Իմացությունը, ճանաչողությունը ևս ունի իր ֆիզիկան։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ճշմարտության գաղափարը կարող է ունենալ և կապ ունի արագության հասկացության հետ։ Նախ անհրաժեշտ է լինում ապահովել ճանաչողության գործընթացի որակը, այսինքն հետազոտողի միտքի պետք է կարողանա հնարավորինս առավել չափով թափանցել հետազոտվող օբյեկտի էության՝ հատկությունների կոմպլեքսի մեջ, դա առաջին պարտադիր, բայց ոչ բավարար պայմանն է։ Բայց քանի որ ցանկացած հետազոտվող օբյեկտ դինամիկ , փոփոխվող երևույթ է, ապա կարևոր է դառնում նաև այն, որ հետազոտողի մտքի արագությունը (տվյալ դեպքում հետազոտողը կոնկրետ մի անհատ չէ, այլ տվյալ ժամանակահատվածում մարդկության հավաքական գիտական միտքը) համապատասխանի հետազոտության օբյեկտի փոփոխության արագությունը, այսինքն այդ երկու արագությունների համապատասխանության դեպքում միայն կարող է բացահայտվել ճշմարտությունը։ Եթե չկա արագությունների այդ համապատասխանությունը, ապա առաջանում են երկու տեսակի մոլորություններ։ Եթե հետազոտության արագությունը ետ է մնում հետազոտվող օբյեկտի փոփոխության արագությունից, ապա ծագում է դոգմատիզմ, երբ հռչակված գաղափարն այլևս ուշացած է, օբյեկտը փոխվել է և այլևս նախկինում սահմանվածը չէ։ Եվ ընդհակառակն, եթե հետազոտության արագությունն մոլորությամբ առաջ է ընկել և արվում է շտապողական վարկածաբանության վրա հիմնված եզրահանգումներ, ապա այդ դեպքում էլ ռելյատիվիզմի հետ ենք բախվում։
Մարդկային մտքի պատմության մեջ տեղի է ունենում ինչպես ուսմունքների, գաղափարախոսությունների փոխազդեցություն, այնպես էլ նմանություններ առաջացում միևնույն հիմքի, բազիսային գաղափարի ուղղությամբ շարժման, շարժման վեկտորի ընդհանրության պատճառով։ Օրինակ, նմանություններ կան նեոպլատոնականության և քրիստոնեության գաղափարների միջև, բայց դա ոչ թե ազդեցության հետևանք է, այլ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ վրա բևեռված լինելու հետևանք։ Այդպիսի ընդհանրություններ կան նաև դաոսականության, նեոպլատոնիզմի և ասենք՝ Մարտին Հայդեգերի գաղափարների միջև։ Դաոսականությունը խոսում է Անանվանելի Դաոյի և Անվանելի Դաոյի մասին, Անանվանելի Դաոն բանականությամբ անհնար է սահմանել, այն Պերճախոս Լռության մեջ է ընկողմանած, իսկ Անվանելի Դաոն տեսանելի, զգայելի, սահմանելի իրեղեն աշխարհն է։ Նեոպլատոնականությունը խոսում է Միասնականի և նրա արտահեղման՝ էմանացիայի մասին։ Միասնականը (երևի՝ Թումանյանի ասած «անճառ Մինը») նույնպես անանվանելի՝ Անասելի է,բանականությամբ անսահմանելի, իսկ իր արտահեղվածքն արդեն՝ ճանաչելի՝ իբրև աշխարհ և իրականություն, տիեզերք։ Հայդեգերի մոտ անիմանալի Ոչինչը (որն ամենևին էլ դատարկությունը չէ) պայմանավորում է իմանալի, ճանաչելի Գոյի առկայությունը։ ԱՄԲՈՂՋԸ դաոսականության դեպքում Անանվանելի և Անվանելի դաոների միասնությունն է, նեոպլատոնականության դեպքում ՝ Միասնականի և նրա արտահեղվածքի միասնությունը, իսկ ըստ Հայդեգերի, ով այդ ամբողջն անվանում է կեցություն, Ոչինչի և գոյի միասնությունը։ Այս երեք գաղափարախոսությունների դեպքում էլ Բարձրակարգը «իջնում» և պայմանավորում է Ցածրակարգի գոյությունը, և ապա հակընթաց շարժմամբ Ցածրակարգը՝ կատարելագործմամբ ՝ նորից վերադառնում է Բարձրակարգին։ Իսկ ի՞նչ անհրաժեշտություն կա, որ Բարձրակարգն իջնի Ցածրակարգին, ո՞րն է այս Հավերժական Վերադարձի իմաստը։ Դաոսականությունը դա բացատրում է Անանվանելի Դաոյի «հանգստի» անհրաժեշտության հանգամանքով, մի տեսաբան՝ Հարթմանը դա անվանում է մետաֆիզիկական աղետ, երբ Բարձրակարգը ներունակաությամբ չի «դիմանում» սեփական ճնշմանը և յուրատեսակ միստիկ պայթյուն է տեղի ունենում և այլն։ Ստոիկները խոսում են «պնևմայի» մասին, որը եթե հանրամատչելի բացատրությամբ մեկնաբանենք՝ Աստծո ստեղծարար «փչված շունչն» է։ Դե որտեղ շունչ՝ այնտեղ էլ շնչառություն։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ դա Բացարձակի շնչառությունն է, որ կազմված է՝ բնականաբար՝ Ներշնչելու և Արտաշնչելու գործընթացներից։