, ասես, կամ՝ առավել իռացիոնալ մի բան. մեզանից մեկը, կարծես, նույն Ֆաուստը գերմաներենից թարգմանած լինի անգլերենի, բայց մե՛զ համար, որպեսզի մենք կարդա՛նք:
Իսկ դա նշանակում է, որ իրականությունը կամ ճակատագիրը, որպես օտար իրադարձությունների կցկտուր շղթա, երբեմն՝ մաս-մաս, երբեմն՝ համեմատաբար (իբր) ամբողջական, անընդհատ շաղ է գալիս մեր՝ վաղուց արդեն մայրենի որեւէ բան չընկալող գլխին՝ ներկայանալով որպես իրականություն ու ճակատագիր:
Իրականությունն ու ճակատագիրը գրականություն չեն, որի օտարը կընդլայներ մեր՝ այսպես կոչված մտահորիզոնը: Մեր ճակատագիրը հենց մենք ենք. ու եթե՝ չթարգմանված-օտար, ապա՝ չճանաչված-չապրված… Իսկ եթե ոչ ճանաչում ենք, ոչ էլ ապրում, անում ենք ի՞նչ, եւ մանավանդ՝ ինչո՞ւ:
“Реальность создана языком, мы этого не понимаем, что мы живём в стенах созданных нашим языком”