Գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքը ավագ սերնդին հայտնի է «Մեր հոգսերի ձմեռը» վեպով, որն այնքան է սիրվել, որ անվանումն անգամ թևավոր խոսք է դարձել:
«Ցասման ողկույզները» վեպը գրվել է 1939-ին` կարճ ժամանակ անց արժանանալով Ազգային գրքի և Պուլիցերյան մրցանակների: Այն Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործների մասին է, որ բռնելով գաղթի ճանապարհը` իրենց «երազանքի» արևմուտքում` Կալիֆոռնիայում, հանդիպում են դաժան ընդունելության և համտեսում ցասման դառը ողկույզները… Վեպի հիման վրա ֆիլմը նկարահանվել է մեկ տարի անց` 1940-ին, և այն առաջին 25 ֆիլմերից էր, որոնք 1989-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն ընտրեց Ազգային ֆիլմերի ռեգիստրում պահպանելու համար:
Այո՛, 1963-ին Ջոն Ստայնբեքը այցելել է ԽՍՀՄ և եղել է նաև Հայաստանում: Նա ամենուր ջերմ ընդունելության է արժանացել. բանաստեղծ Շիրազը նրան հյուրընկալել է իր տանը, իսկ վարպետ Սարյանը ստեղծել է նրա դիմանկարը:
Հայաստանի գրողներին Ստայնբեքն այնուհետ շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ-ից. «… Մենք այնքան շատ բան ենք հիշում և անչափ հաճույքով ու ջերմությամբ… Երգերը` սեղանի շուրջ, վանքերը` անհավատալի, ժայռափոր, վեհ գահավանդը` ծռված խոր կիրճի վրա, որտեղ հռոմեական լեգիոններն են քայլել, և լուսաբացի տեսքը Արարատ լեռան, և այն, թե ինչպես էր նա փոխվում հետմիջօրեին, և Սայաթ-Նովայի երգերի բառերը, որ անծանոթ էին մեզ, բայց անչափ քաղցրահնչուն»:
Վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը տեղի կունենա մարտի 30-ին` ժամը 18.00-ին, ԶԱՆԳԱԿ գրատանը: