Ռոալդ Դալ | Զգուշացե՛ք շնից

Ռոալդ Դալը (1916-1990) բրիտանացի գրող է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է օդաչու, և նրա մի շարք պատմվածքներ հենց օդաչուի մասին են: Սրա հետ մեկտեղ, Դալը հայտնի է իր մանկական գրքերով, ինչպիսիք են «Չարլին և շոկոլադի գործարանը», «Մաթիլդան» և այլն:
«Զգուշացե՛ք շնից» պատմվածքը անգլիացի օդաչուի մասին է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վիրավորվում է ու հայտնվում հիվանդանոցում: Կարճ ժամանակ անց որոշ իրողություններ ստիպում են նրան մտածել, որ ինչ-որ բան այն չէ:

Ներքևում ծովի նման ալեկոծվող սպիտակ, անծայրածիր ամպեր էին միայն։ Վերևում արևն էր և արևը ամպերի նման սպիտակ էր․ երկնքից նայելիս արևը երբեք դեղին չի լինում։
Նա դեռ թռչում էր իր «Spitfire»-ով։ Աջ ձեռքը ղեկանիվին էր, իսկ ոտնակները ղեկավարում էր միայն ձախ ոտքով։ Բավականին հեշտ էր։ Ինքնաթիռը լավ էր աշխատում, իսկ ինքն իր անելիքը լավ գիտեր։ «Ամեն ինչ կարգին է,- մտածում էր նա,- ամեն ինչ լավ է։ Գլուխ հանում եմ։ Տան ճանապարհը գիտեմ։ Կես ժամից կհասնեմ։ Վայրէջքից հետո կդանդաղեցնեմ ընթացքը, կանջատեմ շարժիչը ու կասեմ՝ օգնե՛ք դուրս գամ։ Էնպես կանեմ, որ ձայնս բնական հնչի, և ոչ ոք ոչինչ չի նկատի։ Հետո կասեմ՝ մեկդ օգնեք դուրս գամ, մենակ չեմ կարող, մի ոտքս կորցրել եմ։ Բոլորը կծիծաղեն՝ կարծելով, թե կատակում եմ, իսկ ես կասեմ՝ որ էդպես է, եկեք ու ձեր աչքով տեսեք, անհավա՛տ սրիկաներ։ Այնուհետև Յորքին կցատկի թևի վրա ու ներս կնայի։ Հավանաբար արյունը տեսնելուց հետո կփսխի։ Կծիծաղեմ ու կասեմ՝ ի սեր Աստծո, հանի՛ր ինձ էստեղից»։
Դարձյալ նայեց ներքև։ Աջ ոտքից շատ բան չէր մնացել։ Հրետանային արկը ազդրին էր դիպել՝ անմիջապես ծնկի վերին հատվածին, և այժմ առատ արյունից ու ոտքի մնացուկից բացի ոչինչ չկար։ Սակայն ցավ չէր զգում։ Նրան թվում էր, թե այն, ինչին նայում էր, իրեն չէր պատկանում։ Իր հետ որևէ կապ չուներ։ Պարզապես մնացուկ էր՝ ինչ-որ տարօրինակ, անսովոր ու բավականին հետաքրքրաշարժ բան, որ հայտնվել էր խցիկում։ Նույնն էր, ինչ բազմոցին սատկած կատու գտնես։
Ինքնազգացողությունը, անշուշտ, լավ էր, և քանի որ լավ էր, նաև ոգեպնդված էր ու համարձակ։
«Նույնիսկ ռադիոկապով չեմ տեղեկացնի, որ պատգարակ չբերեն,- մտածում էր նա,- դրա կարիքը չկա։ Իսկ երբ վայրէջք կատարեմ, հանգիստ կնստեմ ու կասեմ՝ տղանե՛ր, մեկդ օգնե՛ք, ոտքս կորցրել եմ։ Զվարճալի կլինի։ Դանդաղ, հանդարտ կասեմ ու թեթևակի կծիծաղեմ, կկարծեն, թե կատակում եմ։ Երբ Յորքին բարձրանա թևի վրա, ու սիրտը սկսի խառնել, կասեմ՝ Յո՛րքի, շան որդի, մեքենաս դեռ չե՞ս սարքել։ Այնուհետև զեկուցագիր կթողնեմ ու կմեկնեմ Լոնդոն։ Վիսկիի կիսատ շիշը կվերցնեմ ու կգնամ Կապույտիկի մոտ։ Միասին կխմենք։ Ջուրը լոգասենյակի ծորակից կբացեմ։ Նախքան անկողին մտնելը շատ չեմ խոսի, հետո կասեմ՝ Կապույտի՛կ, քեզ համար անակնկալ ունեմ, էսօր ոտքս կորցրել եմ։ Բայց ես չեմ նեղվում, եթե դու չես նեղվում։ Անգամ ցավ չեմ զգում։ Ուր ուզենք, մեքենայով կգնանք։ Երբեք քայլելու հետ սեր չեմ ունեցել, բայց մի անգամ լավ քայլել եմ Բաղդադի պղնձագործների փողոցով, թեև կարող էի ռիքշա նստել։ Հետո կարելի էր գնալ տուն ու փայտ ջարդել, բայց կացնի գլուխը միշտ դուրս էր թռչում։ Գիտեմ, թե ինչը կօգնի՝ տաք ջուրը։ Կդնեմ լոգարանի մեջ, որ բռնակն ուռչի։ Անցյալ անգամ ահագին փայտ ջարդեցի ու կացինը դրեցի լոգարանի մեջ․․․»
Այնուհետև, երբ տեսավ, թե ինչպես են արևի ճառագայթները շողշողում շարժիչի կապոտի վրա, երբ տեսավ մետաղի վրա ամրացված դարձաբևեռները, հիշեց, թե որտեղ է։ Հասկացավ, որ արդեն լավ չի զգում, գլխապտույտ ու սրտխառնոց ունի։ Գլուխը շարունակ ծանրանում էր՝ հասնելով կրծքավանդակին, վիզն ուղիղ պահելու ուժ չուներ։ Բայց նա գիտեր, որ «Spitfire»-ի ղեկին է. աջ ձեռքի մեջ զգում էր ղեկանիվի բռնակը։
«Ուշաթափվում եմ,- մտածում էր նա,- մի քիչ էլ, ու ուշքս կգնա»։
Նայեց բարձրաչափին։ Քսանմեկ հազար ֆուտ։ Իրեն ստուգելու համար փորձեց նաև հարյուրյակները կարդալ. «Քսանմեկ հազար ինչքա՞ն»։ Թվատախտակին նայելիս աչքերը մթագնեցին, չկարողացավ նույնիսկ ցուցիչը գտնել։ Հասկացավ, որ պետք է անհապաղ դուրս թռչի, հակառակ դեպքում գիտակցությունը կկորցնի։ Հապճեպ ու անզուսպ շարժումներով փորձեց ձախ ձեռքով հետ քաշել ապակե կապոտը, սակայն ուժ չուներ։ Մի պահ ձեռքը քաշեց ղեկանիվից ու երկու ձեռքով հրեց ապակե կապոտը։ Սառը օդը հարվածեց դեմքին, ինչը, ըստ երևույթին, օգտակար էր։ Միտքը պայծառացավ, գործողությունները կանոնավոր ու հստակ դարձան, ինչը հատուկ է լավ օդաչուներին։ Թթվածնային դիմակից կարճ ու խոր շունչ քաշեց, այնուհետև խցիկից դուրս նայեց։ Ներքևում ծովի նման ալեկոծվող սպիտակ, անծայրածիր ամպեր էին միայն, ու նա հասկացավ, որ չգիտի, թե որտեղ է։
«Պետք է որ, նեղուցը լինի,- մտածում էր նա,- հաստատ ջրի վրա կիջնեմ»։
Նվազեցրեց արագությունը, հանեց սաղավարտը, արձակեց ամրագոտին ու ղեկը ուժեղ ձախ թեքեց։ «Spitfire»-ի ձախ թևը իջավ, ու ինքնաթիռը սահուն կերպով մեջքի վրա շրջվեց։ Օդաչուն դուրս թռավ։ Ընկնելուն պես աչքերը բացեց. հասկանում էր, որ նախքան գիտակցությունը կորցնելը պետք է պարաշյուտը բացի։ Մի կողմում արևն էր, մյուս կողմում՝ սպիտակ ամպերը։ Ընկնելու պահին, մինչ օդում գլուխկոնծի էր տալիս, սպիտակ ամպերը արևի հետևից էին ընկել, իսկ արևը՝ ամպերի։ Փոքր ուղեծրով հետապնդում էին մեկը մյուսին, ավելի ու ավելի արագ էին վազում, մե՛կ արևն էր հայտնվում, մե՛կ ամպերը, ամպերը, արևը, ամպերը ավելի մոտեցան, և հանկարծ արևը չքացավ, մնաց միայն սպիտակը։ Ողջ աշխարհը սպիտակ էր ու դատարկ։ Այնքան սպիտակ էր, որ երբեմն թվում էր՝ սև է, իսկ որոշ ժամանակ անց մե՛կ սև էր, մե՛կ սպիտակ, բայց ավելի շատ սպիտակ։ Աչքերի առաջ լուսանում ու մթնում էր, մթնում, հետո նորից լուսանում: Սպիտակը երկար էր մնում, իսկ սևը՝ մի ակնթարթ։ Սովորություն դարձրեց սպիտակի ժամանակ քնել, իսկ սևի ժամանակ արթնանալ՝ տեսնելու սևի մեջ կորած աշխարհը։ Սակայն սևը չափազանց կարճ էր մնում, երբեմն միայն մի վայրկյան, ասես մեկը անջատում էր լույսը ու անմիջապես միացնում, և երբ միացնում էին, ննջում էր։
Մի օր, երբ սպիտակ էր, ձեռքը մեկնեց ու ինչ-որ բանի դիպավ։ Հավաքեց մատների մեջ ու ճխլտեց։ Պառկել ու մատների ծայրերով ծուլորեն խաղում էր դրա հետ։ Այնուհետև դանդաղ բացեց աչքերը, նայեց ձեռքին ու տեսավ, որ ինչ-որ սպիտակ բան է բռնել։ Սավանի ծայրն էր։ Կտորի գործվածքն ու ասեղնագործ եզրերն էին նրան հուշում, որ սավան էր։ Աչքերը կուչ ածեց ու արագ բացեց։ Այս անգամ սենյակը տեսավ։ Տեսավ մահճակալը, որտեղ պառկած էր, տեսավ դուռը, մոխրագույն պատերն ու կանաչ վարագույրը։ Կողքի սեղանին վարդեր էին դրված։ Վարդերի մոտ սպիտակ արծնապակյա թաս էր, իսկ դրա մոտ՝ չափանոթ։
«Հիվանդանոց է,- մտածեց նա,- ես հիվանդանոցում եմ»։ Սակայն ոչինչ չէր հիշում։ Գլուխը դարձյալ դրեց բարձին՝ նայելով առաստաղին ու փորձելով հասկանալ, թե ինչ էր կատարվել։ Հայացքը հառել էր հարթ գորշագույն առաստաղին, որն այնքան անբիծ էր։ Հանկարծ մի ճանճ հայտնվեց։ Ճանճը նման էր սև աննշան կետի, որ հայտնվել էր գորշագույն ծովի վրա, և այս հանկարծակի նմանությունը ազդակներ հաղորդեց ուղեղի ծալքերին, ու նա հենց նույն վայրկյանին ամեն ինչ հիշեց։ Հիշեց «Spitfire»-ը, բարձրաչափը, որ քսանմեկ հազար ֆուտ էր ցույց տալիս։ Հիշեց, թե ինչպես էր երկու ձեռքով հրել կապոտը: Հիշեց պարաշյուտով թռիչքը։ Հիշեց ոտքը։
Հիմա, կարծես, լավ էր։ Փորձեց տեսքից կռահել, բայց բան չէր երևում։ Մի ձեռքը տարավ վերմակի տակ ու դիպավ ծնկին, դիպավ ոտքերից մեկին, սակայն երբ երկրորդն էր փնտրում, ձեռքը դիպավ վիրակապով փաթաթած ինչ-որ փափուկ բանի։
Հենց այդ պահին դուռը բացվեց, և բուժքույրը ներս մտավ։
– Ողջո՛ւյն,- ասաց նա,- վերջապես արթնացար։
Նա գեղեցկատես չէր, բայց կոկիկ ու մարմնեղ էր։ Երեսունից քառասուն տարեկան։ Շիկահեր։ Այդքանը հասցրեց նկատել։
– Որտե՞ղ եմ։
– Բախտավոր տղա ես։ Լողափի հարևան անտառում ես իջել, Բրայթոնում։ Երկու օր է, ինչ քեզ բերել են: Հիմա արդեն ապաքինվում ես։ Տեսքդ լավ է:
– Մի ոտքս կորցրել եմ,- ասաց նա։
– Բան չկա։ Նորը կունենաս։ Իսկ հիմա քնիր։ Բժիշկը մի ժամից կգա,- թասն ու չափանոթը վերցրեց ու հեռացավ։
Բայց նա չքնեց։ Ուզում էր աչքերը բաց պահել, որովհետև վախենում էր, որ եթե նորից փակի, ամեն ինչ ի չիք կդառնա։ Պառկած նայում էր առաստաղին։ Ճանճը դեռ նույն տեղում էր։ Աշխույժ ճանճ էր։ Մի քանի մատնաչափ թռչում էր, ապա անշարժանում։ Հետո նորից թռչում էր, անշարժանում, թռչում, անշարժանում և թռչելիս երբեմն խելակորույս բզզացնում էր ու փոքր պտույտներ գործում։ Ամեն անգամ առաստաղի նույն տեղում էր կանգնում, ապա շարունակ պտտվում ու կանգնում։ Այնքան երկար նայեց, որ որոշ ժամանակ անց ճանճը սև կետի վերածվեց: Դեռ ճանճին էր հետևում, երբ բուժքույրը բացեց դուռը, մի կողմ քաշվեց, ու բժիշկը ներս մտավ։ Նա ռազմական բժիշկ էր՝ մայորի կոչումով: Կրծքին անցյալ պատերազմից ստացած ժապավեններ կային։ Ճաղատ ու փոքրամարմին էր, բայց պայծառ դեմք ու բարի աչքեր ուներ։
– Դե ինչ,- ասաց նա,- տեսնում եմ, արդեն արթնացել ես։ Ինչպե՞ս ես։
– Լավ եմ։
– Այ ապրես։ Շատ շուտով ոտքի կկանգնես։
Բժիշկը բռնեց նրա դաստակը՝ զարկերակը ստուգելու։
– Իմիջիայլոց, քո ջոկատից ընկերներդ էին զանգել, քեզանից էին հարցնում։ Ուզում էին տեսակցության գալ, բայց ասացի, որ լավ կլինի, եթե մեկ-երկու օր սպասեն։ Ասացի, որ լավ ես, ու շուտով կարող են քեզ այցի գալ։ Իսկ հիմա անհոգ պառկիր ու հանգստացիր: Կարդալու բան ունե՞ս,- նայեց սեղանին, ուր վարդերն էին դրված,- չունես։ Բուժքույրը հոգ կտանի։ Ուզածդ բանը կհասցնի։
Ձեռքը թափահարելով դուրս եկավ, կոկիկ, մարմնեղ բուժքույրը՝ հետևից։
Նրանց գնալուց հետո նորից պառկեց ու աչքերը հառեց առաստաղին։ Ճանճը տեղում էր, ու մինչ նայում էր, հեռվում ինքնաթիռի ձայն լսեց։ Պառկած տեղից լսում էր շարժիչի ձայնը։ Ահագին հեռու էր։ «Հետաքրքիր է, ի՞նչ է,- մտածեց նա,- տեսնեմ, տեղը կբերեմ»։ Հանկարծ գլուխը թափով տեղից շարժեց։ Ռմբակոծության տակ մնացած ցանկացած մեկը կճանաչի «Junkers 88»-ի ձայնը: Կարելի է տարբերակել գերմանական շատ այլ ռմբակոծիչներ, սակայն «Junkers 88»-ի ձայնը նման չէ ոչ մեկին։ Շարժիչները, թվում է, դուետ են երգում։ Թրթռացող թավ, ցածր ձայն ունի, իսկ դրան զուգահեռ՝ բարձր տենոր։ Հենց այս տենորի շնորհիվ «JU-88»-ին շփոթելն անհնար է։ Պառկած ականջ էր դրել ձայնին։ Միանգամայն վստահ էր, որ ճիշտ է գուշակել։ Բայց ինչո՞ւ օդային տագնապ չկար, ինչո՞ւ չէին կրակում։ Գերմանացի օդաչուն, պետք է որ, շատ համարձակ լիներ, որ օրը ցերեկով, այն էլ միայնակ, Բրայթոնի մոտակայքում հայտնվեր։
Շուտով ինքնաթիռի ձայնը հեռվում չքացավ։ Իսկ ավելի ուշ ուրիշը հայտնվեց։ Այս մեկը նույնպես հեռու էր թռչում, բայց լսելի էին նույն տատանվող ցածր, թավ ձայնն ու բարձր տենորը. անհնար էր չճանաչել։ Ողջ պատերազմի ընթացքում այդ ձայնն էր լսել։
Նա խճճվել էր։ Սեղանի վրա զանգ կար։ Ձեռքը մեկնեց ու սեղմեց։ Ներքևի հարկում ոտնաձայներ լսվեցին, քիչ հետո բուժքույրը ներս մտավ։
– Բուժքու՛յր, էդ ի՞նչ ինքնաթիռներ էին։
– Չգիտեմ։ Ձայն չեմ լսել։ Պիտի որ, կործանիչներ կամ ռմբակոծիչներ եղած լինեն։ Երևի Ֆրանսիայից էին վերադառնում։ Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել։
– «JU-88» էին, վստահ եմ, որ «JU-88» էին։ Շարժիչի ձայնից գիտեմ։ Երկուսն էին։ Ի՞նչ էին անում էս կողմերում։
Բուժքույրը մոտեցավ մահճակալին, ձգեց սավաններն ու մտցրեց ներքնակի տակ։
– Աստված իմ, ինչեր են քեզ թվացել։ Նման բաների մասին մի մտածիր։ Կուզե՞ս քեզ համար գիրք բերեմ։
– Չէ՛, շնորհակալ եմ։
Բուժքույրը թփթփացրեց բարձին ու հետ քաշեց նրա ճակատի մազերը։
– Նրանք ցերեկներն այլևս էս կողմերում չեն երևում։ Դու դա գիտես։ Երևի «Լանկեստր» է եղել կամ «Թռչող բերդ»։
– Բուժքո՛ւյր։
– Այո։
– Սիգարետ կարելի՞ է։
– Իհարկե, կարելի է։
Նրա գնալն ու գալը մեկ եղավ։ Մի տուփ «Players» ու լուցկի բերեց։ Սիգարետը տվեց նրան, և երբ դրեց բերանը, այրվող լուցկին մոտեցրեց ու վառեց այն։
– Եթե էլի պետք լինեմ, պարզապես զանգը սեղմիր,- ասաց նա ու հեռացավ։
Երեկոյան մեկ այլ ինքնաթիռի ձայն լսեց։ Շատ հեռու էր, բայց նույնիսկ այդ պարագայում հասկացել էր, որ մեկ շարժիչանի ինքնաթիռ է։ Սակայն տեղը չէր բերում, թե ինչ է։ Արագ էր թռչում, դա հաստատ։ Բայց «Spit» չէր, ոչ էլ՝ «Hurricane»։ Ամերիկյան շաչժիչի ձայն չուներ։ Վերջիններս ավելի աղմկոտ էին։ Չգիտեր, թե ինչ էր, ու դա խիստ մտահոգում էր նրան։ «Երևի լուրջ հիվանդ եմ,- մտածում էր նա,- բաներ եմ հնարում։ Երևի զառանցում եմ։ Էլ չգիտեմ՝ ինչով միտքս զբաղեցնեմ»։
Այդ երեկո բուժքույրը, տաք ջրով թասը ձեռքին, ներս մտավ ու սկսեց լվանալ նրա մարմինը:
– Դե ինչ,- ասաց բուժքույրը,- հույս ունեմ, դեռ չես մտածում, թե մեզ ռմբակոծում են,- խոսելուն զուգահեռ հանել էր նրա գիշերաշապիկն ու ֆլանելե կտորով աջ թևն էր օճառում:
Նա չպատասխանեց։
Բուժքույրը ֆլանելե կտորը ջրի մեջ ողողեց, դարձյալ օճառ քսեց ու սկսեց կրծքավանդակը լվանալ։
– Էսօր լավ տեսք ունես,- ասաց նա,- քեզ էստեղ բերելուն պես շտապ վիրահատեցին։ Հիանալի աշխատանք են կատարել։ Քեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Եղբայրս հիմա Թագավորական ՌՕՈՒ-ում է,- ապա ավելացրեց,- ռմբակոծիչ-օդաչու է։
– Ես Բրայթոնում եմ դպրոց գնացել,- ասաց նա։
Բուժքույրն արագ վերև նայեց ու ասաց․
– Դե, դա լավ է, ենթադրում եմ, քաղաքում ծանոթներ կունենաս։
– Հա՛, կան մի քանիսը։
Կրծքավանդակն ու թևերը լվանալուց հետո բուժքույրը վերմակը հետ ծալեց, այնպես, որ վիրակապով վերջույթը մնաց վերմակի տակ։ Քանդեց գիշերատաբատի կապիչները ու հագից հանեց։ Դժվարություն չառաջացավ, որովհետև տաբատի աջ փողքը կտրել էին, որպեսզի վիրակապին չխանգարի։ Բուժքույրը սկսեց լվանալ ձախ ոտքն ու մարմնի մնացած մասը։ Նրա առաջին անկողնային լոգանքն էր, փոքր-ինչ անսովոր էր։ Ոտքի տակ սրբիչ փռեց ու շարունակեց ֆլանելե կտորով լվանալ ոտնաթաթը։ Ապա ասաց․
– Էս անպետք օճառը բացարձակ չի փրփրում։ Ջրից է, քարի պես կոշտ է։
– Հիմիկվա օճառները էնքան էլ լավը չեն, իսկ կոշտ ջրով լրիվ անօգուտ են։
Սա ասելիս մի բան հիշեց: Հիշեց Բրայթոնի դպրոցի՝ երկար, քարե հատակով լոգասենյակը՝ չորս առանձին լոգարաններով։ Հիշեց, թե ինչպես էր փրփուրը ծածկում ջրի մակերևույթը, այնպես, որ ոտքերը չէին երևում։ Հիշեց, որ ջուրն այնքան փափուկ էր, որ հարկավոր էր կրկնակի ջրով ցայել, որպեսզի օճառն ամբողջովին մաքրվի: Հիշեց, որ դպրոցի բժիշկը երբեմն կալցիում էր տալիս, որովհետև փափուկ ջուրը ատամների համար վնասակար էր։
– Բրայթոնում ջուրը երբեք․․․,- նախադասությունը կիսատ թողեց։ Մի միտք անցավ գլխով՝ այնքան ցնորական ու անհեթեթ, որ մի պահ մտածեց՝ արժեր բուժքրոջը պատմել ու մի լավ ծիծաղել։
Բուժքույրը վերև նայեց ու ասաց․
– Ջուրը երբեք ի՞նչ։
– Ոչինչ, երազ էի տեսնում։
Բուժքույրը ողողեց ֆլանելե կտորը, սրբեց օճառոտ ոտքն ու սրբիչով չորացրեց։
