Վահե Ղուկասյան | Վարդագույն քաղաքի սև ամպը

Սարգիս Սամսոնյանն իր կյանքի 45 տարիների ընթացքում ճամփորդել էր արդեն հարյուրավոր անգամներ: Մինչև 50-րդ ուղևորությունը նա փորձում էր պահել հաշիվը դեռ պատանեկության տարիներից օգտագործվող նոթատետրի մեջ, բայց հետո՝ հերթական անգամ Պրահա ուղևորվելիս, մոռացավ կատարել գրառումը, հետո մոռացավ լրացնել բացը վերադարձից հետո, իսկ ավելի հետո, երբ արդեն արտաքին գործերի նախարար նշանակվեց, ընդհանրապես կորցրեց հաշիվը:
Ինքնաթիռներում Սամսոնյանը զգում էր իրեն ինչպես տանը: Շատ ավիաուղիների ուղեկցորդուհիներ ճանաչում էին նրան դեմքով, սեթևեթանքով ժպտում և աչք-ունքով անում: Հետո, իհարկե, մասնավոր ավիաուղիների ինքնաթիռներին փոխարինելու եկան կառավարական ինքնաթիռն ու բիզնես-ջեթերը, որոնցում Սամսոնյանն արդեն զգում էր իրեն ոչ թե տանը, այլ աշխատանքի վայրում, իսկ վերջին իրադարձություններից հետո՝ ինչպես մարտի դաշտում:
Այս անգամ էլ կառավարական ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանին էր մոտենում վթարային ռեժիմով՝ անջատված էլեկտրոնային համակարգերով, խոցված թափքով, հետևից թողնելով շարժիչներից մեկից դուրս եկող սև ծխի քուլաները:
Այդպիսին էր հիմա իր երկրի արտգործնախարարի բաժինը՝ վտանգել սեփական կյանքը հանուն միջազգային հանրության ուշադրության, հրավիրել այդ գրողի տարած ուշադրությունն այն մեծ փղի վրա, որը կանգնած էր իր երկրի հենց մեջտեղում ու որին, ասես, չէր նկատում երկրի սահմաններից դուրս գտնվող և ոչ մեկը:
Նախարարին օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո դիմավորեց Երևանի պարետ Պետրոսյանը՝ զրահապատ «Լեքսուսով», որի փայլեցված անվադողերը հեչ չէին համապատասխանում կիսավեր օդանավակայանին, ծխացող քաղաքին ու բզկտված երկրին․․․ թեև, պակաս բզկտված չէր երևում նաև հենց ինքը՝ պարետ Պետրոսյանը: Հե՜յ գիտի ժամանակներ, երբ Պետրոսյանն ու Սամսոնյանը նույն կուրսի ուսանողներ էին ու ոչ մի առիթ բաց չէին թողնում աղջիկների հետ սիրախաղերի մասին իրար պատմելու, մի լավ բամբասելու և, իհարկե, խմելու համար:
– Ի՞նչ կա, էն օրին ենք, որ առանց վարորդի ես, հա՞,- հնարավորինս անհոգ ձայնով հարցրեց արտգործնախարարը:
– Ինչ անեմ բա․․․ մարդ չկա ազատ, Ավանի կողմից ճեղքում կա, հազիվ դա ենք փակում, էլ չեմ ասում, որ ատոմակայանը․․․,- սրտանց սկսեց դժգոհել Պետրոսյանը:
– Իմացա դեռ Փարիզում․․․ ինչքա՞ն ա վատ վիճակը:
– Ուղիղ պայթյունի վտանգ չկա, բայց դրանք․․․,- Պետրոսյանը նայեց վեր՝ դեպի հյուսիս-արևելքում կուտակված մութ ամպերը, ապա շատ կտրուկ փոխեց թեման:- Փարիզում ի՞նչ կար:
– Կապույտ երկինք, պայծառ արև,- ծանր հոգոցով ասաց Սամսոնյանը՝ նստելով մեքենան:
– Պայծառ արև,- քթի տակ կրկնելով՝ ղեկի մոտ տեղավորվեց Պետրոսյանը:

***
Նախագահը լոգանք չէր ընդունել արդեն երկու ամիս: Նրա սպիտակած մորուքը բերանի հատվածում դեղնել էր ծխախոտի մոլեգին օգտագործումից: Ծխախոտի ծուխը, ասես, դարձել էր այն պաշտպանիչ թաղանթը, որը հետ էր պահում նրա գիտակցությունը խելագարության գայթակղիչ անդունդը գլորվելուց:
Նախագահի աշխատասենյակում, սակայն, միայն ծխախոտի ծանր հոտը չէր, որ մրմռացնում էր ներկաների աչքերը: Սենյակը ներծծված էր դիզելային գեներատորի արտանետումներով, քանի որ քաղաքի էլեկտրամատակարարումը խափանված էր արդեն երեք օր շարունակ, իսկ շտաբային քարտեզներն ուսումնասիրելու համար լույս, այնուամենայնիվ, պետք էր:
– Էստեղ ու էնտեղ․․․,- ցույց տվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ահարոնյանը՝ մրոտ մատը դնելով ոչ պակաս մրոտ քարտեզի վրա:- Էս երկու ուղղություններում ա ամենածանրը, եթե հաջողվի ամրանալ, ապա քիչ թե շատ կկարողանանք դիմանալ․․․ մի կերպ, բայց կդիմանանք:
– Պարոն նախագահ,- առարկեց նախագահի օգնական, երիտասարդ ակադեմիկոս Ստեփանյանը,- ամենայն հարգանքով, բայց գուցե պարզապես պետք է դադարեցնե՞լ մարտական գործողությունները․․․․ ուղղակի դադարեցնենք կրակը, տեսնենք, թե ինչ կլինի․․․
– Ո՞նց ես դու ախր էդ պատկերացնում, հը՞,- ընդհատեց գեներալը: Նա խոսում էր հանգիստ, ցածր ձայնով՝ ոչ այն պատճառով, որ չափազանց քաղաքավարի էր կամ բացառիկ համբերատարություն ուներ: Նա ուղղակի հոգնած էր: Այնքան հոգնած, որ ակադեմիկոսի առաջարկն այս անգամ ոչ թե պարզապես զզվանք ու մերժում առաջացրեց, այլ՝ մի ինչ-որ նոր, մինչ այժմ չպատահած զգացում:- Ողջ ռազմաճակատում, ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտեր են, ամեն վայրկյան դադարը կարող ա անդառնալի հետևանքներ ունենալ,- հավաքելով ուժերը՝ ձևակերպեց գեներալը:
– Հենց դրա համար էլ պետք է ժամ առաջ կանգնացնել․․․ ի դեպ, պարոն նախագահ, մեր վերջին հաշվարկները․․․ ահա մեր վերջին հաշվարկները,- ակադեմիկոսը ճմրթված ու լաքայոտ ծրարից թղթի մի կտոր հանեց ու պարզեց հենց նախագահի քթի տակ:- Մեր այս վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ հակառակորդի պատասխան կրակը ուղիղ համեմատական է մեր իրականացրած կրակին, այսինքն որքան կրակում ենք մենք, նույնքան կրակում են նրանք․․․
– Բա ինչի՞ ոչ մի անգամ ավելի քիչ չեն կրակում․․․
– Դե հենց դա եմ ասում, չեք ուզում լսել ինձ, հենց դա եմ ասում՝ մենք միշտ ավելի ու ավելի շատ ենք կրակում, նրանց կրակը, ըստ այդմ, ավելի ու ավելի է ավելանում․․․
Նախագահը վերցրեց թուղթն ու սևեռեց դրա վրա հայացքը: Հնարավոր չէր պարզել՝ նա կարդում է, ի վիճակի՞ է կարդալ, ընդհանրապես, թե՞ պարզապես նայում է թղթին, որովհետև չի կարող այլևս նայել իր առջև կանգնածների դեմքերին:
– Պարոն նախագահ,- սկսեց գեներալը:- Մեզ իրոք պետք ա դադար առնել, ինչ սկսվել ա, օր չկա, ժամ չկա, որ չկռվենք, բայց․․․ ով գիտի, թե ինչ կլինի, եթե հանձնվենք․․․ չի կարելի հանձնվել հենց էնպես, պետք ա գոնե կապի դուրս գալ հետները:
– Ի՞նչ նորություններ կան կապի մասով,- հանկարծ, անսպասելի առույգությամբ, հարցրեց նախագահը՝ դիմելով ակադեմիկոսին:
– Ցավոք, ոչինչ․․․,- հուսահատված՝ ասաց ակադեմիկոս Ստեփանյանը: Որքա՜ն մեծ գին կվճարեր նա, եթե կարողանար լուծել հակառակորդի հետ կապի խնդիրը: Երկրի ամենաերիտասարդ ակադեմիկոսը, գիտության աստղը, վունդերկինդը, ինչպես սիրում էր գրել մամուլը դեռ ա՜յն ժամանակ:
– Ընդհանրապե՞ս,- չհանձնվեց նախագահը:
– Ոչինչ: Ոչ մի ռադիոալիք, ոչ մի այլ ճառագայթում, ոչինչ․․․ իսկական սև խոռոչ, որը կուլ է տալիս ամեն ինչ,- պատասխանեց ակադեմիկոսն ու նայելով գեներալին՝ շարունակեց,- կուլ է տալիս բոլոր գնդակները, ականները, ռումբերը, մարտագլխիկներն ու թքում դրանք հետ:
– Գրողը տանի,- ասաց վարչապետը:
– Հենց այդպես,- արձագանքեց գեներալը:
– Ուրեմն ի՞նչ,- հույսով հարցրեց ակադեմիկոսը,- վե՞րջ կրակին, փորձե՞նք:

***
Կառավարության շենքի աշտարակից երևում էր Երևան քաղաքը, որի վարդագույնն իսպառ խամրել էր՝ ստվերվելով ահռելի ամպով: Սև ամպը, որը խմում էր երկրի արյունը: Սև ամպը, որը խլում էր երկրի մարդկանց կյանքերը: Սև ամպը, որը խաթարում էր երկրի երեխաների քունը: Սև ամպը, որը խորտակում էր երկրի ապագայի հույսերը:
Սև ամպը, որը հայտնվել էր կես տարի առաջ ուղիղ երկրի մեջտեղում, տարածել իր շոշափուկները երկրով մեկ, ստիպել երկրին պաշտպանվել ու ներքաշել նրան ամենադաժան ու ամենակործանարար պատերազմի մեջ: Ու եթե այլ հակառակորդների հետ հնարավոր էր պայմանավորվել, բանակցել ու երկխոսել, ապա սև ամպն անդեմ էր, իներտ, անհաղորդ, այն չուներ ոչ մարմին, ոչ նյութ, ոչ զանգված: Ու եթե այլ հակառակորդների դեմ հնարավոր էր դաշինքներ կազմել ու զինակիցներ գտնել, ապա սև ամպը, ասես, ոչ ոք չէր նկատում, չէր ընդունում, չէր գիտակցում, չէր հասկանում ու, ըստ այդմ, չէր օգնում:
Նախագահը կանգնած էր կառավարության շենքի աշտարակի վրա ու ծխում էր սիգարետը սիգարետի հետևից: Արտաքին գործերի նախարար Սամսոնյանը, մաշված պորտֆելը ձեռքին, կանգնած էր նրա թիկունքում՝ հայացքը գամած ճերմակած գլխին, որում, ով գիտի, թե ինչ էր կատարվում:
– Ֆրանսիացիք ասում են նույնը, ինչ ռուսներն ու ամերիկացիները․․․ դիմացեք, ինչպես կարող եք, ձեր խնդիրն է, լուծեք, ինչպես կարող եք, ասում են, որ կօգնեն, եթե կարողանանք վերականգնել օդանավակայանն ու ենթակառուցվածքները․․․
– Գրողը տանի դրանց․․․
– Պարո՛ն նախագահ, ինչպես որ խնդրել էիք, ես կարողացա համոզել, որ կիսվեն մեզ հետ հետախուզական տվյալներով,- նախարարը բացեց պորտֆելը, հանեց մի քանի թուղթ:- Սրանք արբանյակային լուսանկարներ են․․․ գուցե իմաստ կա ցույց տալու Գլխավոր շտաբին, բայց ես էստեղ ոչ մի բան չեմ նկատում, ոչ մի բան չի երևում, սովորական երկիրն է՝ ուղղակի ավերված քաղաքներով․․․
Նախագահը, շրջելով գլուխը, կարճ ու անտարբեր հայացք նետեց թղթերին, ապա, նույնքան անտարբեր շարժումով, աշտարակից ցած նետեց ծխուկը:
– Գրողը տանի դր․․․
Թնդանոթի որոտից օդն ու հողը թրթռացին, դղրդացին, նախարարը կռացավ ու կուչ եկավ: Նախագահը չշարժվեց: Հանեց հերթական սիգարետը, վառեց ու շարունակեց նայել մոխրագույն դարձած քաղաքին:

***
«Արդեն մի քանի ամիս է, ինչ հարավկովկասյան փոքրիկ հանրապետությունը հետևողականորեն զրկվում է իր կենսական անհրաժեշտության ենթակառուցվածքներից՝ ավելի ու ավելի շատ նմանվելով աղետի գոտու: Միջազգային մարդասիրական կազմակերպությունները մեղադրում են երկրի ղեկավարությանն ապաշնորհ կառավարման համար ու կոչ անում երկրի ժողովրդին ոտքի կանգնել՝ փրկելու իրենց երկիրը»:

Հատված բրիտանական Sunday Post պարբերականի անդրադարձից:

«Հայաստանի նախագահի հրավերով երկիր մեկնող լրագրողներին տեղափոխող ինքնաթիռն անհետացել է հանրապետության տարածքում, ենթադրաբար՝ Սևան կոչվող լճի մոտակայքում: Ինքնաթիռի բեկորներ չեն հայտնաբերվել, հավանաբար՝ ինքնաթիռն ընկել է ջուրը: ԱՄՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի կառավարությանը՝ ավիավթարի ողջ պատասխանատվությունը դնելով ընդունող երկրի վրա»:

Հատված Washington Daily պարբերականի անդրադարձից:

«Հայաստանի ներկայացուցիչը հերթական սկանդալն է սարքել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ փորձելով հրավիրել ներկաների ուշադրությունը ինչ-որ անոմալ երևույթի վրա, որի պատճառով, իբր, Հայաստանը հայտնվել է դժվարին իրավիճակներում: Մեզ հետ զրույցում Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Դյուք Սալիվանը պնդում է, որ նման դավադրապաշտական տեսությամբ երկրի ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական կառավարման սխալները»:

Հատված Australian Observer-ի անդրադարձից:

«Ռուսաստանը պետք է օր առաջ սահմանի կարանտին ու փակի բոլոր ուղիները, որոնք կապում են Հայաստանը դաշնության հետ»:

Հատված ՌԴ ԱԴԾ գաղտնի զեկույցից:

***
Երիտասարդ ակադեմիկոս Մարկ Ստեփանյանն արդեն հասցրել էր տեսնել այնքան արյուն, որքան ողջ կյանքի ընթացքում չեն տեսնում ոչ մսագործները, ոչ էլ վիրաբույժները: Ու հիմա էլ, կանգնած անմիջապես դիրքերի հետևում գտնվող վրանային հոսպիտալի կենտրոնում, ակադեմիկոսը չէր կարողանում կտրել հայացքը զինվորից, որի որովայնը պայթել էր խոշոր բեկորի հարվածից: «Ներքին օրգաններ, ներքին օրգաններ,- պտտվում էր միտքը Ստեփանյանի ուղեղում,- թե՞ դրսի օրգաններ, չէ՞ որ դրանք այլևս ներսում չեն»:
– Եթե գալիս ես, ուրեմն հիմա,- կտրեց նրան մտքերից պարետ Պետրոսյանի ձայնը:
Ակադեմիկոսն ու պարետը, անդադար պայթյունների, սվոցների ու կրակոցների ներքո, ուղղվեցին դեպի դիրքերը, որտեղ ուղիղ տասը րոպեից պետք է լիներ այն, ինչի համար եկել էր Ստեփանյանը:
Եթե նրա տեսությունը ճիշտ էր, ապա կրակը պետք է դադարեր երկուստեք: Եթե նրա տեսությունը ճիշտ էր, ապա սև ամպը պարզապես հետ էր նետում այն ամենը, ինչ կրակվել էր իր ուղղությամբ, եթե նրա տեսությունը ճիշտ էր, ապա պատերազմը կդադարեր հենց այսպես, եթե նրա տեսությունը ճիշտ էր, ապա, ուրեմն, ո՞վ էր մեղավորը առաջինը կրակ բացելու համար։
– Դադա՜ր, չկրակե՜լ,- թնդաց պարետի ձայնը Ավանի մատույցների դիրքերում, արձագանքեց մոտակա կիսավեր բարձրահարկներում, ապա կորավ լռության մեջ: Վրա հասած լռությունը ստիպեց բոլորին լսել սեփական շնչառությունը, զգալ սեփական սրտի բաբախը:
– Ստացվեց,- ասաց ակադեմիկոսը:

***
Ականների պայթյունները խլացնում էին ամեն ինչ: Դրանց որոտի տակ լռում էին մարդկային սրտերը, մարդկային մտքերն ու մարդկային հոգիները:
Վերջին ականի պայթյունը տեղի ունեցավ անմիջապես գեներալ-լեյտենանտ Ահարոնյանի կողքին: Հարվածային ալիքն այնքան ուժեղ էր, որ նետեց գեներալի ծանր մարմինը մի քանի մետր հեռու ու ծածկեց նրան հողի, կեղտի ու արյան հաստ շերտով:
Վայրկյաններ անց, ուշքի գալով հուժկու հարվածից, գեներալը փորձեց նստել, ապա, մեծ դժվարությամբ, ոտքի կանգնեց: Մարտի դաշտում միայն նա էր: Դիմացը՝ մի քանի մետր այն կողմ, ականանետն էր, որից արել էր իր վերջին կրակոցը: Ավելի այն կողմ՝ թանձր ամպի սև պատը: Գեներալը հանեց գոտու պատյանից ատրճանակն ու ուղղեց այն դեպի ամպը․․․
«Պարոն Ահարոնյան․․․ պարոն Ահարոնյան․․․ ես եմ, Ստեփանյանը․․․ ակադեմիկոսը, պարոն գեներալ․․․ստացվեց»,- լսվեց կցկտուր ձայնը ռացիայից:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *