Գետի հոսանքին հակառակ։ Ակունքը գտնելու համար հոսանքին հակառակ են գնում։ Մարդկանց հանդիպելու համար՝ հոսանքի ուղղությամբ։
– Եթե իջնես հոսանքի ուղղությամբ, – ասում էր ջոկատավարը, – կհասնես բնակավայրի։
Հոսանքի ուղղությամբ գետն աղտոտված էր, ինքն ուզում էր ակունքին հասնել, հավատում էր, որ ակնունքները մաքուր են լինում։
Ինչ-որ տեղ ընդերքում մոլորակի սիրտը բաբախում էր կրակով։ Ու լավան մոլորակի անտեսանելի երակներով հոսում էր մոլորակի մակերես։ Մտածում էր՝ մոլորակը վերք ունի ու վերքից թափվող արյունն էր մագման․․․
Ինքը քայլում էր, որ գտնի ակունքը, իսկ ակունքից սվվոցով բարձրացող շիկացած գոլորշիները ինչ-որ բան էին հուշում, չարագույժ ինչ-որ բան։
Վերքը խորն էր, ախտահանիչ միջոցներ չկային։ Սկաուտական ջոկատում ընկեր ուներ, գիժ ու քաջ մեկը, որն ուղղակի կրակով ախտահանեց դանակը ու զգուշությամբ կտրվածքներ անելով՝ վերքից հեռացրեց ժայռաբեկորը։ Ձեռքերը չդողացին։ Այդ ժամանակ նա մտածում էր, որ կրակը, մրի շերտ թողելով հանդերձ, մաքրում է. կյանքն է մաքրում, օրգանական ամեն բան։ Ու հորինեց կրակի մեջ ապրող արարածներին։ Նա սիրում էր տարօրինակություններ հորինել։
Չէր հիշում՝ քանի օր էր արդեն քայլում՝ վիրավոր ու մոլորված։
Ու այստեղ ջրի ակունքում նա գտավ արարածներին, ում կրակը չէր սպանում։ Հրեղեն ձիեր, որոնց չէր կարող սանձել՝ առանց մոխրանալու։ Իսկ հետո եկավ կրակից ծնված աղջիկը։
– Բարի վերադարձ,- ասաց։
Ու մինչև ինքը կհասկանար՝ ինչ է կատարվել, հրեղեն ձիերից մեկը դունչը դրեց ուսին ու ինքը չմոխրացավ։ Հրաբուխը ժայթքեց։ Անսպասելի, ինչպես անամպ երկնքում ճայթող կայծակի կլիշեն։ Ու Շիկացած նյութի սյուների միջով ինքը սլանում էր հրեղեն ձիու մեջքին, կողքին մեկ այլ ձիով սլանում էր հրեղեն աղջիկն ու ինքն էր հրեղեն։ Ու կրակը պարում էր, նժույգները խրխջնում էին, հողը դողում էր, ցնցվում ու ինքն էր ցնցվում։
– Բարի լույս, – ինչ-որ մեկը թեթևակի ցնցեց ուսը։
Հայացքը բարձրացրեց՝ գլխավերևում ուսուցիչն էր, շուրջը՝ դասարանցիների խրխինջը, մտքերում՝ ակունքը, որին ինքը հասավ՝ հոսանքին հակառակ գնալով։
– Ուշադիր, տղաս, ուշադիր, – կամացուկ ասաց ուսուցիչն ու գորշ աչքերի մետաղական փայլով սաստեց դեռ ծիծաղող դասարանը։
Քիմիայի դասն էր, ինչ-որ բան էին խոսում հրաբխային ապարներում եղած հանքանյութերի մասին, քանի դեռ ինքը քնած էր։
Ցեղական խոզերը, որ բերել էին, հատուկ խնամքի կարիք ունեին։ Գիշերը երեքին նորից արթնացել, կերակրել էր։ Հետո չէր քնել, նստել էր համակարգչի առաջ ու փորձել հասկանալ, թե խնդիրն ավելի ճիշտ է loop-ով լուծել, թե sitch case-ով։ Հերթական ձախողումից հետո բարձրացել էր գոմի կտուրը, պառկել խոտին ու անքուն նայել աստղերին, նայել լուսաբացը, նայել թռչուններին։ Ու երազել էր, շատ էր երազել։ Կորել էր անիրականալի անուրջներում, եղել ուր ոչ ոքի տրված չէր լինել։ Ու դասին քնել էր։
Դասամիջոցին ուսուցիչը ճանապարհը կտրեց։
– Խոսե՞նք։
– Չէ։
Խոսեցին։ Տարօրինակ մարդ էր այդ ուսուցիչը, մեղադրելու փոխարեն կարեկցում էր։ Քանի անգամ իր ապուշ հարցերով ու անկանխատեսելի դրսևորումներով դասը համարել էր։ Հիմա հաջողացրել էր դասին քնել։ Իսկ սա կատաղելու ու մեղադրելու փոխարեն հեքիաթի բարի բիձուկի կերպարվ եկել, նստել կողքին, զրուցում է։ Չի խրատում, քարոզներ չի կարդում, ուղղակի խոսում են։
– Քո տարիքում ես ուզում էի տիեզերագնաց դառնալ։
– Ինչո՞ւ չդարձաք։
– Իմ ծննդյան վկայականը տվել է պետություն, որ արդեն գոյություն չունի։ Երբ ինչ-որ մեծ շենք դղրդում ու քանդվում է, իր հետ փշրում է ներսի եղած չեղածն էլ՝ կահույքը, լամպերը․․․
– Մարդկանց։
Ուսուցիչը երկար ու ուշադիր իրեն էր նայում թեթևակի ժպիտով։ Այդպես էլ չհասկացավ՝ հեգնանք էր, թե ինչ։ Այդ օրը չհասկացավ։
– Հրեղեն աղջիկ, դեռ պուճուր չե՞ս սեռական հասունացման համար, – ծիծաղեց քույրը, երբ պատմեց երազը։
Այս տարի քույրը դպրոցն ավարտելու էր։ Աշխարհում իրեն ամենահարազատ մարդն էր։ Յոթ երեխա էին, բայց մյուսները գոյություն չունեին իր համար, միայն երկուսով էին՝ ինքն ու քույրը։ Քանի անգամ են գիշերը համակարգչի համար գզվռտվել, հետո նստել, միասին ծրագրավորում սովորել։ Թե իրենց խառնիճաղանջ ընտանիքից մեկը կյանքում մի բանի հասներ, քույրն էր լինելու, վստահ էր։
Մի տարի անց քրոջ հարսանիքին լալիս էր, ասես, թաղումը լիներ։ Գիտեր, որ գյուղի ընտանիքում քույրը մեռնելու է։ Այն քույրը, ում ճանաչում էր։ Ուրիշ մարդ էր դառնալու։ Տանտիկին։
Մի շաբաթ դասի չգնաց։ Հերթական անգամ գոմի կտուրին կարդում էր, երբ թփթփոց լսեց։
– Եկել եմ, քեզ դասի տանեմ։
– Մենք էսօր Ձեզ մոտ դաս չունենք, ձեր ինչի՞ն է՝ դասի կգամ, թե՝ չէ, իսկի իմ դասղեկը չեք։
– Մտածում էի՝ քո ընկերն եմ, կներես։
Ուսուցիչը գնաց։ Ու ներսից մի բան սկսեց կրծել, ուտել, հավաքվեց, գնաց դպրոց։ Նստեց վերջի նստարանին, մենակ ու սկսեց դինոզավրեր նկարել։ Ականջի պոչով լսում էր, թե ոնց են փառավոր նախնիները․․․ պատմության ուսուցչին չէր հավատում․ չէր կարող նման հզոր աշխարհը նման անփառունակ գաղջի վերաճել, ուղղակի չէր կարող։
Ու հայացքը պտտեց դասարանում։ Առաջին շարքում Անին կոկիկ նստած ուշադիր լսում էր։ Հանդիսավոր ձեռք էր բարձրացնում՝ արարողակարգի նման։ Երբեք տեղից չէր պատասխանում, մյուսների պես ձեռքը չէր թափահարում։ Զգաստ, կոկիկ սպասում էր, որ իրեն հերթ տան։ Խոսում էր հանգիստ, հստակ, առանց ավելորդ բառերի։
– Ու որտեղից այս աղջկան այսքան համբերություն,- մտածում էր ինքն իրեն։
Հերթով ավելի ու ավելի հաճախ էր Անիի ուղղությամբ նայում։ Չգիտես՝ ինչու հիշեց երազի հրեղեն աղջկան ու մտածեց, որ Անիին նման էր։ Հետո հիշեց քրոջ հեգնանքն ու վանեց Անիի մասին մտքերը։ Քրոջը հիշելիս կոկորդին գունդ դեմ առավ։ Գրկել, ասել էր՝ քեռի ես դառնալու։ Չէր ուրախացել։
Վերջին ժամը քիմիա էր։ Սրտատրոփ սպասում էր դասին, թեև երբեք առանձնապես քիմիա չէր սիրել։ Դասերից հետո ուզում էր խոսել ուսուցչի հետ։ Ուսուցիչը չեկավ, հիվանդանոցում էր, բոլորին տուն ուղարկեցին։
Հետո խոսեց Անիի հետ՝ շփոթված, բառերը խառնելով, ոտքով գյուղի խճապատ ճամփին պատկառելի փոս էր հասցրել փորել խոստովանության ընթացքում։
Անին լսում էր հանգիստ, գրեթե անտարբեր, մերժեց, գեղեցիկ մերժեց կամ գոնե իրեն գեղեցիկ թվաց։
– Դու կարող ես լիքը բանի հասնել ու շատ մեծ մարդ դառնալ,- ասել էր Անին,- բայց նրան, ով հիմա ես, ես իմ կողքին չեմ տեսնում։
Ավելի ուշ՝ մայրամուտին, մերժումը թվաց հիմար ու թատերական։ Խոզ էր մորթում, առանձնապես դաժանությամբ միսը կտոր-կտոր էր անում։ Քրոջը երեխա էր ծնվել, նշում էին, հայրն ավագ եղբոր հետ դաշտում էր, գործն իրեն էին թողել։ Գործը։ Կատաղած մտածեց, որ եթե քաղաքում ապրեր, կենդանի մորթելն իրեն գազանություն կթվար, ոչ թե գործ։ Հետո մտածեց, որ չի կարող իմանալ՝ ինչ կթվար իրեն։
Ուսուցիչն անսովոր գունատ էր։ Հետը մի բան կատարվում էր, ինքը չգիտեր՝ ինչ։ Բայց անհանգստանում էր։ Դասերից հետո քայլեցին վաղ գարնան դեռ ձյունածածկ արտերի ուղղությամբ, նստեցին քարերին ու որոշ ժամանակ լռելուց հետո ինքը սկսկեց։
– Ինչո՞ւ ինձ չեն սիրում դասարանում, ոչ մեկի ոչ մի վատ բան չեմ արել, գոնե դիտավորյալ, բայց ինձ տանել չեն կարողանում ու չեն էլ թաքցնում։ Եթե մի քիչ թույլ լինեի, Գևորի պես գցելու էին ոտքերի տակ։
– Երբ փոքր էի,- ասաց ուսուցիչը,- բոլոր հանդիպած թրթուռներին տրորում էի, քանի որ վախենում էի նրանցից ու զզվում, քանի որ նրանք ոչ մի բանի նման չէին, ուրիշ էին։ Երևի շատ ուրիշ լինելու պատճառով են մարդիկ երեխա ժամանակ որդուբլոճ տրորում։
– Հասկացա, ես մեր դասարանի որդուբլոճն եմ։
Երկար ու լիաթոք ծիծաղեցին, երկուսի ներսում էլ շատ բան էր կուտակվել, ինչ-որ պատճառ էր պետք, որ հեկեկոցով ժայթքեր, բայց ժայթքեց ծիծաղով։ Ուսուցիչն ասաց, որ գնալու է։ Հիվանդ էր, իրեն կփոխարինեին, հաջորդ սեպտեմբերից այլևս չի գա․․․
Նոր ուսուցիչը եկավ ապրիլին, դասարանով գնացին հիվանդատես։ Ու հանկարծ ինքը հավատաց, որ կկարողանա մի բան փոխել, փրկել ուսուցչին։ Մյուս ուսուցիչների մասին մտածում էր ազգանուններով, նրա մասին մտածելիս հենց ուսուցիչ էր անվանում։ Երևի աշակերտներն ընտրում են, թե հատկապես ով է էսինչյանը, ոչ թե ուսուցիչը։ Նախկին գիտնականը, որը երազանքներ էր թողել, եկել հեռավոր գյուղ՝ կյանքը նոր էջից սկսելու, իր ընտրությունն էր, իր ուսուցիչը։
Երկար ու պաթետիկ տեքստ էր գրել էջին։ Դրամահավաք էր անում, որ դրսում ծերուկը բուժվի։ Ինչ-որ գեղեցիկ հույս էր, որ սահմաններից դուրս կա մի երկիր, որտեղի բժիշկներն ի զորու են նրան փրկել։
– Եթե ուզում ես մարդիկ գումար տան, հիվանդության էպիկրիզները դիր, պահանջվող բուժման նախահաշիվները, այսպես քեզ ոչ ոք չի վստահի, հանի, փող տա, – կարդաց անծանոթ մարդու հաղորդագրությունը։
Գլուխն առավ ափերի մեջ։ Ակնհայտ էր։ Հանկարծ ամեն բան թվաց մանկամիտ ու անհեթեթ։ Ամենակարևորը ծերուկի կողքին լինելն էր, ընտանիքն ու հարազատները դեռ չէին հասել։ Գնաց հիվանդանոց։ Չգիտեր ինչից խոսել, պատմեց երազը, զարմանալով, որ այդքան մանրամասն հիշում է։ Ծիծաղեցին։ Պատմեց Անիի մասին, ծիծաղեցին։ Հետո ուսուցիչը լրջացավ։
– Արի գնանք մեր գյուղի առվի ակունքի մոտ։ Գնանք, նստենք մի քիչ։
– Ձեզ չի կարելի, – հակաճառեց, բայց ծերուկն արդեն հագնվում էր։
Չէին զրուցում, աշխարհի չափ ասելիք կար, բայց լուռ նստել էին իրար կողք, իսկ ջրի քչփչոցը քուն էր բերում։ Երկուսն էլ ննջեցին։ Արթնացավ լուսադեմին։ Ծերուկի քունը խորն էր, էլ չէր արթնանալու։ Գրկած ետ էր տանում, ներսում մի բան էր փոխվել, այդպես էլ չզրուցեցին, բայց զգացողություն էր, թե ամբողջ գիշեր ծերունին իրեն փոխանցել է աշխարհի իմաստությունը։ Մտածում էր, որ ակունքը սկիզբը չի, վերջն է, մտածում էր կյանքի ու մահվան մասին՝ սայթաքելով ծերուկի մարմնի ծանրությունից։ Նախկին մղձավանջներն անկարևոր ու հեռու էին թվում։ Ու հանկարծ սարսափելի կարիք զգաց տեսնել քրոջը։
– Քեռի եմ դարձել, – մտածեց։