– Մաքուր լինելը հաճելի է: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում,- ձեռքերով շոշափեց երեսը,- սափրվել է պետք։
– Դա թող մնա վաղվան,- ասաց բուժքույրը,- գուցե ինքդ անես։
Այդ գիշեր չկարողացավ քնել։ Արթուն պառկած մտածում էր «Junkers 88»-ի և կոշտ ջրի մասին։ Այլ բանի մասին մտածել չէր կարողանում։ «Վստահ եմ, որ «JU-88»-եր էին,- մտածում էր նա,- բայց մյուս կողմից անհնարին բան է, ցերեկն էդքան ցածր չէին թռչի էս կողմերում։ Հաստատ դրանք էին, բայց, ախր, հնարավոր չէ։ Երևի հիվանդ եմ։ Երևի ինձ հիմարի պես եմ պահում ու չգիտեմ՝ ինչ եմ անում կամ խոսում։ Երևի զառանցում եմ»։ Երկար ժամանակ պառկել ու մտորումների մեջ էր։ Հանկարծ տեղը նստեց ու ասաց․ «Ես կապացուցեմ, որ գիժ չեմ։ Բարդ ու խելացի ճառ կպատրաստեմ: Կպատմեմ, թե պատերազմից հետո Գերմանիայի հետ ոնց պիտի վարվենք»։ Սակայն դեռ չսկսած՝ աչքը կպավ։
Արևի առաջին շողերը վարագույրի արանքից ներս էին թափանցել։ Սենյակը դեռ մութ էր, բայց աչքերը բացելուն պես՝ գիտեր, որ լույսն արդեն բացվում է։ Պառկած նայում էր գորշագույն լույսին, որ վարագույրի արանքից ներս էր սողոսկել, և հանկարծ նախորդ օրվա հիշողությունները նույնպես արթնացան։ Հիշեց «Junkers 88»-երը ու ջրի կոշտությունը։ Հիշեց կոկիկ, մարմնեղ բուժքրոջն ու բարի բժշկին, և հանկարծ կասկածի փոքրիկ սերմը, գլխում արմատակալելով, սկսեց ծիլեր տալ։
Աչքը գցեց սենյակին։ Բուժքույրը նախորդ գիշեր տարել էր վարդերը, ու հիմա սեղանին մնացել էին մի տուփ սիգարետ, մի տուփ լուցկի ու մոխրաման։ Ուրիշ ոչինչ չկար։ Սենյակն այլևս ջերմ ու մտերմիկ չէր, առավել ևս ապահով: Ցուրտ էր, դատարկ ու լուռ։
Կասկածի սերմը սկսեց դանդաղ աճել, իսկ դրա կողքին՝ անհանգստությունը, թույլ, երերացող անհանգստություն, որ զգուշացնում էր, բայց չէր վախեցնում։ Այսպիսի անհանգստությունը ոչ թե վախից է ծնվում, այլ սխալվելու մտքից։ Կասկածն ու անհանգստությունն այնքան արագ գլուխ բարձրացրին, որ հանգիստը կորցրեց, ու բարկությամբ լցվեց և երբ ձեռք տվեց ճակատին, քրտինքից թացացել էր։ Հասկացավ, որ մի բան պիտի ձեռնարկի, ինչ-որ ձևով համոզվի, որ կա՛մ ճիշտ է, կա՛մ սխալ։ Գլուխը բարձրացրեց, դեմուդեմ կանաչ վարագույրով պատուհանն էր, սակայն տասը յարդ հեռու էր։ Ինչ-որ կերպ պիտի հասներ ու դուրս նայեր։ Այս միտքը նրան բռնել ու բաց չէր թողնում: Պատուհանից բացի ոչնչի մասին չէր կարողանում մտածել։ Իսկ ո՞տքը: Ձեռքը տարավ վերմակի տակ ու շոշափեց հաստ վիրակապով վերջույթը. աջ կողմից այդքանն էր մնացել։ Կարծես, լավ էր։ Չէր ցավում։ Բայց հեշտ չէր լինելու։
Տեղը նստեց, այնուհետև վերմակը մի կողմ քաշեց ու ձախ ոտքը դրեց հատակին։ Մարմինը դանդաղ ու զգույշ կախ գցեց, մինչև որ երկու ձեռքերը հասան հատակին։ Հաջորդ պահին չոքել էր գորգին։ Նայեց անդամահատված վերջույթին, այն շատ կարճ էր, հաստ ու վիրակապով փաթաթած: Ցավն արդեն զգացնել էր տալիս, ոտքը տրոփում էր։ Ուզում էր փռվել գետնին, պառկել ու ոչինչ չանել, բայց գիտակցում էր, որ պիտի գնա մինչև վերջ։
Երկու թևով ու մի ոտքով սողաց դեպի պատուհանը։ Որքան ուժ ուներ, թևերով առաջ էր ձգվում, մարմինը թեթևակի վեր բարձրացնում ու ձախ ոտքը հետևից քաշելով տանում։ Ամեն անգամ վերքն այնպես էր մղկտում, որ ցավից մի թույլ տնքոց էր հանում, հետո նորից սողում հատակի վրայով՝ երկու ձեռքի ու մի ծնկի օգնությամբ։ Վերջապես հասավ պատուհանին: Մի ձեռքը դրեց պատուհանագոգին, հետո՝ մյուսը։ Մարմինը դանդաղ վեր բարձրացրեց ու ձախ ոտքի վրա կանգնեց։ Այնուհետև քաշեց վարագույրն ու արագ դուրս նայեց։
Մոխրագույն կղմինդրե տանիքով տնակ տեսավ, որը միայնակ կանգնած էր նեղ նրբանցքին կից, իսկ տնակի անմիջապես հետևում հերկած դաշտ էր։ Տնակի դիմաց անմշակ այգի կար, իսկ այգին նրբանցքից բաժանում էր կանաչ ցանկապատը։ Ցանկապատին նայելիս հայացքը մի ցուցատախտակի վրա կանգ առավ։ Սովորական տախտակի կտոր էր՝ մեխով ամրացված կարճ ցցափայտին, իսկ քանի որ ցանկապատը բարձիթողի վիճակում էր, ճյուղերն այնքան էին աճել, որ թվում էր, թե ցուցատախտակը ցանկապատի հենց մեջտեղում է։ Տախտակի վրա սպիտակ ներկով ինչ-որ բան էր գրած։ Գլուխը սեղմեց պատուհանին՝ փորձելով կարդալ գրվածը։ Առաջին տառը «G» էր, լավ երևում էր։ Երկրորդը «A» էր, երրորդը՝ «R»։ Մեկ առ մեկ կարդաց բոլոր տառերը։ Երեք բառ էր գրված։ Դանդաղ ու բարձրաձայն արտասանեց. «G-A-R-D-E A-U CH-I-E-N։ Garde au chien1»։ Ահա, թե ինչ էր գրված:
Հավասարակշռությունը պահելու համար երկու ձեռքով պինդ բռնվել էր պատուհանագոգի երկու ծայրերից, մի ոտքով հենվել էր հատակին և նայում էր ցուցատախտակին ու սպիտակով գրված բառերին։ Մի որոշ ժամանակ ոչնչի մասին մտածել չէր կարողանում։ Կանգնած նայում էր ցուցատախտակին՝ քթի տակ նորից ու նորից կրկնելով բառերը: Քիչ-քիչ սկսեց հասկանալ, թե այդ ամենն ինչ էր նշանակում։ Նայեց տնակին ու հերկած դաշտին։ Նայեց տնակից ձախ փոքրիկ մրգաստանին, հեռվում կանաչ դաշտավայրերին. «Ուրեմն Ֆրանսիան է,- ասաց նա,- ես Ֆրանսիայում եմ»։
Աջ ոտքի տրոփյունն այժմ ավելի ուժգին էր։ Այնպիսի զգացողություն էր, ասես ինչ-որ մեկը մուրճով հարվածում էր վերջույթին, և հանկարծ ցավն այնքան սաստկացավ, որ ուղեղին ազդեց, ու մի պահ թվաց, թե կընկնի։ Արագորեն չոքեց հատակին, սողաց դեպի մահճակալը ու մարմինը վեր բարձրացրեց: Վերմակը քաշեց վրան ու գլուխը դրեց բարձին։ Ուժասպառ էր։ Դեռևս մի բանի մասին էր մտածում՝ ցանկապատին փակցված փոքր ցուցատախտակի, հերկած դաշտի ու մրգաստանի։ Ցուցատախտակի բառերը մոռանալ չէր լինում։
Շատ չանցած բուժքույրը, տաք ջուրը ձեռքին, ներս մտավ ու ասաց․
– Բարի լույս, էսօր ինչպե՞ս ես։
– Բարի լույս, բուժքու՛յր։
Ցավը դեռ այրում էր, բայց այդ կնոջն ասելու որևէ ցանկություն չուներ։ Մինչ լոգանքի պարագաներն էր պատրաստում, նայում էր նրան։ Այժմ ավելի ուշադիր նայեց։ Մազերի գույնը շատ բաց էր։ Բարձրահասակ էր ու ոսկրոտ: Հաճելի դեմք ուներ։ Բայց աչքերում ինչ-որ տագնապ կար. դրանք երբեք նույն տեղում երկար չէին մնում, ընդամենը մի ակնթարթ, հետո արագորեն տեղից տեղ էին թափառում։ Շարժումները նույնպես տարօրինակ էին, հանգիստ խոսելու համեմատ՝ չափազանց կտրուկ ու նյարդային էին։
Բուժքույրը թասը ցած դրեց, հանեց նրա գիշերաշապիկը ու սկսեց խոնավ կտորով լվանալ մարմինը։
– Լա՞վ ես քնել։
– Ըհը։
– Լավ է,- ասաց նա՝ լվանալով թևերն ու կրծքավանդակը,- նախաճաշից հետո ՌՕՈՒ-ի նախարարությունից քեզ տեսակցության են գալու: Զեկուցագիր է պետք, կամ չգիտեմ՝ ինչ են դրան ասում։ Էն, թե ոնց են քեզ խոցել և այլն: Դու ավելի լավ կիմանաս: Չեմ թողնի, որ երկար մնա, էնպես որ, մի՛ անհանգստացիր։
Չպատասխանեց։ Բուժքույրը ատամի մածուկ ու խոզանակ տվեց նրան։ Ատամները մաքրեց, բերանը ողողեց ու ջուրը թքեց թասի մեջ։
Ավելի ուշ բուժքույրը, նախաճաշը ձեռքին, վերադարձավ։ Բայց նա չէր ուզում ուտել։ Դեռ թույլ էր ու տկար, ուզում էր լոկ պառկել ու կատարվածի մասին մտածել։ Գլխում մի նախադասություն էր պտտվում։ Ջոնին՝ հետախուզական ջոկատի սպան, ամեն օր՝ թռիչքից առաջ, այդ նախադասությունը կրկնում էր օդաչուներին։ Այժմ Ջոնին էր աչքի առաջ։ Նա հենվել էլ պատին՝ ձեռքին ծխամորճը, ու ասում էր․ «Իսկ եթե ձեզ բռնեն, հիշե՛ք, ասում եք միայն անունը, կոչումը ու ծառայողական համարը, ուրիշ ոչինչ, ի սեր Աստծո, ոչ մի բառ ավել»։
– Ահա՛,- ասաց բուժքույրը, հենց որ սկուտեղը դրեց նրա գոգին,- ձու եմ բերել, գլուխ կհանե՞ս։
– Հա։
Նա կանգնեց մահճակալի մոտ․
– Ամեն ինչ կարգի՞ն է։
– Ըհը։
– Լավ է։ Եթե էլի ձու ուզես, ասա, կբերեմ։
– Էսքանը հերիք է։
– Դե լավ, պարզապես զանգը սեղմիր, եթե էլի ուզես։
Ասաց ու գնաց։ Ուտելուց հետո դարձյալ ներս մտավ ու ասաց․
– Թևի հրամանատար Ռոբերտսն էստեղ է։ Նրան ասել եմ, որ մի քանի րոպե ունի։
Ձեռքով նշան արեց ու հրամանատար Ռոբերտսը ներս մտավ։
– Ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար,- ասաց նա։
Նա սովորական ՌՕՈՒ-ի սպա էր՝ հագին փոքր-ինչ մաշված համազգեստ, որի վրա տեսանելի էին «Օդաչուական թևեր» և «Օդաչուական սխրանքի խաչ» կրծքանշանները: Բավականին բարձրահասակ էր ու նիհար՝ սև փարթամ մազերով։ Ատամներն անհամաչափ էին ու հեռու դասավորված և նույնիսկ բերանը փակ ժամանակ շուրթերի արանքից դուրս էին մնում։ Խոսելու ընթացքում գրպանից մի ձևաթուղթ ու մատիտ հանեց, ապա աթոռը մոտ քաշեց ու նստեց։
– Առողջական վիճակդ ո՞նց է։
Պատասխան չկար։
– Ոտքիդ հարցում բախտդ չի բերել։ Գիտեմ՝ ինչ ես զգում։ Բայց լսել եմ՝ մինչ քեզ խփելը գլխներին մի լավ օյին ես խաղացել։
Մահճակալին պառկած տղան միանգամայն անշարժ էր։ Նա նայում էր աթոռին նստած տղամարդուն։ Աթոռին նստած տղամարդն ասաց․
– Դե ինչ, անցնենք գործի։ Պետք է մի քանի հարցի պաստասխանես, որպեսզի լրացնեմ մարտական զեկուցագիրը։ Նախ ասա, ո՞ր ջոկատից էիր։
Մահճակալին պառկած տղան տեղից չշարժվեց։ Նայեց ուղիղ հրամանատարին ու ասաց․
– Ջոկատի ավագ Փիթեր Ուիլյամսոն, համարս՝ ինը յոթ երկու չորս հինգ յոթ։

1. ֆր.՝ զգուշացե՛ք շնից

Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *