Վեց տարեկան Նապոլեոնը նստած էր իր սենյակի մահճակալին, երբ Այաչոյի նրանց տուն ներխուժեցին ֆրանսիական բանակի երկու բարձրաստիճան սպա ու հայտնեցին, որ իր բանակը ծանր մարտում պարտություն է կրել ռուսներից։
Խեղճ Նապոլեոնը դեռ նույնիսկ չգիտեր, թե ինչ է զենքը, երբ նրան պատմեցին, որ հերթական հարձակման ժամանակ նա հրազենային վնասվածք է ստացել ու տեղում մահացել։
Այժմ Նապոլեոնը, որը վերջին մի քանի ամիսներին փոքր-ինչ հասակ էր առել ու անկողնուն նստած ոտքերը համարյա դիպչում էին հատակին, ապշած նայում էր զինվորականներին ու փորձում հասկանալ, թե ինչ պետք է անի։
Թեև նրա հայրը ազնվական էր, քաղաքական գործիչ, այնուամենայնիվ նա ոչ մի կապ չէր կարողանում տեսնել ռուսական բանակի, իր մահվան և այն դեղնականաչավուն համազգեստով զինվորականների միջև, որոնք առանց նախազգուշացնելու մտել էին իր սենյակ ու հայտնել վատ լուրը։
Թեպետեւ զինվորականները նրան ամենաբարձր կոչումներով ու պատկառանքով էին դիմում, միևնույն է, Նապոլեոնին այդ պահին հետաքրքրում էր միայն սեղանի մակերեսը, և մտքում անընդհատ հաշվում էր, թե դրա վրա քանի կավե բաժակ կտեղավորվի։
– Ի՞նչ անենք,- հարցնում է առաջին զինվորականը։
– Մենք տարակուսած ենք, անհրաժեշտ է շուտափույթ լուծում գտնել,- ասում է երկրորդ զինվորականը։
Նապոլեոնն իջնում է անկողնուց ու վախեցած նայում նրանց։ Նա մոտենում է պատուհանին։ Զինվորականները քայլում են նրա հետևից։ Փոքրիկ կորսիկացու ձեռքում փայտե խաղալիք է, նա ուշադիր զննում է այն, հետո փորձում է հիշել ապրած վերջին տարիները, որոնք որևէ կերպ կարող են առնչություն ունենալ Ռուսաստանին կամ՝ ֆրանսիական բանակին։ Նա փորձում է որևէ խորիմաստ պատասխան տալ զինվորականներին։
– Դուք այդպես էլ չպատասխանեցիք։
– Մենք չգիտենք ինչ անել։
Փոքրիկ Նապոլեոնը փայտե խաղալիքը դնում է պատուհանագոգին։
– Թաղեք,- ասում է նա։
Ավելի ուշ զինվորականները լքում են նրա բնակարանը։ Նրանցից մեկը՝ Դիդիեն բացում է տան դուռը, իսկ մյուսը՝ Ֆլորանը, ներողություն խնդրում անհանգստացնելու համար։
Ֆլորանն ու Դիդիեն մոտենում են աստիճանավանդակին, ու այդ պահին Ֆլորանն ասում է.
– Վերելակն աշխատում է, ես հոգնած եմ, չեմ ուզում ոտքով իջնել։
– Լավ, արի սպասենք։
– Դու տեսա՞ր նրա աչքերը,- հարցնում է Դիդիեն։
– Այո, նա ասես վամպիր լիներ, նույնիսկ չհարցրեց, թե մենք ովքեր ենք,- պատասխանում է Ֆլորանը։
– Իսկ նրա ձեռքի խաղալիքն ասես միջնադարից լիներ։
– Ես չեմ զարմանում, նրա հայացքն անչափ նման էր միջնադարյան գազանի։
– Ես նաև նկատեցի, որ տան պատուհանից հիանալի տեսարան էր բացվում։
Վերելակի դռները բացվում են։ Զինվորականները ներս են մտնում։
– Նկատեցի՞ր, թե ինչ սառնասրտությամբ ասաց «թաղել» բառը,- ասում է Դիդիեն։
– Նա այդ բառը բազմիցս օգտագործել է, երևի այդ պատճառով այն արտասանելիս նրա հայացքը ոչ մի զգացմունք չարտահայտեց,- ասում է Ֆլորանը։
Զինվորականները դուրս են գալիս շքամուտքից ու անցնում փողոցը։
– Սպասիր, մինչեւ հեռանալը արի ևս մեկ անգամ նայենք նրա պատուհանին,- ասում է Ֆլորանը։
– Ուզում ես կրկին նրա ապակյա դե՞մքը տեսնել,- հարցնում է Դիդիեն։
– Չէ, պարզապես հետաքրքիր է, թե իր մահվան լուրն ստացած փոքրիկ հրեշը ինչ հայացքով է նայում պատուհանից։
Զինվորականները կանգնում են Նապոլեոնի շենքի տակ ու նայում կիսաբաց պատուհանի կողմը, որտեղից երևում են փոքրիկ Նապոլեոնի գլխի մի մասը, ձեռքերն ու փայտե խաղալիքը։
Նապոլեոնը նայում է նրանց։ Նրա վախեցած հայացքը չի փոխվում, մտածում է միայն Սուրբ Հեղինե կղզու մասին, այնտեղ ապրած ու չապրած օրերի մասին, հետո հանկարծ ինքն իրեն որսում այն մտքի վրա, որ դեռ ընդամենը վեց տարեկան է ու երջանիկ լինելու համար պարզապես պետք է օգտվել կյանքի բոլոր «թուլություններից»։ «Թուլություն» բառի տակ ինքն էլ առանձնապես ոչինչ չէր հասկանում, սակայն այդ պահին նրա մեջ որոշակի ցանկություն է առաջանում մի կողմ նետել խաղալիքն ու դուրս գալ սենյակից։
– Նա դուրս եկավ, նկատեցի՞ր,- ասում է Դիդիեն։
– Այո, երևի գնաց հոր մոտ,- պատասխանում է Ֆլորանը,- նա, այնուամենայնիվ, ընկճվեց։
– Այո։
– Երևի պետք չէր նրան հայտնել մահվան լուրը։
– Ինչո՞ւ։
– Դե չգիտեմ, հնարավոր է, որ նա դեռ չի մահացել կամ կմահանա, բայց ավելի ուշ։
– Մենք ամեն ինչ շատ ճիշտ արեցինք, որպես նվիրված ենթականեր մեր պարտքն էր կայսերը ճիշտ ժամանակին մահվան լուրը հայտնելը։
– Դեմ չեմ, բայց դեռ ֆրանս-ռուսական պատերազմը չի եղել և ելնելով դրանից ամենևին չի բացառվում, որ նրան այնտեղ չսպանեն։ Պարզապես նրա բանակը պարտություն կկրի, ու նա կտապալվի։ Ավելին, կմահանա մի ինչ-որ անհայտ հիվանդու-թյունից։ Ի՞նչ կասես։
– Վատ չէր, ասենք՝ նրա սիրելի Սուրբ Հեղինե կղզում։
– Այո։
– Փաստորեն մենք խաբեցինք նրան, լավ, ոչինչ, արդեն ուշ է, դուրս բեր մեքենան կայանատեղից։