Էսսե

Ջաբալ-Ալ-Թարիք

Հեռավոր՝ «անդնդախոր» 711 թվականին մավր՝ արաբաբերբերական զորավար Թարիք իբն Զիյադի զորքը կանգ առավ այս լեռան վրա։ Թարիք իբն Զիյադը արծվենի մի հայացքով ընդգրկեց Իբերիական թերակղզու համայնապատկերը, և սկսվեց թերակղզու՝ իսպանացիների բնօրրանի նվաճումը։

• 3 րոպե

Ջաբալ-Ալ-Թարիք

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Հեռավոր՝ «անդնդախոր» 711 թվականին մավր՝ արաբաբերբերական զորավար Թարիք իբն Զիյադի զորքը կանգ առավ այս լեռան վրա։ Թարիք իբն Զիյադը արծվենի մի հայացքով ընդգրկեց Իբերիական թերակղզու համայնապատկերը, և սկսվեց թերակղզու՝ իսպանացիների բնօրրանի նվաճումը։ Հետագայում այս լեռը կոչվեց այդ զորավարի անվամբ՝ Ջաբալ ալ-Թարիք, այսինքն՝ «Թարիքի լեռ», հետո «եվրոպականացվեց», դարձավ «Ջիբրալթար»՝ նեղուցի և համանուն գաճաճ պետության անվանումը։ Անգլոամերիկյանները միշտ տեր են կանգնել նավագնացության տեսակետից կարևոր միջմայրցամաքային նեղուցներին՝ ուղղակի կամ մարիոնետ պետությունների միջոցով — այստեղ՝ Ջիբրալթար պետությամբ, իսկ Ամերիկյան մայրցամաքում՝ Պանամայի պետության միջոցով։ Սա՝ որպես իմիջիայլոց շեղում։

Արաբական բարձր մշակույթի ներհոսքը Իբերիական թերակղզի և նրա ազդեցությունն իսպանականի վրա երևի այն միակ բարեբեր դեպքն էր, երբ արևելյան նվաճողի ու եվրոպականի «ընդհարումից» մի նոր հիասքանչ բան առաջացավ, ինչպես որ, ասենք… երկրակեղևի մայրցամաքային տեղաշարժերից ու փոխճնշումներից են առաջացել, վեր խոյացել Ալպերի, Հիմալայների ու այլ շքեղ լեռնակուտակումներն իրենց առինքնող լեռնագագաթներով։ Այլ դեպքերում գործընթացը ողբերգական է. օրինակ՝ ռուսականն ինչ-որ լավ բան ունի՝ Եվրոպայից վերցրեց, բայց արևելաթաթարաթուրքականի հետ հանդիպումից միայն… լռվեց ու աղավաղվեց…

Հսկայական է արաբական, հատկապես երաժշտության ազդեցությունն իսպանականի վրա՝ հատկապես ի դեմս ֆլամենկոյի։ Եվ ստեղծված հոգևոր «ֆոնը» ծնունդ է տվել դուենդեին։ Մահվան մի տեսակ միստիկ պաշտամունք կա իսպանական ոգու դրսևորումներում, ոչ միայն մշակույթում, այլև հենց կյանքում — մի՞թե ցլամարտն ինքը խաղ չէ մահվան հետ… Դուենդեն ասես հենց մի միստիկ ցնցում է կյանքի ու մահվան սահմանին։ Դուենդեի վերաբերյալ ամենահետաքրքիր դիտարկումները Լորկան է արել. «Դուենդեն ոչ Մուսան է, ոչ Հրեշտակը, որ գալիս են վերևից։ Դուենդեն արթնանում է ներսից, ոտքերից, հողից։ Դա խավար ուժ է, որը բոլորը զգում են, բայց ոչ մի փիլիսոփա չի բացատրել», – ասում է Լորկան։ Առարկելով Լորկային՝ ասենք, որ այստեղ և՛ս Հրեշտակի մատը (…ավելի շուտ՝ թևը…) խառն է, միայն թե… Անկյա՛լ Հրեշտակինը՝ Երկրի իշխանինը, հողից, Երկրի տակից, կործանված գեհենից… Ի՞նչ իմանաս՝ էլ որտեղից… Ասում են՝ մարդկայինից, կենաց տվայտանքից, մահվան եզրին գտնվելուց, բայց դրանք բաներ են, որ փթթում են Աստծուց հեռու, հեռավորության վրա։ Զի «դուենդե»՝ նշանակում է հենց «տան տեր»՝ չար ոգու իմաստով։ Դա այն պահն է ֆլամենկոյում, երբ երգիչը կամ պարողը արդեն տեխնիկա չէ, այլ մերկ ցավ, տրանս։ Դա նորից նման է արաբականին՝ մասնավորապես պտտվող դերվիշների արածի նման։ Մեզանում նման երևույթ գիտենք ուխտավայրերում շրջող ընկնավոր կանանց արարքից՝ նմանատիպ տրանսի մեջ նրանց «սրբազան զառանցանքից» (այդ կերպ հավանաբար նաև դելփյան պատգամախոսներն են երկնքից իջեցրել իրենց սրբազան ասացողությունները…)։ Իմ մանկության տարիներին ես դրան ականատես եմ եղել մեր գյուղի Սուրբ Հովհաննես վանքի ուխտագնացություններից մեկի ժամանակ, ու չկարողանալով զսպել գայթակղությունս՝ մեջբերում եմ այդ մասին գրած իմ բանաստեղծությունը.

Սուրբ Հովհաննու վանքում ուխտի օր, կիրակի,
սուրբ ջուր՝ բարակ հեղվող Օձի Պորտի ակից։
Ու տաք խաչքարերին մողեսների մի դաս՝
Վերին ճառագայթաց գոյին հաղորդակից…

Վարսախռիվ մի կին՝ հիվանդ կամ մարգարե,
որ ծնկաչոք եկած առ շիրիմն Սրբո,
զառանցում է խոսքեր՝ անմիտ կամ հանճարեղ
Ու մերթընդմերթ հակվում և ընկնում է քարին…

Եվ ուխտավոր ամբոխ՝ խմբված ու սահմռկած,
բարբառումին ի լուր և հրաշքին ի տես։
Մի խաժակն մանչուկ՝ տատի ձեռքից բռնած —
իր դեմ հազար փակ դուռ ու գաղտնիքներ պես-պես…

Մի խաժակն մանչուկ (պարզ տեսնում եմ ես ինձ),
որ դեռ անհաղորդ է գոց խորհրդին խոսքի,
բայց և՝ կարկամած է աղոտ մի կասկածից —
Ոգեծաղիկ — ընդմիշտ՝ ծիլը տառապանքի…

Քրիստոնեության ընդունումը, ցավոք, նաև ծանր դրսևորումներ թողեց Իսպանիայում։ Ամենամոլի ճիզվիտներն այստեղ էին՝ իրենց սահմռկեցուցիչ գելարաններով։ Գոյայի մռայլ, ցնցող կտավը՝ «Ուխտագնացություն դեպի Սուրբ Իսիդորի աղբյուրը», որ նաև «Սուրբ Ինկվիզիցիա» է կոչվում։ Հարբած վանական, նրան հետևող մութ, մռայլ դեմքերով ամբոխ… Նիցշեն իր «Հակաքրիստոսի» մեջ առ սույնը ողբում է. «Քրիստոնեությունը մեզնից խլեց անտիկ մշակույթի ամբողջ բերքը, հետո նորից խլեց մեզնից մահմեդական մշակույթի բերքը։ Իսպանիայի մավրերի հրաշալի մշակույթը, որը մեզ ավելի մոտ էր, ավելի խոսում էր մեր զգացմունքների և ճաշակի հետ, քան Հռոմն ու Հունաստանը, ոտնակոխ արվեց (չեմ ասում, թե ինչպիսի ոտքերով)»։

Եվ այնուամենայնիվ, «կյանքին այո ասող» արևելյան զգայականությունը, որ մնացել է Անդալուսիայի հողի՝ նրա մեղեդիների մեջ մավրերից հետո… Վերստին՝ ըստ Նիցշեի գնահատականի։

Թողնել մեկնաբանություն