Այժմ ի՞նչ եմ խնդրում ես արդարադատությունից… Դատարանը եթե միայն ազատել կամ պատժել կարող է, ապա այդ երկուսն էլ հավասարապես ինձ պետք չեն։ Միայն ազատությունից ավելի ինձ պետք է, որ խորհրդային մտայնությունը դադարի ինձ սևամորթ գրող համարելուց։ Ցանկանում եմ խորհրդային մյուս գրողներին հավասար ապրելու իրավունք… … Խոսքս վերջացնելուց առաջ, ընկե՛ր դատախազ, խնդրում եմ արդարադատությունից, որ իր վճիռն իմ մասին անպատճառ լինի գերագույն։ Գերագույն ազատություն կամ գերագույն պատիժ, որով միայն կվերջանա այն մղձավանջը, որի մեջ խեղդվում եմ ես այժմ… 1936թ.
(Լեռ Կամսարի` Չեկայում դատախազին ուղղված դիմումից)
Եթե սովետահայ գրողներից ոմանց ստալինյան կառավարությունը ուղղակի գնդակահարեց, ապա Լեռ Կամսարի համար նախատեսել էր աննախադեպ պատիժ։ Նրան կենդանի-կենդանի «զմռսել էին»և բերանը խցել` դատապարտելով դանդաղ գործող մահվան ու մոռացության։ Տեսնելով նրա վշտալլուկ, տանջահար դեմքը և հոգսերից ու անարդարությունից բռնաբարված հեգ մարմինը` ակամա մի մեղսոտ միտք էր սողոսկում մարդու մեջ` մտածելով լավ չէ՞ր լինի միանգամից գնդակահարված լիներ, որով կվերջանային անլուր զրկանքներն ու անասելի լլկանքները։ «Սխալ է Միքայել Նալբանդյանի սա խոսքը, թե ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտի մեռնի,- գրում է երգիծաբանը։ Ո՛չ, ամեն մարդ մի անգամ չի մեռներ. մարդ կա որ 365 անգամ կմեռնի հասարակ, իսկ 366 անգամ` նահանջ տարվա մեջ»։ Բոլշևիկյան կառավարությունը, ոչ անմասն պրոլետ գրողների աջակցությունից /ափսոս շատ ափսոս,որ հեղափոխության մեր խրոխտ երգիչները չհետևեցին ժողովրդական այն իմաստնությանը, որը զգուշացնում է` ուրիշի համար փոս մի փորիր` ինքդ կընկնես/, ծիծաղի վարպետի դատավճիռը կայացրեց 1931թ.-ի հոկտեմբերի 15-ին, Չեկան վավերացրեց 1935թ.-ի նոյեմբերի 26-ին, իսկ վերջնական պատիժը ի կատար ածվեց 1965թ-ի նոյեմբերի 22-ին։ Ուշ աշնանային մի առավոտ էր։ Երգիծաբանը դեռ պառկած էր անկողնում, քանզի խղճուկ կացարանը շատ էր ցուրտ և տամուկ` վերմակի տակից դուրս գալու համար։ Հոգեխլիրտ անհանգստությամբ սպասում էր «Հայաստան»հրատարակչության խմբագիր Խաչիկ Պողոսյանին, ով պետք է բերեր երկար ու ձիգ տարիներ սպասված «Մարդը տանու շորերով»գրքի ազդանշանային օրինակը։ Խմբագիրը երկար սպասեցնել չտվեց` այլայլված ներս խուժելով գուժեց. – Վարպե՛տ, Կենտկոմը գրքի վրա կալանք է դրել։ Մինչ տանեցիները աչքով ունքով կհասկացնեին, որ լռի, նա շարունակեց. – Պատճառը «Թատրոնի դիրեկտորը»ֆիլիետոնն է (Տե՛ս, «Մարդը տանու շորերով գիրքը, 1965թ., էջ85)։ Դուք ի՞նչ հանգամանքներում եք դա գրել։ – Ես անձնապես ոչ Սունդուկյանի անվան թատրոնի դիրեկտորի տեղակալ Սուրեն Բադալյանին եմ ճանաչում, ոչ էլ նրա պետ Ղազար Ղազարյանին։ 1955թ-ին «Ոզնին»ինձ փաստեր էր ուղարկել, ուր ասված էր, որ վերոհիշյալ այրերը անդրկուլիսյան խաղեր էին տանում` աշխատանքից անհիմն հեռացրել էին թատրոնի վաստակաշատ և տաղանդավոր քանդակագործ Հայկազ Մուրադյանին, որպեսզի նրա տեղը զբաղեցնի իրենց հովանավորյալ Ռոզա Սարգսյանը։ Երգիծական հանդեսը ինձ այդ կապակցությամբ մանրապատում գրելու հայտ էր ներկայացրել, որը բնականաբար չտպեց, և այդ նյութը, մնալով արխիվումս, հրատարաչության ընտրությամբ տեղ գտավ այս ժողովածուի մեջ։ – Բայց ինչո՞ւ են ամբողջ գիրքը ոչնչացնում, Խաչի՛կ, եթե ֆելիետոնը չի բավարարում, թող այդ էջերը հանեն ժողովածուից, չէ որ արդենիսկ ծվատել են գիրքը այդ անարգ ու կեղծ հավատաքննիչները` զտելով նրա միջից քաղաքական սատիրան։ – Այդ առաջարկը ես արդեն արել եմ, վարպե՛տ, ասում են տեխնիկապես հնարավոր չէ։ – Ուրեմն, մեկ հոդվածի համար ուզում են ոչնչացնել 20 մամուլանոց ժողովածուի 10000 տպաքանա՞կը։ Եվ այսքանից հետո այդ ես եմ, հա՜, որ կհամարվեմ հակապետական գրող, իսկ իրենք` սոցիալիզմ կերտող, երկիր շենացնող` այդ շուն-շանորդի վնասարարները։ Չէ՛, դա տանելու բան չի, Խաչի՛կ, չէ որ սա չորրորդ գիրքն է, որ կմատնեն խարույկի բոցերին, այդ ճիզվիտ կոմունիստները։ (Երբ 1935թ-ին չեկիստները ձերբակալեցին Լեռ Կամսարին, բազմաթիվ անտիպների հետ ոչնչացվեցին «Անվավեր մեռելներ», 1924թ., «Ազգային այբեննարան», 1926թ. և «Վրիպած արցունքներ», 1934թ. ժողովածուները)։ Բերե՛ք շորերս,- ապսպրեց տանեցիներին երգիծաբանը,- ելնեմ գնամ այդ մարդու մոտ, ծնկաչոք աղաչեմ, որ նա լինի գեթ այն միակ խորհրդային պաշտոնյան, որի արատների վրա ես որպես երգիծաբան իրավունք ունենամ ծիծաղելու։ Անկողնուց վեր կենալու փորձ արեց, բայց ավա՜ղ, դա խորհրդային մտայնության պարգևած տառապանքի վերջին կաթիլն էր, որն իրագործեց իրեն նախատեսված դերը` գետին տապալելով ազատ խոսքի այդ անխոնջ մարտիկին։ Դեմքը ծռմռվեց, թախիծը, դանդաղ ծորալով նրա ծաղկատար դեմքով, աստիճանաբար փոխվեց անասելի կսկիծի և ուրախ ժանրի վարպետի վշտերից հյուծված սիրտը կաթվածահար եղավ։ Հոգեկան ու մարմնական տառապանքի գալարումները դեռ մի քանի օր էլ շարունակվեցին։ Երբ հարազատները հորդորում էին բացել գոց կոպերը, ասում էր. – Ես աշխարհի վրա բացվող պատուհանս արդեն փակեցի, մաքրեցի նրա հետ բոլոր հաշիվներս։ Իզուր և սին էր իմ պայքարը հանուն ճշմարտության և արդարության։ Ճշմարտությունը անցնելիք ճանապարհ չունի այս մեղավոր աշխարհում։ Չնայած այդ անհավասար կռվում ես ընտրել էի ամենաանմեղ և ամենաանվնաս զենքը` ծիծաղը, սակայն, ոտնահարված և անտեսված արդարության և իմ բաժին ճշմարտության համար ես խոշտանգվեցի թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես և դատապարտվեցի մինչ ի մահ գաղտնի և լռելյայն ստեղծագործելու դաժան պատժին։ Որպես մարդ ապրելու հնար չեղավ` չթողեցին որպես մարդ ապրել, գեթ թողնեն որպես մարդ մեռնել… Զավակներին ապսպրեց. -…Իմ ամբողջ կյանքում, ես աշխատեցի այնպիսի դիրք բռնել, որ այս կառավարությունը իմ անունը չտա, բայց բան է եթե որոշե
ն իրենք ինձ թաղել, լեշս իրենց փեշքեշ։ Բայց անտիպներիս մոտիկ չթողեք։ Գրվածքներս կվստահեք միայն Ադո Ադոյանին , Հրանտ Թամրազյանին և Բաբկեն Շահումյանին։ … Հա, չմոռանաք հաղորդել Քրիստափոր Թափալցյանին, որ ես զղջում եմ գրածս պամֆլետի համար, հեռանալուցս առաջ կուզենայի համբուրել նրա ճակատը, «Պատերազմի»4-րդ հատորը լիուլի արդարացրեց նրան… …Իսկ որպես պատգամ հետնորդներիս` մարդի՛կ, որքան ուժ ունեք, հեռու փախեք կոմունիզմից, դա մարդկային բոլոր տեսակի ազատությունների դամբարանն է… Այդ վարդապետությունը ոճիր է մարդկային բանականության հանդեպ։ Կոմունիզմը հղկում, հարթում է Շվեցարական անուշաբույր ծաղկավետ լեռները, դարձնելով այն փոքրիկ Սահարա։ Կոմունիզմը ձմերուկի մեծության մի սուտ է, փախե՜ք դրանից… Նրա վերջին խոսքերն էին. – Ես խնդրում եմ ձեզ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը… որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի՛ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե անբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա… Խորհրդային կառավարությունը հեքիաթի այն վիշապն եղավ, որ նստած իմ և ժողովրդի մեջտեղը, արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ։ Ինձ Բևեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպես խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ։ Ինչո՞ւ։ Որ չգոռամ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ… …Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…
Ահա այսպես ավարտեց իր վշտաբեկ կյանքը, ծիծաղ պարգևող մարդը… Ընտանիքի անդամները մի պահ կսկիծի մեջ քարացան, այնուհետև դառը արցունքները խեղդելով լուռ սկսեցին արագ-արագ դատարկել գրական գզրոցները։ Տեղավորելով դրանք հնամաշ ճամպրուկներում` կապկապեցին պարաններով, կնքեցին, որ հնարավոր չլինի բացել, ուղարկեցին հատուկ թաքստոց, որ նախապես պատրաստել էին։ Միայն դրանից հետո սկսեցին լացն ու կականը ի լուր հարևաների և բարեկամների։ Բոթը առաջինը հաղորդեցին «Ոզնու»գլխավոր խմբագրի տեղակալ և ընտանիքի բարեկամ Բաբկեն Շահույանին։ – Ես հենց հիմա գալիս եմ, գրականությունը հանե՞լ եք տանից։ Հետո զանգեցին «Լենինյան ուղիով»հանդեսի խմբագիր Ադո Ադոյանին, որը նույնպես յուրային Էր։ – Ես մինչև կհաղորդեմ կառավարություն, խնդրում եմ ամբողջ անտիպները թաքցնել։ Թերթում էլ հայտարարություն չտաք, որովհետև կառավարական մակարդակով պետք է լինի հուղարկավորությունը։ Այս հեռախոսազանգերից դեռ մեկ ժամ էլ չէր անցել, երբ հայտնվեցին երկու պաշտոնական այցելուներ։ Ըստ պատճաշի ցավակցելուց հետո ասացին. – Մեզ հրահանգված է տանել երգիծաբանի ողջ գրական վաստակը որպեսզի ուսումնասիրվի և ապահով պահպանվի պետական արխիվում։ – 35թ.-ին արդեն բռնագրավել և տարել եք, հետո էլ արգելել եք գրել, էլ ի՞նչ գրականություն եք փնտրում,- պոռթկաց գրողի ավագ որդին,- անտիպներ չունի, նա վաղուց չէր գրում։ Անծանոթ այցելուները տարակուսած հեռացան։ Հաջորդ օրն անցավ անհանգիստ սպասման մեջ։ Մահազդը չէր տպված, իսկ Ադո Ադոյանի խոստացած կառավարական հուղարկավորության ակնարկներ անգամ չկային դեռ։ Միայն ուշ երեկոյան պարզ դարձավ, որ կառավարությունը հրաժարվել է հուղարկավորել։ Բարեբախտաբար երգիծաբանի կրտսեր որդին աշխատում էր «Երեկոյան Երևան»թերթում և հասցրեց ուշ երեկոյան մահազդը տպագրել տալ։ Շրջանների ժողովորդը ուշ իմանալով մահվան մասին, թաղումից հետո էր միայն հասել Երևան իր հարգանքի տուրքը մատուցելու սիրելի գրողին։ Թաղման օրը առավոտյան Գրողների միությունից ներկայացավ մի կին բերելով 300 ռուբլի որպես օգնություն։ Գրողի ժառանգները հրաժարվեցին ընդունել։ Քիչ հետո նորից հայտվեց նույն կինը արդեն կրկնապատկված գումարով։ Կառավարությունը նույնպես որոշել էր նյութապես սատարել։ Հավաքված ժողովորդը չդիմացավ. – Թքել ենք թե՛ իշխանության, և թե՛ նրա փողերի վրա,- բղավեցին այս ու այն կողմից,- ինքը ժողովրդին է պատկանում, և ժողովուրդն էլ նրան կթաղի առանց ձեր տված ողորմության։ Կեսօրին ժողովրդական տխուր թափորը, ուսեուս տեղափոխելով իրեն երբեք չդավաճանած Մեծ տառապյալի աճյունը ոտքով, դանդաղաքայլ բռնեց հավերժության ճանապարհը…
Բանտում ապրիլյան մի օր Լեռ Կամսարը գրում է. «Որ կտանիմ լռությամբ իմ հանդեպ ցույց տրված բոլոր անարդարություններն այդ անկե է, որ կուզեմ չափել, թե մարդ արարածը որքան է «գայլ»: Ես անընդհատ խորացող ջրհոր մըն եմ, որ թույլ կուտամ թշնամիիս անվերջ իջեցնել իր դույլն՝ անոր պարանի ողջ երկարությունն ստուգելու համար…»: Առանց մեկնաբանության…