ՎԱՐՈՒԺ ՍՈՒՐԷՆԵԱՆ | Վկայագրութիին ժամանակից դուրս

Վարուժ Սուրենեան

(Համառօտ ակնարկ Գրիգոր Պըլտեանի գրական գործերին, նրա ՇՐՋՈՒՄ† վէպի հրատարակման առթիւ)

Գրող, բանաստեղծ եւ գրականագէտ Գրիգոր Պլըտեանը եզակի դէմք է մեր ժամանակակից գրականութեան մէջ: Լաւածանօթ լինելով հայ եւ միջազգային գրականութեանը, նա ոչ միայն արժէքաւոր ուսումնասիրութիւններ է կատարել հայ գրականութեան մասին, այլ նաեւ իր ինքնուրոյն գրելաոճով նոր շունչ եւ կեանք է տւել մեր գեղարւեստական արձակին: Պըլտեանը առաջինն էր՝ Հրանտ Մաթեւոսեանից յետոյ, ով սկսեց նոր ոճ օգտագործել վիպագրութեան մէջ, եւ դա նրա ստեղծագործութիւնները առանձնացնում է միւս գրողներից: Իհարկէ ներկայիս Հայաստանում կան գրողներ, ովքեր նոր ուղիներ են փորձում գտնել իրենց գրական լեզւում, սակայն ոչ մէկը այնքան ազդեցիկ եւ այնքան ամուր կառուցւածք չունի, ինչքան Պըլտեանինն է: Այս յօդւածը անդրադառնում է միայն նրա վէպերին եւ չի ներառում նրա գրականագիտական, փիլիսոփայական , բանաստեղծական եւ այլ գործերը:

Գրիգոր Պըլտեանը ծնւել է 1945 թւին՝ Լիբանանում, Եղեռնից փրկւած ծնողներից: Աւարտելով Նշան Փալանճեան ուսումնարանը եւ մի քանի տարի աշխատելով որպէս ուսուցիչ, անցնում է Ֆրանսիա, ուր Սորբոն համալսարանից ստանում է դոկտորայի կոչում փիլիսոփայութեան ճիւղում, որից յետոյ երկար տարիներ դասաւանդել է Փարիզի Արեւելեան լեզուների եւ մշակոյթների համալսարանում:

Գ. Պըլտեանի գրական ստեղծագործութիւնը կարելի է անւանել յիշողութեան գրականութիւն: Նրա վէպերը թէեւ մեծապէս գրւում են երրորդ դէմքով, բայց եւ մարդ դիւրութեամբ կարող է դրանք ընկալել որպէս ինքնակենսագրութիւն, կամ առնւազն՝ անձնական կեանքի փորձից ելած գործեր: Այս հանգամանքը շեշտւում է նրանով, որ նրա վէպերում նոյն կերպարները գրեթէ միշտ կրկնւում են՝ մայրիկ, հայրիկ , Անթիքա, Արեւիկ, Վէրժին, Էլմոն, Սեդո..: Թէեւ ինքն ասում է. «Կը պատահի որ մարդիկ այս շարքի առթիւ խօսին ինքնակենսագրական նիւթէ կամ ատաղձէ (Ի)նքնակենսագրութիւնը առաջ քաշուած է, կը խորհիմՙ պարզապէս որովհետեւ հեշտ է այդ կաղապարը գործածել: Ես ալ իմ կարգիս առիթ ունեցած եմ ըսելու, որ «ինքնակենսագրութիւն» կը կոչեմ ոչ միայն իմ ապրածս, այլեւ իմ լսածներս, իմ գիտցածներս, իմ ժամանակիս, բայց ինձմէ դուրս կատարուած դէպքերու հետ որեւէ առնչում, որ հեռուէն կամ մօտէն զիս հետաքրքրած է: Այլ խօսքովՙ «ինքնակենսագրութիւն» շատ լայն իմաստով, այնքան լայն որինքնակենսագրութիւն չէ: Ես այդ գրութիւնները կը կոչեմ «պատում»:»*

Նրա արձակ գործերից հինգը՝ ”Սեմեր”, ”Հարուած”, ”Նշան”, ”Պատկեր” եւ ”Երկուք”-ը, գեղարւեստական հիանալի գործեր լինելուց զատ վկայագրութիւններ են նորակազմ լիբանահայ գաղութի, ուր ընթերցողը այդ վէպերում յաճախ կրկնւող կերպարների միջոցով ոչ միայն ծանօթանում է անցեալ դարի 40-ից 60-ականների Բէյրութի հայութեան վիճակին, սկսած գաղթականների վրանաբնակ ճամբարներից մինչեւ ինքնաշէն թաղամասերը՝ իր պառակտւած բնակիչներով, այլ կարծես ապրում է նրանց կեանքը, շնորհիւ հեղինակի միջոցով ներկայացրած պատկերներին, որոնք իրականում պատկերներ էլ չեն, այլ հեղինակի մտորումներն ու յիշողութիւնները այդ ժամանակաշրջանի մասին որն ունի նաեւ պատմագրական արժէք: Երեւի Սփիւռքի որեւէ գաղութի առօրեայի մասին այդքան տեղեկութիւն չէք կարող գտնել, ինչքան Պըլտեանի այդ գործերում:

Պըլտեանի ”Անունը լեզուիս տակ” վէպի դէպքերը թէեւ անցնում են մասամբ վերոյիշեալ միջավայրում, սակայն վէպի կենտրոնական կերպարը արդէն ապրում է Փարիզում եւ ներկայ է մի դասախօսութեան, որը տեղի է ունենում նրա անցեալում յաճախած համալսարանում եւ ուր զեկուցաբերը ներկայացնում է Մուշի կոտորածը: Իսկ դասախօսութեան ամբողջ ընթացքին նախկին ուսանողը ընդհատաբար յիշում է իր մանկութիւնը, Մուշի կոտորածից ճողորպրած Նանոյին եւ նրա պատմութիւնները այդ կոտորածներից: Այդպիսով հեղինակը վէպն առաջ է տանում տարբեր վայրերում (Փարիզ, Բէյրութ, Մուշ…) եւ տարբեր ժամանակաշրջաններում (ներկայ, 1915թ, 1940-ականներ…) եւ ստեղծում է մի բազմածաւալ եւ բարդ կառոյց, ուր ընթերցողը պէտք է իր ճանապարհը գտնի գրութեան պարբերութիւնների միջով: Իսկ 332 էջանոց  վէպի իրադարձութիւնները պատմւում են այդ մէկ դասախօսական պահի ընթացքին։ Այս վէպը, որն՝ իդէպ, տողերիս գրողի կարծիքով Պըլտեանի լաւագոյն գործն է, նրա գրական ոճի փայլուն օրինակն է:

Ժամանակը Պըլտեանի մօտ որոշակի իմաստ չունի, կամ աւելի շուտ այն նոյն կերպով չի ընկալւում նրա մօտ ինչպէս պայմանական գրողների մօտ, ուր պատումը ունի իր սկիզբն ու վերջը, ըստ դէպքերի յաջորդականութեան։ Պըլտեանը անընդհատ ետ ու առաջ է գնում ժամանակ մէջ եւ դէպքերի հերթականութեան գուշակութիւնը թողնում է ընթերցողին: Խախտելով ժամանակի ընթացքը, Պըլտեանը կենտրոնանում է միայն պահի մէջ կատարւող գործողութեան վրայ եւ կերպարի ազդեցութիւնը կամ հակազդեցութիւնը հանդէպ այն: Այդպիսով նա ստիպում է որ ընթերցողը՝ ինքը գտնի պատմւած իրավիճակների հերթականութիւնը եւ կամ ինչպէս ինքն է ասում՝ «երեւակայէ պատմութեան մէջ չըսւածը»: Հետեւաբար նա ընթերցողին մի տեսակ մասնակից է դարձնում իր ստեղծագործական աշխատանքին: Իհարկէ այս ոճը նորութիւն չէ միջազգային գրակնութեան մէջ եւ անցեալ դարից սկսած օգտագործւել է Ջ. Ջոյսի, Ս. Բեքէթի եւ այլ գրողների միջոցով: Սակայն սա առաջին անգամն է, որ հայ վիպագրութան մէջ մենք հանդիպում ենք այդ ոճի այդքան լայն եւ յաջող օգտագործմանը:

Պըլտեանը նոյն մօտեցումն ունի վայրերի հանդէպ: Նրա համար դարձեալ իրադարձութիւնների ազդեցութիւնը կերպարների վրայ աւելի կարեւոր է քան վայրը, դրա համար էլ նա իր վէպերում հազւադէպ է նշում այն քաղաքը, ուր տեղի են ունենում պատումի իրադարձութիւնները: Միայն ուշադիր ընթերցողը՝ հատ ու կէնտ ակնարկներից կարող է կռահել թէ ուր է ընթանում վէպի այդ հատւածը:

Ընդհանուր առմամբ Գ. Պըլտեանի համար պատումը կազմում է այն խոհերի, մտապատկերների եւ յիշողութիւնների պատառիկների հաւաքածոն, որոնք շարժանկարի քադրերի պէս փայլատակում են գրող-պատասանի մտքում, առանց որեւէ կարգ ու կանոնի: Ուրեմն մէկ կամ քանի պարբերութեամբ կամ էջով չէ, որ ընթերցողը կարողանում է մի ընդհանուր պատկեր կազմել վէպում արծարծւած դէպքերից կամ կերպարներից, այլ երբեմն պէտք է մէկ ամբողջ գլուխ կարդալ այդ արդիւնքին հասնելու համար: Նրա վէպերում բացակայ է նաեւ երկխօսութիւնը, պայմանային վիպագրութեան արւեստի գլխաւոր հիմքերից մէկը, որի շնորհիւ էլ վիպագիրը կառուցում է կերպարների հոգեբանութիւնը եւ ընթերցողին ներկայացնում այն: Սա յատկապէս շեշտւած է ”Շրջում”-ի մէջ, որը թէեւ գրւած է բարձրակարգ հայերէնով, սակայն հեղինակը չի խուսափում ժամանակին օգտւելու արեւմտահայ տարբեր բառբառներից, որը կատարւում է ամենայն վարպետութեամբ եւ ցոյց է տալիս նրա տիրապետումը այդ բառբառներին:

Այս բոլորի պատճառով էլ Պըլտեանի վէպերը դժւար են ընկալւում անվարժ ընթերցողների կողմից եւ մեծ համբերութիւն է պահանջւում նրանցից վարժւելու հեղինակ ոճի հետ: Իսկ երբ ընթերցողը գտնում է այդ վէպերը կարդալու բանալին, այն ժամանակ հաճոյքը կրկնակի է դառնում: Դա է գրականութեան եւ արւեստի արժէքաւոր գործերի գաղտնիքը, որը նաեւ առանձնացնում է դրանք սովորական գործերից:

Շրջում”-ը Պլըտեանի 7-րդ տպագիր վէպն է, ու պատմում է Փարիզում հաստատւած մէկ ուրիշ նախկին ուսանողի մասին: Դրանով հանդերձ պատմասանի մտքում անցեալն ու ներկան, արեւելքն ու արեւմուտքը ընթաքնում են զուգահեռ: Որեւէ պատկեր, խօսք կամ նոյնիսկ հոտ նրան վերադարձնում է իր անցեալին: Եթէ նախկինում արեւելքն էր եւ մանկութիւնն ու պատենականութիւնը՝ բոլոր իր երազային մթնոլորտով, Անթիքայի ու Նանոյի պատմութիւններով, Վերժինի անիրական թւացող կեանքով, հիմա արդէն արեւմուտքն է եւ հասունութեան տարիքը, իր դաժան իրականութեամբ, արւեստի եւ փիլփսոփայութեան անվիճելի գործերով, ազատամիտ Ժան-Լիւքերով ու Սառաներով: Թւում է, որ վէպի ժամանակաշրջանը անցեալ դարի 60-70-ականներն են, երբ Եւրոպայի ընկերութիւնն մեծ փոփոխութիւնների տարիներն էր ապրում: Այստեղ էլ բոլոր իրադարձութիւնները տեղի են ունենում պատմասանի գլխում, յուշերի տեսքով, անցնելով նրա մտային զտիչով եւ համալրւելով նրա արած վերլուծութիւններով: Այս վէպում եւս, ինչպէս նրա բոլոր վէպերում, կանայք կազմում են կերպարների մեծամասնութիւնը: Վէպի գլխաւոր անձը շրջապատւած է հայ եւ օտարազգի կանանցով, ովքեր անընդհատ ներկայ են նրա խոհերում, յարաբերութիւններում եւ, որ կարեւոր է, նրա մտային կազմաւորման գործընթացում: Երբեմն թւում է, որ կանայք դարձել են հեղինակի մտասեւեռման կէտը: Սա մի ուրիշ նորութիւն է, ընդհանրապէս արական տիպարներով խճողւած հայ գրականութեան մէջ:

Ինչպէս ասացինք, գլխաւոր կերպարը՝ ում տեսանկիւնից էլ ներկայացւում է պատումը, անդադար տարուբերւում է ժամանակի մէջ: Անցեալը միշտ ներկայ է նրա մօտ, իսկ ներկան յաճախ դիտւում է անցեալի միջով: Առօրեայի տեսարանները հիւսւում են անցեալի տեսարաններին եւ ընթերցողը կորցնում է իր կողմնորշումը ժամանակի մէջ:

Ամենաչնչին իրադարձութիւնը չի վրիպում պատմասանի աչքից: Նա դիտողութիւններ է անում փարիզահայութեան կեանքից եւ թւում է թէ՛ շատ բան չի փոխւել անցեալից, որին մենք ծանօթ ենք «Փարիզի տղոց» գործերից: Կարծես ժամանակն անցել է նրանց կողքով, բայց մեծ ազդեցութիւն չի ունեցել նրանց սովորոյթների ու բարքերի վրայ, նոյն կուսակցական ու ազգային վէճերը, նոյն ամլութիւնն ու անհանդուրժողականութիւնը արւեստագէտների մօտ: Բացի դա, Պըլտեանի լայն ծանօթութիւնը արեւմտեան գրականութեան ու արւեստի հետ եւ դրանց մէջբերումը իր վէպում, պատճառ է դառնում որ ընթերցողը յաճախ հաղորդակից դառնայ այդ բնագաւառի գործերի հետ:

Պըլտեանի հերոսը անընդհատ փնտռտունքի մէջ է, բայց ինչքան շատ է փնտռում այնքան աւելի է խճճւում՝ իր բնութագրմամբ, կրկնակի աքսորականի կեանքում: Երբ ուսումը աւարտելուց յետոյ վերադառնում է Լիբանան, ամեն ինչ արդէն փոխւած է եւ չի գտնում իր անցեալի աշխարհը: Կեանքն նրան թւում է տաղտկալի ու միապաղաղ: Ուրեմն կրկին վերադառնում է Ֆրանսիա, թէեւ վստահ չէ որ այնտեղ գտնելու է իր ցանկացած կեանքը: Արդեօք սա սփիւռքահայի ճակատագի՞րն է: Պըլտեանը ընդհանրապէս վերջնական պատասխաններ եւ լուծումներ չի առաջարկում իր գործերում: Նա միայն պատումի միջոցով ընթերցողի առջեւ է դնում իրավիճակների մի շարան, եզրայանգումը թողնելով վերջինիս: Բայց այդ իրավիճակները նա ներկայացնում է այնպիսի գեղարւեստականօրէն եւ այնպիսի խորաթափանց ձեւով, որ նրա գործերը առանձնացնում է մերօրեայ հայկական միւս գրական գործերից: Ինչեւէ, շնորհիւ Գ. Պըլտեանի, աներկբայ կարելի է ասել որ հայ արդի գրակնութիւնը կարող է յաւակնել որ իր ասելիքն ունի միջազգային գրականութեան անդաստանում:

†ՇՐՋՈՒՄ (Գիշերադարձ պատումներ), Հեղ. Գրիգոր Պըլտեան, 529 էջ, հրատարակութիւն՝ Սարգիս Խաչենց – Փրինթինֆօ, 2012թ.

*Հարցազրոյց Գոհար Աճեմեանի հետ, ԱԶԳ օրաթերթի 09.02.2013թ. «Մշակոյթ» յաւելւածում:

Share Button

1 Կարծիք

  • VARUZHAN says:

    ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԱՐԺԱՆԻ ԿԱՅՔ Է : ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *