Աշունը ժամանակից շուտ տեղ հասավ, ասես՝ ուզում էր ինչ-որ մեկին գտնել անհարմար, անպատեհ տեղում եւ ասել՝բարև, ի՞նչ կա: Գյուղի մարդիկ գյուղամիջում նարդի էին խաղում, իսկ աշունը գաղտնագողի մոտեցել ու կանգնել էր նրանց կողքին. ոչ ոք չէր նկատում, միայն քամին էր, որ նրանց լսելիքները լցնում էր տերևների խշխշոցով:
Ոմանք արդեն վառարաններն էին դնում, ոմանք դեռ սպասում էին՝ չհամակերպվելով տաքի ու ցրտի հերթափոխին:
Հարություն պապն ու Մանիկ տատն այնպես էին նստել դեմ դիմաց՝ կարծես գլուխգործոց քանդակ լինեին՝ չգիտեմ ում ձեռքով հորինված: Նրանք երկուսն էլ խոնարհել էին աչքերը եւ նայում էին միմյանց ձեռքերին. նրանց ձեռքերում հարմար տեղավորվել ու ննջում էր ծերության ուրվականը…
-Հը՞, Հարություն, ի՞նչ ես մտածում:
Հարցի հետ Մանիկը կռացավ, որպեսզի վառարանը փայտ գցի:
-Էդ վառարանը ո՞ւմ համար ես վառում՝թոռնե՞րդ են գալու տաքանան, թե՞ տղադ է հարսիդ հետ Մոսկվայից ժամանում:
-Ի՜, այ մարդ…Քեզ համար եմ վառում, հենց քեզ համար, որ ոտքերդ տաքացնես:
Մարդը սկսեց քթի տակ ինքն իրեն հանդիմանել:
-Կոտրվեն ոտքերդ, Հարությու՜ն, քո սեւ օրն է, սե՛ւ օրը…Էդ ո՞ւր ես հասել, որ վեր ես կենում տուն-տեղ թողես, հորդ գերեզմանը թողես, գնաս փեսուդ ձեռքին նայես…
-Այ մարդ, ի՞նչ ես դժգոհում, հո ուրիշի տուն չես գնում, քո սեփական աղջկա տուն ես գնում…Քաղա՛ք ես գնում, քաղա՜ք…
-Պա՛խ-պա՛խ-պա՛խ…Ասա՝ գնում ես աքլորի պես հինգերորդ հարկում թառես: Համա թե աքլորը գոնե կանչում է, ես ձենս կտրած պիտի նստեմ:
Քամին ոռնոցով զարկեց ապակուն ու ցած գլորվեց, ապա սկսեց շան պես կաղկանձել, որն ինչ-որ մեկին էր փնտրում կամ էլ՝ իր անտեր ճակատագիրն էր ողբում: Հաչում, հա՜ հաչում էր,բայց աշնան ականջները խուլ էին, եւ ծառերից թափվող տերևենրը բուռ-բուռ կուտակվում էին քամու ոտքերի տակ…
-Դուռ-պատուհան փակե՞լ ես, Մանի՛կ:
-Հա՛, փակել եմ:
-Հավաբունը լա՞վ ես փակել:
-Հա՛, պինդ-պինդ փակել եմ:
-Աշոտն ու Ալեքսանը ո՞ւր մնացին, ասել էի՝ ժամանակին կգաք, գործ-մործ բացատրեմ, նոր գնամ:
-Է՜, էդ առաջ էր, որ ասածդ օրենք էր մարդկանց համար: Էն ժամանակ, երբ կոլխոզի նախագահ էիր, տունդ քարվանսարա (իջևանատուն) էր, սեղանդ՝ բոլ-լիքը: Կողքի գյուղերից էլ էիր մարդ բերում, հաց տալիս, զոռով էլ լիներ՝բերում էիր :
-Տղամարդը մենակ հաց կո՞ւտի, էդ հացը բկովս կանցնե՞ր:
-Բա հիմա ո՞նց է անցնում:
-Չի անցնում, բկիս կանգնած է:
-Էդ բկիդ կանգնածը ուրիշ բա՜ն է, ծերությունդ է, Հարությո՛ւն, ծե-րու-թյու-նը՜դ…Ծերությունը կուլ տալ չի լինի, դա անհամ-անմարս բան է: Բայց դե վերջը…մի օր պետք է կուլ տանք պրծնենք՝ հա՛մ դու, հա՛մ ես…
-Ինչքան էդպես ծերության մասին փնթփնթաս, էնքան կգա ու վզովդ կընկնի:
-Ես իմը չգիտեմ, բայց քոնը արդեն վզովդ է ընկել էն ժամանակների սիրուհիներիդ պես…
Դուռն առանց ծեծելու բացվեց, ներս մտան Ալեքսանն ու Աշոտը՝ գլխարկների տակից նայելով հավաքած ճամպրուկներին:
– Երևում է՝ արդեն «չամադաննի եք»: Ինչո՞վ եք գնում:
– Արշալույսին ենք սպասում, ուր որ է ամուսնու հետ տեղ կհասնեն,- Մանիկ տատը հավաքեց փեշերն ու նստեց:
– Եկե՛ք, եկե՛ք,նստեք տեսնեմ, ժամանակ չկա,- Հարությունը անհանգիստ էր:
– Հը՞,Հարությո՛ւն, քաղաք ես գնում հա՞, բա ասում էիր՝ ոտքս ասֆալտին չի կպչի, ես գյուղից գնացողը չե՜մ,- Ալեքսանը սրեց բեղերը:
– Դու ավելի լավ է քիչ խոսիր ու լսիր տես ինչ եմ ասում. ես քաղաքում երկար մնացողը չեմ, հենց կկուն կանչեց՝ հետ եմ գալու: Էս հայաթի հսկողությունը թողնում եմ քեզ:Աչքդ հայաթից չես կտրում, չնայած գիտեմ՝ մտնող չի լինի:
-Ի՞նչ գիտես,- վրա տվեց Մանիկը:
-Գիտեմ, որովհետեւ մարդիկ էս տանը հազար անգամ աղ ու հաց են կերել, ո՞նց կարող են էս տան աղու հացը գետնով տալ: Համ էլ քո գործը չէ, դու կին արմատ ես, մի խառնվիր տղամարդկանց խոսակցությանը:
Մանիկը լռեց ու ծվարեց վառարանի մոտ՝ականջի պոչը թողնելով տղամարդկանց կողքին:
– Արխային կաց, Հարությո՛ւն ախպեր, խի՞ որ չասեիր, ես աչքս քո հայաթից կկտրեի՞, հազար տարվա հարևաններ ենք,- Ալեքսանն այնպես գլխով արեց ՝ասես շատ մեծ պատասխանատվություն է վերցնում ուսերին:
– Աշո՛տ, հավաբունն էլ քեզ եմ վստահում, ամեն առավոտ հավերի կուտն ու ջուրը կտաս, բայց ուշադիր կլինես, որ առնետ-մառնետ չտանեն, դուռը պինդ կփակես, դե՜ ածած-չածած ձվերն էլ քեզ լինեն:
– Էդ բոլորը հաշվիր արդեն արված է,- մեջ ընկավ Ալեքսանը,- դու էն ասա՝տղադ գիտի՞,որ գնում եք աղջկադ տանը ձմեռեք:
– Դե որ չի զանգում, որտեղի՞ց իմանա, գլուխը կախ, առոք-փառոք բիզնեսներ է անում Մոսկվայում,- Աշոտը պատասխանեց Հարությունի փոխարեն:
– Տղան ի՞նչ անի, հազար ու մի հոգս ունի,-խոսեց Մանիկը՝ չցանկանալով որդու մասին վատաբանություն լսել:
– Բա հարսդ, սկի չի՞ ասում մի օր վեր կենանք գնանք, տեսնենք էս մարդիկ ոնց են գյուղում ապրում: Մոսկվան հո Սիդնեյը չէ՞: Դու ես մեղավոր, որ ժամանկին տունը առել ես Մոսկվայում, մեքենան դրել տակը, գործն էլ դրել գրպանումը: Է՜, Հարությո՛ւն, լավ ժամանակներդ անցան, համա՜ թե պառավ մարդու համար ամենալավ բանը քաղցր խոսքն է, վերաբերմունքը…
Հարությունը լուռ լսում էր Ալեքսանի կծու խոսքերը, աչքերը՝ ձեռքերին խոնարհած:Նրան թվում էր՝ այդ խոսքերի հետ ձեռքերն էլ ավելի սկսեցին դողալ: Դողացող ձեռքերով հանեց թաշկինակն ու սրբեց ճակատի քրտինքը: Հետո նույն դողացող ձեռքերով ծալեց թաշկինակն ու դրեց գրպանը: Այնքան կուզեր, որ ցավն էլ քրտինքի պես լիներ, սրբեր ու դներ գրպանը: Դներ ու էլ չհաներ…Բայց չէ, ցավն արդեն իր մեջ էր եւ իզուր էր դուրս գալու անցք որոնում:
-Ասում են՝ քաղաքում խանութները պարտքով բան-ման չեն տալիս,- Աշոտը փորձեց թեման փոխել,- բա ո՞նց են անում քաղաքի մարդիկ: Տեսնես էնտեղ է՞լ են թոշակը նազ ու տուզով տալիս, թե՞ ժամանակին տեղ է հասնում:
– Դե որ ոտքները ցեխ չի տեսնում, երևի թոշակն էլ ասֆալտով շուտ է տեղ հասնում,-ծիծաղեց Ալեքսանը:
Մեքենայի ձայնը լռեց դարպասի մոտ, հետո մեծ դարպասը ճռռաց եւ երկու հոգի ներս մտան:
-Ոնց որ թե եկել են,- ախ քաշեց Հարությունը:
Մանիկը շտապեց դիամվորելու աղջկան ու փեսային:
Ներքեւից լսվեց Արուսյակի ձայնը.
-Հետաքրքիր մարդիկ եք, օղի քաշելու սարքը խի՞ եք դրսում թողել, քանդեիք, դնեիք նկուղում, որ ապահով լիներ, թե չէ ի՞նչ գիտեք՝ ամեն ձեւի մարդ-մուրդ կա գյուղում: Հարյուր անգամ ասել եմ…
-Էդ ի՞նչ է խոսում, ինչը՞ քանդել,-Հարությունը հենվեց ձեռնափայտին ու վեր կացավ, թեքվեց դեպի պատուհանը,- էդ սարքը տեղից չի շարժվելու, հազար տարի է նույն տեղում է, հազար լիտր օղի եմ քաշել դրանով, հազար մարդու խմեցրել՝հազար գյուղից, հիմա ուզո՞ւմ ես, որ …Աստված էլ իջնի,տեղից չեմ շարժի:
-Ա՛յ մարդ, դու էլ օղի քաշողը չես, թող վերցնենք, նկուղում դնենք, թե չէ ի՞նչ իմանաս…
Արուսյակը ջղայնացավ, իսկ Մանիկը, որ դուրս էր եկել աղջկան դիմավորելու, խեթ հայացքով դարձավ դեպի ամուսինը.
-Սո՛ւս արա,ա՛յ մարդ, գոնե սպասիր թող տուն մտնեն, հետո կքննարկենք մնացած ավելորդ հարցերը:
-Ավելո՜րդ….Ավելո՜րդ,- Հարությունը քթի տակ մի քանի անգամ կրկնեց բառը,- ուրեմն օղի քաշելու սարքը ավելորդ է, հա՞… Ուրեմն էլ պետք չի, հա՞, որ ուզում եք տեղահան անել…Ուրեմն ես էլ եմ ավելորդ, հա՜…
-Հարությո՛ւն, դու արխային կաց, ես աչքս հայաթիցդ չեմ կտրի, ո՞վ կարող է մոտենալ, բան գողանալ, ո՞վ կհամարձակվի,- Ալեքսանը շտապեց հանգստացնել հարևանին:
-Ո՜ւֆ, դուք գիտեք, հետո չասեք, որ չեմ ասել,- Արուսյակը ջղայնացած բարձրացավ քարե աստիճաններով…
Աշոտն ու Ալեքսանը օգնեցին տեղափոխել ճամպրուկները, փեսան դրսում ծխում էր:
-Դու սրան նայիր , չի ուզում նեղություն քաշել,- փսփսաց Ալեքսանը:
-Քաղաքի տղա է, իրենը մենակ ծխելն ու գարեջուր խմելն է,- ավելացրեց, երբ փոքր-ինչ հեռացան:
-Դու էլ գիտես, թե քաղաքի մարդիկ պարապ-սարապ մա՞ն են գալիս, էնպիսի բաներ ես ասում, ոնց որ կյանքում քաղաք տեսած չլինես,- ասաց Աշոտը:
– Էնքա՜ն քաղաքներ եմ տեսել. Մոսկվա եղե՞լ եմ, եղել եմ, Թիֆիլս ծառայե՞լ եմ,ծառայել եմ, Աշխաբադ կնունք եմ գնացե՞լ, գնացել եմ, Երևան ուսանող եմ պահե՞լ, պահել եմ, ի՞նչ մնաց տակը՝ Փարի՞զն ու Լոնդո՞նը, էդ հեռու-կասկածելի տեղերում ի՞նչ գործ ունեմ…Համ էլ մեր գյուղը հա՛մ Փարիզ է, հա՛մ Լոնդոն…
-Սիդնեյը մոռացար,- քահ-քահ ծիծաղեց Աշոտը:
Ճամպրուկնեը շարվեցին մեքենայի մեջ եւ եկավ մեկնելու պահը:
Արշալույսը ամուր փակեց դարպասը, դրեց փականը ու բանալիները հանձնեց Աշոտին:
Հարությունը ուշադիր նայում էր, թե ինչպես են աղջկա ձեռքերը փակում ճռռացող դարպասը: Հետո ցանկապատի արանքից երևաց հսկա տանձենու տակ դրված օղի քաշելու սարքը, եւ արցունքները թունդ օղու պես այրեցին կոկորդը. այդպիսի թունդ օղի դեռ չէր խմել ողջ կյանքում…
Մեքենան սկսեց հաղթահարել գյուղի ցեխոտ ճանապարհը: Գյուղամիջում մարդիկ նարդի էին խաղում, եւ Հարությունն առաջին անգամ նկատեց, որ աշունը եկել-մտել է գյուղ, կանգնել հենց գյուղամիջում: Ականջները որսացին թափվող տերևների խշխշոտը եւ նրան թվաց՝ այդ խշխշոցն իր ներսից է գալիս՝ սրտի անծանոթ վայրերից…
Հրաշալի պատմվածք է, այս աղջիկը հայտնություն է, հրաշալի արձակագիր