Վազգեն Սարգսյան | Լիպոն

Ինչեր ասես, որ չեն ստանում Ակնաղբյուր գյուղի խանութում: Այ, վերջերս, օրինակ, «Մերկ Մախան» հայտնի կտավի լուսանկարչական արտատպություններն էին ստացել: Մի օր չմնաց: Մի քանի ժամվա մեջ ամբողջը թռցրին տարան ակնաղբյուրցիք: Մի զույգ էլ Ալեքո ապերը գնեց մեկն իր, մյուսը Լիպո եղբոր համար: Դե, Լիպոն նման բաներ դեռ ջահել օրերից շատ էր սիրում, ինքն էլ հո մյուսներից ետ չէր մնալու՝ բերեց ու կախեց ամենաերևացող տեղում՝ «տելեվիզորի սենյակում»: Հեռուստացույցն էլ նոր ու գունավոր: Հիմա Լիպոն նայում է «փերու» նկարին, նայում է նկարի տակ բազկաթոռին թիկն տված կախ-կախ բեղերով եղբորն ու քթի տակ խնդմնդում. — Խելքդ հենց դրանցն ես տվել, որ մինչև հիմա էս օրին ես:
— Անցած-գնացած բան է, Լիպո, հլա չե՞ս մոռացել,— դժգոհ քրթմնջում է Ալեքո ապերն ու մտքում անիծում էն սատանայական օրը: Այ մարդ, թե ինչի՞ համար, թե ի՞նչ սատանա անցավ մեջներով, իրենք էլ չիմացան… Չէ, Լիպոն իրոք հիշեցնելու տեղ ունի, իրենք էն ժամանակ իրոք չհասկացան խեղճին… Ասենք կարող է ժամանակներն էին մեղավոր, երևի հենց այդպես էլ պետք է լիներ, երևի ճիշտը հենց էդ էր, ո՞վ գիտե…
Երբ Ալեքոն կռվից տուն դարձավ, փոքր եղբայրը՝ Լիպոն, արդեն 17-18 տարեկան, գեղեցիկ ու բարձրահասակ, ճարպիկ տղա էր: Ամբողջ օրը քաղաքից եկած ինչ-որ երկրաբանների հետ սարերն էր չափչփում: Մի օր էլ սարերից եկավ, ու թե՝ այ հեր, Լենինգրադ սովորելու եմ գնում: Ամբողջ ցեղով մեկ եղան, բայց Լիպոյին ետ պահելու հնար չեղավ: Երկու ոտքը դրել էր մի մաշիկ ու գնում եմ, որ, գնում եմ:
Գնաց: Սկզբում շուտ-շուտ նամակ Լիպոն գրում էր, որ այդ տարին ընդունվել էին ստանում: վեց, որ աշխատում է ինչ-որ հայտնի գործարանում, չհաջողաշխատավարձը բարձր է, քաղաքը մեծ ու գեղեցիկ, կյանքն ուրախ, ապրուստն էլ էժան: Մի օր էլ նամակ եմ: ստացան, թե՝ «Սիրելի հարազատներ, ամուսնանում Աղջիկը պրոֆեսորի աղջիկ է, համալսարանավարտ, ձեր Լիպոյին էլ գժի պես սիրում պռոստո Լիպո, այլ Զյոռնի Սոկոլ է ասում»:

Այդ օրվանից Լիպոյի նամակների տուտը կտրվեց։ Մի անգամ միայն մի քանի տող ստացան, թե «Կարող եք շնորհավորել՝ ամուսնացա»:
Այժմ հարազատների հետ Լիպոյի կապը պահպանվում էր միայն հեռագրերով ու ծանրոցներով, որ Նոր տարուց Նոր տարի, պարբերաբար ստանում էին նրանից: Ինչեր ասես, որ չէր ուղարկում Լիպոն. հարսների համար սիրուն շորեր, մորը բրդյա տաք շալ ու հորը բամբակյա տաք փոխան, Ալեքոյին ձուն բռնելու ֆիննական կարթ, Սաքոյին միջնեկ եղբորը, նավաստու մայկա, էրեխեքի համար գույնզգույն թղթերով կոնֆետ-մոնֆետ, նարինջ, կաղին ու էլ չգիտես թե ինչ: Ամեն անգամ բաժան-բաժան անելով Լիպոյից ստացած նվերները՝ մայրը արցունքների միջից ժըպտում թր ու դառնում հավաքվածներին.
— Լիպոս ուրիշ է, ուրիշ: Մեռնեմ բոյին, պրոֆեսորի փեսա, տեսնու՞մ եք ինչ նվերներ է ուղարկել…
Հարևան գյուղից վարսավիր Միհրանը քաղաքում պատահաբար, հանդիպել էր մեր Լիպոյին:
— Այտա,— դրանից հետո մեկ տարի շարունակ շշկլած պատմում էր խեղճը,— դրա համար փողն ու հողը մի հաշիվ են: Ի՜նչ շրջապատ ունի, ինչ պատիվ-հարգանք: Ու բոլորն էլ իր անունով են երդվում՝ Չյոռնի Սոկոլ, հա Չյոռնի Սոկոլ… Է՜, մենք էլ կասենք ապրում ենք, Լիպո՞ն էլ…
Ու այսպես, տարեցտարի Լիպոյի անձը ինչ-որ խորհրդավորություն, ակնածանք ու մեծություն էր ձեռք բերում գյուղի աչքում: Աշակերտներն իրենց դպրոցի անվանի շրջանավարտներին հիշելիս առաջիններից մեկը Լիպոյի անունն էին տալիս, նախկին դասընկերներից յուրաքանչյուրը պնդում էր, որ հենց ինքն է եղել Լիպոյի ամենամոտ ընկերը, իսկ սիրած աղջիկը, որ աշխատանքի գերազանցիկ տրակտորիստի կին էր դառել, ամեն անգամ Լիպոյին հիշելիս գլխին էր տալիս. «Ինչ տղայի ձեռքից բաց թողի»… Ու որտեղ էլ նրա մասին խոսեին, ինչ էլ խոսեին, վերջում անպայման ավելացնում էին.
— Է՜, մենք էլ կասենք ապրում ենք, Լիպո՞ն էլ…
Բայց պատահեց այնպես, որ Լիպոյի հեռանալուց ինը թե տասը տարի անց, ամառային մի գեղեցիկ օր Արամ քեռին, վերադառնալով քաղաքից, հավաքեց ամենամոտ հարազատներին և չնայած ոչ ոք չկար, որ ականջ դներ, հազիվ լսելի շշնջաց. «Այտա, ի՞նչ պրոֆեսորի աղջիկ, ի՞նչ բան: Պարզվում է, որ արդեն հինգ-վեց տարի է կնկանից բաժանված է, ոչ տուն, ոչ տեղ, վարձով է ապրում, ստացած փողն էլ ճաշարաններում ու ռեստորաններում է քոռուփուչ անում»: Պարզ էր՝ Լիպոն կործանվում էր: Պարզ էր՝ Լիպոյին փրկել էր էր պետք: Ու խեղճ հարազատները խելք խելքի տալով՝ հենց տեղում մի հեռագիր հորինեցին. «Լիպարիտ սկորո պրիեզժայ, մամա տյաժելո բոլնա»: Երկու օր անց Լիպոն Ակնաղբյուրում էր: Ասում են՝ իբր սև կոստյումն հագին, սպիտակ վերնաշապիկի վրա սև փողկապը կապած, ցիլինդրը ձեռքին խաղացնելով՝ Լիպոն գյուղի հանդերի մոտ իջնում է տաքսի «Պոբեդայից» ու ձայն տալիս քաղհան անող կանանց.
— Դեվուշկի, էտո կակոյ գորոդ:
— Վայ արևդ չմեռնի, Լիպո,—ոտքից գլուխ չափելով նրան՝ ծիծաղում է Նունո տատը:— Էս էն գորոդն ա, որտեղ դու նախչի էիր:
Ու իբր այս պատասխանը լսելով՝ Լիպոն ուզում է նստել մեքենան ու եկած ճանապարհով շուտ ետ դառնալ, բայց հիշում է գրպանի հեռագիրն ու խեղճխեղճ տարածում ձեռքերը:
Ոչ ոք, նույնիսկ Նունո տատը չի կարող ասել, թե այս պատմությունը որքանով է ճիշտ, բայց որ Լիպոն մորը ողջ-առողջ տեսնելով ծուղակն զգացել ու արդեն երրորդ օրվա մեջ ուզում էր հեռանալ, դա հաստատ է:
Տեսնելով, որ Լիպոն սուսուփուս ճամպրուկներն է հավաքում, Ալեքոն հավարը գցեց և ում որ պետք էր կանչեց բերեց: Եկան, հավաքվեցին, սուսուփուս նստոտեցին Լիպոյի չորս բոլորը, իրեն էլ նստեցրին իր իսկ ճամպրուկի վրա՝ կենտրոնում, ցիլինդրը ձեռքին, փողկապը կապած՝ առո՜ք-փառո՜ք, ու սկսեցին հիանալ: Լիպոն զարմացած չորս բոլորն էր նայում. հերն ու մերն էին, Ալեքոն էր, Սաքոն էր, քավոր Համոն, գյուղսովետի նախագահ Լևոնը, որ տասը պորտ էն կողմ իրենց բարեկամ էր գալիս և, իհարկե, քեռի Արամը:
— Է, դալշե՞,— չդիմանալով երկարող ծանր լռությանը՝ բարկացած ուսերը թոթվեց Լիպոն:
— Տո էլ ի՞նչ դալշե, տո դու էլ դալշեի տե՞ղ թողիր,— թնդաց Ալեքոն, բայց հայրը հայացքով սաստեց նրան ու ինքը խոսեց հատ-հատ, բայց մուրճի հարվածների նման ծանր ու կտրուկ:
— Հերիք եղավ, բոլ եղավ, Լիպո տղա, դրսից նայողի աչքն ես հանել, ներսից մերն ու քոնը: Էլ վե՛րջ, մնալու ես:
Լիպոն փորձեց բողոքել, բայց հայրը կարճ կապեց.
— Ուզում ես գնալ, գնա, քեզ զոռով պահող չկա: Բայց իմացիր, որ դու էլ հեր չունես:
— Մորդ թաղես, թե գնաս, Լիպո ջան,— լացակումած վրա տվեց մայրը:— Մի հալալ կաթնակեր կճարենք, բալա ջան, կպսակվես, ընտանիք կկազմես…
Ու մնաց Լիպոն: Մնաց, բայց վայ են մնալուն: Խեղճը մահու չափ ձանձրանում էր: Կոլխոզում աշխատել, պարզ է, չէր ուզում, իսկ ակումբի շինարարության վերջը հեչ չէր նշմարվում: Շուտով ամբողջ օրը ձկնորսությամբ զբաղվելը ձանձրացրեց, իմացած երգերի ու պատմությունների պաշարն էլ սպառվեց: Լիպոն փակվեց իր սենյակում, պատերը զարդարեց քաղաքի տեսարժան վայրերը պատկերող գունավոր նկարներով, իր լուսանկարներն էլ խփեց Չարենցի ու որտեղից-որտեղ ձեռքն ընկած Միկլուխո-Մակլայի նկարների արանքում և օրերով դուրս չէր գալիս սենյակից: Մի կիրակի օր, սակայն, Լիպոն առավոտից անհայտացավ: Տնեցիք շվարել-մնացել էին: Բայց, ինչպես պարզվեց, նրանց մտահոգությունն անտեղի էր, Լիպոն գյուղում «չտեսնված նկարչի» անուն հանած Կոլոտ Սուրիկի տանն էր: Այդ օրը երեկոյան Ալեքոյի կին Գոհարը կասկարմիր կտրած դուրս թռավ Լիպոյի սենյակից:
— Քեզ ի՞նչ պատահեց, այ աղջիկ,— վախեցավ Ալեքոն:
— Մտիր՝ կտեսնես,— հազիվ կարողացավ շշնջալ խեղճ հարսը:
Ալեքոն ափալ-թափալ ներս ընկավ ու ինչ տեսնի… Լիպոն, էդ փուչ Լիպոն, դիմացի պատից, իր հայրական տան պատից, մեղա քեզ, չար սատանա, կանաչ խոտերի մեջ պառկած մի տկլոր կնկա յուղաներկ նկար էր կպցրել, ինքն էլ պառկած նկարի տակ՝ թախտին, կիսախուփ աչքերով ծխում էր:
— Թո՛ւ, ես քո մարդ ասողի,— կարմրեց-կապտեց Ալեքոն,— իջեցրու էդ անամոթությունը պատից, շու՛տ:
— Դու ի՞նչ ես հասկանում արվեստից,— առանց եղբոր կողմը նայելու ծոր տվեց Լիպոն ու թեքվեց մյուս կողքին:
Ալեքոյի լեզուն բարկությունից կապ էր ընկել. թքեց ու դուրս եկավ սենյակից: Երբ առավոտյան բանակցություններն էլ արդյունք չտվեցին, Ալեքոն հավարը գցեց Սաքո եղբորը: Քավոր Համոյին չկանչեց ամոթ էր, և էլ սովետի նախագահ Լևոնին՝ աշխարհով մեկ հո խայտառակ չէին լինելու։
Սաքոն շշկլած ներս մտավ, ժպտաց ու ժպտալով կմկմաց.
— Հա, էլի, ճիշտ են ասում, այտա:
Հետո աթոռը քաշեց, նստեց, կարմրելով ու ամաչելով մի քանի գողունի հայացք նետեց դեպի նկարը, վեր կացավ, տեղը հրեց աթոռը․ «Ամոթ է, Լիպո, իջեցրու, պահիր»,— շշնջաց ու դուրս եկավ սենյակից:
Ամենահաս քեռի Արամն էլ եկավ՝ բան դուրս չեկավ
— Խելքդ հենց դրանցն ես տվել, որ մինչև հիմա էս օրին ես,— դուռը հետևից շրխկացնելով՝ եզրակացրեց քեռի Արամը և տանը որոշեցին, որ միակ ելքը Լիպոյին պսակելն է:
— Մաթոսենց Մակիչի աղջկան կուզե՞ս, Լիպո ջան,— դռան այս կողմից ձայն տվեց մայրը:
— Չէ, դպրոցի ջահել դասատուն ավելի լավն է,— սկեսուրին միացավ հարսն ու մեկը մյուսին հերթ չտալով՝ սկսեցին թվարկել գյուղի բոլոր հարսնացու աղջիկների առավելություններն ու թերությունները:
Նրանց լռեցնելու համար Լիպոն ստիպված էր դռանը զարկել ու ջարդուփշուր անել «Կազբեկի» մնացորդներով լեփ-լեցուն մոխրամանը:
Վերջին հույսը, ուզեին-չուզեին, քավոր Համոն էր։
Քավոր Համոն եկավ քավորկին Սիրունի հետ, շրջանային թերթի մեջ փաթաթած կես լիտրանոց օղու շիշն էլ թևի տակ: Քավորկնկան թողնելով կես լիտրանոց օղու սևն առած սուգը մտած հարսին ու սկեսուրին մխիթարելու, քավորը օղու շիշը ձեռքին մտավ Լիպոյի սենյակը: Կես ժամ անց քավոր Համոն ու Լիպոն ձեն-ձենի տված երգում էին: Հետո սկսեցին գոռգոռալ:
— Կիջեցնես,— գոռում էր քավորը:
— Չեմ իջեցնի,— ճչում էր Լիպոն։— Ես քեզ շատ եմ հարգում, բայց, կներես, քավոր ջան, սկզբունքի հարց է, չեմ իջեցնի։
— Չէ, էս գործն էսպես թողնել չի կարելի,— մի կողմ տանելով Ալեքոյին՝ շշնջաց քեռի Արամը։— Քանի հերդ սարից չի իջել, հարկավոր է ինչ-որ բան մտածել։
Ու մտածեցին: Մի քանի օր անց, օգտվելով առիթից, որ Լիպոն բաղնիք է գնացել, քեռի Արամն ու Ալեքոն ամիահամուռ ուժերով իջեցնելով « էդ անամոթությունը» պատից, տվեցին Ալեքոյի հրահանգով բերման ենթարկված Սաքոյի ձեռքն ու մեկը մյուսին խանգարելով, հրմշտելով դուրս թռան սենյակից:
Բակում կրակն արդեն պատրաստ էր: Բայց քեռի Արամը կյանք տեսած մարդ, էդպես հեշտ ու հանգիստ հո չի մաքրելու հաշիվները նենգ թշնամու հետ: Վերցնելով նկարը շվարած Սաքոյի ձեռքից, ոտքի տակն առավ ու Ալեքոյի հետ սկսեցին կոխկրտել: Հետո, ինչպես վարակ, Արամ քեռին երկու մատով գետնից վերցրեց նկարն ու մեծ բավականությամբ կրակը նետեց:
— Այտա, ափսոս է,— փորձեց պաշտպանել Սաքոն:
— Ի՜նչ,— որոտաց քեռի Արամը:
— Հեչ,— խեղճացավ Սաքոն ու ժպտաց:
Հարս ու կեսուր, պատշգամբում ձեռքները կրծքներին խաչած, գոհունակությամբ իգիթ տղամարդկանց էին նայում:
— Չարը խափանվեց,— երբ կտավն սկսեց ճրթճրթալով այրվել՝ շշնջաց կեսուրն ու երեսը խաչակնքեց:
Երբ Լիպոն տուն դարձավ, ամեն ինչ արդեն ավարտված էր, միայն նկարի փայտե շրջանակն էր դեռ շարունակում ծխալ: Քեռի Արամն ու Ալեքոն համենայն դեպս հեռացել էին տնից: Բայց իզուր: Լիպոն ոչ մի խոսք չասաց: Նույնիսկ չբարկացավ: Մեծահոգաբար ժպտաց, բաց արեց «Կազբեկի» հերթական տուփն ու նստելով հենց աստիճանների վրա՝ սկսեց ծխել:
Հաջորդ օրն առավոտյան երբ արթանացան, Լիպոյի սենյակի դուռը կիսաբաց էր: Ներս մտան՝ Լիպոն չկար: Պատերին փակցված լենինգրադյան պատկերներն էլ չկային: Դես ու դեն ընկան՝ ճամպրուկն էլ չկար… Կես ժամ անց ողջ գյուղը թնդում էր.
— Խաբա՞ր եք, Լիպոն փախել է՜, փախել է՜…
Այն օրվանից շատ ժամանակ է անցել, այնքան շատ, որ Ալեքո ապերը մոռացել է այս պատմության մանրամասները և պնդում է, որ նկարը վառելիս ոչ թե Սաքոն, այլ ինքն ասաց «Այտա, ափսոս է», ու հլա օղորմածիկ քեռի Արամն էլ իր վրա գոռաց: Լիպոն վաղուց արդեն հայրենի գյուղումն է: Ոչ ոք չի կանչել՝ ինքն է վերադարձել: Արդեն հիսունն անց, բայց դեռ աշխույժ ու ջահել, հագին ջինսեր, մոտոցիկլետի անունն էլ չգիտես ինչու «Ժոզեֆ», գյուղի ակումբում գեղմասվարություն է անում: Գիշերներն էլ ձեռքի հետ, նոր բացված երաժշտական դպրոցի պահակությունն է յոլա տանում: Կինը՝ Անուշը, փառք աստծո, անող-դնող, տնտեսական կին է, տղան Ալեքոյի թոռան տարիքին է՝ հինգերորդ դասարանում է սովորում: Ափսոս միայն, որ հիմիկվանից աչքն արդեն քաղաքների կողմն է գցել: «Դպրոցն ավարտեմ,— ասում է,— մայրաքաղաքի կինոդերասանական ինստիտուտում եմ սովորելու»: Դա Լիպոյին շատ է անհանգստացնում:
— Ուզում ես դերասան դառնալ՝ էստեղ դարձիր,— ամեն անգամ համոզում է Լիպոն…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *